ԱՊՀ

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիր:

1991թ-ի դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետություններ ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրություն, համաձայն որի, մասնակից պետությունները, իրավահավասար հիմունքներով ձևավորում են ԱՊՀ-ն:

1993թ. ԱՊՀ-ին անդամակցեց Վրաստանը, որն էլ ԱՊՀ կազմից դուրս եկավ 2009թ. օգոստոսի 18-ին:

1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որով ամրագրված են ԱՊՀ հետևյալ նպատակները.

  • համագործակցություն քաղաքական, տնտեսական, բնապահպանության, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
  • մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական համակողմանի և համաչափ զարգացում ԱՊՀ շրջանակներում,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան,
  • համագործակցություն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, համընդհանուր և լիակատար զինաթափման հասնելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկում,
  • համագործակցության մասնակից պետությունների միջև առկա վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորում,
  • աջակցություն մասնակից պետությունների քաղաքացիներին՝ ԱՊՀ տարածքում ազատ տեղաշարժի ու շփումների հարցում, և այլն։

ԱՊՀ Կանոնադրությունը չեն ստորագրել Ուկրաինան և Թուրքմենստանը, ինչով պայմանավորված, վերջիններս դե-յուրե չեն հանդիսանում ԱՊՀ անդամ պետություններ և կարող են դասվել ԱՊՀ հիմնադիր կամ մասնակից պետությունների շարքին:

ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով, որոնք են պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների խորհուրդները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդները, սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը, տնտեսական դատարանն ու տնտեսական խորհուրդը, միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը։

Տնտեսական և սոցիալական զարգացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության, հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության խթանման նպատակով ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է ճյուղային համագործակցության շուրջ 70 մարմին:

2008 թվականին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ազգային համակարգողների մասին Կանոնակարգը:

Համագործակցության մշտական գործադիր, վարչական և համակարգող մարմինն է ԱՊՀ Գործադիր կոմիտեն: Վերջինիս կենտրոնակայանը գտնվում է Մինսկում, մեկ մասնաճյուղ տեղակայված է Մոսկվայում:

Նախագահությունը ԱՊՀ բարձրագույն մարմիններում իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության: Յուրաքանչյուր պետություն ԱՊՀ նախագահությունը ստանձնում և իրականացնում է իր ներկայացուցչի միջոցով՝ մեկ տարուց ոչ ավել ժամկետով, եթե չի ընդունվում այլ որոշում:

ԱՊՀ բարձրագույն մարմիններում նախորդող և հաջորդող նախագահները հանդիսանում են Համանախագահներ:

2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյանը, ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունը:

2019թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը ռոտացիոն կարգով փոխանցվել է Թուրքմենստանին: 

Բայրամովը կրկին պնդել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ |azatutyun.am|

Բայրամովը կրկին պնդել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ |azatutyun.am|

azatutyun.am: «Չնայած բոլոր դժվարություններին, Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի, մասնավորապես, պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը ճանաչելու սկզբունքների հիման վրա», - այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Մինսկում անցկացվող ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Նա ասել է, թե Ադրբեջանը կոչ է անում սկսել սահմագծման և սահմանազատման գործընթացը։ Բայրամովը նաև համոզմունք է հայտնել, որ հաղորդակցության ուղիների բացումը օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին և կուժեղացնի Հարավային Կովկասի դերը միջազգային տրանսպորտային ծրագրերում։
15:51 - 14 հոկտեմբերի, 2021
Մենք մտահոգություն ենք հայտնել ԱՊՀ երկրների վրա դրսից անօրինական պատժամիջոցային ճնշման պատճառով. Բելառուսի ԱԳ նախարար |armenpress.am|

Մենք մտահոգություն ենք հայտնել ԱՊՀ երկրների վրա դրսից անօրինական պատժամիջոցային ճնշման պատճառով. Բելառուսի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը մանրամասներ է հայտնել ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից:  «Մենք հետեւողականորեն նշում ենք համախմբվածության եւ փոխգործակցության կարեւորությունն ԱՊՀ-ի շրջանակներում` մեր երկրների համար ընդհանուր մարտահրավերների եւ սպառնալhքների արդյունավետ պատասխանի համար: Այդ համատեքստում մենք լուրջ մտահոգություն ենք հայտնել դրսից ԱՊՀ-ի երկրների վրա անսահմանափակ եւ անօրինական միակողմանի պատժամիջոցային ճնշման՝ մշտապես ընդլայնվող պրակտիկայի կապակցությամբ»,- հոկտեմբերի 14-ին ասել Է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյն ԱՊՀ-ի Արտաքն գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստից հետո: ԱՊՀ-ի ԱԳՆ-ների ղեկավարները քննարկել են արտաքին սահմանների մերձակայքում ստեղծված իրադրությունը, հայտնել Է Մակեյը: «Հանդիպման ընթացքում կայացավ կարծիքների հանգամանալից փոխանակում միջազգային հրատապ խնդիրների եւ մեր կազմակերպության տարածությունում համագործակցության խորացման հարցերի շուրջը: Մենք նաեւ մանրամասնորեն քննարկեցինք այն իրադրությունը, որն ստեղծվել Է Համագործակցության արտաքին սահմանների մերձակայքում՝ առաջնահերթ ուշադրություն նվիրելով Կենտրոնական Ասիայի իրադրությանը»,- ասել Է Մակեյը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը
15:19 - 14 հոկտեմբերի, 2021
Պուտինը կոչ է արել օգտագործել ԱՊՀ անդամ երկրների հետախուզական ծառայությունների ներուժը ՝ ԱՊՀ տարածքը նոր սպառնալիքներից պաշտպանելու համար

 |factor.am|

Պուտինը կոչ է արել օգտագործել ԱՊՀ անդամ երկրների հետախուզական ծառայությունների ներուժը ՝ ԱՊՀ տարածքը նոր սպառնալիքներից պաշտպանելու համար |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել օգտագործել ԱՊՀ անդամ երկրների հետախուզական ծառայությունների ներուժը՝ ԱՊՀ տարածքը նոր սպառնալիքներից պաշտպանելու համար: Այս մասին Պուտինն ասել է Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության գործակալությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ իր հանդիպման ողջույնի խոսքում։ Պուտինի ողջույնը կարդացել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության (ՀՎՀ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը, գրում է ՏԱՍՍ-ը: «Ձեր ղեկավարած ծառայություններն ու գերատեսչություններն ունեն լուրջ գործառնական, տեխնիկական և կադրային հնարավորություններ, և այսօր կարևոր է առավելագույնս օգտագործել այս հզոր ներուժը ՝ մեր պետությունները, ամբողջ Համագործակցությունը հուսալիորեն պաշտպանելու ներքին և արտաքին սպառնալիքներից», – ասված է Պուտինի ուղերձում: Ըստ Ռուսաստանի նախագահի՝ սա առաջին հերթին պետք է արվի միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի, անդրազգային հանցավոր խմբերի, զենքի անօրինական շրջանառության, կիբերհանցագործությունների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար: Սերգեյ Նարիշկինի խոսքով՝ հանդիպմանը ժամանել են ԱՊՀ ինը երկրների  ՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների պատվիրակությունները:
18:09 - 13 հոկտեմբերի, 2021
ԱՊՀ երկրների հարկային մարմինների ղեկավարներ քննարկել են հարկային ստուգումների արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր

ԱՊՀ երկրների հարկային մարմինների ղեկավարներ քննարկել են հարկային ստուգումների արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր

Ավարտվել է Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստը։ Այս տարի խորհրդի նախագահությունը ստանձնել էր Հայաստանի Հանրապետությունը, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։Եզրափակիչ հանդիպումը մեկնարկել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթներով։ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ գործընկերների հետ քննարկումները մասնակից երկրների հարկային ծառայություններին օգնում են նախանշել զարգացման հեռանկարները․ «Ներկայում հարկային մարմիններին առնչվող խնդիրների լուծումը մեծապես կախված է հարկային վարչարարության մեջ առաջադեմ թվային տեխնոլոգիաների գործածումից, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ժամանակակից գործիքների կիրառումից, ինչպես նաև մեր երկրների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ընդլայնումից»։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է համակարգող խորհրդի դերը՝ ձևավորելու փոխգործակցության ճկուն հարթակ, միաժամանակ շեշտել հարկային վարչարարության բարելավման նշանակությունը ՀՀ կառավարության համար․ «Վերջին տարիներին մենք բեկում ենք գրանցել Հայաստանում վարչարարության թվայնացման, թափանցիկության, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների կատարելագործման, նաև հարկային ծառայության նկատմամբ վստահության ամրապնդման և հարկային կարգապահության բարձրացման գործում»: Նիստի գլխավոր թեման ԱՊՀ մասնակից պետություններում հարկային ստուգումների արդյունավետության բարձրացումն էր։ ՊԵԿ-ը ներկայացրել է Հայաստանում այս ուղղությամբ կատարվող աշխատանքը։ Քննարկվել է նաև ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը։ Տարվա գլխավոր ձեռքբերումն այն է, որ առաջին անգամ հնարավոր դարձավ տվյալներ փոխանակել ԱՊՀ անդամ երկրների հարկային ծառայությունների միջև։ Դա էապես կբարձրացնի հարկային վարչարարության արդյունավետությունը։ Հարկային մարմինների համակարգող խորհրդի ամփոփիչ նիստին նախորդել են փորձագետների հետ քննարկումները, որոնց ժամանակ դիտարկվել են հարկային վարչարարության հրատապ մի շարք հարցեր։ Եզրափակիչ նիստին ելույթով հանդես են եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարարը և ԱՊՀ գործադիր կոմիտեի տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրենը։ ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստն անցկացվելու է Բելառուսում։
15:40 - 13 հոկտեմբերի, 2021
Տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը

Տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը

Հոկտեմբերի 11-ին հեռուստակոնֆերանսի ռեժիմով անցկացվեց Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարարները, ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն բյուրոյի տնօրենը, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը: Հանդիպման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահի լիազորությունները Ուզբեկստանի Հանրապետության նախարար, գեներալ-լեյտենանտ Պուլատ Բոբոժոնովը փոխանցեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին: ՆԳՆ խորհրդի նիստում քննարկվեց հարցերի լայն շրջանակ: Օրակարգը բաղկացած էր 14 կետից: Առաջին հարցի քննարկման ընթացքում Խորհրդի անդամները մտքեր փոխանակեցին ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի (ոստիկանության) մարմինների համագործակցության գերակա ուղղությունների շուրջ և իրազեկեցին հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման, այդ թվում՝ 2021 թվականին ՆԳՆԽ կողմից իրականացվելիք միջոցառումների մասին: Պատվիրակությունների ղեկավարները տեղեկացրին իրենց պետություններում օպերատիվ իրավիճակի, հանցագործների հետախուզման և հանձնման ուղղությամբ կատարված աշխատանքի մասին, ինչպես և ներկայացրին իրենց տեսլականը ապագայում հանցավորության դեմ պայքարում բազմակողմ համագործակցության մակարդակի բարձրացման վերաբերյալ՝ ելնելով նոր մարտահրավերներից ու սպառնալիքներից: Այդ հարցի քննարկման արդյունքներն ու ելույթներում հնչած առաջարկները արտացոլվեցին Խորհրդի նիստի արձանագրության մեջ: ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստում դիտարկվեցին նաև մի շարք այլ՝ ոչ պակաս կարևոր հարցեր: Մասնավորապես՝ - Հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցների 2024-2028 թթ. միջպետական ծրագրի մասին, - Հանցավորության դեմ պայքարի և իրավակարգի ապահովման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների համագործակցության մասին. փորձը, հիմնախնդիրները, հեռանկարները, - Ավտոտրանսպորտային միջոցների առևանգումների հակազդման ոլորտի վերաբերյալ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների տվյալների բազաներում առկա տեղեկությունները ստանալու և տրամադրելու կարգը կանոնակարգող փաստաթղթի մշակում, - Հանցավորության դեմ պայքարի բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպությունների գործունեության վիճակի և հեռանկարների մասին, - ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման ու իրականացման կարգը կանոնակարգող Միջպետական փաստաթղթի մշակման մասին, - Բլոկ-չեյն տեխնոլոգիաների և կրիպտոարժույթի կիրառմամբ կատարվող հանցագործությունների կանխման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների համագործակցության մասին, - Անչափահասներին ապակառուցողական խմբերում ներգրավելու կանխարգելման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների համագործակցության մասին, - Տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ ինտերնետ-խարդախությունների ոլորտում հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի (ոստիկանության) մարմինների համագործակցության ներուժի բարձրացման մասին: Օրակարգի բոլոր հարցերով ընդունվեցին համապատասխան որոշումներ: Ընդունվեցին նաև կազմակերպչական բնույթի մի շարք որոշումներ: ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը կանցկացվի Ղրղզստանի Հանրապետությունում՝ 2022 թվականին:
16:57 - 11 հոկտեմբերի, 2021
Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստը

Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստը

ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը 2021 թվականին ստանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Այդ նպատակով այսօր Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն: Հանդիպմանը մասնակցել են խորհրդի անդամներ և ԱՊՀ անդամ երկրների` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության  ներկայացուցիչներ։ Նիստի որոշ մասնակիցներ հանդիպմանը միացել են տեսակապի միջոցով։ Նիստը վարել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Ողջունում եմ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստի մասնակիցներին: Մենք շատ ուրախ ենք տեսնել բոլորիդ Հայաստանում: Վստահ եմ, որ հանդիպումը կանցնի կառուցողական դաշտում, կնպաստի մեր գերատեսչությունների միջև համագործակցության հետագա խորացմանը և ամրապնդմանը»,-նշել է նախարարի տեղակալը։ Հանդիպման օրակարգում ներառված էր շուրջ 20 հարց։ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 2020 թ. հոկտեմբերի 21-ի նիստի որոշումների կատարման մասին զեկուցել է խորհրդի քարտուղարության ղեկավար, ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը: Նիստի ընթացքում քննարկվել են հումանիտար և սոցիալ-տնտեսական, ինչպես նաև մասնագիտական կրթության ոլորտներում կադրերի պատրաստման և վերապատրաստման ուղղություններով ԱՊՀ անդամ պետությունների բազային կազմակերպությունների գործունեության և զարգացման հեռանկարները։ Խորհուրդը դրական է գնահատել բազային կազմակերպությունների գործունեությունը և առաջարկել է աջակցել վերոնշյալ ոլորտներում ուսանողական օլիմպիադաների ու մրցույթների, կրթական ծրագրերի խթանման նպատակով միջոցառումների անցկացմանը, ԱՊՀ տարածքում ուսանողների և գիտամանկավարժական աշխատողների փոխանակմանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների համալսարանների միջև համագործակցության ընդլայնմանը։ Քննարկվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների բազային կազմակերպության ստեղծման հարցը` բարձր որակավորում ունեցող լրագրողների պատրաստման և վերապատրաստման նպատակով։  Հաջորդ հարցերը վերաբերել են ԱՊՀ տարածքում բարձրագույն կրթության որակի ապահովման առումով միասնական չափանիշների մշակման առաջարկին, ինչպես նաև մանկավարժական վարպետության միջազգային փառատոնի անցկացմանը։ Անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտում Անկախ պետությունների համագործակցության տնտեսական զարգացման ռազմավարության երրորդ փուլի (2016-2020թթ.) արդյունքներին, ԱՊՀ համագործակցության հետագա զարգացման հայեցակարգի իրականացման հիմնական միջոցառումների ծրագրին, ինչպես նաև կրթության ոլորտում նորմատիվ-իրավական բազայի վերլուծության հարցերին։ Քննարկվել են նաև COVID-19 համավարակի հետևանքները հաղթահարելու նպատակով կրթության ոլորտում ԱՊՀ անդամ երկրների փոխգործակցության և ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների ու մանկավարժների VII համագումարի վերաբերյալ հարցեր։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ  «Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը շուտով կներկայացվի Ազգային ժողով՝  վավերացման, որն էլ իր հերթին ավելի լայն հնարավորություններ կընձեռի ԱՊՀ տարածքում ուսանողների և դասախոսների փոխանակման տեսանկյունից։ «Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանն այսօր հյուրընկալել է ԱՊՀ երկրների մեր գործընկերներին, որը կազմակերպվել է բարձր մակարդակով։ Ի դեպ, ՀՀ 2020-2021 թվականների երիտասարդական մայրաքաղաք Կապանում հոկտեմբերի 11-13-ը կանցկացվի ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը և «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլը: Այս ամենով մենք նոր շունչ ենք հաղորդում ԱՊՀ տարածքում ԿԳՄՍ ոլորտներում համագործակցությանը»,-շեշտել է նախարար տեղակալը։   ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, քաղաքական և սոցիալական հիմնախնդիրների վարչության խորհրդական Գալինա Կազակն իր գոհունակությունն է հայտնել նիստի՝ բարձր մակարդակով անցկացման վերաբերյալ։  «Անցյալ տարի որոշում կայացվեց, որ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը 2021 թվականին ստանձնում է Հայաստանը։ Նշեմ, որ այս տարին բավականին արդյունավետ էր․ բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց, և բազմաթիվ աշխատանքներ են կատարվել։ Այսօրվա նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, և դրվել են կոնկրետ խնդիրներ՝ կրթության ոլորտում ԱՊՀ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով։ Քննարկել ենք նաև, թե ինչպես են իրագործվում ԱՊՀ ղեկավար մարմինների որոշումները և նախանշել հետագա համագործակցության ուղիները»,- նշել է Գալինա Կազակը՝ հավելելով, որ նիստի ընթացքում պետք է որոշում կայացվի՝ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը 2022 թվականին այլ երկրի փոխանցելու հարցով։  Նիստի ավարտին կստորագրվի նաև ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստի թիվ 9 արձանագրային որոշումը։ Նշենք, որ ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի կանոնակարգի համաձայն` խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ։
17:32 - 07 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանին եւ Հայաստանին համաձայնություն Է անհրաժեշտ ընդհանուր հարցերի շուրջ միջազգային հարթակներում. Վոլոդին |armenpress.am|

Ռուսաստանին եւ Հայաստանին համաձայնություն Է անհրաժեշտ ընդհանուր հարցերի շուրջ միջազգային հարթակներում. Վոլոդին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը եւ Հայաստանը պետք Է համատեղ դիրքորոշում մշակեն իրենց վերաբերող հարցերի շուրջը միջազգային հարթակներում քննակման ընթացքում: Հոկտեմբերի 6-ին այդ մասին հայտարարել Է յոթերորդ գումարման Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կայացած հանդիպմանը, որն այցով գտնվում Է Մոսկվայում: «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն առանձնահատուկ են, կրում են ռազմավարական բնույթ»,- ասել Է Վոլոդինը, որի խոսքը բերված Է Պետդումայի կայքում: Հաղորդագրության համաձայն՝ այդ առնչությամբ խոսնակն առաջարկել Է Հայաստանին կամ Ռուսաստանին վերաբերող հարցերը քննարկելիս շարունակել մշակել երկու երկրների ընդհանուր դիրքորոշում միջազգային հարթակներում: «Սա միջխորհրդարանական համագործակցության նոր մակարդակ Է, որովհետեւ մենք, որպես կանոն, շատ ենք խոսում բարեկամության մասին, բայց այն պետք Է իրականացվի կոնկրետ քայլերով: Մենք հուսով ենք, որ, կառուցելով աշխատանքը խորհրդանական չափման շրջանակներում, մենք այդ ուղղությունն առանձնացրել ենք որպես հանգուցայիններից մեկը,- ընդգել Է Վոլոդինը: Քաղաքական գործիչը հիշեցրել Է, որ երկու երկրների պատվիրակություններն աշխատում են շատ հարթակներում, ներառյալ Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովները, ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովը եւ Միջխորհրդարանական միությունը: Այդ բոոր կառույցները, նրա կարծիքով՝ պահանջում են համատեղ որոշումների մշակում: Հանդիպման ընթացքում Վոլոդինը նշել Է, որ կողմերն արդեն շատ բան են կարողացել անել երկու երկրների հարաբերությունների զարգացման համար խորհրդարանական չափման շրջանակներում: Ըստ որում նա հույս ունի, որ այդ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել: «Դա անպայման պետք Է օգուտ բերի մեր քաղաքացիների համար: Մենք հանուն դրա ենք աշխատում՝ նրա համար, որ մեր երկրները լինեն ուժեղ, իսկ մարդիկ ապրեն խաղաղության եւ բարեկամության պայմաններում: Դա Է մեր խնդիրը»,- շեշել Է նա: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր յուրաքանչյուր հանդիպումը լինի քայլ առաջ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում, որոնք թույլ կտան լուծել կոնկրետ հարցեր ի շահ մեր քաղաքացների»,- հավաստիացրել Է Վոլոդինը: Պետդումայի խոսնակը հիշեցրել Է, որ Ռուսաստանին եւ Հայաստանին կապում Է Հավաքական անվտանգության պայմանագիրը: Հանդիպման արդյունքներով Սիմոնյաը հայտարարել Է, որ կողմերը «քննարկել են մեծ սպեկտրի հարցեր», եւ շնորհակալություն Է հայտնել Պետդումայի գործընկերներին: Վոլոդինը զրույցը համարել Է բաց եւ վստահալից, շնորհակալություն Է հայտնել պաշտոնակցին, որ պաշտոնում ընտրվելուց հետո իր առաջին այցը կատարել Է Մոսկվա: «Մեզ համար դա կարեւոր Է: Դա, նախ, ընդգծում Է հարաբերությունների մակարդակը եւ հաղորդակցություններ կաուցելու, ինչպես նաեւ այն հարցերը հասկանալու ցանկությունը, որոնք հուզում են ուսական կողմին»,- ասել Է խոսնակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:44 - 06 հոկտեմբերի, 2021
ԱՊՀ ՄԽՎ-ում և ՀԱՊԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունները կղեկավարի Ալեն Սիմոնյանը

ԱՊՀ ՄԽՎ-ում և ՀԱՊԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունները կղեկավարի Ալեն Սիմոնյանը

ԱԺ խորհուրդը հոկտեմբերի 4-ին քննարկել եւ հաստատել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում(ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը. ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունները կղեկավարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից: ՀՀ ԱԺ խորհրդի նիստը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Փոփոխություն է կատարվել ԱԺ խորհրդի որոշման մեջ, որի համաձայն` ՍԾՏՀ ԽՎ-ում «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանին կփոխարինի նույն խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը: Խորհրդի նիստում քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7 հարց:
17:18 - 04 հոկտեմբերի, 2021
Վահրամ Դումանյանը հանդիպել է ԱՊՀ խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հետ

Վահրամ Դումանյանը հանդիպել է ԱՊՀ խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հետ

Սեպտեմբերի 2-ին Կազանում մեկնարկելու են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է 11 մարզաձևից 55 մարզիկ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր հանդիպել են ԱՊՀ խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հետ: Ողջունելով մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ ԿԳՄՍ նախարարն ասել է, որ նրանցից ակնկալիքները մեծ են. «Բոլորիդ հաջողություն և հաղթանակներ եմ մաղթում: Փորձե՛ք ձեր մրցելույթներով դրական լիցքեր փոխանցել մեր ժողովրդին. մենք դրա կարիքը շատ ունենք: Մարզաշխարհում հաջողությունները, դրական լիցքերից բացի, հաղորդում են ուժ և վստահություն, որ մենք հզոր ենք ու կարող ենք առաջ շարժվել: Իհարկե, ունենք հաղթական ակնկալիքներ, բայց կարևոր է նաև պարզապես լավ մասնակցությունը»: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ Կազան է մեկնելու բավականին ուժեղ պատվիրակություն, ուստի մեդալային ակնկալիքներն արդարացված են. «Անկեղծ լինենք, կան մարզաձևեր, որոնցից մեդալային ակնկալիքները մեծ չեն, բայց և կան մարզաձևեր, որոնցում պարտավոր ենք մեդալ նվաճել: Նախապատրաստական աշխատանքներն ընթացել են հավուր պատշաճի, խնդիրները լուծված են: Ձեզ մնում է լավ մասնակցել և հիշել՝ հաղթանակների կարիքն իսկապես կա»: Պատվիրակության անդամները նշել են՝ ջանք չեն խնայի Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու և հայկական դրոշն ի պատիվ հաղթանակի ծածանելու համար: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ հաղթանակներն աննկատ չեն մնա. «Մրցանակակիրները կգնահատվեն ըստ արժանվույն: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնացել և չեն մնա: Վստա՛հ եղեք, որ ցանկացած հաղթանակ արժանանում է հնարավոր առավելագույն գնահատականին»: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը նաև պատասխանել է մարզաշխարհի ներկայացուցիչների հարցերին՝ ընդգծելով, որ հնչած բոլոր առաջարկություններն ու նկատառումները հաշվի կառնվեն և կքննարկվեն պրոֆեսիոնալ շրջանակում: Հավելենք, որ Հայաստանի մարզական պատվիրակությունից Կազան առաջինը մեկնելու են բռնցքամարտիկները, որոնց մրցումները սկսվելու են սեպտեմբերի 2-ին: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 4-ին:
15:40 - 30 օգոստոսի, 2021
ԱՊՀ-ն քննարկում է COVID-19-ի դեմ պատվաստումների վկայականների փոխադարձ ճանաչման հարցը |armenpress.am|

ԱՊՀ-ն քննարկում է COVID-19-ի դեմ պատվաստումների վկայականների փոխադարձ ճանաչման հարցը |armenpress.am|

armenpress.am: ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում օգոստոսի 27–ին տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների միջև կորոնավիրուսային վարակի դեմ բնակչության պատվաստման հավաստագրերի (այլ փաստաթղթերի) փոխադարձ ճանաչման հարցի շուրջ խորհրդակցություն: Այս մասին տեղեկանում ենք ԱՊՀ գործադիր կոմիտեի կայքէջից: Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առողջապահության նախարարությունների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության մասնակիցները կիսվել են իրենց պետություններում COVID-19-ի տարածման կանխարգելման միջոցառումների, կորոնավիրուսային վարակի դեմ բնակչության պատվաստումների, սահմանը հատման կանոնների և պետությունների միջև պատվաստման վկայականների փոխադարձ ճանաչման փորձի մասին տեղեկատվությամբ: Նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները ընդգծել են պատվաստումների վկայականների փոխադարձ ճանաչման շահագրգռվածությունը՝ միաժամանակ նշելով տվյալ հարցի առավել մանրամասն ուսումնասիրման անհրաժեշտությունը:
20:35 - 27 օգոստոսի, 2021
ԱՊՀ դիտորդները չեն արձանագրել այնպիսի խախտումներ, որոնք  կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա |armenpress.am|

ԱՊՀ դիտորդները չեն արձանագրել այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա |armenpress.am|

armenpress.am: ԱՊՀ դիտորդական առաքելությունն արձանագրել է, որ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում չեն եղել այնպիսի խախտումներ, որոնք  կարող են ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Այս մասին ասուլիսում ասաց դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը: Նեմատովը հիշեցրեց, որ դիտորդական առաքելության կազմում եղել է 96 անձ: Նա վստահեցրեց, որ կազմում եղել են  փորձառու անձինք, պատգամավորներ, ներկայացուցիչներ՝ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից, ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովից,  ռուս-բելառուսական միությունից: Դիտորդները եղել են 700 ընտրատեղամասում: Նեմատովի գնահատմամբ՝ ընտրությունները սկսվել են առանց իրարանցման, աղմուկի, ընտրատեղամասերը բացվել են ժամանակին՝ 08:00-ին: Դիտորդները միասին պատրաստել են վերջնական փաստաթուղթ՝ արդյունքների վերաբերյալ: «Ընտրությունների գործընթացն անցել է Ընտրական օրենքի պահանջներին համապատասխան: Դիտորդները չեն արձանագրել այնպիսի խախտումներ, որոնք  կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց Նեմատովը: Նա նշեց նաև գործընթացի բարձր կազմակերպչական մակարդակի մասին: Նեմատովի խոսքով՝ ընտրությունները կազմակերպվել, անցկացվել են ՀՀ սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Առաքելության ղեկավարն ամենակարևորը համարեց այն, որ ընտրություններին մասնակցել է 25 քաղաքական ուժ: Ըստ նրա՝ դա Հայաստանի ընտրողներին ընտրության հնարավորություն է տալիս: Դիտորդների խոսքով՝ թերացումներ եղել են, սակայն դրանք համակարգային բնույթ չեն կրել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝  21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:
12:43 - 21 հունիսի, 2021
ԱՊՀ դիտորդական առաքելությունը ընտրողների կողմից ակտիվություն է նկատել, խախտումներ չի ֆիքսել |armenpress.am|

ԱՊՀ դիտորդական առաքելությունը ընտրողների կողմից ակտիվություն է նկատել, խախտումներ չի ֆիքսել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևում է 96 ԱՊՀ դիտորդ: Այս մասին ընտրատեղամասերից մեկում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը: «Այսօր առավոտից ԱՊՀ դիտորդները մասնակցել են ընտրատեղամասերի բացմանը Երևանում: Բացումից հետո նրանցից շատերը շրջաններում են, դիտարկելու են, թե ինչպես է ընթանում քվեարկության գործընթացը»,- ասաց նա ու հավելեց, որ ինքն անձամբ է ընտրատեղամասերից մեկի բացմանը ներկա եղել: Առաքելության ղեկավարը շեշտեց, որ ընտրատեղամասի բացումը եղել է ժամանակին: Դիտարկվել են նաև սարքավորումները, օրինակ, տեսախցիկները և այլն: Նա արդեն հասցրել է մի քանի ընտրատեղամասերում լինել: «Օրինակ՝ վերջին դպրոցում 10:20-ի դրությամբ քվեարկել էր արդեն տեղամասի ընտրողների 15 տոկոսը: Այսպիսով, մենք ընտրողների ակտիվություն ենք տեսել»,- ասաց առաքելության ղեկավարը: Հայաստանի հրավերով ԱՊՀ դիտորդները սկսել են աշխատել մայիսի 31-ից: Դիտորդություն է իրականացնում 96 դիտորդ՝ ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից, ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովից,  Ռուս-բելառուսական միությունից և ԱՊՀ աշխատակիցներ: «Նրանց թվում կան շատ փորձառու դիվանագետներ, պատգամավորներ, մարդիկ, որոնք մասնակցել են շատ ընտրությունների:  Փորձառու անձանցից ենք ձևավորել ԱՊՀ դիտորդական առաքելությունը»,- վստահեցրեց առաքելության ղեկավարը: Դիտորդները Հայաստանում շատ տեղեր են այցելել, քննարկումներ իրականացրել, ընտրատեղամասերի փակումից հետո նրանք նույնպես կաշխատեն, դիտորդական առաքելության գնահատականը կկազմեն այսօր երեկոյան: «Կհավաքվենք, կքննարկենք, կպատրաստենք միանգամայն օբյեկտիվ փաստաթուղթ»,- վստահեցրեց նա: Առաքելության ղեկավարը շեշտեց, որ չնայած կարճ ժամանակահատվածին՝ ԿԸՀ-ն մեծ աշխատանք է կատարել, կազմակերպել, անցկացրել է դասընթացներ, վերապատրաստումներ և այլն: «Նրանք պատրաստվել են, որ ընտրություններն անցկացվեն բարձր, կազմակերպված մակարդակով»,- ասաց նա: Առաքելության ղեկավարը նկատեց՝ 21 կուսակցություն և 4 դաշինք է մասնակցում ընտրություններին: «Սա արդեն խոսում է այն մասին, որ ընտրողների համար ստեղծված է ընտրության հնարավորություն, նրանք կարող են ընտրել ցանկացածին»,- ասաց նա ու կարծիք հայտնեց, որ դա արդեն դեմոկրատիա է: Առաքելությունը մինչ այս պահը խախտումներ չի ֆիքսել:
14:21 - 20 հունիսի, 2021