Դեռևս այն փուլը չէ, որ համաձայնեցված կարգով հայտարարենք Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին |Աննա Նաղդալյան|
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների մասով կա սկզբունք, որին մենք հետևում ենք: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ հստակությունը հանդիպման հետ կապված:
«Դեռևս այն փուլը չէ, որ համաձայնեցված կարգով հայտարարենք հանդիպման մասին,- ասաց նա՝ հավելելով, որ Արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է միջնորդների հետ և աշխատում է այդ ուղղությամբ,- մենք բարձր ենք գնահատում միջնորդների՝ խնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը»:
Լրագրողների դիտարկմանը, թե Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել էր, որ պետք է վերանայել Մադրիդյան սկզբունքները, արդյոք այս դիրքորոշումը համընկնո՞ւմ է ՀՀ-ի դիրքորոշման հետ, Աննա Նաղդալյանը պատասխանեց.
«Պարոն Մայիլյանը հայտնել է՝ որպես Արցախի ներկայացուցիչ, իսկ Արցախը առանձին քաղաքական միավոր է, ունի իր կողմից ընտրված իշխանությունը, ունի իր տեսակետը, և նա արտահայտել է իր կարծիքը՝ որպես Արցախի ներկայացուցիչ»:
Ըստ նրա՝ Արցախի և Հայաստանի միջև այս հարցում չկան հակասություններ, կան հարցեր, և մենք մշտապես համագործակցում ենք արցախյան մեր գործընկերների հետ: «Սա այն հարցերի շրջանակն է, որոնց մասին մշտական երկխոսության մեջ ենք Արցախի հետ»,- ասաց նա:
Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպման օրակարգի մասին, ըստ Աննա Նաղդալյանի, Նիկոլ Փաշինյանն արդեն խոսել է Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: «Հանդիպումը նվիրված է լինելու նրան, թե ինչպես են մեկնաբանվում փաստաթղթում ամրագրված սկզբունքներն ու դրույթները, որոնք վկայակոչվել էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ասաց նա:
tert.am
09:36 - 20 մարտի, 2019