ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հայկական ֆուտբոլը կառավարող մարմինն է։ Հիմնադրվել է 1992-ի հունվարի 18-ին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1992թ․-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993թ․-ից։

ՀՖՖ բարձրագույն մարմինը համագումարն է, որը 4 տարով ընտրում է նախագահ եւ գործադիր կոմիտեի անդամներ։ Աշխատանքային մարմինը գործկոմն է։ 2018թ․ սեպտեմբերի 22-ից ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը։ 2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահ  է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը։

Հանրային քրեական հետապնդում՝ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախկին նախագահ Ռ.Հ.-ի նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում՝ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախկին նախագահ Ռ.Հ.-ի նկատմամբ

Ռ.Հ.-ն, 2002-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության (այսուհետ՝ Միություն) նախագահի պաշտոնը, Աճառյան փողոցի 35/31 հասցեի հողամասերը Միության համար իբր ոչ նպատակահարմար համարելու հիմքով՝ կամովին հրաժարվելու միջոցով, տրամադրել է Երևանի քաղաքապետարանին: Միությունը զրկվել է տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից, որից հետո Ռ.Հ.-ն  շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ դրդել է Երևանի քաղաքապետարանի գույքը տնօրինելու իրավասություն ունեցող, դեռևս քննությամբ չպարզված պաշտոնատար անձանց՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու եղանակով, Աճառյան փողոցի երեք հողամասերը հրապարակային ձևական աճուրդների միջոցով օտարել իր հետ փոխկապակցված անձանց՝ Երևանի քաղաքապետարանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված վերոնշյալ հողամասերը: Մասնավորապես, Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ՝ Աճառյան փողոցին հարող տարածքում՝ ֆուտբոլի մանկապատանեկան դպրոց հիմնադրելու նպատակով, Միությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է ընդհանուր 14,0 հա հողատարածք: Սակայն, Ռ.Հ.-ն,  օժտված լինելով Միության շահերը ներկայացնելու, պայմանագրեր կնքելու և լիազորագրեր տալու իրավասություններով, սեփականության իրավունքով Միությանը պատկանող՝ Աճառյան փողոցի 35/31 հասցեում գտնվող ընդհանուր 14 հա հողակտորից 0.3026 հա և 2.39295 հա (ընդհանուր՝ 26.955,5 քմ) հողակտորները, իր սեփականությունը դարձնելու նպատակով, 2014 թվականի նոյեմբերի 25-ին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին և Միության անունից կամովին հրաժարվել է նշված հողակտորներից, իբր շինարարական աշխատանքների իրականացումը ոչ նպատակահարմար համարելու պատճառաբանությամբ։ Երևանի քաղաքապետի որոշումով՝ 26.955,5 քմ մակերեսով հողակտորը ճանաչվել է Երևան համայնքի սեփականություն և բաժանվել է 8985,35-ական քմ չափերով երեք հավասար մասերի, որոնց, որպես առանձին գույքային միավորների, համապատասխանաբար տրամադրվել են հասցեներ (Աճառյան 35/84, 35/85 և 35/86): Այնուհետև, Ռ.Հ.-ն շարունակելով հանցավոր մտադրությունը, դրդել է Երևանի քաղաքապետարանի գույքը տնօրինելու իրավասություն ունեցող, դեռևս քննությամբ չպարզված պաշտոնատար անձանց, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու եղանակով, հրապարակային ձևական աճուրդների միջոցով օտարել Աճառյան փողոցի 35/84, 35/85 և 35/86 հողամասերը իր հետ փոխկապակցված անձանց՝ Ա.Ս.-ին, Ս.Ս.-ին և Ա.Գ.-ին: Արդյունքում, 2015 թվականի հունվարի 26-ին կնքված պայմանագրերով 454 մլն 820 հազար դրամ շուկայական արժեք ունեցող Աճառյան 35/84, 35/85 և 35/86 հողամասերը ընդամենը 169 մլն 820 հազար 910 դրամով օտարվել են Ռ.Հ.-ի հետ փոխկապակցված վերոնշյալ անձանց: Արդյունքում, Երևանի քաղաքապետարանին պատճառելով 284 մլն 999 հազար 90 դրամի վնաս: Այնուհետև, Ռ.Հ.-ն, հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու և իրական պատկանելիությունը թաքցնելու  նպատակով, ձևական պայմանագրեր կնքելու և օրինական ճանապարհով գույքերի ձեռքբերման պատրանք ստեղծելու միջոցով, օրինականացրել է  Աճառյան 35/84, 35/85 և 35/86 հասցեներում գտնվող, առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 161 մլն 733 հազար դրամ կադաստրային արժեքով 8985,35-ական քմ չափերով 3 գույքերը՝ նախնական համաձայնության գալով իր հետ փոխկապակցված Ա.Ս.-ի, Ս.Ս.-ի և Ա.Գ.-ի հետ: 2015 թվականի հունվարի 26-ին կնքված առուվաճառքի պայմանագրերով վերոնշյալ հողամասերն օտարվել են աճուրդներում հաղթող ճանաչված Ա.Ս.-ին, Ս.Ս.-ին և Ա.Գ.-ին: Դրանից 2 ամիս անց՝ 2015 թվականի մարտի 15-ին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերով 35/85 և 35/86 հասցեների հողակտորները Ա.Գ.-ի և Ս.Ս.-ի կողմից օտարվել են թիվ 35/84 հողակտորը ձեռք բերած անձին՝ Ա.Ս.-ին, որից հետո Երևանի քաղաքապետի՝ 2015 թվականի մարտի 26-ի թիվ 880-Ա որոշումով Աճառյան փողոցի 35/84, 35/85 և 35/86 հասցեներում գտնվող ընդհանուր՝ 26.955,5 քմ մակերեսով հողամասին կրկին տրվել է մեկ՝ Աճառյան փողոց 35/84 հասցեն: Այնուհետև, Ա.Ս.-ն հողատարածքից 6.955,5 քմ մակերեսով հողատարածքը 2015 թվականի ապրիլի 17-ի նվիրատվության պայմանագրով օտարել է Ռ.Հ.-ի որդուն՝ Ռ.Հ.-ին, իսկ վերջինս իր հերթին ստացված հողատարածքից 2.023 քմ 2016 թվականի դեկտեմբերի 28-ին նվիրատվության պայմանագրով օտարել է քրոջը՝ Լ.Հ.-ին։ Բացի այդ, Ա.Ս.-ն հողատարածքից 3.000-ական քմ մակերեսներով  2 և 14.000 քմ մակերեսներով հողատարածքները՝ համապատասխանաբար 2015 թվականի մայիսի 20-ի, նույն թվականի հունիսի 11-ի և 2016 թվականի հուլիսի 8-ի նվիրատվության պայմանագրերով, օտարել է Ֆեդերացիայի նախագահի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Կ.Հ.-ին, Գ.Ս.-ին և Օ.Մ.-ի որդուն՝ Ռ.Մ.-ին։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ հսկող դատախազի կողմից դեկտեմբերի 14-ին որոշում է կայացվել Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում. մեղադրանք ներկայացնելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:18 - 14 դեկտեմբերի, 2022
ՀՖՖ–ն ներկայացրել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» և «Տարվա լավագույն մարզչի» թեկնածուներին

ՀՖՖ–ն ներկայացրել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» և «Տարվա լավագույն մարզչի» թեկնածուներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: Տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն են՝ Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա), «Բրյուգե» (Բելգիա), «Քյոլն» (Գերմանիա) Հենրի Ավագյան - «Նորավանք», ԲԿՄԱ Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա) Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան) Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա) Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան) Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ» Նարեկ Գրիգորյան - «Յագելոնիա» (Լեհաստան), «Ուրարտու» Արտակ Դաշյան - «Փյունիկ» Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա), «Անորտոսիս» (Կիպրոս) Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան) Ժիրայր Մարգարյան - «Վերես» (Ուկրաինա), «Ուրարտու» Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» (Իտալիա), «Ինտեր» (Իտալիա) Հրայր Մկոյան - «Արարատ» Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու» Էդգար Մովսեսյան – ԲԿՄԱ, «Վան» Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա» Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ» Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա», ԲԿՄԱ, ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա) Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ) Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) Հայաստանի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստի քվեարկության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ: Հայաստանի 2022 թ. լավագույն մարզչի թեկնածուներն են՝ Արթուր Ասոյան - «Վան» Վարդան Բիչախչյան - «Արարատ», «Արարատ-Արմենիա» Վահե Գևորգյան - «Նորավանք» Դմիտրի Գունկո - «Արարատ-Արմենիա», «Ուրարտու» Եղիշե Մելիքյան - «Փյունիկ» Հայաստանի 2022 թ. լավագույն մարզչի քվեարկության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ: Քվեարկությունը պետք է ուղարկել [email protected] էլհասցեին՝ նշելով քվեարկության տարբերակը, անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, կցելով լրագրողական բեյջը և լուսանկարը: Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 23-ը՝ ժամը 18:00: Դրանից հետո ներկայացված և/կամ կարգի խախտումով ուղարկված քվեները համարվելու են անվավեր: 
17:33 - 12 դեկտեմբերի, 2022
Չհասանք մեր բոլոր նպատակներին, որովհետև չհաղթեցինք․ Բերեզովսկին մեկնաբանել է Կոսովոյի դեմ խաղը |armenpress.am|

Չհասանք մեր բոլոր նպատակներին, որովհետև չհաղթեցինք․ Բերեզովսկին մեկնաբանել է Կոսովոյի դեմ խաղը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Կոսովոյի հետ խաղը, որն ավարտվեց 2-2 հաշվով։ Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Բերեզովսկին ընդգծեց, որ իրենց բոլոր նպատակներին չկարողացան հասնել, քանի որ չստացվեց հաղթանակ տոնել։ «Մեզ մի փոքր չհերիքեց հաղթելու համար։ Բայց գոհ ենք, որ շատ ֆուտբոլիստներ դաշտ դուրս եկան և կարողացան ցուցադրել իրենց որակները։ Մենք ավելի սառը գլխով կվերլուծենք և հետևություններ կանենք»,- ասաց նա։ Անդրադառնալով խաղի ընթացքում Կամո Հովհաննիսյանին աջ եզրից ձախ եզր տեղափոխելու որոշմանը՝ Բերեզովսկին ընդգծեց, որ նման որոշում կայացրեցին մարզչական շտաբում կայացած քննարկումների արդյունքում։ Բերեզովսկին գոհունակությամբ նշեց, որ այդ փոփոխությունից հետո Կամո Հովհաննիսյանը կարողացավ գոլի հեղինակ դառնալ։ Խոսելով Ալբանիայի ընտրանու դեմ կայանալիք ընկերական խաղի մասին՝ Բերեզովսկին նշեց, որ Ալբանիայի հավաքականն այսօր խաղ ունի Իտալիայի դեմ։ Նա հավելեց, որ վերլուծելու են այդ խաղն ու առաջ շարժվեն։ Թե ինչ կազմով Հայաստանի հավաքականը դուրս կգա դաշտ Ալբանիայի դեմ խաղում, Բերեզովսկին շատ չմանրամասնեց։ Նա ասաց, որ դա պարզ կլինի, երբ հասկանան, թե որ ֆուտբոլիստը ինչպիսի ֆունկցիոնալ վիճակում է։ Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ ոչ ոքի հաշվով ավարտեց հանդիպումը Կոսովոյի ընտրանու դեմ։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով, թեև խաղի ընթացքում մեր ընտրանին 2 անգամ հաշվի մեջ առջևում էր։ Հայաստանի հավաքականի գոլերը հեղինակեցին Ժիրայր Շաղոյանն ու Կամո Հովհաննիսյանը, իսկ մրցակցի գոլերը հեղինակեցին Լիրիմ Կաստրատին և Դոնատ Ռուդհանին։ Նոյեմբերի 19-ին Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի՝ մրցակցի հարկի տակ խաղալով Ալբանիայի ընտրանու դեմ։  
09:27 - 17 նոյեմբերի, 2022
ՀՖՖ-ն պատրաստ է ամեն ինչի՝ Հենրիխ Մխիթարյանի վերադառնալու համար․ Մելիքբեկյան |vnews.am|

ՀՖՖ-ն պատրաստ է ամեն ինչի՝ Հենրիխ Մխիթարյանի վերադառնալու համար․ Մելիքբեկյան |vnews.am|

vnews.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել է իտալական «Ինտերի» 33-ամյա կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ ազգային թիմի հնարավոր վերադարձի մասին հարցին: - Ինչու՞ Հենրիխ Մխիթարյանը հեռացավ Հայաստանի հավաքականից, ի՞նչ խնդիր կա և հնարավո՞ր է՝ այն հարթվի: - Ես չեմ կարծում, թե խնդիրը կապված է ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Բազմիցս հայտարարել ենք, հիմա էլ եմ հայտարարում, որ Հենրիխ Մխիթարյանի առջև Հայաստանի հավաքականի դռները միշտ բաց են: Նա այնպիսի պրոֆեսիոնալ է, որ վստահ եմ՝ իր որոշումն է: Մխիթարյանը հասկացել է, որ այդ պահին պետք է կանգ առնել: Իհարկե, ցանկալի է, որ նա վերադառնա: Բազմիցս ասել եմ, որ ՀՖՖ նախագահը չպետք է մասնակցի կազմի ընտրությանը, այդ պատճառով էլ չեմ ուզում շատ խոսել մինչև մարզչի նշանակումը, սակայն վստահ եմ, որ միասին կքննարկենք այս թեման:  Հենց այս պատճառով էլ չենք կազմակերպում հրաժեշտի խաղ Հենրիխ Մխիթարյանի համար՝ հույս ունենալով, որ մի օր նա կփոխի որոշումը: Եթե դա տեղի չունենա, նույնքան հարգանքով կվերաբերվեմ այդ որոշմանը: - Դուք խոսե՞լ եք նրա հետ որոշման մասին: - Ո՛չ, որոշման մասին չեմ խոսել: - Ֆուտբոլի ֆեդերացիան պատրա՞ստ է կատարել առաջին քայլը և այս թեմայով զրուցել Հենրիխի հետ: - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է ամեն ինչի՝ Հենրիխ Մխիթարյանի վերադառնալու համար:
09:58 - 09 նոյեմբերի, 2022
ՀՖՖ նախագահը՝ Թուրքիայի դեմ խաղերի, ապագա մարզչի ընտրության, Ազգերի լիգայում հավաքականի ելույթի մասին |vnews.am|

ՀՖՖ նախագահը՝ Թուրքիայի դեմ խաղերի, ապագա մարզչի ընտրության, Ազգերի լիգայում հավաքականի ելույթի մասին |vnews.am|

vnews.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է ֆուտբոլային հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի շուրջ։ - Ավարտվեց Ազգերի լիգայի շրջափուլը: Կխնդրենք ամփոփել այն և տալ Ձեր գնահատականը: - Գնահատականը պարզ է և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի քայլերից բոլորը հասկացել են: Գլխավոր մարզչի հետ համաձայնության ենք եկել գործակցությունը չշարունակելու հարցում: Սա ամենաօբյեկտիվ գնահատականն է: Նպատակ ունեինք պահպանել տեղը Ազգերի լիգայի B խմբում, սակայն դա չիրագործվեց: Այն, ինչ տվել է Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքականին, արդեն տվել է: Շնորհակալ ենք նրան, բայց ժամանակն է փոխել քաղաքականությունն ու գլխավոր մարզչին, որը խնդիրը չկատարեց: - Ազգերի լիգայի մեկնարկային 3 խաղերում հաղթելուց հետո  երկարաձգվեց Խոակին Կապառոսի հետ պայմանագիրը: Ո՞րն էր նման որոշման պատճառը: - Եթե չեմ սխալվում, պայմանագիրը երկարաձգվեց Խորվաթիայի և Շվեդիայի դեմ ընկերական հանդիպումներից հետո: Նման որոշում կայացվեց, որովհետև պայմանագրում նշված էր կետ, որը պարտադրում էր պայմանագրի ավարտից 5 ամիս առաջ բանակցել այն երկարաձգելու շուրջ կամ դադարեցնել գործակցությունը: Հասկանալի է, որ կառույցի յուրաքանչյուր ղեկավար, որի հավաքականն ընթանում է առաջին տեղով, այլ որոշում չէր կարող կայացնել: - Ի՞նչ պահանջներ եք հաշվի առնում նոր մարզչի ընտրության հարցում: - Շատ է խոսվում, որ նոր մարզիչը նույնպես իսպանացի է լինելու: Մենք ուշադրություն չենք դարձնում մարզչի ազգությանը, սակայն կարևորում ենք նրա փիլիսոփայությունը: Խոակին Կապառոսի ընտրության ժամանակ նույնպես եղել են ոչ իսպանացի թեկնածուներ: Կոնկրետ չափանիշներ չկան. ցանկանում ենք հավաքականում տեսնել փորձառու մարզիչ: Հիանալի կլիներ, որ առաջիկա ընկերական խաղերին ունենայինք մարզիչ, սակայն չենք ցանկանում շտապել և մտադիր ենք մանրակրկիտ բանակցել, որպեսզի ապագա մարզիչը հասկանա իր առաքելությունը: Շատ ենք ուզում, որ հավաքականում մնան Ռոման Բերեզովակին ու Խավիեր Մինյանոն: Շատ մասնագետներ, որոնց հետ բանակցում ենք, դեմ չեն լինի մարզչական շտաբում նման փորձառու մարզիչներ ունենալուն: - Առաջիկա ընտրական փուլում առանձնահատուկ են լինելու Թուրքիայի հավաքականի հետ խաղերը: Հաշվի առնելով, որ Հայաստանի հավաքականը փորձելու է խնդիր լուծել ու դուրս գալ Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ՝ այդ ամենը կարող է դուրս գալ ֆուտբոլային հարթությունից ու կապվել քաղաքականության հետ: Ի՞նչ պետք է անել, որ ֆուտբոլիստներն ու մարզիչները խուսափեն ավելորդ ճնշումներից ու կենտրոնանան ֆուտբոլի վրա: - Ֆեդերացիան ամեն ինչ անելու է, որ հավաքականը խուսափի այդ ամենից, ու Թուրքիայի դեմ խաղերը քաղաքական ենթատեքստ չստանան: Հայաստանի հավաքականը չի սկսվում կամ ավարտվում Թուրքիայի դեմ խաղերով: Պետք է գիտակցենք, որ կարող ենք վտանգի տակ դնել ֆուտբոլային մեծ սերնդի ապագա, եթե այս խաղերին քաղաքական ենթատեքստ տանք: Ցավալի է, որ հենց առաջին խաղն է. ասածս չի նշանակում, որ չենք կարևորում այս խաղերը: Մարզչի ընտրության ժամանակ նույնպես անդրադառնալու ենք այս թեմային, որ նա ևս պատկերացնի այդ հանդիպումների կարևորությունը, բայց չենք ցանկանում այնպես անել, որ մեկ խաղով որոշվի ամեն ինչ:  Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանության արդյունքներով Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D խմբում, որտեղ կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հետ։ Առավել մանրամասն՝ vnews.am-ում
09:33 - 09 նոյեմբերի, 2022
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լյուքսեմբուրգին

Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լյուքսեմբուրգին

Հոկտեմբերի 10-ին Լյուքսեմբուրգում կայացել է ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության B լիգայի առաջին խմբի որակավորման փուլի Հայաստան-Լյուքսեմբուրգ հանդիպումը։ Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը զիջել է մրցակցին 0:1 հաշվով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հայաստան Մ-17 – Լյուքսեմբուրգ Մ-17՝ 0:1 (0:1) Գոլը՝ Ալվես, 4 Հայաստան Մ-17 1. էլլա Դե Կրոյֆ, 3. Անի Օհանյան, 4. Թահլիա Զադեյան, 6. Սյուզաննա Հակոբյան (2. Սուսաննա Սահակյան, 90+1), 7. Մարիաննա Վարդանյան (19. Ռոզալինա Երիցյան, 60), 9. Անի Սաֆարյան, 10. Էլինա Մարտիրոսյան, 11. Տաթև Խաչատրյան, 14. Դիանա Մելիքբեկյան (ա), 17. Իզաբելա Ներսեսյան, 21. Մարիա Վարդանյան։ Պահեստայիններ. 16. Լիլիթ Բաբայան, 5. Գայանե Գրիգորյան, 8. Արմինե Վարդանյան, 13. Կարինե Մկրտչյան, 15. Վալենտինա Գրիգորյան, 18. Նարինե Իսկանդարյան, 20. Քնարիկ Բաղդասարյան։ Գլխավոր մարզիչ՝ Մարիամ Ստեփանյան
14:26 - 11 հոկտեմբերի, 2022
«Այս կառույցը զբաղվում է ամեն ինչով՝ բացի ֆուտբոլի զարգացումից». Աննա Թադևոսյանը հեռանում է ՀՖՖ գործկոմի կազմից

«Այս կառույցը զբաղվում է ամեն ինչով՝ բացի ֆուտբոլի զարգացումից». Աննա Թադևոսյանը հեռանում է ՀՖՖ գործկոմի կազմից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Աննա Թադևոսյանը չի շարունակի աշխատանքը ՀՖՖ-ում: «Ցանկանում եմ տեղեկացնել, որ այլևս հարկ չեմ համարում շարունակել իմ աշխատանքը ՀՖՖ գործադիր կոմիտեում, քանի որ այս կառույցը զբաղվում է ամեն ինչով՝ բացի ֆուտբոլի զարգացումից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՖՖ ղեկավարությունը կայացրել է մի շարք անհիմն ներքին որոշումներ, ինչի արդյունքում աշխատանքից հեռացվել են մարդիկ, որոնք ջանք չեն խնայել ֆուտբոլի զարգացման համար։ ՀՖՖ-ին մաղթում եմ հաջող Fastex բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ գործկոմի նիստերը գրեթե միշտ ուղղված են եղել դրան», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Թադևոսյանը։ Նա, սակայն, նշել է, որ կշարունակի ֆուտբոլային գործունեությունը:
11:21 - 11 հոկտեմբերի, 2022
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ |armenpress.am|

ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե ֆեդերացիան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու պաշտոնական առաջարկ է արել ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևին: Այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը նշեց, որ Անդրեյ Տալալաևի հետ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ մի բանակցություն չի վարել: «Այս պահի դրությամբ նոր մարզիչ չի նշանակվել,  հստակություն այդ հարցում չկա: Խոակին Կապառոսի հետ համագործակցությունը դադարեցնելուց ընդամենը երկու օր է անցել: Բնականաբար, մի քանի թեկնածուներ դիտարկվում են, երբ պաշտոնական որևէ բան լինի, անպայման կհայտարարենք»,- ասաց Կարապետյանը: Սեպտեմբերի 29-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի հետ. Իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը: Հոկտեմբերի 1-ին Metaratings կայքը տեղեկություն է հրապարակել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն կապ է հաստատել ռուս մարզիչ Անդրեյ Տալալաևի  հետ և Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկ արել: Նշվում է, որ  Տալալաևը ժամանակ է խնդրել մտածելու համար։
18:04 - 01 հոկտեմբերի, 2022
Խոակին Կապառոսը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Խոակին Կապառոսը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում է համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի մեր երկրի ազգային հավաքականը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Խոակին Կապառոսի հետ, քննարկել Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա ելույթները։ Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել չշարունակել համագործակցությունը։  Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում շնորհակալությունն է հայտնել իսպանացի մասնագետին իր աշխատանքի, Հայաստանի Հանրապետության համար դժվարին օրերին ազգային հավաքականի կողքին մնալու, աշխատանքի ընթացքում մարդկային լավագույն որակներ և բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորելու համար: Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ իր պատմության ընթացքում հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը Ազգերի Լիգայի C դիվիզիոնի իր խմբում: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝ 9 խաղ: 66-ամյա մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մի շարք տպավորիչ հանդիպումներ Աշխարհի գավաթի որակավորման փուլում՝ հիանալի էմոցիաներ պարգևելով երկրպագուներին։ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ղեկավարությունը, Խոակին Կապառոսի հետ համատեղ աշխատած անձնակազմը ևս մեկ անգամ իրենց խորին շնորհակալությունն են հայտնել իսպանացի մասնագետին կատարած աշխատանքի համար և նորանոր հաջողություններ մաղթել հետագա կարիերայի ընթացքում:
16:06 - 29 սեպտեմբերի, 2022
Վերջին միջադեպերի պատճառով Հանրապետական մարզադաշտը կարող է որակազրկվել. ՀՖՖ-ի և «Փյունիկ»-ի համատեղ հայտարարությունը

Վերջին միջադեպերի պատճառով Հանրապետական մարզադաշտը կարող է որակազրկվել. ՀՖՖ-ի և «Փյունիկ»-ի համատեղ հայտարարությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը համատեղ հայտարարություն են տարածել, որում անդրադարձել են վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների ժամանակ գրանցված միջադեպերին, երբ երկրպագուներ են ներխուժել խաղադաշտ, տրիբունաներում տեղի են ունեցել ծեծկռտուքի դեպքեր: Հայտարարության մեջ նշվում է, որ նման երևույթները կարող են լուրջ հետևանքներ ունենալ հայկական ֆուտբոլի համար․ «Հարգելի՛ ֆուտբոլասերներ, Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների ընթացքում գրանցվել են ֆուտբոլային հանդիպումների, ընդհանրապես, սպորտի հետ անհամատեղելի իրադարձություններ, որոնք հղի են հայկական ֆուտբոլի համար ամենալուրջ հետեւանքներով: Հանդիպումներին ներկա տասնյակ քաղաքացիներ՝ մեծամասամբ դեռահասներ, մուտք են գործել խաղադաշտ, տրիբունաներում պարբերաբար արձանագրվել են ծեծկռտուքի դեպքեր, իրականացվել են նաեւ մի շարք քաղաքական ակցիաներ: Իրենց պարտականությունները կատարելիս թերացել են նաեւ անվտանգության աշխատակիցները, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը: ՀՖՖ-ի և «Փյունիկ» ՖԱ ներկայացուցիչներն աշխատանքներ են տանում անվտանգությունն ապահովող կազմակերպությունների հետ՝ հետագայում նման իրավիճակները բացառելու համար: Միեւնույն ժամանակ անվտանգության աշխատակիցների՝ անգամ ամենամեծ քանակի դեպքում ուղղակի հնարավոր չէ կանխել նման անցանկալի իրադարձությունները, եթե չլինի բոլորի՝ ֆուտբոլային հանրության, երկրպագուների, հատկապես լրատվամիջոցների աջակցությունը: Հայաստանում այս տարի կայացած միջազգային գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում և դրանցից հետո արձանագրվել են նման դեպքեր, ինչի համար մեծ տույժեր են կրել ՀՖՖ-ն և հայկական ակումբները: Ցանկանում ենք ընդգծել, սակայն, որ տուգանքները կրում են ժամանակավոր բնույթ: Նմանատիպ դեպքերը չբացառելու դեպքում Հայաստանում առկա եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան միակ՝ «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել. ինչպես Հայաստանի ազգային հավաքականը, այնպես էլ մեր ակումբները ստիպված կլինեն տնային հանդիպումներն անցկացնել չեզոք խաղադաշտերում՝ այլ երկրներում: Հաշվի առնելով, որ «Փյունիկը» այս տարի մասնակցելու է եվրոպական մրցաշարերից մեկի խմբային փուլին եւ դեռ անցկացնելու է առնվազն 4 տնային հանդիպում, ինչպես նաեւ սեպտեմբերի 24-ին Երեւանում կայանալու է Հայաստան-Ուկրաինա ազգային հավաքականների հանդիպումը, դիմում ենք բոլոր շահագրգիռ անձանց՝ առաջարկելով համատեղ ուժերով կանխել ֆուտբոլ խաղի հետ առնչություն չունեցող ցանկացած դրսևորում: Այս համատեքստում կոչ ենք անում լրատվամիջոցներին չտարածել անկարգությունները ներկայացնող տեսանյութերը և լուսանկարները: Կոչ ենք անում հատկապես ծնողներին թույլ չտալ իրենց երեխաներին մուտք գործել խաղադաշտ. դա ինքնահաստատվելու լավագույն միջոցը չէ: Դիմում ենք ֆուտբոլի իրական սիրահարներին, երկրպագուներին, ֆան ակումբներին՝ եկե՛ք միասին կարգ ու կանոն հաստատենք մեր խաղադաշտերում՝ հետագայում հայկական ֆուտբոլի համար անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով»:
12:16 - 12 օգոստոսի, 2022
«Փյունիկը» ջախջախեց «Դյուդելանժին» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ |hetq.am|

«Փյունիկը» ջախջախեց «Դյուդելանժին» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ |hetq.am|

hetq.am: Չեմպիոնների լիգայի (ՉԼ) որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով պարտության մատնեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Թիմերի միջև Երևանում կայացած առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել էր «Դյուդելանժը»։ Սա պատմական արդյունք է հայկական ակումբային ֆուտբոլի համար․ առաջին դեպքն է, որ Հայաստանը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ է դուրս գալիս։  Առաջին խաղակեսը մեկնարկեց Հայաստանի չեմպիոնի մեծ առավելությամբ, և առաջին 10 րոպեներին ամբողջությամբ վերահսկում էր խաղը։ 9-րդ րոպեին «Փյունիկն» արդեն կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն նպաստավոր դիրքում հայտնված Յուսուֆ Օտուբանջոն չկարողացավ արդյունավետ հարված կատարել։ Այս դրվագից հետո «Դյուդելանժը» արթնացավ և արագ հակագրոհների արդյունքում սկսեց լրջորեն սպառնալ «Փյունիկի» դարպասին։ 21-րդ րոպեին «Փյունիկի» պաշտպանների անփույթ խաղի պատճառով դաշտի տերերը բացեցին հաշիվը, աչքի ընկավ Մոհսին Հասանը։ Սակայն Լյուքսեմբուրգի չեմպիոնի ուրախությունը կարճ տևեց, որովհետև 3 րոպե անց տուգանայինի խաղարկման արդյունքում «Փյունիկի» պաշտպան Ժունինյոն գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Առաջին կեսում այլևս գոլեր չգրանցվեցին և թիմերը գնացին ընդմիջման։ Երկրորդ խաղակեսը հաջող մեկնարկեց «Փյունիկի» համար, քանի որ 54-րդ րոպեին փոխարինման մտած Լուկա Յուրիչիչն արդեն Հայաստանի չեմպիոնին առաջ մղեց։ Այս գոլից հետո գնդակին ավելի շատ տիրում էր «Դյուդելանժը», սակայն մեր թիմի խաղացողները հաջողությամբ հետ էին մղում դաշտի տերերի բոլոր գրոհները։ Չնայած այս ամենին՝ 76-րդ րոպեին «Փյունիկը» ևս մեկ գնդակ խփեց, և դիմակայության առավելությունն արդեն անցավ մեր թիմի կողմը։ Դաշտի տերերի պաշտպանը հետ փոխանցում կատարեց, գնդակին ավելի շուտ հասավ «Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն և խփեց իր թիմի երրորդ գնդակը։ 85-րդ րոպեին դաշտի տերերը ևս մեկ նվեր մատուցեցին «Փյունիկին»․ «Դյուդելանժի» դարպասապահի կոպիտ սխալի արդյունքում Լուկա Յուրիչիչը հայտնվեց դատարակ դարպասների առաջ և խփեց իր երկրորդ գոլը՝ դնելով հանդիպման վերջակետը։ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 2-ին Բելգրադում, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 9-ին Երևանում։  Առավել մանրամասն` hetq.am-ում
23:38 - 26 հուլիսի, 2022
Այս խաղը 43-րդ րոպեին վերջացավ․ Կապառոս |armsport.am|

Այս խաղը 43-րդ րոպեին վերջացավ․ Կապառոս |armsport.am|

armsport.am: Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականն ընդունել էր Շոտլանդիային ու 1-4 հաշվով պարտություն կրեց։ Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասաց հետևյալը․ «Կամոյի կարմիր քարտը խաղային դրվագ էր։ Իսկ առաջին դեպքը պետք է վերլուծել և խոսել այդ մասին։ Շատ ցավալի է, որովհետև մինչ այդ թիմը, կարծում եմ, շատ լավ էր խաղում։ Կարծում եմ՝ հանկարծակիի բերեցինք մրցակցին՝ խաղալով 4 պաշտպանով, գոլային պահեր ստեղծեցինք։ Այս խաղը 43-րդ րոպեին վերջացավ այն բանի համար, ինչը դուք հիշատակեցիք (կարգապահության- խմբ․): Պետք է սառնասրտորեն վերլուծել այս ամենը, բայց նաև պետք չէ չափից մեծ ճնշում գործադրել տղայի (Արման Հովհաննիսյանը - խմբ․) վրա․ նա թիմում շատ սիրված է։ Էդուարդը երիտասարդ ֆուտբոլիստ է, և փոխարինման ժամանակ պահվածքի մասին հանդերձարանում կխոսենք, նա մեծ ցանկություն ուներ խաղը շարունակելու, բայց չէինք կարող ռիսկի դիմել, քանի որ նա արդեն դեղին քարտ ուներ, իսկ առջևում դեռ ժամանակ կար։ Առաջին 43 րոպեներին մեր թիմի խաղն ինձ անչափ դուր եկավ, մի քանի գոլային պահ ստեղծեցինք անչափ ուժեղ մրցակցի դեմ խաղում։ Այս հարցում, կարծում եմ՝ բոլորս համակարծիք ենք։ Պետք է ավելի շատ կարողանաս վերահսկել ինքդ քեզ ու ավելի սառնասիրտ լինես, բայց խաղադաշտում դա երբեմն այնքան էլ հեշտ չէ։ Կարծում եմ՝ ասյօրվա խաղի հետ կապված պետք է վերլուծել առաջին 43 րոպեները։ Այդ ընթացքում մենք վատ չէինք խաղում անչափ ուժեղ թիմի դեմ, բայց այս ամենը վերջացավ այնպես, ինչպես վերջացավ։ Մենք հավասարը հավասարի պես պայքարում էինք այն թիմի դեմ, որը մոտ էր աշխարհի առաջնություն դուրս գալուն։ Բայց, երբ 11-ը խաղում է 10-ի դեմ, առավելությունը նկատելի է լինում։ Ես զարմացած չեմ մեր թիմի ֆուտբոլիստներով, երկար ժամանակ է՝ ճանաչում եմ նրանց, հետևում եմ նրանց խաղերին։ Բայց պնդում եմ, որ պետք է խոսել կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստի հետ ու բացատրել, որ նման իրավիճակներն անթույլատրելի են, սակայն կուզեի դուք վերլուծեիք առաջին կեսն այս խաղի»,- ասաց մարզիչը։  
09:32 - 15 հունիսի, 2022
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում խոշոր հաշվով զիջեց Շոտլանդիային

 |armenpress.am|

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում խոշոր հաշվով զիջեց Շոտլանդիային |armenpress.am|

armenpress.am: Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբի առաջին խմբի չորրորդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալեց Շոտլանդիայի ընտրանուն: Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեին Հայաստանի հավաքականն օգտագործեց առաջին իսկ հնարավորությունն ու առաջ անցավ հաշվի մեջ: Մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և հանդիպման հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը: Շոտլանդիայի հավաքականից 9 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Ստյուարդ Արմսթրոնգը: Խաղակեսի վերջնամասում կարմիր քարտ ստացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Արման Հովհաննիսյանը: Շոտլանդիան անմիջապես օգտվեց ստացած առավելությունից և խաղակեսի ավելացված րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Դուբլի հեղինակ դարձավ Արմսթրոնգը: Առաջին կես` Հայաստան-Շոտլանդիա` 1:2: Երկրորդ կեսի մեկնարկին` 50-րդ րոպեին, Շոտլանդիան Հայաստանի դարպասն ուղարկեց նաև երրորդ գնդակը: Տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Ջոն Մըքքինը: Ընդամենը 4 րոպե անց` հյուրերը խփեցին նաև 4-րդ գնդակը: Աչքի ընկավ Չէ Ադամսը: Հանդիպման վերջում էլ կարմիր քարտ ստացավ նաև Կամո Հովհաննիսյանը: Հայաստանի հավաքականը խաղն ավարտեց 9 ֆուտբոլիստով: Հայաստան-Շոտլանդիան` 1:4: Ազգերի լիգայի շրջանակներում Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն սեպտեմբերի 24-ին` Երևանում հյուրընկալելով Ուկրաինային:
21:57 - 14 հունիսի, 2022