ՈՒԵՖԱ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ․ ՀՀ կառավարություն

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ․ ՀՀ կառավարություն

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից․«Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր: Նշելով, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է մեր երկրում ֆուտբոլի եւ ընդհանրապես առողջ ապրելակերպի զարգացումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետությունն այդ նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ աշխատանքներ է տանում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանի ու Վրաստանի ֆեդերացիաները որոշել են դիմել ՖԻՖԱ՝ 2029 թվականին անցկացվելիք Աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ ուժերով անցկացնելու նպատակով: Վարչապետը հույս է հայտնել, որ համատեղ հայտը կբավարարվի եւ հավելել, որ ակնկալվում է նաեւ ՈւԵՖԱ-ի աջակցությունն այդ հարցում:   Ալեքսանդր Չեֆերինը նշել է, որ ՈՒԵՖԱ-ն սերտորեն համագործակցում է ՀՖՖ-ի հետ՝ ի նպաստ մեր երկրում ֆուտբոլի զարգացման ու առաջընթացի: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարության ենթակառուցվածքների բարելավման քայլերը եւս նոր ազդակ կհաղորդեն երկրում այս մարզաձեւի առաջընթացին: Ալեքսանդր Չեֆերինը հավելել է, որ ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է Հայաստանի եւ Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությյունն անցկացնելու համատեղ հայտին: Մտքեր են փոխանակվել նաեւ Գերմանիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շուրջ», - նշված է հայտարարությունում։
16:09 - 14 հուլիսի, 2024
Քննարկվել է Երևանում ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թ. եզրափակչի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Քննարկվել է Երևանում ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թ. եզրափակչի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված Հայաստանում ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչն անցկացնելու նախապատրաստական աշխատանքներին: Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը և այլք: Ինչպես նշել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին: Բոլոր հանդիպումները կանցկացվեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Եզրափակիչը հեռարձակվելու է ավելի քան 70 երկրում: Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի «4-ի եզրափակչին» կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա Ֆուտզալը», ինչպես նաև պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»: Նշվել է, որ մեծ թվով երկրպագուներ կայցելեն Հայաստան: Առաջիկայում սպասվում է նաև ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների այցը՝ նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով: Արայիկ Հարությունյանն ընդգծել է եզրափակիչը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունն ու կարևորությունը և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունն օժանդակելու այդ աշխատանքներում:
18:48 - 16 հունվարի, 2024
ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ Երևանում

ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ Երևանում

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը: Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից:Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:Այսպիսով, առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանում:Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 4-ի եզրափակչին կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա ֆուտզալը», ինչպես նաև պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Պալմա Ֆուտզալի» կազմում հանդես է գալիս ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուանը, որը ճանաչվել էր ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2023 թ. եզրափակիչ մրցաշարի լավագույն ֆուտզալիստ:Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին:Բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
18:45 - 18 դեկտեմբերի, 2023
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Լատվիա-Հայաստան և ընկերական Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․ Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»Էրիկ Փիլոյան - «Ուրարտու» Կիսապաշտպաններ/Հարձակվողներ Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)Էդգար Սևիկյան - «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)Արթուր Սերոբյան - «Կասա Պիա» (Պորտուգալիա)Արտակ Դաշյան - «Փյունիկ»Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա) Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հոկտեմբերի 10-ին թիմը կմեկնի Ռիգա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ: Հոկտեմբերի 14-ին մեր թիմը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» մարզադաշտում երկու թիմերն ընկերական հադիպում կանցկացնեն:
17:41 - 03 հոկտեմբերի, 2023
ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել ՀՖՖ-ի դեմ
 |tert.am|

ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել ՀՖՖ-ի դեմ |tert.am|

tert.am: Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, մի շարք կետերով կարգապահական գործ է բացել Եվրո-2024-ի որակավորման փուլի Հայաստան-Խորվաթիա խաղի վերաբերյալ: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում ներկայացվել են խախտված կետեր, որոնցում մեղադրվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Դրանք են` ընդհանուր օգտագործման անցուղիների արգելափակում, քաղաքական բնույթի սադրիչ հաղորդագրություն, հրավառություն (ճայթուկներ), հանդիպման մեկնարկի ուշացում, խաղի մեկնարկի ուշացում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պատճառով: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա խաղը կայացել է սեպտեմբերի 11-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղն ավարտվել է 0:1 հաշվով հօգուտ խորվաթների: Հանդիպման ընթացքում դրոնի միջոցով մարզադաշտում ծածանվել է Արցախի դրոշը:
11:54 - 15 սեպտեմբերի, 2023
Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
 |armenpress.am|

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող 4 ֆուտբոլիստների անունները, որոնց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը: Բացի հայ կիսապաշտպանից՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու հավակնորդներն են նաև «Ռեալ»-ի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն և «Ինտեր»-ի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։ Քվեարկությունն ընթանում է ՈՒԵՖԱ-ի կայքում: Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Միլան»-«Ինտեր» առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Հայ կիսապաշտպանը խաղի 11-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։ Մխիթարյանը խաղի 62-րդ րոպեին փոխարինվել էր՝ տեղը զիջելով Մարսելով Բրոզովիչին։ Մխիթարյանը, գրավելով «Միլան»-ի դարպասը, դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է հեղինակել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում։ «Միլան»-«Ինտեր» հանդիպումն ավարտվեց 0-2 հաշվով։  
12:16 - 11 մայիսի, 2023
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Ուկրաինային |armsport.am|

Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Ուկրաինային |armsport.am|

armsport.am: Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Ուկրաինայի ընտրանուն: Մեր թիմը պարտվեց 0-5 հաշվով։  Առաջին կեսը երկու թիմերն էլ ակտիվ էին սկսել, բայց խաղասկզբում ռեալ գոլային պահեր ստեղծեց մեր ընտրանին: Հանդիպման արդեն 5-րդ րոպեին Լուկաս Սելարայանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն ոչ այնքան ուժեղ հարվածից հետո Դունինը հետ մղեց գնդակը: Րոպեներ անց Բիչախչյանը հնարավորություն ստացավ հաշիվը բացելու, բայց մոտտարածությունից կատարած հարվածը շեղ ստացվեց: Չնայած ակտիվությանը, 21-րդ րոպեին մեր թիմը գոլ բաց թողեց․ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո գնդակը հասավ Յուրչենկոյի դարպասի մոտ կանգնած Զուբկովին, ով էլ իր հերթին այն փոխանցեց Տիմչուկին, ով գրավեց դատարկ դարպասը: Գոլից հետո մեր թիմը պարբերաբար գրոհներ էր ձեռնարկում, բայց խաղի տեմպն ընդհանուր առմամբ ընկավ. թիմերն ընդմիջման գնացին 0-1 հաշվով: Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 57-րդ րոպեին մեր ընտրանին երկրորդ գոլը բաց թողեց:Հիշեցնենք՝ հյուրերը հանդիպման հաշիվը բացել էին 21-րդ րոպեին: 65-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը տուգանայինի մատույցներից սպառնաց մրցակցի դարպասին, բայց գնդակը վերև ընթացավ:Խաղի 67-րդ րոպեին հյուրերը 3-րդ գնդակն ուղարկեցին Դավիդ Յուրչենկոյի դարպասը: Աչքի ընկավ Դովբիկը։ Իսկ 81-րդ և 84-րդ րոպեին հյուրերն էլ ավելի մեծացրեցին իրենց առավելությունը․ աչքի ընկան Դանիլո Իգնատենկոն և Արտյոմ Դովբիկը, ով դարձավ դուբլի հեղինակ։
18:56 - 24 սեպտեմբերի, 2022