ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Արական սեռի քաղաքացիներին անձնագրեր կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Արական սեռի քաղաքացիներին անձնագրեր կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին, որով, ի թիվս այլնի, որոշվել է արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը: Նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվում է լիազորություն վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հիմնավորված միջնորդության հիման վրա ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրել նախազորակոչային, զորակոչային տարիքի կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիներին:  Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձը օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ ՀՀ տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը: Բացի այդ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում ուսանող կամ Պատրիարքության միաբան հանդիսացող և դեռևս պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները նույնպես Երուսաղեմում օրինական հիմքերով բնակության համար հաճախ խոչընդոտների են հանդիպում պայմանավորված իրենց անձնագրերի վավերականության ժամանակահատվածի հետ: Հիշյալ վարժարանի սաները, որպես կանոն, թեև սովորում են մինչև 18 տարին լրանալը և, վերադառնալով ՀՀ, զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության, սակայն Իսրայելի օրենսդրության համաձայն, տվյալ երկրում իրենց բնակության օրինականությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր տարի պարտադրված են նորոգելու մուտքի վիզան, որի համար Իսրայելի օրենսդրությամբ պահանջվում է տվյալ պահին անձնագրի առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ: Նույն խնդիրն ունենում են նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նախազորակոչային տարիքի միաբանները: Նույնատիպ խնդիրներ են առաջանում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կրթական իրավունքի իրացման հետ կապված, երբ օրինակ` ուսանողական վիզա ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ, որի պարագայում 17-18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար անհրաժեշտ է լինում անձնագրի վավերականության ժամկետը նախատեսել ավելի երկար, քան նրանց 19 տարեկանը լրանալու օրը: Նշված խնդիրները լուծելու և արական սեռի քաղաքացիների համար կրթական իրավունքը երաշխավորելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդության առկայության դեպքում անձնագրերը տրամադրել ավելի երկար վավերականությամբ: Կառավարությունը նշում է նաև, որ ներկայումս հանրակրթական 12-ամյա ծրագրի ավարտը փաստացի համընկնում է անձի 18 տարին լրանալու հետ, իսկ կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող  արական սեռի քաղաքացիների կողմից թե ՀՀ-ում, թե օտարերկրյա պետություններում ընդունելության քննություններին մասնակցելու ընթացքում անձնագրի վավերականության ժամկետի հետ կապված ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը: Բացի այդ, ըստ կառավարության նախագծի, շատ հաճախ լինում են դեպքեր, երբ արական սեռի քաղաքացու 18 տարին լրանում է օրինակ՝ օգոստոս ամսին, նա զորակոչի ենթակա է լինում տվյալ տարվա ձմռանը (հաջորդ տարվա ձմռանը), սակայն, քանի որ օրենքի համաձայն 18 տարին լրանալուց հետո անձնագիրը տրվում է միայն զորակոչից ստացած տարկետման վավերականության ժամկետով, ուստի նշված ժամանակահատվածում քաղաքացուն հնարավոր չի լինում տրամադրել անձնագիր, և, հետևաբար, անձը կրկին զրկվում է տարբեր իրավունքների իրացման հնարավորությունից:
13:45 - 14 հոկտեմբերի, 2021
Դավիթ Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար․ փաստաբանական խումբ

Դավիթ Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար․ փաստաբանական խումբ

Դավիթ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել: Այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը: «ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր եւս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից եւ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար: Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին»,- նշված է հայտարարության մեջ: Փաստաբանական խումբը վստահեցնում է, որ Դավիթ Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար:
11:25 - 11 հոկտեմբերի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է գերատեսչություններին թեթև ամենագնացներ նվիրած սփյուռքահայ բարերարներին

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է գերատեսչություններին թեթև ամենագնացներ նվիրած սփյուռքահայ բարերարներին

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում հոկտեմբերի 8-ին ընդունել է սփյուռքահայ բարերարների, որոնք պաշտպանական գերատեսչությանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և շրջակա միջավայրի նախարարություններին, թեթև ամենագնացների խմբաքանակ են նվիրել: Ողջունելով հյուրերին՝ Արշակ Կարապետյանը հավաստիացրել է, որ թեպետ արվում է առավելագույնը` զինված ուժերն օր առաջ անհրաժեշտ ավտոտեխնիկայով համալրելու համար, այնուհանդերձ, Հայրենիքի պաշտպանության գործին աջակցելու պատրաստակամության այսպիսի դրսևորումները ողջունելի են և, միևնույն ժամանակ, ամրապնդում են բանակ-հասարակություն կապը։ «Զինված ուժերին ցուցաբերած շարունակական աջակցության համար, պաշտպանության նախարարի հրամանով, սփյուռքահայ բարերարները պարգևատրվել են «Ռազմական համագործակցության համար» մեդալով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Գերատեսչական մեդալները բարերարներին է հանձնել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:  
18:49 - 08 հոկտեմբերի, 2021
ԵՄ-ն պատրաստ է ներդրում ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների վերսկսման գործում

ԵՄ-ն պատրաստ է ներդրում ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների վերսկսման գործում

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Արշակ Կարապետյանը ներկայացրել է սահմանային իրավիճակը՝ նշելով ադրբեջանական կողմի՝ իրադրության ապակայունացմանը միտված գործողությունների մասին: «Իր հերթին, Անդրեա Վիկտորինը տեղեկացրել է, որ ԵՄ-ն աջակցում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` պատրաստակամություն հայտնելով ներդրում ունենալ այդ ձևաչափով բանակցությունների վերսկսման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի
18:56 - 04 հոկտեմբերի, 2021
Հնդկական կողմը պատրաստ է առավել խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում. Արշակ Կարապետյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Հնդկական կողմը պատրաստ է առավել խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում. Արշակ Կարապետյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալին: Այս մասին հայտնում է ՊՆ-ն: Դեսպան Դեվալը շնորհավորել է Արշակ Կարապետյանին՝ Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում պաշտպանության նախարարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: Կիշան Դան Դեվալը հայտնել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջև քաղաքական, մշակութային, տնտեսական և այլ ուղղություններով առկա բարձր մակարդակի հարաբերությունները, հնդկական կողմը պատրաստ է առավել խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտը: Հայ-հնդկական ռազմական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ակտիվացնելու մասնագիտական աշխատանքային խմբերի գործունեությունը: 
14:02 - 01 հոկտեմբերի, 2021