Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով երկու երկրներում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի առողջապահական համակարգում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ համագործակցության ծավալման հեռանկարները: Հանդիպման ընթացքում դեսպան Լաքոտն իր զորակցությունն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով զոհված և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին և ընդգծել, որ ինչպես երկու պետությունների ղեկավարների, այնպես էլ երկկողմ մակարդակով տարբեր շփումների ընթացքում ֆրանսիական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել ստեղծված իրավիճակում առկա մարտահրավերների հաղթահարման նպատակով հայկական կողմի հետ համագործակցության ավելի խորացման վերաբերյալ: Նախարար Թորոսյանը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ առողջապահության նախարարության իրականացրած միջոցառումները և ընդգծել, որ նման իրավիճակում կարևոր է նաև միջազգային համագործակցության ակտիվացումը: Այս համատեքստում նախարար Թորոսյանը խնդրանքով դիմել է  Ֆրանսիայի կառավարությանը՝ համապատասխան աջակցություն ցուցաբերելու Հայաստանի առողջապահության համակարգին՝ նպատակ ունենալով մեծացնել Հայաստանի կարողությունները՝ նշված դժվարությունները հաղթահարելու համար։ Դեսպան Լաքոտը հաստատել է Ֆրանսիայի կառավարության պատրաստակամությունը՝ Հայաստանին այդ ասպարեզում աջակցելու և շատ մոտ ապագայում կոնկրետ  օգնություն տրամադրելու հարցում։
20:12 - 17 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանի՝ «Ֆիգարո» պարբերականում հրապարակած, հայ ժողովրդին սատարող նամակը

Ֆրանսիահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանի՝ «Ֆիգարո» պարբերականում հրապարակած, հայ ժողովրդին սատարող նամակը

ՄԵՆՔ՝ ՀԱՅԵՐՍ, ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ. ՍԻՄՈՆ ԱԲԳԱՐՅԱՆ Հայ ժողովրդին սատարող նամակում, որը տպագրվել է ֆրանսիական հայրահայտ «Ֆիգարո» պարբերականում, ֆրանսիահայ դերասան Սիմոն Աբգարյանը դատապարտել է Արցախի հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիան և մեղադրել էրդողանին, որ պանթյուրքական նկրտումներից ելնելով, դրդել է Ադրբեջանին հարձակվել Արցախի վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Վեց ամիս առաջ արվեստասեր մի քանի ընկերների հետ Փարիզում հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին: Քննարկումն անցավ հանգիստ, աշխատանքային, կառուցողական և ընկերական մթնոլորտում: Մենք ներկայացնում էինք մեր ծրագրերը՝ Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցության վերաբերյալ։ Մեկը խոսում էր գիտելիքների և փորձի փոխանակման մասին, մյուսը` համատեղ ֆիլմարտադրություն սկսելու եղանակներ գտնելու մասին: Ինչ վերաբերում է ինձ, ես նախարարին հայտնեցի Երևանում ևս մեկ միջազգային թատերական փառատոն անցկացնելու մտադրությանս մասին։ Նախատեսվում էր, որ ես պետք է հուլիսին այցելեի Երևան, սակայն համաճարակը փոխեց բոլորիս ծրագրերը։ Հիշում եմ, որ զրույցի ժամանակ նախարարին ասացի, որ իմ մոտեցումը ոչ թե զգացմունքային է, այլ կոնկրետ և պրագմատիկ։ ​Արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանը թուրքական բանակի օգնությամբ լայնածավալ հարձակում է սկսել Արցախի և Հայաստանի վրա։ Եվրոպան և այլ երկրներ խաղաղության կոչ են անում, երբ Էրդողանը բարձրաձայն հայտարարում է, որ կանգնած է ադրբեջանցի կրտսեր եղբոր կողքին, և որ օգնության կհասնի ցանկացած ժամանակ և միջոցներով։ Ինչու՞: Արդյո՞ք կրտսեր եղբոր հանդեպ սիրուց ելնելով, քանի որ նույն լեզվի կրողն են։ Այո, բայց ոչ միայն այդ պատճառով, այլ նույն բնազդով՝ ցեղասպանության բնազդով։ ​Այս ռասիստական հռետորաբանությունը՝ «Turkye über alles» մահացու այս բանաձևը խորապես արմատավորված է թուրքական քաղաքականության մեջ: Բոլոր ժամանակներում թուրքը, հերոսություն ասելով, հասկացել է անմարդկային դաժանություն, իսկ հայրենասիրությունն ընկալվել է որպես ֆաշիստական ազգայնականություն։ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԻ ԻՐ ՄՈԼՈՒՑՔԻՆ՝ ԷՐԴՈՂԱՆԸ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐ, ՏԱՐԱՏԵՍԱԿ ՀՐԹԻՌՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍԻՐԻԱՑԻ, ԼԻԲԻԱՑԻ ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ԲԱՔՈՒ ​Ինչպես ցանկացած խելագար, այնպես էլ Էրդողանը աշխարհն ընկալում է միայն հակադրություններով՝ սպառնալիքի և հնազանդության, հաղթողի և պարտվածի, դավաճանի և հավատարիմի: Իր համաթուրքական մոլուցքին հավատարիմ՝ նա Բաքու է ուղարկում ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, տարատեսակ հրթիռներ և սիրիացի, լիբիացի ջիհադիստների, որոնք մարդ էին սպանում Ֆրանսիայում և Եվրոպայում և, որպես Անկարայի մարտիկներ, զինած քրդերին դուրս մղեցին Քոբանից և Աֆրինից: Բայց ինչու՞ Իլհամ Ալիևը, ինչպես իր հայրը երեսուն տարի առաջ, օտարերկրյա վարձկանների օգնության կարիքն ունի։ Պատերազմի դաշտում առանցքայինը մոտիվացիան է, շահագրգռվածությունը, դա ձեզ կարող է հավաստել ռազմական մարտավարության ցանկացած փորձագետ: Հայերի շահագրգռվածությունը պարզ է. «Գոյատևել առանց նախապայմանի»: Ալիևը, ինչպես Էրդողանը, մոտիվացված է իր քաղաքական գոյատևմամբ, ոչ ավելին: Այս երկու մուլտիմիլիոնատերերի համար այս պատերազմը զուտ թուրք-թուրքական ինքնության հարց չէ։ Դա խայծ է, ծխածածկույթ, որը պետք է թաքցնի այն տնտեսական ճգնաժամը, որն ապրում են իրենց երկրների տնտեսությունները։ Բայց անմեղ մարդկանց արյունը հեղողը պիտի իմանա, որ դա արյուն է դառնալու իր գլխին։   ՄԵՆՔ ՀԻՆ ՈՒ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ, ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ԵՎ ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԵՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՄ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ, ՄԵՐ ԱՄԲՈՂՋ ՈՒԺՈՎ ՈՒ ԶԵՆՔՈՎ ԿԱՋԱԿՑԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ՝ ԱՅՆ ՀԱՄԱՐՁԱԿԻՆ, ՈՎ ՄՇՏԱՊԵՍ ԵՎ ԱՌԱՆՑ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՀՆԱԳՈՒՅՆ ԲՆՕՐՐԱՆՈՒՄ ​Իհարկե, Էրդողանը հերքում է, որ այս պատերազմի հրահրողն ինքն է։ Ժխտողականությունը թուրքական դիվանագիտության պատմության մեջ մեծագույն զենքն է։ Բայց Անկարան շարունակում է իր նախորդների ոճով, միշտ նախապես հերքում է սպասվելիք հանցագործությունը. «Թուրքիան լինելու է իր ադրբեջանցի եղբայրների կողքին», սա նշանակում է`«Մենք կավարտենք 1915-ի աշխատանքը»։ Այս ամենն իրենց հայրերի հանցավոր տրամաբանության մեջ է։ ​Երբ նրան բռնացնում են փաստի վրա, ինչպես գողացող ձեռքը տոպրակում կամ ավելի շուտ ինքնաթիռի ղեկին, վրդովված, վիրավորվում է իր օսմանյան պատվի համար, ինչպես վատ դերասանը կվիրավորվեր։ Նա համառորեն հերքում է այն, ինչն ակնհայտ է: Նրա հանցագործության ապացույցները, այնուամենայնիվ, անջնջելի են՝ Սիրիայում, Լիբիայում, Կիպրոսում, Հունաստանում, այժմ ՝ Արցախում և կրկին Հայաստանում: ​Կան զանգվածային հանցագործությունների բազմաթիվ տեսարաններ, որոնք մատնանշում են նրա երկրի պատմությունը: Էրդողանի ծայրահեղ հպարտությունը անտեսում է բանականությունը, նա միայն ուժն է հասկանում: Եվ երբ Ֆրանսիան միջամտում է, նա նահանջում է: Ինչո՞ւ։ Քանի որ նրա ճնշումը ազդում է իրենից թույլ մարդկանց վրա: Բայց մենք՝ հնագույն և հազարամյա մարդիկ, թույլ չենք և որտեղ էլ լինենք՝ Հայաստանում կամ Սփյուռքում, մեր ամբողջ ուժով, բոլոր ձեռքերով կաջակցենք Արցախին, այն քաջին, որը միշտ և անդադար պահպանում է իր ներկայությունը իր հին բնօրրանում: Քարերը, քանդակված լինեն, թե ոչ, կասեն այդ մասին: Այնտեղ, ինչպես Հայաստանում, տան դռները բաց են ճանապարհորդների համար, և երբ պետք է կերակրեն բազում մարդկանց, դռները բացվում են, վերածվում սեղանի: Հյուրընկալությունը մեր ժողովրդի պսակն է: Դա է, որ մեզ քաղաքակիրթ է դարձնում:   ՍՏԱԼԻՆԸ ԹԱԹԱՐՆԵՐԻՆ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ ԱՐՑԱԽԸ՝ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԾԱՂԻԿԸ, ԵՎ ՄԻ՞ԹԵ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՏԵՂ ԿԱՎԱՐՏՎԵՐ: Ո՛Չ, ՄԵՆՔ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐ ՉԵՆՔ, ՄԵՆՔ ՄԵՐ ԳԵՏԵՐՆ ԵՆՔ, ՄԵՐ ԴԱՇՏԵՐԸ, ՄԵՐ ԱՆՏԱՌՆԵՐՆ ՈՒ ԼԵՌՆԵՐԸ ԵՎ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԽԱՂԱՂ ԱՊՐԵԼ ​Ստալինը թաթարներին է մատուցել Արցախը՝ մեր հայրենիքի ծաղիկը, և մի՞թե պատմությունն այդտեղ կավարտվեր: Ո՛չ, մենք անջատողականներ չենք, մենք մեր գետերն ենք, մեր գետակները, մեր դաշտերը, մեր անտառներն ու լեռները և ցանկանում ենք խաղաղ ապրել: Եվ դո՛ւք, արևմուտքի բարեկամներ, բացեք ձեր գրքերը և հետ գնացեք մինչ մեծ պատմության ընթացքը, քանի որ ՀԻՆ «Հայաստանը» բոլոր քարտեզների և վկայությունների առանցքում է: Ադրբեջանը բռնի կերպով ներխուժել է այդ պատմության մեջ 1918 թվականին. նույնիսկ «Կոկա-Կոլա» ըմպելիքն ավելի հին է, քան այդ երկիրը։ Պատերազմ է: Այդպես է որոշել Անկարայի մարդը՝ իսլամական ջիհադի էմիրը: Եվ Նազիմ Հիքմեթի մայրենի լեզուն, որը դարձել է ազգային լեզու, հոգնում է ինքն իրեն ստելուց: Մագնա բռնապետերը չեն սահմանափակվում մեկ ստով: Նրանք համառորեն մխրճվում են հետաքրքրաշարժ շողոքորթության մեջ: Բանախոսը դիմում է ստին, կեղծարարը՝ ակտիվացնում է վախերը։ Պատերազմ է, այո, և աշխարհի մյուս կողմում աշխարհը զբաղված է համաշխարհային գործերով: Մեր երեխաները իրենց սիրո փոխարեն զենք են գրկում: Նրանք քսան տարեկան են, բայց նրանց աչքերը հազարավոր տարիների մասին են պատմում: Նրանք չեն ուզում աքսոր, որն ավելի սարսափելի է, քան պատերազմը, որ սպանում է մարդկանց: Նրանք չեն քայլի Դեր Զորի անապատներում: Նրանց դիակները չեն նետվի: Այո՛, սա պատերազմ է: Այսպես Ադրբեջանի փոխարեն որոշել են թուրքերը: Որտե՞ղ էր թաքնված այս ամբողջ ատելությունը, պարոնա՛յք: Ժամանակն էր, որ այն ջրի երես դուրս գար, և աշխարհը ձեզ տեսնի այնպիսին, ինպիսին դուք կաք իրականում: Հրեշներ՝ թաթախված ատելության և դառնության մեջ, ագահ ամբիցիոզներ, որոնք չգիտեն կիսել: Իհարկե, ձեր ընտանիքները կարողություն ունեն: Բայց հե՛նց ձեր ժողովուրդը ձեզ կկախի, քանի որ եթե պատերազմն առաքինություն ունի, ապա դա գաղտնիքները ջրի երես բերելն է:   ՄԵՆՔ` ՀԱՅԵՐՍ, ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ՝ ՀԻՇԵԼՈՎ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՄԱՀԱՆԱԼ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ Չնայած ձեր գերժամանակակից զենքին, չնայած կրոնական շեշտադրումներով ձեր աղաղակումներին, չնայած ձեր՝ ամսական 2000 դոլարով վարձակալած ջիհադիստներին և նրանց՝ համարձակ որակող պիտակներին, դուք չեք շահի: Քանի որ դո՛ւք արդեն կորցրել եք: Վերցրե՛ք ձեր դիերն ու գնացեք. հայերի հողը գիտելիքի, մեղրի ու վարդերի երկիր է: Դուք չգիտեք, թե ինչպես վարվել այդ սուրբ հողի հետ: Այստեղ կանայք թագուհիներ են, որ իրենց մեջ ուրախություն են կրում: Իսկ աղջիկները տղամարդուն հանձնվելու պարտադրանք չունեն: Այստեղ երաժշտությունն ու գինին անփոխարինելի դեղամիջոցներ են: Այստեղ մենք կարող ենք աղոթել այնպես, ինչպես ցանկանում ենք: Կարող ենք հավատալ կամ չհավատալ. ոչ ոք ոչինչ չի ասի: Քանի որ մենք պարզապես երկիր չենք, այլ խաչմերուկ, որտեղ հատվում է ամբողջ մարդկությունը: Մենք այստեղ դարեր շարունակ գործել ենք անդավաճան զմայլանքով՝ նույնիսկ մարտական ​​խստության պայմաններում: Եվ մենք ձեզ կընդդիմանանք նաև պարի միջոցով: Մենք մեծացել ենք առյուծների արգանդում. հիշե՛ք սա, նախքան գառների պես մեզ սպանդի ենթարկելու մասին մտածելը։ Բայց ամենից առաջ հիշեք, որ մենք չենք մոռանում 1915 թվականը, որից դասեր ենք քաղել: Այո՛, այսուհետ մենք գիտենք, որ աշխարհը զբաղվում է իր գործերով, և «ոչինչ» չի շեղի նրան: Եվ եթե այս «ոչինչ» -ն արժանի դարձներ մեզ նայելու, այն միշտ կարվեր ուշացած: Այս աշխարհի գիտակցությունները միշտ ջարդից հետո են գալիս` ուշացած: Նրանք միշտ գտնում են ճիշտ և պերճախոս բառեր, որ արդարացնեն իրենց հապաղումը: Հապաղումը, որը միակը չէր: Մենք` հայերս, որտեղ էլ որ ապրենք, գիտենք դա: Մենք պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար՝ հիշելով մեր նահատակներին, որոնք հրաժարվում են մահանալ երկրորդ անգամ.... Հ.Գ.- Ինչպես խոստացել էի, ընկերներիս հետ շուտով կգնամ Հայաստան` թատերական միջազգային նոր փառատոն հիմնելու համար: Նշենք, որ ծագումով հայ, ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, «Actes sud papiers» հրատարակչության գրող, հրապարակախոս Սիմոն Աբգարյանն արժանացել է 2020 թվականի երեք «Մոլիեր» թատերական մրցանակին՝ «Ներկայացում և Հանրային թատրոնի լավագույն բեմադրություն», «Ֆրանկոֆոն կենդանի հեղինակ» անվանակարգերում:
13:22 - 17 հոկտեմբերի, 2020
Հարյուրավոր հայեր փակել էին Իսպանիա-Ֆրանսիա միջպետական ավտոմայրուղին |armenpress.am|

Հարյուրավոր հայեր փակել էին Իսպանիա-Ֆրանսիա միջպետական ավտոմայրուղին |armenpress.am|

armenpress.am: Արտերկրում ապրող բազմաթիվ հայեր և նրանց աջակցող օտարազգիներ հոկտեմբերի 17-ին փակել էին Իսպանիա-Ֆրանսիա միջպետական ավտոմայրուղին և խաղաղ բողոքի ակցիա իրականացրել՝ իրենց վրդովմունքը հայտնելով ու դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սկսած ռազմական գործողությունները, որոնց հետևանքով զոհվում են ոչ միայն իրենց հայրենիքը պաշտպանող հայ զինվորները, այլև խաղաղ բանկիչներ: Բողոքի ակցիայի մասնակիցները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել. «Արցա՛խ, Արցա՛խ» ու նշել, որ Արցախը Հայաստան է, իսկ Ալիևն ու Էրդողանն ահաբեկիչներ են: Նրանք ծածանել են «Վե՛րջ տվեք ահաբեկչությանը», «Արցախի ժամանակն է», «Արցախը Հայաստան Է», «Հաղթելու ենք» բովանդակությամբ պաստառներ՝ Եվրոպային հորդորելով արձագանքել Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններին ու դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային: Ակցիայի մասնակիցները նշել են, որ բողոքի ցույցի միջոցով ցանկանում են աշխարհին տեղեկացնել, որ հայրը համախմբված են և անպայման հաղթելու են: Նրանք ընդգծել են, որ հայ զինվորը մենակ չէ: «Սիրելի՛ հայեր, մենք պետք է միասնական լինենք. այդպես կարող ենք հաղթել: Մենք տանը քնած ենք, իսկ հակառակորդը ռումբ է գցում մեր տան մեջ. դա հե՞շտ է: Հաղթելու ենք»,- շեշտել են բողոքի ակցիայի մասնակիցները: Նմանատիպ բողոքի ակցիաներ աշխարհասփյուռ հայությունն իրականացնում է աշխարհի տարբեր երկրներում՝ այդ երկրների իշխանություններից պահանջելով դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային:
12:28 - 17 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիայի քսան պատգամավորներ դիմել են իշխանություններին՝ «անհապաղ» ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. Le Figaro |lragir.am|

Ֆրանսիայի քսան պատգամավորներ դիմել են իշխանություններին՝ «անհապաղ» ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. Le Figaro |lragir.am|

lragir.am: class="228bf8a64b8551e1MsoNormal">Հոկտեմբերի 15-ին մոտ քսան պատգամավորներ դիմել են Ֆրանսիայի իշխանություններին «անհապաղ» ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Բանաձևը ստորագրել են մոտ քսան պատգամավորներ Առաջ հանրապետություն, Հանրապետական, Ժողովրդական շարժում, Ձախակողմյան պահպանողական, Ազատություն և տարածքներ և Սոցիալիստական կուսակցություններից։ Բանաձևի տեքստը հաստատում է «հայ ազգաբնակչության բնաջնջմանն սպառնացող, ադրբեջանական ցանկացած վարչական միավորից դուրս, Լեռնային Ղարաբաղի լիիրավ ինքնիշխանությունն ապահովելու բացարձակ անհրաժեշտությունը վերջնական սահմաններում, որոնք կորոշվեն բազմակողմ բանակցությունների ճանապարհով՝ Արցախի իշխանությունների մասնակցությամբ»։ Ֆրանսերեն հոդվածը այստեղ
12:17 - 16 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիան Թուրքիայից պահանջում է հարգել հրադադարը Ղարաբաղում |azatutyun.am|

Ֆրանսիան Թուրքիայից պահանջում է հարգել հրադադարը Ղարաբաղում |azatutyun.am|

azatutyun.am: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը դատապարտել է Թուրքիայի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունում: Նախարարի փոխանցմամբ` տեղի հայության դեմ պայքարում Թուրքիան սատարում է Ադրբեջանին: «Չի լինի այս կոնֆլիկտում ռազմական հաղթանակ, հրադադարն անհրաժեշտ է պահպանել, բայց Թուրքիան միակ երկիրն է, որը չի ցանկանում հարգել հրադադարը, և դա շատ մեծ վնաս է հասցնում»,- ասել է Ժան Իվ Լը Դրիանը: Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարն այդ մասին հայտարարել է Փարիզում իր գերմանացի և լեհ պաշտոնակիցներ Հայկո Մաասի և Զբիգնև Ռաուի հետ համատեղ հանդիպումից հետո: Հանդիպման օրակարգում Ռուսաստանի հետ հարաբերությունների, Բելառուսում ստեղծված իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտության թեմաներն էին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի միջև քննարկումների այդ ձևաչափը հայտնի է որպես «Վեյմարյան եռյակ»: Ֆրանսիան և Գերմանիան այդ հանդիպման ընթացքում Թուրքիային դատապարտել են նաև Եվրոպական միությանը Միջերկրականում սադրելու համար: Եվրամիությունն Անկարայից պահանջել է դադարեցնել ծովի վիճահարույց հատվածում բնական գազի որոնման և արդյունահանման ծրագիրը, սակայն թուրքերը երեկ նորից մի նավ են ուղարկել շրջան, որը միջազգային իրավունքի տեսակետից պատկանում է Հունաստանին և Կիպրոսին:
16:44 - 15 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիայի խորհրդարանը կարող է քննարկել Արցախի անկախության ճանաչման բանաձևը |panarmenian.net|

Ֆրանսիայի խորհրդարանը կարող է քննարկել Արցախի անկախության ճանաչման բանաձևը |panarmenian.net|

panarmenian.net: Ֆրանիսացի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պատրաստվում է երկրի խորհրդարան ներկայացնել Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևը, որն արդեն մի քանի պատգամավոր ստորագրել են։ «Որպես պատգամավոր՝ կշարունակեմ բոլոր հնարավոր նախաձեռնություններով հանդես գալ։ Որպես մի քանի պատգամավորի ստորագրություն ունեցող բանաձևի առաջին ստորագրող՝ կներկայացնեմ այն, որպեսզի մեր խորհրդարանը կողմ քվեարկի Արցախի ճանաչմանը և հայերի՝ իրենց հողում ապրելու իրավունքին», - գրել է նա: Նա նշել է, որ իր գլխավորությամբ 10 օրից պատգամավորական պատվիրակությունը կմեկնի Հայաստան՝ ցույց տալու Ֆրանսիայի աջակցությունը։ Պուպոնին նշել է՝ թուլ չեն տա, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակեն 1915-ին սկսածը, և հայերին մենակ չեն թողնի այդ երկու երկրի դեմ։
15:50 - 14 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիայի հայ համայնքը Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով բազմամարդ հավաք է անցկացրել

 |armenpress.am|

Ֆրանսիայի հայ համայնքը Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով բազմամարդ հավաք է անցկացրել |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում Ազգային ժողովի հարակից տարածքում բազմամարդ հավաք է անցկացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով: Ֆրանսիայում բնակվող լրագրող Էլլադա Ղուկասյանը մանրամասներ ներկայացրեց Ֆրանսիայի Ազգային ժողովի հարակից տարածքում տեղի ունեցած միջոցառումից: Նա ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչները մեկ անգամ բողոքի ցույց են անցկացրել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան, մեկ անգամ էլ Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ դատապարտելով այդ երկրների ագրեսիան: «Այսօրվա հավաքը տարբերվում էր դրանցից, որովհետև Ֆրանսիայի Ազգային ժողովի հարակից տարածքում այս անգամ պահանջի ցույց էր, հայ համայնքը  Ֆրանսիայի կառավարությունից պահանջում էր ճանաչել Արցախի անկախությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով հոկտեմբերի 20-ին կրկին հավաքվելու են նույն վայրում: Բազմամարդ հավաքին ելույթ են ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Հավաքին մասնակցել են նաև դերասան, ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը տիկնոջ հետ, դաշնակահար, երգահան Անդրե Մանուկյանը, ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն:
09:10 - 14 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիան խստորեն պահպանում է անաչառությունը ԼՂ հակամարտության շուրջ իր քայլերում, հայտարարել է Լե Դրիանը |azatutyun.am|

Ֆրանսիան խստորեն պահպանում է անաչառությունը ԼՂ հակամարտության շուրջ իր քայլերում, հայտարարել է Լե Դրիանը |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան խստորեն պահպանում է անաչառությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ իր քայլերում, այսօր հայտարարել է երկրի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ պատասխանելով պատգամավոր Դանիել Ղազարյանի հարցին։ «Ներկայիս իրավիճակում Ֆրանսիայի խիստ չեզոք կեցվածքը անընդունելի է, քանի որ Ղարաբաղում Ֆրանսիայի բարեկամները մարտնչում են ուժերի անհավասարության պայմաններում», - փաստել էր Ֆրանսիայի խորհրդարանի հայազգի ներկայացուցիչը։ «Ես հասկանում եմ այն զգացմունքները, որ ի հայտ է բերում այս հակամարտությունը Ֆրանսիայում, դրանք հիմնված են այն մարդկային, մշակութային ու պատմական սերտ կապերի վրա, որ միավորում են Ֆրանսիան և Հայաստանը։ Մենք շատ սերտ կապեր ունենք Հայաստանի հետ, բայց, ինչպես գիտեք, Ֆրանսիան վաղեմի հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ», - ասել է արտգործնախարարը։ Լե Դրիանը միաժամանակ ընդգծել է՝ «դա նշանակում է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պետք է օգտագործի իր երկկողմ հարաբերությունները՝ կողմերին հրադադարի տանելու և այս ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործելու համար։ «Այն մանդատը, որը ԵԱՀԿ-ն տվել է 1994-ին Ֆրանսիային, Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, ենթադրում է լիակատար անաչառություն։ Մենք կկորցնենք մեր լեգիտիմությունը, եթե կանգնենք հակամարտող կողմերից որևէ մեկի կողքին», - խորհրդարանում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
20:18 - 13 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիական «Հույսի շղթա»-ն բժշկական օգնություն է ցուցաբերել ԼՂ-ում պատերազմից տուժած բնակչությանը |armenpress.am|

Ֆրանսիական «Հույսի շղթա»-ն բժշկական օգնություն է ցուցաբերել ԼՂ-ում պատերազմից տուժած բնակչությանը |armenpress.am|

armenpress.am:  Ֆրանսիական «Հույսի շղթա» կազմակերպությունը բժշկական օգնություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած բնակչությանը: Այս մասին ասված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում: «Կիրակի, հոկտեմբերի 11-ին Փարիզից Երևան ժամանեց «Հույսի շղթայի» առաջին առաքելությունը՝ առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումներ (էլեկտրական վիրահատական նշտարներ, շարժական վենտիլյատորներ), ինչպես նաև վեց հոգուց բաղկացած բժիշկների խումբ (կարդիոլոգ, օրթոպեդիստներ, վերականգնող վիրաբույժներ): Ըստ այս մարդասիրական առաքելության համակարգող, ֆրանսաբնակ սրտաբան վիրաբույժ Լևոն Խաչատրյանի, խումբը բաժանված է երկու մասի. առաջին մասը Երևանում կխնամի պատերազմական գոտուց բերված վիրավորներին, հատկապես երեխաներին, որոնք տուժել են ռմբակոծությունից և ստացել տարբեր տեսակի վնասվածքներ և այրվածքներ: Խմբի երկրորդ կեսը կմեկնի Ստեփանակերտ՝ տեղում գնահատելու վիճակը և հնարավորության սահմաններում խնամելու ադրբեջանական ռմբակոծություններից տուժած բնակիչներին»,- ասված է հաղորդագրությունում: Կազմակերպությունը նշում է, որ կարիքի դեպքում առաջիկայում Հայաստան կժամանեն վիրաբույժների այլ խմբեր: «Հույսի շղթան» նախատեսում է ուղարկել նաև լրացուցիչ սարքավորումներ և դեղեր:
19:29 - 13 հոկտեմբերի, 2020