Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության գործող ղեկավարը։

Ծնվել է 1969թ. մարտի 30-ին, Երեւանում։

1986-1993թթ․ սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում, 1994թ․՝ Հայկազյան համալսարանական քոլեջի (Լիբանան) քաղաքագիտության ֆակուլտետում;

1994-1996թթ․ եղել ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար, 1996-1997թթ․Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար, 1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ։

1998թ․-ին եղել է ԱԳՆ քարտուղարության պետ, ապա 1999-2006թթ․ Արգենտինայում եւ Չիլիում ՀՀ դեսպան, 2000-2006թթ․՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես), 2006-2011թթ․ եղել է ԱԳ նախարարի աշխատակազմի խորհրդական։

2006-2011թթ․ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2012-2016թթ․ Լատվիայի Հանրապետությունում եւ Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2016-2020թթ․ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան, 2017-2020թթ․Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2018-2020թթ․ Պանամայում ՀՀ դեսպան։

2020թ․ հոկտեմբեր-նոյեմբերին աշխատել է որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:        

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ. նոյեմբերի 18-ի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Հայկական կողմը վերահաստատում է խաղաղ բանակցությունների մասին հանձնառությունը. Այվազյանը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի հետ առցանց հանդիպմանը

Հայկական կողմը վերահաստատում է խաղաղ բանակցությունների մասին հանձնառությունը. Այվազյանը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի հետ առցանց հանդիպմանը

Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսակապի ձևաչափով հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ նշելով մանրամասներ. «Զրուցակիցները մտքեր փոխանակեցին խաղաղ գործընթացի վերսկսման հնարավորությունների և վերջինիս շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային հարցերի հասցեագրման շուրջ: Այս առնչությամբ նախարար Այվազյանը նշեց, որ հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը, իսկ ուժի կիրառման հետևանքները չեն կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում:  Այս համատեքստում նախարար Այվազյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը շարունակել խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջազգայնին մանդատ ունեցող միակ ձևաչափ:  ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր փոխանակեցին հումանիտար հարցերի հասցեագրման շուրջ, որոնք ամրագրված են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հրամայականը՝ շեշտելով այդ հարցում Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի անընդունելիությունը»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
10:47 - 17 փետրվարի, 2021
Տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Ի շարունակումն նախկինում ունեցած շփումների` ԱԳ նախարարները համընդգրկուն քննարկում են ունեցել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ, անդրադարձ են կատարել Արցախում հումանիտար իրադրության և արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։Հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցը` ընդգծելով Ադրբեջանի կողմից այդ գործընթացում խոչընդոտներ ստեղծելու անթույլատրելիությունը։ Այս առնչությամբ ԱԳ նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի իր գործընկերոջը՝ հարցն օրակարգում մշտապես բարձր պահելու համար:ԱԳ նախարարները շեշտել են ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում և մտքեր փոխանակել համանախագահների գործունեության առաջիկա ժամանակացույցի շուրջ։Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցեր։ Զրուցակիցները բարձր են գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ Արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի պատվիրակության վերջերս Հայաստան կատարած այցը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները տեղում քննարկելու համար, մտքեր են փոխանակվել այցի արդյունքներով ձեռնարկվելիք հետագա քայլերի շուրջ։ ԱԳ նախարարներ Այվազյանը և Լը Դրիանը կարևորել են տարբեր մակարդակներով փոխշփումների և խորհրդակցությունների շարունակականությունը:
21:25 - 11 փետրվարի, 2021
Արա Այվազյանը տեղյակ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված երրորդ հայտարարությունից |hetq.am|

Արա Այվազյանը տեղյակ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված երրորդ հայտարարությունից |hetq.am|

hetq.am: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԳ նախարար Արա Այվազյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ փաստաթուղթ կա ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի վերաբերյալ, որի մասին Ազգային ժողովում խոսել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ասաց, թե ինքը տեղյակ չէ։ «Առանց Ռուսաստանի Դաշնության միջնորդության որեւէ փաստաթղթի մասին տեղեկացված չեմ։ Բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են, կա եւս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող ճանապարհահատվածին Դավիթ Բեկ-Գորիս հատվածում, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճարկելի հատվածներով։ Դա միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի»,- ասել էր Ավինյանը: «Ես միայն տեղյակ եմ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից»,-ասաց ԱԳ նախարարը։  
14:19 - 11 փետրվարի, 2021
Թուրքիան այլևս պատճառ չունի Հայաստանի հանդեպ կիրառել սահմանների  շրջափակում. Արա Այվազյան

Թուրքիան այլևս պատճառ չունի Հայաստանի հանդեպ կիրառել սահմանների շրջափակում. Արա Այվազյան

Առկա է նոր իրավիճակ և նոր իրողություն, որն առաջ է բերում նոր մարտահրավերներ․ վիճակը, անշուշտ, շատ բարդ է, և մեր հիմնական նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարություն-խորհրդարան հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ շեշտելով, որ դա հեշտ հարց չէ, ու սա աշխարհաքաաքական իրավիճակի ընդհանուր  արտացոլումն է․ «Բնականաբար, որպես պետություն, որպես կառավարություն, որպես հասարակություն մենք պետք է ձգտենք բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի իրավիճակը գնա դեպի դեէսկալացիա, որը կբերի նաև ՀՀ շուրջ անվտանգության մթնոլորտի ամրապնդմանը։ Դիվանագիտության համար նույնպես առաջնային է անվատանգության ամրապնդումը»,- ասաց նախարարը։ Նա նշեց, որ  անվտանգային մթնոլորտն ունի շատ տարրեր՝ սկսած ներքին անդորրի ամրապնդումից։ Ըստ Այվազյանի՝ դրանց մեջ մտնում է նաև Հայաստանի շուրջ բարենպաստ մթնոլորտի ձևավորումը։ Խոսելով Կարսում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին՝ նախարարը շեշտեց, որ ցանկացած զորավարժություն մտահոգության առիթ է տալիս․ «Մի կողմից մենք տեսնում ենք նման դրսևորումներ, և մյուս կողմից տեսնում ենք նույն Թուրքիայից եկող տարբեր մեսիջներ։ Դիվանագիտության մեջ ընդունված է մեսիջներով ինչ-որ ուղեևձներ հասցնել, բայց, հաշվի առնելով հենց Թուրքիայի հանգամանքը, ես կարծում եմ, որ ժամանակն է եկել, որ մենք ուղղորդվենք ոչ թե մեսիջներով, այլ նախ և առաջ գործողություններով։ Վստահ եմ, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո պետք է վերադառնա բնականոն գործընթաց, և խոսքն այն մասին է, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակում․ ինչպես գիտեք՝ սահմանների փակումը կապված էր Արցախի ստատուս քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը՝ շեշտելով, որ Թուրքիան այլևս Հայաստանի հետ սահմանը փակ պահելու պատճառ չունի։ Այվազյանը հավելեց, որ այս պահի դրությամբ, որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը  և երկրի  դիվանագիտությունը  գործուն ջանքեր են գործադրելու, որպեսզի պետության  անմիջական շրջապատը դառնա նպաստավոր՝ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար։  ԱԺ անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը, արձագանքելով նախարարի պատասխանին, ասաց, որ, հաշվի առնելով պատմության փորձը, ինքը կարծում է՝ սահմանների շրջափակման հարցի կարգավորումը կարող է մեկ այլ, ավելի բարդ խնդրի առաջ կանգնեցնել մեզ, քանի որ գործ ունենք Թուրքիայի հետ․ «Ես չեմ ուզում խոսել տնտեսական, ֆինանսական ծանր հետևանքների մասին։ Ձեր պատասխանի հիմքում դնում եք այնպիսի մի ձևակերպում, առ որի մենք չունենք խնդիր, բայց մենք ունենք խնդիրներ, և դրանք շարունակում են մնալ չլուծված և օրհասական։ Երբ հարևան երկու պետությունները  թշնամական հռետորաբանությամբ իրականացնում են նման մասշտաբի զորավարժություններ, դա անմիջական սպառնալիք է»,- ասաց Գևորգյանը։  Նախարարը մեջբերեց իր խոսքը՝ կրկին հաստատելով, որ ցանկացած զորավարժություն մտահոգության տեղիք է տալիս և մեր դիվանագիտությունը պետք է բոլոր ջանքերը ներդնի երկրի շուրջ անվտանգային մթնոլորտ ստեղծելու համար։  «Բնականաբար, ապագայում ապաշրջափակումը և՛ ստեղծելու է հնարավորություններ, և՛ լուրջ մարտահրավերներ։ Մենք պետք  է պատրաստ լինենք և՛ դիմակայել այդ մարտահրավերներին, և՛ օգտվել ընձեռած հնարավորություններից։ Ես կարծում եմ, որ Հայաստանի համար, մեր դիվանագիտության համար պետք է, մեր պետության և ժողովրդի համար պետք է մեր շուրջը ձևավորել բարենպաստ մթնոլորտ՝ չխախտելով կարմիր գծերը և պաշտպանելով մեր պետական և ազգային շահերը»,- եզրափակեց նախարարը։
18:11 - 10 փետրվարի, 2021
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ

Փետրվարի 8-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ:Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ` առանձնահատուկ ընդգծելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հարթակի դերը համագործակցային օրակարգն առաջ մղելու և խորացնելու  գործում: Զրույցի ընթացքում նախարար Արա Այվազյանը և Ֆիլիպ Ռիքերը վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը՝ շարունակելու գործնական ջանքերը հայ-ամերիկյան հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներով փոխշփումների և խորհրդակցությունների անցկացման, բազմաոլորտ համագործակցության ընդլայնման միջոցով:Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է հումանիտար խնդիրների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցում Ադրբեջանի կողմից խոչընդոտների ստեղծման անթույլատրելիության վրա: Երկուստեք ընդգծվել է ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ինչը հստակորեն ամրագրված է համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների՝ դեկտեմբերի 3-ին արված հայտարարությամբ: Նախարար Այվազյանն առանձնահատուկ կարևորել է այլատյացության դեմ պայքարի ուղղությամբ ջանքերի բազմապատկումը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման համար, այդ թվում՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների կրկնումը բացառելու միջոցով:
21:30 - 08 փետրվարի, 2021
Այվազյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները

 |armenpress.am|

Այվազյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ու Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երեք երկրների ղեկավարների հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները: Այս մասին հաղորդագրությունը հրապարակված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համաձայնությունների իրականացման քայլերը, ինչպես նաև 2021թ. հունվարի 30-ին Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ կայացած աշխատանքային խմբի հանդիպման արդյունքները»,- ասված է հաղորդագրությունում: Արտգործնախարարները դիտարկել են երկկողմ հարաբերությունների առկա իրավիճակն ու հեռանկարները, փոխգործակցությունը միջազգային հարցերում:  
21:58 - 05 փետրվարի, 2021
ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ

Փետրվարի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ Նախարար Ժան Ասելբորնի հետ: Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու առկա դինամիկան պահպանելու ուղղությամբ: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության առնչությամբ: Տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի համատեքստում նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը երախտագիտություն հայտնեց Ժան Ասելբորնին պատերազմի ընթացքում Լյուքսեմբուրգի սկզբունքային դիրքորոշման և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով արցախահայությանը ցուցաբերած հումանիտար աջակցության համար։
19:43 - 05 փետրվարի, 2021
Նպատակն է ընդլայնել մեր տնտեսական օրակարգը. Արա Այվազյանը՝ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի այցի մասին

Նպատակն է ընդլայնել մեր տնտեսական օրակարգը. Արա Այվազյանը՝ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի այցի մասին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ամփոփել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարի հետ հանդիպման արդյունքներն ամփոփել է Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում: Հարց. Ինչի՞ վրա շեշտը դրվեց, և հանդիպման արդյունքում ի՞նչ արդյունքներ ունեցանք։  Արա Այվազյան. Նախ, սա պարոն Լըմուանի 5-րդ այցելությունն է Հայաստան, իսկ վերջին երկու ամիսների ընթացքում՝ երկրորդ այցելությունը։ Բոլորս հիշում ենք,  որ մեր ամենածանր ժամանակներում՝ վերջերս, Ֆրանսիայից պատվիրակությունների հոսքը անդադար է, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև գոյություն ունեն առանձնաշնորհյալ հարաբերություններ. մեկ անգամ ևս վերահաստատվեց, որ Ֆրանսիան նեցուկ է Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի շահերին։ Այս այցը նույնպես շատ կարևոր է, որովհետև այն տեղի է ունենում՝ ի կատարումն նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունների։  Այս անգամ այս այցի նպատակն է ընդլայնել մեր տնտեսական օրակարգը։ Եվ պետքարտուղարը Հայաստան է ժամանել շատ մեծ ներկայացուցչական պատվիրակությամբ, որն արդեն մի քանի օր է՝ այստեղ է՝ կազմված Զարգացման ֆրանսիական գործակալության, արտաքին գործերի նախարարության և նաև ֆինանսների ու գանձապետարանի ներկայացուցիչներից։ Եվ մենք քննարկումներ ենք ունեցել   Հայաստանի զարգացման և նաև ապագայում կարևոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ։ Երկու արտաքին գործերի նախարարությունները մեծ անելիք ունեն այս կարևոր առաքելությունը՝ կյանքի կոչելու և մեր համատեղ քայլերը հստակեցնելու առումով։  Բնականաբար, մենք չենք կարող չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, և պետք է հատուկ նշեմ, որ Ֆրանսիան իր հստակ և անկողմնակալ կեցվածքն է ցուցաբերել հենց պատերազմի առաջին իսկ օրվանից։ Նկատի ունեմ, նախևառաջ, նախագահ Մակրոնի և արտաքին գործերի նախարար Լը Դրիանի հասցեական հայտարարությունները, որոնք ի ցույց դրեցին, թե որ երկիրն է սանձազերծել ագրեսիան Արցախի դեմ։ Ինչպես նաև մատնանշելու Թուրքիայի ներգրավվածության վտանգավորությունը՝ հատկապես հաշվի առնելով նաև զինյալ ահաբեկիչների և վարձկանների ներգրավվածությունն այս տարածաշրջանում, ինչը նաև վտանգ է  ներկայացնում միջազգային խաղաղությանն ու կայունությանը։  Բնականաբար, մենք անդրադարձել ենք անհապաղ լուծում պահանջող խնդիրներին, առաջին հերթին գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Ե՛վ Ֆրանսիան, և՛ ֆրանսիացի պաշտոնյաները մեծ ուշադրություն են դարձնում այս հումանիտար հարցերի արագ լուծմանը։ Մենք շնորհակալ ենք գործադրած ջանքերի համար։ Հուսով եմ, որ Ադրբեջանը շուտով կհրաժարվի այս պատանդառության քաղաքականությունից, հակառակ դեպքում այն շատ խնդրահարույց է լինելու պաշտոնական Բաքվի համար: Քննարկել ենք նաև մեր մշակութային ժառանգության պահպանության հարցը: Մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին և Արտաքին գործերի նախարար Լը Դրիանին, որոնք նաև մեզ աջակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակում, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ում:  Եվ վստահաբար ունեցել ենք շատ հետաքրքիր քննարկումներ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, կայունության և խաղաղության մասին, և վստահ եմ, որ մեր արդյունավետ երկխոսությունը կշարունակվի ապագայում: Ես կարծում եմ, որ այս տարի մենք կունենանք բավական ակտիվ երկխոսություն, այցեր և նաև լավ արդյունքներ: Հարց. Պարոն Այվազյան, նաև մշակութային ժառանգության հետ կապված պարոն Լըմուանը նշեց, որ նաև առաջիկայում քայլեր կձեռնարկվեն: Կխնդրեի մանրամասնել, թե այսօր ինչ շեշտեր դրվեցին և ինչ որոշակիություն մտցվեց:  Արա Այվազյան. Նախևառաջ ուզում եմ ընդգծել, որ Արցախի պատմամշակութային ժառանգությունը տարածաշրջանի, բայց նաև համաշխարհային մշակութային ժառանգության մաս է: Մեր հուշակոթողները, իսկ դրանք ավելի քան հազար չորս հարյուրն են, որոնք մնացել են Ադրբեջանի հսկողության տակ անցած հայկական տարածքներում, կարևոր վկայություն են հայ բնիկ ժողովրդի ներկայության, ինքնության, մշակույթի, արարման մասին:  Ցավոք, բոլորս գիտենք, որ այդ հուշակոթողները վտանգված են: Մենք ունեցել ենք նախկինում շատ ողբերգական նախադեպ Նախիջևանում, պատերազմի ժամանակ  նույնպես միջազգային հանրությունը տեսավ, թե ոչնչացման, կեղծման և յուրացման ինչ փորձեր են արվել: Ֆրանսիան նույնպես շատ ակտիվ դեր է խաղացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում այս հարցի հասցեագրման ուղղությամբ: Նոր պետքարտուղարն ինձ տեղեկացրեց, որ երկկողմ ձևաչափով առաջիկայում նախատեսվում է նաև Ֆրանսիայի կողմից հատուկ առաքելություն ուղարկել տարածաշրջան` Արցախ, որպեսզի գործադրվեն փաստահավաք մեխանիզմներ, որոնք նաև պահպանության համար որոշ երաշխիք կձևավորեն:  Շնորհակալություն:   
15:50 - 29 հունվարի, 2021
Տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման առանցքը Արցախի իրավական կարգավիճակի սահմանումն է. Արա Այվազյան

Տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման առանցքը Արցախի իրավական կարգավիճակի սահմանումն է. Արա Այվազյան

Հունվարի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի և նրա գլխավորած պատվիրակության հետ։ Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը հանգամանալից քննարկում ունեցան հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի շուրջ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու բազմաոլորտ գործընկերության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ: Որպես առաջնահերթություն ընդգծվեց առևտրատնտեսական համագործակցության ներուժի արդյունավետ օգտագործումը, ներառյալ՝ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից Հայաստանում թիրախային նոր ծրագրերի իրականացման, ներդրումային նոր հնարավորությունների դիտարկման միջոցով։ Նախարար Այվազյանը և պետքարտուղար Լըմուանն անդրադարձան նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Նախարար Այվազյանն իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիային՝ Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի առնչությամբ անկողմնակալ դիրքորոշում և գնահատական հայտնելու համար: Երկուստեք ընդգծվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման հրամայականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղության գործընթացի շրջանակում: Նախարար Այվազյանն նշեց, որ տարածաշրջանում տևական խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման առանցքը Արցախի իրավական կարգավիճակի սահմանումն է՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա։ ՀՀ ԱԳ նախարարը պետքարտուղար Լըմուանի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցին և այդ ուղղությամբ Ադրբեջանի կողմից  հարուցվող շինծու խոչընդոտներին։    Քննարկումների կենտրոնում էին նաև հայկական պատմամշակութային կոթողների պահպանման հարցերը: Այս համատեքստում զրուցակիցները կարևորեցին ինչպես միջազգային մասնագիտացված կառույցների, հատկապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անխափան ներգրավվածությունը, այնպես էլ երկկողմ համագործակցության հնարավորությունների օգտագործումը:  
20:10 - 28 հունվարի, 2021
Տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ և պարտվողներ, պետք է լինի արժանապատիվ խաղաղություն. Արա Այվազյան |1lurer.am|

Տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ և պարտվողներ, պետք է լինի արժանապատիվ խաղաղություն. Արա Այվազյան |1lurer.am|

1lurer.am: Արցախի հիմնահարցը լուծված չէ, կա հիմնական առանցքային հարց, որն Արցախի կարգավիճակի հստակեցումն է, որի մասին խոսել են նաև Համանախագահ երկրները՝ ԱԳ նախարարների մակարդակով: Այս մասին այսօր Եռաբլուրում հայտարարեց ԱԳ նախարար Արա Այվազյանը: «Որպեսզի խոսենք տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության մասին, նախ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ, որն ստեղծվում է  շատ կարևոր հարցերի լուծման պարագայում՝ առաջին հերթին՝ մեր գերիների ազատ արձակման հարցում:Կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է, և եթե այս հարցը շարունակի շահարկվել, վստահ եմ, որ այն լինելու է նաև խնդրահարույց Ադրբեջանի համար: Կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով աշխատում է: Մեր գծով միջազգային ճնշումն օրեցօր աճում է, և հույս ունեմ, որ Ադրբեջանը կհասկանա՝ հարցը պետք է ունենա հրատապ լուծում:Վստահ եմ, որ հետևել եք Մինսկի համանախագահների և ԱԳ նախարարների հայտարարություններին, որոնք նշում են՝ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն: Առանցքային հարցը մնացել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը:Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, ակնկալում ենք առաջիկայում նրանց այցը տարածաշրջան: Եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին, պետք է ընդհանուր ըմբռնում լինի: Տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ և պարտվողներ: Պետք է լինի արժանապատիվ խաղաղություն»,- ասաց Արա Այվազյանը: 
10:06 - 28 հունվարի, 2021
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Հունվարի 27-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:  Ի շարունակումն նախկինում ունեցած շփումների՝ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի, տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: Մտքեր փոխանակվեցին նոյեմբերի 9-ի և դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական իրականացման ընթացքի շուրջ: Հայտարարությամբ ամրագրված հումանիտար հարցերի համատեքստում նախարար Այվազյանն ընդգծեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը Հայաստանի համար:  Նախարար Այվազյանը շեշտեց, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման խթանման համար:  Նախարարներ Այվազյանը և Լավրովը մտքեր փոխանակեցին նաև միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
18:29 - 27 հունվարի, 2021
Հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ. Արա Այվազյան

Հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ. Արա Այվազյան

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի բացման խոսքը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը. «Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում: Իհարկե, առանձնազրույցի ժամանակ մենք արդեն իսկ հանգամանալից անդրադարձանք երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերին: Այժմ մեր քննարկումները կշարունակենք նաև ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունը և փոխադարձ հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու բանալին: Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, սերտ առևտրատնտեսական կապերը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Այս հանդիպումը լավ առիթ է մտքեր փոխանակելու բազմաոլորտ փոխգործակցության հեռանկարների շուրջ, ուրվագծելու առաջիկա քայլերը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել ամրապնդել և զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը: Իրանը Հայաստանի 4-րդ առևտրային գործընկերն է, և, բնականաբար, մեր օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առևտրատնտեսական փոխգործակցության խթանումը: Անշուշտ մեր քննարկումներում մեծ տեղ է հատկացվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին, և դրանց շուրջ մտքերի փոխանակումը շարունակելու ենք նաև օրվա ընթացքում:  Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն:  Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ: Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար:  Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Երևանում»:
13:36 - 27 հունվարի, 2021
ԼՂ հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի փորձի արդյունքում տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների. ԱԳ նախարար

ԼՂ հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի փորձի արդյունքում տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ անդրադարձել է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծված պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: «Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն: Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ: Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
11:51 - 27 հունվարի, 2021