ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Հնդկաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է. Միրզոյան |1lurer.am|

Հնդկաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Հնդկաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է: Այս մասին Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Սա Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին այցն է ՀՀ: Այցը բավականին սպասված էր: Այցը վկայում է մեր երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների միջև օրեցօր ընդլայնվող և խորացող հարաբերությունների մասին: Անկասկած, այս այցը կխթանի հայ-հնդկական համագործակցությունը բոլոր ոլորտներում: Սա բխում է  մեր երկու երկրների և ժողովուրդների շահերից»,- ասաց Միրզոյանը: Նա նշեց, որ համագործակցության հետագա ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: «Սա կարող եք տեսնել ՀՀ կառավարության ծրագրում, որը նաև հաստատվել է ԱԺ-ի կողմից»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
11:32 - 13 հոկտեմբերի, 2021
Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳ նախարարը

Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳ նախարարը

Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ կայքը, օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հակիրճ տեղեկանքԱվանդական դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունները և բազմոլորտ համագործակցությունը դինամիկ զարգանում են, և կան համապատասխան հիմքեր՝ փոխշահավետ և ընդհանուր մոտեցումների վրա հիմնված փոխգործակցության առավել առաջմղման համար:Հնդկաստանի քաղաքներում գործում է հայկական համայնք, առկա են նշանավոր հայկական եկեղեցիներ ու կրթամշակութային կենտրոններ։ Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված են մշակութային և գիտակրթական համագործակցության ամուր կապեր։Երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև հաստատված է քաղաքական խորհրդակցությունների արդյունավետ շարունակական փորձ։ Գործում է նաև հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովը։1992թ. օգոստոսի 31-ին Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է արձանագրություն` դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ:Երկու երկրների ռեզիդենտ դեսպանությունները սկսել են աշխատել 1999 թվականից: Հնդկաստանում ՀՀ դեսպանն է Յուրի Բաբախանյանը (2021թ. մարտի 15-ից): Հայաստանում Հնդկաստանի դեսպանն է Քիշան Դան Դեվալը (2019թ. օգոստոս):Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է 34 փաստաթուղթ: Եվս 7-ը գտնվում են քննարկման փուլում: Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամության և համագործակցության պայմանագիրը ստորագրվել է 1995թ. դեկտեմբերի 14-ին Նյու-Դելիում:2003թ. մայիսի 23-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության և բարձր մակարդակում շփումների ու փոխայցելությունների արդյունավետ փորձ։2021թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում հայ-հնդկական առևտրաշրջանառությունը, ըստ արտահանող երկրի հատկանիշի, կազմել է շուրջ 105.3 մլն. ԱՄՆ դոլար: Հայաստանի արտահանումը կազմել է 72.4 մլն. ԱՄՆ դոլար:Հնդկաստանը հանդիսանում է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» (International North-South Corridor (INSTC)) Համաձայնագրի երեք հիմնադիր երկրներից մեկը (ԻԻՀ, ՌԴ, Հնդկաստան), որի նպատակն է բարելավել և զարգացնել անդամ-պետությունների միջև իրականացվող փոխադրումները: Հայաստանը «Հյուսիս-Հարավ Միջազգային Տրանսպորտային Միջանցքի» (ՄՀՀՏՄ) վերաբերյալ միջկառավարական Համաձայնագրին միացել է 2006թ. ապրիլի 13-ին:Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև փոխօգնության և համատեղ աշխատանքների արդյունավետ փորձ է ձևավորվել COVID-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում:Հնդկաստանը համահեղինակել է ՀՀ կողմից հեղինակած և 2015 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին առաջադրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու» բանաձևը:
20:01 - 12 հոկտեմբերի, 2021
Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

 Երևանում hոկտեմբերի 11-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, դանիականը՝ երկրի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ, քաղաքական տնօրեն Քրիստինա Մարկուս Լասսենը։ Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-դանիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները։ Անդրադարձ է կատարվել տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ «Կողմերն անդրադարձան Հայաստանի և Դանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների շրջանակին։ Խորհրդակցությունների ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և գլոբալ օրակարգի մի շարք հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Կողմերը ծանոթացել են տարածաշրջանային խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին, անդրադարձել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը։ Կարևորվել է երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում դանիական պատվիրակությանն ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Զրույցի ընթացքում հայկական կողմը Դանիայի պետքարտուղարի տեղակալին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է Ղարաբաղյան խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Նշվում է, որ այցի շրջանակներում դանիական պատվիրակությունը ծաղկեպսակ է զետեղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
19:54 - 11 հոկտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: «Նախարար Միրզոյանը և դեսպան Կոնյուկն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի՝ ընդգծելով բարձր մակարդակի փոխայցելությունների, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների, ինչպես նաև՝ երկու երկրների միջև գոյություն ունեցող իրավապայմանագրային բազայի ընդլայնման կարևորությունը»,- տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Առևտրատնտեսական կապերի ակտիվացման համատեքստում քննարկվել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-բելառուuական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի վերաբերյալ:
12:58 - 11 հոկտեմբերի, 2021
Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Բելառուսի ԱԳՆ-ների միջև. կնքվել է ռեադմիսիայի մասին միջկառավարական համաձայնագիր

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Բելառուսի ԱԳՆ-ների միջև. կնքվել է ռեադմիսիայի մասին միջկառավարական համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման նպատակով Մինսկում գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին հոկտեմբերի 8-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։  Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի և Բելառուսի միջև փոխգործակցության առնչությամբ հիմնական հարցերը, ընդգծվել է միջպետական համագործակցության ներուժի իրացման անհրաժեշտությունը։ «Խորհրդատվությունների ընթացքում Հայաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ Արմեն Ղևոնդյանը և Ալեքսանդր Գուրյանովն առարկայնորեն դիտարկել են հայ-բելառուսական համագործակցության զարգացման ընթացքը և հեռանկարներն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ ձևաչափերի շրջանակներում։ Կարևորվել է համապատասխան միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների դերը՝ որպես առևտրատնտեսական, գիտական և ռազմատեխնիկական ոլորտներում, ինչպես նաև օրենսդիր մարմինների միջև երկկողմ փոխգործակցության առաջմղման կարևոր մեխանիզմների։ Միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի քննարկման ժամանակ արձանագրվել է համագործակցության հետագա զարգացման արդիականությունը՝ հաշվի առնելով 2001թ․ մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի հիմնական դրույթները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Խորհրդատվությունների արդյունքներով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերի շրջանակում ստորագրվել են Քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին միջկառավարական համաձայնագրում լրացում կատարելու մասին Արձանագրությունը, ինչպես նաև հետընդունման (ռեադմիսիայի) մասին միջկառավարական համաձայնագիրը։
19:28 - 08 հոկտեմբերի, 2021
Հայ-սլովենական տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է․ ՀՀ-ում Սլովենիայի դեսպան

Հայ-սլովենական տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է․ ՀՀ-ում Սլովենիայի դեսպան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում հոկտեմբերի 7-ին հյուրընկալվել է ՀՀ-ում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաժ Մենցինը, որն իր երկրի դիվանագիտական ներկայացուցչություններն է ղեկավարում նաև Ուկրաինայում և Վրաստանում (նստավայրը՝ Կիև)։ Այս մասին հայտնում են ՀԱԳՄ-ից, նշելով, որ դեսպանին ուղեկցում էր Հայաստանում Սլովենիայի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աստվածատրյանը։ Հյուրերին ՀԱԳՄ կառուցվածքին ու գործունեության ուղղություններին ծանոթացրել է Միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։ Նա անդրադարձել է հայաստանյան տնտեսության այն ոլորտներին, որոնք հետաքրքրական են թե՜ արտաքին ներդրումների, թե՜ արտահանման  առումներով։ Ըստ Ներսես Կարամանուկյանի՝ երկկողմ համագործակցության համար հեռանկարային կարող են լինել մասնավորապես գյուղվերամշակման, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, հանքարդյունաբերության  բնագավառները։ ՀԱԳՄ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, Եվրամիության հետ սերտացող ինտեգրման գործընթացում, աշխույժ տնտեսական կապեր ունենալով տարածաշրջանի մի շարք երկրների հետ, լավ գործընկեր և կամուրջ կարող է հանդիսանալ արտասահմանյան ներդրողների համար։ «Մեր երկու երկրների միջև եղած տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է»,-նշել է Հայաստանում Սլովենիայի արտակարգ և լիազոր դեսպանը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է ակտիվացնել գործարար շրջանակների անմիջական կապերը, մեծ դեր ունի խաղալու նաև ժողովրդական դիվանագիտությունը։ Դեսպանի հավաստմամբ՝ Սլովենիան, լինելով Եվրամիության համեմատաբար նոր անդամներից, կարող է ինտեգրացիոն իր փորձառությունը հաղորդել հայկական կողմին՝ նպաստել տնտեսական փոխգործակցության խորացմանը։ Հայաստանում Սլովենիայի պատվավոր հյուպատոսն իր հերթին նշեց հնարավոր երկկողմ համագործակցության ուղղությունները՝ որակելով դրանք հեռանկարային։ Նա շեշտադրեց առողջապահության, ինժեներական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտները։ Ռուբեն Աստվածատրյանի համոզմամբ՝ հնարավորությունները մեծ են, բայց երկու կողմում էլ բացակայում է անհրաժեշտ տեղեկատվությունը միմյանց տնտեսական ներուժի, շուկաների առանձնահատկությունների մասին, և այս առումով զգալի աշխատանք կա կատարելու։ Արտակարգ և լիազոր դեսպան Թոմաժ Մենցինը ՀԱԳՄ փոխնախագահին է փոխանցել Սլովենիայի առևտրի և արդյունաբերության պալատի տնօրեն Մաթեյ Ռոջելժի նամակը, որով վերջինս պատրաստակամություն է հայտնում խորացնելու երկու կառույցների միջև փոխհարաբերությունները՝ առաջարկում սահմանել աշխատանքային շփումների ժամանակացույց։ Հանդիպմանը ներկա էին  Սլովենիայի դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդական Տարաս Պրուտուլան, ՀԱԳՄ տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, Միության նախագահի գլխավոր խորհրդական Հրայր Զորյանը։
16:47 - 08 հոկտեմբերի, 2021
Հայ եկեղեցու սպասավորներն ու հետևորդները պետք է անարգել մուտք ունենան Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի. ԱԳՆ

Հայ եկեղեցու սպասավորներն ու հետևորդները պետք է անարգել մուտք ունենան Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի. ԱԳՆ

Շուշիի Մայր տաճարի ֆիզիկական վնասմանը զուգահեռ Ադրբեջանը չի դադարում փորձերը` խեղաթյուրելու եկեղեցու հայկական ինքնությունը, որն իրականացվում է վերանորոգման պատրվակով եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխման միջոցով: Ադրբեջանի ԶՈՒ կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի կրկնակի ռմբակոծման մեկ տարվա կապակցությամբ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում 2020թ. հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով կրկնակի օդային հարվածներ հասցրին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ վերջինիս պատճառելով զգալի ավերածություններ: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հաշված օրեր անց նույն եկեղեցին ենթարկվեց վանդալիզմի և սրբապղծման»,- հիշեցրել է Վահան Հունանյանը:Նրա խոսքով՝ պաշտամունքի վայրի կրկնակի դիտավորյալ հրթիռակոծումը ոչ միայն միջազգային իրավունքով, մասնավորապես՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայով և դրան կից երկրորդ արձանագրությամբ (1999 թ.) դատապարտելի հանցագործություն է, այլ նաև մտադրությունների խորհրդանշական բացահայտում․ այն Արցախի տարածքում հայկական ներկայության ցանկացած հետքի բնաջնջմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության ակնհայտ դրսևորում է:«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայից մեկ տարի անց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում գտնվող շուրջ 1500 պատմամշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի, ինչպես նաև հազարավոր թանգարանային նմուշների ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ և վտանգված: Բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղե­ցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման և վանդալիզմի փաստագրված դեպքերը։ Բացի այդ, դրանց ֆիզիկական ոչնչացման հետ մեկտեղ ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից հետևողական կերպով իրա­կանացվող պատմական փաստերի կեղծմանը և հայկական հուշարձանների ինքնության խեղաթյուրմանը»,- նշում է ՀունանյանըՆա ընդգծում է՝ այս համատեքստում, թերևս, պատահական չէ, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակել կամ հնարավորինս սահմանափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր` փորձելով կոծկել իր կողմից գործած պատերազմական հանցագործությունները: «Ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմամշակութային հուշարձանների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, հակասում են համամարդկային արժեքներին և խստագույնս դատապարտելի են։ Շուշիի Մայր տաճարը Արցախում Հայ Առաքելական եկեղեցու կարևոր կենտրոններից է, և հայ եկեղեցու սպասավորներն ու հետևորդները պետք է անարգել մուտք ունենան այդ սրբատեղի»,- ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքում:
15:40 - 08 հոկտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին․ զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-շվեդական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին․ զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-շվեդական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-շվեդական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան` ընդգծելով տարբեր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Նախարար Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել շվեդական կողմին՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցության առնչությամբ, ինչը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը։ Կարևորվել է նաև Հայաստանի և Շվեդիայի միջև զարգացման համագործակցության ամրապնդումը և Շվեդական զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագրերը: Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի՝ Արարատ Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: Ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում նախարար Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։
12:51 - 08 հոկտեմբերի, 2021
Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիին

Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիին

Իրանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուք էջի հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 6-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ։ Ա․ Թումանյանը շնորհավորել է Մ․ Սաֆարիին կարևոր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ առաջիկայում երկու երկրի կառավարությունների կողմից կիրականացվեն անհրաժեշտ բոլոր քայլերը Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար։ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մ․ Սաֆարին, կարևորելով տնտեսական համագործակցության խորացումը, իր պատրաստակամությունն է հայտնել ընթացիկ տնտեսական ծրագրերի իրականացմանն աջակցության հարցում։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային առանցքի ամրապնդման ուղղությամբ աշխատանքների կազմակերպման հարցերին։
17:51 - 06 հոկտեմբերի, 2021
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են համանախագահների հովանու ներքո հանդիպել հումանիտար հարցերը քննարկելու |armenpress.am|

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են համանախագահների հովանու ներքո հանդիպել հումանիտար հարցերը քննարկելու |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կրկին հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ քննարկելու հումանիտար մի շարք հարցեր, այդ թվում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցը:  Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով Նազելի Բաղդասարյանի հարցին, որն առնչվում էր Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Միրզոյանի վերջերս տեղի ունեցած հանդիպմանը: «Իհարկե, այս ձևաչափով քննարկումների, բանակցային գործընթացի վերսկսումը միանշանակ ողջունելի և միանշանակ բխում է ՀՀ-ի, ԼՂ-ի շահերից: Մեկ անգամ ևս փաստում ենք, որ խնդիրը լուծված չէ: Ադրբեջանը սիրում է ասել, թե խնդիրն այլևս գոյություն չունի, կարծում եմ՝ սա միջազգային հանրության կողմից ևս  մի հավաստիացում է, որ խնդիրը գոյություն ունի և լուծում պահանջում է, և լուծման փնտրտուքը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով, միջազգային ճանաչում ստացած միակ մանդատ ունեցող մարմնով»,-ասաց Միրզոյանը: Նա կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խնդրի լուծումը՝ նշելով, որ դա ինչ-որ փուլում ենթադրում է ամենաէական հարցերի քննարկում: «Դրական եմ համարում, որ ըմբռնում կար, որ ելնելով լարվածությունից, ելնելով բազմաթիվ չլուծված և օրեցօր ծագող զանազան հարցերի առկայությունից՝ պայմանավորվածություն  ենք ձեռք բերել նորից հանդիպել և առաջնային քննարկման դարձնել հումանիտար հարցերը: Իհարկե, առաջին հերթին խոսքը վերաբերում է Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցին, հաստատման սպասող գերիների առկայության հարցին, ԼՂ-ում հումանիտար առաքելությունների, միջազգային կազմակերպությունների հասանելիության հարցին, բազմաթիվ այսպիսի խնդիրներին: Կարծում եմ, որ այս խնդիրների դրական լուծումը առաջին հերթին Ադրբեջանի կողմից կառուցողական դիրքորոշման վկայություն կլինեն, և կստեղծեն այնպիսի մթնոլորտ, որտեղ կարող ենք ամենակարևոր հարցերը քննարկել ժամանակի ընթացքում»,-ասաց ԱԳ նախարարը:  Միրզոյանն առաջարկեց ուշադրություն դարձնել համանախագահների տարածած հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումներին: Ըստ նրա՝ ամեն ինչ դրանով ասված է:
17:24 - 06 հոկտեմբերի, 2021
ԱԳ նախարարն ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին

ԱԳ նախարարն ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անիկա Սյոդերին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ դերը՝ որպես համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն։ Այս համատեքստում նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ԵԱՀԿ գործող նախագահի և նրա անձնական ներկայացուցչի գործունեությունը:44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում հատկապես շեշտվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ տարածաշրջանում տևական խաղաղության հնարավոր է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով:
19:45 - 05 հոկտեմբերի, 2021
Պատերազմի հետևանքով տեղահանվել է ավելի քան 91.000 մարդ, որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են․ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյան

Պատերազմի հետևանքով տեղահանվել է ավելի քան 91.000 մարդ, որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են․ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյան

ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի Գործադիր կոմիտեի 72-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքներին, ընդգծել, որ պատերազմի հետևանքով տեղահանվել է ավելի քան 91.000 մարդ, որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են: Նա նշել է, որ հայկական կողմն անընդունելի է համարում Արցախում մարդասիրական օգնության տրամադրման խոչընդոտումը և ակնկալում է բռնի տեղահանված անձանց խնդիրները լուծելու հարցում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործուն աջակցությունը։ Վահե Գևորգյանը հավաստիացրել է, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, որը կհասցեագրի նաև Լեռնային Ղարաբաղում իրենց բնակության նախկին վայրեր բոլոր հայերի վերադարձի խնդիրը, և համոզմունք է հայտնել, որ Արցախի ժողովրդին մարդասիրական օգնության ցուցաբերումը պետք է իրականացվի անկախ բոլոր հանգամանքներից։
18:51 - 05 հոկտեմբերի, 2021
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունությունը վտանգող գործողությունների անթույլատրելիությունը

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունությունը վտանգող գործողությունների անթույլատրելիությունը

Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Երկու երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունությունը վտանգող գործողությունների անթույլատրելիությունը և կարևորել տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցությունը։ Հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու երկրների միջև համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Նախարարները գոհունակություն են հայտնել դարերի խորքից եկող հայ-իրանական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ջանքեր ներդնել փոխվստահության վրա հիմնված փոխգործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տնտեսական կապերի ակտիվացման հեռանկարներին՝ ընդգծելով նպատակային քայլերի իրականացման կարևորությունը՝ առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ, այդ թվում՝ կողմերի միջև համաձայնեցված կոնկրետ ծրագրերի իրականացման միջոցով։ Քննարկվել է նաև զբոսաշրջության ու մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացումը։ Այս համատեքստում, նախարարները կարևորել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը։ ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ կարևորվել է նաև «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրումը և արդյունավետ կիրարկումը։ ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Եվրասիական Միություն-Իրան համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությանը։ Արարատ Միրզոյանն իրազեկել է Գորիս-Կապան ճանապարհահատվածին այլընտրանք հանդիսացող ճանապարհի կառուցման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության վերաբերյալ։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի հեռանկարների շուրջ: «Արարատ Միրզոյանն ու Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի քննարկման առանցքային թեմաներից էին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը։ ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և ծառացած հումանիտար խնդիրները։ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների՝ շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Անդրադառնալով նաև ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքիշխան տարածք ներթափանցման և շարունակական սադրիչ գործողությունների արդյունքում ստեղծված իրադրությանը՝ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։ Երկու երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունությունը վտանգող գործողությունների անթույլատրելիությունը և կարևորել տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցությունը»,- հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, որի համաձայն, հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։
20:20 - 04 հոկտեմբերի, 2021
Հայաստանը բարձր է գնահատում երկրի սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանը բարձր է գնահատում երկրի սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի Իրանում կայացած հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ, որի ժամանակ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում երկրի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։ «Հարգելի՛ պարոն Ամիր Աբդոլլահիան, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Առաջին հերթին` կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանին՝ իմ գործընկերոջը և լավ բարեկամին, հրավերի, ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների, բանակցությունների համար: Բարեկամության և փոխվստահության մթնոլորտում նախարար Աբդոլլահիանի հետ ունեցած մեր քննարկումների ընթացքում  գոհունակություն ենք հայտնել հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի և բարձրաստիճան շփումների պարբերականության առնչությամբ: Ընդգծել ենք, որ մեր գործընկերությունը հիմնված է հազարամյակների եղբայրության վրա, և երկուստեք պատրաստակամություն հայտնել բոլոր ուղղություններով մեր ռազմավարական գործընկերությունը խորացնելու առնչությամբ։  Հանգամանորեն քննարկել ենք տարածաշրջանային զարգացումները: Բնականաբար, ես մանրամասն անդրադարձ եմ կատարել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիային և դրա հետևանքներին։ Նաև, իհարկե, նշել ենք, որ այդ ագրեսիային մասնակցել են վարձկան ահաբեկիչներ՝ բերված զանազան թեժ կետերից։   Նշել եմ, որ բազմաթիվ հումանիտար խնդիրներ են մնացել պատերազմից հետո։ Թեև ռազմական գործողությունների դադարեցման պահից Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին, այնուամենայնիվ՝ նրանք դեռ պահվում են Բաքվում։ Նրանց ազատ արձակումը և հայրենադարձումը պետք է անհապաղ տեղի ունենա։ Նշել եմ, որ մենք պայմանավորվել ենք նաև, որ Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ պետք է խոսակցություններ սկսեն տարածաշրջանային կոմունիկացիաների բացման ուղղությամբ, բայց այստեղ ևս կողմերի միջև առկա են խնդիրներ։  Հայաստանը հայտարարել և հայտարարում է, որ մենք բաց ենք կոմունիկացիաները բացելու խոսակցության համար, այնինչ՝ Ադրբեջանը սխալ մեկնաբանությամբ փորձում է խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի վերաբերյալ որևէ բառ, որևէ պայմանավորվածություն չի եղել։  Ինչպես սա, այնպես էլ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը։ Այս առումով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։ Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև, որ, ըստ էության, օրեր առաջ Նյու Յորքում վերագործարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ նրանց մանդատի շրջանակներում, հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։ Իհարկե, մեր այսօրվա հանդիպման կարևոր թեմաներից էր նաև տրանսպորտային տարանցման վերջին մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Մեծարգո պարոն նախարարին տեղեկացրել եմ ճանապարհաշինության, ինչպես նաև առկա մարտահրավերների հետ կապված մանրամասները։ Տեղեկացրել եմ, որ շրջանցիկ ճանապարհը, որի մասին այդքան խոսվում էր, գրեթե ավարտված է։ Անշուշտ, խոսել ենք նաև տնտեսական մեր մեծ համատեղ ծրագրերը շարունակելու, արագացնելու և ավարտին հասցնելու վերաբերյալ։ Կրկին ուզում եմ նշել` ինչպես պարոն նախարարը ևս հավաստեց, երկու երկրների քաղաքական ղեկավարությունները հաստատակամ են՝ լիարժեք և գործընկերային կերպով զարգացնելու մեր հարաբերությունները և խորացնելու դրանք։  Կրկին շնորհակալ եմ հրավերի համար, հարգելի՛ պարոն նախարար, և սիրով սպասում եմ Ձեզ Երևանում»,-ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ 
20:14 - 04 հոկտեմբերի, 2021