Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը

Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից առաջադրվող դատավորների ցանկը։ Համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջում։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը 3 թեկնածու է առաջադրել։ Վահե Գրիգորյան՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահ Նորա Կարապետյան՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Վիգեն Քոչարյան՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Ավելի վաղ ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը հաստատել էր առաջադրվող թեկնածուների՝ փաստաթղթային ստուգման արդյունքներով ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների ցուցակը հետևյալ կազմով․ Ալումյան Հայկ Գրիգորյան Լիզա Գրիգորյան Վահե Կարապետյան Նորա Մազմանյան Արմեն Մարգարյան Աննա Քոչարյան Վիգեն
Այսօր 12:36
Բողոքի ակցիա՝ դատախազության դիմաց․ մասնակիցները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի գործողությունների վերաբերյալ

Բողոքի ակցիա՝ դատախազության դիմաց․ մասնակիցները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի գործողությունների վերաբերյալ

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության դիմաց։ Նրանք պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների վերաբերյալ։ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը մանրամասնեց՝ ՀՀ Սահմանադրությունը բարձր ստանդարտ է սահմանել տարածքների փոփոխության հարցով՝ նշելով, որ տարածքների փոփոխության հարցերը լուծվում են միայն հանրաքվեով․ «Դա նշանակում է, որ որեւէ իշխանավոր, կլինի վարչապետ, նախագահ թե ԱԺ, չունի այդ մանդատը, այսինքն՝ դելիմիտացիա, դեմարկացիա, նախապատրաստական գործընթացներ, միեւնույն է, կարող են կատարվել միայն հանրաքվեով։ Իսկ հիմա ի՞նչ է անում Փաշինյանը․ հրապարակելով 29․740 կմ/ք թիվ՝ փորձում է ասել, որ այն տարածքները, որ պետք է փոխանցվեն Ադրբեջանին, ՀՀ տարածքներ չեն, հետեւաբար իբրեւ դուրս են Սահմանադրության 205-րդ հոդվածում նշված սահմանափակումից։ Այս խորամանկ հնարքով է փորձում մանիպուլացնել մեզ»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ վերջիններս ավելի վաղ ներկայացրել էին, թե ինչիկապակցությամբ են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու։ Ստորև՝ հայտարարությունը․ «Ս․թ․ ապրիլի 25-ին, ժամը 14.00-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազություն` (Երևան, Վազգեն Սարգսյան փ․ 5) Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։ Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը: Եթե ցանկանում եք միանալ հանցագործության մասին սույն հաղորդմանը, ապա [email protected] էլ․ փոստով կամ սույն էջին հաղորդագրությամբ ուղարկեք ձեր անունը, հայրանունը, ազգանունը, հաշվառման հասցեն և հեռախոսի համարը: Հավաքի ընթացքում մասնակիցները կարող են միանալ ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հանցագործության մասին հաղորդմանը։ ՀԱՂՈՐԴՈՒՄ հանցագործության մասին I. Հաղորդման համար հիմք հանդիսացող փաստերը. 1. 2024 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման շրջանակներում խոսել է Ադրբեջանի կողմից պահանջվող չորս գյուղերը հանձնելու մասին և հայտարարել հետևյալը. «Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել ու խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին: Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում, ոչ միայն ԽՍՀՄ ժամանակներում, այլև դրանից հետո» : 2. 2024 թվականի մարտի 21-ին «Հրապարակ» կայքը հրապարակել է հոդված, որում մասնավորապես ասվում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Տավուշի մարզում` սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե հայկական կողմը Տավուշի չորս գյուղերը չհանձնի Ադրբեջանին, Հայաստանի վրա կհարձակվեն: Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Փաշինյանն ասել էր` Ոսկեպարից Ադրբեջանը կհարձակվի, Արմավիրից` Թուրքիան» : 3. 2024 թվականի մարտի 20-ին «NEWS.am» կայքը հրապարակել է «Փաշինյանը վախեցած ա ու մեզ էլ ուզում էր վախեցնել. Մենք մի թիզ հող չունենք տալու». Ոսկեպարցիների բողոքի հավաքը» վերտառությամբ հոդվածը, որում մասնավորապես նշվում է. «Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում բնակիչները հավաք են անցկացրել, նրանք իրենց բողոքն են հայտնել Տավուշի մարզի 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու դեմ, որոնց թվում է Վերին Ոսկեպարը:» : 4. 2024 թվականի մարտի 28-ին «NEWS.am» կայքը «youtube» ալիքում տեղադրել է տեսանյութ, որում Ոսկեպար գյուղի բնակիչները հայտնում են, որ Ն.Փաշինյանի պնդմամբ, եթե պահանջվող գյուղերը չհանձնվեն պատերազմ կլինի, իսկ եթե խելոք չմնանք Թուրքիան էլ կհարձակվի : 5. 2024 թվականի մարտի 18-ին «Առավոտ» կայքը «Ոսկեպարում Փաշինյանի հետ հանդիպումը լարված է անցել․ «Ասաց՝ եթե գյուղերը չհանձնենք, պատերազմ կլինի, Թուրքիան էլ կհարձակվի, մեզ Թուրքիայով վախեցրեց» վերտառությամբ հոդված է հրապարակել, որում մասնավորապես նշվում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպման թեման Տավուշի մարզի 4 գյուղերն են եղել։ Փաշինյանը գյուղացիներին ասել է, որ այդ գյուղերը պետք է հանձնվեն։ Հիշեցնենք, որ խոսքը Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի գյուղերի մասին է։» : 6. 2024 թվականի մարտի 18-ին «Yerevan.Today» կայքը գրել է. «Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկևանի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո քննարկում են անցկացրել և պատրաստակամություն հայտնել փակել ճանապարհները, կազմակերպել ինքնապաշտպանություն Տավուշի մարզի գյուղերը Ադրբեջանին հանձնելու դեպքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ոսկեպարի դպրոցի զինղեկ Նվեր Բեգլարյանը»: 7. «Թերթ.am» կայքը 19.04.2024թ. գրում է. «Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ»: Լրագրողի հարցերին ի պատասխան, վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ. «երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն և արտահայտվեն նաև գետնի վրա, ու սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման: Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է այդ գյուղերին և նրանք գտնվում են ուղիղ նշանառության տակ: Այո, այս գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց և Ոսկեպար գյուղերին, բայց նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման»: 8. «Թերթ.am» կայքը, նույն օրը՝ 19.04.2024թ. հրապարակել է՝ «ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան» վերտառությամբ հոդվածը, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից այսօր տարածվել է Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների առաջախաղացման և տարածքներ միակողմանի զիջելու մասին հայտարարությունը, չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն։ Դա քաղաքական որոշումներին կեղծ իրավական շղարշ տալու հանձնաժողով է, որ իր հայտարարությամբ քիչ առաջ ապահովեց Հայաստանի համար անվտանգության անկառավարելի Մեծ խնդիրներ: Այդ հանձնաժողովի, նրա ղեկավարի կամ որևէ անդամի իրավասություն որևէ տեղ սահմանված չէ։ Ընդամենն առկա է Հայաստանի Կառավարության ղեկավարի 23.05.2023թ. որոշում, որ ուղղակի արձանագրում է նման հանձնաժողով ստեղծված լինելու փաստը և դրա անհատական կազմը։ Չկա որևէ իրավական ամրագրում, թե այդ հանձնաժողովն ինչ իրավասություն ունի, ինչ հարցեր է քննարկում, ինչպես է քննարկում հարցեր ու որոշումներ կայացնում։ Տեղի ունեցածը նաև սկզբունքորեն հակասում է սահամանազատման միջազգային պահանջներին։ ՀՀ կառավարության ղեկավարը Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են մարդկանց անվտանգությունն ու իրավունքները, ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում են մարդկանց տներին ու նրանք հայտնվում են ճանապարհներին։ Պարզաբանումը, թե ճանապարհների էական խնդիրներ չեն առաջանում և կարող են կառուցվել այլընտրանքային ճանապարհներ, ընդամենը փորձ է՝ կոծկելու համար մարդկանց և երկրի անվտանգության համար առաջացող իրական խնդիրները։ Առանց այն էլ Բաղանիսի ճանապարահատվածը եղել է ադրբեջանական զինված ծառայողների թիրախի տակ և ժամանակ առ ժամանակ կրակել են երթևեկող մեքենաների ուղությամբ, հիմա դուրս է գալիս Կառավարության ղեկավարի այս որոշմամբ նրանք ավելի են մոտենում ճանապարհին։ Կիրանց գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհն անվտանգ չէ և հայտնվելու է ադրբեջանական զինված ծառայողների դիտարկման տակ։ Ադրբեջանը շարունակում է մխրճված մնալ ՀՀ Տավուշի մարզին պատկանող տարածքներում և դրանք պահել օկուպացված։ Մինչդեռ, Հայաստանի Կառավարությունն իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, ինչը խաթարում է ոչ միայն սահմանային բնակիչների, այլ նաև վնաս է հասցնում ամբողջ երկրի անվտագությանը։ Ընդ որում, ակնհայտ է, որ Կառավարությունը հատուկ է հրապարակել այնպիսի քարտեզ, որում չեն երևում անվտանգությանը վերաբերող խնդիրները և միակողմանի զիջումները:» : 9. «News.am» կայքը 22.04.2024թ. հրապարակել է հոդված, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել և սահմանազատում իրականացնել միայն այն տարածքներում, որոնք Ադրբեջանը պահանջում է և որոնք առաջնային են Ադրբեջանի համար՝ չնայած չունի որևէ երաշխիք, որ Ադրբեջանը կարող է զորքերը հետ քաշել օկուպացրած տարածքներից։ Այս մասին է վկայում ՀՀ կառավարության ուղղված «Փաստինֆոյի» հարցման գրավոր պատասխանները»: 10. Հայաստանի Հանրապետութան այն տարածքներում, որոնք այս կառավարության ներկայացուցիչների կողմից իբրև համարվում են անկլավ, այսինքն ադրբեջանական, առկա են Հայաստանի Հանրապետության կադաստրի կողմից պետական գրանցումներ: Մասնավորապես, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի մի հատվածը, որն ընկնում է «անկլավի» տարածքում, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից կատարված են գրանցումներ: Այս հանգամանքները հաստատվում է կից ներկայացվող ՀՀ կադաստրի կոմիտեի քարտեզի քաղվածքի և Գուգլ համակարգի քարտեզի համեմատությամբ: II. Քրեական վարույթ նախաձեռնելու իրավական հիմքերը և հիմնավորումները. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն. 1. Քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը ստացվել է` 1) ֆիզիկական անձից. 2) իրավաբանական անձից. 3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից` նրա գործունեության իրականացման կապակցությամբ. 4) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից, քննիչից, դատախազից կամ դատավորից` իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ: 2. Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ 1. Սույն օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված աղբյուրից առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում ստանալու յուրաքանչյուր դեպքում քննիչն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում կազմում է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, իսկ դատախազը, սույն օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, այն վերահասցեագրում է իրավասու քննչական մարմնի ղեկավարին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: ՀՀ քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ 1. Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով: Տվյալ հանցագործության օբյեկտ է հանդիսանում ՀՀ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները: Օբյեկտիվ կողմից արարքը բնութագրվում է բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողությունների կատարմամբ: Սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Հանցագործության սուբյեկտն ընդհանուր է՝ 16 տարին լրացած մեղսունակ անձը: Հանցակազմը ձևական է, հանցանքն ավարտված է համարվում տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների կատարման պահից: ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ 1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Տվյալ հանցակազմի անմիջական օբյեկտ է հանդիսանում պետության արտաքին անվտանգությունը, որի բաղկացուցիչ մասն են կազմում պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականության պաշտպանվածությունը: Պետական դավաճանության օբյեկտիվ կողմը երկընտրելի է: Դիսպոզիցիայում նկարագրված գործողություններից որևէ մեկի կատարումը արդեն իսկ հանցագործություն է: Միևնույն ժամանակ, եթե անձը կատարում է դիսպոզիցիայում նկարագրված գործողություններից երկու և ավելին, արարքը որակվում է որպես մեկ հանցանքի կատարում: Օբյեկտիվ կողմի եղանակներից է՝ օտարերկրյա պետությանն այլ օգնություն ցույց տալու ձևով իրականացվող պետական դավաճանությունը: Որպես այլ օգնություն կարող են բնութագրվել այն գործողությունները, որոնք այլ պետության համար ստեղծում են բարենպաստ պայմաններ հանցավորի պետությունը, դրա ինքնիշխանությունը ոտնձգելու համար: Հանցակազմը ձևական է՝ պետական դավաճանության այս տեսակը համարվում է ավարտված օգնությունը փաստացի ցույց տալու պահից: Հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Հանցագործության սուբյեկտ է հանդիսանում 16 տարին լրացած մեղսունակ, ֆիզիկական անձը: Վերը նշված իրավանորմերի լույսի ներքո ներկայացված հաղորդման փաստերը գնահատելու արդյունքում կարելի է փաստել, որ․ - քննարկվող դեպքում հաղորդումը ստացվել է պատշաճ աղբյուրից, - հաղորդումն առերևույթ հանցանքի մասին է, քանի որ դրանում նկարագրված փաստերին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով նախատեսված արարքներին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից այսօր տարածվել է Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների առաջախաղացման և տարածքներ միակողմանի զիջելու մասին հայտարարությունը, չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն։ Որևէ իրավական ակտով սահմանված չեն նշված հանձնաժողովի իրավասությունները: Տավուշի մարզում պետական սահմանի սահմանազատման հարցով Հայաստանի իշխանությունների վարքագիծն ակնհայտորեն հակասում է Հայաստանի Հանրապետության պետական շահերին: ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ անկախ պետությունները ձևավորվել են, Ադրբեջանը երբեք չի բարձրաձայնել այսպես կոչված անկլավների և Հայաստանի սահմանների հետ կապված հարցեր: Նման հարցեր Ադրբեջանը սկսել է առաջ քաշել 44 օրյա պատերազմից հետո, երբ առերեսվել է ՀՀ կառավարության զիջողական քաղաքականության հետ: Ողջ վեճը մշտապես եղել է Արցախի շուրջ: 30 տարի շարունակ որևէ խոսք չի գնացել ՀՀ ինքնիշխան հատվածից տարածքներ զիջելու մասին, նման քաղաքականություն երբևէ չի վարվել Ադրբեջանի կողմից: Իր լուռ համաձայնությամբ (acquiescence) ընդունել է այդ իրողությունը: ԽՍՀՄ վարչական սահմանները չեն կարող լինել պետական սահմաններ: Վարչական սահմանների շահարկման խնդիրը իրավական որևէ հենք չունի: Այս քաղաքական իրողությունը չի կարող պարտադրվել որպես միջազգային իրավունք: Եթե վարչական սահմանները լինեին պետական սահմաններ, ապա Ռուսաստանի Դաշնությունը (Դաղստանը) և Ադրբեջանը տասնյակ տարիներ բանակցելուց հետո սահմանազատում չէին կատարի: Ինչ վերաբերում է Ալմա Աթայի հռչակագրին, որին շարունակ հղում է կատարում ՀՀ վարչապետը, սահմանների հետ կապված որևէ հարց չի լուծել: Հռչակագրում կողմերն ընդունել են տարածքային ամբողջականության սկզբունքը: Տարածքային ամբողջականության սկզբունքի ընդունումը չի բացառում տարածքային վեճը: Դրա վառ ապացույցներն են տարածքային վեճերը Ալմա Աթայի հռչակագրի տարբեր կողմերի միջև: Այսպես կոչված անկլավներում Հայաստանի իշխանությունն իրականացրել է կառավարման լիազորություններ, այդ թվում՝ ճանապարհ է սարքել, սեփականության իրավունքներ է գրանցել, հողեր է մրցույթների ներկայացրել (նույնիսկ 2021թ., տես՝ Ազատամուտի հատվածի հողամասերի կադաստրային գործերը): ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն. 1. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վերը նշվածը նշանակում է, որ իշխանությունը չի կարող ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի պահանջին հակառակ, առանց հանրաքվեի, տարածքի փոփոխության հարց լուծել: Այսպիսով, վերը նշված պայմաններում Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարում է, որ Ադրբեջանի պահանջով հանձնման ենթական չորս գյուղերը հայկական չեն և երբևէ այդպիսին չեն եղել (թշնամուն ցույց է տալիս օգնություն), դրանք պատկանում են թշնամուն: Ակնհայտ է, որ քանի դեռ հակառակը չի ապացուցվել սահմանազատման գործընթացի շրջանակներում, այդ չորս գյուղերը համարվում են ՀՀ ինքնիշխան տարածք: Ի հակառակ նշված պարզագույն ճշմարտության, Ն.Փաշինյանն արդեն իսկ 2024թ. մարտի 18-ին հրապարակային պնդումներ է կատարել առ այն, որ նշված գյուղերը Ադրբեջանի տարածք են համարվում: Իբրև քննարկվող չորս գյուղերի հանձնումը հիմնավորող փաստարկ Ն.Փաշինյանը նշում է՝ Ադրբեջանի և նույնիսկ Թուրքիայի հնարավոր հարձակումը և պատերազմ սկսելու բարձր վտանգը, ինչով պայմանավորված էլ հնարավոր բռնությունների սպառնալիքով ազդում է բնակչության գիտակցության և կամքի վրա (ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու օբյեկտիվ կողմ): Ակնհայտ է, որ վերը նշված գործողությունները և պնդումները Ն.Փաշինյանը կատարել է ուղղակի դիտավորությամբ, քանի որ վերջինս ակնհայտորեն գիտակցել է իր արարքի այն փաստական հանգամանքները, որոնք հանցակազմի հատկանիշ են, և այդ արարքը կատարելը նրա նպատակն է կամ նպատակին հասնելու միջոցը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հստակ գիտակցելով, որ ՀՀ սահմանազատման գործընթաց դեռևս առկա չէ ԶԼՄ-ներով և Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման շրջանակներում պնդումներ է կատարել, որ քննարկվող չորս գյուղերը հայկական չեն (հանցակազմի հատկանիշ հանդիսացող փաստական հանգամանք): Ավելին, հստակ գիտակցելով բնակչության՝ հետպատերազմյան ընկճված և հուսալքված հոգեվիճակը՝ կրկին սպառնացել է պատերազմով, վստահ լինելով, որ ներկա պահին դա միակ միջոցն է, որի օգնությամբ կարելի է հասնել այդ գյուղերն անխոչընդոտ հանձնելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը Սիրվարդ Գևորգյանի գործով որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ․ «Քրեական գործ հարուցելու հիմքը հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներն են: Ընդ որում, քրեական գործ կարող է հարուցվել միայն հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալների բավարարության դեպքում: Դրանց բավարարության գնահատման կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ է ոչ թե հանցակազմի բոլոր տարրերի, այլ սոսկ հանցագործության արտաքին հատկանիշների առկայության հավաստումը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ենթադրությունն օբյեկտիվորեն կրում է հավանական բնույթ, քանի որ դրա վերջնական հաստատումը գործի քննության հետագա փուլերի խնդիրն է: Քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարությունը ենթադրում է հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալների այնպիսի համակցություն, որն օբյեկտիվ դիտորդին հնարավորություն կտա ենթադրություն կատարել հանցագործության հավանական առկայության վերաբերյալ: Հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ողջամիտ կասկածների դեպքում պետք է հարուցվի քրեական գործ (քրեական վարույթը բացառող հանգամանքների բացակայության դեպքում) (...)»: Գտնում ենք, որ վերը նշված փաստերը պարունակում են հանցակազմի (այդ թվում՝ այլ՝ սույն հաղորդման մեջ չնշված հանցակազմի) հատկանիշներ, դրանք բավարարում են օրենսդրի սահմանած քրեադատավարական շեմը, որի պարագայում քրեական վարույթ նախաձեռնելը դատավարական պարտականություն է: III. Պահանջը. Ելնելով վերոգրյալից՝ խնդրում ենք՝ - հանձնարարել նախաձեռնել քրեական վարույթ, ձեռնամուխ լինել նախաքննության իրականացմանը և լուծել Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Առդիր՝ հրապարակումները, կադաստրի կոմիտեի քարտեզից քաղվածքը, Գուգլ քարտեզի քաղվածքը, սույն հաղորդմանը միացող անձանց ստորագրությունների թերթիկները»,- նշված է հայտարարության մեջ։
16:00 - 25 ապրիլի, 2024
«Արդարության վերականգնումից» «կորուսյալ հայրենիքի փնտրտուքի դադարեցում». Փաշինյանի փոխված շեշտադրումները
 |azatutyun.am|

«Արդարության վերականգնումից» «կորուսյալ հայրենիքի փնտրտուքի դադարեցում». Փաշինյանի փոխված շեշտադրումները |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնավարման 6 տարիների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձների շեշտադրումներն էապես փոխվել են՝ «արդարության վերականգնումից» ու «պանթուրքիստական գաղափախոսության» դատապարտումից մինչև «Ցեղասպանության հոգեցնցման վիճակի հաղաթահարում» և «կորուսյալ հայրենիքի փնտրտուքի դադարեցում»։ 2018-ի հեղափոխությունից հետո՝ Փաշինյանը 2019-ի ապրիլքսանչորսյան առաջին ուղերձում խոսում էր արդարության վերականգնման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության, հայրենիքում ապրելու իրավունքից զրկված լինելու մասին. - «Ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից: Պայքարելով արդարության վերականգնման համար՝ մենք ձեռք կբերենք անմահություն։ Ուստի, մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»: Հենց 2020-ի ապրիլին Փաշինյանը խոսեց ոչ միայն օսմանյան Թուրքիայի հայատյացության, այլև այսօրվա Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին՝ հայտարարելով՝ հիշում և պահանջում է։ «Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում: Եվ ուրեմն, կեցցե Ազատությունը, Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե Արցախի Հանրապետությունը, Կեցցե հայկական Սփյուռքը», - ասված էր այդ ուղերձում։ 2021-ի ուղերձում Փաշինյանն արդեն ուղիղ պնդեց՝ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել պանթյուրքիզմի գաղափարախոսության հետևանքով։ «Ովքե՞ր էին այդ սարսափելի հանցագործությունների մեղավորները, ովքե՞ր էին դրա պատասխանատուները։ Պատասխանը միանշանակ է՝ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը՝ թուրքիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ, որի առանցքային նպատակներից էր մոնոէթնիկ և ծավալապաշտական Թուրքիայի ստեղծումը, ինչն իր հերթին ծնել էր հայատյացության և ազգային ու կրոնական փոքրամասնություններից ազատվելու գաղափարը», - նշված էր երկրի ղեկավարի այդ ուղերձում։ 2021-ի ապրիլի 24-ին, այսինքն՝ 2020-ի 44-օրյա պատերազմից 7 ամիս անց, Փաշինյանը զգուշացնում էր՝ Թուրքիայի ցեղասպան գաղափարախոսությունը վերածնվում է. - «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են։ Հայատյացությունը պանթյուրքիզմի էության մեջ է, իսկ դրա ամենազազրելի դրսևորումներն այսօր տեսնում ենք Ադրբեջանում այդ երկրի իշխանությունների կատարմամբ»։ Միաժամանակ, Փաշինյանն առաջին անգամ խոսում է տարաշածրջանային երկխոսության մասին՝ ընդգծելով, որ դա չպետք է լինի ուժի դիրքերից. - «Մենք երբևէ հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության եղելությունը, և թող որևէ մեկը չկարծի, որ որևէ հայ, Հայաստանի կամ Սփյուռքի որևէ քաղաքական հոսանք երբևէ կդավաճանի մեր անմեղ զոհերի հիշատակը և կդառնա Հայոց ցեղասպանության մեղսակից»։ 2022 -ի ապրիլի 24 -ին արդեն Փաշինյանն ընդգծեց՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը: Առաջին անգամ հենց 2 տարի առաջ այս օրը նա խոսեց «խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին»։ «Այս օրակարգը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին: Այս է պատճառը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում: Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են, և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ», - շեշտել էր նա: Անցած տարվա ուղերձում արդեն Փաշինյանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին չխոսեց՝ ընդգծելով միայն, թե իր կառավարությունն ունի տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու կամք ու կարողություն։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
10:20 - 25 ապրիլի, 2024
Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: Դրանում ասված է. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակը, ովքեր 1915 թվականից Օսմանյան կայսրությունում սրի քաշվեցին հայ լինելու համար: Այս մասշտաբային ողբերգությունը տեղի ունեցավ առաջին աշխարհամարտի տարիներին, և պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից: Մեծ եղեռնը համազգային ողբերգություն և հոգեցնցում դարձավ մեզ համար, և առանց չափազանցության մեր սոցիալ-հոգեբանությունը կանխորոշող գործոն է: Մենք այսօր էլ աշխարհը, մեր միջավայրը, ինքներս մեզ ընկալում ենք Մեծ եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցության ներքո և չենք հաղթահարել այդ հոգեցնցումը: Սա նշանակում է, որ լինելով միջազգայնորեն ճանաչված պետություն՝ մենք հաճախ այլ երկրների, միջազգային հանրության հետ հարաբերվում ու մրցակցում ենք հոգեցնցման վիճակում, և այս պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները: Գուցե նաև սա է պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց ցեղասպանության հոգեցնցումը վերապրելով արդեն որպես ժառանգություն և որպես ավանդույթ: Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում: Ի՞նչ պիտի անենք և ի՞նչ պիտի չանենք, որպեսզի հաղթահարենք ցեղասպանության հոգեցնցումը և բացառենք այն որպես սպառնալիք: Սրանք հարցեր են, որ մեր քաղաքական, քաղաքագիտական, գեղագիտական ու փիլիսոփայական մտքի քննարկման առանցքային առարկան պիտի լինեն, բայց Մեծ եղեռնի փաստի հետ հարաբերվելու այսպիսի դիտանկյունը տարածված չէ մեզանում: Սա հրամայական է, անհետաձգելի հրամայական, ու մենք պիտի գնահատենք Մեծ եղեռնի և Հայաստանի Առաջին Հանրապետության հարաբերությունները, մենք պետք է Մեծ եղեռնի ընկալումը հարաբերենք Հայաստանի Հանրապետության՝ մեր ազգային պետականության կենսական շահերի հետ: Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք: Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում: Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, որի մրցունակ, լեգիտիմ, մտածված և ստեղծագործ քաղաքականություններն են, որ կարող են բացառել կրկնություն: Այլևս երբեք: Մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ: Եվ սա ամենևին էլ մեղադրանք չէ ինքներս մեր հասցեին, այլ դիտանկյուն, որտեղ մենք, միայն մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն ու տնօրենը և պարտավոր ենք ունենալ բավարար միտք, կամք, խորք ու իմացություն՝ այդ պատասխանատվությունը մեր ինքնիշխան որոշումների ու ընկալումների տիրույթում կրելու: Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները: Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
09:24 - 24 ապրիլի, 2024
Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների բարձր մակարդակն ու փոխգործակցության հետևողական զարգացման կարևորությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերություններում իր ուրույն տեղն ունեն նաև միջխորհրդարանական կապերն ու փոխգործակցությունը տարբեր միջազգային հարթակներում: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլերին: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացին, մասնավորապես, 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը սկսելու պայմանավորվածությանը: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:
18:39 - 23 ապրիլի, 2024
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ

ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ 2024 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր:  Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, անդրադարձ է կատարվել գերատեսչությունների կողմից իրականացված կապիտալ ծախսերի կատարմանը, հարկային և մաքսային եկամուտների ցուցանիշներին, արտաքին առևտրաշրջանառության տեմպերին և առաջիկա միտումներին: Նշվել է, որ հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 16,3 տոկոս: Այս համատեքստում, մտքեր են փոխանակվել տնտեսության զարգացման հետագա հնարավորությունների ու քայլերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ կատարման վերաբերյալ: Միաժամանակ, վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է առաջիկայում ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ:  
15:22 - 23 ապրիլի, 2024
Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան
 |tert.am|

Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան |tert.am|

tert.am: Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ Հայաստանի դաշնակից։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ «Երբ-որ ՌԴ մեր գործընկերները ասում են, որ իրենք առաջարկել են ՀԱՊԿ-ի խաղաղապահներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին, սա ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալը ոչնչացնող հայտարարություն էր։ Եթե պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից»,- ասել է նա։ «Ռուսաստանը երկրների հետ ունի չդելիմիտացված սահմաններ, եթե հանկարծ այնպես ստացվի, որ որևէ երկրի զորք մուտք գործի ՌԴ-ի չդելիմիտացված տարածք, նշանակում է՝ ՀԱՊԿ-ը չպիտի որևէ կերպ արձագանքի։ Այս ամենը նշանակում է, որ ՀԱՊԿ կազմակերպություն չկա։ ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ»,- ասել է նա։
23:20 - 22 ապրիլի, 2024
ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  Եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրատեսորեն Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, Հայաստանի կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի նրանք մնան Հայաստանում։ Բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես նաև ուզում եմ ձեզ ասել, որ վերջերս մարզային այցելություններից մեկի ընթացքում ինձ մոտեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի կին և հարց տվեց, ասաց՝ որքանո՞վ է իրատեսական, որ մենք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն ունենանք ու ասաց՝ խնդրում եմ ինձ ուղիղ և անկեղծ պատասխանեք: Ես նրան ասացի՝ ես Ձեզ կպատասխանեմ ուղիղ և անկեղծ, ես ստեղծված իրավիճակում և այն ընկալումները, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում, և այն ընկալումները, որ գոյություն ունեն Ադրբեջանում, և այն ընկալումները, որ գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղի հայերի շրջանում, այդ ընկալումների պայմաններում ես դա իրատեսական չեմ համարում: Ես ասացի՝ չեմ կարող ես Ձեզ խաբել, որովհետև եթե դա իրատեսական լիներ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանումը տեղի չէր ունենա»,- ասել է Փաշինյանը: Փաշինյանն անդրադարձել է այն մեղադրանքներին, որոնք հնչում էին 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման օրերին, թե Հայաստանի կառավարությունը թույլ չի տալիս, որ ԼՂ-ի ժողովուրդը փրկվի և տեղափոխվի Հայաստան։ Վարչապետը հերքել է այդ մեղադրանքները՝ պարզաբանելով, որ իրենք այդ ժամանակ ուզում էինք ամեն ինչ անել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումը և էթնիկ զտումը տեղի չունենա: «ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար։ Հայաստանը 29․843 քառակուսի կիլոմետր՝ միջազգայինորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի։ Մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացքում Հայաստանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։  
23:06 - 22 ապրիլի, 2024
Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը, այդտեղ էական դիսբալանս կա․Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում  ՀՀ ԶՈւ բարեփոխումներին․ Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը, այդտեղ էական դիսբալանս կա․Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում  ՀՀ ԶՈւ բարեփոխումներին․ Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: «British Petroleum-ը վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանին 35 մլրդ դոլարի նավթ ու գազ է մատակարարել, դա Ադրբեջանի ընդլայնվող պաշտպանության բյուջեի քառապատիկն է. Միացյալ  Թագավորությունն այդ կերպ լծակ ունի Ադրբեջանի նկատմամբ, կուզեիք արդյոք` Միացյալ Թագավորությունն այդ լծակն օգտագործեր: Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է ստանում ՌԴ-ից, Թուրքիայից, Իսրայելից, ՀՀ-ն ստանում է Ֆրանսիայից ու Հնդկաստանից, կուզեի՞ք, որ այլ երկրներից էլ ստանար, որ հնարավորություն ունենար ինքնապաշտպանվելու»,- բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադառնալով այս հարցին`  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես չէի ցանկանա մեկնաբանել բիզնես գործունեությունը, ներդրումները, որ տեղի են ունենում հարևան երկրներում, ցանկացած ներդրում պետք է ունենա շահագրգռություն, որ ներդրման միջավայրում ու տարածաշրջանում լինի խաղաղություն և հաստատվի խաղաղություն: Ընդհանուր առմամբ` կարծում եմ, որ խաղաղության հաստատումը միջազգային հանրության և ներդրողների հետաքրքրությունների տիրույթում է, բայց, իհարկե, ես ուզում եմ արձանագրել, որ խաղաղության առաջին շահառուն հենց Հայաստանը և Ադրբեջանն են: Այս տեսական թեզը, որ շատ տեսական է հնչում, քայլ-քայլ կարող է ստանալ առարկայական արտահայտություն, հատկապես վերջին հինգ ամսում կարևոր է, որ երկու խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ, դա նրա արտահայտությունն է, որ, ի վերջո, հենց Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության շահառուն»: Փաշինյանը նշեց` այս առումով Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, որ վերաբերում են ՀՀ բանակի բարեփոխումներին և արդիականացմանը, անհանգստացնում են: «Դուք ճիշտ նկատեցիք, եթե տեսնենք Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը, այդտեղ էական դիսբալանս կա, այդ հարաբերակցությունը ձևավորվում է նաև ձեր նշած գործարքների միջոցով Ադրբեջանի եկամուտների շնորհիվ, բայց նույնիսկ այս պայմաններում Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում  ՀՀ ԶՈւ բարեփոխումներին, սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերումներին, չնայած բոլորս հասկանում ենք, որ դրանք ունեն բացառապես պաշտպանական նշանակություն, նաև որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի` մարտունակ բանակ ունենալու իրավունքը»,- ասաց նա: Փաշինյանը շեշտեց` մարտունակ բանակ ունենալը, այո, երբեմն օգտագործվում է պատերազմի համար, բայց այն նաև օգտագործվում  խաղաղության, ուժերի ճիշտ բալանս ձևավորելու համար, նաև այս է պատճառը, որ երբ Ադրբեջանը բարձրացնում է այդ հարցերը, մասնավորապես մեր կողմից սպառազինությունների ձեռքբերման, որը Ադրբեջանի ձեռք բերածի 15-20 տոկոսից ավել չէ` և' ֆինանսական, և' ծավալի առումով, և հիմնականում կրում է պաշտպանական բնույթ, բայց իրենք նաև այդ հայտարարություններն անարձագանք չեն թողնում: «Մենք առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման փոխադարձ երկկողմ մեխանիզմ ստեղծել, որ կարողանանք այդ համաձայնությունների սահմաններում մեր սպառազինություններն ապահովել և մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք չսադրել, առաջարկել և շարունակում ենք առաջարկել, որ զորքերի հայելային հետքաշում տեղի ունենա Ալմա Աթայի հռչակագրով արձանագրված սահմանից, այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ»,- նշեց վարչապետը` հավելելով, որ առաջարկել են նաև չհարձակման մասին համաձայնագիր ստորագրել` նույնիսկ մինչև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն ձեռք բերել
22:57 - 22 ապրիլի, 2024
Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում` անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից․ Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում` անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից․ Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում` անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից: Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման պետք է չգծենք, ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին և ունեցել են ԽՍՀՄ սահմաններում դե յուրե իրավական հիմք»,- նշել է նա: Խոսելով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին` Փաշինյանն ասել է. «Շատ են ասում` Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին էսպես ասեց, ՀԱՊԿ-ի մասին էնպես ասեց, Հայաստանը ՀԱՊԿ-ում էս արեց, էն արեց, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է, հենց ՀԱՊԿ-ն է արել` իր հայտարարությամբ, գործողություններով և անգործությամբ, այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե էդ ամեն ինչը չենք նկատում»:
21:40 - 22 ապրիլի, 2024
Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ որևէ մի այլ պաշտոնյա իր վրա այդպիսի պատասխանատվություն չի վերցնի ՀՀ-ից մեկ միլիմետր զիջելու որոշում կայացնի․ Վահագն Խաչատուրյան

Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ որևէ մի այլ պաշտոնյա իր վրա այդպիսի պատասխանատվություն չի վերցնի ՀՀ-ից մեկ միլիմետր զիջելու որոշում կայացնի․ Վահագն Խաչատուրյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով: Իր խոսքում վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք շնորհավորել Ձեր ծննդյան օրը՝ 65-ամյակը: Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այդ ուղերձը: Ուզում եմ շնորհավորել և ասել, որ շատ բարձր եմ գնահատում Ձեր գործունեությունը նախագահի պաշտոնում և, ընդհանրապես, այն հանրային քաղաքական գործունեությունը, որը Դուք մեր երկրի հիմնադրման առաջին օրից ունեցել եք Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Դուք այս ընթացքում ցուցաբերել եք և ցուցաբերում եք Կառավարությանը: Մենք դժվար որոշումներ ենք կայացնում, և նաև շատ կարևոր է, որ Կառավարությունը, ես զգում ենք Ձեր աջակցությունը բոլոր այն դեպքերում, երբ նաև համատեղ քննարկումների արդյունքում գալիս ենք այն եզրակացության, որ տվյալ որոշումը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից և համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերին: Բայց այս տոնական՝ ծննդյան օրվա, տարեդարձի այցը չեմ ուզում քաղաքական տեքստերով համեմել, մանավանդ, որ այսօր մենք արդեն առիթ ունեցել ենք քննարկելու ընթացող պրոցեսները: Կրկին ուզում եմ շնորհավորել, շնորհակալություն հայտնել, մաղթել առողջություն և շարունակական գործունեություն՝ ի բարօրություն և ի նպաստ Հայաստանի Հանրապետության»: Իր հերթին Վահագն Խաչատուրյանը նշել է. «Պարոն վարչապետ, շնորհակալություն: Շնորհակալություն շնորհավորանքի համար: Տարիքը միշտ պետք է գնահատել երևի հենց այդ տարվա հետ կապված, կապ չունի 65 կլինես կամ 60: Ամեն մեկն իր դերն ու տեղն ունի: Եվ հիմա՝ այս տարիքում, ես զգացված եմ, որ հնարավորություն ունեմ Ձեր, Կառավարության, Ազգային ժողովի հետ միասին մեր պետության համար այսպիսի կարևոր որոշումներ ընդունելու: Ուզում եմ նաև իմ հանդիպումների, տպավորությունների կամ եզրակացությունների արդյունքում Ձեզ վստահեցնել, որ այն նախաձեռնությունը, որ Դուք անձամբ սկսեցիք, հետագայում դա դարձավ նաև մոտեցում, սկզբունք, հատկապես հարևանների հետ խաղաղ ապրելու ձևը գտնելու: Իսկ այդ ձևը Դուք գտաք՝ սահմանազատման հենց այդ աշխատանքներն էր: Եվ վստահ եղեք, որ այն աշխատանքը, որ կատարում եք Դուք, Կառավարությունը և այն մարդիկ, ովքեր անձամբ այսօր, այս պահին զբաղված են նաև այդ աշխատանքով, գնահատված է, գնահատվում է Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցների, արժանապատիվ քաղաքացիների, այն մարդկանց կողմից, ովքեր ուզում են ապրել ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանում: Ես իրավունք ունեմ այսօր, հենց այս ծննդյան օրը մի փոքր շատ շեշտադրումներ անել այդ ուղղությամբ, որովհետև, ի վերջո, այն ինչ մենք սկսել էինք 1988 թվականին, միտումը դա էր: Ճիշտ է, միգուցե մենք չէինք գիտակցում այն ժամանակ, որ ազատ, անկախ Հայաստան ունենալու ճանապարհն այսպես երկար է լինելու, բայց մենք այսօր ունենք հնարավորություն: Խոսքս ուղղում եմ Ձեզ, որպեսզի շարունակեք այդ հնարավորությունն իրականություն դարձնել:Դա իրականություն դարձնելն արդեն կախված է մեզնից, կոնկրետ՝ Ձեզնից, իշխանությունից, ինձնից՝ որպես ՀՀ նախագահ, և մեր քաղաքացիներից: Իսկ մեր քաղաքացիներին ուզում եմ իմ խոսքն ուղղելով ասել՝ հավատացած եղեք, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ որևէ մի այլ պաշտոնյա իր վրա այդպիսի պատասխանատվություն չի վերցնի և հակաօրինական քայլ չի անի և Հայաստանի Հանրապետությունից մեկ միլիմետր զիջելու որոշում կայացնի: Մենք գիտենք այդ սահմանը, այդ կարմիր գիծը: Մենք, նաև Ձեր գլխավորությամբ, ամեն ինչ անում ենք, որպեսզի իսկապես մեր հարևանների, Ադրբեջանի Հանրապետության հետ երկարաժամկետ խաղաղություն հաստատենք: Մեկ անգամ էլ շնորհակալություն եմ հայտնում»:
21:36 - 22 ապրիլի, 2024
Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը անդրադարձել են տարածաշրջանային իրավիճակին, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, սահմանազատման գործընթացին

Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը անդրադարձել են տարածաշրջանային իրավիճակին, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, սահմանազատման գործընթացին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, սահմանազատման գործընթացին: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Տոյվո Կլաարը ևս մեկ անգամ նշել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին՝ համապարփակ ու տևական կարգավորման նպատակով, ինչպես նաև 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը մեկնարկի պայմանավորվածությանը:
17:57 - 22 ապրիլի, 2024