armtimes.com: Վաղվանից Մարտին Գալստյանը կստանձնի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով այն շուրջ 12 տարի ղեկավարող Արթուր Ջավադյանին։ Նա երեկ վերջին անգամ էր այդ կարգավիճակում մասնակցում ՀՀ Կառավարության նիստին: Ջավադյանը պաշտոնը լքեց Կառավարության անդամների ծափերի ներքո: ՀՀ վարչապետը նրա ղեկավարման տարիները անվանեց բուռն՝ նկատելով, թե Կենտրոնական բանկն իրեն դրսեւորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի եւ գների կայունությունը Հայաստանի Հանրապետությունում: Վարչապետը նշեց, որ Ջավադյանը կշարունակի ներգրավված մնալ ընդհանուր գործերում, եւ առաջիկայում այդ մասին որոշումներ կկայացվեն։
Հարցազրույցում Արթուր Ջավադյանը խոսել է կորոնավիրուսի, Կենտրոնական բանկի աշխատանքի եւ հետագա պլանների մասին։
- Պարո՛ն Ջավադյան, Ձեր պաշտոնավարման տարիներին Հայաստանում եւ աշխարհում, ըստ էության, 2 ճգնաժամային իրավիճակ է արձանագրվել՝ 2008-ին եւ հիմա։ Եթե համեմատականներ տանենք դրանց միջեւ, ապա ո՞րն էր, ըստ Ձեզ, ավելի մեծ ճգնաժամ ֆինանսական առումով, եւ որի՞ ժամանակ ենք գոնե այս պահին ունեցած հաշվարկներով ավելի մեծ կորուստներ ունեցել։
- Կորոնավիրուսով պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամը կարծում եմ՝ շատ ավելի ծանր հետեւանքներ կունենա համաշխարհային տնտեսության համար, քան եղել է նույնիսկ 2008-ին։ Մենք, իհարկե, մի ճգնաժամային իրավիճակ էլ ունեինք 2014-15 թվականներին, բայց դա ավելի ռեգիոնալ ճգնաժամ էր եւ համաշխարհային տնտեսությանն այդքան չէր վերաբերում, ինչքան ԱՊՀ երկրներին։ Այս ճգնաժամի առանձնահատկությունն այն է, որ մենք արդեն սովորել էինք այն դասերը, թե ինչ պետք է անել ճգնաժամային իրավիճակում, մենք ունեինք արդեն կայացած հակաճգնաժամային մենեջերներ, որոշումների կայացման բիզնես պրոցեսներ ու նաեւ փորձ։ Այդ ամեն ինչից ելնելով՝ մենք շատ ավելի լավ պատրաստվեցինք այս ճգնաժամին, քան պատրաստ էինք նախկինում։ Հատկապես առաջին ճգնաժամի ժամանակ մեզ թվում էր, թե ամեն ինչ Հայաստանի կողքով է անցնելու, բայց հետո խոր տնտեսական անկում ունեցանք, ավանդների արտահոսք, ոչ այդքան բարվոք վիճակ վարկային համակարգում:
Այս անգամ շատ ավելի հանգիստ էինք, քանի որ կար մի առանձնահատկություն. դա անորոշությունն է։ Այդ անորոշությունը մինչեւ հիմա էլ կա, եւ ոչ ոք չգիտի, երբ է ավարտվելու, ինչ հետեւանքներ է ունենալու, եւ ինչպես պետք է դուրս գանք սրանից։ Այս ճգնաժամն ինքն իրենով շատ ավելի վտանգավոր է, բայց մենք շատ ավելի պատրաստ ենք այն հաղթահարելու, ավելին՝ ոչ միայն մենք, այլեւ շուկայի մասնակիցները՝ բանկերը։ Բանկերն ունեն բուֆերներ, լավ կապիտալիզացված են, վիճակները լավ է, եւ այս առումով կարծում եմ, որ մեր խնդիրները շատ ավելի քիչ են։ Բայց այս ամենը կախված է մի քանի գործոնից, ամենակարեւորը, թե ինչքան դեռ կտեւեն կորոնավիրուսի ստեղծած վայրիվերումները։ Որովհետեւ բոլորի մոտ զգացողություն կա, որ սա շուտ չի ավարտվի։ Անշնորհակալ գործ կլինի, որ ինչ-որ մեկը կանխատեսի, թե, օրինակ, նոյեմբերին է լինելու երկրորդ ալիք կամ հակառակը։
Այն ինչ մեր երկրում է կատարվում, այդ սցենարն արդեն մի քանի երկրում կա։ Հիմա մեզ նոր լուրեր են հասնում, որ մեր հարեւան երկրում՝ Իրանում, իրավիճակը լավ չէ։ Ասիական երկրներում՝ Հնդկաստանում է սանիտարական նորմերի պահպանումը բարդ։ Դեռ հարց է, թե առողջապահական առումով վիրուսի դեմն առած երկրների հաջորդ քայլն ինչ է լինելու, քանի որ այդ երկրները բացել են իրենց սահմանները։ Ես չեմ կարծում, որ մենք մեծ սխալներ ենք արել։ Իրավիճակն այսօր վերահսկելի է ֆինանսական ոլորտում եւ մեր տնտեսությունում, բայց, իհարկե, ամեն ինչ կախված է սրա տեւողությունից։
- Ըստ Ձեզ՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների միջոցառումների իրականացման շրջանակներում ԿԲ-ն օգտագործե՞լ է իր ունեցած ամբողջ պոտենցիալը, թե՞ դեռ կլինեն աջակցության նոր միջոցառումներ։
- Կենտրոնական բանկի պոտենցիալը բավականին մեծ է, ու ամբողջն օգտագործելու կարիք չկա։ Մենք օգտագործել ենք առաջին հերթին պրուդենցիալ գործիքներ, որ թույլ չտանք ապագայում ինչ-որ խնդիրներ լինեն բանկային համակարգում։ Երկրորդը՝ մենք սկսել ենք պատրաստվել այս ճգնաժամին ոչ թե կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո, այլ շատ ավելի շուտ, քանի որ նոր բուֆերներ, նոր գործիքներ ենք մտցրել, մեր բանկային համակարգն էլ բավականին բարվոք վիճակում է գտնվում։ Կարելի է ասել, որ մենք ունենք 17 առողջ, նորմալ առեւտրային բանկ։ Հետաքրքիր բան ասեմ՝ ներդրողների կողմից նույնիսկ այս պայմաններում հետաքրքրություն կար մեր բանկային համակարգի նկատմամբ։
- Վերջին շրջանում շատ են կարեւորվում անկանխիկ գործարքները, բայց դրան զուգահեռ բանկային համակարգը սկսում է այդ ծառայությունների գները բարձրացնել։ Ի վերջո, կանխի՞կ, թե՞ անկանխիկ գործարքներ, ինչպե՞ս պետք է հավասարակշռել այս խնդիրը։
- Միանշանակ, մեր ուղղվածությունը եւ ռազմավարությունը անկանխիկ գործիքների կտրուկ ավելացումն է եւ կանխիկ շրջանառության նվազեցումը։ Այսօր շրջանառության մեջ է գտնվում օրենքի նախագիծ, որը կարելի է ասել վերջնականապես քննարկվել է բոլոր պատկան մարմինների հետ, եւ արդեն շատ շուտով այն կգնա Ազգային ժողով։ Այդ նախագիծը էապես կրճատելու է կանխիկ գործարքները ու, իհարկե, ավելացնելու է անկանխիկը։ Անկանխիկ գործարքների առումով ունենք երկակի պրոցեսներ. առաջին պրոցեսն այն է, որ մրցակցության հաշվին անկանխիկ ծառայության գներն իջնում են՝ ինտերնետ բանկինգ, մոբայլ բանկինգ, «Իդրամ»-ը, «ԱրՔա»-ի հավելվածը։ Շատ տարբեր առաջարկներ կան տարբեր առեւտրային բանկերի եւ տարբեր այլ պլատֆորմների կողմից։ Մյուս կողմից հնարավոր է, որ նոր գործիքներն ավելի թանկ լինեն պահի տակ, բայց մրցակցության հաշվին այդ գործիքները կնվազեն։ Մենք հետեւում ենք դրանց, քանի որ ունենք ստորաբաժանում, որը զբաղվում է ֆինանսական ծառայությունների սպառողների շահերով, ու մեզ համար ամենակարեւոր խնդիրներից մեկը ֆինանսական կայունությունն է, իսկ դա ֆինանսական կայունության մաս է։
Խոսակցություններ կան, թե իբր մենք ենք լոբբինգ անում անկանխիկ գործարքները՝ բանկերի համար, բայց դա բանկերի համար չէ, դա մեր տնտեսության համար է։ Ինչքան շատ թափանցիկ ընկերություններ մենք ունենանք, այդքան բանկային միջնորդությունն ավելի կհեշտանա ու կավելանա։ Ասեմ, որ այստեղ հավասարակշռելու առումով այդքան մեծ խնդիր չկա։ Մենք պետք է օրեցօր այնպես անենք, որ մեր հասարակությունը, բանկերի բոլոր հաճախորդները քիչ-քիչ գնան օնլայն հեռահար բանկինգին։
- Հաճախ բանկային եւ վարկային կազմակերպությունների դեմ բողոքներ են լինում եւ նույնքան հաճախ էլ դրանք արդարացված են լինում։ Ինչպե՞ս պետք է անել, որ այդ կազմակերպությունները սկսեն որակյալ եւ վստահելի դառնալ:
- Ֆինանսական համակարգի մոտ 80 տոկոսը բանկերն են ու ակնհայտ է, որ բանկերն այլ տիպի կազմակերպություններ են։ Նախ՝ կորպորատիվ կառավարման լավագույն ստանդարտներն են ներդրված, երկրորդը՝ բանկերը սոցիալական պատասխանատվություն կրող կազմակերպություններ են, ի տարբերություն մնացած ֆինանսական կազմակերպությունների։ Բանկերը գործ ունեն հաճախորդների հետ եւ ավանդների հետ՝ ի տարբերություն մնացած կազմակերպությունների։ Մնացած կազմակերպությունները էլի միջնորդի դեր են կատարում, բայց նրանք միջնորդ են իրենց բաժնետերերի եւ հասարակության, իսկ բանկերը միջնորդ են մի խումբ ավանդատուների ու իրենց հաճախորդների միջեւ։ Մեր նախնական տվյալներով մենք 1 միլիոնից ավելի ավանդատու ունենք։ Այն կանոնները եւ վերահսկողությունը, որ մենք ներդրել ենք բանկերի համար՝ նույնիսկ մի քիչ կոշտ են, բայց դրանք պարտադիր են։ Դրա համար մենք ավելի շատ զբաղվում ենք բանկերով ու շատ ավելի քիչ զբաղվում ենք վարկային կազմակերպություններով։
Իհարկե, տոկոսների առումով կան դժգոհություններ, բայց միկրովարկավորումը բարձր տոկոսներ է։ Մի քանի երկրի փորձ էինք ուսումնասիրում վերջերս, օրինակ՝ Միացյալ Թագավորությունում, երբ ուզում էին սահմանափակումներ դնել՝ կար 1000 տոկոս, 600 տոկոս, 400 տոկոս։ Միկրովարկավորումը ամբողջ աշխարհում թանկ գործառույթ է, քանի որ դրա ռիսկերը շատ են՝ առանց գրավ, շատ դեպքերում առանց սքորինգ (վարկային պատմության գնահատական) համակարգի, բնական է, որ կորուստներն էլ 30-40 տոկոսի են հասնում տոկոսադրույքների տեսքով։ Դժգոհություններն ավելի շատ վարկային կազմակերպությունների հետ է առնչվում, քան թե բանկերի։ Բայց ավա՛ղ, մենք ունենք նաեւ ֆինանսական կրթվածության խնդիր։ Մեր ժողովրդի բավական մեծ զանգվածի համար՝ բոլոր տիպի կազմակերպությունների անունը բանկ է՝ նույնիսկ, եթե մեկը տոկոսով փող է տալիս, այդ երեւույթին ասում են բանկ։ Այստեղ մեր խնդիրն էլ կա։
- Շատ է խոսվում Հայաստանի ֆինանսական համակարգի բարձր դիմադրողականության, դրամի կայունության մասին։ Այս ճգնաժամային իրավիճակում էլ վայրիվերումներ չեղան։ Սա ինչի՞ արդյունքում է հնարավոր եղել։
- Վայրիվերումներ չեղան՝ շնորհիվ այն դասերի, որ մենք ուսումնասիրեցինք, այն թիմի, որ գոյություն ունի ԿԲ-ում, այս տարիների ընթացքում ձեւավորված մեր գիտելիքների եւ որոշում ընդունելու ունակությամբ, որովհետեւ մեզ մոտ բոլոր մակարդակներում մարդիկ պատրաստ են որոշում ընդունելու։ Եթե կան բոլոր մակարդակներում որոշում ընդունողներ, դա նշանակում է, որ վերջին ատյանում, որը պետք է որոշում ընդունի ֆինանսական կառույցի վերաբերյալ՝ ավելի սահուն է անցնում պրոցեսը, ավելի մեծ վստահություն կա։
- Պարո՛ն Ջավադյան, շուտով կներդրվի ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման համակարգը։ Ի՞նչ կարծիք ունեք այդ համակարգի մասին, ի՞նչ հնարավոր դրական եւ բացասական հետեւանքներ եք կանխատեսում:
- Մենք նույնիսկ երեկ քննարկել ենք այս համակարգի հիմունքները եւ կարծում եմ, որ դեռ տեղ ունենք քննարկելու, քանի որ դեռ պետք է հստակ կողմնորոշվել մի շարք հարցերի շուրջ։ Գաղափարը պարտադիր գաղափարներից է ու ես ասեմ, որ սրա ջատագովներից մեկը հենց Կենտրոնական բանկն է ու մեր թիմը։ Առաջին օրերից մենք սրա մասին մշտապես խոսել ենք։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ ավելացնելու է մեր բիզնեսի եւ քաղաքացիների թափանցիկությունը, որի շնորհիվ նույն սքորինգի ինստիտուտը ավելի սահուն կաշխատի եւ դրա հաշվին կավելանա ֆինանսների հասանելիությունը, իսկ դա բերելու է վարկային միջոցների կտրուկ աճի, ինչն էլ արդեն տնտեսական աճ է իր հետ բերելու։
- Աշխարհում ակտիվորեն զարգանում են թվային ֆինանսական ակտիվները։ Հայաստանը պոտենցիալ ունի՞ այդ ասպարեզում։
- Ես՝ որպես Կենտրոնական բանկի ղեկավար, շատ մեծ վերապահումով եմ մոտենում կրիպտոարժույթներին։ Նույնիսկ վերջերս բոլոր հարթակներում այս հարցը քննարկման առարկա է դարձել. թե՛ Բազելում, թե՛ Արժույթի միջազգային հիմնադրամում այդ վտանգը տեսնում են։ Այսօր գաղտնիք չէ, որ թվային ակտիվներ օգտագործողները մի կողմից շատ առաջադեմ երիտասարդներ են, մյուս կողմից փողերի լվացմամբ զբաղվող, այսպես կոչված, հանցագործներն են զբաղվում դրանցով, տեռորիստական բոլոր կազմակերպություններն էլ օգտվում են թվային տարբեր ֆինանսական ակտիվից։ Պարզապես դրա մասշտաբները աշխարհում փոքր են։ Հնարավոր է, որ ապագայում դրա հետ կապված գործառույթներն ավելի ակտիվ լինեն։ Կենտրոնական բանկի ցանկացած պաշտոնյա պարտավոր է լինել ռիսկեր գնահատող, իսկ սրանք մեծ ռիսկեր են։
- Պարո՛ն Ջավադյան, արդեն մոտենում է Ձեր պաշտոնավարման ավարտը. այս ընթացքում արված աշխատանքներից ո՞րն եք համարում Ձեր գլխավոր ձեռքբերումը։
- Գլխավոր ձեռքբերումն այն է, ինչի մասին խոսեցի՝ մեր թիմը։ Մեր պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ մենք ունակ եղանք հաղթահարելու բոլոր ճգնաժամերը։ Ասեմ ավելին՝ այսօր ես վստահ եմ, որ մեր թիմն այնքան պրոֆեսիոնալ է, որ որեւէ խնդիր ապագայում էլ չենք ունենա։ Քանի որ նշանակվել է շատ բանիմաց երիտասարդ (Մարտին Գալստյանը), որը մեր թիմի անդամներից մեկն է. տարիներ առաջ է միացել ԿԲ-ին, բավականին փայլուն կրթություն ստացած անձնավորություն է, խոր գիտելիքների է տիրապետում։ Այս թիմն ունակ է լինելու հաղթահարել ցանկացած վայրիվերումներ ու ցանկացած ճգնաժամ։
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)