ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության նոր դեպք

ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության նոր դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով մայոր սպան 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից, նրանց հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։ Այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ծառայության ընթացքում օտարերկրյա հատուկ ծառայություններից հաղորդագրությունների միջոցով ստանալով համագործակցությունը շարունակելու վերաբերյալ առաջարկություն և ընդունելով այն, պարտավորվել է վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որպիսի պայմաններում իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ 2022 թվականի փետրվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես՝ գաղտնի դրոշմով տարբեր բովանդակության փաստաթղթեր, իր ծառայության վայրի, ստորաբաժանումների ուղղվածության, տեսակի և քանակի, ինչպես նաև նշված ստորաբաժանումների կողմից ՀՀ արևելյան և հարավային ուղղություններում ծառայություն իրականացնելու վերաբերյալ տվյալները, որոնց դիմաց որպես վարձատրություն՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից տարբեր օրերի ընդհանուր ստացել է 19.700 ԱՄՆ դոլար գումար՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ սպային ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ զինծառայողներին՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու կամ համագործակցության առաջարկ ստանալու մասին անհապաղ տեղեկացնել իրավասու մարմիններին՝ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցերը նրանց հետ քննարկելը և տեղեկությունների փոխանցումը բացառելու, ինչպես նաև համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:  Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:28 - 29 նոյեմբերի, 2022
Ձերբակալվել են «Հայանտառի» «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենն ու ևս երկու անձ

Ձերբակալվել են «Հայանտառի» «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենն ու ևս երկու անձ

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղ.-ն 2021 թվականի ընթացքում «Թումանյանի անտառտնտեսությունից» մթերված փայտանյութը տարբեր անձանց վաճառելու համար նրանցից ստացել է կաշառք և կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես` պարզվել է, որ Կ. Ղ.-ն Ա. Բ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ իր ղեկավարած մասնաճյուղի անտառային ֆոնդի տարածքից 5,7 խմ վառելափայտը նրան վաճառելու համար նույն օրը իր աշխատասենյակում նրանից անձամբ ստացել է 47.000 ՀՀ դրամ կաշառք, սակայն Ա. Բ.-ին հանձնել է իր կազմած՝ ընդամենը 4 խմ փայտանյութի բացթողնման վերաբերյալ կեղծ փաստաթուղթ: Բացի այդ, Գ. Պ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ նույն անտառային ֆոնդի տարածքից նրան 25 խմ վառելափայտ վաճառելու համար Կ. Ղ.-ն նրանից նույնպես ստացել է 117.000 ՀՀ դրամ կաշառք, իսկ մեկ այլ անձի 33 խմ վառելափայտ վաճառելու համար վերջինից պահանջել է 165.000 ՀՀ դրամ կաշառք: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ ՍՊԸ-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ նշված ընկերության աշխատանքային խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության «Թումանյանի անտառպետության» պահաբաժնում անցկացված գազի խողովակաշարը 2021 թվականի դեկտեմբերի ընթացքում ապամոնտաժելու հետևանքով շուրջ 450 քմ մակերեսով անտառային տարածքի ոչնչացման փաստը չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով իրավական ընթացակարգեր չնախաձեռնելու համար նույն ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրենից ստացել է 240.000 ՀՀ դրամ: 28.11.2022 թ. «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղ.-ն և ևս երկու անձ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է:
19:12 - 28 նոյեմբերի, 2022
ԱԱԾ-ն առաջարկում է անձնական բժիշկ տրամադրել ՀՀ ԱԺ նախագահին

ԱԱԾ-ն առաջարկում է անձնական բժիշկ տրամադրել ՀՀ ԱԺ նախագահին

ԱԱԾ-ն առաջարկում է անձնական բժիշկ տրամադրել նաև ՀՀ ԱԺ նախագահին։ Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 24-ին, ընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագիծն ու ուղարկեց խորհրդարան։  «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայում օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների (ամուսին, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով) և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա:  Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայում հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ: Միաժամանակ, վերոհիշյալ նախագծով առաջարկվում են նաև այլ կարգավորումներ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք անմիջականորեն առնչվում են պետական պահպանության օբյեկտներ հանդիսացող անձանց՝ նպատակահարմար է գտնվել առաջարկվող փոփոխությունները միավորել մեկ փաթեթում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։ 
15:49 - 24 նոյեմբերի, 2022
ԱԱԾ-ն առաջարկում է իր ծառայողներին արտահերթ ատեստավորելու հնարավորություն ընձեռնել

 |armenpress.am|

ԱԱԾ-ն առաջարկում է իր ծառայողներին արտահերթ ատեստավորելու հնարավորություն ընձեռնել |armenpress.am|

armenpress.am: Ազգային անվտանգության ծառայությունը առաջարկում է ԱԱԾ ծառայողներին արտահերթ ատեստավորելու հնարավորություն տալ՝ ԱԱԾ ղեկավար կազմի հիմնավորված զեկուցագրերի հիման վրա և ԱԱԾ տնօրենի որոշմամբ: Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի նախագծի փաթեթը ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը: «Արդյունքում թափուր պաշտոնները առավել փորձառու և գրագետ ծառայողներով համալրելու, ինչպես նաև ծառայողի մասնագիտական ունակությունները գնահատելու և զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը որոշելու համար հնարավոր կլինի ծառայողի ատեստավորումն իրականացնել արտահերթ՝ մինչև հերթական ատեստավորման համար օրենքով նախատեսված 5-ամյա ժամկետի ավարտը, իսկ առանձին դեպքերում ծառայողի առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով՝ նաև տվյալ պաշտոնը մեկ տարի զբաղեցնելուց ավելի շուտ»,- ասաց Սիմոնյանը:
13:49 - 24 նոյեմբերի, 2022
Պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունն այլևս ցմահ չի տրվի․ Գրիգորյան
 |civilnet.am|

Պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունն այլևս ցմահ չի տրվի․ Գրիգորյան |civilnet.am|

civilnet.am: Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի ազգային անվտանգության ծառայությունից և կդառնա վարչապետին ենթակա մարմին։ Կառավարության նոյեմբերի 24-ի նիստում հայտարարեց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այս բարեփոխումն ընդհանուր անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակներում է։ Կարևոր կետերից մեկն այն է, որ նախկինում այս կարգավորման շրջանակում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանություն, և հիմա փոփոխություն է կատարվում օրենքում։ Այդ ծառայությունը նախագահներին կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»,- ասաց Գրիգորյանը։ Հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունը երկարացնելու հնարավորություն կտրվի՝ ըստ անհրաժեշտության։  
12:25 - 24 նոյեմբերի, 2022
ՊԵԿ-ԱԱԾ համագործակցության արդյունքում բացահայտվել է տնտեսական հանցագործության նոր դեպք

ՊԵԿ-ԱԱԾ համագործակցության արդյունքում բացահայտվել է տնտեսական հանցագործության նոր դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսական հանցագործության նոր դեպք։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։  Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող ՍՊ ընկերությունների պատասխանատու անձինք, հարկեր չվճարելու նպատակով, ընկերություններում որպես աշխատողներ են գրանցում  միայն աշխատակիցների մի մասին և հարկային հաշվարկներում վարձու աշխատողներին վճարված աշխատավարձերը ցածր են հայտարարագրում։  Ստացված տվյալներն իրացնելու նպատակով  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից մշակվել և ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:  Պարզվել է, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության թիվ 3 բաժնում հաշվառված, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող 3 ՍՊ ընկերության  փաստացի սեփականատերերը, նախնական համաձայնության գալով, նշված ընկերությունների աշխատանքները համակարգող աշխատակիցների հետ, 2022 թվականի հունիսից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չեն ձևակերպել մի քանի տասնյակ վարձու աշխատողների: Նույն ժամանակահատվածում, ՊԵԿ ներկայացված օրենքով սահմանված հաշվարկներում,  հաշվարկված և վճարված աշխատավարձերը ևս չեն հայտարարագրվել: Հարկերը պակաս վճարելու նպատակով բացի աշխատակիցներին չգրանցելուց` ընկերությունների պատասխանատու անձինք հարկային մարմին ներկայացրած եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում էականորեն ցածր են հայտարարագրել նաև գրանցված վարձու աշխատողների աշխատավարձերը։ Ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կատարված հարկային պարտավորությունների հաշվարկի համաձայն՝ պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։Դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նախաքննություն կատարելու համար փոխանցվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն:Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում դատարանի որոշումների հիման վրա` ԱԱԾ ծառայության Երևանի քաղաքային վարչության և ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների մասնակցությամբ խուզարկություններ են կատարվել ընկերությունների գործունեության վայրերում:  Արդյունքում արձանագրվել են օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված վարձու աշխատակիցներ, ինչպես նաև հայտնաբերվել և առգրավվել են քրեական վարույթի համար էական նշանակության փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ,  համակարգիչների հիշողության կոշտ սկավառակներ, շուրջ 580 համակարգիչ,  220 բջջային հեռախոս, 3 համակարգչային սերվեր։Քրեական վարույթով համակողմանի և պատշաճ քննություն ապահովելու համար ստուգվում են նաև ընկերությունների իրականացրած գործունեության, ներգրավված դրամական միջոցների օրինականությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառի գործունեության անվան տակ ապօրինի գործունեությունը քողարկելու վարկածը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները շարունակվում են,  միջոցներ են ձեռնարկվում հանցագործության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու և այն վերականգնելու ուղղությամբ։Ծանուցում. Ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:07 - 18 նոյեմբերի, 2022
Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

Այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ին N 1236-Ա որոշմամբ ստեղծված գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Նախքան օրակարգի հարցերին անցնելը բացման խոսքով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը: Ողջունելով ներկաներին՝ Ա.Աբազյանը ներկայացրեց նոր ձևավորված հանձնաժողովի խնդիրները և հույս հայտնեց, որ հանձնաժողովի վերանայված կազմն ու գործառույթները թույլ կտան առավել համակարգված և փոխհամաձայնեցված եղանակով իրականացնել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց որոնողական և վերադարձնելու աշխատանքները: Այնուհետև տեղի ունեցավ գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած հասարակական կազմակերպությունների ընտրություն: Դիմում ներկայացրած կազմակերպություններից ընտրվեցին երեքը՝ «Լույսի ճրագ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը:   Հանձնաժողովի նախագահի կողմից հանձնաժողովի անդամներին տրվեց կոնկրետ հանձնարարականներ: Հանձնաժողովը որոշեց հաջորդ նիստը գումարել 2022 թվականի դեկտեմբերի 16-ին և օրակարգում ընդգրկել հարցեր՝ ըստ տրված հանձնարարականների:
19:10 - 16 նոյեմբերի, 2022
Պահեստազորայինը օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ. ՀՀ ԱԱԾ

Պահեստազորայինը օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ. ՀՀ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները, հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում, բացահայտել են պետական դավաճանության հերթական դեպքը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից, պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 2021 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին ՀՀ ՊՆ կողմից հայտարարված 3-ամսյա հավաքներին մասնակցած զինծառայող, շարքային Է.Ա-ն, կարճ ժամանակով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, 2021 թվականի հոկտեմբերին «ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից հանդիսացող, պայմանական անունով հանդես եկող անձի հետ և հավաքագրվելով վերջինիս կողմից՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր բջջային հեռախոսի «Վոթսափ» հավելվածի միջոցով նույն ժամանակահատվածում հավաքել և հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել իրեն վստահված դիրքի, դրա կոնկրետ տեղակայման, դիրքապահ անձնակազմի քանակի, սպառազինության, դրանցում ծառայության անցկացման կարգի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնց  դիմաց ստացել է իբր իր զրուցակցի մերկ լուսանկարները: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ անձը ձերբակալվել է: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
10:30 - 15 նոյեմբերի, 2022
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի գործունեությունը

ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի գործունեությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման ու քննչական դեպարտամենտների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք` շահադիտական նպատակով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքում գործող տուրիստական տարբեր գործակալությունների ղեկավար կազմերի և այլ անձանց հետ, կատարելով դերերի բաշխում, յուրաքանչյուր անձի հաշվարկով մինչև 25.000 ԱՄՆ դոլարի դիմաց կազմակերպել են ՀՀ մի շարք քաղաքացիների անօրինական մեկնումը տարանցիկ երկրներով Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ այդ նպատակով մեկնող անձանց անվամբ պատրաստելով տարանցիկ երկիր մուտք գործելու և այնտեղ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար իրավասու մարմիններ ներկայացվելիք՝ աշխատանք ունենալու, աշխատավարձի չափի, այլ եկամուտների, մեկնող անձանց մերձավոր ազգականների մահվան վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ-ում և արտերկրում գտնվող իրավասու մարմիններին: Նախաքննության ընթացքում քրեական վարույթի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակարաններում, ավտոմեքենաներում, ինչպես նաև տուրիստական գործակալությունների գրասենյակներում կատարված խուզարկություններով հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ կեղծված փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձևանմուշներ, օտարերկրյա պետություններ անօրինական մուտքի թույլտվություն ստացած մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից վճարված գումարների վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր, անօրինական միգրացիայի արդյունքում ՀՀ-ից մեկնած քաղաքացիների անձնագրերի, օտարերկրյա մուտքի վիզաների լուսանկարներ, անօրինական միգրացիայի կազմակերպման ընթացքի վերաբերյալ ձայնային հաղորդագրություններ պարունակող բջջային հեռախոսներ: Նախաքննության ընթացքում հանցավոր խմբի անդամներից 4 անձ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է և քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ անօրինական միգրացիայի կազմակերպման, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու, օգտագործելու, նշված հանցանքներին օժանդակելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:29 - 14 նոյեմբերի, 2022
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթով ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ՊԵԿ պաշտոնյա

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթով ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ՊԵԿ պաշտոնյա

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Ա. Հ.-ն օժանդակել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Գ. Դ.-ի, Ս. Դ.-ի և Գ. Դ.-ի կողմից ՊԵԿ պաշտոնատար անձին ապօրինի անգործության համար կաշառք տալուն: Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Հ.-ն օժանդակել է կաշառքի դիմաց նշված անձանց կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի շուրջ 300 արկղ ծխախոտն առանց հայտարարագրման, դրանք 8 տոննա երեսպատման սալիկների քողի տակ մաքսային հսկողության շրջանցմամբ արտահանելու գործընթացին: Հիշյալ ապրանքներն ապօրինի ճանապարհով արտահանելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար Ա. Հ.-ն ՊԵԿ մեկ այլ պաշտոնյայի փոխանցելու նպատակով վերը նշված անձանցից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 6.100.350 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 1.626.760 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստացել է 2022 թ. հուլիսին: Ըստ պայմանավորվածության՝ առանց ակցիզային դրոշմանիշերի, մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտով բեռնված բեռնատարը 2022 թ. օգոստոսի 14-ին պետք է հատեր ՀՀ մաքսային սահմանը, սակայն հանցավորների կամքից անկախ հանգամանքներով նշված տրանսպորտային միջոցը չի հատել այն: Հետագայում՝ 2022 թ. օգոստոսի 30-ին, Բագրատաշենի մաքսակետում, հիշյալ բեռնատարը ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցների կողմից ենթարկվել է զննման, որի արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 199000 տուփ տարբեր տեսակի ծխախոտ: 2022 թվականի նոյեմբերի 8-ին Գ. Դ.-ին, Ս. Դ.-ին և Գ. Դ.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի (Կաշառք տալը) 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից որոշումներ են կայացվել հիշյալ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար նրանց դատարան ներկայացնելու նպատակով վերջիններիս ձերբակալելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:17 - 09 նոյեմբերի, 2022
Առաջարկվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն, որը ենթակա կլինի վարչապետին
 |hetq.am|

Առաջարկվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն, որը ենթակա կլինի վարչապետին |hetq.am|

hetq.am: Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է ստեղծել արտաքին հետախուզություն իրականացնող առանձին մարմին, որը ենթակա կլինի ՀՀ վարչապետին։ «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի նախագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Արտաքին հետախուզական ծառայության առանձին մարմին ունենալը նախատեսված է ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության ծրագրում։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ հաշվի առնելով արցախյան 2016թ. և 2020թ. պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում առկա խնդիրները, հետախուզական տեղեկատվության օպերատիվության և որակի բարելավման անհրաժեշտությունը՝ Հայաստանն ունի նոր որակի հետախուզություն ունենալու և սեփական հետախուզական դպրոցը ձևավորելու հրամայական՝ հետախուզական գործունեության անընդհատության և ոլորտի բարելավման ապահովման նպատակով:  Ըստ ԱԱԾ-ի՝ հետախուզության առանձին կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է, որ առայժմ չունի առանձին հետախուզական ծառայություն: Ներկայացված օրենքի նախագծի համաձայն՝ արտաքին հետախուզական գործունեության նպատակներն են՝ 1) վարչապետին քաղաքական, անվտանգային, տնտեսական, պաշտպանական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և բնապահպանական բնագավառներում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը, 2) Հայաստանի Հանրապետության անվտանգության ոլորտի պետական քաղաքականության մշակման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, ինչպես նաև նույն քաղաքականության իրականացման ապահովումը, 3) Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովմանը, պաշտպանունակությանը, տնտեսական զարգացմանը, գիտատեխնիկական և ռազմաարդյունաբերական առաջընթացին աջակցումը, 4) արտաքին հետախուզական գործունեություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման խնդիրներ իրականացնող այլ մարմիններին արտաքին հետախուզական ոլորտի համապատասխան տեղեկատվությամբ ապահովումը: Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։
16:21 - 07 նոյեմբերի, 2022
Բացահայտվել է ենթադրաբար գերեվարված զինծառայողի ազգականից կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու դեպք

Բացահայտվել է ենթադրաբար գերեվարված զինծառայողի ազգականից կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու դեպք

Ազգային անվտանգության ծառայության աշխատակից ներկայացած Բ.Պ.-ն, հավաստիացնելով, որ նշված ծառայությունում իր՝ գեներալի կոչումով ծանոթի միջոցով կարող է համապատասխան  գումարի դիմաց կարգավորել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակում գործելու արդյունքում գերեվարված ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու հարցը, ենթադրաբար գերեվարված Կ.Կ.-ի ազգական Խ.Գ.-ին դրդել է «գեներալին» փոխանցելու պատրվակով իրեն տալ 5 մլն դրամ կաշառք: Այս մասին ասվում է դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրությունում։ Այս մասին փաստական տվյալները ձեռք են բերվել 2022 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Խ.Գ.-ի հաղորդման հիման վրա. Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և նույն օրն ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե: 2022 թվականի հոկտեմբերի 11-ին իրականացվել է «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողություն, որի ընթացքում Բ.Պ.-ն ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ նշված գումարի մի մասը՝ 1 մլն 200 հազար դրամը, ստանալուց անմիջապես հետո: 2022 թվականի հոկտեմբերի 12-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Բ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է: Բ.Պ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 44-46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 44-440-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Բ.Պ.-ի մեղավորությունը դատարանում ապացուցելու համար բավարար գնահատելով՝ հսկող դատախազի՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել  Հակակոռուպցիոն դատարան:
14:53 - 02 նոյեմբերի, 2022
Գլխավոր դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2022 թվականի դրությամբ կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների մասին

Գլխավոր դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2022 թվականի դրությամբ կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների մասին

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվում է 62207199  քրեական գործը: 2022 թվականի դրությամբ կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, մասնավորապես. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հանցավոր գործողություններին հնարավոր այլ մասնակիցների, դրանք կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց, օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Անահիտ Բախշյանը, Աշոտ Գասպարյանը, Հրաչյա Սարգսյանը, Կարեն Խաչատուրյանը, Գագիկ Հարությունյանը, Տարոն Սահակյանը և Ժորա Սարգսյանը, այլք: Կատարվել են մի շարք առգրավումներ: Այսպես. 1. Համապատասխան քրեակատարողական հիմնարկներից առգրավվել են խմբի  անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի և Համլետ Ստեփանյանի անձնական գործերը՝ նրանց մահվան պատճառների վերաբերյալ քննության ընթացքում մի շարք հարցեր պարզաբանելու համար: 2. Ոստիկանության և այլ պետական մարմինների տարբեր ստորաբաժանումներից առգրավվել են այս դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող գործեր, որոնք ներկայում գտնվում են ուսումնասիրության փուլում: Առգրավված տեսագրություններով և ձայնագրություններով նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում: Ստացվել են գործով դատապարտյալներին տեսակցած անձանց տվյալները: Ստացված դիմումների, դրանց կից փաստաթղթերի և սկավառակների շուրջ հարցաքննվել են դիմումատուները, զննվել են ներկայացված փաստաթղթերը և սկավառակները: Նախաքննության ընթացքում կատարված դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան:
15:04 - 27 հոկտեմբերի, 2022
Էրիկ Ալեքսանյանի մոտից առգրավվել է հեռախոսը, որի վրա գրառված է փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկատվություն. պաշտպան

Էրիկ Ալեքսանյանի մոտից առգրավվել է հեռախոսը, որի վրա գրառված է փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկատվություն. պաշտպան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Ալեքսանյանի մոտից առգրավվել է էլեկտրոնային կրիչ հեռախոսը, որի վրա գրառված է տեղեկատվություն, այդ թվում՝ փաստաբանական գաղտնիք պարունակող: «Սա նկատի ունենալով՝ արդեն չորս օր առաջ դիմել եմ նախաքննական մարմնին՝ փաստաբանական գաղտնիք պարունակող կրիչը անհապաղ վերադարձնելու պահանջով: Նշվածի վերաբերյալ մինչ օրս որևէ արձագանք ԱԱԾ-ից չի ստացվել: Նշվածը հանդիսանում է փաստաբանի անկախության վտանգ, ուղղակի ոտնահարում գործող օրենսդրության:Փաստաբանությունը պետք է մնա անկախ, իսկ անկախությունը պետք է հարգվի պետական մարմինների կողմից: Հուսով եմ՝ շուտով նշված իրավիճակը կշտկվի, ու փաստաբանական գաղտնիք պարունակող առարկաները կվերադարձվեն, չնայած նրա, որ դա պետք է կատարվեր միջնորդությունը ստանալուց անմիջապես հետո»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 19-ին փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Նույն քրեական գործի շրջանակում հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։  Իսկ հոկտեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորելու որոշում էր կայացրել Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թ․Հ․-ին։ Նշենք նաև, որ ԱԱԾ-ն ավելի ուշ՝ հոկտեմբերի 24-ին հաղորդագրություն է տարածել՝ Արուսյակ Ալեքսանյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործի վերաբերյալ։ 
14:54 - 24 հոկտեմբերի, 2022
ԱԱԾ-ն՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի վերաբերյալ գործի մասին

ԱԱԾ-ն՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի վերաբերյալ գործի մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցները, հետևողականորեն դրսևորելով հանրային ծառայության տարբեր բնագավառներում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի գործելաոճ, իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջացառումների արդյունքում բացահայտել են  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի դատական ակտ կայացնելու դեպքեր, որոնց հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն առ այն, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ օրենքով նախատեսված լիազորություններ իրականացնող պետական պաշտոնատար անձը, տեղեկացված լինելով ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, խմբային շահերից ելնելով, պատրաստակամություն է հայտնել վերջինի օգտին կատարել ապօրինի գործողություններ, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով նրան ազատել կալանքից։ Իր մտադրությունների իրականացման  նպատակով պաշտոնատար անձը հանցավոր արարքի կատարմանը որպես հանցակիցներ  ներգրավել է նաև դատական իշխանության ոլորտում իշխանական գործառույթներ իրականացնող մեկ այլ պաշտոնատար անձի, ինչպես նաև իր օգնականին և ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին, ովքեր խորհուրդներ և տեղեկատվություն տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել են ենթադրյալ ծանր հանցագործության կատարմանը։ Արդյունքում` դատական իշխանություն իրականացնող պետական մարմնի պաշտոնատար անձը,  մեղադրյալի հետ անձնական բնույթի միջնորդավորված կապերի առկայությամբ պայմանավորված, իր՝ արդարադատության իրականացման իշխանական բացառիկ լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական շահերի՝  այլընտրանքային խափանման միջոցի կիրառման անբավարար լինելու հանգամանքը մեկ այլ դատավորի որոշումներով հաստատված լինելու պայմաններում մեղադրյալի նկատմամբ կիրառել է քրեական վարույթի համար հավանական խոչընդոտներ առաջացնող այլընտրանքային խափանման միջոց գրավ և նրան ազատել կալանքից։ Նախաքննության ընթացքում  փաստական և իրավական հիմնավորումներով պայմանավորված՝ իշխանական և ծառայողական լիազորություններն անցնելու, ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու  և դրանց հանցակցելու համար  համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ,  մեղադրանքներ են ներկայացվել երեք անձի և նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են  վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները բացահայտելու նպատակով։ Միևնույն ժամանակ, Ծառայությունը, հաշվի առնելով, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, քրեական վարույթի այս փուլում հավելյալ այլ տեղեկատվություն տրամադրել չի կարող: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 19-ին փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Նույն քրեական գործի շրջանակում հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։  Իսկ հոկտեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորելու որոշում էր կայացրել Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թ․Հ․-ին։  
13:48 - 24 հոկտեմբերի, 2022