ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Կիեւում ԱՄՆ-ի դեսպանությունը կարող է բացվել առաջիկա շաբաթներին. Բլինքեն |armenpress.am|

Կիեւում ԱՄՆ-ի դեսպանությունը կարող է բացվել առաջիկա շաբաթներին. Բլինքեն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի պետքարտուղար էնթոնի Բլինքենն ապրիլի 25-ին հայտարարել է, որ Կիեւում Միացյալ Նահանգների դեսպանությունը կարող է աշխատանքը վերսկսել առաջիկա «երկու շաբաթներին»: «Այն, ինչ վերաբերում է դեսպանությանը, ապա հաջորդ շաբաթվանից մեր դիվանագետները կվերադառնան Ուկրաինա, այնուհետեւ մենք կսկսենք Կիեւում դեսպանությունը բացելու հարցի քննարկման գործընթացը»,-Ուկրաինա այցից հետո Բլինքենը լրագրողներին ասել է Լեհաստանում: Ճեպազրույցի հեռարձակումն իրականացրել է NBC News ալիքը: ԱՄՆ-ի պետքարտուղարը նշել է, որ այս հարցում Վաշինգտոնը գործում է «ճշտապահորեն», առաջնահերթությունը մնում է ԱՄՆ-ի դիվանագիտական անձնակազմի անվտանգության ապահովումը: Ապրիլի 22-ին Բլինքենն Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ հանդիպում է անցկացրել Վաշինգտոնում: Քննարկվել է Կիեւին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու հնարավորությունը: Ապրիլի 22-ին Bloomberg-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի մի քանի պաշտոնատար անձանց, հաղորդել է, որ ամերիկացի դիվանագետներին կարգադրվել է Ուկրաինայի տարածքից մեկնել Լեհաստան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
12:48 - 25 ապրիլի, 2022
Բլինքենը և Օսթինը Կիևում հանդիպել են Զելենսկու հետ |azatutyun.am|

Բլինքենը և Օսթինը Կիևում հանդիպել են Զելենսկու հետ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հաստատել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի օրը Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, միայն երբ երկու պաշտոնյաները լքել են Ուկրաինան։ Սա ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցն է Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր։ Նրանք Ուկրաինային հավելյալ ռազմական օգնություն են խոստացել 713 միլիոն դոլարի չափով։ «Ես ցանկանում եմ, որ մենք ունենանք ծանր հզոր սպառազինություն», - հանդիպումից առաջ ասել էր Զելենսկին՝ հավելելով, որ վերջին շաբաթվա ընթացքում զենքի մատակարարման հետ կապված իրավիճակը բարելավվել է։ Բլինքենն ասել է, որ այսօր նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպան կնշանակի։ Նախորդ դեսպան Մարի Յովանովիչը Կիևում իր աշխատանքն ավարտել է ժամկետից շուտ: Սպասվում է, որ նոր դեսպանը կլինի Սլովակիայում Միացյալ Նահանգների ներկայիս դեսպան Բրիջիթ Բրինքը։ ԱՄՆ պետքարտուղարը խոստացել է նաև, որ պատերազմի պատճառով հեռացած դիվանագետներն այս շաբաթվանից աստիճանաբար կվերադառնան Կիև։ Կիևից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարը կմեկնի Գերմանիա, որտեղ ամերիկյան Ռամշտայն ռազմակայանում կհանդիպի 20 երկրների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։
10:54 - 25 ապրիլի, 2022
Թուրքիան Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Բայդենի ուղերձն «անհաջող» է որակել |1lurer.am|

Թուրքիան Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Բայդենի ուղերձն «անհաջող» է որակել |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ին մի շարք երկրների իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունների վերաբերյալ: Անկարան «անհաջող» է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը՝ այն համարելով «2021 թ. արված սխալի կրկնություն»: «Մերժում ենք նմանատիպ հայտարարությունները և որոշումները, որոնք քաղաքական շարժառիթներից ելնելով՝ խեղաթյուրում են պատմական իրողությունները, և դատապարտում ենք նրանց, ովքեր թույլ են տալիս այս սխալը»,- նշված է հայտարարության մեջ: Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը «միակողմանի և ընտրողական մոտեցում է» և հետապնդում է քաղաքական նպատակներ: «Մարդկային կեցվածքը և խիղճը պահանջում են, որ այդ ժամանակ տեղի ունեցած բոլոր տառապանքները հիշատակվեն առանց էթնիկ և կրոնական տարանջատման: Թուրքիան oսմանյան բնակչության, այդ թվում և՝ հայերի ապրած տառապանքները հարգանքով է հիշում»,- նշել են Թուրքիայի ԱԳՆ-ում: Գերատեսչության պնդմամբ՝ Թուրքիան ջանքեր է գործադրում, որ տարածաշրջանում և աշխարհում տիրապետող լինեն խաղաղությունն ու կայունությունը, և առաջ մղվի համագործակցության ոգին:
18:48 - 24 ապրիլի, 2022
ԱՄՆ-ում փակվել են Ռուսաստանի երկու հյուպատոսությունների բանկային հաշիվները

ԱՄՆ-ում փակվել են Ռուսաստանի երկու հյուպատոսությունների բանկային հաշիվները

Bank of America-ն՝ ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը, փակել է Հյուսթոնում և Նյու Յորքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների բանկային հաշիվները: Այս մասին, ինչպես փոխանցում է Meduza-ն, հայտնել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։ «Ըստ էության՝ դեսպանատունն ԱՄՆ պետական կառույցների կողմից արգելափակման մեջ է։ Հյուսթոնում և Նյու Յորքում մեր երկու գլխավոր հյուպատոսությունների հաշիվները փակվել են Bank of America-ի կողմից։ Մեր հասցեին հեռախոսային սպառնալիքներ են ստացվում, նամակներ էլ ենք ստանում։ <…> Մի պահ արգելափակում էին նաև ելքը դեսպանատնից»,- ասել է Անտոնովը։ Ռուսաստանի դեսպանը նշել է նաև դեսպանատան մոտ «բավականին բազմամարդ ցույցերը»։ Բացի այդ, նրա խոսքով՝ «եղել են վանդալիզմի ակտեր, ներկ են լցրել»։ Անտոնովը սա կապել է «ռուսատյացության հետ, որն այս պահին տարածվում է ԱՄՆ-ում»։   Նորա Վանյան
18:33 - 24 ապրիլի, 2022
Մենք ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը. Բայդենը կրկին կիրառել է Ցեղասպանություն եզրույթը


 |armenpress.am|

Մենք ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը. Բայդենը կրկին կիրառել է Ցեղասպանություն եզրույթը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին հանդես է եկել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ուղերձով՝ վերահաստատելով ամերիկյան կողմի հանձնառությունը զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար ազդեցությունների և կառուցել ավելի խաղաղ աշխարհ։ «1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին ու համայնքի առաջնորդներին։ Այդպիսով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի վատագույն զանգվածային կոտորածներից մեկը։ Այսօր մենք հիշում ենք մեկ ու կես միլիոն հայերին,ովքեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան ոչնչացման արշավի ընթացքում, և սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը։ Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար ազդեցության՝ իր բոլոր դրսևորումներում։ Մենք վերստին պարտավորվում ենք խոսել և դադարեցնել կոտորածները, որոնք աշխարհի վրա մնայուն սպիներ են թողնում։ Միևնույն ժամանակ, սգալով այն ամենի համար, ինչ կորցրեցինք Մեծ Եղեռնի ընթացքում, մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ ապաքինելու և կառուցելու ավելի լավ, ավելի խաղաղ աշխարհ, որը ցանկանում ենք մեր երեխաներին։ Աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ մոլեռանդության և անհանդուրժողականության չարիքներով չի նշանավորվում մեր ամենօրյա կյանքը, և որտեղ մարդիկ ամենուր ազատ են իրենց կյանքն ապրելու արժանապատիվ ու անվտանգ։ Սա նաև պահն է՝ խոսելու հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին։ Ցեղասպանությանը դիմանալուց հետո՝ հայ ժողովուրդը վճռական էր՝ կառուցելու իր համայնքն ու մշակույթը, շատ հաճախ արդեն նոր տանն ու երկրում, այդ թվում և՝ Միացյալ Նահանգներում։ Ամերիկայի հայերը Միացյալ Նահանգների կենսական մասն են։ Նրանք մեր երկիրն ավելի ուժեղ ու ավելի դինամիկ են դարձնում՝ անգամ շարունակելով իրենց հետ կրել ողբերգական հիշողությունն այն մասին, թե ինչ էին ստիպված վերապրել իրենց նախնիները։ Մենք ճանաչում ենք նրանց ցավն ու հարգում նրանց պատմությունը։ Այսօր՝ 107 տարի անց, ամերիկյան ժողովուրդը շարունակում է հարգել բոլոր հայերին, ովքեր կորսվեցին ցեղասպանության ժամանակ»։
15:50 - 24 ապրիլի, 2022
Երբ նայում ենք 2020 թ․-ի պատերազմին, Ցեղասպանության միջազգային ճանաչումը ի՞նչ հավելյալ արժեք տվեց Հայաստանին․ Զարեհ Սինանյան |tert.am|

Երբ նայում ենք 2020 թ․-ի պատերազմին, Ցեղասպանության միջազգային ճանաչումը ի՞նչ հավելյալ արժեք տվեց Հայաստանին․ Զարեհ Սինանյան |tert.am|

tert.am: Ի պաշտոնե ես հետաքրքրված եմ հայ-թուրքական բանակցությունների ընթացքից և համապատասխանորեն փորձում եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին ծանոթացնել դրանց մասին։ Այս մասին Ծիծեռնակաբերդում ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։ «Սա մի թեմա է, որ չի կարելի մարդկանց zoom-ով կամ հեռուստատեսությամբ փոխանցել։ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ օրինակ ես փորձում էի մարդկանց բացատրել, որ մենք փորձում ենք խոսակցություն սկսել Թուրքիայի հետ։ Ուռճացված կլինի այդ խոսակցությունը բանակցություն անվանել։ Մենք անհարժեշտություն ունենք խոսել մեր հսկայական հարևանի հետ, որին չենք կարող փոխել այլ հարևանով, ինչը շատ կուզեինք։ Այս պետությունը անվտանգային ռիսկ է ներկայացնում մեր պետության համար և իրենց հետ չխոսելը սարսափելի վտանգավոր է մեր ազգի համար։ Երբ մենք չենք խոսում, որը եղել է նախորդ տարիներին, մեր փոխարեն խոսում են այլոք»։ Սինանյանը նշեց, որ կան կարմիր գծեր, որ հայ ժողովուրդը չի կարող հատել։ Հարցին` Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը առաջնայի՞ն է ներկա իշխանությունների համար, Սինանյանն ասաց, որ միջազգային ճանաչումը կայացած փաստ է` որոշ բացառություններով։ «Ի՞նչ ենք շահել մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Երբ նայում ենք 2020թ-ի 44-օրյա պատերազմին, Ցեղասպանության  միջազգային ճանաչումը ի՞նչ հավելյալ արժեք տվեց Հայաստանին, որը չէր լինի, եթե ճանաչումը չլիներ, ես չտեսա։ Ճանաչման գործընթացում ինքս ակտիվ եմ եղել, բայց պատասխանատու կերպով ասում եմ` ես արդյունքները չտեսա, թե ինչքանով հայ ժողովրդի անվտանգությունը բարելավվեց դրանով։ Մենք մի երկրի անհրաժեշտություն ունենք, որ պետք է ճանաչի և դա Թուրքիան է։ Տեսեք, ԱՄՆ-ն վերջապես ընդունել է Ցեղասպանության փաստը, ինչպե՞ս է դա արտահայտվում ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների վրա։ Արտաքին այն օգնությունը, որ ԱՄՆ-ն առաջարկում է ՀՀ-ին, մեղմ ասած չի գոհացնում։ 1990-ականներին այդ գումարը տաս անգամ ավելի շատ էր։ Պետք է հասկանալ` ինչ է տալիս այդ ճանաչումը մեր պետությանը»։
14:17 - 24 ապրիլի, 2022
Մենք կողմերին հորդորում ենք զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից. ԱՄՆ դեսպանն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը

 |armenpress.am|

Մենք կողմերին հորդորում ենք զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից. ԱՄՆ դեսպանն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու հարցում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանի Հանրապետության բարեկամ և գործընկեր: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Նրա խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բազմաթիվ հեռախոսազանգեր է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ կոչ անելով իրավիճակի ապաէսկալացման: «Մենք մարտի  25-ին հայտարարությամբ հանդես եկանք, որով ադրբեջանական զորքերի անպատասխանատու տեղաշարժի և իրավիճակի ապակայունացմանն անդրադարձանք: Մենք կողմերին հորդորում ենք զերծ մնալ սպառնալից և թշնամական հռետորաբանությունից, ինչը չի օգնում գործընթացին»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ բանակցությունները դժվար կլինեն, քանի որ  հակամարտությունը բարդ է և այն  երկար տարիների ընթացքում է ձևավորվել:      
11:35 - 24 ապրիլի, 2022
Կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան մեզ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում․ Լին Թրեյսի

 |armenpress.am|

Կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան մեզ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում․ Լին Թրեյսի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծեց, որ Ծիծեռնակաբերդում է հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհ գնացած 1,5 միլիոն հայերին և աջակցություն հայտնելու հայ ժողովրդին: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա վարչակազմը հանձնառու են մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովմանն ամբողջ աշխարհում, և դա նաև ենթադրում է նման դեպքերի կրկնության բացառումը: «Ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը մենք համարում ենք շատ ազդեցիկ և կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան մեզ այդ ճանապարհին: Այդ հայտարարությունների կարևորությունը նրանում է,որ մենք այդ հայտարարություններով ճանաչում ենք 1915 թվականին տեղի ունեցած պատմական փաստը»,- ասաց դեսպանը:  
11:12 - 24 ապրիլի, 2022
Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատել է վճռական աջակցությունը ՀՀ-ին և Արցախին օժանդակելու ԱՄՆ պատրաստակամությանը |armenpress.am|

Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատել է վճռական աջակցությունը ՀՀ-ին և Արցախին օժանդակելու ԱՄՆ պատրաստակամությանը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հատկացումների, արտաքին գործերի և հարակից ծրագրերի հանձնաժողով ապրիլի 22-ին ներկայացրած նամակում Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատել է իր վճռական աջակցությունն այն փաթեթին, որով առաջարկվում է 50 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին, 100 միլիոն դոլար՝ Հայաստանին, և դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։  Ըստ աղբյուրի՝ Համագումարը հստակ հասկացրել է, որ «խորապես անհանգստացած է հերթական ցեղասպանության սպառնալիքով, ինչպես նաև պատերազմի հետևանքով առաջացած շարունակվող հումանիտար ճգնաժամով»՝ հայտարարելով, որ «ԱՄՆ-ն կարող է և պետք է ավելին անի Արցախի ժողովրդին պաշտպանելու համար»: Համագումարի՝ Կոնգրեսի հետ կապերի տնօրեն Մարիամ Խալոյանը կարևորել է «Արցախի հայությանը վերացնելու համառ օրինակն ու փորձը» և հիշեցրել, որ «անցյալ ամսվա սկզբին դաժան ձմռան կեսին Ադրբեջանը միտումնավոր դադարեցրել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի գազամատակարարումը` մարդկանց թողնելով առանց ջերմության աղբյուրի»։ Համագումարը նամակով նաև կոչ է արել Կոնգրեսին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին՝ «պահպանելու ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, ինքնորոշման իրավունքը և Արցախի ժողովրդի համընդհանուր մարդու իրավունքները»՝ նշելով, որ «Միացյալ Նահանգները չի կարող հակասական հայտարարություններ անել ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ՝ Իլհամ Ալիև և Ռեջեփ Թայիփ Էրդողան դիկտատորներին աջակից երևալով»:   Համագումարը նաև հորդորել է կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին։    1972 թվականին հիմնադրված Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում գործող ամենամեծ համազգային կազմակերպությունն է, որը նպաստում է հայկական հարցերի հանրային ըմբռնմանը և իրազեկմանը: Համագումարը անկուսակցական, հարկերից ազատված կազմակերպություն է:
19:56 - 23 ապրիլի, 2022
ԱՄՆ-ն սադրանքներ է նախապատրաստում Ռուսաստանին մարտավարական միջուկային զենք կիրառելու մեջ մեղադրելու համար․ ՌԴ ՊՆ |armenpress.am|

ԱՄՆ-ն սադրանքներ է նախապատրաստում Ռուսաստանին մարտավարական միջուկային զենք կիրառելու մեջ մեղադրելու համար․ ՌԴ ՊՆ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ը սադրանքներ է նախապատրաստում՝ ռուսական կողմին քիմիական, կենսաբանական կամ մարտավարական միջուկային զենք կիրառելու մեջ մեղադրելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովի հայտարարությունը։ «Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություններ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից սադրանքների նախապատրաստման մասին՝ Ռուսաստանի զինված ուժերին քիմիական, կենսաբանական կամ մարտավարական միջուկային զենք կիրառելու մեջ մեղադրելու համար»,- ասել է Կիրիլովը։ Կիրիլովը հիշեցրել է, որ փետրվարի 27-ին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության մտադրության մասին՝ քիմիական և կենսաբանական զենք կիրառել «կեղծ դրոշի տակ»՝ ուկրաինական բնակչությանն ու աշխարհին վախեցնելու համար։  «Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ նման նախագծեր ԱՄՆ-ը մեկ անգամ չէ, որ իրականացրել է քաղաքական նպատակներին հասնելու համար։ Տեղեկատվական սադրանքի ամենավառ օրինակը ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի 2003 թվականի փետրվարի 5-ի ելույթն է»,- ընդգծել է Կիրիլովը։ Նա նաև օրինակ է բերել 2017 թվականին Սիրիայում զարինի ենթադրյալ օգտագործման սադրանքը, որը հանգեցրեց հրթիռային հարձակման Սիրիայի «Շայրաթ» օդանավակայանի վրա, իսկ 2018 թվականին՝ Բարզի և Ջամրայի վրա: «Եվ միայն Ռուսաստանի Դաշնության կողմից Հաագա բերված՝ այդ իրադարձությունների ականատեսների ցուցմունքները բացեցին համաշխարհային հանրության աչքերը կատարվածի վրա: Մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել այդ սադրանքների համար», - հավելել է Կիրիլովը: Նա նաև ընդգծել է, որ Պետդեպարտամենտն արդեն որոշել է հետաքննության ընթացակարգը և նշանակել պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են դրա վարման համար։
16:42 - 23 ապրիլի, 2022
ՀՀ ֆինանսների նախարարը մասնակցել է ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհուրդների հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարը մասնակցել է ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհուրդների հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանն ապրիլի 19-22-ը ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակում մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) կառավարիչների խորհուրդների 2022թ. գարնանային հանդիպումներին: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։  Հանդիպումների ընթացքում քննարկումներ են ծավալվում համաշխարհային տնտեսության ընթացիկ իրավիճակի, միջազգային տնտեսական իրավիճակի զարգացման միտումների, գլոբալ մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների, ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակի, համաշխարհային ֆինանսական կայունությանն առնչվող առանցքային այլ հարցերի շուրջ: «Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի, ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետի, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ: Նախարար Խաչատրյանը հանդիպել է նաեւ Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահի եւ Համաշխարհային բանկի Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի հետ»,- ասվում է հաղորդագրությունում:
20:48 - 22 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

 Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։  Քաղաքապետն ու դեսպանն անդրադարձել են Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը, քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ նոր նախագծերի իրականացման, մասնագետների վերապատրաստման ու փորձի փոխանակման հարցերի շուրջ: Դեսպանին ներկայացնելով տրանսպորտային բարեփոխումների ընթացքը՝ երթևեկության արդյունավետ կառավարման հարցում քաղաքապետը կարևորել է Լոս Անջելեսի հաջողված փորձի կիրառումը Երևանում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի հետ գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Լին Թրեյսին նաև նշել է, որ դեսպանատունը շարունակելու է աջակցել տարբեր ոլորտներում նախաձեռնվող նոր ծրագրերի իրականացմանը:
18:20 - 22 ապրիլի, 2022
ՄԱԿ-ում հայտարարել են Ուկրաինայում ցեղասպանություն ցույց տվող տվյալների բացակայության մասին

 |armenpress.am|

ՄԱԿ-ում հայտարարել են Ուկրաինայում ցեղասպանություն ցույց տվող տվյալների բացակայության մասին |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունը տվյալներ չունի այն մասին, թե Ուկրաինայում Ռուսաստան ցեղասպանության ակտեր է կատարել: Ապրիլի 22-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է այդ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին: «Մենք տեղեկատվություն չունենք, որը ցույց տար, թե ցեղասպանություն Է կատարվել»,- նշել Է նա: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 12-ին լրագրողների հետ շփման ժամանակ հայտարարել Է, թե Ուկրաինայի իրադարձություններն իրեն ցեղասպանություն են թվում: Միացյալ Նահանգների ղեկավարն ըստ որում նշել Է, թե տեղի ունեցողի գնահատումը պետք Է տան իրավաբանները: Մինչ այդ նա համանման արտահայտություն Է գործածել՝ ճառով ելույթ ունենալով Այովայի նահանգում: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բայդենի խոսքը ցեղասպանության մասին, նշել Է, որ Կրեմլում կտրականապես համաձայն չեն այդ հայտարարություններին: Նա նաեւ անթույլատրելի եւ աններելի Է համարել այն երկրի ղեկավարի հռետորաբանությունը, որի ռումբերից հարյուր հազարավոր մարդիկ են մահացել ամբողջ աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:25 - 22 ապրիլի, 2022
Պենտագոնը հայտարարել է անօդաչու թռչող սարքեր Ուկրաինա ուղարկելու մասին
 |azatutyun.am|

Պենտագոնը հայտարարել է անօդաչու թռչող սարքեր Ուկրաինա ուղարկելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Հինգշաբթի օրը Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինա է ուղարկում անօդաչու թռչող սարքեր, որոնք ամերիկյան ընկերության կողմից արտադրվել են ուկրաինական բանակի պահանջները հաշվի առնելով։ Խոսքը 121 անօդաչու թռչող սարքերի մասին է, որոնք Ուկրաինա կուղարկվեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հայտարարված ամերիկյան օգնության փաթեթի շրջանակներում։ Նոր անօդաչու թռչող սարքի մասին մանրամասն տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ այն հիմնված է գոյություն ունեցող Switchblade կամիկաձե անօդաչու սարքի վրա, որը մխրճվում է թիրախի մեջ՝ պայթեցնելով անօդաչու սարքի լիցքը։ Դրանք կարելի է տեղափոխել ուսապարկով և կիրառել ցանկացած միջավայրում: Ուկրաինայի համար ստեղծված տարբերակը, ըստ ամերիկացի անկախ փորձագետների, նախատեսված է զրահափոխադրիչներ ոչնչացնելու համար, այն կարող է կիրառվել նաև գիշերային ժամերին, օդում կարող է մնալ ավելի քան վեց ժամ։
14:35 - 22 ապրիլի, 2022
Հայոց ցեղասպանության դասավանդման նախագիծը ներկայացվեց ԱՄՆ Կոնգրեսում

Հայոց ցեղասպանության դասավանդման նախագիծը ներկայացվեց ԱՄՆ Կոնգրեսում

Ապրիլի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է Հայոց ցեղասպանության դասավանդման համար Կոնգրեսի գրադարանին 10 միլիոն դոլար հատկացնելու նախագիծը, որն առաջ էր մղվում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, նշելով, որ հանձնախմբի ջանքերով Ներկայացուցիչների պալատի առավել քան հիսուն անդամներ միացել էին նախաձեռնությանը, որը ներկայացվել էր կոնգրեսականներ Ք․ Մալոնիի և Գ․ Բիլիրակիսի կողմից։ Օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է տասը միլիոն դոլարի հատկացում Կոնգրեսի գրադարանին՝ Օսմանյան Թուրքիայում պետական բարձրագույն մակարդակում ծրագրված և իրականացված զանգվածային սպանությունների, տեղահանության, մշակութային բնաջնջման, ինչպես նաև հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, արամեացիների և մարոնիտների աքսորի վերաբերյալ ամերիկացիներին առաջիկա հինգ տարիների ընթացքում կրթության միջոցով տեղեկացնելու համար։ Անդրադառնալով նախագծին՝ կոնգրեսական Մալոնին ասել է․ «Ինչպես ասում են, եթե պատմությունից դասեր չքաղենք, մենք դատապարտված ենք կրկնելու այն։ Այդ իսկ պատճառով ես հպարտ եմ ներկայացնելու Հայոց ցեղասպանության կրթական օրենքը՝ Հայոց ցեղասպանության սարսափներն ու դասերը ճշգրիտ և արդյունավետ ուսուցանելու համար: Կոնգրեսի երկու պալատներն էլ, ճնշող երկկուսակցական մեծամասնությամբ, քվեարկեցին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին, իսկ անցած տարի նախագահ Բայդենը հասկացրեց, որ Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումն է, որ այդ սիստեմատիկ սպանությունները ցեղասպանություն են: Հրամայական է, որ մենք այժմ ապահովենք ամերիկացիներին անհրաժեշտ ռեսուրսներ՝ ուսման միջոցով  տեղեկացնելու այս վայրագության մասին»: Կոնգրեսական Բիլիրակիսն էլ իր հերթին նշել է․  «Մարդկային ցեղի մեր ամենամութ պահերը եկան այն ժամանակ, երբ նրանք, ովքեր լավագույնս տեղյակ էին եղելությունից, լուռ կանգնած էին՝ արդարացնելով իրենց պասիվությունը և թույլ տալով, որ տիրեն անարդարությունն ու հալածանքը: Մենք պետք է ճանաչենք անցյալի վայրագությունները, որպեսզի հուսանք, որ ապագայում դրանք կկանխենք: Այս նպատակին հասնելու լավագույն միջոցներից մեկը կրթությունն ու իրազեկումն է, այդ իսկ պատճառով ես հպարտ եմ Քերոլին Մալոնիի հետ համատեղ ներկայացնել Հայոց ցեղասպանության կրթական օրենքը»:  Մեկնաբանելով օրենսդրական նախաձեռնության ներկայացումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նկատել է․ «Սպիտակ տան և Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ապահովումից հետո մենք այժմ պետք է ապահովենք, որ Ամերիկայի դպրոցական երեխաներին ուսուցանվեն հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, արամեցիների, մարոնինտերի և այլ քրիստոնյաների դեմ ուղղված հանցագործության պատմական դասերն ու մատնանշվեն այսօրվա հետևանքները։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն այս նախագիծն առաջ տանելու համար աշխատելու է կոնգրեսականներ Մալոնիի և Բիլիրակիսի, ինչպես նաև՝ նրանց միացած կոնգրեսականների հետ: Մենք հանձնառու ենք ապահովել արդար հանգուցալուծում Թուրքիայի հանցագործությունների բոլոր զոհերի համար՝ անցյալում և ներկայում»: ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հիշեցնում է, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ձևավորել է տարբեր ժողովուրդների համայնքային կազմակերպությունների  կոալիցիա, որում ներառված կազմակերպությունների թիվն անցնում է մեկ տասնյակը՝ ներառելով հունական, ասորական, քրդական, հրեական և այլ կազմակերպություններ: Այդ կազմակերպությունները նույնպես ակտիվորեն աջակցում են Կոնգրեսում Հայոց ցեղասպանության դասավանդման համար ֆինանսական հատկացման նախագծին։ Նշվում է, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է աշխատանքներ իրականացնել, որպեսզի այս նախագծի օրենսդրական ողջ գործընթացը Կոնգրեսի երկու պալատներում հնարավորինս սահուն ընթանա և ներկայացվի նախագահ Բայդենի հաստատմանը։
13:22 - 22 ապրիլի, 2022