Մեղրի համայնք

Մեղրին խոշորացված համայք է Սյունիքի մարզում, ձևավորվել է 2016 թվականին։

Համայնքի կազմում միավորվել են հետևյալ բնակավայրերը․

  • Ագարակ քաղաք,
  • Ալվանք գյուղ,
  • Այգեձոր գյուղ,
  • Գուդեմնիս գյուղ,
  • Թխկուտ գյուղ,
  • Լեհվազ գյուղ,
  • Լիճք գյուղ,
  • Կարճևան գյուղ,
  • Կուրիս գյուղ,
  • Նռնաձոր գյուղ,
  • Շվանիձոր գյուղ,
  • Վահրավար գյուղ,
  • Վարդանիձոր գյուղ,
  • Տաշտուն գյուղ։

Մեղրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն Արարատ Թումանյանն է։

Հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ․ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն
 |1lurer.am|

Հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ․ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն |1lurer.am|

1lurer.am: Վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ, որը պայմանավորված է Իրանից Հայաստան թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի (հաշիշ, մեթամֆետամին, հերոին) ապօրինի տեղափոխման փորձերի ավելացմամբ: Այս մասին հայտնել են Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից։ Նշվում է, որ բացի այդ՝ արձանագրվում են ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման դեպքեր։ 2021 թ․ Մեղրիի սահմանապահ ջոկատի հատվածում ռուս սահմանապահները ձերբակալել են երկու զինյալներ՝ զենքով, նռնականետներով և մեծ քանակությամբ զինամթերքով, որոնք ապօրինի կերպով մուտք էին գործել Իրանից: «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության Կառավարության, Ազգային անվտանգության ծառայության և այլ իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ՝ ընթացիկ տարվա սկզբից կազմավորվել են սահմանային հսկողության ծառայության իրականացման մի շարք կահավորված դիրքեր՝ ընտրողական (իսկ սահմանախախտների որոնման և հետապնդման դեպքում՝ առանց բացառության) միջոցառումներ իրականացնելու անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ մաքսանենգության, անօրինական միգրացիայի և այլ իրավախախտումների փաստերի հայտնաբերման, կանխման և խափանման նպատակով: Սահմանային գոտում տեղաշարժվող քաղաքացիներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավապահ մարմինների օրինական պահանջներին»,- նշել են Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունից։ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը Թուրքիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի պետական ​​սահմանի պաշտպանությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» միջպետական պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է երկու երկրների միջև 1992 թվականին:
17:32 - 08 օգոստոսի, 2022
Մեղրիում ռուսական 5 մոդուլային հենակետեր տեղադրվել են մոտ 8-9 ամիս առաջ․ Մեղրիի համայքնապետ |tert.am|

Մեղրիում ռուսական 5 մոդուլային հենակետեր տեղադրվել են մոտ 8-9 ամիս առաջ․ Մեղրիի համայքնապետ |tert.am|

tert.am: Մեղրիում ռուս սահմանապահների կողմից տեղադրվել են 5 մոդուլային հենակետեր, որտեղ ռուսական սահմանապահ զորքերը սահմանային ծառայություն են իրականացնում: Այս մասին հայտնեց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը: «Այդ հենակետերը տեղադրվել են մոտ 8-9 ամիս առաջ՝ Արաքսի ափին։ Թե ինչ գործառույթներ են կատարում, հստակ չեմ կարող ասել, այդ հարցին համապատախան գերատեսչությւոնները ավելի հստակ կարող են պատախանել։ Բայց պետք է նշեմ որ ժամանակ առ ժամանակ  հենակետերում կանգնեցնում են քաղաքացիներին, ստուգում անձը հաստատող փաստաթղթերը, մեքենաները, ինչը շատ ժամանակ քաղաքացիների շրջանում խռովություններ ու դժգոհություններ է առաջացնում»,- ասաց համայնքի ղեկավարը։ Բագրատ Զաքարյանը նշեց, որ ռուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում՝ «Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն։ «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կա գրավոր պայմանավորվածություն, ըստ որի՝ իրենք իրականացնում են իրենց ծառայությունը։ «Պետական սահմանի մասին» օրենքի 21-րդ կետով դա համարվում է սահմանային գոտի, որտեղ ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում»,- ասաց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը:
17:15 - 08 օգոստոսի, 2022
Արտաշես Թումանյանն արդյունավետ է գնահատել Օվերչուկի և Բելոզյորովի հետ հանդիպումը |armenpress.am|

Արտաշես Թումանյանն արդյունավետ է գնահատել Օվերչուկի և Բելոզյորովի հետ հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման հարցով զբաղվող աշխատանքային խումբը սկսել է իր դաշտային աշխատանքները, տեղում գնահատում է իրավիճակը: Կառավարության նիստի ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը արդեն դաշտային աշխատանքով է զբաղվելու: Նայում են տարածքները, շինարարության հրապարակների տեղերը: Աշխատանքային խումբը եղել է Երասխում և Մեղրիում, գնահատել իրավիճակը»,- ասաց Փաշինյանը: Աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը նշեց, փետրվարի 2-ին ՀՀ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ հանդիպման արդյունքում աշխատանքի հեռանկարը և ճանապարհային քարտեզը արդեն որոշակիորեն ուրվագծվում է: «Աշխատանքային խումբը սկսել է իր գործունեությունը, առաջին նիստը եղել է, արդեն Հանրապետության առանձին պետական գերատեսչությունների և ռուսական կողմի հետ նախնական նկատառումները կան, թե ինչպես պետք է համագործակցենք: Երեկվա նիստը շատ գործնական էր, և ռուսական կողմը իր տեսլականը ներկայացրեց: Առաջիկա անելիքները պատկերացնում ենք, կարծում եմ հաջողության դեպքում արդյունքներ կունենանք»,- եզրափակեց Թումանյանը:
13:36 - 03 փետրվարի, 2022
Բագրատ Զաքարյանն ընտրվեց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար

Բագրատ Զաքարյանն ընտրվեց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար

«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Բագրատ Զաքարյանն ընտրվել է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար։ «Բագրատ Զաքարյանը 15-ից 8 կողմ ձայնով ընտրվեց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար»,- գրել է Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Մեղրի համայնքում հաղթել էր Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը: Ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 59,47 տոկոսը։ Մեղրիում պայքարում էին 4 քաղաքական ուժեր՝ «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազատական» կուսակցությունը «Ապրելու երկիր» կուսակցությունը: «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորում էր Բագրատ Զաքարյանը։ Մեղրիի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ «Հանրապետություն» կուսակցություն՝ 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 5 մանդատ, «Ազատական» կուսակցություն՝ 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2 մանդատ։
12:46 - 11 նոյեմբերի, 2021
Կոալիցիա Մեղրիում. «Հանրապետություն» և «Ազատական» կուսակցությունները համայնքը կղեկավարեն՝ իրար փոխարինելով |azatutyun.am|

Կոալիցիա Մեղրիում. «Հանրապետություն» և «Ազատական» կուսակցությունները համայնքը կղեկավարեն՝ իրար փոխարինելով |azatutyun.am|

azatutyun.am: Սյունիքի Մեղրի համայնքում Սամվել Բաբայանի ղեկավարած «Ազատական» ու Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունները կոալիցիոն հուշագիր են ստորագրել։ Ըստ դրա՝ տեղական ինքնակառարման մարմնում երկու քաղաքական ուժերը իշխանությունը բաժանում են միմյանց միջև, պաշտոնավարման 5 տարվա առաջին կեսը` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդությամբ, մյուսը՝ «Ազատականի»: «Հանրապետության» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ավագանու ընտրված անդամները նշում են. «Մենք կառավարումը իրականացնելու ենք մեկս մյուսի հետ որպես թիմ, որպես գործընկերներ, որի համար պատասխանատվություն ենք կրելու ձեր առջև»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Մեղրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են մասնակցող բոլոր քաղաքական ուժերը՝ Ազատական կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն էր, որի համայնքապետի թեկնածուն Բագրատ Զաքարյանն է։
09:14 - 04 նոյեմբերի, 2021
Այս ընտրություններում վարչական ռեսուրս կիրառել են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, որովհետեւ երկուսն էլ ունեն այդ հնարավորությունները․ Վահրամ Թոքմաջյան

Այս ընտրություններում վարչական ռեսուրս կիրառել են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, որովհետեւ երկուսն էլ ունեն այդ հնարավորությունները․ Վահրամ Թոքմաջյան

Նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները բավականին մրցակցային էին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի համակարգող Վարդինե Գրիգորյանը։ Դաշինքի ներկայացուցիչ Վահրամ Թոքմաջյանը, թեեւ համաձայնեց Գրիգորյանի այս դիտարկման հետ, սակայն արձանագրեց, որ քարոզարշավը բավականին թույլ էր՝ հատկապես Գյումրիի պարագայում։ Նրա դիտարկմամբ՝ Գյումրիում առաջադրված հիմնական ուժերն առաջին հայացքից ջանք ու եռանք չեն ներդրել՝ իրենց ծրագրերն ընտրողներին ներկայացնելու հարցում․ «Նախընտրական քարոզչության փուլում արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են վարչական ռեսուրսի կիրառմանը, որը միահյուսվում է աշխատանքային իրավունքին առնչվող խնդիրներին։ Ի տարբերություն 2018-ից առաջ եղած ընտրությունների՝ այս ընտրություններում վարչական ռեսուրս կիրառել են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, որովհետեւ երկուսն էլ ունեն այդ հնարավորությունները՝ մեկ՝ ՏԻՄ մակարդակում, մեկը՝ պետական մակարդակում»,- ասաց Թոքմաջյանը՝ հավելելով, որ շատ մարզերում, քաղաքներում, գյուղերում գործատուները հիմնականում ընդդիմություն ներկայացող կամ ընդդիմության հետ աղերս ունեցող մարդիկ են, որոնք ունեն բիզնեսներ, իսկ այդ հանգամանքը, բանախոսի կարծիքով, դերակատարում ունեցավ Գյումրու, Գորիսի, Մեղրիի պարագայում․ «Վարչական ռեսուրսին, բիզնեսին, աշխատանքային իրավունքին առնչվող խնդիրների սահմանը շատ է խախտվել։ Հետաքրքրական է, որ գործում էր կամավոր-պարտադիր սկզբունքը՝ թե՛ հավաքներին մասնակցելու, թե՛ ընտրելու մասով։ Եթե նախկինում «տասովշիկների» զգալի մասն աշխատում էր մեկ-երկու քաղուժի համար, այս ու նախորդ ընտրություններին նրանք այլեւս ունեն ընտրության հնարավորություն՝ ում համար աշխատել։ Փողը մեծ դերակատարում ունեցավ՝ ոչ ընտրակաշառքի ձեւով․ այն կուսակցությունները կամ դաշինքները հաջողեցին, որոնք ֆինանսապես կայուն էին, կարող էին ռեսուրս դնել, դրա շուրջ կառուցել քարոզարշավ, եւ այլն։ Իսկ այն ուժերը, որոնք փող չունեին կամ փող չդրեցին, հաջողություն չգրանցեցին, եւ, կարծում եմ, ապագայում էլ չեն գրանցի»,- ասաց Վահրամ Թոքմաջյանը՝ շեշտելով, որ եթե արեւմտյան ժողովրդավարական երկրներում առկա մոդելը՝ նաեւ կուսակցությունների դրամահավքաների մասով, չկայանա, այդ կուսակցությունները դարձյալ չեն հաջողելու։
17:47 - 18 հոկտեմբերի, 2021
Մեղրիում առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն է․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել

Մեղրիում առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն է․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ընտրություններին մասնակցում էր 4 քաղաքական ուժ՝ «Ազատական», «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները։ Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը համայնքում 8 595 է․ քվեարկությանը մասնակցել է 5 098-ը կամ 59.31%-ը։ Անվավեր է համարվել 124 քվեաթերթիկ։ Ձայները, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, բաշխվել են հետեւյալ կերպ․ Ազատական կուսակցություն - 716 կամ 14․04%«Ապրելու երկիր» կուսակցություն - 487 կամ 9․55%«Հանրապետություն» կուսակցություն - 2 133 կամ 41.83%«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 1 637 կամ 32.11% Հավելենք, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս։ Այսպիսով՝ Մեղրի համայնքում անցողիկ շեմը հաղթահարել են մասնակցող բոլոր քաղաքական ուժերը։ Առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն է, որի համայնքապետի թեկնածուն Բագրատ Զաքարյանն է։ Վերջինս Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի նախկին պաշտոնակատարն է, որը Infocom-ի հետ զրույցում ներկայացրել է, որ իրենք մշակել են առաջիկա հինգ տարվա աշխատանքների փաթեթ, որտեղ ներառված են նաեւ սուբվենցիոն ծրագրեր։
11:15 - 18 հոկտեմբերի, 2021
Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում

Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում

Տնտեսվարողների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժ ապահովելը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է։ Հայաստանի հարավային տնտեսական սահմանին մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու համար ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում։ Այստեղ նույնպես, ինչպես հանրապետության հյուսիսային անցակետերում, արդեն գործարկվել է սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգը։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը: Այս հարթակի օգնությամբ հսկողական փուլերից որևէ մեկը չի կարող շրջանցվել։ Լինի մաքսային զննություն, թե կշռում՝ բոլոր գործողությունների վերաբերյալ տեղեկությունն ամբողջացվում է, և հետո միայն թույլատրվում բեռնատարի ելքը։ Մաքսակետի վարչական շենքում ՊԵԿ նախագահը ծանոթացել է նաև քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմաններին։ Աշխատանքային շրջայցը Ռուստամ Բադասյանն ամփոփել է Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակազմի հետ հանդիպմամբ։ Նա ընդգծել է մաքսային յուրաքանչյուր ծառայողի կատարած աշխատանքի կարևորությունը և հորդորել վստահորեն շարունակել ծառայությունը՝ մաքսային գործընթացների անխափան իրագործումն օրենքով վերապահված իրավասությունների շրջանակում ապահովելու նպատակով։
18:02 - 07 հոկտեմբերի, 2021
Նախատեսվում է, որ այս ձմեռ Մեղրիում գազաֆիկացման հարցը կլուծվի․ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյան

Նախատեսվում է, որ այս ձմեռ Մեղրիում գազաֆիկացման հարցը կլուծվի․ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։  Արարատ Թումանյանն այս տարվա հուլիսի 14-ին է նշանակվել Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար (հուլիսի 9-ին Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարական էր ներկայացրել, օրեր անց նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական կեղծիք կատարելը):  Infocom-ի հետ զրույցում Արարատ Թումանյանը պատմեց, որ Մեղրիում քարոզարշավն ընթանում է բնականոն հունով․ իրենց թիմի անդամները, ինչպես եւ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները, խոչընդոտների ու դիմադրության չեն հանդիպել։  Խոսելով համայնքի՝ դեռեւս լուծում չստացած խնդիրների մասին, Թումանյանն առանձնացրեց հատկապես ոռոգման ջրի հարցը․ «Իմ պաշտոնավարման երկու ամսվանից միայն 1,5-ը ես նվիրվել եմ այդ գործին։ Կառավարության աջակցությամբ փորձելու ենք հարցին ամբողջական լուծում տալ։ Ջրօգտագործողների ընկերությունում շատ խնդիրներ կան, մեր ջանքերով եւ կառավարության միջնորդությամբ պետք է լուծվեն հարցերը։ Ի դեպ՝ ՋՕԸ-ի մարզային ղեկավարի հետ զրուցել եմ, պատրաստվում է նախագծեր ներկայացնել, որպեսզի ողջ համակարգը բարելավենք, մոդեռնիզացնենք»։ Անդրադառնալով այն կարծիքներին, որ ճիշտ կլիներ՝ ՋՕԸ-ն համայնքային վերահսկողության տակ լիներ, Թումանյանը եւս նշեց, որ, իհարկե, ցանկալի կլիներ, բայց այդպիսի կարգավորում բերելը բարդ է, ժամանակատար, քանի որ օրենսդրական նախաձեռնություն է պետք, եւ անիրատեսական է, որ այդպիսի փոփոխությունը միայն մի համայնքի համար լինի․ «Եթե դա հնարավոր լիներ անել, ապա բնակիչները ոլորտի վերաբերյալ իրենց խնդիրները կկարողանային ուղիղ համայնքապետին ներկայացնել, որն էլ կլծվեր այդ խնդրի լուծմանը։ Որովհետեւ, եթե գյուղացին խնդիր է ունենում, միանգամից համայնքի ղեկավարին է դիմում»,- նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ համայնքի ղեկավարն ավելի սրտացավ է լինում բնակիչների հանդեպ, փորձում է խնդիրներին ավելի արագ լուծում տալ։ Թումանյանը նշեց նաեւ, որ նպատակ ունեն արդիականացնել պոմպակայանները։ Այժմ արդեն մտածում են նոր պոմպակայանի նախագծի շուրջ, պատրաստվում են ուսումնասիրել տեղանքը, ռելիեֆը՝ մեծ ջրամբար կառուցելու համար․ «Ջրամբարի կառուցման միջոցներ եղել են, բայց սկզբում կորոնավիրուսի համավարակը, հետո պատերազմը լուրջ հարված եղան մեր տնտեսությանը, դրա համար այս հարցը հետաձգվեց։ Հիմա կա քաղաքական կամքը, միջոցներ էլ կան, պետք է լծվենք աշխատանքներին»։ Մեղրիում առաջնային խնդիր է նաեւ գազաֆիկացումը։ Այս առնչությամբ Մեղրու համայնքապետի պաշտոնակատարն ասաց, որ այս տարվա ավարտին՝ դեկտեմբերին, նախատեսվում է, որ փականներ կտեղադրվեն․ «Երբ փականները դրվեն, այդ դեպքում եթե որեւէ թաղամասում վթար լինի, հնարավորություն կլինի բաժանարար կետի սկզբի փականը փակել ու տվյալ թաղամասում լուծել խնդիրը, այլ ոչ թե փակել ողջ Մեղրի համայնքի գլխամասային փականը»,- ասաց Թումանյանը՝ հույս հայտնելով, որ այս ձմեռ Մեղրիում գազաֆիկացման հարցը կլուծվի։ Մեր զրուցակիցը թվարկեց առաջնային լուծում պահանջող այլ խնդիրներ եւս․ «Մենք անպայման ուզում ենք խթանել գյուղատնտեսությունը, պետք է սպանդանոց ունենանք։ Ե՛ւ մարզպետարանի, ե՛ւ կառավարության մակարդակով զրույցներ ենք ունեցել, հնարավորություն կա, եւ եթե ոչ մասնավոր սեկտորի միջոցով, ապա համայնքապետարանի միջոցով հարցը հնարավոր է լուծել։ Սպանդանոցն անասնապահներին ստիմուլ է տալիս՝ պահել անասուններ, է՛լ ավելի զարգացնել իրենց բիզնեսը, զբաղվել ֆերմերային տնտեսությամբ։ Եւ քանի որ մենք ենք նախաձեռնելու սպանդանոց ունենալը, ուրեմն ուզենալու ենք նաեւ մթերման պահեստներ ունենալ, սա էլ իր հերթին կխթանի անասնապահությունը»,- ասաց Թումանյանը։ Վերջինս խոսեց նաեւ զբոսաշրջության զարգացման հնարավորությունների մասին՝ նշելով, որ Մեղրիում ռեզորտային կենտրոններ լինելու պոտենցիալ ունեն, օրինակ, Լիճք, Տաշտուն, Զվար, Լեհվազ բնակավայրերը․ «Զբոսաշրջությունը Մեղրիում ակտիվանում է։ Երբեմն քաղաք են գալիս եվրոպական, սկանդինավյան երկրներից, որ ինքդ քեզ ասում ես՝ լավ, այս շվեյցարացին կամ նորվեգացին ի՞նչ են գտել այս կողմերում, հետո երբ օտարի աչքով ես փորձում նայել, հասկանում ես՝ իրականում ինչ հետաքրքիր, հիասքանչ տեղեր կան․ մենք, որ ներսում ենք, երբեմն չենք նկատում ու գնահատում»։ Թումանյանի կարծիքով՝ որպեսզի մարդկանց կյանքը բարեկեցիկ լինի, պետք է շեշտ դնել նաեւ բիզնես ոլորտի վրա․ «Այստեղ պղնձամոլիբդենային կոմբինատ ունենք, մարդիկ որոշակի զբաղվածություն ունեն, բայց դրանից հետո ոչինչ չունեն անելու։ Նպատակ ունենք ներդրումներ անել նաեւ մշակութային ոլորտում։ Մեղրիում եւ Ագարակում, օրինակ, մշակութային պալատները դեռ սովետական կարգավիճակում են, իսկ հիմա դարի պահանջներն այլ են»։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ մեղրեցիներն այսօր վախի մթնոլորտում չեն ապրում․ «Մինչ խորհրդարանական ընտրությունները Մեղրիում, կհիշեք, այն բարբարոսական ակտը տեղի ունեցավ․ այդ միջադեպերը հանրության մոտ ինչ-որ չափով հիասթափություն առաջացրին (զրուցակիցը նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին Սյունիք կատարած այցը, երբ Մեղրիում ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներն ընդդեմ Փաշինյանի ակցիաներ իրականացրին,- հեղ․)։ Բայց հիմա վախի մթնոլորտ կամ հիասթափություն չկա, այդ սարդոստայնով գործվածքը վերացել է, մարդիկ հանգիստ կգնան, իրենց ընտրությունը կկատարեն։ Իսկ թե ինչու մեզ պետք է ընտրեն, որովհետեւ նշածս վախի մթնոլորտը քանդողներից մեկն էլ ես եմ, մեր թիմը»,- ասաց Մեղրիի համայնքապետի ղեկավարի պաշտոնակատար, համայնքապետի թեկնածու Արարատ Թումանյանը՝ այս ընտրություններում իրենց շանսերը գնահատելով բավական բարձր։ Լուսանկարները՝ Արարատ Թումանյանի ֆեյսբուքյան էջից եւ Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայքից Հայարփի Բաղդասարյան
16:00 - 06 հոկտեմբերի, 2021
Մեղրիում անտառային ու լեռնային ճանապարհների մաքրման հարցն անվտանգային առումով  առաջնային է․ Բագրատ Զաքարյան

Մեղրիում անտառային ու լեռնային ճանապարհների մաքրման հարցն անվտանգային առումով առաջնային է․ Բագրատ Զաքարյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։ «Հանրապետություն» կուսակցությունն արդեն ակտիվ քարոզչական աշխատանքների մեջ է․ թիմի անդամները համայնքապետի թեկնածուի մասնակցությամբ հանդիպումներ են կազմակերպում Մեղրի համայնքի բնակավայրերում, զրուցում քաղաքացիների հետ։ Կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի նախկին պաշտոնակատար Բագրատ Զաքարյանը, Infocom-ի հետ զրույցում ներկայացրեց, որ իրենք մշակել ենք առաջիկա հինգ տարվա աշխատանքների փաթեթ, որտեղ ներառված են նաեւ սուբվենցիոն ծրագրեր։ Իսկ բուն ծրագիրը կազմված է մի քանի փուլից՝ «Կառավարում», «Անվտանգություն», «Գյուղատնտեսություն», «Կոմունալ ծառայություններ», «Տրանսպորտ», «Տնտեսություն», «Առողջապահություն», «Մշակույթ եւ կրթություն»։ Մեր զրուցակիցը հատկապես կարեւորեց «Կառավարում» բաժինը, որտեղ ընդգծված է, որ պետք է անվերապահորեն կատարել Սահմանադրության, օրենքների պահանջները, տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները, ՀՀ կառավարության որոշումները եւ սեփական պատասխանատվությամբ լուծել համայնքային նշանակության հարցերը․ «Սա առաջնային կետ է, որովհետեւ ցանկացած մեծ համայնք, գյուղ, ցանկացած միավոր պիտի ճիշտ ու գրագետ կառավարվի, իսկ դրա համար մեզ պետք է առաջնահերթությունը տալ կադրերի ճիշտ ընտրությանը»,- ասաց Զաքարյանը՝ վստահեցնելով, որ իրենց թիմն ընտրել է մարդկային եւ մասնագիտական բարձր որակներ ունեցող անձանց, որոնք, մեր զրուցակցի խոսքով, «մեղրեցու դարդ ու ցավով ապրող մարդիկ են», եւ որոնք երկար տարիներ պայքարել են ապօրինությունների դեմ ու երբեք չեն ընկրկել։ Մեղրիում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածուն որպես առաջնային լուծում պահանջող խնդիր նշեց հատկապես անվտանգային հարցերը․ «Մեղրին երեք կողմից շրջապատված է մահմեդականներով, իհարկե, Իրանը մեզ բարեկամ է, բայց հարավից Ադրբեջանն է, հյուսիսից՝ Նախիջեւանը, իսկ մեզ պետք է, որ կարողանանք անվտանգության առումով համապատասխան ծառայությունների հետ ամրացնել մեր սահմանները»,- ասաց Զաքարյանն ու այս համատեքստում նշեց ճանապարհների մաքրման աշխատանքների կարեւորությունը։ Նրա խոսքով՝ արդեն քսան տարուց ավելի է՝ անտառային, լեռնային ճանապարհները չեն մաքրում․ խոսքը միայն գյուղեր գնացող կամ գյուղերից դուրս եկող ճանապարհների մասին չէ, այլ մարտական հենակետեր, լեռներ տանող ճանապարհների․ «Ենթակառուցվածքների հարցը շատ կարեւոր է, հիմնական եւ պահեստային ճանապարհներ են պետք, որ անհրաժեշտության դեպքում մենք էլ անցնենք պաշտպանության, նոր ճանապարհների կառուցում է պետք»,- շեշտեց մեր զրուցակիցը։ Մեղրիում նաեւ ոռոգման ջրի խնդիր կա․ «Հանրապետության» ներկայացուցիչները մտադիր են դիմել կառավարությանը՝ Մեղրու ջրօգտագործողների ընկերությունն առանձնացնելու եւ համայնքապետարանի անմիջական հսկողությանը հանձնելու հիմնավորումներով․ «Համայնքապետարանը պատրաստ է ստանձնել այդ պատասխանատվությունը, այդպես մենք կկարողանանք բնակիչներին պատասխան տալ։ Ճիշտ կլինի, որ ՋՕԸ-ն Մեղրիի շրջանի բալանսում լինի, այդ կերպ կկարողանանք խնդիրը լուծել»,- համոզմունք հայտնեց Բագրատ Զաքարյանը՝ չմոռանալով նաեւ գազաֆիկացման խնդրի մասին․ նրա խոսքով՝ Մեղրու, Ագարակի գազաֆիկացման ծրագիրը դանդաղ է ընթանում, այս հարցը եւս չպիտի աչքաթող արվի։ Ինչ վերաբերում է զբոսաշրջության զարգացմանը, Զաքարյանն ասաց, որ պատրաստվում են Մեղրիում մշակել զբոսաշրջային ուղիներ, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ վերապատրասատել մասնագետների՝ կրթական ու մշակութային զբոսաշրջության ոլորտում․ «Աջակցելու ենք հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչներին՝ ոլորտի մասնագետներին ներգրավելով եւ հիմք ընդունելով հաջողված փորձը։ Փորձելու ենք ապահովել մշակութային եւ պատմական վայրերի ճանաչելիության բարձրացում, կազմակերպելու ենք հայագիտական ճանաչողական էքսկուրսիաներ ՀՀ տարածքում, ինչը ոչ միայն Մեղրու, այլեւ մեր երիտասարդ սերնդի զարգացմանը կնպաստի»,- ասաց մեր զրուցակիցը։ Բագրատ Զաքարյանը վստահ է, որ Մեղրու բնակիչները հենց «Հանրապետության» թիմին պետք է վստահեն իրենց քվեն․ «Մեզնից յուրաքանչյուրը՝ ցուցակի առաջին համարից մինչեւ վերջինը, միշտ եղել են անարդարության դեմ պայքարող մարդիկ։ Մենք ընտրել ենք լավ մասնագետներ, որոնք պատրաստակամ են կանգնել բնակիչների կողքին եւ մասնակցել Մեղրու զարգացմանը։ Մենք գալիս ենք վաղվա դրական օրը բերելու։ Եթե ես իմանայի, որ չեմ կարողանալու հաղթականած դուրս գալ այս ընտրապայքարից, չէի մասնակցի՝ հատկապես մեր քաղաքական ուժի ցուցակով»,- եզրափակեց Մեղրիում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Բագրատ Զաքարյանը։ Լուսանկարը՝ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
17:15 - 01 հոկտեմբերի, 2021
Մեղրիում մինչեւ հիմա լուծված չէ գազի խնդիրը, ամոթ էլ է․ հարցն առաջնահերթ լուծում է պահանջում․ Խաչատուր Անդրեասյան

Մեղրիում մինչեւ հիմա լուծված չէ գազի խնդիրը, ամոթ էլ է․ հարցն առաջնահերթ լուծում է պահանջում․ Խաչատուր Անդրեասյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։ Սամվել Բաբայանի առաջնորդած «Ազատական» կուսակցությունը, թեեւ մասնակցում է Մեղրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, սակայն դեռ չի սկսել ակտիվ քարոզարշավը։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Մեղրիում կուսակցության ցուցակը գլխավորող Խաչատուր Անդրեասյանը՝ նշելով, որ քարոզչական բուն աշխատանքները կսկսեն հոկտեմբերի 7-ից կամ 8-ից։ Իսկ այս ընթացքում կուսակցության ներկայացուցիչներն իրենց շտաբներում հանդիպում են բնակիչների հետ, քննարկում տարբեր խնդիրներ։ Անդրեասյանի դիտարկմամբ՝ համայնքում հիմնական խնդիրը ոռոգման ջրի հարցն է․ «Չունենք պոմպակայան, պոմպեր, որ ջրամատակարարումը լիարժեք կատարվի։ Նռնաձորում, Շվանիձորում, Ալվանքում, Ագարակում ջրմատակարարումը շատ վատ է եղել, բնակիչների բողոքն առաջանահերթ այդ հարցում է, որովհետեւ մարդիկ տասնյակ տարիներով ծառ են տնկել, աճեցրել, այսօր վտանգի առաջ են կանգնել»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ խնդիրը միշտ էլ եղել է, բայց այս տարվա պես ծանր վիճակ չի եղել․ «Բոլոր կայաններն աշխատում են շատ վատ, տիրություն անող չկա։ Ոչ մեկը չի գալիս լիարժեք աշխատանք տանի, որ պոմպերն անխափան աշխատեն։ Այդ հարցը պետք է առաջ քաշվի»,- ասաց Անդրեասյանը։ Նա նշեց, որ հանդիպումներ է ունեցել կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանի հետ, որը խոստացել է մինչեւ գարուն զբաղվել խնդրով, թե ինչպես, մեր զրուցակիցը չմանրամասնեց։  Համայնքում երկար տարիներ նաեւ գազաֆիկացման խնդիր կա․ «Գազը գնում է Մեղրիով, բայց բնակչությունը գազից չի կարողանում օգտվել։ Պետք է լուծվի խնդիրը՝ ե՛ւ գյուղերում, ե՛ւ Մեղրի, Ագարակ համայնքներում։ Խնդրով պետք է դիմել կառավարությանը, ֆինանսավորման հարց կա։ Չեմ կարող ասել, թե ինչու խնդիրը մինչեւ հիմա լուծված չէ, գուցե անփութության հետեւանք է։ Ամոթ էլ է, մի փոքր քաղաքում 12 հազար բնակչություն է, կարելի է հարցը մեկ-երկու ամսում լուծել»,- ասաց Անդրեասյանը՝ վստահեցնելով, որ աշխատելու են այդ հարցն առաջնահերթ դնել ու լուծում պահանջել, Սամվել Բաբայանն էլ է ասել, որ կմիջնորդի կառավարությանը։ Մեր հարցին, թե համայնքային զարգացման ինչ ծրագրեր ունի կուսակցությունը, որ ընտրվելու պարագայում պատրաստվում են իրագործել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ցանկություն ունեն տուրիզմը զարգացնել։ Այս տարի էլ, Անդրեասյանի խոսքով, զբոսաշրջիկներ այցելել են համայնք, ընդ որում՝ ոչ միայն ՀՀ այլ համայնքներից, այլ նաեւ Ռուսաստանից, անգամ Ֆրանսիայից։ «Կան նախագծեր, որ ուզում ենք զարգացնել։ Մենք ունենք Լիճք, Տաշտուն գյուղերը, որտեղ տուրիզմի համար լավ պայմաններ կան, պետք է փոքրիկ հյուրանոցներ կառուցել, որովհետեւ այսօր մնալու տեղ գրեթե չկա։ Բայց զբոսաշրջությունը միայն տեղական բյուջեով զարգացնել չի ստացվի․ ներդրումներ են պետք»,- մտահոգություն հայտնեց «Ազատական» կուսակցության ներկայացուցիչը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով համայնքի զարգացման համար հնարավոր ձեւերով միջոցներ հայթայթել․ «Ջանք չենք խնայելու Մեղրին զարգացնելու ուղղությամբ»,- եզրափակեց Խաչատուր Անդրեասյանը։ Հայարփի Բաղդասարյան
18:16 - 30 սեպտեմբերի, 2021
Մեղրիի նախկին ղեկավարը, տեղակալը և գլխավոր մասնագետը մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու և կեղծիք կատարելու համար. ՔԿ

Մեղրիի նախկին ղեկավարը, տեղակալը և գլխավոր մասնագետը մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու և կեղծիք կատարելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Մեղրիի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, 2016 թ. սեպտեմբերի 23-ից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, կատարելով պաշտոնեական կեղծիք, խախտելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջները, անձնական այլ շահագռգռվածությունից և խմբային շահերից ելնելով, կազմակերպել և իրականացրել է համայնքին պատկանող և ՀՀ հողային օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 0,4388 հողամասի օտարումը:Մասնավորապես՝ պարզվել է, որ դեռևս 20.05.2011 թ. Մեղրի համայնքի ավագանու որոշմամբ թույլատրվել է 25 տարի ժամկետով, բազմամյա տնկարկներ հիմնելու նպատակով  վարձակալության տրամադրել համայնքին պատկանող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված, համայնքի հատակագծում որպես արգելոց նշված տարածքից 0,4388 հա մակերեսով հողատարածքը, որի հիման վրա համայնքապետարանի կողմից կայացած մրցույթի արդյունքում 14.07.2012թ. կնքված վարձակալության պայմանագրով հողատարածքը հանձնվել է վարձակալությանը:Սակայն  վարձակալած հողատարածքում բազմամյա տնկարկներ հիմնելու փոխարեն, վարձակալը տարածքը ծառայեցրել է հասարակական նպատակներով, այն է՝ կառուցել է սրճարան և առանց համապատասխան թույլտվությունների՝ տարածքը ծանրաբեռնել է հիմնական և ոչ հիմնական շինություններով:Մեղրիի համայնքապետը, պարտավոր լինելով հետևել, որպեսզի վարձակալությամբ տրամադրված հողատարածքն օգտագործվի նպատակային նշանակությամբ, ինչպես նաև՝ կասեցնել և կանխարգելել առանց թույլտվության հիմնական և ոչ հիմնական շինությունների կառուցումը, չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները. ավելին՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կազմակերպել է այդ հողատարածքը սեփականությամբ իր մտերիմ  անձին օտարելու գործընթաց, որն իրականացնելու համար ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալի և  աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի կողմից 12.11.2019թ. կազմվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, այն մասին, թե իբր Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության նշված հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված սահմանափակումների ցանկում։Նշված տեղեկանքի հիման վրա Մեղրի համայնքի ավագանու կողմից 25.05.2020 թ. որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել Մեղրի համայնքի ավագանու 06.03.2020 թ. որոշման մեջ և հողատարածքն ընդգրկվել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում։2020 թ. հունիսի 24-ին Մեղրիի համայնքապետարանում տեղի ունեցած աճուրդի արդյունքում, որը կազմակերպվել է համայնքի ղեկավարի տեղակալի կողմից, հաղթող է ճանաչվել համայնքի ղեկավարի մտերիմ անձը, այնուհետև համայնքի ղեկավարի որոշմամբ, աճուրդի արդյունքներով, հողատարածքն օտարվել է հաղթող ճանաչված անձին և նույն օրը աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ նշված հողատարածքի վերաբերյալ միասնական տեղեկատվություն տրամադրելու մասին, որին ի պատասխան ՀՀ կադաստրի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է միասնական տեղեկանք այն մասին, որ հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասերի ցանկում:Հողամասի օտարումն ամեն գնով կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարը պահանջել է ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացնել միասնական տեղեկանք տրամադրելու նոր դիմում, որի հիման վրա համայնքապետարանի գլխավոր մասնագետը դիմում է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ խնդրելով 02.07.2020 թ. ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրված նախորդ միասնական տեղեկանքում կատարել սխալների ուղղում և լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնից հանել «ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի» գրառումը:Նշված դիմումին ի պատասխան ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է նոր միասնական տեղեկանք, որի լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնում նշվել է, որ գույքի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցումը կկատարվի՝ հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում:Հողամասի օտարման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետը պատրաստել է նշված հողատարածքը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված չլինելու մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, որը հաստատվել է համայնքի ղեկավարի կողմից:Տեղեկանքի հիման վրա համայնքապետարանի կողմից լիազորված և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձանց միջև Մեղրի քաղաքում նոտարական վավերացմամբ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով հիշյալ 0,4388 մակերեսով հողատարածքն օտարվել է և ստացել պետական գրանցում:Արդյունքում՝ Մեղրիի համայնքապետի, համայնքի ղեկավարի տեղակալի և համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի գործողությունների արդյունքում համայնքի սեփականություն հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ և 11-րդ կետի համաձայն օտարումն արգելված, Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքի 0,4388 հա մասն օտարվել է՝ որպես սեփականություն՝ այդկերպ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս, այն է՝ համայնքի սեփականությունից դուրս է եկել օտարումն արգելված  հողատարածքը, համայնքային սեփականություն հանդիսացող լիճը զրկվել է ափից, համայնքը և պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:Վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները, Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար, 08.07.2021թ. միջնորդություն է ներկայացրել դատախազին ԱԺ պատգամավորի թեկնածու հանդիսացող Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) դիմելու և համաձայնություն ստանալու համար։ Նույն օրը դատախազի կողմից համապատասխան միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ, որը բավարարվել է:Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին և տեղակալին՝ Արմեն Սամվելյանին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքապետարանի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություններ են ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է, իսկ մյուս երկու միջնորդությունները դեռևս չեն քննարկվել:Նախաքննությունը շարունակվում է:
12:27 - 13 հուլիսի, 2021