Ինչո՞ւ Շվեդիան ու Ֆինլանդիան դեռ ՆԱՏՕ-ի անդամ չեն․ հարցի նախապատմությունը․ The Guardian
20:30 - 12 մայիսի, 2022

Ինչո՞ւ Շվեդիան ու Ֆինլանդիան դեռ ՆԱՏՕ-ի անդամ չեն․ հարցի նախապատմությունը․ The Guardian

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն և վարչապետ Սաննա Մարինն այսօր սատարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի դիմումը։ Այսօր նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որն առաջին պաշտոնական արձագանքն է, որով Ֆինլանդիան դիմում է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի նպաստում Եվրասիայի անվտանգությանը, Ֆինլանդիայի մուտքը դաշինք սպառնալիք է Ռուսաստանի համար»:

Ակնկալվում է նաև, որ մոտ օրերս Շվեդիան նույնպես ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշում կկայացնի։ Այն մասին, թե ինչու այս երկու երկրները դեռ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չեն և ինչ նախապատմություն ունի այս հարցը, գրում է Guardian-ը, որի հոդվածն աննշան կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին․

 

«Ի՞նչ է ՆԱՏՕ-ն

Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը ռազմական դաշինք է, որը կազմավորվել է 1949 թ-ին 12 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կողմից՝ Եվրոպայում խորհրդային Ռուսաստանի հետպատերազմական էքսպանսիայի սպառնալիքին դիմակայելու համար։

Նրա ընդհանուր անվտանգության երաշխիքը հիմնված է պայմանագրի 5-րդ հոդվածի վրա, որն ասում է, որ դաշինքի մասնակիցներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլորի վրա, և պարտավորեցնում է անդամ երկրներին պաշտպանել միմյանց՝ զինված ագրեսիայի դեպքում։

 

Ինչո՞ւ Ֆինլանդիան ու Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ չեն

Երկու երկրներն էլ համարում էին, որ անդամակցությունը դաշինքին անհարկի կսադրի Մոսկվային, և երկար ժամանակ չեզոքություն էին պահպանում, այնուհետև՝ ռազմական դաշինքների չմիանալու քաղաքականություն վարում՝ տարածաշրջանային գերտերության հետ առճակատումից խուսափելու համար։

Ֆինլանդիայի մտահոգությունները հիմնականում գործնական էին․ այն 810 մղոն (1300 կմ) երկարությամբ սահման ունի Ռուսաստանի հետ, անկախություն է հռչակել 1917 թ-ին գրեթե մեկ դար Մոսկվայի տիրապետության տակ լինելուց հետո, նրա բանակը երկու անգամ դուրս է եկել խորհրդային զորքերի դեմ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ նախքան իր տարածքի շուրջ 10%-ը զիջելը։

Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին 1948 թ-ին Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը ռազմական իմաստով Ֆինլանդիային մեկուսացրեց Արևմտյան Եվրոպայից, թեև հետագայում ԽԱՀՄ փլուզման և ԵՄ անդամակցության հետևանքով նա կարողացավ դուրս գալ Ռուսաստանի ստվերից։

ՆԱՏՕ-ին Շվեդիայի չմիանալն ավելի շատ գաղափարական հիմքեր ուներ։ Նրա հետպատերազմական արտաքին քաղաքականությունը կենտրոնացած էր բազմակողմ երկխոսության և միջուկային զինաթափման հարցերի վրա, և նա երկար ժամանակ իրեն միջնորդ էր համարում միջազգային հարթակում՝ կրճատելով իր զորքերը սառը պատերազմց հետո։

2014 թ-ին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո Շվեդիան կրկին զորակոչ մտցրեց և ավելացրեց պաշտպանական ծախսերը, սակայն ձախ հայացքների տեր շատ շվեդացիներ նախկինի պես կասկածամտորեն են վերաբերվում ԱՄՆ գլխավորած դաշինքի օրակարգին և պնդում են, թե ՆԱՏՕ-ին անդամակցությունը միայն կավելացնի լարվածությունը տարածաշրջանում։

 

Ինչո՞ւ են այս երկրները մտադիր այժմ միանալ դաշինքին

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ու նրա շվեդացի գործընկեր Մագդալենա Անդերսոնն անցյալ ամիս հայտարարել էին, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա «փոխել է եվրոպական անվտանգության ողջ լանդշաֆտը»։

Ըստ էության, շատ ֆիններ ու շվեդացիներ սկսել են ավելի շատ մտածել, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունն ապահովություն կբերի իրենց, երբ նրանք բախվեն Ռուսաստանի ակնհայտ ռազմատենչ և անկանխատեսելի առաջնորդի հետ։ Հարցումները ցույց են տալիս, որ ՆԱՏՕ-ին անդակամցությանը կողմ արտահայտվողների թիվը Ֆիլանդիայում եռապատկվել է՝ հասնելով շուրջ 75%-ի, իսկ Շվեդիայում՝ աճել մինչև շուրջ 60%-ը։

Անդամակցությունը ՆԱՏՕ-ին կնշանակի, որ Ֆինլանդիան ու Շվեդիան առաջին անգամ պաշտպանության երաշխիքներ կունենան միջուկային տերություններից։

 

Արդյո՞ք ՆԱՏՕ-ն կընդունի նրանց

Այս երկու երկրները ՆԱՏՕ-ի գործընկերներն են, մասնակցում են համատեղ զորավարժություններին և դաշինքի հետ փոխանակվում հետախուզական տվյալներով։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը Շվեդիային ու Ֆինլանդիային «գրկաբաց» կընդունի, եթե նրանք անդամակցության հայտ ներկայացնեն, իսկ այդ գործընթացն արագ կկատարվի, թեև պաշտոնապես դաշինքի բոլոր անդամների կողմից վավերացումը կարող է մի քանի ամիս տևել։

Ռազմական տեսանկյունից Ֆինլանդիայի և Շվեդիայի զինված ուժերի ավելացումը ՆԱՏՕ-ի ուժերին Հյուսիսային Եվրոպայում ՆԱՏՕ-ի դիրքերի համար մեծ բարելավում կլինի, որը կծածկի դաշինքի պաշտպանության բացը՝ կրկնակի ավելացնելով նրա սահմանը Ռուսասանի հետ, և կամրապնդի անվտանգությունն ու կայունությունը Բալթյան տարածաշրջանում։

 

Ի՞նչ է մտածում Ռուսաստանը

Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է Ֆինլանդիային ու Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առնչությամբ՝ հայտարարելով, որ այս քայլի «ռազմաքաղաքական լուրջ հետևանքներն» իրեն ստիպելու են «պատասխան քայլեր» ձեռնարկել՝ «ռազմական հավասարակշռության վերականգնման համար»՝ ամրապնդելով պաշտպանությունը Բալթյան տարածաշրջանում, այդ թվում՝ այնտեղ միջուկային զենքի տեղակայման միջոցով։

Վլադիմիր Պուտինն էլ ՆԱՏՕ-ն դիտարկում է ոչ թե որպես պաշտպանական դաշինք, այլ սպառնալիք՝ Ռուսաստանի անվտանգությանը։ Նա ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինան գրավելու իր պլաններին խոչընդոտելու համար և պահանջում ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերել Արևելյան Եվրոպայից։ Պարզ չէ, թե ինչպես նա կարձագանքի, եթե դաշինքի ընդլայնումը դեպի Հյուսիսային Եվրոպա ընկալի՝ որպես էքզիստենցիալ վտանգ։

 

Ի՞նչ սպասել

Ֆինլանդիայի նախագահը, վարչապետն ու կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները կիրակի օրը կհանդիպեն՝ հայտ ներկայացնելու համար պաշտոնական որոշում կայացնելու։ Այնուհետև դրական որոշումը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը հաջորդ շաբաթվա սկզբին։

Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները տարակարծիք են այս հարցի շուրջ և ներքին խորհրդակցություններ են անցկացնում, նրանք նույնպես պետք է որոշում կայացնեն մինչև կիրակի։ Ակնկալվում է, որ կուսակցությունը կսատարի անդամակցությունը։

Շվեդական լրատվամիջոցները հաղորդել են, որ կառավարության վերջնական որոշումն ընդունվելու է երկուշաբթի, այնուհետև անդամակցության պաշտոնական հայտ է ներկայացվելու։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ այս երկու երկրները միաժամանակ են ներկայացնելու իրենց հայտերը»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել