ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղարության գաղտնազերծած փաստաթղթերի այն դրվագին, որտեղ հիշատակվում է, որ Ռոբերտ Քոչարյանը բավականին ակտիվ քննարկումներ է ունեցել Հեյդար Ալիևի հետ տարածքների փոխանակման միջոցով ԼՂ հարցը լուծելու վերաբերյալ, մասնավորապես Մեղրի դիմաց Ղարաբաղը ստանալու։
«Դիվանագիտակա՞ն հնարք է եղել, այսինքն՝ ցույց եք տվել, որ իսկապես պատրաստ եք Մեղրին տալ և Արցախը պահել, թե՞ իսկապես սկզբունքային համաձայնություն տվել եք տարածքների փոխանակման միջոցով հարցը լուծել»։
Քոչարյանը մինչ հարցին պատասխանելը ինքը հարց ուղղեց «Ազատության» լրագրողին․ «Դուք իմ գրքի այդ հատվածը կարդացե՞լ եք, թե՞ ոչ, Դուք որևէ հակասություն գտե՞լ եք իմ գրածի և այդ հրապարակումների մեջ»։
Լրագրողը դրական պատասխանեց հարցին՝ ասելով, որ Քոչարյանի գրքում չկա գրված, որ բավականին ակտիվ քննարկվել է տարածքների փոխանակման հարց և դրանում ներգրավված են տարբեր երկրների դերակատարներ։
Քոչարյանն այսպես արձագանքեց․ «Համոզված եմ, որ ստեղ գիրք կա, ուզո՞ւմ եք բերեմ, ընթերցենք՝ դա կա՞, թե՞ չկա, ֆաքթ չեքինգ․․․։ Ամբողջ բանակցային գործընթացը մինչև 99թ․ հետևյալ բովանդակությունն ուներ․ համանախագահողները չէին կարողանում դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքից։ Ինչ առաջարկ բերում էին, փորձում էին ինքնորոշման իրավունքն ամուսնացնել տարածքային ամբողջականության հետ, բոլոր առաջարկները։ Լ․ Տեր-Պետրոսյանի ժամանակ 2 այդպիսի առաջարկ է եղել, «Ընդհանուր պետության» առաջարկն ի՞նչ էր՝ ինքնորոշված ԼՂ-ն և Ադրբեջանը համատեղ պետություն են ստեղծում՝ որոշակի ասիմետրիկ կոնֆեդերացիայի ձևով, բայց միշտ փորձել է եղել ամուսնացնել այս երկու սկզբունքը։ Հանկարծ Վաշինգտոնում Ալիևն ինձ ասում է՝ եկեք իրարից պոկվենք, իրարից անջատվենք, և այդ առաջարկի մեջ ես տեսել եմ այդ մասը, առաջին հերթին, որը հնարավորություն էր տալիս ջարդել կարծրատիպը համանախագահողների կողքին։ Մտածում էի, որ եթե այդ հարցը հենց Ալիևը բարձրացնի համանախագահողների առջև, ուրեմն այս կաղապարված վիճակից մենք դուրս ենք գալու, ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ։ Այո, մենք իր հետ բանակցում էինք, ինքն առաջարկում էր դա, ես ասում էի՝ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, թե գործընթացը շահավետ էր մեզ համար, բայց ինքն առաջին օրից չի կասկածել, որ այդ քննարկումները հնարավոր է լինելու բերել մեզ համար ընդունելի տարբերակին։ Իսկ այդ համոզմունքը հիմնված է եղել նրա վրա, որ Ալիևն ամեն դեպքում ստանալու բան ուներ՝ վեց շրջան։
«Թալբոթը (ԱՄՆ այդ ժամանակվա փոխպետքարտուղարը՝ խմբ․) չի եկել որևէ առաջարկով, այդ հանդիպման ժամանակ որևէ առաջարկ Միացյալ Նահանգների կողմից չի եղել, ըդնահնարապես ամբողջ բանակցային գործընթացը հետևյալն էր․ առաջարկները տալիս էին ՄԽ անունից, և երբ բերում էին առաջարակ, սովորաբար գալիս էին եռահամանախագահողները։ Ինչ է կատարվել մինչ այդ․ Ալիևն ամերիկյան կողմին պատմել է մեր բանակցային գործընթացի մասին, և Թալբոթի պատվիրակությունը եկել է Հայաստան՝ հասկանալու համար իսկապես դա այդպես է, թե չէ, և Ալիևի ընկալումները, մեր ընկալումները այդ բանակցություններից նույնն են, թե նույնը չեն։ Չի եղել առաջարկ, մեր սեղանին առաջարկ չի դրվել, որ մենք ասենք՝ այո, սա ընդունում ենք, կամ չենք ընդունում, չի եղել»։
Ըստ Քոչարյանի՝ այդ ամբողջ գործընթացում, որ տևել է 2 տարի, ՄԽ համանախագահների կողմից միակ առաջարկը եղել է Քի Վեսթում․ «Եթե դուք ևս մեկ անգամ կարդաք մի գրքի այդ հատվածը, կտեսնեք, որ էդպես է եղել, այո, Ալիևն առաջարկում էր սա, ես առաջարկում էի այլ տարբերակներ, բայց ինձ համար շատ կարևոր է, որ Ալիևը իր այդ մոտեցման մասին մասին ինքը պատմի համանախագահողներին, որ թեման ինքը բացի։ Ես միշտ չէի հավատում, որ ինքը դա քննարկում էի, մտածում էի՝ վաղը հետ է քաշվելու։ Նույնիսկ այդ հանդիպման ժամանակ ես ոչ այո էի ասում, ոչ ոչ էի ասում, ես շատ զգուշավոր այնպես էի անում, որ թեման շարունակվի առանց պարտավորությունների»։
Քոչարյանը պնդեց, որ Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ հանդիպել է նաև Ստամբուլում, բայց այդ թեմայի շուրջ ընդհանրապես չեն խոսել։ Նա ասաց, որ ինքը ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած փաստաթղթերից է իմացել, որ Թուրքիան ինչ-որ դերակատարում է ունեցել այդ հարցում․ «Չի եղել, Թուրքիան որևէ կերպ չի երևացել, 2 անգամ հանդիպել եմ Դեմիրելի հետ, ընդհանրապես թեման չի քննարկվել»։
Քոչարյանը գաղտնազերծված փաստաթղթերից է իմացել, որ Թուրքիան դերակատարում է ունեցել Մեղրիի շուրջ բանակցությունների հարցում։
Անդրադառնալով փաստաթղթերում ներառված այն հատվածին, թե Վազգեն Սարգսյանը տեղյակ չէր մանրամասներին, թե ինչ է բանակցվում, Քոչարյանը ժխտեց՝ ասելով, որ Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից․ «Վ․ Սարգսյանը ՀՀ վարչապետն էր, որն ուներ մեծամասնություն խորհրդարանում, որեւէ լուծում հնարավոր չէր այն ժամանակ իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի։ Հիմա Թալբոթը պատմում է Դեմիրելի․․․ Ես ձզե ասում եմ՝ Վ․ Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից բոլոր մանրամասնություններով, եւ ինքը Թալբոթի հետ հանդիպմանը մասնակցել է առաջին վայրկայից մինչեւ վերջին վայրկյանը։ Հիմա ես չգիտեմ՝ ինքը Դեմիրելին ինչ է ասել, ինչ չի ասել, դա իր ընկալումն էր, թե չէր, որովհետեւ, կրկնում եմ, մենք Թալբոթի հետ տարբերակ չենք քննարկել»։
comment.count (0)