ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ նրա գնահատականի հարցում․ Կրեմլ

Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ նրա գնահատականի հարցում․ Կրեմլ

Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ նրա գնահատականի հարցում։ Կազմակերպությունը որևէ վտանգ չի ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության համար։  Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պետք է կտրականապես չհամաձայնենք Փաշինյանի հետ։ Հայաստանի ինքնիշխանությանը ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի սպառնում և չի կարող սպառնալ։ Ընդհակառակը, այս կազմակերպությունը պաշտպանում է անդամ պետությունների ինքնիշխանությունը։ Բայց մենք համբերատարորեն կշարունակենք Հայաստանի ղեկավարությանը տեղեկացնել այս դիրքորոշման մասին»,- լրագրողներին ասաց նա։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը սառեցրել է ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։
13:33 - 18 սեպտեմբերի, 2024
ՀԱՊԿ-ը Հայաստանը դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր․ Տասմագամբետով
 |factor.am|

ՀԱՊԿ-ը Հայաստանը դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր․ Տասմագամբետով |factor.am|

factor.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է Հայաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը «Союзники.ОДКБ»-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ինչպես գիտեք՝ նշված միջոցառումներում (խոսքը ՀԱՊԿ զորավարժությունների մասին է) Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել։ Այնուամենայնիվ, մենք նախկինի պես Հայաստանը դիտարկում ենք որպես իրավահավասար գործընկեր կազմակերպության ձևաչափում, պատրաստ ենք երկխոսության Երևանի գործընկերների հետ ընթացիկ հարցերի ամբողջ շրջանակի շուրջ»,- ասել է Տասմագամբետովը։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության ու հետագա գոյության համար։ Հավելենք, որ Տասմագամբետովի հարցազրույցը տեղի է ունեցել ավելի վաղ։ 
13:05 - 18 սեպտեմբերի, 2024
Անդամակցությունը սառեցրել ենք, քանի որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության համար․ Նիկոլ Փաշինյան

Անդամակցությունը սառեցրել ենք, քանի որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության համար․ Նիկոլ Փաշինյան

Հավաքական անվտանգության պայմանագիրը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության համար, ՀՀ հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ Այս մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։  «ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ, մեր կարծիքով Հավաքական անվտանգության պայմանագիրը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ Մենք լիարժեք կվերականգնենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ։ Մեր այս շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել, այլև արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Ինչքան այդ պատասխանները չեն հնչում, ՀՀ-ն ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից: Մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակվելու դեպքում կանցնենք անդառնալիության կետը»,- ասել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ որքան այդ պատասխանները չեն հնչում, և այդ պատասխանները համոզիչ չեն, ամեն րոպե և ամեն վայրկյան ՀՀ-ն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից։ «Եթե դեռ չենք անցել այդ «անդառնալիության կետը», մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում մենք կանցնենք այդ «անդառնալիության կետը», և պիտի անկեղծ ասեմ, որ որևէ մեկը մեզ դրանում մեղադրելու որևէ լեգիտիմ առիթ և պատճառ չի ունենա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը
11:43 - 18 սեպտեմբերի, 2024
Մոսկվան ակնկալում է՝ Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակում լիարժեք գործընկերությունը կվերականգնվի
 |civilnet.am|

Մոսկվան ակնկալում է՝ Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակում լիարժեք գործընկերությունը կվերականգնվի |civilnet.am|

civilnet.am:  Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակում լիարժեք գործընկերությունը կվերականգնվի: Այս մասին սեպտեմբերի 4-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա կարծիքով՝ գործընկերության վերականգնումը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի շահերից: «Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և պահպանում է համապատասխան և իրավունքը, և պարտավորությունները։ Հայաստանի ղեկավարությունը նման փոխգործակցությունից հեռանալու գիծ է որդեգրել, ինչը, մեր կարծիքով, հակասում է հայ ժողովրդի շահերին»,- ասել է Զախարովան։ Անդրադառնալով հայ պաշտոնյաների հայտարարություններին, նա ասել է, որ բառախաղը լավ տեղ չի տանի․ «Վերջերս նրանք հայտարարեցին, որ ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանի տարածքը, հետո սկսեցին հայտարարել, որ սառեցված են։ Հասկանում եք, ամեն բառի, արտահայտության հետևում պետք է լինի ոչ միայն իմաստ, որը չափազանց կարևոր է, եթե այն ասվում է պաշտոնյայի կողմից, այլև պետք է լինի պատասխանատվություն ոչ միայն ասվածի, այլև հետևանքների համար»։ 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։ 2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։ Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։ 2024-ի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը սառեցնելու մասին, հետագայում նաև հրաժարվել է կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը: Հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս չէր բացառել, որ հետագայում Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը:
15:43 - 04 սեպտեմբերի, 2024
Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2024» զորավարժությունները |armenpress.am|

Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2024» զորավարժությունները |armenpress.am|

armenpress.am: Նովոսիբիրսկի մարզում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» հատուկ վարժանքի բացման արարողությունը՝ «Ռոսգվարդիայի» ղեկավարությամբ։ Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը «Գոռնի» ուսումնական կենտրոնից։ Զորավարժությունների ընթացքում կյուրացվեն ուժերի խմբավորումների և միջոցների գործողությունների նոր ձևեր ու եղանակներ, կփորձարկվեն զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի, հետախուզական միջոցների կիրառման մարտավարական հնարքներ:  «Ներկայում իրադրությունն աշխարհում անկայուն է. ահաբեկչական մեծ ակտիվության, սահմանադրական կարգի խախտման փորձերի, զինված բախումների և պատերազմների հրահրման պայմաններում ստեղծված իրավիճակը մեզնից պահանջում է մարտական կիրառման համար մշտական մարտական ակտիվություն», - բացման խոսքում ասել է «Ռոսգվարդիայի» Սիբիրյան շրջանի հրամանատար գեներալ-գնդապետ Նիկոլայ Մարկովը։  Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հայաստանը զորավարժություններին չի մասնակցում։ Զորավարժությունների շրջանակներում, որոնք կավարտվեն օգոստոսի 16-ին, մասնակիցները կկատարեն փորձի փոխանակում և կկատարելագործեն փոխգործակցության հմտությունները հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների միջև: ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմի մեջ մտնող ստորաբաժանումները կստանան անօրինական զինված խմբավորումների որոնման, հայտնաբերման և ոչնչացման համատեղ գործողությունների գործնական հմտություններ։ Վերջին օրը հատուկ ջոկատայիններն օդուժի և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ կմշակեն շենքի և տրանսպորտի գրոհ, պատանդների ազատում և զինյալների չեզոքացում։ Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը 2024 թվականին նախատեսել է յոթ համատեղ մարտական վարժանքներ, որոնք տեղի կունենան Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի տարածքում:
12:31 - 14 օգոստոսի, 2024
ՀԱՊԿ-ը կանցկացնի «Կոբալտ-2024» զորավարժությունները. Հայաստանը մասնակիցների թվում չէ
 |tert.am|

ՀԱՊԿ-ը կանցկացնի «Կոբալտ-2024» զորավարժությունները. Հայաստանը մասնակիցների թվում չէ |tert.am|

tert.am: Օգոստոսի 14-ից 16-ը Նովոսիբիրսկում կացկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժությունները՝ Ռոսգվարդիայի ղեկավարությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունը։ Հայաստանը զորավարժություններին չի մասնակցի: Գերատեսչությունում նշել են, որ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։Երեք օրվա ընթացքում զորավարժությունների մասնակիցները փորձի փոխանակում կկատարեն և կբարելավեն հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև փոխգործակցության հմտությունները։ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մաս կազմող ստորաբաժանումները գործնական հմտություններ կստանան անօրինական զինված խմբավորումների որոնման, հայտնաբերման և ոչնչացման համատեղ գործողություններում։ Օգտագործելով ավիացիա և անօդաչու թռչող սարքեր՝ հատուկջոկատայինները կփորձեն գրոհել շենքերը և մեքենաները, ազատել պատանդներին և վնասազերծել գրոհայիններին։
12:39 - 05 օգոստոսի, 2024
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ Վաշինգտոնի հետ ավելի խորը պաշտպանական համագործակցության համար. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
 |hetq.am|

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ Վաշինգտոնի հետ ավելի խորը պաշտպանական համագործակցության համար. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ |hetq.am|

hetq.am: Հուլիսի 13-16-ը Հայաստանում էր Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ըզրա Զեյան, որի հետ «Հետքը» զրուցել է հայ-ամերիկյան համագործակցության, ամերիկյան միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների, արցախցիների վերադարձի իրավունքի, Արցախի հայկական ժառանգության պահպանման եւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների մասին։ Միացյալ Նահանգներն ակտիվորեն ներգրավված է խաղաղության բանակցություններում։ Նախորդ շաբաթ պետքարտուղարի միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո պետքարտուղար Բլինքենը հայտարարեց. «Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության»։ Ի՞նչ հիմքեր կան նման լավատեսության համար, երբ Ադրբեջանը միակողմանիորեն նախապայմաններ է առաջ քաշում, մասնավորապես՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Անցյալ շաբաթ Վաշինգտոնում պետքարտուղար Բլինքենի կազմակերպած հանդիպումը մատնանշում է Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատմանը։ Եվ մենք հասկանում ենք, որ երկու երկրներն էլ կարևոր քայլեր են կատարել և ցանկանում ենք շարունակել մեր աջակցությունը։ Կարծում եմ՝ կարևոր է ընդգծել խաղաղության համաձայնագրի, արժանապատիվ ու տևական խաղաղության համաձայնագրի ազդեցությունը․ այն իրապես արտակարգ հնարավորություններ կարող է բացել ոչ միայն երկու երկրների, այլ ողջ տարածաշրջանի համար։ Միացյալ Նահանգներն ամուր աջակցում է այս ջանքերին։ Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են վերջնական համաձայնությանը։ Բայց, իհարկե, բանակցային սեղանի շուրջ նստածներն են վերջնական որոշում կայացնողները։ Մենք մեր կողմից խրախուսում ենք այս նպատակին հասնելու պահը բաց չթողնել։ Նույնը նաև  վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասով։ Կարծում ենք, որ արժանապատիվ, տևական խաղաղությունը խիստ էական է տարածաշրջանի հսկայական սոցիալ-տնտեսական ներուժը բացահայտելու, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկով» նախանշվող տարածաշրջանային կապուղիները զարգացնելու համար։     Այսինքն, Դուք կարծում եք, որ տնտեսական օգուտները կարող են խթանել կողմերին, մասնավորապես՝ Ադրբեջանին, ստորագրե՞լ խաղաղության համաձայնագիրը։ ԱՄՆ ՄԶԳ-ի հետազոտությունը, որը հիշատակեցիք, նույնպե՞ս դրան է ուղղված։ ԱՄՆ ՄԶԳ-ի իմ նշած ուսումնասիրությունը դիտարկում է տրանսպորտային ուղիների ինտեգրման շրջանակները և ներուժը։ Այս առումով չեմ կարող ասել, թե որ գործոնները կարող են վճռորոշ լինել Ադրբեջանի համար։ Ենթադրություններ չեմ կարող անել։ Մեկ անգամ ևս նշեմ պետքարտուղարի հայտարարությունները, որ բանակցային սեղանի շուրջ նստածներն են վերջնական որոշում կայացնողները։ Իսկ մենք հսկայական ներուժ ենք տեսնում, որն առկա կլինի արժանապատիվ ու տևական խաղաղության պարագայում, և մենք ամեն ինչ կանենք, այն, ինչ մեզնից կխնդրեն, որպեսզի օգնենք հասնել այս նպատակին։ Հուլիսի 15-ին մեկնարկել են հայ-ամերիկյան երկրորդ զորավարժությունները։ Արդյոք սա նշանակում է, որ ռազմական համագործակցությունը երկու երկրների միջեւ խորանում է։ Հնարավո՞ր է, որ Ֆրանսիայի պես, Միացյալ Նահանգներն աջակցի Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացմանը եւ զինված ուժերի բարեփոխմանը։  «Արծիվ գործընկեր» զորավարժության հետ կապված՝ ուզում եմ ընդգծել, որ այն նախապես պլանավորված զորավարժություն է՝ միտված կանոնավոր ուսուցումների իրականացմանը, պատրաստականության և փոխգործելիության մեծացմանը և խաղաղապահ գործողություններին։ Այս ջանքերն առաջնորդում է ամերիկյան կողմը՝ մեր պաշտպանության դեպարտամենտի միջոցով։ Լինելով պետքարտուղարության ներկայացուցիչ՝ մանրամասնությունների ներկայացումը ես կցանկանայի վերապահել պաշտպանության դեպարտամենտի իմ գործընկերներին։ Սակայն, ես ուզում եմ նշել, որ պաշտպանական և քաղաքացիական անվտանգության ասպարեզներում տեսնում ենք մեր երկարամյա դրական համագործակցության խորացում։ Նշեմ պաշտպանության դեպարտամենտի «Նահանգային գործընկերության» ծրագրի շրջանակում Հայաստանի և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի միջև համագործակցությունը։ Իսկ պետքարտուղարության մասով, իմ ղեկավարության ներքո է գործում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն, որը Հայաստանի կառավարության և ժողովրդի հիմնական գործընկերն է ոստիկանության կարողությունների զարգացման և ամրապնդման ասպարեզում և աջակցում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի և թափանցիկության մեծացման հարցերում։ Այս համագործակցության բազմաթիվ դրական արդյունքներից մեկն էլ պարեկային ծառայության ձևավորումն է Հայաստանում։ Ի դեպ, Ներքին գործերի նախարարի հետ առիթ ունեցա լինել պարեկային ծառայության գլխամասային գրասենյակի, օպերատիվ կառավարման կենտրոնի և պարեկային ծառայության Երևանի գնդի նոր մասնաշենքերում, որոնք ներկայացնում են Հայաստանի կառավարության և ԱՄՆ կառավարության ներդրումները մարդակենտրոն և իրավունքների նկատմամբ հարգանք ապահովող ոստիկանական ծառայությունների ապահովման ուղղությամբ, որի արդյունքում ոստիկանությունը ավելի մեծ հանրային վստահություն կունենա և ավելի սերտ կապեր կլինեն իրավապահների և նրանց կողմից սպասարկվող համայնքների միջև։ Կարծում եմ՝ սա նաև ցույց է տալիս, որ ժողովրդավարական բարեփոխումը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մեծացումը կարող է հանգեցնել առավել ապահով ու անվտանգ միջավայրի ապահովմանը բոլորի համար։ Կարո՞ղ եք հաստատել այն տեղեկությունը, թե որոշում կա, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի Պաշտպանության նախարարությունում։ Լուրը հաստատում եմ։ Դա ողջունելի զարգացում է, կարող եք մանրամասները ճշտել մեր դեսպանից և լրատվական թիմից։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանա-քաղաքացիական և անվտանգային համագործակցության խորացումը։ Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը։   Արդյոք Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտ է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության խորացման համար։ Կարո՞ղ է անդամակցության դադարեցումը խթանել այդ համագործակցությունը։  ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը որոշում է բացառապես Հայաստանի կառավարությունը։ Մենք հարգում ենք այդ որոշումը։ Նշեմ, որ մեր համագործակցությունը պաշտպանական և քաղաքացիական անվտանգության հարցերում շարունակում է խորանալ, իսկ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ։ Երրորդ և վերջին դիտարկումս․ չկա որևէ փաստարկ, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանը։  Տիկին Զեյա, Դուք համակարգել եք ԱՄՆ ջանքերը՝ աջակցելու Տիբեթի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը եւ նրանց մշակութային, կրոնական ու լեզվական ինքնության պահպանմանը։ Նկատի ունենալով Ձեր այս փորձառությունը, ուզում եմ անդրադառնալ 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում 100.000-ից ավելի հայերի էթնիկ զտմանը, որոնք զրկվեցին իրենց բնօրրանում ապրելու իրավունքից։ Ո՞րն է ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում, ԼՂ հայերի վերադարձի իրավունքը ներառվա՞ծ է ԱՄՆ միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում։  Շնորհակալություն այս կարևոր հարցի համար։ Այստեղ թույլ տվեք մի քայլ հետ գնամ։ Տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը պարփակված է եղել անկայունության և բռնությունների շղթայում, եղել են հսկայական կորուստներ, ցավ և ողբերգություն։ Մենք՝ Միացյալ Նահանգները աջակցում է, որ տարածաշրջանում պայմաններ ձևավորվեն տևական և արժանապատիվ խաղաղության համար, որի պարագայում ապահովված կլինի հարգանքը բոլորի իրավունքների նկատմամբ՝ անկախ էթնիկ պատկանելությունից կամ ծագման երկրից։ Միաժամանակ, Միացյալ Նահանգների համար մտահոգիչ է Լեռնային Ղարաբաղի մարդասիրական և մարդու իրավունքների ճգնաժամը և ավելի քան 100 000 տեղահանված անձինք, որոնց մասին ես սկզբում խոսեցի։ Մարդու իրավունքների հետ կապված առաջարկում եմ դիտարկել մեր 2023թ․ զեկույցը մարդու իրավունքների մասին, որտեղ նշվում են մարդու իրավունքների ոտնահարումների ու վայրագությունների մասին հնչեցված հաղորդումները․ օրինակ՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում նշվում է, որ առկա են արժանահավատ հաղորդումներ Ադրբեջանի հետ հակամարտության ընթացքում կատարված ոտնձգությունների մասին, նշվել է, որ քաղաքացիական բնակչությունը միտումնավոր զրկված է եղել անհրաժեշտ պարագաներ ստանալու հնարավորությունից, մերժվել է մարդասիրական միջանցքի տրամադրումը։ Միացյալ Նահանգները շարունակում է հորդորել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած հայերի իրավունքներն ու անվտանգությունը և շուտափույթ ապահովել պայմաններ ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի համար, որպեսզի ցանկություն ունեցողները կարողանան վերադառնալ իրենց տներ։ Ես ավելի վաղ նշեցի և հիմա էլ ուզում եմ ընդգծել ու գովեստի խոսքեր ասել այս մարդկանց աջակցելու հարցում Հայաստանի կառավարության հսկայական ջանքերի վերաբերյալ և հավելել, որ Միացյալ Նահանգները նույնպես հանձնառու է աջակցել այս հարցում և այս նպատակի համար անցյալ տարվա սեպտեմբերից պետքարտուղարության և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հատկացվել է 11,5 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Եթե տեղահանվածները վերադառնան, կարծում եք իրատեսակա՞ն է նրանց անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումը։ Բարդ հարց է սա։ Մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունք է այստեղ գործում և որևէ մեկին չի կարող պարտադրվել վերադարձ, վերադարձը պետք է լինի ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն։ Չգիտեմ՝ ճիշտ հասկացա ձեր հարցը միջազգային երաշխիքների հետ կապված, բայց կա միջազգային մարդասիրական իրավունքի այս հստակ նորմը, որը պետք է ապահովված լինի խոցելի բնակչության, այդ թվում՝ փախստականների ու տեղահանվածների համար։  Նկատի ունեմ, որ հայերը դժվար թե վերադառնան առանց անվտանգության միջազգային երաշխիքների։ Դա հասկանալի է, բայց վստահ չեմ, թե ինչ միջազգային երաշխիքների մասին է խոսքը, ում կողմից պետք է ապահովվեն կամ․․․ Միջազգային դիտորդների կամ խաղաղապահների։ Իմ իմացությամբ, դա չի դիտարկվում այժմ։ Դրա համար էի փորձում հարցն ավելի լավ  հասկանալ։ Իմ իմացությամբ, նման հարց չի դիտարկվում, սակայն ուզում եմ կրկնել, որ մենք շարունակում ենք հորդորել Ադրբեջանի կառավարությանն ապահովել այնտեղ մնացածների իրավունքները և շուտափույթ պայմաններ ապահովել ցանկացողների ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի համար։ Վերադարձը պետք է կամավոր լինի։  Բազմաթիվ ապացույցներ կան, թե ինչպես է Ադրբեջանը ոչնչացնում Արցախի հայկական մշակութային ժառանգությունը, այդ թվում՝ գերեզմաններ, եկեղեցիներ։ ԱՄՆ-ի կամ միջազգային հանրության կողմից ինչ-որ բան արվու՞մ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ այլ կառույցների միջոցով կանխելու Ադրբեջանի այդ քաղաքականությունը։  Շնորհակալություն այս հարցը բարձրացնելու համար, Լիանա։ Հստակ կլինեմ՝ մենք աջակցում ենք հայկական մշակութային ժառանգության պահպանությանը ողջ Հարավային Կովկասում։ Մշակութային ժառանգության պահպանությունը ԱՄՆ գլոբալ քաղաքականության մասն է։ Մշակութային կոթողների, հուշարձանների, ավանդույթների պահպանությունը հոգածություն և զգոնություն է պահանջում։ Միացյալ Նահանգները աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում պահպանել մշակութային ժառանգությունը իրենց միջազգային պարտավորությունների և հանձնառությունների համաձայն։ Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում կատարել մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ միջազգային իրավունքների ներքո ստանձնած իր պարտավորությունները։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կապված՝ կարծում ենք, որ միջազգային հանրությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կազմակերպությունները կարող են և պետք է կարևոր դեր ունենան Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր համայնքներում մշակութային ժառանգության պահպանության գործում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:25 - 18 հուլիսի, 2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի 2025-ի անդամավճարը կհաշվարկվի և կներկայացվի Երևանին. կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ |tert.am|

ՀԱՊԿ-ում Հայաստանի 2025-ի անդամավճարը կհաշվարկվի և կներկայացվի Երևանին. կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Չնայած ՀԱՊԿ անդամավճարն այս տարի չվճարելու Երևանի որոշմանը՝ 2025թ. անդամավճարի գումարը կհաշվարկվի և կներկայացվի Հայաստանին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք հայտնի է 2025 թվականի բյուջեում վճարում չկատարելու Հայաստանի մտադրության մասին, Վասիլևն ասել է, որ «դա արդեն քաղաքական որոշում է»։ «Կդիտարկվի 2025թ. բյուջեի նախագիծը, համապատասխանաբար, կհաշվարկվեն բոլոր հոդվածները։ Այդ գումարի 10 տոկոսը կհաշվեգրվի Հայաստանին»,- ասել է Վասիլևը՝ միաժամանակ հավելելով, որ դրանից հետո «արդեն երկրի ղեկավարության քաղաքական կամքն է»՝ կվճարի Երևանն այն, թե ոչ։ Անդրադառնալով կազմակերպության բյուջեի խնդրին՝ Վասիլևը նշել է, որ այն, ինչ վերաբերում է 2025 թվականին, հետագա քննարկումների թեմա է։ Բացի այդ, նա նաև հայտնել է, որ «կազմակերպության բյուջեն սահմանված համամասնությամբ բաշխված է բոլոր անդամ պետությունների միջև։ «Այսինքն՝ անդամավճարների 50 տոկոսը վճարում է Ռուսաստանի Դաշնությունը, իսկ մնացած 50 տոկոսը բաշխված է մյուս հինգ անդամ պետության միջև։ Համապատասխանաբար՝ յուրաքանչյուր երկիր (Ռուսաստանից բացի) կվճարի բյուջեի 10 տոկոսը, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը»,- հավելել է Վասիլևը։ Հիշեցնեք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել էր, որ Երևանը մտադիր է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: Այս հայտարարությունից հետո ՌԴ արտգործնախարարությունը հայտնել էր, որ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ-ն հրաժարվում է վճարել հաշվարկված վճարը։
13:34 - 13 հուլիսի, 2024
ՀԱՊԿ-ը կօգնի Ռուսաստանին՝ Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված Մոսկվայի դիմումի դեպքում
 |factor.am|

ՀԱՊԿ-ը կօգնի Ռուսաստանին՝ Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված Մոսկվայի դիմումի դեպքում |factor.am|

factor.am: ՀԱՊԿ դաշնակիցները մի կողմ չեն կանգնի, եթե Ռուսաստանն օգնություն խնդրի Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Ներկայում քարտուղարությունը Ռուսաստանի Դաշնությունից օգնության դիմումներ չի ստացել։ Ռուսաստանն ունի իր սեփական ներուժն ու փորձը նման խնդիրները հաջողությամբ լուծելու համար։ Զգալի է նաև երկկողմ միջգերատեսչական համագործակցության ներուժը։ Սակայն ես վստահ եմ, որ եթե Ռուսաստանն օգնություն խնդրի, դաշնակիցները մի կողմ չեն կանգնի»,- ասել է նա։ Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ խորը ցավով են ընդունել Մախաչկալայի և Դերբենտի ողբերգական իրադարձությունների մասին լուրը։ «Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկիչների գործողությունները և միջկրոնական ատելություն հրահրելու ցանկացած փորձ։ Նման հանցագործություններն արդարացում չունեն»,- ընդգծել է Տասմագամբետովը։ Հիշեցնենք, որ երեկ մի խումբ զինված գրոհայիններ Մախաչկալա և Դերբենտ քաղաքներում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցու, սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության կետի վրա: Ահաբեկչությունների զոհ է դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակից, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական:  Հանրապետությունում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, հայտարարված է եռօրյա սուգ։ Քաղաքներից ելքն արգելվել է։ Ոչնչացվել է մի քանի գրոհային։ Որոնողական և քննչական միջոցառումները շարունակվում են:
17:57 - 24 հունիսի, 2024
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստին
 |armenpress.am|

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Նախատեսվում է, որ Ղազախստանի նախագահությամբ անցկացվելիք այդ նիստում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկելու են միջազգային զարգացումները, իրավիճակը տարածաշրջանում, արտաքին քաղաքականության ոլորտում համակարգման ամրապնդման մեխանիզմները, ինչպես նաև ամփոփելու են կազմակերպության շրջանակներում ծավալված բազմաբնույթ համագործակցությունը: Ակնկալվում է, որ Խորհուրդը հավանության կարժանացնի մի շարք որոշումների նախագծեր, որոնք հաստատման կներկայացվեն այս տարվա նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում: 2024 թվականի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցնելու մասին, իսկ հետագայում նաև հրաժարվել է կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը: Հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս չբացառեց, որ հետագայում Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը:
20:10 - 19 հունիսի, 2024
Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստանի և Հրվ. Կովկասի այլ երկրների դեմ հիբրիդային պատերազմի գործիք. ՌԴ ԱԳ փոխնախարար |tert.am|

Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստանի և Հրվ. Կովկասի այլ երկրների դեմ հիբրիդային պատերազմի գործիք. ՌԴ ԱԳ փոխնախարար |tert.am|

tert.am: Ռուսաստանն այլ պետությունների ներքին գործերին միջամտելու «սովորություն» չունի, քանի որ սեփական փորձից գիտի՝ դա որքան վնասակար ազդեցություն կարող է ունենալ երկրի զարգացման վրա. Մոսկվան անկեղծորեն կարևորում է կապերը Հայաստանի հետ և փորձում է դրանք կառուցել փոխադարձ հարգալից և փոխշահավետ ձևով, այս մասին Комсомольская правда-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։«Արևմուտքը, ընդհակառակը, հանրապետությունը դիտարկում է պետքականության տեսանկյունից ՝ որպես Ռուսաստանի և Հարավային Կովկասի այլ երկրների դեմ հիբրիդային պատերազմի գործիքներից մեկը։ Նպատակը պարզ է՝ օգտագործել հայկական «պլացդարմը» տարածաշրջանում լարվածության հերթական օջախ ստեղծելու համար։ Արևմտյան մայրաքաղաքները պատրաստ են հանգիստ «խաղասեղանին դնել» հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը  և նրա անվտանգությունը։ Միացյալ Նահանգների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կոչ են անում Երևանին խզել բոլոր կապերը Մոսկվայի հետ և ձգտում են հասնել մեր ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներից նրա դուրս գալուն։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանին ակտիվորեն գայթակղում են եվրոպական հեռանկարով։ Դժվար չէ կռահել, որ երկրին կհամոզեն հրաժարվել այն մեխանիզմներից, որոնք վերջին տարիներին ռեկորդային աճ են ապահովել նրա տնտեսության համար: Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը կնշանակի հայկական բիզնեսի հիմնական շուկայի կորուստ», - ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը: ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը խոսել է նաև ՀԱՊԿ-ից, նշել՝ Հայաստանի անվտանգության ապահովման համար գործուն այլընտրանքային այլ մեխանիզմ չկա։ «ՀԱՊԿ-ի աշխատանքներին Երևանի լիարժեք մասնակցությունը համապատասխանում է հայ ժողովրդի իղձերին, ծառայում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործին»,- նշել է դիվանագետը։
11:13 - 18 հունիսի, 2024