ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Մհեր Գրիգորյանն Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին է ներկայացրել ԵԱՏՄ շուկայի բիզնես գործունեության առավելությունները

Մհեր Գրիգորյանն Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին է ներկայացրել ԵԱՏՄ շուկայի բիզնես գործունեության առավելությունները

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են հայ և քուրդ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ հարաբերություններն ու առևտրատնտեսական համագործակցության համար առկա ներուժը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքը։ «Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանում՝ ԵԱՏՄ շուկա մուտքի տեսանկյունից բիզնես գործունեություն ծավալելու առավելությունները: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները: Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետը կարևորել է մասնավորապես թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև բանկային հատվածում Հայաստանի հետ փորձի փոխանակումը: Մտքեր են փոխանակվել նաև այլ ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու կարևորության շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։
14:23 - 15 մայիսի, 2021
«Գիտուժ»-ի հայտարարությունը՝ Կառավարության՝ մայիսի 13-ի որոշման վերաբերյալ |hetq.am|

«Գիտուժ»-ի հայտարարությունը՝ Կառավարության՝ մայիսի 13-ի որոշման վերաբերյալ |hetq.am|

hetq.am: «Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացման՝ Կառավարության մայիսի 13-ի որոշման վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք.  Գնահատելով գիտության զարգացմանը միտված հերթական դրական քայլը՝ «Գիտուժ»-ը վերահաստատում է իր պահանջը Գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացումը հերթական դրական քայլն է ճիշտ ուղղությամբ։ Այն աննախադեպ է իր բնույթով և ծավալով, սակայն, ցավոք, հիմնաքարային փոփոխություններ իրականացնելու տեսանկյունից հերթական կիսաքայլն է։ Գնահատելով և տոնելով դրականը՝ «Գիտուժ»-ը վերահաստատում է իր պահանջը։ «Գիտուժ» նախաձեռնությունը բարձր և դրական է գնահատում գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացման հանձնառությունը։ Այդ քայլն ինքնին անհրաժեշտ դրական ազդակ է գիտական համայնքի համար, որը, միանշանակ, կառաջացնի որոշակի աշխուժություն։ Սակայն ժամանակն է դրական և նույնիսկ աննախադեպ քայլերից անցնել ռազմավարական և համակարգային գործողությունների։ Մտահոգիչ է, որ այդպես էլ չի գիտակցվում հենց-հիմա-և-այստեղ շեշտակի ներդրում անելու հստակ և անքննարկելի անհրաժեշտությունը։ Լավ է, որ բազային աշխատավարձերի բարձրացման հանձնառությունը 1-2 տարով չի սահմանափակվում և համեմատաբար երկարաժամկետ է(մինչև 2025թ.), սակայն, ցավոք, սկսվում է միայն հաջորդ տարվանից և բավարար շեշտակի չէ։ Ստիպված ենք հիշեցնել Հայաստանի զարգացման և անվտանգության առջև ծառացած խնդիրների օրհասական բնույթը, որն անընդունելի է դարձնում ժամանակի ցանկացած կորուստ։ Առկա գիտական ներուժում ներհոսքի և արտահոսքի ծայրահեղ բացասական հարաբերակցությունը հատել է բոլոր կարմիր գծերը, և ամեն մի կորցրած ամիսն ու տարին հետագայում վերականգնելը պահանջելու է շատ ավելի մեծ ներդրումներ և ժամանակ կամ, պարզապես, դարձնելու է անհնարին։ Կորցրած ժամանակը բազմապատիկ չափով է հետաձգելու երկրի զարգացման հնարավորությունները՝ կրթությունից մինչև անվտանգություն։ «Գիտուժ» համայնքը բարձրաձայնել և շարունակելու է բարձրաձայնել համակարգային և ռազմավարական ներդրումների անհրաժեշտության մասին։ Տեղային կիսաքայլերը, ինքնին դրական լինելով, կարող են նույնիսկ կողմնակի բացասական հետևանք ունենալ՝ առաջացնելով բարձր արդյունավետության սպասումներ, որոնց չարդարացումը կբերի բնական հիասթափության և վերջնարդյունքի գնահատակի խեղաթյուրման, որն էլ իր հերթին կարգելակի հետագա ներդրումները։ Մեկ ուղղությամբ դրական քայլը անհրաժեշտ է համադրել հարակից ուղղություններում համաչափ ներդրումների հետ համապատասխան արդյունավետության հասնելու համար։ Մասնավորապես՝  ասպիրանտական տեղերի ու կրթաթոշակների կտրուկ ավելացում, Սփյուռքի գիտնականների և ճարտարագետների ներուժի ներգրավվում, հայրենադարձություն, գերակա ուղղություններում գերազանցության կենտրոնների ստեղծում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կիրառական հետազոտությունների վրա, գիտական հետազոտությունների ու փորձարարական մշակումների պետական պատվերի ձևավորում, մասնավոր պատվերի խթանում, պետական համաֆինանսավորման մեխանիզմով` արտասահմանյան գիտական դրամաշնորհների ներգրավում և մասնավոր հատվածից պատվերների խրախուսում։ Մենք վերահաստատում ենք մեր պահանջը և դրա լիակատար իրականացմանը հասնելու հաստատակամությունը։ Այս պայքարի ընթացքում «Գիտուժ» նախաձեռնության շուրջ ահռելի ինֆորմացիա, գիտելիք և ներուժ է կուտակվել, ինչով պատրաստ ենք կիսվել։ Բաց ենք համագործակցության համար` կարճ ժամկետներում Հայաստանում գիտության կտրուկ զարգացմանը միտված ռազմավարական քայլեր իրականացնելու ուղղությամբ։
20:50 - 14 մայիսի, 2021
Կհեշտացվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման գումարների վճարման գործընթացը

Կհեշտացվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման գումարների վճարման գործընթացը

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝  գիտական և գիտատեխնիկական ոլորտում գիտության հասարակական վարկի բարձրացմանը, գիտական և գիտատեխնիկական կադրերի բարեկեցության ապահովմանը, նրանց սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելու համար: Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, որոշմամբ նախատեսվում է նորմավորել և սահմանել պետական բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտական աշխատողների նվազագույն աշխատավարձերի սանդղակը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ նախատեսվում է 2022 թ. հունվարի 1-ից սահմանել գիտական աշխատողների և գիտական ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի նորմավորման սանդղակ, ըստ որի մինչև  2025 թ-ը կլինի աշխատավարձերի աստիճանական աճ: Այսպիսով, 2021 թվականին պետական ծրագրերում ներգրավված գիտական կադրերի բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է 4,072,898.4 հազ. դրամ, իսկ որոշման ընդունումից հետո 2022-2025 թթ. համար այն կկազմի համապատասխանաբար՝ 7,698,513.6, 9,970,200.0, 12,409,440.0 և 14,419,518.0 հազ. դրամ: Բազային աշխատավարձերի նորմավորումն ըստ գիտական կադրերի տարակարգի՝ կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը և կապահովի գիտության ոլորտում կադրերի բնականոն արտահոսքն ու ներհոսքը, կնպաստի գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու խնդրի լուծմանը, գիտական կադրերի սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրության ապահովմանը: Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ըստ այդմ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում գիտաշխատողների բազային աշխատավարձերի ֆոնդն կքառապատկվի. «Նախ զուգահեռ, ինչպես ուսուցիչների դեպքում, ատեստավորման գործընթաց է ձեռնարկվելու: Այսինքն՝ որպեսզի մենք համոզված լինենք, որ ոչ թե ուղղակի ըստ հաստիքացուցակի ենք ավելացնում աշխատավարձերը, այլ՝ որոշակի որակական չափանիշների: Սա ամենակարևոր առանձնահատկություններից է: Հաջորդ խնդիրը՝ գիտաշխատողներն որոշակի ֆինանսական հնարավորություններ են ստանում ոչ միայն բազային աշխատավարձով, այլ թեմատիկ հետազոտություններից նույնպես որոշակի եկամուտներ ունենալու: Եթե սա հաշվի ենք առնում, ապա՝ կախված թեմայից, գիտական խմբից, աշխատանքից, Հայաստանում գիտնականի աշխատավարձը դառնում է լրջորեն մրցունակ աշխատաշուկայում առկա այլ աշխատանքների հետ համեմատ, և կարող է նաև արդյունքներ բերել: Կարող ենք ասել, որ աշխատավարձերի բարձրացման, գիտությամբ զբաղվելու ավելի գրավիչ մեխանիզմ է գործարկվում, որն իր դրական ազդեցությունը պետք է ունենա ոչ միայն գիտության ոլորտի, այլև ամբողջ տնտեսության համար: Այս որոշումը  բավական երկար ժամանակ քննարկվող առանցքային հարցերից մեկի լուծումն է, և այս տարի մենք արդեն երկու այսպիսի որոշում ենք ընդունել»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս որոշումները կրթության, գիտության բարեփոխումներին ուղղված քայլերից են: «Նախ մենք ընդունեցինք Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը, այսինքն՝ համակարգի գործունեության որոշակի ինստիտուցիոնալ հենք ստեղծեցինք, որից հետո արդեն նաև ֆինանսավորման ավելացման մեխանիզմը գործարկեցինք: Այդ շղթայի երրորդ օղակը պետք է լինի արդեն կոնկրետ արդյունքը, որը մենք պետք է ակնկալենք», -ասել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բուհերի ընդունելության տեղերի բաշխման խնդրին և նշել. «Մենք բուհերի և միջին մասնագիտական համակարգի ընդունելության տեղերի բաշխման բանաձևային կապն աշխատաշուկայի և տնտեսության հետ չենք կարողացել մինչև օրս ձևակերպել: Եվ ահա ժողովրդագրությունից մինչև բարձրագույն կրթություն, մասնագիտական կրթություն և ըստ մասնագիտությունների ճյուղավորում՝ մեր ամբողջական տնտեսության և հանրության կյանքի կազմակերպման կարևոր ինստիտուտները պետք է դառնան: Շատ ուրախ եմ, որ մենք այս ճանապարհին շատ երկար նախապատրաստական աշխատանքներից հետո արդեն կայացնում ենք կոնկրետ որոշումներ: Սա իսկապես չափազանց կարևոր է»: Գործադիրը հաստատել է նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը՝ 10 տեղ: Տեղերն ըստ մասնագիտությունների բաշխելիս հաշվի են առնվել, մասնավորապես, ՀՀ տնտեսության կարիքներից բխող և միջազգային մակարդակին համապատասխանող գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող համապատասխան մասնագետների առկայության անհրաժեշտությունը: Տեղեր են հատկացվել բնական, հասարարական, հայագիտական և հումանիտար գիտությունների ու ճարտարագիտություն և տեխնոլոգիա բնագավառներով:   Կառավարությունը հաստատել է Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը Գործադիրը հաստատել է Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, որը սահմանում է երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները: Ըստ հիմնավորման՝ նորացված չափորոշիչները կնպաստեն կանոնակարգված քաղաքականության իրականացմանը, մասնավորապես՝ նախադպրոցական և հանրակրթական կրթական ծառայությունների որակի և արդյունավետության համեմատական գնահատմանը: Չափորոշչի հիմքում նախադպրոցական տարիքի երեխաների կարողունակությունների վրա հիմնված մոտեցումն է: Այն ներառում է, մասնավորապես, ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, կրթական ծրագրի բաղադրիչները և դրանց սահմանման մանկավարժահոգեբանական սկզբունքները, երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության առավելագույն չափը կամ դրանց հարաբերակցությունը, երեխաների զարգացման ընթացքի և առաջադիմության մակարդակի դիտարկման ձևերը: Չափորոշիչը հանդիսանում է երեխայակենտրոն կրթության հիմքը, հնարավորություն է ընձեռում արձագանքելու երեխաների կարիքներին և հետաքրքրություններին, հարգելու յուրաքանչյուր երեխայի անձը, խթանելու համատեղ ուսումնառության գործընթացը: Ըստ չափորոշչի, մշակվում են միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների նախադպրոցական ֆակուլտետների ուսումնական ծրագրեր և վերապատրաստումների թեմատիկ պլաններ, ծնողական կրթության ծրագրեր: Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշմամբ  արձանագրվում է՝  նախակրթությունը կրթության բաղկացուցիչ մասն է կազմում. «Նախակրթությունը պետք է ապահովի երեխայի սահուն մուտքը դեպի հանրակրթական համակարգ: Երեխան մանկապարտեզում գտնվելու ընթացքում պետք է ստանա կոնկրետ գիտելիք, հմտություններ, և այս չափորոշիչով սահմանվում է , թե ինչպիսին պետք է լինեն դրանք»: Վարչապետի պաշտոնակատարն այդ համատեքստում ընդգծել է դաստիարակների, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման կարևորությունը. «Ինչպես պայմանավորվել ենք՝ պետք է լուծենք նաև այդ հարցը: Պետք է մանկապարտեզների և նախակրթարաննների ուսուցիչ-դաստիարակների համար ապահովենք որոշակի ստանդարտներ՝ ատեստացիաների միջոցով փոխկապակցվածություն ստեղծելով աշխատավարձերի բարձրացման հետ: Ըստ այդմ՝ պետք է ապահովել, որ  երեխաները մանկապարտեզներում, նախակրթարաններում, ինչպես նաև դպրոցումներում ստանան պատշաճ կրթություն՝ որակյալ մասնագետների կողմից մատուցված»: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև չափորոշիչների կիրառման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը և նշել, որ պետական կառավարման իրավասու մարմինները որոշակի լիազորություններ ունեն այն իրականացնելու: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը: Իրավական ակտի ընդունումը կնպաստի, մասնավորապես՝         ուսումնական հաստատությունների միջև կրթական ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության բարձրացմանն ուղղված մրցակցության ձևավորմանը:   Կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացը կրում է շարունակական բնույթ. մարզերում կկառուցվի ևս  5 դպրոցի մոդուլային շենք Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. բյուջեն ավելացնել 500 մլն դրամ գումարով: Գումարը նախատեսվում է հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված 5 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների մեկնարկման ապահովման համար: Մասնավորապես, 1 դպրոց  կկառուցվի Գեղարքունիքի, 2 դպրոց ՝ Շիրակի, 2 դպրոց ՝ Վայոց ձորի մարզերում: Դպրոցները ընտրվել են մի շարք  սկզբունքների հիման վրա, մասնավորապես՝ տվյալ դպրոցը հանդիսանում է բնակավայրի միակ կրթական օբյեկտը, այն ունի մինչև 100 աշակերտ, ունի սեյսմակայունության խնդիր և շենքի հիմնանորոգումը կամ վերականգնումը տնտեսապես արդյունավետ չէ, դպրոցի տեղակայման վայրում կա մոդուլային շենքի տեղակապման համար համապատասխանող հողատարածք։ Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ կառավարության նախորդ նիստում ևս 15 դպրոցի վերաբերյալ որոշում է կայացրվել և  Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանից հետաքրքրվել, թե այդ դպրոցներ մարզադահլիներ ունե՞ն: Ի պատասխան Արմեն Ղուլարյանը հայտնել է.  «Միանշանակ պարոն վարչապետ, առաջադրանքը կազմելուց Ձեր կողմից հանձնարարական է եղել, որ դպրոցները և մանկապարտեզները նախագծվեն և կառուցվեն այնպես, որ հագեցված լինեն բոլոր անհրաժեշտ պայմաններով: Դպրոցներն ունեն և՛ մարզադահլիճներ և՛ անհրաժեշտ ուսումնական և՛ օժանդակ կառույցներ: Ավելացրել ենք նաև ապաստարանների խնդիրը.  ցանկացած կրթական օբյեկտ նախագծվում և կառուցվում է ապաստարանով»: Նիկոլ Փաշինյանը, դիմելով շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին, ընդգծել է աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ճիշտ պլանավորման կարևորությունը. «Եթե մենք ունենք գյուղեր, որտեղ կառուցելու ենք և՛ մոդուլային դպրոց, և՛ մոդուլային մանկապարտեզ, այդտեղ արդյունավետության հետ կապված հարցը պետք է դիտարկվի, որովհետև մեծ հավանականություն կա, որ անհրաժեշտ է ուղղակի կրթական մոդուլ ստեղծել, ոչ թե առանձին մանկապարտեզ, առանձին դպրոց: Օրինակ՝ գուցե մարզադահլիճն այնտեղ պետք է ավելի մեծ լինի կամ գուցե այնպիսի գյուղական բնակավայր լինի, որտեղ երկու մարզադահլիճ պետք է լինի: Դա հաշվարկի հարց է: Կրկին ուզում եմ հիշեցնել՝ մեր քաղաքականությունն այն է, դպրոցը ոչ միայն մի տեղ է, որտեղ երեխաներն առավոտից մինչև կեսօր ժամանակ են անցկացնում, այլ այն նաև համայնքային կյանքի կազմակերպման կարևոր օջախ է, որտեղ դասերից հետո՝ սպորտային խմբակներ, այլ խմբակներ պիտի գործեն: Ես այդ դիտարկումը կարևոր եմ համարում, որպեսզի այնպես չստացվի, որ մենք նաև սուղ միջոցներ օգտագործելով՝ ստեղծում ենք ենթակառուցվածքներ, որոնց էլի դատապարտում ենք թերբեռնվածության: Հաջորդը՝ ուզում եմ հիշեցնել մեր պայմանավորվածությունը, որ մենք բացառում ենք այն պրակտիկան, որ նոր կառուցված դպրոցներում կամ մանկապարտեզներում որևէ ձևով օգտագործվի հին, նախորդ դպրոցներից կամ մանկապարտեզներից մնացած գույք: Սա ուղղակի պետք է բացառել: Ճիշտ է՝ մի քանի անգամ խոսել ենք սրա մասին, բայց օրինակ, վերջին մի քանի այցելությունների ընթացքում, ցավոք, տեսանք, որ միշտ չէ կամ 100 տոկոսով չէ, որ այս սկզբունքը պահպանվում է: Բայց պետք է ուղղակի սկզբունքը դնել և պահպանել, որպեսզի այդ նոր ենթակառուցվածքը լիարժեք նոր լինի»: Գործադիրի որոշմամբ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին կհատկացվի 827,758.2 հազար դրամ: Ըստ հիմնավորման՝ 2020 թ. սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր: Հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես՝ համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ: Կառավարությունն ընդունել է որոշում՝  ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման, ևս 43 բնակավայրերի բնակիչներին աջակցություն տրամադրելու նպատակով: Գործադիրի համապատասխան որոշմամբ փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ներառվել էր 7 համայնքի 43 բնակավայր: Սահմանամերձ այդ համայնքներին ևս ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար: Դրա  համար պահանջվում է 400,205.8 հազ. դրամ։   Օրենսդրական նախաձեռնություններ. կընդլայնվեն  վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման հնարավորությունները Կառավարությունը հավանություն է տվել ««Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքի նախագծի նպատակն է` կարգավորել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված  հարաբերությունները, ընդլայնել անպտուղ զույգերի կամ անձանց` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները և բավարարել երեխա ունենալու նրանց պահանջմունքները և բարելավել ժողովրդագրական իրավիճակը: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝  վերջին 3 տասնամյակների ընթացքում արձանագրվել է ծնելիության և ժողովրդագրական ցուցանիշների վատթարացում: Մասնավորապես, պտղաբերության ցածր (1.6) մակարդակը չի ապահովում անգամ պարզ վերարտադրություն, որի համար անհրաժեշտ է 2,1 գործակից: Արդյունքում, ծնելիության գործակիցը շարունակաբար նվազել է՝ կրճատվելով 1.8 անգամ: Գործող օրենքում առկա են մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ավելի մեծածավալ կիրառման ապահովումը, ինչը կարող է  որոշակի դեր ունենալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում: Մասնավորապես, գործող օրենքը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող երկու տարբեր ծառայությունների համար նախատեսված են նույն մասնագիտական և սարքավորումային պահանջներ: Նախագծով առաջարկվում է ավելացնել կետ, որը թույլ է տալիս  տարանջանտել այդ 2 ծառայությունների իրականացումը բժշկական օգնության և սպասարկման տարբեր տեսակների շրջանակնում, ինչը թույլ կտա զարգացնել վերարտադրողական բժշկությունը մարզերում և քաղաքային պոլիկլինիկաներում: Առաջարկվող  փոփոխություններից մեկով ընտանիքում նույն սեռի 3 երեխա ունենալու  դեպքում թույլատրվում է վերարտադրողական օժանդակ տեղնոլոգիաների կիրառման միջոցով  չորրորդ երեխային պլանավորելիս որոշել ապագա երեխայի սեռը, խուսափելով սեռով պայմանավորված հղիության ընդհատումից: Այսինքն, ժողովրդագրական կայունության հաստատման և պահպանման համար հարկավոր է ոչ միայն ապահովել պարզ, այլև ընդլայնված վերարտադրությունը, ստեղծելով հնարավորություններ ավելացնել առնվազն 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը, նույնիսկ եթե այս դեպքում ընտանիքը ցանկություն է հայտնում պլանավորել 4 կամ հաջորդ երեխայի սեռը: Կարգավորվում է նաև դոնորի և (կամ) փոխնակ մոր ռեգիստրի ստեղծման հարցը, ինչը թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել դոնորի և (կամ) փոխնակ մոր  նկատմամբ ներկայացվող պահանջների պահպանումը:  Օրինագծով առաջարկվող փոփոխությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլգիաներից օգտվող անձի (զույգի) հետ ազգակցական կապ չունեցող, սակայն նրան հայտնի անձնավորությունը ևս կարող է դիտարկվել որպես ժամանակավոր դոնոր` առանց տարիքային սահմանափակման, ինչպես նախատեսված է հայտնի դոնոր հանդիսացող հարազատի դեպքում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծի ընդունումը և նշել, որ առաջարկվող փոփոխությունները ինստիտուցիոնալ  են. «Սա նույնպես պետք է արձանագրենք, որ հընթացս օրինագծիը կլրամշակվի, որպեսզի ամենատարբեր խնդիրները, որոնք կարող են առաջանալ պրակտիկ կիրառման ընթացքում՝ սկսած էթիկականից, վերջացրած իրավականից, պատշաճ ձևով լուծվեն և կարգավորվեն: Բայց ընդհանուր առմամբ ժողովրդագրական իմաստով այս փոփոխությունը շատ կարևոր է, և հույս ունենք, որ այն կբերի կոնկրետ արդյունքների»: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ  նշել է, որ օրինագծով էականորեն ընդլայնվում է այն անձանց շրջանակը, ովքեր կարող են օգտվել տվյալ ծառայություններից: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հիշեցրել է 2019 թվականից վերսկսված օժանդակ տեխնոլոգիաներով պետական ծրագրի մասին, որում հիմնականում ներառված են զինվորականները, նրանց ընտանիքի անդամները, սահմանամերձ գյուղերի բնակիչները: «Բավական լավ արդյունք ունենք՝ տարեկան մոտ 1 մլրդ դրամ բյուջեով: Վստահ եմ, որ ծրագրին հավելյալ բյուջետային միջոցներ տրամադրելու և շահառուների շրջանակը մեծացնելու դեպքում ծնելիության էական աճ կունենանք»,- ասել է Արսեն Թորոսյանը: Կառավարությունը հավանություն է տվել նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը: Հիմնավորման համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ դարձավ, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունը այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել օրենքից հանել վերոնշյալ պահանջը: Հավանության են արժանացել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ  օրենքում լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերը: Նախագծի մշակումը պայմանավորված է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։ Ներկայումս, կաթնամթերք արտադրողների կողմից թթվասերի, պանրի կամ այլ արտադրանքի մեջ պարունակվող բնական կաթի և կաթնային յուղի (կաթնային ճարպի) տոկոսային հարաբերություններով պայմանավորված առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում  կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղ (կաթնային ճարպ) պարունակող կաթնային արտադրանքը սպառողական դարակաշարով (հատվածով) և «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» ընթեռնելի և տեղադրված տեսանելի վայրում հատուկ տեսակի նշումով տարբերանշելու պահանջ օրենսդրորեն սահմանված չէ։ Համապատասխան իրավական կարգավորումների բացակայությունը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում բնական կաթի և կաթնային յուղի (կաթնային ճարպի) պարունակությամբ կաթնամթերք արտադրող տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչպես նաև խոչընդոտներ է առաջացնում վերոնշյալ ապրանքատեսակները սպառողի համար ավելի մատչելի ձևով ներկայացնելու և տարբերակելու համար։ Օրենսդրական փաթեթը կնպաստի տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար մրցակցային հավասար պայմաններ ապահովելուն, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությանը։   Ռազմական դրությամբ պայմանավորված՝ այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ամբողջական կամ մասնակի կորուստներ ունեցած շահառուների համար կսահմանվեն վարկերի կամ լիզինգի մարման առավել բարենպաստ պայմաններ Գործադիրը մի շարք որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի շրջանակում վարկերի կամ լիզինգի մարման ժամկետները երկարաձգելու, մայր գումարի և տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ արտոնյալ ժամկետներ է սահմանելու: Նման որոշում ընդունելը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում, ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով կորուստներ ունեցող շահառուների համար վարկերի կամ լիզինգի մարման առավել բարենպաստ պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։  Գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում արդեն իսկ սահմանված են վարկերի կամ լիզինգի մարման, ինչպես նաև  վարկի կամ լիզինգի մայր գումարի  և/կամ տոկոսադրույքի մարման  արտոնյալ ժամկետներ։ Սակայն ռազմական դրությամբ պայմանավորված  սահմանամերձ բնակավայրերում կան շահառուներ, որոնք այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ունեցել են ամբողջական կամ մասնակի կորուստներ (անշարժ գույք, գյուղատնտեսական կենդանիներ և այլն) և վերջիններիս մոտ առաջացել են դժվարություններ՝ վարկերի/լիզիգի մարումը սահմանված ժամկետներում իրականացնելու հարցում։ Արդյունքում, շահառուները կարող են դուրս մնալ ծրագրերի շրջանակից և զրկվել պետական աջակցությունից օգտվելու հնարավորությունից։ Ֆինանսական կառույցներից ստացված տվյալների համաձայն, շուրջ 348 շահառուներ ունեցել են ամբողջական կամ մասնակի կորուստներ, որոնց վարկային պարտավորությունները կազմում են շուրջ 1.3 մլրդ դրամ։ Ըստ այդմ՝  առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ամբողջական կամ մասնակի կորուստներ ունեցած շահառուների համար ընձեռել հնարավորություն, որ Ֆինանսական կառույցները 2021 թվականին վարկի կամ լիզինգի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի կամ լիզինգի մայր գումարի  և/կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները երկարաձգեն մինչև վեց ամիս` համայնքի ղեկավարի (բնակավայրի վարչական ղեկավարի) կողմից տրված տեղեկանքի հիման վրա՝ մարզպետի հաստատմամբ։   Գործադիրը հաստատել է Ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը Գործադիրը հաստատել է Ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը, որի նպատակն է մեղմել  ոռոգման համակարգի ընկերությունների ֆինանսական ճեղքվածքը: Ներկայումս ոռոգման համակարգի ընկերությունների ֆինանսական կենսունակության ապահովմանը սպառնացող հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ ոռոգման ջրամատակարարման մեջ մեխանիկական ջրի արտադրությամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի ծախսի բարձր մակարդակը: 2020 թ.-ին ՋՕԸ-երին պետբյուջեից հատկացվել է շուրջ 7451.8 մլն. դրամ գումար, որից 4505.3 մլն դրամ գումարը հատկացվել է միայն էլեկտրաէներգիայի պարտքերի մարմանը: Նախորդ տարիների պրակտիկան ցույց է տվել, որ էլեկտրաէներգիայի ծախսերի մասով ունեցած պարտավորությունները ՋՕԸ-երի մոտ առաջացրել են լրացուցիչ ֆինանսական բեռ՝ առևտրային բանկերից վարկերի ներգրավում, էլեկտրաէներգիայի չմարված պարտքերի մասով տույժերի կիրառումը: Կառավարությունն ընդունել է «2021 թ. գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու ինչպես նաև ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին» որոշում: Հանրապետության որոշ տարածաշրջաններում դեռևս չի սկսվել գյուղատնտեսական մշակաբույսերի ինտենսիվ ոռոգումը, սակայն վեգետացիայից առաջ անհրաժեշտ է ջրօգտագործողների հողատարածքներին խոնավալիցք հաղորդել և իրականացնել աղակալված հողերի լվացում: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն` գետերի ջրհավաք ավազաններում առկա է ձնաշերտի բավարար հաստություն, ինչպես նաև գարնանային ինտենսիվ տեղումների և վարարումների հավանականություն: Ըստ այդմ՝ հնարավորություն կընձեռնի ջրօգտագործողների 85 հազ. հա հողատարածություններին, որից շուրջ 45 հազ. հա ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:   Այլ որոշումներ. կհեշտացվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման գումարների վճարման  գործընթացը Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի հիման վրա վճարվող հատուցման գումարների վճարման գործընթացի արդյունավետության շարունակական բարելավումն է: Արդյունքում նախատեսվում է հեշտացնել հատուցման հիմնադրամի կողմից գումարների վճարման գործընթացը՝ նվազեցվելով իրականացվող վարչարարությունը և ներկայացվող փաստաթղթերը: Կկարգավորվի 2020 թվականի ընթացքում ավել վճարված դրոշմանիշային վճարների վերադարձը։ Գործադիրը որոշել է հետ վերցնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Արարատի մարզում գտնվող անշարժ գույքը և նվիրաբերել Դաշտավան համայնքին՝ այն վերանորոգելու և որպես մանկապարտեզ շահագործելու նպատակով։ Կառավարությունը լրացումներ է կատարել «ի Գործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգում» միջոցառման մեջ: Ըստ այդմ, սփյուռքահայ մասնագետներն իրենց մասնագիտական և փորձագիտական հմտությունները, նորարարական գաղափարները և աշխատանքային փորձը կկիրառեն որ միայն  ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների աշխատանքներում,  այլև՝ Արցախի պետական կառավարման մարմինների աշխատանքներում: Հատկապես հետպատերազմյան շրջանում սփյուռքահայ մասնագետների զգալի քանակը ցանկություն են հայտնել իրենց նորարարական գաղափարները և աշխատանքային փորձը կիրառել նաև Արցախում:  
15:24 - 13 մայիսի, 2021
Վերարտադրողական առողջության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը հավանության արժանացավ. ինչ է նախատեսվում |armtimes.com|

Վերարտադրողական առողջության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը հավանության արժանացավ. ինչ է նախատեսվում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Հարցը զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ հաշվի առնելով վերջին 3 տասնամյակների ընթացքում արձանագրված ծնելիության եւ ժողովրդագրական ցուցանիշների վատթարացումը եւ պարզ վերարտադրողականության գործակցի ոչ բարենպաստ ցուցանիշները փոփոխություններ են նախաձեռնել վերարտադրողական առողջության մասին օրենքում: «Պիտի նշեմ, որ այս փոփոխությունը բավական երկար ժամանակ է քննարկվել: Մենք ստացել ենք բազում խնդրանքներ, միջնորդություններ, որ անձինք, ովքեր որոշում են կայացրել երեխա ունենալու՝ անհարկի իրավունքի սահմանափակումների պատճառով զրկված են երեխա ունենալու բերկրանքից»,- նշեց Ավանեսյանը: Նրա խոսքով՝ այս օրենքի փոփոխությունների արդյունքում տարանջատել են օժանդակ տեխնոլոգիաների մեջ ներառված ծառայությունների խմբերն ու այսուհետեւ նաեւ մարզային բժշկական կենտրոնները հնարավորություն կունենան որոշակի ծառայություններ մատուցելու: «Պիտի ասեմ, որ նախկինում այն ամբողջական մի համալիր ծառայություն էր դիտարկվում՝ լիցենզավորման սարքավորումների, մասնագետների բավական բարձր պահանջներ էին դրված, այնինչ այդ ծառայությունների խմբում կան որոշակի ուղղություններ, որտեղ նման բարդ պահանջների կարիք չկա: Քանի որ բուժման ընթացքը բավական երկար է տեւում շատ կարեւոր է, որ մարզի բնակիչը ստիպված չլինի ամեն անգամ Երեւան գալ»,- նշեց նախարարի պաշտոնակատարը: Ավանեսյանն ասաց, որ բացի այդ սահմանել են նման ծառայությունների շրջանակներում բոլոր շահառուների, դոնորների, փոխնակ մայրերի եւ ծառայությունների պարտադիր էլեկտրոնային միասնական համակարգի ձեւավորման պահանջ: «Սա հնարավորություն կտա մի կողմից ավելի վերահսկելի դարձնել եւ օրենքով նախատեսված չափորոշիչներին համապատասխան ծառայություններ մատուցել քաղաքացիներին, իսկ մյուս կողմից նաեւ հսկել, որպեսզի 1 դոնորը հնարավորություն չունենա սահմանված քանակից ավելի դոնորություն անել տարբեր բժշկական կենտրոններում»,- ընդգծեց նա: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ներդրել են նոր հնարավորություն՝ սաղմի դոնորության հնարավորություն. «Նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ մի քանի սաղմեր ստանան: Մարդիկ առաջին, երկրորդ անգամը հաջող ընթանալուց հետո երեխա են ունենում, բայց ունենում ենք նաեւ սաղմիկների ռեգիստր, որը կարծում ենք անընդունելի է թափոնացնելը, եթե դրա կարիքը կա եւ անպտուղ զույգեր կան, որոնք ուզում են այդ նվիրատվությունն ընդունել ու երեխա ունենալ»: Ավանեսյանի խոսքով՝ հանել են արգելափակումները նաեւ կանանց համար, որոնք ցանկություն ունեն երեխա ունենալու: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ կարեւոր, ինստիտուցիոնալ փոփոխություններ են տեղի ունենում. «Սա նույնպես մենք պետք է արձանագրենք, որ հընթացս պետք է լրամշակվի, որպեսզի ամենատարբեր խնդիրները, որոնք կարող են առաջանալ պրակտիկ կիրառման ընթացքում՝ սկսած էթիկականից, վերջացրած իրավականից՝ պատշաճ ձեւով լուծվեն եւ կարգավորվեն: Բայց ընդհանուր առմամբ ժողովրդագրական իմաստով այս փոփոխությունը շատ կարեւոր է եւ հույս ունենք, որ այն կբերի կոնկրետ արդյունքների»: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն նշեց, որ այս օրենքի փոփոխությունն էականորեն բարելավում է այն միջավայրը, որում հիմա գործում են համապատասխան ծառայությունները. «Էականորեն ընդլայնվում է այն անձանց շրջանակը, ովքեր կարող են օգտվել տվյալ ծառայություններից: Նաեւ հնարավորություն է ստեղծվում ե՛ւ զույգերի համար ե՛ւ ամուսնության մեջ չգտնվող կանանց համար՝ նման որոշում ունենալու դեպքում տվյալ ծառայությունից օգտվելու: Մենք տիկին Ավանեսյանի հետ նախնական քննարկել ենք՝ հետագայում որոշակի պետական ծրագիր իրականացնել, որը ֆինանսական ասպեկտով հավելյալ կօժանդակի ու ծնելիության աճի նոր հնարավորություններ կստեղծի երկրի համար»: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքով՝ 2019 թվականից վերսկսել են օժանդակ տեխնոլոգիաներով պետական ծրագիրը, որի մեջ հիմնականում ներառված են՝ զինվորականները, նրանց ընտանիքի անդամները, սահմանամերձ գյուղերի բնակիչները եւ բավական լավ արդյունք ունեն՝ տարեկան մոտ 1 մլրդ դրամ բյուջեով: «Վստահ եմ, որ ծրագրին հավելյալ բյուջետային միջոցներ տրամադրելու դեպքում եւ շահառուների շրջանակը մեծացնելու դեպքում ծնելիության էական աճ կունենանք»,- ասաց Թորոսյանը: Արձագանքելով Անահիտ Ավանեսյանն ասաց, որ անգամ կորոնավիրուսի պայմաններում, երբ պլանային շատ ծառայություններ հետաձգված էին, ի շնորհիվ այս ծրագրի արդեն 80 բալիկ ունեն. «Ասեմ, որ ունենք նաեւ բավական դիմումներ, որոնք ներառված չեն այս շահառուների խմբում: Մենք պլանավորում ենք առաջին 6 ամիսների արդյունքները ամփոփել եւ առաջարկություն ներկայացնել, թե հետագայում ինչպես կարող ենք ընդլայնել ծրագիրը»:
13:03 - 13 մայիսի, 2021
Գիտաշխատողի աշխատավարձը 90 հազար դրամից կդառնա միջինը 276 հազար դրամ. նոր նախագիծ |1lurer.am|

Գիտաշխատողի աշխատավարձը 90 հազար դրամից կդառնա միջինը 276 հազար դրամ. նոր նախագիծ |1lurer.am|

1lurer.am: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է նորմավորել և սահմանել պետական բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտաշխատողների նվազագույն աշխատավարձերի սանդղակը: «Նախատեսվում է 2022 թվականից սահմանել գիտական աշխատողների և գիտական ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի նորմավորման սանդղակ, ըստ որի՝ մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատավարձերի աստիճանական աճ:  Նախագծի նպատակն է գործող գիտնականներին ապահովել պաշտաճ աշխատավարձով, ստեղծել պայմաններ դեպի գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներհոսքի ապահովման համար, ինչպես նաև ուրվագծել գիտության ոլորտում մասնագիտական աճի ճանապարհը: Առանձնահատուկ պետք է նշել, որ աշխատավարձի ավելացումն արվելու է ատեստավորման հիման վրա և հիմք է ստեղծելու կատարողականի միջազգային չափանիշների համապատասխան պահանջների սահմանման համար»,- նշեց նախարարի պաշտոնակատարը: Դումանյանի խոսքով՝ հիմա գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը կազմում է 90 հազար 400 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է մինչև 2025-ը գիտաշխատողի միջին աշխատավարձը դարձնել 276 հազար դրամ: Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձն այսօր 141 հազար 400 դրամ է, իսկ մինչև 2025-ը կկազմի 477 հազար 200 դրամ: «Այս թվերը շատ լավ ցուցադրում են, թե ինչ սրընթաց, շեշտակի փոփոխություն է տեղի ունենում: Սրա համար նախատեսվում է 2022-ին ավելացնել ֆինանսավորումը 3.6 միլիարդ դրամով, 2023 թվականին՝ 2.2 մլրդ, 2024-ին՝ 2.4 մլրդ-ով, իսկ 2025-ին՝ 2 մլրդ դրամով: Կարծում եմ՝ սա որակական լուրջ փոփոխություն է գիտության ոլորտում: Նման թռիչքաձև փոփոխություն չեմ հիշում, որ երբևէ նախկինում եղած լինի»,- նշեց Դումանյանը: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հավելեց, որ հաջորդ տարվանից կրկնապատկվում է բազային աշխատավարձերի չափաքանակը, որն այսօրվա 4 միլիարդի փոխարեն կազմելու է մոտավորապես 7.7 միլիարդ: Իսկ 2025-ին դառնալու է 14.4 միլիարդ դրամ: «Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը այսօր միջինում կազմում է 138 հազար դրամ: Հաջորդ տարի լինելու է 367 հազար դրամ, իսկ 2025-ին՝ մոտավորապես 553 հազար դրամ»,- նշեց Ավինյանը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ ըստ էության, առաջիկա 3 տարիների ընթացքում գիտաշխատողների բազային աշխատավարձերի ֆոնդը քառապատկվում է: «Զուգահեռ՝ ատեստավորման գործընթաց է ձեռնարկվելու: Այսինքն՝ որ մենք համոզված լինենք, որ ոչ թե ըստ հաստիքացուցակի ենք ավելացնում աշխատավարձերը, այլ ըստ որոշակի որակական չափանիշների: Սա ամենակարևոր առանձնահատկություններից է: Հաջորդ խնդիրը. գիտաշխատողներն իրենք որոշակի ֆինանսական հնարավորություններ ստանում են ոչ միայն բազային աշխատավարձով, այլև թեմատիկ հետազոտություններից նույնպես որոշակի եկամուտներ ունենում են: Եթե սա հաշվի ենք առնում, Հայաստանում գիտաշխատողի աշխատավարձը դառնում է լրջորեն մրցունակ՝ աշխատաշուկայում առկա այլ աշխատանքների համեմատ»,- նշեց Փաշինյանը: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն էլ հավելեց, որ սա կարևոր քայլ է դեպի գիտալիքահեն տնտեսության հիմնում: «Մենք շատ լրջորեն ենք վերաբերվում նրան, որ կրթական համակարգը ծառայի տնտեսությանը: Այս տարի հասցրել ենք 18 ասպիրանտական տեղի պատվեր ստանալ մասնավոր հատվածից: Այսինքն՝ բիզնեսը տվել է իր թեմատիկ առաջադրանքներն ու փողը, որ կրթական համակարգը պատրաստի այն կադրերին, որոնք իրեն պետք են»:
12:02 - 13 մայիսի, 2021
Երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա․ Նիկոլ Փաշինյանը՝ Սև լճի տարածքում ստեղծված իրավիճակի մասին

Երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա․ Նիկոլ Փաշինյանը՝ Սև լճի տարածքում ստեղծված իրավիճակի մասին

Երեկ առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություններ են իրականացրել և հատել Հայաստանի պետական սահմանը՝ Սև լճի հատվածում։ Եվ ուզում եմ ասել, որ երեկվանից ըստ էության իրադրության էական փոփոխություն չկա, և իրադրությունը շարունակում է մնալ նույնը։  Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս խոսքով՝  այս ամենը նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, և այնտեղ կա նաև մեծ թվով հայ զինվորների ներկայություն։ Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ իրադրությունը ռազմական էսկալալացիայի չի հասել, այսինքն փոխհրաձգություն և բախում չկա, որովհետև երեկվանից տարվում է աշխատանք ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ։ «Ինչու՞ է այսպես իրադրությունը։ Նախ արձանագրենք, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղղել, որովհետև ադրբեջանցիները իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս։ Բայց էլի եմ ասում, որ այդ քարտեզները կեղծված են, ակնհայտ է, և դա երևում է դեռևս խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների հետ համեմատությամբ, իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ այստեղ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ։ Իհարկե կարևորագույն հարց է, թե ինչպե՞ս հնարավոր եղել դա, երբ ադրբեջանցի զինվորները հատեն և մեր դիրքերի միջդիրքային տարածքներով անցնեն և հասնեն Սև լիճ, դա առանձին քննարիկման խնդիր է, որը իհարկե անպայման կդիտարկվի»,- հայտնեց Փաշինյանը։ Վերջինս նաև հավելեց, թե երեկվանից քննարկվում կամ ասվում է, որ ՊՆ-ն, ԱԱԾ-ն հերքում էին տեղեկատվությունը, բայց վերջում հաստատվեց տեղեկատվությունը, սակայն իրականում ՊՆ-ն և ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի առկայության մասին պտտվող ապատեղեկատվությունը, իսկ ինչ իրադրության վերաբերյալ ամբողջական գնահատական տալը տեղի է ունեցել իրադրության գնահատում և տրվել է ամբողջական տեղեկատվություն։ «Ես ուզում եմ ասել, որ մենք այս իրավիճակին պետք է շուտ լուրջ վերաբերվենք, որովհետև, ըստ էության, գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ։ Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի և մեր խնդիրն է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է ետ քաշվի ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որտեղից նրանք սկսել են առաջխաղացումը, այսինքն՝ այն դիրքեր, որտեղ գտնվել են նրանք մայիսի 10-ի դրությամբ։ Հիմա տեղում ընթանում է աշխատանք։ Այսօր Կառավարության նիստից հետո կունենանք ԱԽ նիստ, ավելի մանրամասն կքննարկենք իրադրույթունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները և կկայացվեն անհրաժշետ որոշումներ իրադրության հետագա կառավարումը ապահովելու վերաբերյալ։ Կրկին ուզում եմ արձանագրել, որ մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել, և այստեղ պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային և պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն փոխգործակցության բարձր մակարդակ ապահովենք իրադրության հանգուցալուծման համար։ Մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես եկել են այպես էլ վեչադառնան ելման դիրքեր և այս խնդիրը մենք պետք է լուծենք»- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
11:33 - 13 մայիսի, 2021
Դպրոցի տնօրենը կընտրվի կառավարման խորհրդի ձայների առնվազն երկու երրորդով. նոր նախագծի հանրային քննարկում

Դպրոցի տնօրենը կընտրվի կառավարման խորհրդի ձայների առնվազն երկու երրորդով. նոր նախագծի հանրային քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում» փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Առաջարկվում է խմբագրել ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման հավելվածը և սահմանել տնօրենի թափուր  տեղի մրցույթի կազմակերպման նոր ժամկետներ, ինչպես նաև փոխել հաղթող ճանաչելու համար  նախատեսված ձայների հարաբերակցությունը: Մասնավորապես հաղթող ճանաչվելու համար հավակնորդը պետք է ստանա կառավարման խորհրդի անդամների  առնվազն երկու երրորդի «կողմ» ձայները (գործող կարգով տնօրենն  ընտրվում էր ձայների մեծամասնությամբ): Հաշվի առնելով, որ այս տարվա ապրիլից ուժի մեջ մտած կարգավորմամբ` հանրակրթական դպրոցի կառավարման խորհուրդը բաղկացած է 9 անդամից, տնօրեն ընտրվելու համար կպահանջվի առնվազն 6 «կողմ» ձայն: Հիշեցնենք, որ կառավարման խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվում են լիազոր մարմնի, 4-ը՝ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից` 2-ական ներկայացուցչով: Նոր կարգավորման արդյունքում ո՛չ լիազոր մարմնի, ո՛չ էլ դպրոցի ներկայացուցիչները չեն կարող միանձնյա որոշել, թե ով կստանձնի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը: Այսպիսով` վերացվում է այն պրակտիկան, երբ կառավարման խորհրդի ձայները կիսվելու դեպքում տնօրենը նշանակվում էր ԿԳՄՍ նախարարի (ավագ դպրոցների պարագայում) և փոխվարչապետի (Երևանի քաղաքապետարանի և մարզային ենթակայության դպրոցների դեպքում) կողմից: Առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի մասնագետները, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների և ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նոր ժամկետներ  Նոր նախագծով դպրոցի կառավարման խորհուրդը տնօրենի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից առավելագույնը 70, բայց ոչ պակաս, քան 66 աշխատանքային օր առաջ: Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են www.azdarar.am կայքում` հայտարարության հրապարակման օրվանից սկսած` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է հայտերի ընդունման վերջին օրվանից հետո՝ 10-րդ աշխատանքային օրը: Աշակերտական, մանկավարժական և ծնողական համայնքների դերի բարձրացում Ըստ առաջարկվող նախագծի` հստակեցվել են աշակերտական, մանկավարժական և ծնողական համայնքների դերի բարձրացմանը միտված մեխանիզմները: Մասնավորապես, դպրոցի տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) պարտավոր է ապահովել. տնօրենի թափուր տեղի հավակնորդների հանդիպումը տվյալ հաստատության աշակերտական խորհրդի հետ` զարգացման ծրագիր կազմելու համար՝ այդ մասին դիմելուց հետո՝ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում: տրամադրել գրավոր տեղեկատվություն` հաստատության գործունեության վերաբերյալ (տվյալներ մանկավարժական, աշակերտական համակազմի, ուսումնադաստիարակչական, արտադպրոցական գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին, ինչպես նաև հավակնորդի կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա հաստատության գործունեության վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն): Մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից դպրոցի կառավարման խորհրդում ընդգրկված անդամները պարտավոր են հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը քննարկել մանկավարժական և ծնողական խորհուրդներում, ինչպես նաև հրապարակել տվյալ դպրոցի պաշտոնական կայքում: Ծնողական խորհրդում իրականացվող քննարկմանը կարող են մասնակցել նաև ծնողական խորհրդում չընդգրկված ծնողները: Տնօրենի ընտրության ժամանակ դպրոցի կառավարման խորհրդում մանկավարժական և ծնողական համայնքների կողմից ընդգրկված անդամները պետք է իրենց ձայնը տան այն հավակնորդին, որի զարգացման ծրագրին հավանություն են տվել մանկավարժական և ծնողական խորհուրդները:  Վերջիններս հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի վերաբերյալ իրենց եզրակացությունն արտահայտում են քվեարկությամբ: Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությամբ, հավասար ձայների դեպքում, հավակնորդները համարվում են չընտրված, և մանկավարժական կամ ծնողական խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար տվյալ մրցույթի ժամանակ չի ունենում իր թեկնածուն: Այս դեպքում ծնողական և մանկավարժական խորհուրդները ներկայացնող կառավարման խորհրդի համապատասխան անդամները մրցույթի ժամանակ  քվեարկում են ազատ: Նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև 2021 թվականի մայիսի 30-ը:
10:59 - 07 մայիսի, 2021
Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Մանկապարտեզը չպետք է լինի ուղղակի մի տեղ, որտեղ ծնողները երեխաներին թողնում են X ժամից Y ժամը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դա կրթական պրոցեսի կարևոր մաս է: «Երեխան մանկապարտեզ գնում է կրթություն ստանալու: Ուսուցիչների ատեստավորման պրոցեսը նույն ձևով իրականացնելու ենք նաև մանկապարտեզների ուսուցիչ-դաստիարակների համար: Ատեստավորում անցած ուսուցիչներն աշխատավարձերի անընդհատ բարձրացման հնարավորություն են ունենում»,- ասաց Փաշինյանը: Անդրադառնալով աշխատատեղերի խնդրին՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Մենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում: Այսինքն՝ ամեն անգամ արձանագրում ենք, որ գրանցված և աշխատավարձ վճարվող աշխատատեղերի քանակն աճում է: Համահարթ եկամտահարկի կիրառումից հետո տեսնում ենք, որ ստվերից դուրս են գալիս աշխատատեղերը: Սրա արդյունքում մենք ունենք միջին աշխատավարձի աճ: Այսինքն՝ ոչ միայն աշխատատեղերն են ստվերից դուրս եկել, այլև աշխատավարձերը: Մենք այսօր ունենք ավելի ցածր եկամտահարկով ավելի բարձր եկամտահարկի բազա, այսինքն՝ ավելի շատ հարկեր ենք հավաքում: Սրանք դարակազմիկ բարեփոխումներ են Հայաստանի համար»:
15:58 - 06 մայիսի, 2021
15 դպրոց եւ 10 մանկապարտեզ կառուցելու համար Կառավարությունը 2 մլրդ 942 մլն դրամով ավելացրեց ԿԳՄՍՆ բյուջեն |armtimes.com|

15 դպրոց եւ 10 մանկապարտեզ կառուցելու համար Կառավարությունը 2 մլրդ 942 մլն դրամով ավելացրեց ԿԳՄՍՆ բյուջեն |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բյուջեն 2021 թվականին ավելացնել 2 մլրդ 942 մլն դրամով: Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ասաց, որ նախագծով նախատեսվում է գումարը հատկացնել՝ քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովման համար: Ինչպես նաեւ Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման եւ թվով 9 համայնքներում նույն տիպի մանկապարտեզների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման եւ շինարարական աշխատանքների մեկնարկման համար: «Մասնավորապես փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 հանրակրթական դպրոցի մոդուլային շենքերի կառուցման նպատակով 1.5 մլրդ դրամ է հատկացվել, որտեղ ներառված են թվով 2 դպրոց՝ Արագածոտնի մարզում, 1 դպրոց Արարատի մարզում, 1 դպրոց Արմավիրի մարզում, 2 դպրոց Գեղարքունիքի մարզում, 2 դպրոց Լոռու մարզում, 3 դպրոց Սյունիքի մարզում, 1 դպրոց Վայոց ձորի մարզում, 1 դպրոց Շիրակի մարզում, 2 դպրոց Կոտայքի մարզում: Բոլոր դպրոցներում նախատեսված են ապաստարաններ եւ ենթադրվում է, որ այս դպրոցները պետք է նաեւ դառնան համայնքային կենտրոններ՝ մշակութային կենտրոն, սպորտային կենտրոն: Այսինքն բոլորը կունենան հնարավորություն այդ դպրոցներում անցկացնել իրենց ժամանակը, զբաղվել հետաքրքիր գործունեությամբ: Մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզների կառուցումը նախատեսված է բոլոր մարզերում. «Այս նպատակով 1 մլրդ 396 մլն դրամ է նախատեսվում: Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզը նախատեսվում է ավարտել այս տարի, որի համար նախատեսվում է 496 մլն դրամ: Արագածոտնի, Արարատի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերից յուրաքանչյուրի համար նախատեսվում է 100 մլն դրամ, որպեսզի սկսվի նախագծանախահաշվային աշխատանքները, մրցույթների հայտարարումը»,- ներկայացրեց Դումանյանը: Արձագանքելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշումը կայացվում է ի կատարումն կարեւորագույն ռազմավարական ուղղություններից մեկի՝ կրթության ոլորտում իրականացվող խորքային բարեփոխումների: «Ընդ որում ուզում եմ ընդգծել, որ շատ կարեւոր է արձանագրել, որ մենք կրթության ոլորտում բարեփոխումների շուրջ մեր պատկերացումներն ըստ էության ամբողջացրել ենք: Այդ բարեփոխումները ներառում են նախակրթարանից մինչեւ բարձրագույն եւ հետբուհական կրթություն եւ ինչ-որ առումով նաեւ գիտության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները»,- նշեց նա: Փաշինյանի խոսքով՝ այստեղ եւս մի կոմպոնենտ են ավելացնում՝ ժողովրդագրական ծրագրերը նույնպես պիտի դրվեն այս շղթայի մեջ, որպես նախնական եւ կարեւորագույն օղակ: «Շատ կարեւոր եմ համարում բարձրաձայնել, թե մենք որ համայնքներում ենք իրականացնում: Առաջինը դպրոցաշինության ծրագիրն է, դա անցյալ տարի մենք մեկնարկել էինք, բայց պատերազմի պատճառով գործողությունները որոշակիորեն դադարեցին եւ մենք հիմա վերականգնում ենք ֆինանսավորումն ամբողջ ծավալով, որպեսզի շինարարությունը շարունակվի»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: Նա մանրամասնեց, թե որ համայնքների, որ դպրոցների մասին է խոսքը՝ Արագածոտնի մարզում՝ Լուսակնի միջնակարգ դպրոց եւ Գարնահովիտի միջնակարգ դպրոց Արարատի մարզում՝ Դեղձուտի միջնակարգ դպրոց Արմավիրի մարզում՝ Արգինայի միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզում՝ Լեռնահովիտ գյուղի «Բարեղամյանի անվան» հիմնական դպրոց եւ Շատջրեք գյուղի հիմնական դպրոց, Լոռու մարզում՝ Մեդովկայի միջնակարգ դպրոց եւ Հագվու հիմնական դպրոց, Սյունիքի մարզում՝ «Հարժիսի Համլետ Մինասյանի անվան» միջնակարգ դպրոց, Վաղատինի միջնակարգ դպրոց, Դարբասի միջնակարգ դպրոց, Վայոց ձորի մարզում՝ Եղեգիսի միջնակարգ դպրոց, Շիրակի մարզում՝ Բերդաշենի միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզում՝ Ջրառատի միջնակարգ դպրոց եւ Կաթնաղբյուրի հիմնական դպրոց: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ կարեւոր է ընդգծել, որ տանում են գյուղական դպրոցներն ամրապնդելու քաղաքականություն, բայց մյուս կողմից էլ պարտավոր են իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ գյուղական դպրոցում կրթության որակը մեծ խզում չունենա մայրաքաղաքի կենտրոնի դպրոցի հետ: «Այս ծրագրին զուգահեռ մենք իրականացնում ենք ուսուցիչների ատեստավորման գործընթացը: Մենք իրականացնելու ենք նաեւ հեռավար կրթության ենթակառուցվածքների իրականացում, որ այս դպրոցներում հնարավոր լինի դասեր իրականացնել՝ հեռավար եղանակով: Որոշակի փոփոխություններ ենք իրականացնում ուսուցիչների գործուղման համակարգում, որպեսզի պատկերավոր ասած Երեւանից ուսուցիչները դեպի գյուղական դպրոցներ որոշակի ժամանակով գործուղվելու ավելի մեծ խթաններ եւ շահագրգռություն ունենան»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը: Նա նաեւ ներկայացրեց, թե Արմավիրի մարզի Արեւիկ համայնքից բացի, որ համայքներում է մսուր-մանկապարտեզներ կառուցվելու՝ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք, Արարատի մարզի Արալեզ համայնք, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնք, Լոռու մարզի Սպիտակ համայնք, Կոտայքի մարզի Հրազդան համայնք, Շիրակի մարզի Արթիկ համայնք, Սյունիքի մարզի Կապան համայնք, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնք, Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայր: Փաշինյանն ասաց, որ որդեգրել են հետեւյալ քաղաքականությունը՝ Կառավարությունը միջոցներ է ներդնում, որպեսզի համայնքներում ստեղծի մանկապարտեզներ, բայց համայնքները պետք է իրականացնեն այդ մանկապարտեզների հետագա ֆինանսավորումը՝ հաստիքներ, աշխատավարձ եւ այլն: «Մենք ի՞նչ բովանդակային փոփոխություն ենք իրականացնում. մանկապարտեզը չպետք է լինի ուղղակի տեղ, որտեղ ծնողները երեխաներին թողնում են իքս ժամից իքս ժամը: Դա կրթական պրոցեսի կարեւոր մաս է, երեխան մանկապարտեզ է գնում առաջին հերթին կրթություն ստանալու: Մենք ուսուցիչների ատեստավորման պրոցեսը նորից նույն ձեւով իրականացնելու ենք նաեւ մանկապարտեզի ուսուցիչ-դաստիարակների համար»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը: Նա ընդգծեց՝ առաջին հերթին այն համայնքներում են մանկապարտեզ կառուցում, որտեղ համայնքը ստանձնում է, որ հետագայում ամբողջ ֆինանսական ծախսերը կհոգա: «2019 թվականին արձանագրեցինք մի այնպիսի իրավիճակ, որ ոչ բոլոր համայնքներն են, որ այդպիսի իրավիճակ ունեն: Նաեւ սա է պատճառը, որ 2020 թվականին մենք գույքահարկի համակարգի բարեփոխում իրականացրեցինք, ինչը հնարավորություն պիտի տա համայքնենրի եկամուտների ավելացման: Հիշում եք շատ մեծ աղմուկ եւ քննարկում եղավ, թե ինչպես կարելի է գույքահարկը մեծացնել, բայց դա ներդրվելու է այդ թվում գույքահարկ վճարողների երեխաների ապագա բարեկեցությունը ապահովելու գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ 1400 երեխա բոլոր մարզերում կգնան ժամանակակից մոդուլային մանկապարտեզներ, կկառուցվեն 15 դպրոցներ, որոնցից 3-ը Սյունիքի մարզում եւ դա այն փաստն է, որով արձանագրում են կրթական ոլորտը տանել դեպի բարեփոխումներ:
13:41 - 06 մայիսի, 2021
Ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը |1lurer.am|

Ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ-ում ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ. Կառավարությունն այսօր հաստատեց որոշման նախագիծը: Զորակոչ կհայտարարվի 2021 թվականի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների համար, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Նույն որոշմամբ նախատեսված է, որ 2021 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները: Զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալները կուղարկվեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո նրանց վերաբերյալ կազմված նյութերը՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:
13:35 - 06 մայիսի, 2021