Սեւան

Սեւանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Հայտնի ձկնատեսակը իշխանն է։ Սեւանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։

Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձեւավորում են հանրապետության ամենամեծ՝ Սեւան-Հրազդան կասկադը։1978 թվականին ստեղծվել է Սեւան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սեւան ջրատարը։

Սևանի մակարդակը 5սմ-ով բարձր է, քան անցյալ տարի․ Վարազդատ Կարապետյան |shantnews.am|

Սևանի մակարդակը 5սմ-ով բարձր է, քան անցյալ տարի․ Վարազդատ Կարապետյան |shantnews.am|

shantnews.am։ Ազգային ժողովում Սևանի հարցով քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հայտնեց, որ ներկայում Սևանի մակարդակը մոտ 5 սանտիմետրով ավելի բարձր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Կարապետյանը նաև նշեց, որ ջրի բարձրացումից հետո սկսվել է ջրի տակ մնացած կոճղերի հատվածների մաքրումը։ Նա հույս հայտնեց, որ նույնը կարվի նաև Սևան լցվող կոյուղաջրերի մաքրման և առհասարակ Սևանի պլանավորման հարցերում։ Այսօր ԱԺ ներկայացրած նախագծով Կարապետյանը առաջարկում է սահմանափակել այն հնարավորությունը, երբ ամեն տարի կառավարությունը դիմում է խորհրդարանին, փոփոխություն է անում օրենքում և հավելյալ ջրառ է իրականացնում։ Կարապետյանն առաջարկում է սահմանել, որ տարեկան 170 միլիոն խորանարդ մետրից ավելի ջրառն արգելվում է։
07:28 - 23 հոկտեմբերի, 2019
Հենց այսօր էլ Սևանում իրականացվում են մաքրման աշխատանքներ. Էրիկ Գրիգորյան |shantnews.am|

Հենց այսօր էլ Սևանում իրականացվում են մաքրման աշխատանքներ. Էրիկ Գրիգորյան |shantnews.am|

shantnews.am: Այսօր կառավարության նիստից հետո շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին նաև Սևանի մասին են հարցեր ուղղվել: Լրագրողի հարցին, թե ինչու Սևանից այս տարի ավելի շատ ջրառ կատարվեց, քան խոստացել էին իշխանությունները, նախարարը նշել է, որ անցած տարի 170-ից 30 մլն խ/մ-ի չափով ավելի է ջրառ իրականացվել, իսկ այս տարի՝ նույնքանով պակաս, թեև պահանջարկը նույնն էր: Մյուս կողմից՝ տեղումներն այս տարի ավելի քիչ են եղել, ու գոլորշիացումը՝ ավելի շատ, այսինքն՝ այս տարի նախորդի համեմատ պայմաններն ավելի վատն են եղել, բայց ջրառն էականորեն փոքր է եղել: Գրիգորյանը հիշեցրել է, որ հիմա 4-5 սմ-ով ավելին է ջրի մակարդակը անցած տարվա ցուցանիշից: Մեր թղթակիցը նախարարին հիշեցրել է, որ Սևանի չծաղկելուն ուղղված միջոցառումների մեծ ցանկ էր նախապատրաստվել ու հարցրել է, թե հիմա այդ ցանկից ինչ աշխատանքներ կան, որ արդեն կատարված են: «Ուսումնասիրվել են երեք քաղաքների մաքրման կայանները, փաթեթը ներկայացվել է կառավարություն հետագա քայլերի համար: Այս տարվա մաքրման աշխատանքների ծավալը մեծացվել է, իսկ 2020-ի բյուջեում այդ նպատակին նախատեսված գումարները մի քանի անգամ ավելի մեծ են: Հենց այսօր էլ իրականացվում են մաքրման աշխատանքներ: Սևանի խնդրի լուծումը կեղտաջրերի մուտքի նվազեցումն է և ջրի մակարդակի բարձրացումը»,- մասնավորապես նշել է նախարարը:
10:59 - 17 հոկտեմբերի, 2019
Սևանի ափամերձ հատվածում անտառածածկ տարածքները կավելանան

Սևանի ափամերձ հատվածում անտառածածկ տարածքները կավելանան

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նվիրված Սևանի էկոհամակարգի խնդիրներին: «Շարունակում ենք Սևանա լճի առողջացմանն ուղղված աշխատանքը։Հատկապես կարևոր է ձկնորսության կանոնակարգումն այնպես, որ մի կողմից չվնասենք բնությանը, մյուս կողմից՝ հարգենք մարդկանց, ովքեր զբաղված են ձկնորսությամբ։ Առաջիկայում առանձին կքննարկենք ձկնորսության խնդիրը։Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նվիրված Սևանի էկոհամակարգի խնդիրներին:Պետական կառավարման մարմիններն ու հանրային հատվածը դեռ 3 ամիս առաջ էին համատեղ հանդիպմանը մատնանշել Սևանա լճի հիմնախնդիրները: Այսօր ներկայացվածը արդեն քննարկվել է խորհրդարանում` հանձնաժողովականների, Շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի ու այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խնդիրների շարքում էին ջրի մակարդակի բարձրացման տեմպերը, ձկնարդյունաբերության, ձկնորսության, ափամերձ տարածքների ու անտառների մաքրմանն ուղղված քայլերը: Ինչպես փաստել է հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը` ներկայացված ուղղությունները կլինեն խորհրդարանական վերահսկողության առանցքում: Ըստ նրա` աշխատանքային հանդիպումը հնարավորություն կտա 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկմանը ներկայացնելու Սեւանի հիմնախնդիրների վերաբերյալ ֆինանսավորման հստակ հայտեր: Քննարկմանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը նշել է, որ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման գործընթացը մեկնարկել է: Աշխատանքներն սկսվել են ափամերձ անտառաշերտի մաքրմամբ: Փոխնանախարն ընդգծել է, որ ծրագիրը կտևի շուրջ 3 տարի` հավելելով, որ ընթացքում կընդլայնվեն նաև անտառածածկ տարածքները»:
08:23 - 20 սեպտեմբերի, 2019
Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձր է մնում երկու սանտիմետրով |armenpress.am|

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձր է մնում երկու սանտիմետրով |armenpress.am|

armenpress.am։ Չնայած Սեւանա լճից իրականացվող ջրբացթողումներին, լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձր է մնում երկու սանտիմետրով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 62 սանտիմետր բարձրության վրա: Այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 149 միլիոն 480 հազար խմ ջուր, իսկ լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 139 միլիոն 789 հազար խմ ջուր: «Դրական հաշվեկշիռը պահպանվել է առաջին հերթին խնայողության, ապա նոր մի շարք այլ գործոնների արդյունքում: Եթե նախորդ տարիների չափ ջրառ իրականացվեր Սեւանից, բնական է, որ մենք կունենայինք բացասական հաշվեկիռ: Իսկ եթե այս ամռանն այդքան տեւական չորություն չլիներ, այս խնայողության պայմաններում մենք երկու սանտիմետր դրական նիշի փոխարեն կունենայինք ավելի բարձր արդյունք»,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը:
09:20 - 13 սեպտեմբերի, 2019
Սևանա լճի խնդրի վերաբերյալ մանիպուլյատիվ պնդումներ Հանրային հեռուստաընկերության եթերում

Սևանա լճի խնդրի վերաբերյալ մանիպուլյատիվ պնդումներ Հանրային հեռուստաընկերության եթերում

Հուլիսի 25-ին Հանրային հեռուստաընկերությունը հրապարակեց տեսանյութ՝ Սևանա լճում հանգստի կազմակերպման և լճի կանաչակալման վերաբերյալ։ Տեսանյութի սկզբում (00:12-00:20) լրագրողը նշում է. «Հայկական էքստրիմն ու տեսարանը նախընտրողները պակասել են: Նախ պատճառը տարածված կեղծ լուրերն էին, թե ջրում լողալը վտանգավոր է»: Սևանա լճում լողալու վտանգների մասին հայտարարությամբ հանդես էին եկել Առողջապահության նախարարությունը և ոլորտի փորձագետները: Առողջապահության նախարարության հայտարարությունում մասնավորապես նշվում էր. «Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին Սևանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում` խուսափել լողալ այդ հատվածներում: Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով»: Այս հայտարարությունը տեղադրվել է դեռևս հուլիսի 11-ին: Մինչ Առողջապահության նախարարության կողմից հայտարարություն տարածելը, հուլիսի 9-ին ջրում լողալու վտանգի մասին խոսել էր Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Նա իր խոսքում նշել էր. «Այդ ջրիմուռները կարող են մարդու մոտ ալերգիկ երևույթներ առաջացնել։ Եթե, օրինակ, կենդանիները խմեն այդ ջրից, կարող են նույնիսկ սատկել»: Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Գոռ Գևորգյանը հուլիսի 11-ին ևս անդրադարձել է լճում առկա ջրիմուռների խնդրին: Գոռ Գևորգյանը նշել է, որ ուսումնասիրություններով հայտնաբերվել են 10 խմբի պատկանող ցիանոբակտերիալ երկրորդային մետաբոլիտներ, որոնց թվում է եղել նաև տոքսիկ հատկություններով օժտված միկրոցիստինը։ Այն տոքսիկ նյութ է, որը կարող է առաջացնել նեյրոտոքսիկոլոգիական, ցիտոտոքսիկոլոգիական, մաշկի խնդիրներ, լյարդի, երիկամների խանգարումներ, համարվում է բավականին տոքսիկ նյութ: Այսպիսով, հանրայինի լրագրողի վերոնշյալ խոսույթը մանիպուլյատիվ է, քանի որ ջրում լողալու վտանգավորության մասին հայտարարել էին թե՛ պատկան մարմինները, թե՛ անկախ փորձագետները։ Այստեղ կարևոր է անդրադառնալ նաև տեսանյութի պատրաստման ժամկետներին: Սևանա լճի ծաղկումը սկսվել է հունիսի վերջին, իսկ ինքնամաքրման դինամիկայի մասին խոսվել է արդեն հուլիսի 16-ին՝ Արսեն Թորոսյանի կողմից: Վերջինս իր ֆեյսբուքյան հրապարակմամբ հայտնել էր, որ փորձաքննությունների արդյունքում արձանագրված շեղումներն ինքնամաքրման դինամիկայի շնորհիվ առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ: Իսկ Հանրային հեռուստաընկերության տեսանյութը հրապարակվել է հուլիսի 25-ին, երբ արդեն ինքնամաքրման գործընթացը երկար ժամանակ է ընթանում էր և խիստ վտանգավոր ու կանաչ հատվածներն արդեն չկային: Բացի վերոնշյալը, տեսանյութի վերջում (2:28-2:49) փորձագիտական կարծիք է հայտնում Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը. «...մեր քիմիական տվյալներով ջրի որակը բավարար է, ակտիվ թթվածնային պայմաններում քայքայումն ավելի կարագանա և փտում տեղի չի ունենա: Այս պահի դրությամբ Սևանա լճի հատակամերձ շերտում չունենք թթվածնազրկություն»: Ինչպես տեսնում ենք, փորձագիտական կարծիքը հնչեցվում է հենց հուլիսի 25-ի դրությամբ, որը, ըստ էության, բերվում է որպես ջրի վտանգավորության մասին լուրերի կեղծ լինելու հիմնավորում։ Սակայն, ջրի վտանգավորության մասին հայտարարվել է միայն ծաղկման շրջանում, իսկ ամսի 25-ին արդեն 9 օր էր, ինչ ընթանում էր ինքնամաքրման գործընթացը։ Ելնելով վերոգրյալից՝ Հանրային հեռուստաընկերության կողմից հրապարակված տեսանյութում առաջ քաշվող այն բացարձակ թեզերը, որ Սևանա լճում լողալու վտանգը ապատեղեկատվություն է և ջրի ծաղկումը նորմալ երևույթ է, մանիպուլյատիվ են։ Միաժամանակ, ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետի՝ Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը: Հետևաբար, տեսանյութում առկա միակողմանի դիրքորոշումները հակասում են օրենքի նշված պահանջին: Ի հավելումն նշենք, որ շաբաթներ առաջ անդրադարձել էինք Սևան ազգային պարկի տնօրեն Վահագն Գուլանյանի մանիպուլյատիվ պնդումներին Սևանա լճի վերաբերյալ, որտեղ ևս Սևանա լճի խնդրի մասին խոսվում էր այնպիսի կոնոտացիայով, ինչպես Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում: Կարինե Շահգալդյան
14:40 - 10 օգոստոսի, 2019
Սեւանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված է 5 գետ. Էրիկ Գրիգորյան

Սեւանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված է 5 գետ. Էրիկ Գրիգորյան

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Սևանա լիճ թափվող գետերի մոնիթորինգ , Հուլիս 2019թ. Շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգն իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ, Գավառագետ գետերի տասնութ դիտակետում: Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են Գավառագետը, Ծակքար, Շողվագ, Մասրիկ, Արգիճի գետերը: Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ առանց պատշաճ մակարդակով մաքրվելու արտահոսքերը, ինչպես նաև գյուղատնտեսական հոսքաջրերը: Ամբողջապես չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերը իրենց հետ գետեր, իսկ այնուհետև լիճ են տանում ազոտի և ֆոսֆորի զգալի քանակություն»:  
05:39 - 07 օգոստոսի, 2019
Սևանը չի ինքնամաքրվել, ճահճանում է. Կարինե Դանիելյան |shantnews.am|

Սևանը չի ինքնամաքրվել, ճահճանում է. Կարինե Դանիելյան |shantnews.am|

shantnews.am։ «Էլ ի՞նչ պետք է անի բնությունը, որ վերջապես հասկանանք՝ ազգովի մոտենում ենք կամ գուցե արդեն մտել ենք էկոլոգիական ճգնաժամի մեջ»,- օգոստոսի 6-ին, անդրադառնալով բնապահպանական խնդիրներին, ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Կարինե Դանիելյանն իր դժգոհությունը հայտնեց՝ նշելով, որ Հայաստանում էկոլոգիական խնդիրներն ամենավերջին տեղում են, ինչի հետևանքով արդեն երկրորդ տարին է՝ ունենում ենք Սևանի ծաղկում, ինչը լիճը տանում է դեպի ճահճացում: «Վերաբերմունքը, որ լիճն ինքնամաքրվեց, սխալ է: Սևանա լիճը չի ինքնամաքրվել: Այդ ծաղկումը սեզոնային է, ծաղկել են, իջել են հատակին, ինչը ճահճացումն ավելի է խորացնելու, որովհետև հատակին դրանք քայքայվում են, և լճի ջրի որակի վրա բացասական է ազդում այդ գործընթացը»,- ասաց Կարինե Դանիելյանը: Սևանի վիճակն ու արագիլների աղտոտումը, ըստ նրա, ահազանգ ու սթափվելու կոչ են բնության կողմից: «Այն, ինչ կատարվում է, ճիչ է՝ ուղղված մեզ, որ վաղը ձեզ հետ նույնն է լինելու, որովհետև ուղղակի թափոններով ծածկել ենք երկիրը, սկանդինավյան երկրներում աղբի 1 տոկոսն է հորվում, մնացածը նորից օգտագործվում է, մենք նույնիսկ չենք կարողանում հասնել տարանջատման: Ինչո՞ւ ենք համաշխարհային մակարդակով քաղցկեղի մահացությամբ առաջին տեղերում: Բժիշկներն ասում են՝ ժամանակին չեն դիմում, գուցե դա փոքր ազդեցություն ունի, բայց պատճառը մեր շրջակա միջավայրի վիճակն է՝ երկիրը ծանր մետաղներով ծածկելու արդյունքը»,- նշեց Կարինե Դանիելյանը:  
11:07 - 06 օգոստոսի, 2019
Ֆոսֆորն ամբողջովին յուրացվել է ջրիմուռների կողմից, և ծաղկման պրոցեսն ավարտված է

Ֆոսֆորն ամբողջովին յուրացվել է ջրիմուռների կողմից, և ծաղկման պրոցեսն ավարտված է

Շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալի օգնական Դիանա Երիցփոխյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը հուլիսի 22-23-ը իրականացրել է Սևանա լճի ջրի որակի հերթական մոնիթորինգը: Ջրի որակի հետազոտություններն իրականացվել են Մեծ և Փոքր Սևանների ամբողջ ծավալով: Համաձայն դաշտային ուսումնասիրությունների և առաջնային ֆիզիկաքիմիական անալիզների արդյունքների Սևանա լճում լուծված թթվածնի պարունակությունը մակերևութային շերտում 5-6 մգ/լ է, իսկ հատակամերձ շերտում (Մեծ Սևանում 20-30մ խորություններում, իսկ Փոքր Սևանում՝ 60-80մ) 4-5 մգ/լ: Թթվածնի դիտված քանակությունը բավարար է ջրային կենդանական աշխարհի պահպանման համար: Հատակամերձ շերտում թթվածնազրկություն (anoxia) չի դիտվում: Լճի մակերևութից մինչև 20 մ խորություն ֆոսֆորը ամբողջովին յուրացվել է ջրիմուռների կողմից և ծաղկման պրոցեսը ավարտված է: Լճում սկսվել է ջրիմուռների քայքայման պրոցեսը, ինչն ուղեկցվում է կալցիումի ակտիվ անջատմամբ և լճում պղտորության առաջացմամբ: Այս պրոցեսների արդյունքում Մեծ Սևանում ջրի թափանցիկությունն ըստ Սեկի դիսկի 3.5-5 մ է, իսկ Փոքր Սևանում՝ համեմատաբար ցածր է՝ 1.0-2.8 մ»։    
08:25 - 26 հուլիսի, 2019
Քլորելան կարող է փրկել Սեւանը. Աշոտ Կարապետյան |hetq.am|

Քլորելան կարող է փրկել Սեւանը. Աշոտ Կարապետյան |hetq.am|

hetq.am: «Քլորելան կարող է «ծաղկած» Սեւանի փրկության տարբերակներից մեկը լինել»,-ասում է ցանցային մասնագետ, գյումրեցի Աշոտ Կարապետյանը: Նա պատրաստվում է վերականգնել 2014-15թթ. իր սկսած եւ 4 տարի առաջ դադարեցրած քլորելայի արտադրությունը: Նրա՝ ««Քլորելա Վուլգարիս» ջրաբույսերի արտադրությունը` որպես կերային հավելուկ» ներդրումային ծրագիրը ներկայացվել էր հուլիսի 20-ին, Գյումրիում կայացած «Իմ քայլը հանուն Շիրակի» գործարար համաժողովին եւ տեղական արտադրանքի ցուցահանդեսին:  «2 մլն 800 հազար դրամի ներդրումային ծրագիր է, որից 1 մլն 300 հազարն իմ ներդրումն է սարքավորումների ու տեխնոլոգիայի տեսքով, իսկ աջակցությունն ինձ պետք է առավել ստերիլ տարածք ունենալու եւ լիցենզիայի համար,-ասում է Աշոտ Կարապետյանը,-վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարզպետն անձամբ ներկայացրեց ու նշեց հատկապես Սեւանի փրկության համար կիրառելի տարբերակը: Ագրարային ակադեմիայի ռեկտորին շատ հետաքրքրեց քլորելան, խոստացավ իրենց մասնագետների հետ ուսումնասիրելուց հետո արձագանքել»: Քլորելան կանաչ ջրաբույս է: Համարվում է աշխարհում ամենաօգտակար հավելումներից մեկը: Քլորելան համարվում է վիտամինների, սպիտակուցների, հակաօքսիդանտների շատ հարուստ աղբյուր: Ունի վառ արտահայտված հակաբիոտիկ, հակասեպտիկ, օրգանիզմը վերականգնող եւ թունազերծող հատկություն, բարձրացնում է դիմադրողականությունը, նորմալացնում արյունաստեղծ գործընթացը: Ցուցված է եւ մարդկանց, եւ կենդանիների օգտագործման համար: Քլորելայի գյուտը պատկանում է բուլղարացի գիտնականներին: Աշոտ Կարապետյանի փոխանցմամբ, քլորելայով հայ գիտնականները զբաղվել են 1960-ականներին: «Բազմաթիվ ուսումնասիրություններ, հոդվածներ կան քլորելայի մասին: Հայտանագործել են բուլղարացիները, բայց հիմա աշխարհում տարբերակվում են քլորելայի արտադրության ռուսական եւ ճապոնական եղանակները: Ռուսականի դեպքում գործածվում է հեղուկ տարբերակը, իսկ ճապոնացիները զտում են ջրային մասսան ու վաճառում հաբերի ձեւով: Ես քլորելայի շտամը՝ մերանը, բերել եմ Սարատովից: Նախորդ անգամ իմ գործունեությունը դադարեցրեցի, որովհետեւ տեխնոլոգիան փչացրել էի, հիմա կրկին վերադարձել եմ այդ գաղափարին, քանի որ Հայաստանում մեծ զարգացում է ստանում ինտենսիվ անասնապահությունը»,-ասում է Աշոտ Կարապետյանը: Բարձր ցուցանիշներ ստանալու նպատակով ֆերմերները ձգտում են ներմուծել անասունների արդյունավետ ցեղատեսակներ, որոնց համար կիրառում են կերային հավելումներ: «Սակայն կերային հավելումները հաճախ քիմիական ծագման են կամ գենամոդիֆիկացված: Բացի դրանից, կերը, լինելով թանկ, ազդում է արտադրանքի արժեքի վրա, ինչի հետեւանքով խանութներում վաճառվող կաթնամթերքի գները մի քանի անգամ տարբերվում են գյուղական բնական կաթնամթերքի գներից՝ զիջելով նրանց թե´ որակով, թե´ էկոլոգիապես,-նկատում է զրուցակիցս,-սա հաշվի առնելով եմ առաջարկ ներկայացրել քլորելայի արտադրության հետ կապված, որպեսզի բնական ծագման հավելումներ օգտագործվեն»: Քլորելան պարունակում է 665 տեսակի նյութ՝ 40 տեսակի ամինաթթու, 15 տեսակի վիտամին, միներալներ, հակաօքսիդանտներ եւ այլն: Հեղուկ քլորելայի պահպանման ժամկետը 10 օր է: Ժամկետանց, հին բուսահյութից տիղմի, ջրիմուռի հոտ է գալիս: Որպես կերային հավելում կենդանիներին տրվում է վերարտադրման շրջանում՝ կովին տարին մեկ անգամ, խոզին՝ երկու, ճագարին շատ ավելի մեծ հաճախությամբ եւ այլն: Աշոտի փոխանցմամբ, մարդիկ եւս կարող են օգտագործել քլորելա, օրական չափաբաժինը` 200 գրամ, մեկ ամիս տեւողությամբ, եթե կարիք ունեն ուժերը վերականգնելու: Քլորելան հաջողությամբ ճնշում է գրիպի հարուցիչը. Աշոտն ասում է՝ անձամբ է փորձել իր վրա: «Սեւանի պարագայում կարող եմ ասել, որ քլորելայի շտամը կվերացնի Սեւանում առկա շտամը, այսինքն` քլորելայի գործադրմամբ կարող ենք լուծել այդ հարցը,-պնդում է Աշոտը,-աշխարհում բազմաթիվ փորձեր կան, որ տարբեր ջրամբարներ լցրել են, ինքը վերացրել է էդ կապտկանաչավուն ջրիմուռը: Բավարար կլինի 1 հա-ի համար օգտագործել 20 լիտր քլորելա: Ազգային անվտանգության տեսանկյունից նաեւ շատ կարեւոր է քլորելայով կեղտաջրերի մաքրումը»:  
07:14 - 26 հուլիսի, 2019
Սեւանա լճում էվտրոֆիկացիա է տեղի ունենում. փորձագետ |news.am|

Սեւանա լճում էվտրոֆիկացիա է տեղի ունենում. փորձագետ |news.am|

news.am: Սեւանա լճում ակտիվորեն ճահճացում է ընթանում, այսինքն՝ էվտրոֆիկացիայի գործընթաց: Այս մասին ասաց Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը: Մինասյանը նշեց մի քանի պատճառ՝ ջրի մակարդակի նվազեցում, 2002 թվականից ջրի տակ մնացել է մոտ 4000 հեկտար չմաքրված մակերես: «Ընդ որում, ջրի տակ մեծ մասն անտառային հողեր են: Սակայն ամենակարեւոր գործոնը՝ լճում խախտվել է սննդային շղթան, եւ դրա պատճառով էկոհամակարգը սխալ է գործում: Այսինքն՝ ձկների բացակայությունը եւս ազդում է տեղի ունեցող գործընթացի վրա»,- նշեց Մինասյանը: Փորձագետը տվյալ իրավիճակը լուծելու համար մի քանի միջոց առաջարկեց. «Նախ պետք է տարեցտարի բարձրացնել ջրի մակարդակը՝ նախկին մակարդակին հասնելու համար, այսինքն՝ մինչեւ 1937 սմ: Ինչպես նաեւ անհրաժեշտ է մաքրել անտառները, այն հատվածները, որոնք զբաղեցնում են մոտ 800 հեկտար տարածք: Վարչապետի որոշմամբ՝ լիճը կմաքրվի մոտ 2 տարում: Առաջին հերթին անհրաժեշտ է մաքրող սարքեր կառուցել, եւ վերջին հաշվով պետք է վերադարձնել ձկների պոպուլյացիան: Առանց ձկների ջուրը չի մաքրվի»: Մինասյանի խոսքով՝ չկան իրական կանխատեսումներ, թե ինչ վիճակում կլինի Սեւանը: Նրա գնահատմամբ՝ դրա պատճառը համակարգված մոնիթորինգի բացակայությունն է:«Ներկա պահին չկան մասնագետներ, որոնք որոշում կկայացնեն: Ինչպես նաեւ բացակայում են Սեւանի համար ջրի որակի ստանդարտներն ու նորմերը»,- հավելեց փորձագետը: Փորձագետը նաեւ նշեց, որ որակի ստանդարտը կառավարման գործիք է: Ոչ ոք չի կարող ասել՝ որքան պետք է լճում լինեն ֆոսֆոր եւ այլ քիմիական տարրեր: Մեկ ստանդարտով դա լավ է, մյուսով՝ վատ: Խնդրի լուծման համար Մինասյանն առաջարկում է Սեւանի համար ընդհանուր ստանդարտներ մտցնել:
06:23 - 26 հուլիսի, 2019
«Սևան» ազգային պարկի տնօրենի թերի պնդումները Սևանա լճի խնդրի շուրջ

«Սևան» ազգային պարկի տնօրենի թերի պնդումները Սևանա լճի խնդրի շուրջ

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը իր՝ հուլիս 24-ին «Հայկական ժամանակ»-ին տրված հարցազրույցում մանրամասնում է Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը և կատարում մի քանի վիճահարույց պնդումներ, որոնց կանդրադառնանք ստորև: Նախ նշենք, որ դեռևս մեկ տարի առաջ՝ Սևանա լճի կանաչակալման գործընթացի ժամանակ, Վահե Գուլանյանն այն տեսակետին էր, որ բնական պրոցեսին միջամտելը կատեգորիկ արգելվում է, իրենք էլ դա չեն թողնի, քանի որ էկոհամակարգի համար նորմալ երևույթ է: Այս տարի ևս չի փոխվել «Սևան» ազգային պարկի տնօրենի տեսակետը: Նա նշում է. «Սա նորմալ պրոցես է Սեւանա լճի համար: Կուտակվում է օրգանական նյութ, լիճը օրգանական նյութից այս տարբերակով ազատվում է: Լճերը, ջրամբարները, գետերը ունեն ինքնամաքրման այսպիսի գործընթացներ: Այս տիպի բռնկումները 15 օր են տևում»: ՊՈԱԿ-ի տնօրենը հարցազրույցի սկզբում նշում է, որ ամենավատ վիճակը եղել է 2006 թվականին: Սակայն ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հրապարակումն այլ պատկեր է ցույց տալիս: Ինչպես տեսնում ենք գրաֆիկից` այս տարվա հուլիս ամսին Սևանա լճում քլորոֆիլի քանակը գերազանցել է 2006 թվականի ամենաբարձր՝ օգոստոս ամսվա ցուցանիշը։ Գուլանյանը լճի հետ տեղի ունեցողը կապում է բարձր ջերմաստիճանի հետ, իսկ կոյուղաջրերի մասին պնդում է հետևյալը. «...այսօր շեղում են մարդկանց ուշադրությունը դեպի ռեստորանների եւ օբյեկտների վրա, բայց բոլորս գիտենք, որ Սևանա լճում, եթե ուզենք, այսօր 5 հատ նորմալ հյուրանոց կամ ռեստորան չենք գտնի: Հիմնական մասը տնակներ են, որոնք նույնիսկ զուգարաններ չունեն: Այսինքն՝ այստեղից սպասել լուրջ արտանետման, որը կարող է այսպիսի էֆեկտ ունենալ լճի համար՝ այդքան էլ լուրջ չի...»: Ուշագրավ է այն, որ մեկ այլ հարցազրույցում ՊՈԱԿ-ի տնօրենը խոսում է մոտ 10-ը ռեստորանների մասին. «...դրանք մոտ 10 են և բոլորն էլ ունեն մաքրման կայաններ՝ ասում է։ Այստեղ խնդիրը 92 համայնքներն են, որոնցից 87-ը չունեն կոյուղագիծ...»: Սևանա լճի ափին գտնվող ռեստորանների և հյուրանոցների քանակը ներկայացնենք ստորև՝ տեսանյութի միջոցով. Ինչպես տեսնում ենք Սևանա լճի տարածքում առկա են մոտ 40 հյուրանոցներ և ռեստորաններ, որոնք հիմնականում կենտրոնացված են թերակղզու տարածքում: Այսպիսով, Գուլանյանի ներկայացրած թիվը տնտեսվարող սուբյեկտների մասին ոչ ճշգրրիտ է: Ինչ վերաբերում է քաղաքային և գյուղական բնակավայրերից հոսող կոյուղաջրերին, ՊՈԱԿ-ի տնօրենը ներկայացրեց այս կերպ. «...92 համայնք կա Գեղարքունիքի մարզում, որից 5-ը՝ քաղաքային: Քաղաքային համայնքներից 2-ը՝ Սևանն ու Ճամբարակը, Սևանա լճի ջրհավաք ավազանից դուրս են գործում: Սեւանը իր կոյուղին փչում է դեպի Հրազդան, իսկ Ճամբարակի ջրերը չեն գալիս Սեւան: Իսկ Մարտունի, Գավառ եւ Վարդենիս համայնքների կոյուղագծերի մի մասն է կառուցված, որոնց վրա կառուցված է 3 հատ մաքրման կայան եւ միայն մեխանիկական մաքրում են իրականացնում: Իսկ մնացած գյուղական համայնքներից ոչ մեկը չունի կոյուղագիծ: Խողովակ բացարձակապես չի էլ կառուցվել...Սևանա լիճ ուղիղ արտանետում չկա...» Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին «Խիմմաստեր» ՍՊԸ-ն, որը զբաղվում է կենցաղային, արտադրական կեղտաջրերի մաքրման կայանների արտադրությամբ, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի հանձնարարությամբ ուսումնասիրել է Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կոյուղացման վիճակը և մաքրման կայանների աշխատանքը: Ընկերությունը պարզել է, որ այս քաղաքներից Սևանա լիճ ամենից շատ կեղտաջրեր է ուղարկում Վարդենիս քաղաքը, թեպետ բնակչության թվաքանակով այն զիջում է մյուս երկու քաղաքներին: Ընդորում, Գավառի կոյուղացման աստիճանը կազմում է 36%, Մարտունիինը` 47%, Վարդենիսինը 41%: «Բնակչության քանակի և առկա կեղտաջրերի ծավալների համադրմամբ ստացվում է հետևյալ պատկերը. նորմերից շեղումը Վարդենիսում կազմում է 600%, Մարտունիում 270%, Գավառում 173%»,- այս մասին Էկոլուրին հայտնել էր «Խիմմաստեր» ՍՊԸ-ի նախագահ Մանվել Գաբրիելյանը: Գեղարքունիքի մարզի շուրջ 280.000 բնակիչների կողմից արտանետվող կոյուղաջրերի մասին խոսեց նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նա մասնավորապես նշեց. «...նույնիսկ այդ երեք մաքրման կայանները, որ քաղաքային գործում են, դրանք, ըստ էության, որակական փոփոխություններ չեն բերում, քանի որ խոսքը մեխանիկական մաքրման մասին է...»: Վերոնշյալը ևս վկայում է, որ այս մասով ևս Գուլանյանը ներկայացնում է ոչ համակողմանի պատկեր: ՊՈԱԿ-ի տնօրենն իր հարցազրույցում խնդրահարույց պնդում է արել նաև ջրում առկա վնասակար նյութերի ազդեցության մասին: Վահագն Գուլանյանը մասնավորապես նշել է. «… 2 տարի շարունակ ձմեռը տաք եղավ: Ամբողջ պայմանները կար ծաղկելու: Այդ ջրիմուռները հիմնականում ազոտ կամ երկաթ են ֆիքսում: Այն, որ հիմա ասում են, թե ֆոսֆորի քանակն է նպաստում, կոնկրետ այս դեպքում սխալ է...»: Այստեղ ուշագրավ են 2018 թվականի նույն գործընթացի ժամանակ տեղի ունեցած հետազոտության արդյունքները: Նույն ծաղկման խնդրի շուրջ կատարվող հետազոտությունն անցյալ տարի եզրահանգել էր, որ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների աճի հնարավոր պատճառ հանդիասանում է լճի ջրի վաղ տաքացումը և լճում բավարար քանակությամբ կենսածին տարրերի` հատկապես ֆոսֆորի առկայությունը: Լճի հատակամերձ շերտում թթվածնի քանակությունը ցածր է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում հատակային շերտից ֆոսֆորի անջատման համար: Որքան մեծ է կենսածին տարրերի պարունակությունը՝ հատկապես «սահմանափակող» ֆոսֆորի, այնքան ինտենսիվ է աճը: Ի հավելումն նշենք, որ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր ասուլիսի ժամանակ նշել է, որ Սևանա լճի հետ կատարվողը տարիների վատ կառավարման արդյունք է, ինչպես նաև ներկայացրել է լճի մակարդակի բարձրացումից հետո տեղանքի մաքրման աշխատանքների փաստացի թերություններ: Տեղանքի մաքրումը, շինությունների քանդումը ազգային պարկի տնօրենի անմիջական ղեկավարությամբ է կատարվել և կատարվում: Այս մասին է վկայում նաև դեռ հուլիսի 19-ին ոստիկանության բացահայտումը՝ Սևանա լճում անտառամաքրման աշխատանքների թերի կատարման մասով, որի առթիվ հարուցվել է քրեական գործ: Արփի Ավետիսյան
18:30 - 25 հուլիսի, 2019
Տեսչական մարմինը քննարկել է «Սևան» ազգային պարկում անօրինական շինարարությունը կանխելու հարցը

Տեսչական մարմինը քննարկել է «Սևան» ազգային պարկում անօրինական շինարարությունը կանխելու հարցը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման պետ Կամո Եդոյանը հանդիպել է Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի հետ:ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի «Ֆեյսբուք»-ի էջից տեղեկանում ենք, որ հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի խորհրդական Անուշավան Ղազարյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Գևորգ Խաչատրյանը: Քննարկվել են Տեսչական մարմնի ենթակայության տակ գտնվող ոլորտներում արձանագրված մի շարք օրակարգային խնդիրներ՝ կապված մարզի տարածքում գործող 15 ներմարզային ավտոբուսային, միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման ժամկետների, ինչպես նաև ինքնակամ շինարարական աշխատանքները կանխելու գործընթացի վերաբերյալ:Որոշվել է իրականացնել 2018-2019 թթ. համայնքներում կատարված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիան ծրագրերով իրականացված շինարարությունների ուսումնասիրություն:Անդրադարձել են Գեղարքունիքի մարզում գործող ԱԳԼՃԿ-ների շահագործման հարցին: Որոշվել է Տեսչական մարմնի կողմից սահմանել կամ ԱԳԼՃԿ-ների շահագործման ընդհանուր չափորոշիչներ, կամ կառավարությունում հարց բարձրացնել ամբողջ հանրապետության տարածքում դրանց շահագործումը դադարեցնելու հարցի լուծման վերաբերյալ: Օրակարգի մյուս հարցը «Սևան» ազգային պարկի տարածքում ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու նպատակով համատեղ հսկողություն սահմանելն է:Հանդիպման ժամանակ որոշվել է «Սևան» ազգային պարկի տնօրենին հանձնարարել, որպեսզի վերջինս Սևանի ավազանում գործող հանրային և մասնավոր լողափերի տարածքում շահագործվող լողամիջոցների վարձակալներին և/կամ սեփականատերերի շրջանում իրականացնի իրազեկման աշխատանքներ՝ լողամիջոցների շահագործման կարգի վերաբերյալ: Արդյունքում, բոլոր այն լողամիջոցները, որոնք հանդիսանում են արտադրական վտանգավոր օբյեկտներ, անպայման պետք է գրանցված լինեն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, անցկացնեն ամենամյա փորձաքննություն և շահագործվեն միայն դրական եզրակացության առկայության դեպքում:Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մարզում առկա խնդրահարույց հարցերին լուծում տալու և արդյունավետ աշխատանք իրականացնելու համար Տեսչական մարմնի և մարզպետարանի ներկայացուցիչների միջև պետք է պարբերաբար տեղի ունենան նման ձևաչափի հանդիպումներ:
09:38 - 25 հուլիսի, 2019