ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Ոստիկանությունում և քննչական մարմիններում իրականացվող բոլոր վարույթները կլինեն ՄԻՊ-ի ուշադրության ներքո․ ՄԻՊ-ը՝  Կապանում տեղի ունեցած ձերբակալությունների մասին

Ոստիկանությունում և քննչական մարմիններում իրականացվող բոլոր վարույթները կլինեն ՄԻՊ-ի ուշադրության ներքո․ ՄԻՊ-ը՝ Կապանում տեղի ունեցած ձերբակալությունների մասին

Կապանում երեկ վաղ առավոտից գործում է Մարդու Իրավունքների Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը, ինչպես նաև կենտրոնական մարմինը Երևանում՝ անմիջականորեն հետևելով իրադարձություններին: Օրվա ընթացքում կապ է պահպանվել ինչպես Ոստիկանության ու քննչական մարմնի, այնպես էլ փաստաբանների հետ: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։ Ոստիկանությունում և քննչական մարմիններում իրականացվող բոլոր վարույթները կլինեն Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկման ներքո է նաև Կապանում տեղի ունեցող հավաքը: Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև տեղեկություններն այն մասին, որ Ոստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան և լուծում ստանան բացառապես իրավական ճանապարհով: Յուրաքանչյուր հարցի լուծում պետք է տրվի այնպես, որ թույլ չտրվի որևէ լարվածություն, իսկ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը Պաշտպանի հատուկ ուշադրության ներքո են:
09:16 - 25 մայիսի, 2020
ՄԻՊ-ը զբաղվում է Քաջարանի բնակիչների ահազանգած բռնության դեպքերով. եւս մեկ անձ է բերման ենթարկվել Երեւանում

ՄԻՊ-ը զբաղվում է Քաջարանի բնակիչների ահազանգած բռնության դեպքերով. եւս մեկ անձ է բերման ենթարկվել Երեւանում

Այսօր առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել երկու փաստաբան, ովքեր նշել են, որ Ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկվել իրենց 3 վստահորդները, իրենք այցելել են Ոստիկանության բաժին, սակայն Ոստիկանները թույլ չեն տվել մուտք գործել բաժին և տեսակցել իրենց վստահորդներին: Այս ահազանգերից քիչ անց փաստաբանները կրկին տեղեկացրել են, որ արգելանքի վերացված անձանցից երկուսն արդեն գտնվում են քննչական մարմնում: Փաստաբանների ահազանգերից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին են զանգել Քաջարանի բնակիչներ և տեղեկացրել, որ առավոտյան Ոստիկանության Կապանի բաժին բերման ենթարկված անձանցից մեկի մտերիմներն են, ով ազատ է արձակվել և գտնվում է իրենց մոտ: Ըստ Քաջարանի բնակիչների ահազանգի՝ բերման ենթարկված և ազատ արձակված անձի վրա առա են մարմնական վնասվածքներ, Ոստիկանությունը նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել ինչպես տանից բերման ենթարկելու ընթացքում, այնպես էլ Ոստիկանության բաժնում, ինչպես նաև նրա հասցեին արվել են արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ: Ըստ ահազանգի՝ նա ներկայում հետազոտություն է անցնում բժշկական հաստատությունում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ուղարկվել լուսանկարներ, որոնք քաղաքացիների պնդմամբ՝ վկայում են բռնության փաստի մասին: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրենք մանրամասն ուսումնասիրել են նաև բոլոր հրապարակային տվյալները, այդ թվում՝ լուսանկարները: «Ահազանգերից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թե ՛ կենտրոնական մարմինը, թե՛ Սյունիքի մարզային ստորաբաժանումը նախաձեռնել են անհրաժեշտ քայլեր: Աշխատանքներ են տարվել Ոստիկանության և քննչական մարմինների հետ: Կապի մեջ ենք փաստաբանների ու ահազանգ ներկայացրած քաղաքացիների հետ: Արդեն իսկ աշխատում է մեր Կապանի ստորաբաժանումը և փաստաբանները կամ քաղաքացիները կարող են ստանալ լիարժեք աջակցություն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պարզած նախնական տվյալով այս գործով առկա է ևս մեկ անձ, որ բերման ենթարկվել և ձերբակալվել է Երևանում: Այս հարցով մենք կապի մեջ կլինենք քննչական մարմնի հետ: Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ։ Ընդ որում, ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։ Այսպիսի դեպքերում ծառայողական քննությունը չի կարող փոխարինել քրեական վարույթին ու չի կարող լինել նման տվյալների ստուգման ընդունելի ձև: Վաղն առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի Դատախազություն և Ոստիկանություն։ Փաստաբանները նշել են, որ ահազանգից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին առավոտյան կներկայացնեն լրացուցիչ գրավոր բողոք, ինչը նույնպես հաշվի կառնվի մեր գրավոր պահանջները կազմելիս: Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»,-գրել է Թաթոյանը։ Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի: Ըստ լրատվամիջոցների հրապարակումների եւ քաղաքացիների ահազանգերի, նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել, նրանք ծեծի են ենթարկվել: ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ:
17:25 - 24 մայիսի, 2020
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փաստաբան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման դեպքով |armenpress.am|

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փաստաբան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման դեպքով |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման դեպքով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ խոսել է Տիգրան Աթանեսյանի հետ, ով տեղի ունեցածը կապում է իր մասնագիտական գործունեության հետ: «Այս հարցը պետք է լինի իրավապահ մարմինների կողմից առաջնահերթ պարզելու ենթակա հարց, քանի որ փաստաբանի մասնագիտական գործունեությունը գտնվում է օրենքի հատուկ պաշտպանության ներքո։ Տեղյակ եմ, որ Ոստիկանությունը ժամանել է ահազանգով, նախաձեռնվել է վարույթ և իրականացվում են գործողություններ: Մենք կապի մեջ կլինենք Ոստիկանության հետ: Ցանկացած պարագայում է դատապարտելի երևույթը, որ նկարագրվում է հրապարակումներով ու փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից, առավել ևս, որ վերաբերում է ընտանիքի անդամների՝ կնոջ ու անչափահաս երեխաների ու այն էլ, երբ նրանք գտնվել են իրենց տանը»,-գրել է Թաթոյանը։
13:24 - 23 մայիսի, 2020
Ադրբեջանի Օմբուդսմանը խեղաթյուրել է Արման Թաթոյանի խոսքերը և հնչեցրել է քաղաքական հայտարարություններ․ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը

Ադրբեջանի Օմբուդսմանը խեղաթյուրել է Արման Թաթոյանի խոսքերը և հնչեցրել է քաղաքական հայտարարություններ․ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը

ՀՀ ազգային ժողովում 2019 թվականի հաղորդումը ներկայացնելիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ մարդու իրավունքներն ունեն համընդհանուր բնույթ և Արցախում ապրող հայերի՝ երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ՝ տարածքի քաղաքական կարգավիճակից կամ քաղաքական որևէ այլ գործոնից: Սա հանրահայտ գաղափար է, որ բխում է status neutral միջազգային իրավապաշտպան սկզբունքից: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։ Դրանից բացի, խորհրդարանի պատգամավորներից մեկի հարցին այն մասին, թե արդյոք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեսնում է համագործակցության եզրեր ադրբեջանական Օմբուդսմանի հետ մարդու իրավունքների պաշտպանության հարցրերով, Արման Թաթոյանը պատասխանել է, որ դեռ առիթ չի ունեցել հանդիպելու հարևան երկրի նոր Օմբուդսմանին, սակայն միջազգային հանդիպումների շրջանակում առիթը լինելու դեպքում պատրաստ է հանդիպել իր գործընկերոջը: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն արտահայտել է դիրքորոշում հանդիպման պատրաստակամության մասին: Դրանից բացի, Պաշտպանը նաև ընդգծել է, որ կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Արցախում բնակվող հայերի իրավունքներին առնչվող միջազգային քննարկումներին մասնակից դարձվեն նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և քաղաքացիական հասարակությունը: Ելույթից անմիջապես հետո Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարը, այսինքն՝ Օմբուդսմանը, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որն ուղեկցվել է Մարդու իրավունքների հաստատության ղեկավարին ակնհայտորեն ոչ բնորոշ, այդ թվում՝ քաղաքական բնույթի մեկնաբանություններով՝ մեջբերումներ անելով իր երկրի քաղաքական իշխանությունների պաշտոնական դիրքորոշումներից և անգամ հարցը դիտարկելով Արցախի հարցի քաղաքական լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տեսանկյունից, օգտագործելով ագրեսիա ու ատելություն գեներացնող արտահայտություններ: Ավելին, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի այս մեկնաբանություններն ուղեկցվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին ուղղված հրապարակային վիրավորանքներով՝ նշելով, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «պրիմիտիվ մեթոդներով իրավական հարցերը վերածել է քաղաքական մանիպուլյացիաների օբյեկտների և կազմակերպել է էժանագին շոու»: Դրանից հետո Ադրբեջանի Օմբուդսմանը առաջ է քաշել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման քաղաքական նախապայման՝ նշելով, որ «Հայաստանի մարդու իրավունքների օմբուդսմենի հետ բանակցություններ անցկացնել հնարավոր կլինի միայն օկուպացիայի փաստի վերացումից հետո»:  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ստիպված է արձագանքում ադրբեջանական Օմբուդսմանի այս քաղաքական և վիրավորական հայտարարություններին, որպեսզի թույլ չտրվի իր արտահայտությունների ու դիրքորոշման ակնհայտ աղավաղում, ինչպես նաև միջազգային գործընկերներին չներկայացվեն կեղծ տեղեկություններ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ցավում է, որ Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարն անում է քաղաքական բնույթի հայտարարություններ: Սակայն մենք ձեռնպահ ենք մնում քաղաքական հայտարարությունների գնահատական տալուց՝ հաշվի առնելով, որ այն հարիր չէ մարդու իրավունքների հաստատությանը: Ափսոսում ենք, որ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը երկու կառույցների միջև շփումների կամ քննարկումների համար առաջադրում է քաղաքական նախապայմաններ՝ ակնհայտորեն հետևելով այն քաղաքական գծին, որը իրականացնում են Ադրբեջանի քաղաքական իշխանությունները։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հույս ուներ, որ Ադրբեջանի նոր Օմբուդսմանը կարող էր որդեգրել մարդու իրավունքների միջազգային հանրաճանաչ սկզբունքների և չափանիշների կիրառմամբ համագործակցության նոր մոտեցումներ, սակայն քաղաքական պաշտոնական քարոզչությունից որևէ տառով չտարբերվող դիրքորոշմամբ հանդես գալը ցույց է տալիս, որ այդ հարցում փոփոխություն չկա: Օմբուդսմանների և մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության հիմնարար սկզբունքներից է ապաքաղաքական աշխատանքը։ Այդ համագործակցությունը պայմանավորված է մարդու իրավունքները արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտությամբ՝ անկախ քաղաքական գործոններից։ Ուստի, մարդու իրավունքների օրակարգի ձևավորման ու ապահովման հարցում մարդու իրավունքների անկախ հաստատությունների միջև համագործակցության համար չպետք է լինեն քաղաքական նախապայմաններ։ Մարդու իրավունքների պաշտպանությունն ունիվերսալ բնույթ ունի, հետևաբար՝ Արցախում բնակվող մարդու իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունը չպետք է կախվածության մեջ դրվի Արցախի քաղաքական կարգավիճակի շուրջ առկա անհամաձայնություններից։ Արցախում էլ են ապրում երեխաներ, կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք, և չի կարելի զրկել նրանց իրավական պաշտպանությունից, ինչը կհակասի մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին։ Մարդու իրավունքների պաշտպանության նման հարցեր քննարկելիս անփոխարինելի է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի լիարժեք ներգրավումը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը, քանի որ մարդու իրավունքների հետ կապված հարցերը չեն կարող կապված լինել քաղաքական որևէ գործոնի հետ։
11:27 - 22 մայիսի, 2020
Այդպիսի արատավոր երևույթներն ուղղակի պետք է ի սպառ բացառվեն․ Արման Թաթոյանը՝ Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին երեխայի մասին գրառման վերաբերյալ

Այդպիսի արատավոր երևույթներն ուղղակի պետք է ի սպառ բացառվեն․ Արման Թաթոյանը՝ Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին երեխայի մասին գրառման վերաբերյալ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ատելության խոսքի դեմ պայքարի հարցում իրավապահ մարմինների գործունեության սկզբունքները և քրեական քաղաքականության ուղղությունները հասկանալու, ճիշտ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու նպատակով այսօր համապատասխան գրություններ կհասցեագրեմ իրավապահ մարմիններին, այդ թվում՝ կապված Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին երեխայի մասին գրառման հետ: Հստակության համար հատուկ նշում եմ, որ որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաև պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ քաղաքացիների միջև հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն: Երեկվա իմ հայտարարությունը նպատակ ուներ ևս մեկ անգամ ընդգծել ատելության խոսքի՝ արատավոր երևույթի բացարձակ անթույլատրելիությունը: Այդպիսի արատավոր երևույթներն ուղղակի պետք է ի սպառ բացառվեն, որոնք, ցավոք, ստանում են լայն տարածում ու դա առաջացնում է վտանգավոր հետևանքներ, դա բազմապատկում է վիրավորանքն ու ատելությունը»։ Ավելի վաղ Արման Թաթոյանը նաև գրել էր․ «Հենց նոր տեսա Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հետ կապված ինչ որ մի անձի բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական գրառումը։ Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երևույթն է՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոնտահարող արտահայտություններով։ Բացարձակ դատապարտելի է առավել ևս նորածին երեխային ուղղված ատելությունը։ Նման երևույթները պետք է ի սպառ բացառվեն, արմատախիլ արվեն, իսկ այդպիսի անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների։ Սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում եմ այդ անձի գրառումը որևէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու և նրա անձը առավել չհանրայնացնելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն բոլոր միջոցները, հարցը կլինի իմ անմիջական ուշադրության ներքո։ Առավոտյան ձեռնարկված քայլերի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»։
11:30 - 20 մայիսի, 2020
Խիստ մտահոգիչ է, երբ մարդու արժանապատվությունը վիրավորող գրառում է անում երկրի Հանրային խորհրդի նախագահը. ՄԻՊ

Խիստ մտահոգիչ է, երբ մարդու արժանապատվությունը վիրավորող գրառում է անում երկրի Հանրային խորհրդի նախագահը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հանրային խորհրդի նախագահ Ստոյպա Սաֆարյանի՝ նախօրեին արված գրառմանը, որը վերջինս գրել էր՝ պատասխանելով ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային:ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս առիթով գրել է.«Պետք է դադարեցնել իրար վիրավորելու, իրար արժանապատվություն նսեմացնելու վտանգավոր սովորությունը: Դա բերում է վտանգավոր հետևանքների, դա բազմապատկում է վիրավորանքն ու ատելությունը, դա ի վերջո սադրում է բռնություն:Սա հատկապես վերաբերում է հանրային գործունեություն ծավալող ու մանավանդ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, ովքեր պետք է լինեն զսպված և թույլ չտան վիրավորանք, ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք: Հանրային պաշտոնյաների դեպքում պահանջներն առավել խիստ են, քանի որ նրանք ունեն կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված են այդ կարգավիճակի սահմաններով: Ցանկացած շեղում կարող է առաջացնել իրավական հետևանքներ, այդ թվում՝ պատասխանատվություն:Խիստ մտահոգիչ երևույթ է, երբ մարդու արժանապատվությունը վիրավորող, նսեմացնող գրառում է անում երկրի Հանրային խորհրդի նախագահը՝ որպես հանրային պաշտոն զբաղեցնող և օրենքով ստեղծված ու կոնկրետ խնդիրներ, իրավական կոնկրետ կարգավիճակ ունեցող մարմնի ղեկավար, ում պաշտոնի հրամայականով թելադրված պարտադիր խնդիրն է հասարակությունում փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը:Հանրային խորհրդի ղեկավարի գրառման ուսումնասիրությունը վկայում է, որ դա արվել է կնոջը վիրավորելով՝ նրա սեռի թիրախավորմամբ: Առավել մտահոգիչ է, որ այդ գրառման ներքո արվում են արժանապատվությունը նսեմացնող ու ատելություն գեներացնող մեկնաբանություններ, որոնք ոչ միայն չեն հեռացվում, այլ նաև ակնհայտ խրախուսվում են:Ցանկացած տեսակի բանավեճում պետք է քննարկել միայն բովանդակային կամ առարկայական հարցեր՝ առանց ընդդիմախոսին վիրավորանք հասցնելու կամ նրա արժանապատվությունը նսեմացնելու:Սրանք կանոններ են, որ կնպաստեն հասարակությունում համերաշխության մթնոլորտի և փոխադարձ հարգանքի երշախավորմանը»: 
14:25 - 17 մայիսի, 2020
ՄԻՊ-ի հայտարարությունը՝ Հրանուշ Խառատյանի, Հարություն Մարությանի և Արփենիկ Մարությանի հետ կապված գործով գլխավոր դատախազին դիմելու վերաբերյալ

ՄԻՊ-ի հայտարարությունը՝ Հրանուշ Խառատյանի, Հարություն Մարությանի և Արփենիկ Մարությանի հետ կապված գործով գլխավոր դատախազին դիմելու վերաբերյալ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարկ է համարում պարզաբանել, որ Մարդու իրավունքների պաշտպանը Հրանուշ Խառատյանի, Հարություն Մարությանի և նրա դստեր՝ Արփենիկ Մարությանի հետ կապված գործով մի քանի օր առաջ հեռախոսազրույց է ունեցել Գլխավոր դատախազի հետ։ Պաշտպանը տիկին Խառատյանին տեղեկացրել է, որ Գլխավոր դատախազը իրեն պարզաբանել է, որ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ քրեական ոստիկանություն քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Գլխավոր դատախազը հանցակազմի առկայության կամ բացակայության հետ կապված կարծիք կամ դիրքորոշում չի հայտնել և, հետևաբար, այդպիսի կարծիք չէր կարող փոխանցվել տիկին Խառատյանին։ Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը Հրանուշ Խառատյանի, Հարություն ու Արփենիկ Մարությանների գործով գրություններ է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն»:
18:47 - 13 մայիսի, 2020
Անընդունելի եմ համարում Ձեր անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորներից մեկի կամ մի քանիսի ելույթի նկատմամբ. Արարատ Միրզոյանը՝ Արման Թաթոյանին |tert.am|

Անընդունելի եմ համարում Ձեր անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորներից մեկի կամ մի քանիսի ելույթի նկատմամբ. Արարատ Միրզոյանը՝ Արման Թաթոյանին |tert.am|

tert.am: Այնուամենայնիվ, իհարկե, Դուք կատարում եք Ձեր սահմանադրական պարտականությունները Ձեր համոզմամբ շատ լավ, շատերի համար շատ լավ, այնուամենայնիվ, պետք է հաշտվել այն իրողության հետ, որ գործունեության այս կամ այն ասպեկտ կարող է և գոհացուցիչ չլինել այս կամ այն պատգամավորի համար, և սա պատգամավորի իրավունքն է: Այս մասին այսօր Աղգային ժոովում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:«Դուք գիտեք՝ Ձեր նկատմամբ ես ունեմ անթաքույց հարգանք և շատ լավ համագործացում ենք, բայց պետք է հրապարակավ ասեմ, որ որպես ԱԺ նախագահ անկեղծ ասած նաև անընդունելի եմ համար Ձեր՝ թույլ տվեք ասել, անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորներից մեկի կամ մի քանիսի ելույթի, դիտարկումների նկատմամբ: Դուք պետք է ավելի հարգալից լինեք ԱԺ պատգամավորների նկատմամբ»,-ասաց նա և նշեց, որ մենք բոլորս պետք է ավելի հարգալից և հանդուրժող լինենք բոլորիս նկատմամբ, դրանից հավատացնում եմ՝ բոլորս կշահենք:
14:17 - 12 մայիսի, 2020
Վլադիմիր Վարդանյանի կարծիքով` ՄԻՊ ինստիտուտը սկսել է ազատ գործել հեղափոխությունից հետո |armenpress.am|

Վլադիմիր Վարդանյանի կարծիքով` ՄԻՊ ինստիտուտը սկսել է ազատ գործել հեղափոխությունից հետո |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը սկսել է ազատ գործել թավշյա հեղափոխությունից հետո: Վարդանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ՄԻՊ-ի տարեկան զեկույցի քննարկմանը: «ՄԻՊ ինստիտուտը վերջնակապես իր թևերն է բացել և սկսել է ազատ գործել միայն թավշյա հեղափոխությունից հետո: Եթե ուսումնասիրենք մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեությունը, ապա կտեսնենք, թե ինչպես է ՄԻՊ-ը առավել անկաշկանդ և ազատ իր լիազորությունների շրջանակում սկսել իրականացնել իր գործունեությունը»,-ասաց նա: Վարդանյանը ուրախությամբ և հպարտությամբ նշեց, որ ՀՀ ազգային ժողովի ամբիոնից ՄԻՊ-ը խոսում է Հայաստանում առկա մարդու իրավունքների խնդիրերի մասին: Նա դա համարեց չափազանց կարևոր: Պատգամավորը նկատեց, որ նաև աննորմալ կլինի, որ ՄԻՊ-ի ելույթը ԱԺ-ում պարզապես արժանանա ծափողջույնների, և որևէ հարցադրումներ չհնչեն: Նրա կարծիքով՝ դա կխոսի այն մասին, որ ժողովրդավարության հետ խնդիրներ կան: Պատգամավորը շեշտեց՝ ՄԻՊ-ը պետք է պաշտպանի բոլորի իրավունքները, սակայն նկատեց՝  հասարակության մեջ կան խոցելի խմբեր, իրավիճակներ, երբ ՄԻՊ-ի դերակատարությունը շատ աելի կարևոր է: «Եվ այդ հարցերի վրա կենտրոնացումը չի նսեմացնում այն դերակատարությունը, որ վերջինս պետք է ունենա: Դրական խտրականությունը չի քննադատվում և չպետք է քննադատվի: Այո, մենք պետք է ընդունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ պաշտպանության կարիք ունի, քան խորհրդարանական իշխանությունը»,-ասաց Վարդանյանն ու հիշեց՝ իրենց քաղաքական ուժը ևս եղել է ընդդիմություն, և չեն ուզում, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը կրկնվի ներկայիս ընդդիմության նկատմամբ: Նա հիշեցրեց, որ հեղափոխության օրերին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույն կերպ և շատ ակտիվ այցելում էր այն ժամանակվա դեռ ընդդիմությանը, այն անձանց, որոնք այդ օրերին ապօրինաբար զրկվել էին ազատությունից: Նա ՄԻՊ-ին հորդորեց, որ ցանակցած անձի, որն ապօրինի ոչ իրավաչափ ձևով կհայտնվի ազատազարկման վայրում, այցելի և կատարի ՄԻՊ-ի սահմանադրական պարտավորությունները: Թաթոյանը, անդրադառնալով Վարդանյանի ելույթին, վստահեցրեց՝ ՄԻՊ-ը միշտ է եղել անկաշկանդ: «Ես միշտ եմ իր գործողություններում եղել ազատ, անկաշկանդ: 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձությունների հետևանքով իրավիճակը փոփոխության պատճառով մեր աշխատանքը սկսվեց նաև շատ երևալ»,-ասաց ՄԻՊ-ը: Նա նկատեց՝ նաև քաղաքացիների մոտ պետական ապարատի նկատմամբ ակնկալիքները բարձրացան, քաղաքացին հասկացավ, որ իր կամքով կարող է հասնել սկզբունքային փոփոխությունների երկրում: Թաթոյանը հիշեց՝ հեղափոխության օրերին իսկապես շատ ակտիվ է աշխատել:
13:27 - 12 մայիսի, 2020
Պաշտպանը գրություններ է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն Հրանուշ Խառատյանի, Հարություն ու Արփենիկ Մարությանների գործով

Պաշտպանը գրություններ է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն Հրանուշ Խառատյանի, Հարություն ու Արփենիկ Մարությանների գործով

Պաշտպանը գրություններ է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն Հրանուշ Խառատյանի, Հարություն ու Արփենիկ Մարությանների գործով։ Այս մասին ասված է Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքյան էջում։ «Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Հրանուշ Խառատյանը և Հարություն Մարությանը: Նրանք տեղեկացրել են, որ իրենց, ինչպես նաև Հարություն Մարությանի դստեր՝ Արփենիկ Մարությանի նկատմամբ հրապարակային հնչել են իրենց կյանքի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիքներ»: Ըստ հաղորդագրության՝ ՄԻՊ-ի աշխատակազմում ուսումնասիրվել են հարցի առնչությամբ նաև հանցագործության մասին Հրանուշ Խառատյանի հրապարակած և իրավապահ մարմիններին ուղարկված հաղորդումը: «Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունել հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ Դատախազության պարզաբանումն առ այն, որ հաղորդումն ուղարկվել է Ոստիկանություն: Հաղորդման քննարկման հարցի հետ կապված՝ ՄԻՊ-ը գրություններ է հասցեագրել ՀՀ դատախազություն և ՀՀ ոստիկանություն»:
22:50 - 11 մայիսի, 2020
«Իմ քայլը»-ի պատգամավորի կարծիքով՝ ՄԻՊ-ի գործողություններում երբեմն նկատվում են երկակի ստանդարտներ

 |armenpress.am|

«Իմ քայլը»-ի պատգամավորի կարծիքով՝ ՄԻՊ-ի գործողություններում երբեմն նկատվում են երկակի ստանդարտներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կարծում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործողություններում երբեմն նկատվում են երկակի ստանդարտներ: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ՄԻՊ-ի տարեկան զեկույցի քննարկմանն իր ելույթում: «Այսօր իմ գործընկերները անդրադարձան որոշ դրվագների, որոնք ինձ ստիպեցին հասկանալ, որ միայն ինձ մոտ չէ որոշ դեպքերում տպավորություն, որ Ձեր գործողություններում նկատվում են երկակի ստանդարտներ: Իմ գործընկերները հիմնականում խոսեցին Անի Սամսոնյանի և Տաթևիկ Ռևազյանի դեպքերի վերաբերյալ Ձեր ոչ նույնական արձագանքի մասին: Մենք չենք ասում, թե խոցվել ենք նրանից, որ Դուք մեզ չեք պաշտպանել: Մենք ասում ենք, որ խնդրահարույց ենք համարում, որ Դուք հետևողական չեք Ձեր մոտեցումներով: Խնդիր է, երբ դուք չենք անդրադառնում մի դեպքում և անդրադառնում եք մյուսում, և բնավ խնդիր չէր լինի, եթե դուք առհասարակ չանդրադառնայիք»,-ասաց Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ շատ դեպքերում քաղաքացիները կողմնորոշվում են՝ ելնելով ՄԻՊ-ի հայտարարությունից: Եթե մի դեպքում պաշտպանն արձագանքում է, մյուսում՝ ոչ, մարդկանց մոտ կարող է ողջամտորեն տպավորություն ստեղծվել, որ մյուս դեպքն ընդունելի է: «Իմ քայլը»-ի պատգամավորներից ոմանք հարց էին բարձրացրել, թե ինչու է ՄԻՊ-ն արձագանքել «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Անի Սամսոնյանին ուղղված՝ Ալեն Սիմոնյանի խոսքին՝ այն որակելով սեռով պայմանավորված անթույլատրելի վիրավորանք,  սակայն չի արձագանքել Ալեն Սիմոնյանին ուղղված՝ Էդմոն Մարուքյանի՝ սեռական բնույթի հայհոյանքին: Թաթոյանը մասնավորապես ասել էր, որ իր հայտարարությունները երբեք քաղաքական հենք չեն ունենում: Նա շեշտել էր, որ այն դեպքում, երբ ինքը արձագանքել է, խոսքը վերաբերվել է կնոջը՝ սեռը թիրախավորելով վիրավորանք հասցնելուն՝ հատկապես ընդդիմադիր ներկայացուցչի: Նա Մարուքյանի և Սիմոնյանի միջադեպի հետ կապված մասնավորապես ասել էր, որ տվյալ դեպքում իր հայտարարությունը քաղաքական հենք ու նշանակություն կունենար, այպիսով ճիշտ է համարել հայտարարություն չտարածելը: Թաթոյանը հիշեցրել է, որ պետական կառավարման մարմինները չեն կարող դիմել ՄԻՊ-ին: Նա շեշտել էր, որ բոլոր դեպքերում դատապարտում է կնոջ նկատմամբ բռնությունները:
19:02 - 11 մայիսի, 2020
ՄԻՊ աշխատակազմը 2019 թ. ընթացքում ստացել է 13 140 դիմում-բողոք․ Արման Թաթոյան

ՄԻՊ աշխատակազմը 2019 թ. ընթացքում ստացել է 13 140 դիմում-բողոք․ Արման Թաթոյան

Միայն դիմումների ու բողոքների, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվը աճել է գրեթե  3 անգամ։Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2019 թ. ընթացքում 13 140 դիմում-բողոք է ստացել: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։ Վերջինս Ազգային ժողովին ներկայացրեց «2019 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թ. գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը: «Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ՄԻՊ 2019 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման զեկույցը։ 2019 թվականը ՄԻՊ աշխատակազմի համար եղել է գերծանրաբեռնված աշխատանքի տարի։  2016 թվականին ստացվել է 5513 դիմում բողոք, 2017-ին՝ 6417 դիմում , 2018-ին՝ 10754 դիմում , իսկ 2019 թվականին՝ 13140 դիմում։ Ընդ որում 2020 թվականն ավելի ծանրաբեռնված է, հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածի բողոք -դիմումները  75 տոկոսով գերազանցում են նախորդ տարում ստացված դիմումների քանակին» ,- ասաց Թաթոյանը։  ՄԻՊ Արման  Թաթոյանն ընդգծեց,, որ վիճակագրական այս տվյալները չեն ներառում այցերն ազատությունից զրկման վայրեր և այլ հատուկ հաստատություններ: Թաթոյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին սկզբունքային առաջընթացներ են գրանցվել միջազգային հեղինակության հարցում։  ՀՀ ՄԻՊ-ը միակ հաստատությունն է երկրում, որ օժտված է միանգամից 3 միջազգային կոնվեցիոն կարգավիճակով։ 2019թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող Միջազգային անկախ հանձնախումբը վերջնականորեն հաստատել է ՝ ՀՀ ՄԻՊ-ին անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր՝ A միջազգային կարգավիճակի վերաշնորհումը։ Այս գնահատականը վերաբերում է ՄԻՊ աշխատանքին  սկսած 2016 թվականից։ «Միջազգային հանրապետական ինստիտուտ հեղինակավոր կազմակերպության 2019 թվականի հետազոտության արդյունքներով ՀՀ ՄԻՊ-ի նկատմամաբ վստահության ցուցանիշը 63 տոկոս է, իսկ բացասական կարծիք ունի 12 տոկոսը։  Թրանսփարենսի ինթերնեյշնլ կազմակերպության ծրագրի արդյունքների համաձայն քաղաքացիները նշել են , որ պաշտոնյանների կոռուպցիոն վարքագծի մասին տեղեկացնելու համար երկրի վարչապետից ու ոստիկանությունից հետո կդիմեին ՄԻՊ-ին»,- հավելեց Թաթոյանը ։
11:27 - 11 մայիսի, 2020
Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, կարծրատիպերն էլ պետք է կոտրել պրոֆեսիոնալ գործով․ ՄԻՊ

Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, կարծրատիպերն էլ պետք է կոտրել պրոֆեսիոնալ գործով․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Արամն Թաթոյանն  իր ուղերձում նշել է. «Սիրելի՛ լրագրողներ, մամուլի սիրելի՜ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով: Այս տարի COVID-19 վարակը մամուլի ու լրագրության համար առաջացրեց անսպասելի մարտահրավերներ. արտակարգ դրություն, արագ փոփոխվող սահմանափակումներ և այլն։  Նման դժվար պայմանները հրամայական են դարձնում մի կողմից պրոֆեսիոնալ լուսաբանումն ու մարդկանց լիարժեք իրազեկումը, մյուս կոմից պետության հանրային հաշվետվողականության ապահովումը։ Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, կարծրատիպերն էլ պետք է կոտրել պրոֆեսիոնալ գործով։ Այդ կերպ է հնարավոր սպառիչ արմատավորել լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը։ Այս կանոններն անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու խոսքի ազատության երաշխավորման և, ի վերջո, պետության նկատմամբ քաղաքացու լիարժեք վերահսկողության համար»։
13:35 - 03 մայիսի, 2020