ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Կաշառք ստանալու կասկածանքով ՃՈ տեսուչ է ձերբակալվել

Կաշառք ստանալու կասկածանքով ՃՈ տեսուչ է ձերբակալվել

Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերևույթ կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ: Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ 2021թ. մարտին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Մ. Ս.-ն, Վանաձոր քաղաքում վարորդ Ա. Ղ.-ի փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզելով, որ վերջինս ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի և ԱՊՊԱ պայմանագրի, վարորդին վարչական պատասխանատվության չենթարկելու և մեքենան տուգանային հրապարակ չտեղափոխելու ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից պահանջել և ստացել է 20.000 ՀՀ դրամ կաշառք: «22.06.2022 թ.-ին Մ. Ս.-ն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Կատարվում է նախաքննություն»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ: 
11:33 - 23 հունիսի, 2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկեր կառույցների միջև երկկողմ հարաբերությունների հաստատման և համագործակցության ընդլայնման, ինչպես նաև նախաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներում ԱՄՆ գործընկերների ունեցած առաջավոր փորձին ծանոթանալու նպատակով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Մուշեղ Բաբայանը 2022 թվականի հունիսի 12-17-ը պաշտոնական այցով եղել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ այցի շրջանակներում հանդիպումներ են անցկացվել ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի, ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի, Համաշխարհային հակակոռուպցիոն համակարգող գրասենյակի և այլ կառույցների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման, ապօրինի հարստացման վերաբերյալ գործերի քննության մեթոդիկային առնչվող հարցերը, ներկայացվել են նշված իրավախախտումների քննության հիմնական մարտահրավերներն ու դրանց հաղթահարման համար օգտագործվող գործիքակազմի կիրառման օրինակները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում կիրառվող նորարարական մոտեցումները: Այցի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարը հանդիպել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի հետ: ԱՄՆ գործընկերները հանդիպումների ընթացքում շեշտել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը և վերջինիս հետ համագործակցությունը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում համարում են հաջողված օրինակ և ձգտում են ընդլայնել Կոմիտեի հետ գործընկերային հարաբերությունները: Այցի ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորագրման նպատակն է ապահովել համանման գործառույթներ իրականացնող երկու կառույցների միջև անմիջական հաղորդակցությունն ու տեղեկատվության փոխանակումը, համագործակցությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում, փոխանակման ծրագրերի, դասընթացների, աշխատանքային քննարկումների կազմակերպումը: ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Կոմիտեի կազմի վերջնական համալրումից հետո վերապատրաստման դասընթացներ և ուսուցողական այցեր իրականացնել, որոնք ուղղված կլինեն Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացմանն ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը:
10:56 - 21 հունիսի, 2022
Կորոնավիրուսի համար հատկացված միջոցների յուրացման փաստով քրեական գործ է հարուցվել
 |civilnet.am|

Կորոնավիրուսի համար հատկացված միջոցների յուրացման փաստով քրեական գործ է հարուցվել |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կատարված ծախսերի հետ կապված․ այդ մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Քրեական գործ հարուցվել է՝ հաշվի առնելով ֆինանսների նախարարության համապատասխան ստուգումներն ու Հաշվեքննիչ պալատի վերջին հաշվեքննությունը։ Անցյալ ամիս Հաշվեքննիչ պալատը հանդես էր եկել կորոնավիրուսի համար հատկացված ծախսերի աղմկոտ հաշվեքննությամբ։ Դրանով պարզվել էր, որ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում առանց ծախսային հիմնավորումների ու հաշվետվությունների գումարների վերաբաշխումներ են եղել, որոշ դեպքերում պացիենտի բուժման ծախսերը եղել են ուռճացված, գնումները հիմնականում իրականացվել են մեկ անձից գնման ընթացակարգով և այլն, տարբեր բժշկական կենտրոններում էլ ծախսերը իրականացվել են խեղաթյուրումներով։ Ինչպես ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին դատախազությունից, վարչապետի հանձնարարականի համաձայն, դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ստացել ու ուսումնասիրել է առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի բուժման գործընթացի վերաբերյալ իրականացրած ստուգման, հաշվեքննության ակտերը։ Դրա արդյունքում դատախազությունը Հակակոռուպցիոն կոմիտեին հանձնարարել է նյութեր նախապատրաստել։ Մայիսի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ յուրացման կամ վատնման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։ Հունիսի 10-ին Ազգային ժողովում քննարկում էր կայացել պատգամավորների և Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների միջև։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները պարզաբանումներ էին պահանջում Հաշվեքննիչ պալատի նախագահից Ատոմ Ջանջուղազյանից՝ առողջապահության նախարարության կողմից համավարակի ժամանակ տեղի ունեցած խախտումների բարձրաձայնման համար։  
16:17 - 14 հունիսի, 2022
Շենգավիթի դատախազի տեղակալին եւ ձերբակալված եւս 3 անձի մեղադրանք է առաջադրվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Շենգավիթի դատախազի տեղակալին եւ ձերբակալված եւս 3 անձի մեղադրանք է առաջադրվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված  և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Ն.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնը, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն. Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար Գ. Գ.-ի և Ն. Ա.-ի օժանդակությամբ 2022 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում ամբաստանյալից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք: Ըստ առաջադրված մեղադրանքի` Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ. Ն.-ն, Գ. Գ.-ի և Ն. Ա.-ի միջոցով նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2022 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում հանդիպել է ամբաստանյալ Ն. Դ.-ի հետ և քննարկել վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի հանգամանքները: Հանդիպման ընթացքում Կ. Ն.-ն խոստացել է իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստել դատարանի կողմից Ն. Դ.-ի նկատմամբ այնպիսի պատիժ նշանակելուն, որը հնարավորություն կտա վերջինիս համաներման մասին օրենքի հիման վրա ազատվել պատժից, ինչի համար ամբաստանյալից պահանջել է 2.500.000 ՀՀ դրամ կաշառք: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մայիսի 17-ի դատավճռով Ն. Դ.-ն դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով, որպիսի պայմաններում հնարավորություն է ստացել համաներում հայտարարելու մասին 2018թ. նոյեմբերի 1-ին ընդունված օրենքի հիման վրա սահմանված կարգով ազատվել պատժից: 2022 թվականի մայիսի 19-ին Կ. Ն.-ն Գ. Գ.-ի տանը հանդիպել և Ն. Դ.-ից ստացել է պահանջված կաշառքի գումարից 2.000.000 ՀՀ դրամը, իսկ մնացած 460.000 ՀՀ դրամը Ն. Դ.-ն Ն. Ա.-ի օգնությամբ 2022 թվականի մայիսի 31-ին փոխանցել է Գ.Գ.-ի մտերիմ անձի բանկային հաշվեհամարին, ով նույն օրը գումարը կանխիկացրել և Գ. Գ.-ի միջոցով փոխանցել է պաշտոնատար անձին: 09.06.2022 թ.-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի որոշմամբ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ. Ն.-ն, վերջինիս կաշառք տված Ն. Դ.-ն և կաշառք ստանալուն օժանդակած  անձինք ձերբակալվել են: Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար 10.06.2022 թ.-ին Կ. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Ն. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ կաշառք ստանալուն օժանդակելու համար Ն. Ա.-ին և Գ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` վերը նշված բոլոր մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:30 - 10 հունիսի, 2022
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ապօրինի շինության համար քաղաքացուց կաշառք են ստացել. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ապօրինի շինության համար քաղաքացուց կաշառք են ստացել. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն և նույն բաժնի աշխատակից Կ. Ս.-ն նախնական համաձայնությամբ Ա. Բ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար վերջինից անձամբ ստացել են խոշոր չափերով կաշառք: Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, ըստ առաջադրված մեղադրանքների` Կ. Ս.-ն, հայտնաբերելով Երևան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ի կողմից 2022 թվականի մարտին շենքի բակում առանց թույլտվության ինքնակամ պատշգամբ կառուցելու փաստը, տեղեկացրել է, որ այդ արարքի համար նախատեսված է վարչական տույժ 1.500.000-2.000.000 ՀՀ դրամի չափով և բնակչի օգտին խնդիրը լուծելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար վերջինիս առաջարկել է հաջորդ օրը ներկայանալ քաղաքապետարան` բաժնի պետ Ա. Ս.-ին հանդիպելու նպատակով: 2022 թվականի ապրիլի 11-ին Ա. Բ.-ն այցելել է Երևանի քաղաքապետարան, որտեղ  Ա. Ս.-ն և Կ. Ս.-ն նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով` Ա. Բ.-ից պահանջել են խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք: Վերջինս ընդունել է պաշտոնատար անձանց կաշառք տալու առաջարկը, որից հետո Կ. Ս.-ն պարբերաբար Ա. Բ.-ից պահանջել է կաշառքի գումարը՝ հայտնելով, որ այն չտալու դեպքում միջոցներ կձեռնարկեն նրան վարչական պատասխանատվության ենթարկելու համար: 2022 թվականի ապրիլի 28-ին Ա. Բ.-ն Կ. Ս.-ի ավտոմեքենայի մեջ նրան է փոխանցել 300.000 ՀՀ դրամ կաշառքը, որից անմիջապես հետո Կ. Ս.-ն բռնվել է ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից, իսկ կաշառքի գումարը հայտնաբերվել և վերցվել է ավտոմեքենայի զննությամբ: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Ս.-ին և Կ. Ս-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ա. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  312-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:32 - 03 հունիսի, 2022
Հակակոռուպցիոն կոմիտեն նախորդ տարի քննել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ. 2022-ին ծանրաբեռնվածությունն աճել է

 |armenpress.am|

Հակակոռուպցիոն կոմիտեն նախորդ տարի քննել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ. 2022-ին ծանրաբեռնվածությունն աճել է |armenpress.am|

armenpress.am: Հակակոռուպցիոն կոմիտեն 2021 թվականին քննել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ, այս տարի ծանրաբեռնվածությունն աճել է 110 տոկոսով: Այս մասին ասաց  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: Խաչատրյանը հիշեցրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքն ամբողջությամբ ուժի մեջ է մտել միայն 2021-ի հոկտեմբերի 23-ին, նույն օրը մեկնարկել է կոմիտեի գործունեությունը, այսպիսով՝ իր ներկայացվածը վերաբերում է կոմիտեի գործունեության այդ 2 ամիսներին: 2021-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունն ապահովելու նպատակով կոմիտեին հատկացվել է 870 մլն դրամ: «Կոռուպցիոն գործերի քննության ապահովում» ծրագրի «Կոռուպցիոն գործերի քննության արդյունավետության բարձրացում» միջոցառմամբ կոմիտեին հատկացվել է 341.1 մլն դրամ: «Հաշվետու ժամանակահատվածում հաստիքները համալրվել են մասամբ և մինչև տարեվերջ ժամանակի սղության պատճառով գնման գործընթացները մնացել են անավարտ, ինչով պայմանավորված 2021 թվականին ծախսը կազմել է 175.9 մլն դրամ կամ հատկացված միջոցների 51.6 տոկոսը, տարբերություն 165 մլն դրամը վերադարձվել է պետբյուջե»,-ասաց Խաչատրյանը: Ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով քրեական վարույթների թիվը նախատեսվել է 350, սակայն քննվել է 228 քրեական գործ: Կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ սխալ պլանավորում չի կատարվել, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի անցումային դրույթներով մյուս քննչական մարմիններում, որտեղ քննվել են կոռուպցիոն բնույթի գործերը, չեն փոխանցվել Հակակոռուպցիոն կոմիտեին և շարունակել են քննել: «2021-ի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 280 քրեական գործ: Ընդ որում` այդ գործերից 114-ը կոմիտե է փոխանցվել Հատուկ քննչական ծառայությունից: 2021-ին վարույթում քննված 280 քրեական գործից ավարտվել է 120-ը: Այս տարի արդեն ծանրաբեռնվածությունն աճել է մոտ 110 տոկոսով: Այսօր մենք վարույթում ունենք մոտ 240-250 քրեական գործ»,-ասաց նա՝ հավելելով որ քննիչների ծանրաբեռնվածությունն աննախադեպ է: Այդ կապակցությամբ կոմիտեի նախաձեռնությամբ կառավարությունը օրենսդրական փոփոխություն է կատարել:
20:17 - 02 հունիսի, 2022
Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի քրգործով քննիչին վարույթից հեռացնելու որոշումն անհիմն է և ոչ օբյեկտիվ. Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Դատախազության որոշման վերաբերյալ

Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի քրգործով քննիչին վարույթից հեռացնելու որոշումն անհիմն է և ոչ օբյեկտիվ. Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Դատախազության որոշման վերաբերյալ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Նախօրեին «Hraparak.am» լրատվական կայքին տրված պարզաբանմամբ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2022թ. մայիսի 20-ին հսկող դատախազի կողմից կայացված` Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավարին վարույթից հեռացնելու մասին որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ քննիչն առանց դատախազի ցուցումի պահանջներն ամբողջությամբ կատարելու հայտարարել է նախաքննության ավարտ, և որ ցուցումի պահանջներն անտեսելու վարքագիծը կրել է պարբերական բնույթ, ինչը «ողջամտորեն վկայել է գործով քննության նկատմամբ առկա կանխակալ վերաբերմունքի մասին»։ Դատախազության վերը նշված պարզաբանման առնչությամբ հայտնում ենք, որ քննիչին վարույթից հեռացնելու որոշման դեմ առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին, քանի որ նշված որոշումը համարում ենք անհիմն և ոչ օբյեկտիվ: Մեր համոզմամբ` տևական ժամանակ հիշյալ բարդ և բազմադրվագ գործը քննած քննիչին վարույթից հեռացնելը և այն նոր քննիչի հանձնարարելը դատախազության կողմից միայն մեկ նպատակ է հետապնդում` հիշյալ մեծածավալ գործի վրա ժամանակ ծախսելու, երկարատև քննության ընթացքում նախորդ քննիչի կողմից ձեռք բերված ամբողջ տեղեկատվությունը նոր քննիչի կողմից ծանոթանալու և դրա հետ կապված խնդիրների առաջացմամբ խոչընդոտել ու տապալել գործի քննությունը: Ընդ որում` հարկ է նկատի ունենալ, որ մեղադրյալներից մեկը գտնվում է կալանքի տակ` քրեադատավարական ժամկետների բոլոր սահմանափակումներով: Անհրաժեշտ ենք համարում հայտնել նաև, որ իրականությանը չեն համապատասխանում դատախազության այն պնդումները, թե հսկող դատախազի կողմից տրված ցուցումներն ուղղված են եղել կոնկրետ մեղադրանքի հիմնավորմանը: Փոխարենը, խիստ սուբյեկտիվ մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի /փողերի լվացում/ վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի 2021 թվականի ապրիլի 14-ի ԵԷԴ/0054/01/15 նախադեպային որոշումը, և, ըստ էության, հակասելով այդ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, դատախազն ընդամենը սահմանափակվել է Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքի շուրջ վերացական դատողություններով: Եվ սա այն դեպքում, որ նախադեպային որոշման այս մեկնաբանությամբ դատախազությունը հակասել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննված այլ քրեական գործերով փողերի լվացման նմանատիպ դրվագների վերաբերյալ նախկինում իր իսկ արտահայտած դիրքորոշմանը: Ավելին` նշված իրավահարաբերություններում հսկող դատախազն ունեցել է իր որոշմամբ հանցագործությունը որակելու կամ մեղադրանքի ծավալը փոփոխելու առավել քան լայն գործիքակազմ, որից օգտվելու փոխարեն յուրովի ենթատեքստերով անհիմն ձևակերպումներ տալով` խուսափել է արտահայտել հստակ դիրքորոշումներ` արդյունքում ձգձգելով մեղադրական եզրակացությամբ գործը դատարան ուղարկելու գործընթացը: Անդրադառնալով քննիչի կողմից կանխակալ վերաբերմունքի վերաբերյալ դատախազության կասկածների ողջամտությանը` հարկ է նկատել, որ առնվազն անհասկանալի է կոնկրետ քրեական գործով կոնկրետ մեղադրյալների նկատմամբ դատախազության որդեգրած անորոշ դիրքորոշումներով քննությունը ձգձգելու և այդ կերպ քննության արդյունավետության վրա բացասական ազդեցություն ունենալու «հետևողականությունը»: Միաժամանակ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին մի շարք պաշտոնատար անձանց վերաբերյալ քննվող քրեական գործերով դատավարական փաստաթղթերում հստակ դիրքորոշումներ հայտնելու փոխարեն վերացական ձևակերպումներով դատավարական սուբյեկտների հարաբերությունները հանրայնացնելու դատախազության որդեգրած քաղաքականության կապակցությամբ»:
16:04 - 01 հունիսի, 2022
Բացահայտվել են ՔՏՀԱՏՄ-ի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպքեր. նախաքննությունն ավարտվել է

Բացահայտվել են ՔՏՀԱՏՄ-ի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպքեր. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պաշտոնատար անձի` Ն. Բ.-ի կողմից ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների աշխատակիցներից և վարորդներից պարբերաբար կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր: Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Բ.-ն 2021թ. հուլիսին Լոռու մարզում ուղևորափոխադրման ծառայություններ իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Է. Ս.-ի, ապա վերջինիս միջոցով նաև Տաշիրի ավտոկայանի ենթակարգավար Ռ. Ս.-ի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ հիշյալ ընկերության վարորդների կողմից թույլ տրված խախտումների փաստերը չարձանագրելու համար ամսական 20.000-ական ՀՀ դրամ կաշառք ստանալու վերաբերյալ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2021թ. օգոստոսից 2022թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Ռ. Ս.-ն վարորդներից հավաքագրել է որոշակի չափով գումարներ և Ն. Բ.-ի պահանջով յուրաքանչյուր ամիս 20.000 ՀՀ դրամ տվել վերջինիս որպես կաշառք: Բացի այդ, Ն. Բ.-ն Լոռու մարզում ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների երկու վարորդների օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց Ռ. Ս.-ից պահանջել և երկու դեպքում ստացել է ընդհանուր 70.000 ՀՀ դրամի կաշառք: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ն. Բ.-ն Լոռու մարզում ուղևորափոխադրումներ իրականացնող մեկ  այլ ընկերության և ընկերության վարորդ Ա. Տ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ստուգումների ժամանակ խախտումներ չհայտնաբերելու և հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց նրանից ևս պահանջել և 2021թ. հոկտեմբերին ստացել է կաշառք: Այնուհետև, տեղեկանալով, որ հիշյալ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է սահմանված կարգի խախտմամբ՝ դեղին համարանիշերի փոխարեն այլ հաշվառման համարանիշերով,  խախտումը չարձանագրելու և տրանսպորտային միջոցի անօրինական շահագործումը չկասեցնելու համար նրանից 2021-2022թթ. ընթացքում ստացել է 40.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, Վանաձոր քաղաքում ներհամայնքային ուղևորափոխադրում իրականացնող ընկերության և նույն երթուղում շահագործվող երկու տրանսպորտային միջոցների սեփականատերեր Ա. Մ.-ի և Ն. Մ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ հիշյալ տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում արդեն իսկ հայտնաբերված խախտումները չարձանագրելու, ինչպես նաև հետագա ստուգումների ընթացքում հնարավոր խախտումները չարձանագրելու համար Ն. Բ.-ն Ա. Մ.-ից 2021 թ. ընթացքում ստացել է 90.000 ՀՀ դրամ կաշառք: Վերը նկարագրված հանցավոր արարքներից բացի, բացահայտվել է նաև Ն. Բ.-ի կողմից խարդախություն կատարելու դեպք: Բավարար ապացույցներ են ձեռք բերել նաև հիշյալ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: Մասնավորապես, պարզվել է, որ Ն. Բ.-ն չի արձանագրել վարորդներ Ա. Տ.-ի և Հ. Ս.-ի թույլ տված խախտումները` դեղին համարանիշերի փոխարեն այլ հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցներ վարելու փաստը` հիշյալ վարորդներին այդ կերպ զերծ պահելով 200.000-ական, ընդհանուր` 400.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկվելուց: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ն. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /5 դրվագ/, 178-րդ հոդվածի 1-ին մասով  և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ռ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/ և 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վարորդներ Ա. Տ.-ին, Ա. Մ.-ին և Հ. Ս.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:20 - 25 մայիսի, 2022
Առաջարկվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քննի միայն պաշտոնատար անձանց կատարած կոռուպցիոն հանցագործությունները

Առաջարկվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քննի միայն պաշտոնատար անձանց կատարած կոռուպցիոն հանցագործությունները

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների ծանրաբեռնվածությունը մեծացել է՝ կապված կոռուպցիոն գործերի թվի հետ: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: «2021 թվականի հոկտեմբերի 23-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քննվել է կոռուպցիոն բնույթի 280 գործ, նախապատրաստվել է 171 նյութ: Տվյալ ժամանակահատվածում յուրաքանչյուր քննիչ իր վարույթում միջինն ունեցել է 10-11 քրեական գործ»,- ասաց Սարգսյանը: «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեին թողնել միայն այն գործերը, որոնք կատարվել են Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 3-րդ և 4-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից: «Խոսքը բոլոր այն կոռուպցիոն գործերի մասին է, որոնք կատարվել են բարձրաստիճան պաշտոնատար և մյուս հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կողմից»,-նշեց փոխնախարարը: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:  
16:31 - 17 մայիսի, 2022
Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի գործը հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով. Հակակոռուպցիոն կոմիտե

Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի գործը հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով. Հակակոռուպցիոն կոմիտե

Դատախազությունը կրկին չի հաստատել ՀՀ ոստիկանության  նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և նրա անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը և այն ետ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե: Հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Կոմիտեից փոխանցեցին, որ գործը քննիչին հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով, ուստի հիշյալ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշման դեմ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին: Ավելի վաղ, Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ 2000-2018 թթ. ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են նշված անձանց կողմից կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու դեպքեր: Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջիններս իրենց պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հովանավորչության և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ձեռք են բերել իրենց և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, մասնավորապես` իրենց հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու ձևական գործարքների միջոցով օրինականացրել են դրանք: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2000-2018 թթ. ընթացքում Գասպարյանի կինն ու դուստրը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ առհասարակ ծառայության չեն ներկայացել և իրենց պարտականությունները չեն կատարել: Բացի այդ, Գասպարյանի կինը, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Վ. Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենի մասին, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն ու դստերն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 45 մլն ՀՀ դրամ գումար: Քրեական գործով պարզվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թթ. ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև` զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում, նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, որից միայն Գեղարքունիքի մարզում և Երևան քաղաքում գտնվող իր առանձնատների, ինչպես նաև արտադրական շինության տարածքի վերանորոգման համար ծախսել է ընդհանուր շուրջ 700 մլն ՀՀ դրամ: Նախաքննությամբ պարզվել է, որ Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք: Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև 1994-2018 թթ. ընթացքում ՀՀ ՊՆ և ոստիկանության համակարգում պաշտոնավարած, այդ թվում` 2011-2018 թթ.-ին Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի կողմից ինչպես առանձին, այնպես էլ Գասպարյանի հետ խմբի կազմում կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես` պարզվել է, որ Արշակ Հակոբյանը 2011թ. ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող 75.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույք, որի առքուվաճառքի պայմանագրում նշվել է գույքի մտացածին արժեք՝ 3.000.000 ՀՀ դրամ: Բացի այդ, Արշակ Հակոբյանը 2012 և 2013 թթ. 120.000.000 ՀՀ դրամով ու 204.250.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան և Հանրապետության փողոցներում գտնվող անշարժ գույքերը և գիտակցելով, որ դրանց արժեքը շեշտակիորեն գերազանցում է իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները, դրանք նվիրատվության և առքուվաճառքի ձևական պայմանագրերով օտարել է ընտանիքի անդամներին ու մտերիմ անձանց` այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական պատկանելությունը: Արդյունքում Արշակ Հակոբյանի կողմից օրինականացվել է շուրջ 230 մլն ՀՀ դրամի գույք: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Արշակ Հակոբյանը 2017թ. 47.855.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլարով գնել է նույն թվականի արտադրության «Mersedes-Benz GLS 500 4matik» մակնիշի ավտոմեքենա, որից հետո, վճարված գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, կանխիկ եղանակով կատարված առքուվաճառքի հիշյալ գործարքը ձևակերպել է իբրև նվիրատվություն և այդ եղանակով փաստացի թաքցրել ու խեղաթյուրել է իր ունեցած` հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 27 մլն ՀՀ դրամ կանխիկ գումարի իրական ծագումը: Բացի այդ, ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանը, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու համար 2013թ. Արշակ Հակոբյանին հանձնարարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել ավտոմեքենաներ և դրանք հաշվառել իր անվամբ՝ նշված տրանսպորտային միջոցների ձեռք բերման համար վճարվելիք դրամական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու համար: Այդ նպատակով Արշակ Հակոբյանը 2013 և 2014թթ. կնքված առքուվաճառքի պայմանագրերով վերը նշված ընկերությունից 71.556.000 ՀՀ դրամով և 80.200.000 ՀՀ դրամով ձեռք է բերել համապատասխանաբար «Mercedes-Benz G 500» մակնիշի և «Mercedes-Benz S 500L» մակնիշի ավտոմեքենաները, որոնք հաշվառել է իր անվամբ՝ թաքցնելով դրանց համար վճարված 151.756.000 ՀՀ դրամ գումարի հանցավոր ծագումն ու իրական պատկանելությունը: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Արշակ Հակոբյանը 2017թ. ներկայացրած` պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018թ. ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում դիտավորյալ թաքցրել է հայտարարագրման ենթակա` սեփականության իրավունքով իրեն պատկանող ավելի քան 7 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով տունը: 2017 թվականի տարեկան հայտարարագրում Արշակ Հակոբյանը դիտավորությամբ թաքցրել և չի հայտարարագրել նաև նույն տարեթվին նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և նվիրատվության պայմանագրով օտարված` 2017թ. արտադրության Mersedes-Benz GLS 500 4matik մակնիշի և 2008թ. արտադրության «Samand Soren 1.8» մակնիշի ավտոմեքենաները: Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ /: Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/: Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:
16:15 - 16 մայիսի, 2022
Իրավական տեսանկյունից թույլատրելի է մի քրեական գործի շրջանակում հայտնաբերված  հանցագործության հատկանիշներով երկրորդը հարուցել․ Մինասյանի պնդումը սխալ է

Իրավական տեսանկյունից թույլատրելի է մի քրեական գործի շրջանակում հայտնաբերված հանցագործության հատկանիշներով երկրորդը հարուցել․ Մինասյանի պնդումը սխալ է

«Հայաստան» խմբակցության քարտուղար, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ Արծվիկ Մինասյանը Tert.am-ին տված հարցազրույցում օրերս ոչ ճշգրիտ պնդումներ է արել։ Մասնավորապես, խոսելով Հակակոռուպցիոն կոմիտեի վերջերս տարածած հաղորդագրությունից, ըստ որի՝ ՀՅԴ-ն Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների 2021 թվականի ընտրությունների ընթացքում ընտրակաշառք է բաժանել՝ ասել է․ «Իրավական տեսակետից անթույլատրելի է, երբ դու, օրինակ, հավաքների հրահրման, նյութական շահագրգռվածության հոդվածով փորձում ես իբր գործընթաց իրականացնել, բայց հետո մի հատ այլ գործ ես սկսում, որտեղ հիմքը, որն ինքնին արդեն ապօրինի է, չի կարող հիմք դառնալ երկրորդ գործողության համար»։  Արծվիկ Մինասյանը, ըստ ամենայնի, նկատի ունի երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հատկանիշներով մայիսի 6-ին Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը, որի շրջանակում խուզարկություն է իրանացվել գործով մեղադրյալ ներգրավված անձանց բնակարաններում, ինչի արդյունքում հայտնաբերվել են ձեռագիր նշումներով նոթատետրեր։ Դրանց վերաբերյալ ավելի ուշ հաղորդագրություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն՝ նշելով, որ ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ.-ի բնակության վայրում հայտնաբերված նոթատետրերը բովանդակում են 2021 թ․ տեղի ունեցած ԱԺ եւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ․ «Ընտրակաշառք տալու, ստանալու եւ ընտրակաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ»,- ասված է հաղորդագրության մեջ։  Այսինքն՝ Մինասյանը, հավաքներին առնչվող քրեական գործը (եւ/կամ իրականացված խուզարկությունը) որակելով ապօրինի, ասում է, թե իրավական տեսանկյունից անթույլատրելի է դրա շրջանակում երկրորդ գործողությունն իրականացնել (երկրորդ քրեական գործը հարուցել)։ Իրականում, սակայն, դա այդպես չէ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածը սահմանում է քրեական գործ հարուցելու առիթները։ Ըստ այդ հոդվածի 3-րդ մասի՝ քրեական գործ հարուցելու առիթ է իր լիազորություններն իրականացնելիս քննիչի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետևանքների հայտնաբերումը։ Այսինքն՝ բոլոր այդ դեպքերում, երբ իր լիազորություններն իրականացնելով՝ քննիչը հայտնաբերում է որեւէ հետք կամ տվյալ, որն առերեւույթ վկայում է նոր հանցագործության մասին, ապա դա առիթ է նոր քրեական գործ հարուցելու համար։ Ավելին, նույն օրենսգրքի 27-րդ հոդվածը սահմանում է, որ դա քննիչի պարտականությունն է։ Մասնավորապես, ըստ այդ հոդվածի 1-ին մասի՝ քննիչը պարտավոր է իր իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար: Իսկ այն հանգամանքը, որ տվյալ դեպքում ոչ թե Քննչական կոմիտեի քննիչն է հարուցել նոր քրեական գործը, այլ հայտնաբերված նյութերը փոխանցել է Հակակոռուպցիոն կոմիտեին, որտեղ էլ այն հարուցվել է, պայմանավորված է նրանով, որ ընտրակաշառքի դեպքերին առնչվող գործերի քննությունը, համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի, իրականացնում են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները։ Հետեւաբար, անկախ այն հանգամանքից, որ պայմանականորեն ասած, առաջին քրեական գործը պատգամավորը համարում է ապօրինի, իրավական տեսանկյունից թույլատրելի է դրա շրջանակում հայտնաբերված հանցագործության հատկանիշներով երկրորդ քրեական գործը հարուցել։ Ինչ վերաբերում է խուզարկության օրինականությանը, Քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն՝ բնակարանի խուզարկությունն իրականացվում է միայն դատարանի որոշմամբ։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ տվյալ դեպքում դատարանի թույլտվությունն առկա է եղել, եւ խուզարկությունն իրականացվել է դրա հիման վրա։ Նույն հարցազրույցում խոսելով «Դիմադրություն» շարժման նկատմամբ իշխանությանը սատարող որոշ շրջանակների դրսեւորած վերաբերմունքից՝ Արծվիկ Մինասյանն ասում է․ «Փորձում են կուրորեն ցեխհարձակումներ իրականացնել «Դիմադրություն» շարժման կամ դրա ներկայացուցիչների նկատմամբ, էն երիտասարդ գործիչների, որոնք այս օրերին «Դիմադրություն» շարժման շրջանակում ներկայանում են հանրությանը, ասենք, չգիտեմ, կարող են վերցնել Իշխան Սաղաթելյանին, Աննա Գրիգորյանին, Արամ Վարդեւանյանին եւ պիտակավորել նախկիններ, արտահայտությունը անհասկանալի է, Աննա Գրիգորյանի կամ Արամ Վարդեւանյանի նախկինը ո՞րն է, երբ այդ մարդիկ որեւէ պետական պաշտոն անգամ չեն ունեցել»։ Մինչդեռ Արամ Վարդեւանյանի կենսագրությունն ուսունասիրելով՝ պարզ է դառնում, որ նա տարիներ շարունակ աշխատել է պետական համակարգում՝ զբաղեցնելով նաեւ պետական պաշտոններ։ Մասնավորապես, 2011-2012 թվականներին Վարդեւանյանը եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական իրավունքների վարչության մասնագետ, 2012 թ. մարտ-դեկտեմբեր ամիսներին՝ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, առաջատար մասնագետ, 2012-2014 թթ.՝ ՄԻՊ աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ եւ ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ: 2014-2016 թթ. Վարդեւանյանը եղել է ՀՀ ՍԴ նախագահի խորհրդական, 2016-2017 թթ.՝ ՀՀ վարչապետի օգնական, իսկ  2017- 2018 թթ.՝ ՀՀ վարչապետի ավագ օգնական: Այդ ժամանակ գործող «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ վարչապետի օգնականի պաշտոնները ներառված են պետական հայեցողական պաշտոնների շարքում։ Նշենք նաեւ, որ գործող օրենքի համաձայն էլ, ի թիվս այլնի, դրանց շարքում են ներառվել նաեւ ՍԴ նախագահի խորհրդականի, ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի պաշտոնները։ Այսպիսով, Արծվիկ Մինասյանի այդ պնդումը եւս, թե Արամ Վարդեւանյանը նախկինում որեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել, իրականությանը չի համապատասխանում։   Միլենա Խաչիկյան
18:24 - 12 մայիսի, 2022
Բացահայտվել են ՀՅԴ անդամների կողմից 2021թ. անցկացված ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու դեպքեր

Բացահայտվել են ՀՅԴ անդամների կողմից 2021թ. անցկացված ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու դեպքեր

Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում խուզարկություններ են իրականացվել տվյալ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց բնակության վայրերում: Կատարված խուզարկությամբ 2022թ. մայիսի 6-ին ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ.-ի բնակության վայրում հայտնաբերվել են ձեռագիր գրառումներով նոթատետրեր, որոնք բովանդակել են 2021 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ «Ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 154.9-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ քրեական գործի նյութերի` նոթատետրերի զննությամբ պարզվել է, որ դրանցում, մասնավորապես, ներառված են ձեռագիր նշումներ 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ  նույն թվականի հունիսի 4-ից հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում ՀՅԴ գերագույն մարմնից, ՀՅԴ մարզային կառույցից ու դրա նախընտրական շտաբից հատկացված դրամական միջոցների և նշված ժամանակահատվածում բազմաթիվ անձանց միջինը 15.000-20.000-ական, ընդհանուր` շուրջ 6.470.000 ՀՀ դրամի գումարներ բաշխելու վերաբերյալ: Ի դեպ, ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՅԴ կուսակցությունը մասնակցել է «Հայաստան» դաշինքի կազմում, և ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում կուսակցության աշխատանքները համակարգվել են Արմավիր քաղաքում գործող գրասենյակից` Ա. Մ.-ի կողմից: Բացի այդ, նոթատետրերում առկա են ձեռագիր գրառումներ նաև 2021թ. դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզում անցկացված ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ 2021թ. նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՅԴ գերագույն մարմնից, ՀՅԴ մարզային կառույցից ու դրա նախընտրական շտաբից հատկացված դրամական միջոցների և նշված ժամանակահատվածում բազմաթիվ անձանց 5000-20.000-ական, ընդհանուր` շուրջ 3.513.000 ՀՀ դրամի գումարներ բաշխելու վերաբերյալ: ՀՀ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու մասին են փաստում, մասնավորապես, նոթատետրերում տարբեր անձանց տվյալների դիմաց կատարված` «ՀԱՏԿԱՑՈՒՄ ԳՄ-ից», «ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՄԿ-ից» և «ՀԱՏԿԱՑՈՒՄ ՇՏԱԲԻՑ» ձեռագիր գրառումներն ու ընտրակաշառք տալու և ստանալու հաշվարկները: Հաշվի առնելով քրեական գործով մեծածավալ և անհետաձգելի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը` Հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծվել է քննչական խումբ, որում ներգրավվել են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչները: Խուզարկություններ են կատարվել ՀՅԴ կուսակցության Արմավիրի մարզում տեղակայված մի շարք գրասենյակներում, ինչպես նաև նույն մարզային կառույցի տասնյակից ավելի անդամների, այդ թվում` գրասենյակների համակարգողների և նախընտրական քարոզարշավներում ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ անձանց բնակարաններում: Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր ցուցակներ, այդ թվում` գումարային նշումներով: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` հիշյալ ցուցակներում ներառված անձանց ինքնությունը պարզելու, նույնականացնելու, ինչպես նաև կաշառք ստանալու և տալու դեպքերի հանգամանքներն ու դրանց առնչված անձանց պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրույթան մեջ: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:26 - 08 մայիսի, 2022
Գլխավոր դատախազի որոշմամբ պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից և հանձնվել ՔԿ-ին

Գլխավոր դատախազի որոշմամբ պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից և հանձնվել ՔԿ-ին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից եւ հանձնվել Քննչական կոմիտեին։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ դատախազը նման որոշում է կայացրել գործի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով։ Նրա խոսքով՝ գլխավոր դատախազը առաջնորդվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով։  Նշենք, որ 53-րդ հոդվածը սահմանում է, որ նախաքննության եւ հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է, ի թիվս այլնի, նաեւ քրեական գործը նույն օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելը` բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով։ Իսկ 190-րդ հոդվածը սահմանում է գործերի քննչական ենթակայությունը, այսինքն՝ թե որ հոդվածով հարուցված քրեական գործը նախաքննական որ մարմնում կարող է քննվել։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, զոհված զինծառայողների մի խումբ ծնողների պահանջի հիման վրա ապրիլի 26-ին Գլխավոր դատախազությունը ցուցում էր տվել Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին՝ զոհված զինծառայողներին գործով տուժող, իսկ նրանց ծնողներին՝ տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին։ Միեւնույն ժամանակ փաստաբան Արա Զոհրաբյանի կողմից ներկայացվել էր առանձին պահանջ՝ նույն գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, որը հսկող դատախազն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ քննարկելու նպատակով: Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավվելու միջնորդության լուծումը Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը հետաձգել էր, մինչեւ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը, իսկ զինծառայողներին՝ տուժող եւ նրանց ծնողներին տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին ցուցումի դեմ առարկություն էր ներկայացրել։  Գոռ Աբրահամյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ դատախազը վերացրել է քննիչի առարկությունը  եւ որոշում կայացրել 27 զոհված զինծառայողի տուժող ճանաչելու մասին, քանի որ պատշաճ կերպով այդ միջնորդություններն են ներկայացված եղել․ «Իսկ տուժողի իրավահաջորդ ճանաչելու ընթացակարգն արդեն վարույթն իրականացնող մարմնի (տվյալ դեպքում՝ Քննչական կոմիտեի,- հեղ․) շրջանակում կլինի»,- նշեց նա։ Ինչ վերաբերում է Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծման հետաձգմանը, Դատախազությունն այն չի վերացրել։ Հիշեցնենք՝ քրեական գործը, որի մասին խոսվում է, հարուցվել է 2020 թ․ նոյեմբերի 21-ին ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում, որին հետագայում միացվել է նաեւ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը։ Դրանցով քննության առարկա են պատերազմից առաջ եւ դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքները, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում եւ ազդել պատերազմի արդյունքի վրա։   Միլենա Խաչիկյան
21:38 - 04 մայիսի, 2022
Հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը

Հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմին առնչվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը, մինչեւ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը։  Infocom-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նման հիմքով միջնորդության հետաձգումը նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասով։ Հիշեցնենք՝ օրեր առաջ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ  ապրիլի 26-ին ստացել են պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով Փաշինյանին պետական դավաճանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին (ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մաս, 308-րդ հոդվածի 2-րդ մաս եւ 309-րդ հոդվածի 3-րդ մաս): Հսկող դատախազի կողմից միջնորդությունն ուղարկվել էր վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով:
15:43 - 03 մայիսի, 2022
Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված. վերաքննիչ բողոքը մերժվեց
 |factor.am|

Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված. վերաքննիչ բողոքը մերժվեց |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մերժել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Հովսեփյանի կալանքի ժամկետը կրկին երկարեցվել էր փետրվարի 28-ին։ Պաշտպանական թիմը հայտարարել էր, որ այս մասով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով դատավորներ Դավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու խնդրանքով դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին։ Դիմումի մասով մինչ օրս պատասխան չի ստացվել։   Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանին առնչվող քրեական գործի նախաքննությունն օրեր առաջ է ավարտվել։ Factor.am-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նախաքննությամբ ապացուցվել է՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամի գույք։   «Ավելի քան 6 մլրդ 800 միլիոն դրամ եկամտի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով Հովսեփյանը կառուցել է Բյուրականի առանձնատունը: Առանձնատունը նախկինում պատկանել է Նկարիչների միությանը։ Այն ունի 2 հա-ից ավելի տարածք, բազմաթիվ շինություններ: Ապօրինի ճանապարհով ստացած գումարներով Բյուրականում գտնվող առանձնատունը կառուցելու արդյունքում դրա արժեքը բարձրացել է, կազմում է 1 մլրդ դրամից ավելի: Բացի այդ՝ հանցավոր ճանապարհով ստացած գումարով Մաշտոցի պողոտայում ձեռք է բերվել 2 բնակարան, ավտոտնակ: Հովսեփյանը, նախկին «Երևան» հեռուստաընկերության սեփականատիրոջից տեղեկացված լինելով նրա շահերին առնչվող քրգործերի մասին, հովանավորչության համար որպես կաշառք պահանջել է 206 մլն դրամ արժեքով 50 բաժնետոմս, որը ստացել է որդուն նվիրաբերելու եղանակով»,- նշվում է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներում։    Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել 6 հոդվածով, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացած եկամուտն օրինականացնելու համար: Առաջադրված մեղադրանքները ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահը չի ընդունում։    
15:33 - 29 ապրիլի, 2022