Շվեդիա

Համբարձում Մաթևոսյանն ու ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը շեշտել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը

Համբարձում Մաթևոսյանն ու ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը շեշտել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Այս մասին հաղորրդում է փոխվարչապետի գրասենյակը: Փոխվարչապետը ողջունել է հայ-շվեդական երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և բարձր գնահատել Շվեդիայի կառավարության՝ Հայաստանի բարեփոխումների օրակարգին նպաստելու շահագրգռվածությունն ու 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցությունը։ Դեսպան Սվենսոնը կարևորել է Հայաստանի հետ գործընկերությունն ու Շվեդիայի կառավարության պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության զարգացմանը։ Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը ու համակարծիք եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։ Զրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներին, տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին։ Հայ-շվեդական համագործակցության օրակարգային հարցերը քննարկելիս՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է շվեդական ընկերությունների ներկայությունը հայաստանյան տնտեսությունում, մասնավորապես՝ ճանապարհային ենթակառուցվածքների կառուցման գործընթացներում, ինչպես նաև փոխգործակցության ակտիվացումը՝ դատական համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով։
13:59 - 26 հունվարի, 2022
Հինգ երկրներ կստեղծեն Ուկրաինայի օգնության հիմնադրամ |armenpress.am|

Հինգ երկրներ կստեղծեն Ուկրաինայի օգնության հիմնադրամ |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիան, Կանադան, Շվեդիան, Շվեյցարիան եւ ԱՄՆ-ը պլանավորում են հունվարի վերջին ստեղծել Ուկրաինայի օգնության հիմնադրամ՝ 35 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 47 միլիոն դոլար) ֆինանսավորմամբ երեք տարվա ընթացքում: Հունվարի 25-ին այդ մասին հաղորդել Է Ուկրաինայի ոչ վերահսկելի տարածքների հարցերով նախարարության մամուլի ծառայությունը: «Խոսքը վերաբերում Է «Գործընկերություն հանուն ուժեղ Ուկրաինայի» միջազգային հիմնադրամի ստեղծմանը: Դա Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի եւ Շվեդիայի ընդհանուր նախաձեռնությունն Է: Այս ամսին պլանավորվում Է հիմնադրամի աշխատանքի պաշտոնական մեկնարկը: Հունվարի 31-ին պետք Է կայանա համաձայնագրի ստորագրումը»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Հիմնադրամի գործունեության նպատակն Է համայնքների երկարաժամկետ կայուն զարգացման եւ կայունության բարձրացման օժանդակումը, որոնք տուժել են «ռուսական ագրեսիայից», հետագա Էսկալացիայի կանխումը եւ Կիեւի կարծիքով՝ ժամանակավորապես օկուպացված տարածքների սահուն եւ անարգել սոցիալական, տնտեսական եւ քաղաքական վերաինտեգրացման նախապատրաստումը: Հինմադրամ ստեղծելու մտադրության մասին հիմնադիր երկրները հայտարարել են 2021 թվականի օ՛գոստոսին: Նրանք հույս ունեն, որ հիմնադրամը կմեղմացնի Ռուսաստանի «ապակայունացնող ներգործությունը» Դոնբասում: Ավելի վաղ ենթադրվում Էր, որ հիմնադրամն աշխատանքը կսկսի մինչեւ 2021 թվականի դեկտեմբերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը։
16:51 - 25 հունվարի, 2022
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովում |armenpress.am|

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովում |armenpress.am|

armenpress.am: Դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում կայացել է  ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովը։ Ի թիվս կազմակերպության շրջանակներում միջազգային կարևոր թեմաների, երկու տասնյակի հասնող արտաքին գերատեսչությունների ղեկավարներ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Կարող ենք արձանագրել, որ հակառակ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ավարտված է, ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից արված  հայտարարությունները գալիս են փաստելու, որ միջազգային հանրության համար հակամարտության կարգավորման հարցն արդիական է, ինչպես նաև վերահաստատելու, որ ԼՂ հակամարտության կարգավորումը դիտվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և մանդատի ներքո՝ խաղաղ բանակցությունների միջոցով։ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդենն իր ելույթում  շեշտել է. «Չլուծված խնդիրներ կան Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, որոնք դրսևորվեցին նաև տարածաշրջանում նախորդ ամիս ռազմական գործողությունների վերսկսմամբ: ԵԱՀԿ-ն տարածաշրջանում կենսական դեր ունի, և մենք բոլորս պետք է լիակատար աջակցություն ցուցաբերենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ այս նախարարական համաժողովի ընթացքում և դրանից հետո»: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը իր հերթին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը․ «Կոչ ենք անում կողմերին առաջընթացի հասնել հումանիտար հարցերի, այդ թվում՝ պատանդների ու պահվող անձանց, ականազերծման, անհայտ կորածների, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ հետաքննության հարցերում, որի արդյունքում ոճրագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հուսով եմ, որ այս հարցերի վերաբերյալ մենք բոլորս միասին կկարողանանք աշխատել, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, առաջընթացի հասնելու համար։ Բոլոր կողմերին կոչ ենք անում լուծել մյուս կարևոր խնդիրները, մասնավորապես՝ սահմանազատման և սահմանագծման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը, ինչպես նաև շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև խաղաղ կարգավորման համար», - թեմայի շուրջ մանրամասնել է Բլինկենը։ Իսկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  հակամարտության կարգավորման հարցում բարձր է գնահատել ԵԱՀԿ դերը։ Համաժողովին Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Ռիսթերը նույնպես ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսումը։ «Կոչ ենք անում կողմերին Մինսկի խմբի հովանու ներքո համաձայնության գալ այնպիսի միջոցառումների իրականացման շուրջ, որն ի շահ ժողովուրդների կնվազեցնի լարվածությունը և կնպաստի այլ ոլորտներում առաջընթացի համար համապատասխան միջավայր ստեղծելուն։ Մենք վերահաստատում ենք մեր վստահությունը կողմերի հետ համանախագահության տարվելիք աշխատանքի նկատմամբ։ Կոչ ենք անում նաև հավատարիմ մնալ նոյեմբորի 9-ի հայտարարության շրջանակներում  ձեռք բերված պայմանավորվածություններին»,- նշել է Ռիսթերը։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆերտը իր ելույթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու կոչով է հանդես եկել։ «Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև սահմանային բախումները վերսկվեցնին աղետալի պատերազմից մեկ տարի անց։ Խնդրում եմ կողմերին համախմբել և համաձայնության գալ երկարատև խաղաղության հասնելու շուրջ»,- ընդգծել է Սեդերֆերտը։ ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին անդրադարձ են կատարել նաև ԵՄ-ում նախագահող Սլովենիայի, Կանադայի, Իսպանիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Ռումինիայի,  Խորվաթիայի, Իսլանդիայի և այլ պատվիրակությունների ղեկավարները՝ աջակցություն հայտնելով հակամարտության տևական լուծմանն ուղղված ջանքերին։  Նիդերլանդների ԱԳ նախարար Բեն Կնապեն հայտնել է, որ հարկավոր է շուտափույթ լուծում տալ բոլոր գերիների վերադարձի խնդրին։ Հատկանշական է, որ  ԼՂ հակամարտությանն անդարդարձ կատարած պատվիրակությունների ղեկավարների հայտարարություններում, որպես հումանիտար հրատապ լուծման ենթակա հարց առաջնայինը դիտարկվել է ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի խնդիրը։ Եվրոպական միության եզրափակիչ հայտարարությունում նաև անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման անհրաժեշտությանը։ «Եվրամիությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման գործում և պատրաստ է իր ներդրումը ունենալ այդ գործում»,- ասված է հայտարարության մեջ։ Հրադադարի պահպանման խնդրին հայտարարությամբ անդրադարձել է նաև ԵԱՀԿ «Քառյակը»՝ Ալբանիան, Շվեդիան,  Լեհաստանը և Հյուսիսային Մակեդոնիան: Երկրները կոչ են արել հավելյալ միջոցներ ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի և առարկայական բանակցություններ վերսկսելու ուղղությամբ: «Հրատապ անհրաժեշտություն կա առաջընթաց գրանցելու այնպիսի հումանիտար հարցերի կարգավորման ուղղությամբ ինչպիսիք են գերիների ու պահվող անձանց վերադարձը,  ականազերծմումը, անհետ կորածները, տեղահանվածների կամավոր վերադարձը, պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը, ինչպես նաև ապահովել միջազգային մարդասիրական  կազմակերպությունների  անխոչընդոտ մուտքը տարածաշրջան: Այդ նպատակով մենք լիակատար աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հովանու ներքո գործադրվող ջանքերին։»,- ասված է «Քառյակի» հայտարարության մեջ: Փաստորեն՝ ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովը ի ցույց դրեց, որ առկա է ԼՂ հակամարտության  վերաբերյալ երկու, կարելի է ասել, հակադիր մոտեցում․ մի կողմից՝  Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումները, որոնք մեծապես համընկնում և համահունչ են, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի՝ ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրողությունները որպես իրավիճակի լուծման հիմք ներկայացնելու փորձերը, մտացածին պատկերացումներն ու քարոզչությունը, որոնք, խոշոր հաշվով, որևէ «խրախուսական» արձագանքի չարժանացան միջազգային հանրության կողմից։  Թերևս, հենց այս պատճառով է, որ ադրբեջանական կողմը մտացածին պատճառաբանությամբ խուսափեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութայն հովանու ներքո Ստոկհոլմում նախատեսված ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից։ Իրապես, թե՛ համանախագահ երկրների ներկայացուցիչների, թե՛ ԵԱՀԿ անդամ մյուս երկրների վերոնշյալ հայտարարություններից հետո, այս հանդիպումն ամենուրեք ընկալվելու էր որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման համատեքստում, այլ ոչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված “հետկոնֆլիկտային” խնդիրների լուծման, ինչպես ադրբեջանական կողմը փորձում էր իր հանրությանը ներկայացնել Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած հանդիպումները։ Հատկանշական է, որ համաժողովի ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ թեև  համանախագահներն առանձին հանդիպումներ ունեցել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ, սակայն չի հաջողվել իրենց հովանու ներքո անցկացնել համատեղ հանդիպում։ «Հանգամանքները թույլ տալուն պես նրանք պատրաստակամություն են հայտնում անցկացնել նման հանդիպում՝ շարունակելու քննարկումները, որոնք սկսվել են սեպտեմբերին՝ Նյու Յորքում  և նոյեմբերին՝ Փարիզում»,- ասված է հայտարարության մեջ։
17:12 - 07 դեկտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը Շվեդիայի Ռիկսդագի նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը

ՀՀ ԱԳ նախարարը Շվեդիայի Ռիկսդագի նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը

Աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-ին հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ Անդրեաս Նորլենի հետ։ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ զրուցակիցները ջերմությամբ վերհիշել են Շվեդիայի խորհրդարանի նախագահի՝ 2019 թվականին Հայաստան կատարած պաշտոնական այցը։ Արարատ Միրզոյանը և Անդրեաս Նորլենն անդրադարձել են երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման, երկկողմ ու բազմակողմ հարթակներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում Շվեդիայի կողմից, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում ցուցաբերվող աջակցությունը։ Հայաստան-Եվրամիություն գործընկերության առավել խորացման համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը և Շվեդիայի Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենը մտքեր են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման շուրջ: Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման, վերջերս իրականացրած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նա ընդգծել է տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի և կայունացման համատեքստում միջազգային հանրության պատշաճ և հասեական արձագանքի կարևորությունը։ Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին՝ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև՝ պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը։
09:35 - 02 դեկտեմբերի, 2021
Շվեդիան պատմության մեջ առաջին անգամ կին վարչապետ ունի |hetq.am|

Շվեդիան պատմության մեջ առաջին անգամ կին վարչապետ ունի |hetq.am|

hetq.am: Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության նախագահ Մագդալենա Անդերսոնը դարձել է առաջին կինը, որն ընտրվել է այդ երկրի վարչապետի պաշտոնում։ Այդ մասին  հայտնում է Deutsche Welle-ն։ 54-ամյա Անդերսոնի օգտին քվեարկել է խորհրդարանի 117 պատգամավոր, 174-ը դեմ, իսկ 57-ը՝ ձեռնպահ։ Վարչապետի պաշտոնում ընտրվելու համար բավարար էր, որ նրա թեկնածության դեմ չքվեարկի շվեդական խորհրդարանի անդամների մեծամասնությունը, այսինքն 349 պատգամավորից առնվազն 175-ը։   Շվեդիայի կառավարության ղեկավարի պաշտոնում Անդերսոնի ընտրությանը նախորդել էին ծանր բանակցությունները։ Մինչ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Մագդալենա Անդերսոնը գլխավորում էր ֆինանսների նախարարությունը։ Վարչապետի պաշտոնում Անդերսոնին նախորդած սոցիալ-դեմոկրատ Ստեֆան Լյովենը 2021թ․ օգոստոսին հայտարարել էր հրաժարականի մասին՝ պաշտոնավարելով 7 տարի։ Նոյեմբերի սկզբին սոցիալ-դեմոկրատները Անդերսոնին ընտրել էին նաև կուսակցության նախագահի պաշտոնում։ Իր հրաժարականով Լյովենը Անդերսոնին հնարավորություն էր տվել ամրապնդելու իր դիրքերը խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք նախատեսված են 2022 թվականի ամռան վերջին։ Անդերսոնին Լյովենից ժառանգություն են մնացել մի շարք լուրջ խնդիրներ, ներառյալ կորոնավիրուսով պայմանավորված ծանր իրավիճակը, որն առաջացել է համավարակի դեմ Շվեդիայի պայքարի բավականին մեղմ միջոցներով։ Շվեդ քաղաքագետներն ընդգծում են նաև ավազակային խմբավորումների մասնակցությամբ հանցավորության մակարդակի աճը։
20:04 - 24 նոյեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ․ԱԳՆ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ․ԱԳՆ

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, իսկ նոյեմբերի 17-ին՝ Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը գործընկերներին մանրամասն ներկայացրել է նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից ամիսներ շարունակ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառման սպառնալիքները և ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև ընթացիկ տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի ներթափանցումը ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի ու կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները հերթական ագրեսիա են ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հասցեական արձագանքի և հետևողական գործողությունների իրականացման անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ բացահայտ ոտնձգություններն ու սադրիչ գործողությունները զսպելու համար։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան շուտափույթ այցելության իրականացումը: Կողմերը նաև մտքեր են փոխանակել հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս առնչությամբ Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
23:17 - 17 նոյեմբերի, 2021
Շվեդիան հանում է մուտքի արգելքը Հայաստանի պատվաստված քաղաքացիների համար |armenpress.am|

Շվեդիան հանում է մուտքի արգելքը Հայաստանի պատվաստված քաղաքացիների համար |armenpress.am|

armenpress.am: Ամբողջական պատվաստում անցած Հայաստանի քաղաքացիները շուտով կկարողանան ճանապարհորդել Շվեդիա՝ առանց մուտքի արգելքի կամ լրացուցիչ ճամփորդական կանոնների, ինչպիսիք են թեստավորման պահանջները։ «Կառավարությունը փոփոխություններ է ընդունել Շվեդիա մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ։ Համաձայն փոփոխությունների՝ այն անձինք, որոնք կարող են ներկայացնել պատվաստման հավաստագիր՝ տրված Հայաստանում, ազատվում են մուտքի արգելքից և թեստավորման պահանջից»,- ասված է Շվեդիայի արդարադատության նախարարության հայտարարությունում: SchengenVisaInfo.com հայտնում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ին: Ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել այն մասին, որ կորոնավիրուսային հավաստագրերը, որոնք թողարկվել են Հայաստանում, համարժեք են եվրոպական Էլեկտրոնային COVID-հավաստագրերին:
11:37 - 12 նոյեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԵԽ ներգրավումը Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԵԽ ներգրավումը Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները:Նախարար Միրզոյանն ու դեսպան Էհնբերգը գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ԵԽ միջև հաստատված բազմոլորտ համագործակցության կապակցությամբ և վստահություն հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագա զարգացում կունենա: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության գործում ԵԽ կողմից տրամադրվող աջակցության հիմնարար դերը: Այս համատեքստում կարևորվել է ԵԽ-Հայաստան 2019-2022 թթ․ Գործողությունների ծրագրի կյանքի կոչումը:«Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նախարարը բարձր է գնահատել պատերազմի առաջին իսկ օրերից ԵԽ տարբեր մարմինների կողմից ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարություններն ու կոչերը։ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է նաև միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽ իրավասու մարմինների՝ տեղում անխոչընդոտ ներգրավվածության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է:
20:10 - 18 հոկտեմբերի, 2021
Նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին

Նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։    Ողջունելով դեսպանին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ներկայումս ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելը: Հաշվի առնելով շվեդական արդյունաբերության աննախադեպ հաջողությունները, որոնք տեղի են ունեցել բավական կարճ ժամանակահատվածում՝ նախարարը բարձր է գնահատել Շվեդիայի հետ սերտ գործակցությունն ու փորձի փոխանակումը:   Անդրադառնալով թվայնացման հարցում Շվեդիայի կառավարության կողմից մշակված և իրականացվող հաջող ռազմավարությանը՝ նախարարն այս ուղղությամբ ևս կարևորել է համագործակցության հեռանկարները: «Հայաստանը կարող է գրավիչ լինել միջազգային ներդրողների համար, եթե մենք թվայնացված հանրություն ունենաք: Ներկայումս բանակցություններ ենք վարում միջազգային կառույցների, ներդրողների հետ, որոնք հետաքրքրված են մեր երկրի թվայանցման գործընթացի զարգացումներով», - նշել է Վահագն Խաչատուրյանը:   Խոսելով օրակարգային առաջնահերթությունների մասին՝ դեսպան Սվենսոնը ընդգծել է երկու երկրների միջև փոխգործակցության առկա հնարավորությունները և հավելել, որ Հայաստանն ու Շվեդիան իրարից շատ տարբեր լինելով՝ բազմաթիվ ընդհանրություններ ունեն: Դեսպանը նշել է, որ Հայաստանում թվայնացման, նորարարության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում զգալի առաջընթաց է նկատվում և այս առումով ողջունելի է համարել կառավարության մոտեցումն ու ոլորտին ցուցաբերած աջակցությունը: Սվենսոնն ընդգծել է, որ ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության բարձր մակարդակը Հայաստանում շատ տպավորիչ է:   Դեսպանը նշել է նաև, որ իրենք հետաքրքրված են տաղանդների ներգրավմամբ և այդ նպատակով արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում կրթական համակարգում բազմաթիվ կրթաթոշակներ են տրամադրվում:   Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես՝ մասնագիտական փորձի փոխանակման, էկոհամարգի զարգացման, երկու երկրների ստարտափների համագործակցության, կրթական ծրագրերի շրջանակներում։   Նախարարը և դեսպանը համոզմունք են հայտնել, որ հայ-շվեդական բարեկամական, փոխշահավետ հարաբերությունները կունենան շարունակական զարգացում:
22:55 - 11 հոկտեմբերի, 2021
Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է երկրի դեսպանի այցը Ադրբեջանի կողմից գրավված Շուշի

Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է երկրի դեսպանի այցը Ադրբեջանի կողմից գրավված Շուշի

Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը երկրի արտաքին գործերի նախարարին նամակ է հղել, որով դատապարտել է 2021թ. հուլիսի 9-10-ը Ադրբեջանում մի շարք երկրների դեսպանների և դիվանագետների այցը Լեռնային Ղարաբաղ, մասնավորապես՝ գրավված հայկական Շուշի քաղաք, որին մաս է կազմել նաև Շվեդիայի դեսպան Կամիլ Քրիստիանը: Այս մասին տեղեկանում ենք Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարությունից։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Նամակի մէջ Հայ Դատի յանձնախումբը նշել է, որ՝ «Ադրբեջանի կառավարութեան կողմից կազմակերպւած այս քարոզչական շրջագայութեանը միանալու շւեդ դիւանագէտի որոշումը ցաւալի արարք է: «Հայ Դատի յանձնախումբը այն կարծիքի է, որ Շւեդիայի պետութիւնն այս ակտի միջոցով հաստատում է Լեռնային Ղարաբաղի, Արցախի եւ Շուշիի օկուպացիան եւ այդպիսով օրինականացնում այդ տարածքներում տեղական հայ բնակչութեան դէմ Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնները»,- գրւած է նամակում:Նամակի մէջ յատուկ շեշտւել է, որ Թուրքիայի Զինւած ուժերով եւ սիրիացի վարձկան ահաբեկիչներով՝ Ադրբեջանի Զինւած ուժերը 2020 թւականի աշնանը այսպէս կոչւած «44-օրեայ պատերազմի» ընթացքում դիտաւորեալ ոչնչացրին Շուշիի քաղաքացիական ենթակառոյցները եւ երկու անգամ ռմբակոծեցին քաղաքի Մայր տաճարը:«Այս կործանարար պատերազմի արդիւնքում թուրք-ադրբեջանական պետութիւնների կողմից տանդեմում, դարաւոր հայկական Շուշի քաղաքն այժմ ենթարկւել է էթնիկական ամբողջական զտումների եւ զրկւել իր բնակչութիւնից՝ հայերից»: Շւեդիայի Հայ Դատի յանձնախմբի նամակում շեշտաւորւելով այն հարցը, որ ԵԱՀԿ-ի կողմից տարւող բանակցութիւնների երկու հիմնարար սկզբունքներից՝ ուժ չկիրառելը եւ մարդու ինքնորոշման իրաւունքը խախտւել են Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում, նշւել է, որ «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահութիւնը՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դեսպանները Բաքւում հրաժարւեցին մասնակցել այս ուղեւորութեանը՝ յստակ պատգամ փոխանցելով, որ Ղարաբաղեան հակամարտութիւնը դեռ լուծւած չէ»: Նամակում նշւել է, որ ըստ երեւոյթին Շւեդիան, որը նախագահում է ԵԱՀԿ-ն, ընդունելով Շուշի ուղեւորութեան հրաւէրը դարձաւ հակամարտութեան կողմ՝ Ադրբեջանի աւտորիտար ռեժիմի քարոզչական արշաւի մասնակիցը, եւ նոյն երկրի դեսպանը ամբողջովին անտեսեց հետեւեալ երկու հիմնական փաստերն ու խարխլեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը՝ գտնելու Ղարաբաղեան հակամարտութեան տեւական, խաղաղ եւ արդար լուծում:Հետեւեալ երկու հիմնական փատերն են՝ 1-Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով պահել աւելի քան 200 հայ ռազմագերիների: Այս բանտարկեալները խոշտանգումների են ենթարկւել եւ օգտագործւել որպէս քաղաքական սակարկութեան առարկայ, որը հակասում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ստորագրւած 2020 նոյեմբերի եռակողմ զինադադարի հռչակագրում նշւած կէտերին: 2-Ադրբեջանը շարունակում է հրաժարւել միջազգային կազմակերպութիւնների պահանջից, ինչպէս ԻՒՆԵՍԿՕ-իպարագային, թոյլ տալ այցելել Լեռնային Ղարաբաղի հայկական կրօնական յուշարձանները: Մինչդեռ հայկական կրօնական յուշարձանների պղծման եւ ամբողջական ոչնչացման ապացոյցեր են ի յայտ եկել: «Վերջապէս ոչ պակաս կարեւոր է 2021 թւականի մայիսից ի վեր ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքում գտնւող Սիւնիքի եւ Գեղարքունիքի մարզեր ներխուժման փաստը, առեւանգելով հայ զինւորականներին եւ բռնութիւններ հրահրելով խաղաղ բնակչութեան նկատմամբ: Շւեդիայի հայերը վրդովւած են եւ բացատրութիւն են պահանջում, թէ ինչու Բաքւում Շւեդիայի դեսպանը մասնակցեց Շուշի կազմակերպւած այցին», գրւած է նամակի վերջում:Շւեդիայի արտաքին գործերի նախարարին Հայ Դատի յանձնախմբի կողմից յղած բողոք-նամակին պատասխանել է նոյն նախարարութեան նամակագրութեան բաժնի համակարգող Վիկտորիա Փիիրէնէն՝ մի նամակով, որի մէջ նշւած է, որ «Շւեդիան այս այցին մաս կազմեց պետական մակարդակով եւ այցը տեղի ունեցաւ այն շրջաններում, որ միջազգային օրէնքի հիման վրայ պատկանում է Ադրբեջանին»:Նամակի մի այլ բաժնում նշելով, որ Շւեդիան իր կատարեալ աջակցութիւնն է յայտնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին՝ կողմերի միջեւ խաղաղ եւ կայուն կարգավիճակ եւ փոխվստահութեան մթնոլորտ իրականացնելու գործընթացին, յստակեցւած է՝«Արտաքին գործերի նախարարութիւնը բազմիցս շեշտել է մարդասիրական իրաւունքի հասանելիութեան եւ բանտարկեալների ազատ արձակման կարեւորութիւնը»: Մարդկային իրաւունքների եւ ժողովրդավարութեան ջատակով հանդիսացող եւրոպայի կարեւոր ներկայացուցիչը անտեսում է ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը, պատերազմի հետեւանքով գերեվարւածների ճակատագիրը եւ մարդկային տարրական իրաւունքը՝ բնակւել այն հողում ուր մարդիկ ծնւել, ապրել ու արարել են:Շւեդիայի ԱԳ նախարարութիւնը աչք է փակում նաեւ այն իրողութիւնը, որ Շուշին երբեւէ չի եղել Ադրբեջան կոչւող պետութեան տարածքում:Շուշին մշատպէս եղել է նախկին ԼՂԻՄ-ի, ապա նաեւ՝ Արցախի Հանրապետութեան կազմում:Իսկ Արցախի Հանրապետութեան ապագայ կարգավիճակի հարցը եղել եւ շարունակում է մնալ աւելի քան 20 տարի, ԼՂ հակամարտութեան վերաբերեալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքոյ անց կացւող բանակցութիւնների օրակարգի կարեւորագոյն հարցերից մէկը»։ 
17:32 - 01 օգոստոսի, 2021