Հայ-սլովենական տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է․ ՀՀ-ում Սլովենիայի դեսպան
16:47 - 08 հոկտեմբերի, 2021

Հայ-սլովենական տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է․ ՀՀ-ում Սլովենիայի դեսպան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում հոկտեմբերի 7-ին հյուրընկալվել է ՀՀ-ում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաժ Մենցինը, որն իր երկրի դիվանագիտական ներկայացուցչություններն է ղեկավարում նաև Ուկրաինայում և Վրաստանում (նստավայրը՝ Կիև)։ Այս մասին հայտնում են ՀԱԳՄ-ից, նշելով, որ դեսպանին ուղեկցում էր Հայաստանում Սլովենիայի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աստվածատրյանը։

Հյուրերին ՀԱԳՄ կառուցվածքին ու գործունեության ուղղություններին ծանոթացրել է Միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։ Նա անդրադարձել է հայաստանյան տնտեսության այն ոլորտներին, որոնք հետաքրքրական են թե՜ արտաքին ներդրումների, թե՜ արտահանման  առումներով։

Ըստ Ներսես Կարամանուկյանի՝ երկկողմ համագործակցության համար հեռանկարային կարող են լինել մասնավորապես գյուղվերամշակման, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, հանքարդյունաբերության  բնագավառները։ ՀԱԳՄ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, Եվրամիության հետ սերտացող ինտեգրման գործընթացում, աշխույժ տնտեսական կապեր ունենալով տարածաշրջանի մի շարք երկրների հետ, լավ գործընկեր և կամուրջ կարող է հանդիսանալ արտասահմանյան ներդրողների համար։

«Մեր երկու երկրների միջև եղած տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է»,-նշել է Հայաստանում Սլովենիայի արտակարգ և լիազոր դեսպանը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է ակտիվացնել գործարար շրջանակների անմիջական կապերը, մեծ դեր ունի խաղալու նաև ժողովրդական դիվանագիտությունը։

Դեսպանի հավաստմամբ՝ Սլովենիան, լինելով Եվրամիության համեմատաբար նոր անդամներից, կարող է ինտեգրացիոն իր փորձառությունը հաղորդել հայկական կողմին՝ նպաստել տնտեսական փոխգործակցության խորացմանը։

Հայաստանում Սլովենիայի պատվավոր հյուպատոսն իր հերթին նշեց հնարավոր երկկողմ համագործակցության ուղղությունները՝ որակելով դրանք հեռանկարային։ Նա շեշտադրեց առողջապահության, ինժեներական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտները։ Ռուբեն Աստվածատրյանի համոզմամբ՝ հնարավորությունները մեծ են, բայց երկու կողմում էլ բացակայում է անհրաժեշտ տեղեկատվությունը միմյանց տնտեսական ներուժի, շուկաների առանձնահատկությունների մասին, և այս առումով զգալի աշխատանք կա կատարելու։

Արտակարգ և լիազոր դեսպան Թոմաժ Մենցինը ՀԱԳՄ փոխնախագահին է փոխանցել Սլովենիայի առևտրի և արդյունաբերության պալատի տնօրեն Մաթեյ Ռոջելժի նամակը, որով վերջինս պատրաստակամություն է հայտնում խորացնելու երկու կառույցների միջև փոխհարաբերությունները՝ առաջարկում սահմանել աշխատանքային շփումների ժամանակացույց։

Հանդիպմանը ներկա էին  Սլովենիայի դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդական Տարաս Պրուտուլան, ՀԱԳՄ տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, Միության նախագահի գլխավոր խորհրդական Հրայր Զորյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել