Կենտրոնական բանկ - ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։ Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Կենտրոնական բանկն իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։ Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

ՀՀ տնտեսական աճը 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական. ԿԲ նախագահ |armenpress.am|

ՀՀ տնտեսական աճը 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկի գնահատականներով՝ Հայաստանի տնտեսական աճը, համավարակի հետևանքով, 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկմանը: «Մեր գնահատկաններով` ՀՀ տնտեսական աճը 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական, զգալիորեն ավելի ցածր մեր նախորդ կանխատեսումից: Համավարակից առավել տուժած ոլորտներն են կացությունն ու հանրային սնունդը, տրանսպորտը, տուրիստական գործակալությունների, սպասարկման այլ ծառայություններ և շինարարությունը: Իսկ գյուղատնտեսության վրա այն գրեթե ազդեցություն չի ունենա»,-ասաց Գալստյանը: Անորոշությամբ պայմանավորված՝ կգրանցվի մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների կրճատում: Ինչպես նախատեսվում էր ծրագրով՝ պահպանվել է ցածր գնաճային միջավայր, մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 1.2 տոկոս: Թեև ի սկզբանե առկա էին որոշակի անորոշություններ՝ առաջարկի և պահանջարկի վերականգնման հարաբերական արագության վերաբերյալ, սակայն ԿԲ ներկա վերլուծությունները ցույց են տալիս, որ պահանջարկի վերականգնումը տեղի է ունենալու ավելի դանդաղ տեմպերով՝ պայմանավորված արտաքին պահանջարկի ակնկալվող դանդաղ ընթացքով և պահպանվող անորոշությամբ:  ԿԲ նախագահը նաև նկատեց, որ եթե մարտին ամբողջ աշխարհում սպասում էին, որ վերականգնումն արագ է տեղի ունենալու, ապա համավարակին զուգահեռ վերանայվեցին պատկերացումները տնտեսության վրա ունեցած իրական ազդեցության, տևողության և չափի վերաբերյալ՝ դառնալով ավելի վատատեսական: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հունվարյան կանխատեսումների, Համաշխարհային տնտեսության աճը 2020 թվականին կանխատեսվում էր 3,3 տոկոս, իսկ արդեն ապրիլին իր կանխատեսումներում ԱՄՀ-ն ներկայացրեց, թե որքան ցավալի է լինելու համավարկի ազդեցությունը տնտեսությունների վրա: Իսկ համաշխարհային բանկի՝ օրերս ներկայացված զեկույցի համաձայն 5.2 տոկոս անկում է ակնկալում:
13:39 - 15 հունիսի, 2020
Վերջին երկու տարում ավելի սերտ եմ առնչվել ԿԲ-ի հետ և կարող եմ արձանագրել, որ այստեղ բավականին լավ թիմ ու կորիզ է ձևավորվել․ Նիկոլ Փաշինյան

Վերջին երկու տարում ավելի սերտ եմ առնչվել ԿԲ-ի հետ և կարող եմ արձանագրել, որ այստեղ բավականին լավ թիմ ու կորիզ է ձևավորվել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի աշխատակազմին է ներկայացրել ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին: Իր խոսքում, վարչապետը նշել է. «Այսօր Կենտրոնական բանկում կարևոր իրադարձություն է. մենք հրաժեշտ ենք տալիս ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին և այսօրվանից իր լիազորություններն է սկսում ԿԲ նոր նախագահ Մարտին Գալստյանը: Պարոն Ջավադյան, ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս ընթացքում կատարած աշխատանքի և ներդրման համար: Պարոն Գալստյան, ուզում եմ Ձեզ շնորհավորել և հաջողություն մաղթել ԿԲ նախագահի պաշտոնում գործունեության մեջ: Պարոն Գալստյանը բանկային համակարգում նոր մարդ չէ, արդեն բավական երկար ժամանակ աշխատում է բանկային համակարգում: Ընդհանրապես, վերջին երկու տարում ավելի սերտ եմ առնչվել ԿԲ-ի հետ և կարող եմ արձանագրել, որ այստեղ բավականին լավ թիմ ու կորիզ է ձևավորվել, որն ընդհանուր առմամբ, աշխատում է մեր բանկային համակարգի կայունության վրա: Ակնհայտ է, որ անկախ բոլոր քննադատություններից, բանկային համակարգը մեր երրորդ հանրապետության կարևոր ձեռքբերումներից է և այն Հայաստանի Հանրապետությունում կայացած է ու կայուն: Այն, թե ինչպես ֆինանսական համակարգը, բանկային համակարգը դրսևորեց իրեն մի շարք ճգնաժամային իրավիճակներում, ֆինանսական կամ քաղաքական վայրիվերումների շրջանում, այդ թվում՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության շրջանում, այժմ՝ կորոնավիրուսի ճգնաժամային վիճակում, դրա ամենավառ վկայությունն է: Այս փոփոխությունը, որ տեղի է ունենում, կարևոր է նրանով, որ ապահովում է որոշակի ժառանգականություն ԿԲ գործունեության համար: Բայց մյուս կողմից նաև սա խորհրդանշում է առանց կայունության խաթարման՝ փոփոխությունների, բարեփոխումների հետագա զարգացման կուրսը և անհրաժեշտությունը»: Վարչապետն ընդգծել է, որ ընթացիկ ժամանակաշրջանում մեր բանկային համակարգի կարևորագույն մարտահրավերներից մեկը ֆինանսական գրագիտության բարձրացումն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է ավելի մանրամասն աշխատանք տանել, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան տեսնել և հասկանալ բանկային համակարգի գործունեության նրբությունները, թե ինչպես է ընդհանրապես համակարգն աշխատում:  «Կարծում եմ, մեր մեծագույն խնդիրներից է լինելու բանկային համակարգն ավելի մարդակենտրոն դարձնելը, այնպես անելը, որ համակարգի և քաղաքացիների հարաբերությունների կոնտեքստը դառնա ավելի կառուցողական, երկխոսության վրա հիմնված, որպեսզի թույլ չտանք, որ բանկային համակարգի շուրջ նեգատիվ ընկալումներ ձևավորվեն, մանավանդ, որ մեր բանկային, ֆինանսական համակարգի կայունությունը վերջինիս կայուն զարգացման կարևորագույն նախադրյալներից մեկն է»,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետը տեղեկացրել է՝ Արթուր Ջավադյանի հետ ունեն որոշակի պայմանավորվածություններ՝ վերջինիս հետագա գործունեության առումով: «Պարոն Ջավադյանը ներգրավված կլինի տնտեսական քաղաքականության մշակման, տնտեսական հարցերի վերլուծության, նաև միջազգային տնտեսական ոլորտի մասնագետների ներգրավմամբ Հայաստանում որոշակի պրոցեսներ հարուցելու գործին: Ունենք կոնկրետ նախագծեր, որոնց իրագործումը մեծ հաջողություն կլինի Հայաստանի Հանրապետության տնտեսական մտքի զարգացման առումով: Պարոն Գալստյան, ուզում եմ հավատալ, որ Ձեր գալով մեր բանկային, ֆինանսական համակարգի համար նոր էջ է բացվում, որը հիմնված կլինի նախկին շրջանի լավագույն փորձի վրա և իհարկե իր հետ կբերի նոր փորձ, նոր հաջողություններ, կմեծացնի բոլորիս վստահությունը բանկային և ֆինանսական համակարգի նկատմամբ»,- նշել է կառավարության ղեկավարը: Արթուր Ջավադյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ԿԲ թիմի զուսպ ներդրումը բարձր գնահատականի արժանացնելու համար: «Ինչպես Դուք նշեցիք, ես վստահ եմ, որ պարոն Գալստյանը ԿԲ ղեկավարության հետ այդ շարունակականությունն ապահովելու է: Ինչպես Դուք նշեցիք, ունենք բանիմաց, բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներով թիմ, որն ունակ կլինի ապահովելու թե՛ ֆինանսական, թե՛ գների կայունությունը Հայաստանի Հանրապետությունում: Նաև երկրորդ մարտահրավերն է՝ կորոնավիրուսով ստեղծված տնտեսական ճգնաժամի այս իրավիճակում ստեղծել մակրոտնտեսական կայուն միջավայր տնտեսության հետագա զարգացման համար: ԿԲ նախագահի պաշտոնը, որ այժմ ստանձնում է պարոն Գալստյանը, Հայաստանի Հանրապետության կարևորագույն պաշտոններից մեկն է և ունենալով փորձ ու բավարար գիտելիքներ, լինելով այս թիմի անդամ՝ նա ունակ կլինի թիմի հետ միասին այն խնդիրները, որոնք կդրվեն այս ինստիտուտի առջև, լուծել ամենայն հաջողությամբ: Շնորհակալություն, պարոն վարչապետ Ձեր գնահատականների համար»,- ասել է ԿԲ նախկին նախագահը: Մարտին Գալստյանը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հնչեցրած գնահատականի համար: «Տարիների ընթացքում ձևավորվել է թիմ, որն անցել է բազում փորձություններ և ունակ է եղել իր առջև դրված խնդիրներ լուծել: Ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ, որ այն աշխատանքը, որը կատարվել է՝ լինելու է շարունակական, խորանցնելու ենք համագործակցությունը նաև կառավարության գործընկերների հետ՝ ի բարօրություն մեր հասարակության: Բոլոր ջանքերը ներդրվելու են, որպեսզի երկրում պահպանվի մակրոկայունությունը, որպեսզի կառավարությունն էլ իր հերթին կարողանա այդ մակրոկայունության ներքո իրականացնել այն ծրագրերը, որոնք նախանշված են: Շնորհակալություն վստահության համար»,- նշել է ԿԲ նորընտիր նախագահը: Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկին՝ վերջին 2 տարվա ընթացքում համատեղ աշխատանքի համար և նշել, որ այն եղել է հետաքրքիր: «ԿԲ-ն ներգրավված է եղել կառավարության տնտեսական քաղաքականության քննարկումներում, որոնք շատ հետաքրքիր են եղել: Պետք է այդ ավանդույթը շարունակել և գտնել նորանոր ձևեր՝ այդ քննարկումների արդյունքներն ավելի առարկայական դարձնելու համար»,- եզրափակել է վարչապետը:
11:24 - 15 հունիսի, 2020
Կենտրոնական բանկում լավ թիմ ու կորիզ է ձևավորված. վարչապետը ներկայացրեց ԿԲ նորընտիր նախագահին |armtimes.com|

Կենտրոնական բանկում լավ թիմ ու կորիզ է ձևավորված. վարչապետը ներկայացրեց ԿԲ նորընտիր նախագահին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի աշխատակազմին է ներկայացրել ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին: «Այսօր ԿԲ-ում կարևոր իրադարձություն է. հրաժեշտ ենք տալիս նախագահ Արթուր Ջավադյանին: Այսօրվանից իր լիազորություներն է սկսում Մարտին Գալստյանը, որը բանկային համակարգում նոր մարդ չէ, տևական ժամանակ է այս ոլորտում: Կենտրոնական բանկում լավ թիմ ու կորիզ է ձևավորվել, որն աշխատում է մեր բանկային համակարգի կայունության վրա: Անկախ տարբեր քննադատություններից, ակնհայտ է, որ բանկային համակարգը 3-րդ հանրապետության կարևոր ձեռքբերումներից է: Մեր բանկային համակարգը կայացած է, դա վկայում է, թե ինչպես համակարգն իրեն դրսևորեց տարբեր իրավիճակներոււմ, քաղաքական վայրիվերումների շրջանում, այդ թվում՝ ոչ բեռնի, Թավշյա հեղափոխության, հիմա նաև՝ կորոնավիրուսային իրավիճակում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
10:56 - 15 հունիսի, 2020
Արթուր Ջավադյանը հրաժեշտի ուղերձ է հղել ԿԲ նախագահի պաշտոնավորման ժամկետի ավարտի կապակցությամբ

Արթուր Ջավադյանը հրաժեշտի ուղերձ է հղել ԿԲ նախագահի պաշտոնավորման ժամկետի ավարտի կապակցությամբ

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հրաժեշտի ուղերձ է հղել պաշտոնավորման ժամկետի ավարտի կապակցությամբ։ Արթուր Ջավադյանի ուղերձը․ «Սիրելի հայրենակիցներ, հարգարժան գործընկերներ Ավարտվում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում իմ պաշտոնավարման 12 տարին, որոնք ուղեկցվել են մեր սիրելի թիմի հետ ամենօրյա բարձր պատասխանատու աշխատանքով: Հագեցված օրակարգով տարիների աշխատանք, որը շատ հաճախ տեսանելի չէ հասարակության համար: Սակայն արդյունքն ակնհայտ է. մենք ապահովել ենք այս տարիների ընթացքում երկրում մակրոտնտեսական կայունությունն ու ֆինանսական համակարգի կայուն զարգացումը: Կենտրոնական բանկը մշտապես ներդրել է իր ուժերի առավելագույնը՝ ի շահ մեր պետության և ժողովրդի: Նախ` ցանկանում եմ առանձնակի արժևորել և իմ խորին երախտիքի խոսքն ուղղել Կենտրոնական բանկի թիմին, մեր ողջ անձնակազմին, ովքեր այս տարիների ընթացքում պատվով և ամենայն պատասխանատվությամբ իրականացրել են իրենց պարտականությունները՝ ցուցաբերելով մասնագիտական և աշխատանքին նվիրվածության անգնահատելի որակներ: Ուզում եմ շնորհակալական խոսքս ուղղել նաև իմ պաշտոնավարման տարիներին գործող Հայաստանի Հանրապետության և միջազգային կառույցների մեր գործընկերներին, որոնց հետ արդյունավետ աշխատանքը մշտապես ուղղված է եղել երկրի զարգացմանն ու բարեկեցիկ ապագային: Շնորհակալական խոսքս եմ ուղղում նաև Հայաստանի ֆինանսական ինստիտուտներին, որոնց հետ անցած ուղին եղել է փոխհամագործակցային և կառուցողական: Պետք է շեշտել, որ Հայաստանի բանկային համակարգը մեկ անգամ չէ, որ ապացուցել է տնտեսության դժվարին պահերին իր պետականաշինության և հասարակությանն ընդառաջ գնալու բարձր պատրաստակամությունն ու խոհեմությունը:  Այս տարիների ընթացքում Կենտրոնական բանկը հաջողությամբ իրականացրել է օրենսդրորեն ամրագրված իր խնդիրները: Անցնող տարիները զերծ չէին տարաբնույթ մարտահրավերներից՝ համաշխարհային ճգնաժամ, տարածաշրջանային և ներքին շոկեր: Սակայն ֆինանսական ինստիտուտների ճկուն ռազմավարության և Կենտրոնական բանկի կողմից կայունության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված հետևողական քաղաքականության արդյունքում` այս տարիները եղել են ոչ միայն շոկերին դիմագրավելու, այլ ֆինանսական համակարգի համար կայունության և զարգացման տարիներ: Դրա ցայտուն վկայությունն են ինչպես ֆինանսական միջնորդության, ֆինանսական ծառայությունների հասանելիության և այլ ցուցանիշների շեշտակի աճերը, այլ նաև միջազգային կառույցների՝ Կենտրոնական բանկի կողմից վարվող քաղաքականությանը և ֆինանսական համակարգին տրված գնահատականները: Հատկանշական են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից իրականացված ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի ամփոփված արդյունքները, որոնց համաձայն Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն, իսկ կարգավորման և վերահսկողական գործընթացները համապատասխանել են օրինակելի համարվող Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին շուրջ 97%-ով: Մեզ հաջողվել է Հայաստանում պահպանել և ամրապնդել գների կայունությունը. 2008-2019 թվականների ընթացքում տարեկան միջին գնաճը կազմել է 3.9 տոկոս: Այս տարիների ընթացքում Կենտրոնական բանկը կարողացել է դիմակայել տարբեր տնտեսական ցնցումների, դժվարագույն պայմաններում գների կայունությունը պահպանելուց զատ կարողացել է նվազեցնել և ավելի լավ խարսխել հասարակության գնաճային սպասումները: Դա լավագույնս արտացոլվեց 2018 թվականի քաղաքական փոփոխությունների և այս տարի՝ կորոնավիրուսային համավարակի պայմաններում մեր հասարակության վարքագծային դրսևորմամբ: Տպավորիչ հաջողություններ են գրանցվել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում: Սա վերաբերում է թե՛ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային ստանդարտներին մեր երկրի ֆինանսական ու ոչ ֆինանսական համակարգերի համապատասխանությանը, թե՛ մի շարք հնչեղ գործերով ֆինանսական հետախուզության գործողությունների շնորհիվ արձանագրված արդյունքներին: Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, մշակված խաղի կանոններն ու գործող կառուցակարգերը հիրավի բարձր գնահատականի են արժանանում ոլորտի միջազգային հեղինակավոր կառույցների կողմից: Շատ երկրներ հետաքրքրված են, և իրենց մոտ ներդնելու նպատակով, ուսումնասիրում են սպառողների շահերի պաշտպանության հայաստանյան մոդելը: Այս տարիներին հիմնադրվել է նաև ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը: Արժույթի թողարկման բնագավառում՝ ՀՀ դրամի ներդրման 25-ամյա հոբելյանի շրջանակում Կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց նոր՝ երրորդ սերնդի թղթադրամները, որոնք աչքի էին ընկնում թղթադրամի որակական և պաշտպանական նորագույն և լավագույն չափանիշներով: Կենտրոնական բանկը էական առաջընթաց գրանցեց հուշադրամների թողարկման ասպարեզում, արժանացավ  տարբեր բարձր մրցանակների՝ ընդլայնելով դրանց միջազգային ճանաչումը և մեր պատմամշակութային ու գիտական ժառանգության հանրահռչակումը: Օրենքով ամրագրված անմիջական խնդիրներից բացի, Կենտրոնական բանկը ջանք չի խնայել իր աջակցությունը ցուցաբերել տնտեսության և հասարակության բարօրությանն ուղղված ամենատարբեր ծրագրերում: Մշտապես մեր ակտիվ մասնակցությունն ենք ունեցել Կառավարության կողմից իրականացվող բազմապիսի սոցիալական և տնտեսություն կարևոր ոլորտների վարկային ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներում, ինչպես նաև Կառավարության ամենատարբեր ծրագրերում (կենսաթոշակային ռեֆորմ, զինծառայողների ապահովագրության հիմնադրամ և այլն): Այս տարիներին հիմնադրված «Ազգային հիփոթեքային» և «Բնակարան երիտասարդներին» ընկերություններն էական նպաստում են ունեցել հիփոթեքային շուկայի ձևավորմանն ու սոցիալական և ոլորտային ծրագրային վարկավորման իրականացմանը: Հպարտության և գոհունակության զգացումով արձանագրելով մեր ձեռքբերումներն ու հաջողությունները՝ ես չեմ կարող, իհարկե, չարձանագրել, որ մենք ունեցել ենք նաև բացթողումներ, թերացումներ, սակայն Կենտրոնական բանկի թիմը մշտապես միտված է եղել դեպի զարգացում, դեպի առաջընթաց և նախանշված ռազմավարական նպատակների իրականացում: Անձնակազմի կրթումը և մասնագիտական որակների զարգացումը շարունակել է մնալ որպես մեր գործունեության կարևոր գրավական: Կենտրոնական բանկում աշխատում են ինչպես փորձառու և տարբեր ոլորտներում միջազգային մասնագիտական որակավորումներ ունեցող, այնպես և երիտասարդ, բայց ներուժ ու զարգանալու ձգտում ունեցող մասնագետներ: Որոշ առումով Կենտրոնական բանկը նաև գիտելիքի ձեռքբերման և կատարելագործման յուրօրինակ դարբնոց է, որտեղից որակյալ մասնագետները հաճախ շարունակում են աշխատանքը նաև Հայաստանի պետական և մասնավոր այլ ոլորտներում: Սիրելի գործընկերներ՝ դուք հիրավի մեր հպարտությունն եք, և Կենտրոնական բանկի ձեռքբերումների ապահովման թիվ մեկ երաշխավորը: Շնորհակալ եմ ձեզ: Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ զարգացման մասով չի կարելի չնշել Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի բացման հանգամանքը, ինչը հնարավորություն ընձեռեց մեզ նոր մակարդակի վրա բարձրացնել Կենտրոնական բանկի համագործակցությունը միջազգային գործընկերների և առաջատար գիտակրթական հաստատությունների հետ: Այս տարիների ընթացքում մենք կարողացանք Դիլիջանում ընդունել աշխարհի առաջատար բուհերի ուսանողներին, անցկացնել տարածաշրջանային և միջազգային նշանակության բազմաթիվ միջոցառումներ: Կենտրոնական բանկի արժեքներից է հավատարմությունը կառույցին և նրա մշակույթին: Այն իր մեջ ներառում է նաև քաղաքականության և բանկի կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովումը: 12 տարի առաջ ստանձնելով այս պատասխանատու պաշտոնը՝ ես մեծ նշանակություն տվեցի շարունակականության ապահովմանը: Վստահ եմ, որ գործին ու առաքելությանը նվիրված Կենտրոնական բանկի նոր ղեկավարը, ժամանակի հրամայականին համահունչ, նորովի կշարունակի իրագործել Կենտրոնական բանկի առջև դրված խնդիրները՝ ապահովելով մեր քաղաքացիների ու պետության շահերը, և մնալով Կառավարության ու միջազգային կառույցների վստահելի գործընկեր: Համոզված եմ, որ գալիք տարիները կլինեն վերելքի ու զարգացման յուրօրինակ տարիներ: Ուրախ եմ, որ կարողացել ենք պատվով ծառայել մեր երկրին ու ժողովրդին, և մեր լուման ներդնել պետականաշինության գործընթացում: Տարիների ընթացքում ձեռք բերած իմ փորձով և գիտելիքներով մշտապես պատրաստակամ եմ կիսվել տարբեր հարթակներում և օգտակար լինել մեր երկրի զարգացմանը: Ամենայն բարիք և խաղաղություն բոլորիս: Շնորհակալություն»:
16:44 - 12 հունիսի, 2020
Այս ճգնաժամն ինքն իրենով շատ ավելի վտանգավոր է, բայց մենք շատ ավելի պատրաստ ենք այն հաղթահարելու․ Արթուր Ջավադյան |armtimes.com|

Այս ճգնաժամն ինքն իրենով շատ ավելի վտանգավոր է, բայց մենք շատ ավելի պատրաստ ենք այն հաղթահարելու․ Արթուր Ջավադյան |armtimes.com|

armtimes.com: Վաղվանից Մարտին Գալստյանը կստանձնի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով այն շուրջ 12 տարի ղեկավարող Արթուր Ջավադյանին։ Նա երեկ վերջին անգամ էր այդ կարգավիճակում մասնակցում ՀՀ Կառավարության նիստին: Ջավադյանը պաշտոնը լքեց Կառավարության անդամների ծափերի ներքո: ՀՀ վարչապետը նրա ղեկավարման տարիները անվանեց բուռն՝ նկատելով, թե Կենտրոնական բանկն իրեն դրսեւորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի եւ գների կայունությունը Հայաստանի Հանրապետությունում: Վարչապետը նշեց, որ Ջավադյանը կշարունակի ներգրավված մնալ ընդհանուր գործերում, եւ առաջիկայում այդ մասին որոշումներ կկայացվեն։ Հարցազրույցում Արթուր Ջավադյանը խոսել է կորոնավիրուսի, Կենտրոնական բանկի աշխատանքի եւ հետագա պլանների մասին։ - Պարո՛ն Ջավադյան, Ձեր պաշտոնավարման տարիներին Հայաստանում եւ աշխարհում, ըստ էության, 2 ճգնաժամային իրավիճակ է արձանագրվել՝ 2008-ին եւ հիմա։ Եթե համեմատականներ տանենք դրանց միջեւ, ապա ո՞րն էր, ըստ Ձեզ, ավելի մեծ ճգնաժամ ֆինանսական առումով, եւ որի՞ ժամանակ ենք գոնե այս պահին ունեցած հաշվարկներով ավելի մեծ կորուստներ ունեցել։ - Կորոնավիրուսով պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամը կարծում եմ՝ շատ ավելի ծանր հետեւանքներ կունենա համաշխարհային տնտեսության համար, քան եղել է նույնիսկ 2008-ին։ Մենք, իհարկե, մի ճգնաժամային իրավիճակ էլ ունեինք 2014-15 թվականներին, բայց դա ավելի ռեգիոնալ ճգնաժամ էր եւ համաշխարհային տնտեսությանն այդքան չէր վերաբերում, ինչքան ԱՊՀ երկրներին։ Այս ճգնաժամի առանձնահատկությունն այն է, որ մենք արդեն սովորել էինք այն դասերը, թե ինչ պետք է անել ճգնաժամային իրավիճակում, մենք ունեինք արդեն կայացած հակաճգնաժամային մենեջերներ, որոշումների կայացման բիզնես պրոցեսներ ու նաեւ փորձ։ Այդ ամեն ինչից ելնելով՝ մենք շատ ավելի լավ պատրաստվեցինք այս ճգնաժամին, քան պատրաստ էինք նախկինում։ Հատկապես առաջին ճգնաժամի ժամանակ մեզ թվում էր, թե ամեն ինչ Հայաստանի կողքով է անցնելու, բայց հետո խոր տնտեսական անկում ունեցանք, ավանդների արտահոսք, ոչ այդքան բարվոք վիճակ վարկային համակարգում: Այս անգամ շատ ավելի հանգիստ էինք, քանի որ կար մի առանձնահատկություն. դա անորոշությունն է։ Այդ անորոշությունը մինչեւ հիմա էլ կա, եւ ոչ ոք չգիտի, երբ է ավարտվելու, ինչ հետեւանքներ է ունենալու, եւ ինչպես պետք է դուրս գանք սրանից։ Այս ճգնաժամն ինքն իրենով շատ ավելի վտանգավոր է, բայց մենք շատ ավելի պատրաստ ենք այն հաղթահարելու, ավելին՝ ոչ միայն մենք, այլեւ շուկայի մասնակիցները՝ բանկերը։ Բանկերն ունեն բուֆերներ, լավ կապիտալիզացված են, վիճակները լավ է, եւ այս առումով կարծում եմ, որ մեր խնդիրները շատ ավելի քիչ են։ Բայց այս ամենը կախված է մի քանի գործոնից, ամենակարեւորը, թե ինչքան դեռ կտեւեն կորոնավիրուսի ստեղծած վայրիվերումները։ Որովհետեւ բոլորի մոտ զգացողություն կա, որ սա շուտ չի ավարտվի։ Անշնորհակալ գործ կլինի, որ ինչ-որ մեկը կանխատեսի, թե, օրինակ, նոյեմբերին է լինելու երկրորդ ալիք կամ հակառակը։ Այն ինչ մեր երկրում է կատարվում, այդ սցենարն արդեն մի քանի երկրում կա։ Հիմա մեզ նոր լուրեր են հասնում, որ մեր հարեւան երկրում՝ Իրանում, իրավիճակը լավ չէ։ Ասիական երկրներում՝ Հնդկաստանում է սանիտարական նորմերի պահպանումը բարդ։ Դեռ հարց է, թե առողջապահական առումով վիրուսի դեմն առած երկրների հաջորդ քայլն ինչ է լինելու, քանի որ այդ երկրները բացել են իրենց սահմանները։ Ես չեմ կարծում, որ մենք մեծ սխալներ ենք արել։ Իրավիճակն այսօր վերահսկելի է ֆինանսական ոլորտում եւ մեր տնտեսությունում, բայց, իհարկե, ամեն ինչ կախված է սրա տեւողությունից։ - Ըստ Ձեզ՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների միջոցառումների իրականացման շրջանակներում ԿԲ-ն օգտագործե՞լ է իր ունեցած ամբողջ պոտենցիալը, թե՞ դեռ կլինեն աջակցության նոր միջոցառումներ։ - Կենտրոնական բանկի պոտենցիալը բավականին մեծ է, ու ամբողջն օգտագործելու կարիք չկա։ Մենք օգտագործել ենք առաջին հերթին պրուդենցիալ գործիքներ, որ թույլ չտանք ապագայում ինչ-որ խնդիրներ լինեն բանկային համակարգում։ Երկրորդը՝ մենք սկսել ենք պատրաստվել այս ճգնաժամին ոչ թե կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո, այլ շատ ավելի շուտ, քանի որ նոր բուֆերներ, նոր գործիքներ ենք մտցրել, մեր բանկային համակարգն էլ բավականին բարվոք վիճակում է գտնվում։ Կարելի է ասել, որ մենք ունենք 17 առողջ, նորմալ առեւտրային բանկ։ Հետաքրքիր բան ասեմ՝ ներդրողների կողմից նույնիսկ այս պայմաններում հետաքրքրություն կար մեր բանկային համակարգի նկատմամբ։ - Վերջին շրջանում շատ են կարեւորվում անկանխիկ գործարքները, բայց դրան զուգահեռ բանկային համակարգը սկսում է այդ ծառայությունների գները բարձրացնել։ Ի վերջո, կանխի՞կ, թե՞ անկանխիկ գործարքներ, ինչպե՞ս պետք է հավասարակշռել այս խնդիրը։ - Միանշանակ, մեր ուղղվածությունը եւ ռազմավարությունը անկանխիկ գործիքների կտրուկ ավելացումն է եւ կանխիկ շրջանառության նվազեցումը։ Այսօր շրջանառության մեջ է գտնվում օրենքի նախագիծ, որը կարելի է ասել վերջնականապես քննարկվել է բոլոր պատկան մարմինների հետ, եւ արդեն շատ շուտով այն կգնա Ազգային ժողով։ Այդ նախագիծը էապես կրճատելու է կանխիկ գործարքները ու, իհարկե, ավելացնելու է անկանխիկը։ Անկանխիկ գործարքների առումով ունենք երկակի պրոցեսներ. առաջին պրոցեսն այն է, որ մրցակցության հաշվին անկանխիկ ծառայության գներն իջնում են՝ ինտերնետ բանկինգ, մոբայլ բանկինգ, «Իդրամ»-ը, «ԱրՔա»-ի հավելվածը։ Շատ տարբեր առաջարկներ կան տարբեր առեւտրային բանկերի եւ տարբեր այլ պլատֆորմների կողմից։ Մյուս կողմից հնարավոր է, որ նոր գործիքներն ավելի թանկ լինեն պահի տակ, բայց մրցակցության հաշվին այդ գործիքները կնվազեն։ Մենք հետեւում ենք դրանց, քանի որ ունենք ստորաբաժանում, որը զբաղվում է ֆինանսական ծառայությունների սպառողների շահերով, ու մեզ համար ամենակարեւոր խնդիրներից մեկը ֆինանսական կայունությունն է, իսկ դա ֆինանսական կայունության մաս է։ Խոսակցություններ կան, թե իբր մենք ենք լոբբինգ անում անկանխիկ գործարքները՝ բանկերի համար, բայց դա բանկերի համար չէ, դա մեր տնտեսության համար է։ Ինչքան շատ թափանցիկ ընկերություններ մենք ունենանք, այդքան բանկային միջնորդությունն ավելի կհեշտանա ու կավելանա։ Ասեմ, որ այստեղ հավասարակշռելու առումով այդքան մեծ խնդիր չկա։ Մենք պետք է օրեցօր այնպես անենք, որ մեր հասարակությունը, բանկերի բոլոր հաճախորդները քիչ-քիչ գնան օնլայն հեռահար բանկինգին։ - Հաճախ բանկային եւ վարկային կազմակերպությունների դեմ բողոքներ են լինում եւ նույնքան հաճախ էլ դրանք արդարացված են լինում։ Ինչպե՞ս պետք է անել, որ այդ կազմակերպությունները սկսեն որակյալ եւ վստահելի դառնալ: - Ֆինանսական համակարգի մոտ 80 տոկոսը բանկերն են ու ակնհայտ է, որ բանկերն այլ տիպի կազմակերպություններ են։ Նախ՝ կորպորատիվ կառավարման լավագույն ստանդարտներն են ներդրված, երկրորդը՝ բանկերը սոցիալական պատասխանատվություն կրող կազմակերպություններ են, ի տարբերություն մնացած ֆինանսական կազմակերպությունների։ Բանկերը գործ ունեն հաճախորդների հետ եւ ավանդների հետ՝ ի տարբերություն մնացած կազմակերպությունների։ Մնացած կազմակերպությունները էլի միջնորդի դեր են կատարում, բայց նրանք միջնորդ են իրենց բաժնետերերի եւ հասարակության, իսկ բանկերը միջնորդ են մի խումբ ավանդատուների ու իրենց հաճախորդների միջեւ։ Մեր նախնական տվյալներով մենք 1 միլիոնից ավելի ավանդատու ունենք։ Այն կանոնները եւ վերահսկողությունը, որ մենք ներդրել ենք բանկերի համար՝ նույնիսկ մի քիչ կոշտ են, բայց դրանք պարտադիր են։ Դրա համար մենք ավելի շատ զբաղվում ենք բանկերով ու շատ ավելի քիչ զբաղվում ենք վարկային կազմակերպություններով։ Իհարկե, տոկոսների առումով կան դժգոհություններ, բայց միկրովարկավորումը բարձր տոկոսներ է։ Մի քանի երկրի փորձ էինք ուսումնասիրում վերջերս, օրինակ՝ Միացյալ Թագավորությունում, երբ ուզում էին սահմանափակումներ դնել՝ կար 1000 տոկոս, 600 տոկոս, 400 տոկոս։ Միկրովարկավորումը ամբողջ աշխարհում թանկ գործառույթ է, քանի որ դրա ռիսկերը շատ են՝ առանց գրավ, շատ դեպքերում առանց սքորինգ (վարկային պատմության գնահատական) համակարգի, բնական է, որ կորուստներն էլ 30-40 տոկոսի են հասնում տոկոսադրույքների տեսքով։ Դժգոհություններն ավելի շատ վարկային կազմակերպությունների հետ է առնչվում, քան թե բանկերի։ Բայց ավա՛ղ, մենք ունենք նաեւ ֆինանսական կրթվածության խնդիր։ Մեր ժողովրդի բավական մեծ զանգվածի համար՝ բոլոր տիպի կազմակերպությունների անունը բանկ է՝ նույնիսկ, եթե մեկը տոկոսով փող է տալիս, այդ երեւույթին ասում են բանկ։ Այստեղ մեր խնդիրն էլ կա։ - Շատ է խոսվում Հայաստանի ֆինանսական համակարգի բարձր դիմադրողականության, դրամի կայունության մասին։ Այս ճգնաժամային իրավիճակում էլ վայրիվերումներ չեղան։ Սա ինչի՞ արդյունքում է հնարավոր եղել։ - Վայրիվերումներ չեղան՝ շնորհիվ այն դասերի, որ մենք ուսումնասիրեցինք, այն թիմի, որ գոյություն ունի ԿԲ-ում, այս տարիների ընթացքում ձեւավորված մեր գիտելիքների եւ որոշում ընդունելու ունակությամբ, որովհետեւ մեզ մոտ բոլոր մակարդակներում մարդիկ պատրաստ են որոշում ընդունելու։ Եթե կան բոլոր մակարդակներում որոշում ընդունողներ, դա նշանակում է, որ վերջին ատյանում, որը պետք է որոշում ընդունի ֆինանսական կառույցի վերաբերյալ՝ ավելի սահուն է անցնում պրոցեսը, ավելի մեծ վստահություն կա։ - Պարո՛ն Ջավադյան, շուտով կներդրվի ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման համակարգը։ Ի՞նչ կարծիք ունեք այդ համակարգի մասին, ի՞նչ հնարավոր դրական եւ բացասական հետեւանքներ եք կանխատեսում: - Մենք նույնիսկ երեկ քննարկել ենք այս համակարգի հիմունքները եւ կարծում եմ, որ դեռ տեղ ունենք քննարկելու, քանի որ դեռ պետք է հստակ կողմնորոշվել մի շարք հարցերի շուրջ։ Գաղափարը պարտադիր գաղափարներից է ու ես ասեմ, որ սրա ջատագովներից մեկը հենց Կենտրոնական բանկն է ու մեր թիմը։ Առաջին օրերից մենք սրա մասին մշտապես խոսել ենք։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ ավելացնելու է մեր բիզնեսի եւ քաղաքացիների թափանցիկությունը, որի շնորհիվ նույն սքորինգի ինստիտուտը ավելի սահուն կաշխատի եւ դրա հաշվին կավելանա ֆինանսների հասանելիությունը, իսկ դա բերելու է վարկային միջոցների կտրուկ աճի, ինչն էլ արդեն տնտեսական աճ է իր հետ բերելու։ - Աշխարհում ակտիվորեն զարգանում են թվային ֆինանսական ակտիվները։ Հայաստանը պոտենցիալ ունի՞ այդ ասպարեզում։ - Ես՝ որպես Կենտրոնական բանկի ղեկավար, շատ մեծ վերապահումով եմ մոտենում կրիպտոարժույթներին։ Նույնիսկ վերջերս բոլոր հարթակներում այս հարցը քննարկման առարկա է դարձել. թե՛ Բազելում, թե՛ Արժույթի միջազգային հիմնադրամում այդ վտանգը տեսնում են։ Այսօր գաղտնիք չէ, որ թվային ակտիվներ օգտագործողները մի կողմից շատ առաջադեմ երիտասարդներ են, մյուս կողմից փողերի լվացմամբ զբաղվող, այսպես կոչված, հանցագործներն են զբաղվում դրանցով, տեռորիստական բոլոր կազմակերպություններն էլ օգտվում են թվային տարբեր ֆինանսական ակտիվից։ Պարզապես դրա մասշտաբները աշխարհում փոքր են։ Հնարավոր է, որ ապագայում դրա հետ կապված գործառույթներն ավելի ակտիվ լինեն։ Կենտրոնական բանկի ցանկացած պաշտոնյա պարտավոր է լինել ռիսկեր գնահատող, իսկ սրանք մեծ ռիսկեր են։ - Պարո՛ն Ջավադյան, արդեն մոտենում է Ձեր պաշտոնավարման ավարտը. այս ընթացքում արված աշխատանքներից ո՞րն եք համարում Ձեր գլխավոր ձեռքբերումը։ - Գլխավոր ձեռքբերումն այն է, ինչի մասին խոսեցի՝ մեր թիմը։ Մեր պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ մենք ունակ եղանք հաղթահարելու բոլոր ճգնաժամերը։ Ասեմ ավելին՝ այսօր ես վստահ եմ, որ մեր թիմն այնքան պրոֆեսիոնալ է, որ որեւէ խնդիր ապագայում էլ չենք ունենա։ Քանի որ նշանակվել է շատ բանիմաց երիտասարդ (Մարտին Գալստյանը), որը մեր թիմի անդամներից մեկն է. տարիներ առաջ է միացել ԿԲ-ին, բավականին փայլուն կրթություն ստացած անձնավորություն է, խոր գիտելիքների է տիրապետում։ Այս թիմն ունակ է լինելու հաղթահարել ցանկացած վայրիվերումներ ու ցանկացած ճգնաժամ։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:44 - 12 հունիսի, 2020
Բարեփոխումները 2019-ին դրական են անդրադարձել պետական պարտքի կայունության պահպանման վրա. ԿԲ նախագահ |armenpress.am|

Բարեփոխումները 2019-ին դրական են անդրադարձել պետական պարտքի կայունության պահպանման վրա. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2019-ին հարկաբյուջետային բարեփոխումները, որոնք արտահայտվել են հիմնականում պետբյուջեի պակասուրդի նվազեցմամբ, ստվերային հատվածի կրճատմամբ և պետական ծախսերի բարեփոխումներով, դրական են անդրադարձել մակրոտնտեսական և պետական պարտքի կայունության պահպանման վրա: Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ ներկայացնելով ԿԲ եզրակացությունը բյուջեի կատարման տարեկան հաշետվության վերաբերյալ: «ՀՀ պետական բյուջեի կատարումը 2019 թվականի ընթացքում  ընթացել է հարկաբյուջետայի կանոնների պահպանման սկզբունքի ներքո, նպաստել պետական պարտքի կայունության ապահովման նպատակի իրագործմանը: Պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազմանը նպաստել է պետական բյուջեի պակասուրդի տարվա համար նախատեսված մակարդակից ավելի մեծ չափով կրճատումը»,-ասաց Ջավադյանը: Նա նկատեց, որ համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային հատվածի ազդեցությունը զսպող է եղել՝ պայմանավորված եկամուտների զգալի զսպող և ծախսերի ընդլայնող ազդակների ձևավորմամբ: Զսպող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում ԿԲ-ն արձագանքել է գնաճային զարգացումներին, տարվա ընթացքում երկու անգամ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: 1.3 տոկոսով նվազել է 2019-ի ՀՀ կառվարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը` կազմելով 50 տոկոս: Կառվարությունը տարվա ընթացքում վերանայել է ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրը՝ աճի ուղղությամբ: «Հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում 2019-ին իրականացված բարեփոխումները, որոնք արտահայտվել են հիմնականում ՀՀ պետբյուջեի պակասուրդի նվազեցմամբ, ստվերային հատվածի կրճատմամբ և պետական ծախսերի բարեփոխումներով, դրական են անդրադարձել մակրոտնտեսական և պետական պարտքի կայունության պահպանման վրա»,-ասաց ԿԲ նախագահը:
16:38 - 05 հունիսի, 2020
Պատգամավորներն առաջարկում են սպառողական կրեդիտավորմանն առնչվող նոր կարգավորում |armenpress.am|

Պատգամավորներն առաջարկում են սպառողական կրեդիտավորմանն առնչվող նոր կարգավորում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը » խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վարազդատ ԿարապետյանըԱԺ-ի քննարկմանն են ներկայացրել օրենի նախագիծ, որով, ըստ էության, սպառողական կրեդիտավորման համար սահմանվում են նոր պահանջներ՝ այդ թվում սպառողի վարկունակության մասով: «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքն ԱԺ հունիսի 2-ի նիստում ներկայացրեց Արտակ Մանուկյանը: Նախագծով սահմանվում է, որ կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ նշելով այդ տոկոսադրույքը:  «Մինչև 300 հազար դրամ և 3 ամիս ժամկետով վարկերի դեպքում մենք առաջարկում ենք կանոնակարգումներ, որով ԿԲ-ն կսահմանի որոշակի նորմատիվ իրավական պահանջներ՝ այդ թվում սպառողի վարկունակության մասով, որպեսզի այն մարդիկ, որոնք եկամուտներ ունեն և հնարավորություն ունեն, սպասարկեն իրենց վարկը, դառնան ավելի առաջնահերթ»,-ասաց Մանուկյանը: Այսպիսով, ԿԲ-ն կսահմանի պարտադիր պահանջներ եւ պայմաններ, վարկավորման կանոններ՝ հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի եւ եկամտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները: Կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը որևէ առաջարկություն չի եղել: ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի կարծիքով՝ փոփոխությունների իրականացումը կարող է պատասխանատու վարկավորումն էլ ավելի լավացնել:
11:28 - 02 հունիսի, 2020
Բանկերը 2019-ին շարունակել են բավականին մեծ իրացվելիություն ունենալ. ԿԲ |armenpress.am|

Բանկերը 2019-ին շարունակել են բավականին մեծ իրացվելիություն ունենալ. ԿԲ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում բանկերը 2019-ին բավականին մեծ իրացվելի միջոցներ են ունեցել՝ տնտեսությանը սպասարկելու և հաճախորդներին ֆինանսական ռեսուրսները հասանելի դարձնելու համար: Այս մասին առցանց ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով 2019 թվականի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»: «Բանկերի իրացվելիության մասով 2019 թվականը նույնպես բացառություն չի եղել: Բանկերը շարունակել են բավական մեծ իրացվելիություն ունենալ և պահել բավականին մեծ ծավալի իրացվելի միջոցներ՝ տնտեսությանը սպասարկելու համար և անհրաժեշտության դեպքում հաճախորդներին ֆինանսական ռեսուրսներ հասանելի դարձնելու համար: Երևի թե հենց այդ ունակությունն ու իրացվելիության բարձր մակարդակն էր, որ մեր ֆինանսական հաստատություններին հնարավորություն տվեց արագ կերպով արձագանքելու համավարակի ստեղծած ռիսկերի տնտեսությունում»,-ասաց Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ըստ էության 2019 թվականը բավականին հաջող է եղել: Եվ 2020 թվականը սկսվել է ֆինանսական համակարգում մեծ ձեռքբերումներով՝ թե ֆինանսական միջնորդության, թե նոր տեսակի ֆինանսական գործիքների ներդրման հնարավորությամբ: «Ռիսկերը գտնվել են կառավարելի մակարդակում: Մենք կարողացել ենք գնահատել այն պոտենցիալ զարգացումները , որոնք կարող էին տեղի ունենալ ֆինանսական համակարգում և համապատասխան գործիքների միջոցով փորձել ենք ըստ արժանվույն գնահատել և արձագանքել բանկային համակարգին և ընդհանուր ֆինանսական համակարգին»,-ասաց Գրիգորյանը: Նա վստահեցրեց՝ բանկերի շոկերին դիմակայելու ունակությունը շարունակել է բավականին բարձր մնալ: Վերջին մի քանի տարում կապիտալի մասով մեծ աճ է եղել, ինչը այն հիմնական ցուցանիշն է, որը նպաստում է ֆինանսական համակարգի կայունությանը: Կապիտալի համարժեքության բավականին բարձր ցուցանիշ է եղել: «Շարունակում ենք ֆինանսական համակարգի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված տարբեր աշխատանքներ կատարել, իրականացնում ենք ներդրումներ: Փորձում ենք նոր ներդրումներ իրականացնել»,-ասաց Գրիգորյանը: Ենթակառուցվածքները 2019-ին ևս բավական ճկուն են եղել, մեծ աճ են արձանագրել: Դրանք շարունակել են կայուն կերպով սպասարկել ֆինանսական կազմակերպություններին, իրական հատվածին, տնային տնտեսություններին:
13:45 - 27 մայիսի, 2020
Հիփոթեքային վարկերը, տնային տնտեսություններին տրամադրված այլ վարկերը նախորդ տարում էապես աճել են |armenpress.am|

Հիփոթեքային վարկերը, տնային տնտեսություններին տրամադրված այլ վարկերը նախորդ տարում էապես աճել են |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2019 թվականը առանձնացել է տնային տնտեսությունների վարկավորման ծավալների բավական մեծ աճով, հատկապես աճ է նկատվել հիփոթեքային վարկավորման ոլորտում: Այս մասին առցանց ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ կներկայացնելով 2019 թվականի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»: Նա նախ հիշեցրեց, որ հաշվետվությունը վերաբերում է 2019-ին, ուստի զարգացումներն ամբողջությամբ ներկայացված են առանց կորոնավիրուսի հետ կապված զարգացումները ներառելու: «2019-ին ունեցել ենք բավականին հաջող տարի՝ թե ընդհանուր տնտեսության զարգացման և թե ֆինանսական համակարգի զարգացման առումով: 2018-ի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ նշված միտումները հիմնականում շարունակվել են նաև 2019-ին: Բանկերը վերջին մի քանի տարիների ընթացքում ցուցաբերել են շարունակական կայուն աճի միտում: Խոսքը վերաբերում է թե ակտիվներին, թե պարտավորություններին, թե կապիտալին, ներգրաված ավանդներին: Վերջին մի քանի տարիներին, ներառյալ 2019-ին ունեցել ենք բավականին լավ դինամիկա: 2019-ն առանձնացել է տնային տնտեսությունների վարկավորման ծավալների բավական մեծ աճով: Մենք հատկապես էական աճ ենք նկատել հիփոթեքային վարկերի և տնային տնտեսություններին տրամադրված այլ տեսակի վարկավորման ոլորտում»,-ասաց Գրիգորյանը:  Նա նշեց, որ մոնիտորինգ են իրականացնում, հետևում այդ վարկերի վարքագծին՝ ընդհանրապես տնային տնտեսությունների եկամտային բեռի, վարկային բեռի, պարտքի բեռի ցուցանիշների զարգացումներին: Գրիգորյանը վերահաստատեց՝ պատրաստ են անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ, որպեսզի նման զարգացումները ռիսկեր չստեղծեն թե տնային տնտեսությունների համար և թե ֆինանսական համակարգի համար:  «Հիմնական փոփոխությունները, որ մենք կարող է անենք, և որոնք այս պահի դրությամբ դիտարկվում են, վերաբերում են հատկապես պարտքի բեռի կտրուկ աճի սահմանափակմանը, որպեսզի տնային տնտեսությունների մոտ չունենանք ֆինանսական դժվարութուններ՝ հետագայում պարտքի սպասարկման առումով»,-ասաց նա ու նշեց՝ վերլուծությունները ցույց են տվել, որ դեռևս այդ մասով խնդիր չկա: 
13:29 - 27 մայիսի, 2020
ԿԲ-ում ավանդ դրված 300 միլիարդից ծախսեր են արվում, եկամուտներ են գալիս․ վարչապետը՝ գումարը շրջանառության մեջ չդնելու մասին
 |tert.am|

ԿԲ-ում ավանդ դրված 300 միլիարդից ծախսեր են արվում, եկամուտներ են գալիս․ վարչապետը՝ գումարը շրջանառության մեջ չդնելու մասին |tert.am|

tert.am: Խոսակցության թեմա են դարձրել, որ պետական բյուջեից 300 մլրդ դրամ դրված է որպես ավանդ ԿԲ-ում, այդ մարդիկ պետք է հասկանան՝ ինչի մասին է խոսքը։ 300 մլրդ գումար կա, բայց այդ 300 մլրդ դրամը ստատիկ գումար չի, դրանից ծախսեր են արվում, և եկամուտներ են գալիս։ Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է որոշվել գումարը ոչ թե շրջանառության մեջ դնել, այլ որպես ավանդ ներդնել Կենտրոնական բանկում։«Սա այն դեպքերից է, որը ցույց է տալիս, թե բազմաթիվ «տաղանդավոր» մասնագետներ, որոնց իշխանությունը չի թողնում, որ իրենք գան, երկիրը ծաղկացնեն։ Իրենց մասնագիտական և տաղանդի մակարդակը որն է․ այդ, որ խոսակցության թեմա են դարձրել, որ պետության բյուջեից 300 մլրդ դրամ դրված է որպես ավանդ ԿԲ-ում, այդ մարդիկ պետք է հասկանան՝ ինչի մասին է խոսքը»,- ասաց նա։Վարչապետի խոսքով՝ պետական բուջեն ձևավորվում է հետևյալ կերպ՝ քաղաքացին վճարում է հարկը, և այդ գումարները տեղադրվում են մեկ հաշվում, որը կոչվում է գանձապետական միասնական հաշիվ։«Քաղաքացին հարկը վճարում է, դրվում է գանձապետական միասնական հաշվին և այդտեղ մի փուլ կա, որ այդ փողը ոչ իրենն է, ոչ էլ պետությանը, որովհետև որպեսզի կամ իրենը, կամ պետությանը լինի, պետք է ինքը հարկային հաշվետվություն ներկայացնի, որ փողի այդ մասով վճարվի որպես վճարում։ Այդ գումարը այդ ժամանակում ինչ-որ մի տեղ պետք է մնա, այդ գանձապետական միասնական հաշիվն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
19:55 - 16 մայիսի, 2020
ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․0%

ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․0%

2020 թվականի ապրիլի 28-ի նիստում Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․0%: Այս մասին ասվում է ԿԲ-ի տարածած հաղորդագրությունում: 2020թ. մարտին արձանագրվել է 0.5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կրճատվել է և կազմել 0.1%: Ինչպես ասվում է ԿԲ-ի հաղորդագրությունում, Կորոնավիրուսի տարածումը և վերջինիս կանխարգելման առողջապահական միջոցառումները մեծ բացասական ազդեցություն են ունենում համաշխարհային տնտեսության, այդ թվում ՀՀ գործընկեր երկրների տնտեսական աճի վրա և մեծացրել են հումքային ու պարենային գների տատանողականությունը: Չնայած առաջատար երկրների կենտրոնական բանկերի համատեղ ջանքերի շնորհիվ ֆինանսական շուկաների տատանողականությունը թուլացավ, սակայն անորոշություններն ու ռիսկերը դեռևս պահպանվում են բարձր մակարդակներում: Գնահատվում է, որ այս ամենը ՀՀ տնտեսության վրա կշարունակի ունենալ գնանկումային ազդեցություն։ ՀՀ տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցության հետևանքով 2020թ-ի մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում դիտվել է տնտեսական ակտիվության կրճատում: ԿԲ գնահատականների համաձայն երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության նվազումը կխորանա՝ պայմանավորված ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի կրճատմամբ: Գնահատվում է, որ համախառն պահանջարկը հետագայում նույնպես կմնա թույլ, ինչը որոշ չափով կմեղմվի Կառավարության կողմից իրականացվող համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների խթանող ազդեցությամբ: Միևնույն ժամանակ, որոշակի աճել են նաև համավարակի հաղթահարման ժամկետների և տնտեսության վերականգնման հետ կապված անորոշությունները, որոնց նվազումից հետո միայն հնարավոր կլինի գնահատել ՀՀ տնտեսության կառուցվածքի և հեռանկարների ավելի երկարաժամկետ փոփոխությունները: Հաշվի առնելով արտաքին և ներքին ընթացիկ ու կանխատեսվող զարգացումները, թուլացող պահանջարկը, առկա ցածր գնաճային միջավայրը և ֆինանսական շուկաների կայունացումը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը նաև գնահատում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում: Արդյունքում, գնաճը կարճաժամկետ հատվածում կպահպանվի ցածր մակարդակում՝ նպատակին մոտենալով միայն կանխատեսվող հորիզոնի վերջում:  Ներկայումս բավականին բարձր են անորոշությունները կարճաժամկետ և երկարաժամկետ տնտեսական զարգացումների վերաբերյալ, ինչը նույնպես Կենտրոնական բանկը փորձում է հաշվի առնել իր գործողություններում: Միևնույն ժամանակ գնահատվում է, որ կանխատեսված հետագծից գնաճի շեղման ռիսկերը գերակշռում են ներքևի ուղղությամբ՝ պայմանավորված թե՛ արտաքին, և թե՛ ներքին գործոններով: Ռիսկերի ցանկացած դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է ըստ անհրաժեշտության համապատասխանորեն ճշգրտել քաղաքականությունը՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։
16:52 - 13 մայիսի, 2020
ԿԲ-ի մոտ ակցիայի կազմակերպիչը կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն |armenpress.am|

ԿԲ-ի մոտ ակցիայի կազմակերպիչը կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական բանկի դիմաց վարկային կազմակերպությունների գործունեության դեմ մայիսի 13-ին կրկին ակցիա են կազմակերպել մի խումբ քաղաքացիներ։ Ոստիկանության աշխատակիցը պահանջել է ակցիայի կազմակերպիչ Մանուել Մանուկյանին ողջամիտ ժամկետներում դադարեցնել ակցիան, քանի որ պարետի որոշմամբ ակցիաներ չեն թույլատվում և պետք է պահպանվի հեռավորություն։ Ոստիկանության պահանջը չկատարելուց հետո Մանուել Մանուկյանը կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն։ Մանուել Մանուկյանը նմանատիպ ակցիա էր կազմակերպել նաև մայիսի 12-ին։ Ոստիկանության աշխատակիցն ակցիայի մասնակիցներին փոխանցել էր, որ մեկ անձ կարող է մտնել շենք և հանդիպել ԿԲ ներկայացուցչի հետ, սակայն նրանք հրաժարվել էին այդ առաջարկից։ Նրանք պահանջել էին, որպեսզի ԿԲ ներկայացուցիչը գա և հանդիպի իրենց հետ։ Մի փոքր անց ոստիկանության ներկայացուցիչը հորդորել էր ողջամիտ ժամկետում դադարեցնել ակցիան, քանի որ պարետի որոշմամբ ակցիաներ չեն թույլատվում և պետք է պահպանվի հեռավորություն։ Մանուել Մանուկյանը հակադարձել էր, թե իրենք ակցիա չեն իրականացնում, այլ եկել են հանդիպելու ԿԲ ներկայացուցչի հետ։ Նա բարձր կոչերով փորձել էր սրել իրավիճակը, որից հետո ոստիկանությունը բերման էր ենթարկել քաղաքացիների։ Երկու քաղաքացի բերվել էին ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին՝ ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը), այնուհետև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո ազատ էին արձակվել։
13:43 - 13 մայիսի, 2020