ԱՊՀ դիտորդները չեն արձանագրել այնպիսի խախտումներ, որոնք  կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա |armenpress.am|
12:43 - 21 հունիսի, 2021

ԱՊՀ դիտորդները չեն արձանագրել այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա |armenpress.am|

armenpress.am: ԱՊՀ դիտորդական առաքելությունն արձանագրել է, որ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում չեն եղել այնպիսի խախտումներ, որոնք  կարող են ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Այս մասին ասուլիսում ասաց դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը:

Նեմատովը հիշեցրեց, որ դիտորդական առաքելության կազմում եղել է 96 անձ: Նա վստահեցրեց, որ կազմում եղել են  փորձառու անձինք, պատգամավորներ, ներկայացուցիչներ՝ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից, ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովից,  ռուս-բելառուսական միությունից: Դիտորդները եղել են 700 ընտրատեղամասում:

Նեմատովի գնահատմամբ՝ ընտրությունները սկսվել են առանց իրարանցման, աղմուկի, ընտրատեղամասերը բացվել են ժամանակին՝ 08:00-ին: Դիտորդները միասին պատրաստել են վերջնական փաստաթուղթ՝ արդյունքների վերաբերյալ:

«Ընտրությունների գործընթացն անցել է Ընտրական օրենքի պահանջներին համապատասխան: Դիտորդները չեն արձանագրել այնպիսի խախտումներ, որոնք  կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց Նեմատովը:

Նա նշեց նաև գործընթացի բարձր կազմակերպչական մակարդակի մասին: Նեմատովի խոսքով՝ ընտրությունները կազմակերպվել, անցկացվել են ՀՀ սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Առաքելության ղեկավարն ամենակարևորը համարեց այն, որ ընտրություններին մասնակցել է 25 քաղաքական ուժ: Ըստ նրա՝ դա Հայաստանի ընտրողներին ընտրության հնարավորություն է տալիս:

Դիտորդների խոսքով՝ թերացումներ եղել են, սակայն դրանք համակարգային բնույթ չեն կրել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝  21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել