Հայաստան

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
 |azatutyun.am|

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան |azatutyun.am|

azatutyun.am: Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։ «Տեխնիկապես ավարտվել, նշանակում է, որ արձանագրվել, վերահաստատվել է այն հատվածը, որով անցնում է հայ-ադրբեջանական սահմանը՝ համաձայն Ալմաթայի հռչակագրի։ Այսինքն Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանի անցման կետերում են այդ սյուները տեղադրված», - նշեց Խաչատրյանը։ Կառավարությունը երեկ հայտարարեց, որ Հայաստան- Ադրբեջան սահմանին տեղադրվել է 20 սահմանային սույն։ Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները «Ազատության» հետ զրույցում նշում են, որ խոսքը 10-12 կմ մասին է։ ՔՊ-ական Վահե Ղալումյանն, ով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայրն է, ասաց, թե իր տեղեկություններով, սյուների միջև հեռավորությունը 500 մետր է։ Եթե արդեն 20 սյուն է տեղադրվել, ուրեմն խոսքը մոտ 10 կմ-ի մասին է, որն արդեն սահմանազատված կարելի է համարել։
17:45 - 26 ապրիլի, 2024
Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակի շուրջ

Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակի շուրջ

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի տեղակալ Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև առկա համագործակցության մակարդակը և՛ երկկողմ և՛ բազմակողմ հարթակներում՝ հիմնված հայ և սիրիացի ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա: Այս համատեքստում ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելությունների դինամիկայի պահպանման կարևորությունը:  Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նախորդ տարվա սեպտեմբերին Սիրիայում ավերիչ երկրաշարժից հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Սիրիա կատարած այցին և Հայաստանի կողմից սիրիացի ժողովրդին տրամադրված մարդասիրական օգնությանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում անվտանգային իրավիճակի շուրջ` նշելով, որ երկու տարածաշրջաններում կայունության հաստատումը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստան-Սիրիա փոխգործակցության ընդլայնման համար:
17:30 - 26 ապրիլի, 2024
Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու Ադրբեջանի դժգոհությանը
 |azatutyun.am|

Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու Ադրբեջանի դժգոհությանը |azatutyun.am|

azatutyun.am: Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումը խթանելու մասին, ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը՝ արձագանքելով Հայաստանին զենք մատակարարելու հարցով Ադրբեջանի դժգոհություններին։ «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բայց մենք նաև Հնդկաստանի պաշտպանական արտահանման խթանման քաղաքականություն ենք վարում», - ասել է Ջեյսվալը։ Ապրիլի 23-ին Բաքվում՝ միջազգային համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բաքուն չի կարող նստել և սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին Ադրբեջանի դեմ։
16:18 - 26 ապրիլի, 2024
Չլուծված հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով․ Շոլցը՝ Ալիևին
 |factor.am|

Չլուծված հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով․ Շոլցը՝ Ալիևին |factor.am|

factor.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բեռլինում հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։ Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ինձ հետ Ձեր վերջին հանդիպման ժամանակ ասել էիք, որ բոլոր հարցերը լուծվելու են քննարկման միջոցով։ Ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն։ Գերմանիան պատրաստ է աջակցել երկու երկրներին անհրաժեշտ փոխզիջումներ գտնելու հարցում։ Մենք գոհ ենք սահմանազատման նախնական պայմանավորվածությունից։ Ես խրախուսում եմ համարձակ քայլն այս ուղղությամբ»,- ասել է Շոլցը։ Նա նշել է, որ հավատում են այս տարի խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարին։
15:09 - 26 ապրիլի, 2024
Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը

Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից առաջադրվող դատավորների ցանկը։ Համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջում։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը 3 թեկնածու է առաջադրել։ Վահե Գրիգորյան՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահ Նորա Կարապետյան՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Վիգեն Քոչարյան՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Ավելի վաղ ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը հաստատել էր առաջադրվող թեկնածուների՝ փաստաթղթային ստուգման արդյունքներով ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների ցուցակը հետևյալ կազմով․ Ալումյան Հայկ Գրիգորյան Լիզա Գրիգորյան Վահե Կարապետյան Նորա Մազմանյան Արմեն Մարգարյան Աննա Քոչարյան Վիգեն
12:36 - 26 ապրիլի, 2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի ԱԳ նախարարի հետ

Ապրիլի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ: Քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր՝ միտված քաղաքական երկխոսության ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացմանը: Երկուստեք ընդգծվել է այդ նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների և պարբերական խորհրդակցությունների կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ։ Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառության կարևորությունը:
19:10 - 25 ապրիլի, 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը

ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանին միջազգային տարբեր հարթակներում: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտելու, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման և ագրեսիայի հետագա փորձերը կանխելու, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման կոչ անելու և հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի երաշխավորումը պահանջելու վերաբերյալ» բազմակուսակցական բանաձևի՝ բացարձակ մեծամասնությամբ ընդունման համար: Սա շատ կարևոր քայլ է հայ ժողովրդի համար»,- նշել է խորհրդարանի ղեկավարը: Ըստ աղբյուրի՝ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է ընդլայնել Հայաստանի Հանրապետությանն աջակցող փոխգործակցության շրջանակը խորհրդարանական մակարդակում` ընդգծելով համագործակցությունը կրթության, մշակույթի, անվտանգության և այլ ոլորտներում: Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: «Անդրադառնալով անվտանգային իրավիճակին Հարավային Կովկասում՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ֆրանսիացի խորհրդարանականների՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ իրականացրած աշխատանքները, շնորհակալություն հայտնել  էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց հումանիտար օգնություն տրամադրելու համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի պաշտպանողական կարողությունների զարգացման, անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ հանդիպմանը ներկա է եղել Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:
18:53 - 25 ապրիլի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:   Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։
18:09 - 25 ապրիլի, 2024