Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Սենատոր Էդ Մարկին կոչ է արել Պոմպեոյին ԼՂ-ում անհապաղ հասնել հրադադարի
 |shantnews.am|

Սենատոր Էդ Մարկին կոչ է արել Պոմպեոյին ԼՂ-ում անհապաղ հասնել հրադադարի |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ դեմոկրատ սենատոր Էդ Մարկին կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ հասնել հրադադարի, մղել ԼՂ հակամարտության բանակցային լուծման։ Ուրբաթ նախատեսված է, որ Պոմպեոն առանձին հանդիպումներ կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Սենատորն իր հայտարարությա մեջ նշել է, որ հրադադարի նախորդ երկու պայմանավորվածություններն անմիջապես խախտել են, և որ Թուրքիան հայ ժողովրդի դեմ կռվի է ուղարկում սիրիացի զինյալների։ «Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է ռազմական ուժի ապօրինի օգտագործմամբ այս հակամարտության լուծման իր փորձերը, Արցախի Հանրապետության անկախության ճանաչումից բացի, միջազգային հանրությանն այլընտրանք չի մնում»,-նշել է նա՝ հավելելով, որ պետքարտուղարն ու նախագահ Թրամփը պետք է իրենց ավտորիտար բարեկամի համար հստակեցնեն, որ այդ հակամարտությունում նրա հետագա ներգրավվածությունը վերջ կդնի ռազմական աջակցությանն ու վարչակազմի հետ ջերմ հարաբերություններին։
09:48 - 21 հոկտեմբերի, 2020
ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես արգելել է իր հովանու ներքո հանդիպումների անցկացումը Հայաստանում և Ադրբեջանում |hetq.am|

ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես արգելել է իր հովանու ներքո հանդիպումների անցկացումը Հայաստանում և Ադրբեջանում |hetq.am|

hetq.am: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) գործադիր կոմիտեն որոշել է ժամանակավորապես արգելել իր հովանու ներքո տեղի ունեցող ակումբային և ազգային հավաքականների հանդիպումների անցկացումը Հայաստանում և Ադրբեջանում։ Այս մասին ասվում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։ Արգելքի պատճառը սեպտեմբերի 27-ին Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն է։ Եվրոպական ֆուտբոլային միությունը գտնում է, որ Հայաստանում և Ադրբեջանում ներկայիս պայմանները թույլ չեն տալիս իր հովանու ներքո խաղեր անցկացնել։  ՈՒԵՖԱ-ն խնդրանքով դիմելու է Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաներին և ակումբներին, որպեսզի նրանք իրենց նոմինալ տնային հանդիպումների համար այլընտրանքային մարզադաշտեր առաջարկեն։  Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի այս որոշումը չի տարածվում 2021թ․ ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնության հանդիպումները Բաքվում անցկացնելու վրա։   
09:38 - 21 հոկտեմբերի, 2020
Նախագահը «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրելու հրամանագիր է ստորագրել

Նախագահը «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրելու հրամանագիր է ստորագրել

Թարմացում․ Քիչ առաջ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Տիգրան Աշոտյանը հետմահու չի պարգևատրվել երկրորդ աստիճանի մարտական խաչով։ Սխալմունք է եղել։ Նա ողջ առողջ է։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել. «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ Վյաչեսլավ Վալերևիչ ՈՍԿՈՎՍԿԻԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ (հետմահու) Վահագն Արամի ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ (հետմահու) «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Տիգրան Արծվիի ԱՇՈՏՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Զոհրաբ Հրաչիկի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի սպա, կապիտան (հետմահու) Ցոլակ Սամվելի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի սպա, ավագ լեյտենանտ (հետմահու)»,- ասված է հրամանագրում:
09:08 - 21 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանին հաջողվել է ընդամենը մեկ ուղղությամբ խորանալ, և սա դեռ չի նշանակում պատերազմի ավարտ․ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Independent-ին

Ադրբեջանին հաջողվել է ընդամենը մեկ ուղղությամբ խորանալ, և սա դեռ չի նշանակում պատերազմի ավարտ․ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Independent-ին

Սերժ Սարգսյանի պատասխանները բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականին․ Հարց   -Շնորհակալ եմ զրույցի հնարավորության համար։   Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում պատերազմը: Զգացողությունն այնպիսին է, որ պատերազմը վերածվել է մի գործընթացի, որի նպատակն է տեսնել, թե կռվող կողմերից որն ավելի շուտ կսպառվի, բայց միևնույն ժամանակ զգացողություն է, որ հայկական բանակը պարտվում է: Ի՞նչ եք կարծում:   Պատասխան   -Ադրբեջանի նախագահը շարունակաբար խոստանում էր իր ժողովրդին, որ իր բանակը շատ արագ կարող է գրավել Լեռնային Ղարաբաղը, եթե նրանք այդպես ցանկանան։ Հիմա նրանք օգտագործում են իրենց զինանոցում առկա բոլոր զենքերը, ներառյալ Թուրքիայի կողմից ուղարկված ԱԹՍ-ներ և վարձկաններ, սակայն երեք շաբաթվա ընթացքում նրանց հաջողվել է ընդամենը մեկ ուղղությամբ բավականին խորանալ, և սա դեռ չի նշանակում պատերազմի ավարտ: Հայկական բանակը մարտունակ բանակ է` իր հազարավոր պրոֆեսիոնալ, իրենց գործին նվիրված, երկու պատերազմների փորձ ունեցող  սպաներով և գեներալներով, տասնյակ հազարավոր քաջ զինվորներով և պաշտպանական պատերազմի համար բավարար սպառազինությամբ: Բայց, ափսոս, շատերը զոհվեցին` պաշտպանվելիս մեծ կորուստ պատճառելով ադրբեջանական զինված ուժերին և վարձկաններին: Ռազմավարական առումով, այս պատերազմը խելահեղություն է, և քաղաքացիական բնակչությունը վճարում է Ալիևի խելահեղ երազանքի համար։   Հարց   -25 տարիների ընթացքում Ձեզ հաջողվել էր զսպել կոնֆլիկտը, բայց այն պահից ի վեր, երբ իշխանության եկավ Ձեր իրավահաջորդը, արդեն իսկ տեղի են ունեցել երկու մեծ կոնֆլիկտներ: Ի՞նչ եք կարծում, Ձեր իրավահաջորդը հարցը լուծում է այլ կերպ, քան Դո՞ւք:   Պատասխան   -Նախ պետք է ասեմ` ես չեմ համարում, որ երկու մեծ բախում է տեղի ունեցել. հուլիսյան դեպքերը կարելի է համարել սահմանային միջադեպ և այն, իմ կարծիքով, կարելի էր լուծել այլ կերպ: Բայց ես համաձայն եմ Ձեզ հետ, որ իմ իրավահաջորդը չգնաց այն ճանապարհով, որով մենք հաջողությամբ ընթանում էինք երկար ժամանակ և որոշեց, ինչպես ինքն է արտահայտվել, բանակցությունները սկսել սեփական կետից:   Կարող եմ ասել, որ այս հակամարտությունը երբեք չի եղել սառեցված հակամարտություն, անգամ եթե մեզ հաջողվել է երաշխավորել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։   Փոքր մասշտաբներով, սակայն Ադրբեջանը բոլոր այս տարիներին շարունակել է հարձակվել մեզ վրա։ Իրական խաղաղությունը միայն հնարավոր է բանակցությունների միջոցով։ Դրան հնարավոր էր հասնել, օրինակ, Կազանում։ Տարիներ շարունակվող, ինչպես առաջընթաց, այնպես էլ հետընթաց արձանագրած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են փաթեթային լուծմանը 2011թ․ հունիսին. Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահները իրենց գոհանակությունն արտահայտեցին շրջադարձային առաջընթացի վերաբերյալ: Ռուսաստանը հանդես եկավ հանրային հայտարարությամբ, և Ադրբեջանի նախագահն ու ես հրավիրվեցինք Կազան՝ ձեռք բերված համաձայնությունը հաստատելու նպատակով: Երբ բոլորս նույն հարկի տակ էինք, Ալիևը մի թուղթ հանեց գրպանից՝ տասնյակից ավելի էական փոփոխություններով։ Այդ բոլոր դրույթները ամիսներ շարունակ քննարկվել էին կողմերի միջև բանակցությունների ընթացքում և մանրակրկտորեն պարզաբանված կամ հեռացված էին պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթում: Բոլորը ցնցված էին, և չնայած միջնորդների հիասթափությանը՝ Ալիևը հայտարարեց, որ չի տալու իր համաձայնությունը փաստաթղթին:   Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը: Այո, 2016-ին Ալիևը խախտեց զինադադարը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Մենք  խիզախորեն պաշտպանվեցինք, չկորցրեցինք որևէ բնակավայր, և Ալիևը ստիպված էր վերահաստատելու 1994թ. Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից կնքված զինադադարը: Այնուհետև, ռազմական գործողություններից շաբաթներ հետո, Վիեննայում և Սանկտ Պետեբուրգում Մինսկի խմբի համանախագահները որոշեցին հարգել 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերը, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները. Եվ չնայած Ալիևը դժվարությամբ էր համաձայնվում դրան, մենք բանակցությունները շարունակում էինք միջնորդների` Մինսկի խմբի համանախագահների միջոցով:   Հարց   -Ինչպե՞ս եք կարծում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիները` ուղղակի կամ անուղղակի, ավելի լավն են, թե՞ ավելի վատը, քան Ձեր ղեկավարման ժամանակ:   Պատասխան    -Հակամարտության չկարգավորված լինելը պայմանավորված է  նաև վստահության բացակայությամբ: Հայաբնակ Լեռնային Ղարաբաղը, որը մենք անվանում ենք Արցախ, Ստալինը հանձնեց Ադրբեջանին` որպես կռվախնձոր: Դրանից ի վեր Ադրբեջանը փորձում է ազատել այդ հողը հայ բնակչությունից` արգելափակելով դիվանագիտական լուծումները: Ես խորապես համոզված եմ, որ Ալիևի հետ ուղիղ բանակցությունները կոպիտ սխալ են շատ պարզ պատճառով` Ադրբեջանը երբեք չի համաձայնվի ԼՂ անկախությանը, և ընդհանրապես միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ինքնորոշման իրավունքի իրացումը տեղի է ունենում միջնորդների կողմից որոշակի պարտադրանքի միջոցով: Եվ պատահական չէ, որ 2016թ. լայնածավալ ռազմական գործողություններից ամիսներ հետո` հոկտեմբերին, Ադրբեջանի նախագահը իր կառավարության նիստում հայտարարեց (խոստովանեց), որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը: Ես գտնում եմ, որ բանակցային գործընթացի վերը նշված մոտեցումները անկյունաքարային են, և նաև հենց այս պատճառով երկու ժամկետ նախագահական լիազորությունների ավարտից հետո համաձայնվեցի ընտրվել ՀՀ վարչապետ, որովհետև համոզված էի, որ գլխավոր բանակցողների փոփոխությունը բերելու էր աղետալի հետևանքների: Շարունակականությունը կենսական նշանակություն ուներ:   Հարց   -Նշեք որոշ աշխարհաքաղաքական սխալներ, որ թույլ է տալիս Ձեր իրավահաջորդը:     Պատասխան   -Այս փուլում նպատակահարմար չէ, որ ես մեկնաբանեմ Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունները։   Հարց   -Արդյո՞ք կապի մեջ եք Երևանում գործող ներկայիս կառավարության հետ: Կարո՞ղ եք մեզ տեղեկացնել, թե ի՞նչ եք խորհուրդ տվել:   Պատասխան   -Իմ թիմը և ես, նաև այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր բազմաթիվ անգամներ դիմել ենք ինչպես ներկայիս իշխանությանը, այնպես էլ ԼՂ նախագահին` առաջարկելով մեր ծառայությունները, բայց ափսոսանքով պետք է նշեմ, որ նրանք մեզ հետ կապ չհաստատեցին:   Ներքին հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություններ չեմ կարող ներկայացնել: Հայաստանն առերեսվում է արտաքին ագրեսիայի հետ, ուստի պետք է ներքուստ համախմբված լինի:   Հարց   -Ինձ ասել են, որ Ադրբեջանի ագրեսիան մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս չի վստահում ՀՀ նոր ՊՆ նախարարին` համարելով նրան թույլ օղակ, ով հավատում է կանխարգելիչ գործողությունների դոկտրինին: Ի ՞նչ կարծիք ունեք ՀՀ ՊՆ նախարարի մասին:   Պատասխան   -Ռազմական դրության պայմաններում և առավել ևս պատերազմի ժամանակ նպատակահարմար չեմ գտնում կարծիք հայտնել պաշտպանության նախարարի մասին: Ես երկար ժամանակ եղել եմ ՀՀ պաշտպանության նախարար, այնուհետև տասը տարի` ՀՀ նախագահ, և մենք միշտ մեր զինված ուժերը պատրաստել ենք պաշտպանական մարտերի, ինչը, իհարկե, չի բացառում թշնամու հարձակման դեպքում հակահարձակողական գործողությունները: Իմ կարծիքով, կանխարգելիչ գործողությունների դոկտրինը մեր պայմաններում կիրառելի չէ: Այսքանով սահմանափակվենք:   Հարց   -Վերջերս Հայաստանը պաշտոնանկ արեց հետախուզության պետին: Գիտեք ինչու՞: Հետախուզական ի՞նչ անհաջողություններ և հաջողություններ է ունեցել Հայաստանը:   Պատասխան   -Ես ստույգ տեղեկություններ չունեմ, ուստի առայժմ ձեռնպահ կմնամ այս հարցին պատասխանելուց:   Հարց   -Կարո՞ղ է Հայաստանը հաղթել այս պատերազմում առանց Ռուսաստանի օգնության:   Պատասխան   -Խոսքը ավելի շուտ պետք է գնա խաղաղության, քան թե պատերազմում հաղթելու կամ պարտվելու մասին։   Երբ Խորհրդային միությունը քանդվելու շեմին էր, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական կոմիտեն, որը ես գլխավորում էի, ստանձնեց պաշտպանել մեր ժողովրդին էթնիկ զտումներից, որոնց ականատեսը եղանք Բաքվում, Սումգայիթում և այլ բնակավայրերում։ Միջազգային աղբյուրները նշում են, որ մինչ 1994թ. պատերազմը բոլոր կողմերի համար արժեցավ գրեթե 30,000 մարդու կյանք:   Մենք պաշտպանեցինք մեր օջախները, մենք հաղթեցինք պատերազմում, հրադադարի ռեժիմ հաստատվեց: Սակայն մենք չկարողացանք խաղաղություն հաստատել մի հարևանի հետ, որը երբեք չհրաժարվեց Ղարաբաղի անտառապատ լեռները նվաճելու իր անհագուրդ ցանկությունից: Ահա այս է պատճառը, որ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդների կարիք ունենք, որի համանախագահներից մեկը Ռուսաստանն է` իր հսկայական փորձով և հնարավորություններով:   Հարց   -Դուք ունե՞ք որևէ անուղղակի կամ անմիջական շփում ադրբեջանցի գործընկերների հետ: Ի՞նչ եք փոխանցում նրանց: Ի՞նչ կցանկանայիք փոխանցել նրանց:   Պատասխան   -Իմ պաշտոնավարման ընթացքում ես հանդիպել եմ միայն Ալիևին, որի հետ բանակցում էի: Դրանից հետո որևէ կապ կամ շփում չի եղել:   Ուղերձը, որն ուղղված է Ադրբեջանին, ինչպես նաև բոլոր այլ ներգրավվածներին, պարզ է` այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով կամ ցանկացած այլ ձևով, որը կստիպի հայերին լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում:   Խաղաղությունը պետք է հաստատվի բացառապես բանակցությունների միջոցով։   Հարց   -Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դեր ունի Թուրքիան այս ամենի մեջ: Արդյո՞ք Թուրքիան է դրդում Ադրբեջանին, թե ՞ Բաքուն է դիմել Թուրքիային:   Պատասխան   -Լեռնային Ղարաբաղի դեմ ներկայիս պատերազմն ուղեկցվում է Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախապատրաստվածության աննախադեպ մակարդակով, որոնք իրենց համարում են երկու պետություններում ապրող մեկ ազգ, ինչպես դա սիրում են ասել նրանց նախագահները: Համաձայն բազմաթիվ երկրների հետախուզական և հավաստի լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ այս պատերազմում ներգրավված են Սիրիայից և Լիբիայից վարձկաններ՝ ուղարկված Թուրքիայի կողմից։ Թուրքական անօդաչու թռչող սարքերը մեծ աջակցություն են ադրբեջանական հարձակումներին։   Կարելի է եզրակացնել, որ ռազմական գործողությունների մասին որոշումներն ընդունվում են համատեղ:   Պետք է որ տեղյակ լինեք, որ մենք փորձել ենք Թուրքիայի հետ ևս բարելավել հարաբերությունները։ Երբ 2008 թվականին ստանձնեցի նախագահի պաշտոնը, հանդես եկա նոր նախաձեռնությամբ՝ Երևան հրավիրելով Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլա Գյուլին` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններն սկսելու:     Տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը կարող էին լրջորեն շահել Թուրքիայի հետ հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորումից:   Շվեյցարիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ, Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները 2008 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրեցին Ցյուրիխյան արձանագրությունները։   Սակայն ընդամենը մեկ օր անց Թուրքիայի այն ժամանակվա վարչապետը` Էրդողանը, հայտարարեց, որ արձանագրությունների վավերացումը թույլ կտա միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղից հեռանան հայկական անվտանգության ուժերը, ինչով կասեցրեց ամբողջ գործընթացը:   Հարցազրույցի հիման վրա պատրաստված հոդվածը:
00:53 - 21 հոկտեմբերի, 2020
Եթե այս բնագծից մենք հետ ենք քաշվում մյուսը, որտեղ ավելի հարմար է պաշտպանվելը, չի նշանակում՝ մենք պարտվել ենք․ Արծրուն Հովհաննիսյան

Եթե այս բնագծից մենք հետ ենք քաշվում մյուսը, որտեղ ավելի հարմար է պաշտպանվելը, չի նշանակում՝ մենք պարտվել ենք․ Արծրուն Հովհաննիսյան

Մեր մեկ հաջող հակահարձակողական օպերացիայով ադրբեջանական բանակի ողնաշարը չենք ջարդել, և Ադրբեջանի կապիտուլյացիայի մասին խոսք լինել չի կարող։ Եվ նույնն էլ, եթե այս բնագծից մենք հետ ենք քաշվում մյուս բնագիծ, որտեղ ավելի հարմար է պաշտպանվելը, չի նշանակում՝ մենք պարտվել ենք։ Այս մասին ասել է ՊՆ ներկայացուցիչը Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ։ «Այսօր որոշակի տեղաշարժ է եղել։ Հստակ թվեր չեմ կարող նշել, բայց այսօր օպերացիայի ընթացքում նույնիսկ խոսել եմ հրամանատարներից ոմանց հետ, որոնք այդ պահին գնում էին առաջ ու անցել էին հակահարձակման։ Թե ինչքան ենք հաջողել, չեմ կարող ասել»,- ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ այն տեխնոլոգիաները, որոնք կիրառում են գերտերությունները աշխարհի այս կամ այն կետում, այսօր կիրառվում է Արցախում։ «Դրանք ամենավերջին ԱԹՍ-ներն են, գերճշգրիտ հրթիռներն են, կապի համակարգերն են։ Տեսնում ենք 5-րդ սերնդի պատերազմ, ճիշտ է, ամբողջ գործիքակազմը 5-րդ սերնդի չէ ո՛չ իրենց կողմից, ո՛չ մեր կողմից, բայց իրենց կողմից բարձր տեխնոլոգիական սեգմենտի վրա մեծ ուշադրություն է դարձվել, որոնց առումով իրենք միշտ են ունեցել առավելություն։ Բայց միայն դա հաղթանակ չի ապահովելու։ Երբեք չես կարողանալու միայն ճշգրիտ ու կետային հարվածներով վերջնական արդյունքի հասնել»,- ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը։ ՊՆ ներկայացուցիչը ասել է, որ հակառակորդի հզոր հարձակողական բռունցքները կազմված էին 10․000-ից ավելի մեծ զորախմբերից, միգուցե 20․000-անոց զորախմբերից։ «Ամեն մի բռունցքի մեջ կար մի քանի հազար հատուկ գրոհային, կար 100-ից ավել տանկ, նույնքան այլ զրահատեխնիկա, կար 200ից, 300-ից ավելի հրետանային միջոց, տասնյակների հասնող մեծ տրամաչափի համազարկային կայանքներ՝ սմերչ, պոլոնեզ և այլն։ Եվ այս բռունցքները դասական ամրաշինկաան կառույցներով հագեցած պաշտպանական բնագիծը՝ առաջին երկու խրամատները, չկարողացան հաղթահարել, ճեղքում ապահովել»,- հավելել է նա։ Նրա խոսքով՝ 5-7 օր հակառակորդի մոտ չէր ստացվում ճեղքում ապահովել, փոխեցին մարտավարությունը։ «Ամբողջ ուժերը 3-4 հատվածներից հավաքեցին, տարան մեկ հատված՝ հարավ: Ճեղքման տեղամասերում 12 անգամ առավելություն ունեն, ռազմի պատմությունը նման բան չգիտի կամ շատ եզակի դեպքեր կան։ 12 անգամ մեծ ուժը 7-րդ, 8-րդ օրը օպերացիայի երկրորդ փուլ է իրականացնում․ օրական միջինը 1-2 կմ են առաջ եկել։ Ռազմագիտության տեսանկյունից դա խայտառակություն է»,- ասել է նա։ Հովհաննիսյանը նշել է, որ սեպտեմբերի 27-ին առաջին հարվածը հասցրել են ՀՕՊ-ի կետերին և կառավարման կետերին։ «Գրագետ հարված են հասցրել, բայց իդեալական չեն կարողացել իրականացնել։ Կոնկրետ կառավարման համակարգին գրեթե վնաս չեն կարողացել պատճառել կամ չնչին վնաս են հասցրել մարտավարական մակարդակում։ Բայց ՊԲ կառավարման համակարգի ամբողջության մեջ չեն կարողացել վնասել, ՀՕՊ-ին էլ հասցրել են մասնակի վնաս։ Առաջին հարվածային ալիքի ժամանակ օդում եղել է մոտ 1000 միավոր ԱԹՍ, մեծ տրամաչափի համազարկային կայանքներ, ճշգրիտ հրթռներ, ավիացիոն միջոցներ»,- հավելել է նա։ Հովհաննիսյանը, պատասխանելով հյուսիսային ուղղությամբ իրավիճակի վերաբերյալ հարցին, պատմել է, որ շաբաթ առաջ հյուսիսային կողմում մեկ դիրքի ուղղությամբ 700-800 գրոհային եկավ և չկարողացան ճեղքել․ հետ շպրտվեցին՝ ձորակի մեջ թողնելով 200-300 դիակ։
00:27 - 21 հոկտեմբերի, 2020
Չեխիայի հայերն ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել երկրի խորհրդարան |armenpress.am|

Չեխիայի հայերն ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել երկրի խորհրդարան |armenpress.am|

armenpress.am: Ստորագրահավաքներ, լուռ ակցիաներ և դրամահավաքներ. Չեխիայի հայ համայնքը տարբեր միջոցներով է բարձրաձայնում Արցախի և Հայաստանի վիճակի մասին։ Չեխիայի հայ երիտասարդական միության ներկայացուցիչ Հակոբ Ավետիսյանը «Հայերն այսօր»-ին պատմել է, որ ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել Չեխիայի խորհրդարան։ «Կազմակերպեցինք առցանց ստորագրահավաք, որը 3 օրում հավաքեց մոտ 3 հազար ստորագրություն։ Այնուհետև կազմակերպվեց ստորագրահավաք հենց թղթի վրա, որպեսզի ուղարկվի չեխական խորհրդարան, որպեսզի անցնի քննարկման, և մենք հույս ունենանք, որ Չեխիան վերջապես իր ձայնը, իր խոսքը կհայտնի օբյեկտիվորեն այն մասին, թե ինչպիսի ագրեսիայի է ենթարկվում Արցախի հայ ժողովուրդը», -  ասել է Ավետիսյանը։ Հայ համայնքի ներկայացուցչի խոսքով՝ Չեխիայում դրական են արձագանքում իրենց նախաձեռնություններին և հիմնականում հակված են հավատալ հայերին։ Ըստ նրա՝ եղել են նաև չեխեր, որոնք գտնվել են Արցախում և այնտեղից տեղեկատվություն են տրամադրել իրավիճակի մասին։ «Մենք ունենք բազմաթիվ նամակներ հենց չեխերից, որ նրանք պատրաստակամ են ինչով կարող են օգնել մեզ։ Կան մարդիկ, որոնք հենց մասնակցել են Հայաստան ուղարկվող օգնությանը, կան մարդիկ, որոնք դրամով են ցանկացել օգնել։ Չնայած, որ մենք ձեզնից հեռու ենք, բայց բոլորը ձեր կողքին են և վստահ եմ, որ շատ-շատ մարդիկ պատրաստ են կանգնել հայերի կողքին», - ընդգծել է Հակոբ Ավետիսյանը։ Չեխիայի հայ երիտասարդական միության ներկայացուցիչը հայտնել է, որ հիմա աշխատում են Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ։  
22:47 - 20 հոկտեմբերի, 2020
170 հոգանոց զինծառայողների խմբի՝ ծուղակից դուրս գալու մասին խոսք չկա․ Արծրուն Հովհաննիսյան

170 հոգանոց զինծառայողների խմբի՝ ծուղակից դուրս գալու մասին խոսք չկա․ Արծրուն Հովհաննիսյան

Լինում են դեպքեր, երբ նախորդ օրերին ինչ-որ տեղ ծուղակում հայտնված, մոլորված խմբեր կամ անհատ զինծառայողներ մեր զորքերի առաջխաղացման ժամանակ կարողանում են դուրս գալ, բայց 170 հոգանոց խմբի մասին խոսք չկա։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Լինում են դեպքեր, երբ մեր ԶՈՒ-երը խոցում են հակառակորդի ԱԹՍ-ներ, բայց դրանք ընկնում են միջդիրքային տարածության մեջ, բայց երբ մեր զորքերը առաջ են գնում, մենք խփված հին սարքերը հրապարակում ենք։ Մեկ տասնյակից ավելի Բայրաքթար է խոցվել»,- ասաց Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ կենտրոնական հատվածներից մենք դիակ հանելու խնդիր չունենք, որովհետեւ որեւէ բնագծից հետ չենք քաշվել, որպեսզի այդ տարածքում նման խնդիր ունենանք։ «Նման խնդիր եղել է հիմնականում հարավում»,- հավելեց ՊՆ ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ պատերազմն ունի դժվար օրեր, զորքերի համար էլ հեշտ չէ նահանջելը։ «Երբեմն նահանջի մասին վերադասի մտահղացումը ստորադասը կամ շարքայինը կարող են չընկալել, կարող է թվալ՝ դա ստորացուցիչ բան է, բայց եթե վերադասն ունի պլան, ապա պետք է նահանջել, հակառակորդին ծուղակի մեջ գցել կամ մի այլ բան»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
22:29 - 20 հոկտեմբերի, 2020
Հակառակորդը վաղուց չբնակեցված մերձռազմաճակատային բնակավայրերը նկարահանում է, ինչը սեփական հանրությանը կերակրելու համար է․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը վաղուց չբնակեցված մերձռազմաճակատային բնակավայրերը նկարահանում է, ինչը սեփական հանրությանը կերակրելու համար է․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական ԶՈՒ-երը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել ե՛ւ հյուսիսային, ե՛ւ հարավային ուղղությամբ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներն ու հետ շպրտել ելման բնագծեր»,- ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ երեկ երեկոյան իրավիճակից սկսած՝ օրվա ընթացքում մեր ՀՕՊ ստորաբաժանումներին մի քանի անգամ հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական արտադրության Բայրաքթար տեսակի ԱԹՍ։  «Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, բայց ոչ այն ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին են լինում»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։ Նա նաև ասաց, որ մարտական այս գործողություններն ունեն հստակ մարտավարություն, որը շատ լավ հասկանում ենք, մեր հրամանատարները շատ լավ պատկերացնում են։ «Ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբերը հաճախ թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր, որոնք ընդհանրապես շատ վաղուց բնակեցված չեն լինում, այնտեղ նկարահանվում են, տարածում են այդ լուրերը, ինչն առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ ազդում է մեր հանրության վրա»,- ընդգծեց Հովհաննիսյանը։ Անդրադառնալով տարածվող տեղեկություններին՝ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ կան բնակավայրեր, որոնք շատ վաղուց՝ տասը-տասնհինգ օր առաջվանից, համարվում են Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից գրավված, համարվում են իրենց ԶՈՒ-ի վերահսկողության տակ, բայց մինչ օրս այդտեղ չկա իրենց վերահսկողությունը։ «Եվ բոլոր մուտք ու ելքերը քիչ թե շատ ստորաբաժանման նմանություն ունեցող զորախմբերով հիմնականում ջախջախվում են հեռահար կրակով կամ մեր ստորաբաժանումների այլ գործողություններով, բայց մինչ օրս իրենց համար համարվում են գրավված տարածքներ։ Ես խնդրում եմ նման լուրերը մեր դաշտ չբերել, չքաննարկել եւ նման լուրերը չտարածել»,- ասաց նա։ Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ իրավիճակը կայուն է, վերահսկելի է, որոշ կուտակումներ կամ դիվերսիոն գործողություններ դեռ չեն նշանակում կոնկրետ զորքերի առաջխաղացում կամ հաջողություն։ «Այս մարտավարությունը որդեգրված է ահաբեկչական խմբավորումներից, միտված են դիմացի պաշտպանությունն ու զգայունությունը թուլացնելուն։ Խնդրում եմ չտրվել նման գործողությունների ազդեցությանը»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։  
22:16 - 20 հոկտեմբերի, 2020
Վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր

Վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր (օրինակ՝ lurer.live և համանման այլ տեղեկատվական հարթակներ, բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ): Վերջիններս, հատկապես այս օրերին, տարածում են ակնհայտ ապատեղեկատվություններ՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց, ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Քյարամյանի,  ինչպես նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական բազմաթիվ երևույթների վերաբերյալ, որոնք ստահոդ լինելուց բացի՝ իրենց մեջ պարունակում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող զգալի տարրեր ու բաղադրիչներ: Նախնական ուսումնասիրություններից պարզվում է, որ հիշյալ կայքերում և տեղեկատվական հարթակներում առկա են տարբեր ուղղվածություն ունեցող հետքեր, որոնց ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ: Այս ամենով հանդերձ մեր հանրությանը կոչ ենք անում տուրք չտալ նմանատիպ տեղեկություններին, չտարածել այդօրինակ կայքերում ու տարբեր հարթակներում առկա  կեղծ տեղեկատվությունը, ինչպես նաև բացառապես օգտվել պաշտոնական լրահոսից:
21:25 - 20 հոկտեմբերի, 2020
Պուտինն ու Մակրոնը շեշտել են կրակի դադարեցման պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը |armenpress.am|

Պուտինն ու Մակրոնը շեշտել են կրակի դադարեցման պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են անցկացրել՝ մանրամասն քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ զարգացող իրավիճակը: Այս մասին հայտնում է Կրեմլի ծառայությունը՝ նշելով, որ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը: «Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ իրավիճակի զարգացումը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Շեշտվել է հոկտեմբերի 10-ին և 17-ին հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը»,- ասված է հայտարարությունում: Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամությունը:
19:47 - 20 հոկտեմբերի, 2020
Արցախի ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է. Բելգիայի ակադեմիական, քաղաքական, իրավական և մշակութային շրջանակների ներկայացուցիչների կոչը

Արցախի ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է. Բելգիայի ակադեմիական, քաղաքական, իրավական և մշակութային շրջանակների ներկայացուցիչների կոչը

«Մենք գտնում ենք, որ միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է»։ Բելգիայի ակադեմիական, քաղաքական, իրավական և մշակութային շրջանակների 32 ներկայացուցիչներ համատեղ կարծիք են հրապարակել «La Libre» պարբերականում (https://bit.ly/34f5gbx), որում կոչով դիմել են Բելգիային, Եվրոպական միությանը և միջազգային հանրությանը: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։ Կարծիքում, մասնավորապես, նշվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի Հանրապետության վրա՝ Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ: Հարձակումներ են տեղի ունեցել նաև ՀՀ տարածքում: Թուրքիայի կառավարությունը նաև ջիհադիստներ է տեղակայել Ադրբեջանում, որոնք մասնակցում են հայերի դեմ այս հարձակմանը և օգտագործում են միջազգային իրավունքով արգելված կասետային զենք: Առկա են մարդու իրավունքների զանգվածային խախտումների և խաղաղ բնակիչների կոտորածների վտանգը հաստատող հիմքեր: Կոչում մասնավորապես ասված է՝ Կոչ ենք անում Բելգիային և Եվրոպային անհապաղ գործել այս դրամատիկ հակամարտության պայմաններում: Պահանջում ենք Բելգիայից, ինչպես նաև Եվրոպական միությունից հստակ դատապարտել այս հարձակումը: Կոչ ենք անում պատժել Թուրքիային ՝ ԵՄ թեկնածու-երկիր և ՆԱՏՕ-ի գործընկեր, ագրեսիային մասնակցելու համար: Պահանջում ենք Բելգիայից, Եվրամիությունից և իրավապաշտպան կազմակերպություններից դատապարտել արգելված հրթիռների օգտագործումը և խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները (օրինակ ՝ LORA հրթիռներով): Կոչ ենք անում ՆԱՏՕ-ին, որի անդամն է հանդիսանում Թուրքիան, արգելել նրան մասնակցելու Հայաստանի դեմ ցանկացած տեսակի հարձակումներին՝ հակառակ դեպքում կասեցնելով իր անդամակցությունը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել անհապաղ դադարեցնել կրակը և վերականգնել խաղաղ երկխոսության պայմանները ՝ առաջնությունը տալով մարդկանց: Միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, որն այսօր էքզիստենցիալ վտանգի առաջ է կանգնած: Ուստի մենք համոզված ենք, որ Արցախի ժողովրդի համար խիստ անհրաժեշտ է ապահովել իր լիակատար ինքնիշխանությունն ու ինքնորոշման իրավունքը` առանց որևէ արտաքին կառավարման և ժողովրդավարական շրջանակներում: Մենք գտնում ենք, որ միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է։
19:39 - 20 հոկտեմբերի, 2020