ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

Դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել Ազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին։ Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․ «Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 19-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է 2022 թվականի սեպտեմբերի 22-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի լիազորությունները համարել դադարած»։ Ազարյանը այդ պաշտոնին էր 2016 թվականի մայիսի 23-ից։ Մեկ այլ որոշմամբ ԲԴԽ-ն Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար նոր թեկնածու է առաջադրել։ Որոշման մեջ ասված է․ «2022 թվականի սեպտեմբերի 22-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 129-րդ և 117-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Հանրապետության նախագահին առաջարկել Գրիգոր Վոլոդյայի Հովհաննիսյանի  թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար»: ԲԴԽ-ն որոշել է  նաեւ առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Գրիգոր Վոլոդյայի Հովհաննիսյանի՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած և վերջինիս հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
13:48 - 23 սեպտեմբերի, 2022
Խախտվում են զինծառայողների և քաղաքացիական անձանց հիմնարար իրավունքները. ԲԴԽ անդամները՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալին

Խախտվում են զինծառայողների և քաղաքացիական անձանց հիմնարար իրավունքները. ԲԴԽ անդամները՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալին

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանը և Դավիթ Խաչատուրյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ընդունել են Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովային:   Հանդիպման ընթացքում ԲԴԽ անդամները շեշտել են, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով խախտվում են հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց մի շարք հիմնարար իրավունքներ, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված` կյանքի իրավունքը, 3-րդ հոդվածով սահմանված՝ խոշտանգումների և նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքը, և հույս են հայտնել, որ այս փաստը Եվրոպայի խորհրդի գործընկերների կողմից կարժանանա խիստ և հասցեական արձագանքի։   Քննարկման մասնակիցներն անդրադարձել են դատաիրավական ոլորտին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի և պայմանավորվածություն են ձեռք բերել համանման հանդիպումները շարունակական դարձնելու և առկա համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:  
16:46 - 19 սեպտեմբերի, 2022
Դատավորների առաջխաղացումը «խափանվել» է. Նաիրա Ավետիսյանն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիմել է դատարան
 |hetq.am|

Դատավորների առաջխաղացումը «խափանվել» է. Նաիրա Ավետիսյանն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիմել է դատարան |hetq.am|

hetq.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը բացասական դերակատարում է ունեցել դատավոր Նաիրա Ավետիսյանի կարիերայի վրա: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ եզրակացություն է կազմել: Դատավոր Ավետիսյանը համաձայն չէ եզրակացության մեջ տեղ գտած որոշ փաստերի շարադրումից: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը դիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի: Դիմելով դատարան` պահանջում է այլ կերպ շարադրել եզրակացության մեջ տեղ գտած փաստերը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքությանը վերաբերող եզրակացություններն օրենքով հրապարակման ենթակա չեն, և հանրությունն այդպես էլ չի տեղեկացվում, թե այս կամ այն պաշտոնում նշանակվող անձն ինչպիսի արժանիքներ կամ թերություններ ունի և բարեվարքության «թեստն» ինչպես է հաղթահարել: Բարձրագույն դատական խորհուրդը 2022թ. օգոստոսի 5-ին որոշում է կայացրել 10 դատավորի հանել առաջխաղացման և հակակոռուպցիոն մասնագիտացման թեկնածուների ցանկից՝ պատճառաբանելով, որ Հանրապետության նախագահը հուլիսի 22-ին և օգոստոսի 1-ին գրություններով առարկություններ է ներկայացրել: ԲԴԽ-ի այդ որոշմամբ դատավոր Նաիրա Ավետիսյանը ևս հանվել է դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնից: Գրավոր դիմել էինք Հանրապետության նախագահին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե ինչ բնույթի առարկություններ են եղել դատավորների վերաբերյալ, որոնք ընդունվել են ԲԴԽ կողմից և դատավորները` որպես թեկնածուներ, հանվել են ցուցակներից: Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնել են, որ կարևորում են հակակոռուպցիոն դատարանների կազմավորման ու դրանց անկախության և անաչառության հանրային վստահության ձևավորումը: «Հանրապետության նախագահը ԲԴԽ-ին առաջարկել է ըստ էության ուսումնասիրման և քննարկման առարկա դարձնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և փորձագետների կողմից տրամադրված խորհրդատվական եզրակացություններն ու կարծիքները, ինչպես նաև Հանրապետության նախագահին ներկայացնել դատավորների թեկնածուների նշանակման սահմանափակումները հավաստող փաստաթղթերի և անձնական գործերի ամբողջական փաթեթը»,- հայտնում են Հանրապետության նախագահի աշխատակազմից: Դատավոր Նաիրա Ավետիսյանն արձակուրդում է, նրա հետ խոսել չհաջողվեց: Դատավորի գործավարը փոխանցեց, որ վարչական դատարան ներկայացված դիմումը վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ տեղ գտած խեղաթյուրումներին: Ըստ գործավարի՝ գույքի ու եկամուտների հայտարարագրերում դատավորի նշած տվյալները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր եզրակացությամբ խեղաթյուրել և ոչ ճիշտ է ներկայացրել: Նշենք, որ դատավոր Նաիրա Ավետիսյանի ամուսինը՝ Յուրի Բադալյանը, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականն է: Մինչ այդ զբաղեցրել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետի պաշտոնը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից խնդրել էինք տրամադրել դատավորների բարեվարքության եզրակացությունների վերաբերյալ տեղեկություններ, սակայն հղում անելով օրենքին՝ մերժել են անվանական տեղեկություններ տրամադրել: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 26․1-ին հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ և չի տրամադրվում այլ անձանց։ Հանձնաժողովը, ինչպես նաև անձին նշանակելու կամ ընտրելու իրավասություն ունեցող մարմինը (անձը) չեն կարող հրապարակել անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները»,- հայտնում են հանձնաժողովից: Նշենք, որ 2021թ. ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակագրում և առաջխաղացման ցուցակներում ընդգրկել 97 անձի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն և դրա արդյունքներով ներկայացրել 97 եզրակացություն: Դրանցից 89-ը վերաբերել է դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվել ցանկացող անձանց, 8-ը՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց։ 89 եզրակացությունից 60-ը եղել է դրական, 22-ը՝ դրական վերապահումով, 7-ը՝ բացասական։ Իսկ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց վերաբերյալ ներկայացված 8 եզրակացությունից 5-ը եղել է դրական, 2-ը՝ դրական վերապահումով, մեկը՝ բացասական։ 2021թ. ընթացքում ներկայացված 8 բացասական եզրակացությունների 6-ի պարագայում հիմք են հանդիսացել թեկնածուների գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները, իսկ 2 թեկնածուի դեպքում՝ գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները և բարեվարքության հարցաթերթիկում վերջինիս ներկայացրած տվյալների անարժանահավատությունը։ 2022թ. ընթացքում Հանձնաժողովն իրականացրել է ՍԴ դատավորի պաշտոնին հավակնող, դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակագրում, առաջխաղացման ցուցակներում ընդգրկել է հավակնող 158 անձի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն և դրանց արդյունքներով ներկայացրել 157 եզրակացություն, իսկ մեկ անձի վերաբերյալ որոշում չի կայացվել՝ Հանձնաժողովի անդամների ձայների հավասար բաշխվելու հետևանքով: 2022թ. ընթացքում ներկայացված 21 բացասական եզրակացությունից 5-ը վերաբերել է դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ընդգրկվել հավակնող անձանց։ Բացասական եզրակացության համար 2 թեկնածուի պարագայում հիմք են հանդիսացել գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները, 2-ի դեպքում՝ գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները և կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքը: Մեկ եզրակացության դեպքում հիմք է հանդիսացել թեկնածուի գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները և վերջինիս կողմից բարեվարքության հարցաթերթիկում` քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ ներկայացված տվյալների անարժանահավատությունը։ Յոթ եզրակացություն վերաբերել է վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում ընդգրկվել հավակնող անձանց։ Բացասական 6 եզրակացության պարագայում հիմք են հանդիսացել թեկնածուների գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները, իսկ մեկի դեպքում՝ թեկնածուի կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքը։   Շարունակությունը՝ hetq.am-ում
09:31 - 19 օգոստոսի, 2022
ԲԴԽ-ն մերժել է դատավոր Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

 |armenpress.am|

ԲԴԽ-ն մերժել է դատավոր Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը |armenpress.am|

armenpress.am: Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 11-ին, հրապարակել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը: Խորհուրդը որոշել է Արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը մերժել: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 197-րդ հոդվածի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» 8-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումներ, որն իր հերթին հանգեցրել է Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման, այն է՝ թիվ ԼԴ/0227/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում դատարանը կայացրել է սխալ դատական ակտ՝ վճռում վրիպակն ուղղելու դիմումը մերժելու մասին, հրաժարվել է կատարողական թերթում ուղղում կատարելուց, թիվ ԼԴ/1975/02/19 քաղաքացիական գործի շրջանակներում կողմերի հաշտության համաձայնության ներկայացումից առավել քան 13 ամիս անց չի հաստատել այն, քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու պահանջով թիվ ԼԴ4/0737/02/21 գործի քննությունն իրականացրել է և վճիռը հրապարակել է դիմումը վարույթ ընդունելուց հետո առավել քան 10 ամիս անց։
17:06 - 11 օգոստոսի, 2022
ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներին

ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներին

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ՀՀ վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներին ներկայացրեց դատարանների նորանշանակ նախագահներին: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։ ՀՀ նախագահի` օգոստոսի 8-ի հրամանագրերով՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով, իսկ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 1-ի ԲԴԽ-74-Ո-242 և ԲԴԽ-74-Ո-241 որոշումներով ներկայացված առաջարկությունները: Շնորհավորելով դատարանների նորանշանակ նախագահներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ նրանք իրենց մասնագիտական բարձր որակներն ու պատրաստվածությունը կօգտագործեն ի շահ արդարադատության ամրապնդման, օրենքի գերակայության և բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայման գործընթացի պատշաճ իրականացման. «Դուք տիրապետում եք այնպիսի որակների, որոնց շնորհիվ կկարողանանք բարձրացնել Վերաքննիչ դատարանի որոշումների անաչառության և օբյեկտիվության նկատմամբ հանրային վստահությունը»,- նշեց նա: Դատարանների նորանշանակ նախագահներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Խորհրդին բարձր վստահության համար:Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը ներկայացրեց նաև նորանշանակ դատավորներին՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ Դիանա Հովհաննիսյանին, Գոռ Թորոսյանին, Արմիդա Ոսկանյանին, ինչպես նաև վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ Սերգեյ Մարաբյանին, Կարեն Ամիրյանին, Արմեն Հովհաննիսյանին: ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը նաև ծանոթացավ դատավորների, նրանց աշխատակազմերի առջև ծառացած խնդիրներին և առաջարկեց համատեղ քննարկումների, առաջարկությունների միջոցով փորձել գտնել հնարավոր լուծումներ՝ դատավորների գերծանրաբեռնվածության թոթափման և գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման համար:
16:20 - 09 օգոստոսի, 2022
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել Մխիթար Պապոյանը

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել Մխիթար Պապոյանը

Բարձրագույն դատական խորհուրդն երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրել Մխիթար Պապոյանին: Մխիթար Պապոյանը ծնվել է 1977 թվականին, Արմավիր քաղաքում: 2001 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես ստաժոր, այնուհետև՝ մինչ 2004 թվականը, նույն վարչությունում՝ որպես իրավաբան: 2004 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնում՝ որպես առաջատար մասնագետ: 2006 թվականի հուլիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչությունում՝ որպես ավագ մասնագետ: 2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կազմակերպական վարչության պետ: 2008 թվականի օգոստոս ամսից մինչև 2009 թվականի մարտ ամիսն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավորի օգնական: 2009 թվականի մարտ ամսից մինչև հուլիս ամիսն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական: 2009 թվականի հուլիս ամսից մինչև 2010 թվականի դեկտեմբեր ամիսն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2010 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2013 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2015 թվականի փետրվարի 5-ն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 2015 թվականի փետրվարի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: 2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:
09:16 - 02 օգոստոսի, 2022
ԲԴԽ-ում շարունակվել է դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը

ԲԴԽ-ում շարունակվել է դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը

Հուլիսի 28-ին ԲԴԽ-ում շարունակվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ներկայացրած՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ի տարածած հաղորդագրությունից։  Ըստ Հանձնաժողովի ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել Քրեական դատավարության և Դատական օրենսգրքի նորմերի խախտումներ, որոնց արդյունքում դատավորն առանց պատճառաբանության շեղվել է Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքից, ինչն էլ իր հերթին հանգեցրել է անձին անհիմն ազատությունից զրկելուն: Կողմերին լսելուց հետո Խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի օգոստոսի 4-ին՝ ժամը 14:55-ին:
10:54 - 29 հուլիսի, 2022
«Ես իմ երկու ընկերներին հրավիրել էի միասին ընթրելու»․ Ստեփան Միքայելյանը՝ աղմկահարույց ձայնագրության մասին
 |news.am|

«Ես իմ երկու ընկերներին հրավիրել էի միասին ընթրելու»․ Ստեփան Միքայելյանը՝ աղմկահարույց ձայնագրության մասին |news.am|

news.am: ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի հանդիպմանը ներկա գտնված ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանն այսօր Դատավորների ընդհանուր ժողովից առաջ հրաժարեց պատասխանել այդ հանդիպման ընթացքում տեղի ունեցած զրույցի աղմկահարույց ձայնագրության վերաբերյալ լրագրողների հարցերին: Հարցին, թե խնդիր չի՞ տեսնում այդ ձայնագրության մեջ, նա պատասխանեց. «Դե հիմա գործը հարուցվել է, դրա արդյունքներով ամեն ինչ կորոշվի: Դա քրեական գործ է եւ ես իրավունք չունեմ դրա մասին որեւէ դիտողություն կամ կարծիք հայտնելու»: Դիտարկմանը, որ ինքը որպես միջնորդ է հադես եկել, Միքայելյանն ասաց. «Այդտեղ միջնորդության խնդիր չի եղել: Ես իմ երկու ընկերներին հրավիրել եմ, որ իրար հետ ընթրենք: Դա իմ ցանկությունն է եղել, որ իմ  ընկերները, որ իրար հետ որոշակի լարվածություն ունեին, հարթվեր»: Պատասխանելով իր հրաժարականի մասին հարցին՝ Միքայելյանն ասաց. «Ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում»: Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում հրապարակել էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրություն: Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը։ Պարզաբանելով հրապարակածը՝ Վարդազարյանը հայտարարել էր, թե իրեն առաջարկվել է հրաժարական տալ՝ երաշխավորելով, որ քրեական հետապնդում չի լինի, ինքը մինչև մարտի 1-ը ժամանակ էր խնդրել: Նշենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:
17:11 - 27 հուլիսի, 2022
Կալանքի տոկոսը շատ խիստ նվազել է. նախկինում 4,5-5 հազար էր, հիմա հազիվ 2 հազար է. Մեսրոպ Մակյան
 |news.am|

Կալանքի տոկոսը շատ խիստ նվազել է. նախկինում 4,5-5 հազար էր, հիմա հազիվ 2 հազար է. Մեսրոպ Մակյան |news.am|

news.am: ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը համաձայն չէ պնդումներին, թե ավելի հաճախակի են դարձել կալանքի որոշումները եւ դա պատժի միջոց է դարձել. «Ես համաձայն չեմ: Եթե վերջին 5 տարվա վիճակագրությունը նայենք, տարիներ շարունակ Հայաստանում կալանավորվածների եւ դատապարտյալների թիվը եղել է 4,5-5 հազար: Այսօր հազիվ երկու հազար է: Կալանքի տոկոսը շատ խիստ նվազել է»,-այսօր՝ հուլիսի 27-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց նա: Դիտարկմանը, որ գուցե քաղաքական հնչեղություն ունեցող գործերչով են ավելի հաճախ կալանքի որոշումներ կայացվում, նա արձագանքեց. «Ինչո՞ւ չեք նաեւ ասում, որ այսինչ քաղաքական կամ հնչեղություն ունեցող գործով այսինչ անձը ազատ արձակվեց: Այդ բոլորը լռության են մատնում, բայց կալանավորումները մեծ ռեսոնանս են առաջացնում»:  
15:19 - 27 հուլիսի, 2022
Գագիկ Ջհանգիրյանը հայտնի ձայնագրության գործով հարցաքննվել է

Գագիկ Ջհանգիրյանը հայտնի ձայնագրության գործով հարցաքննվել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ քննչական կոմիտեում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 1-ին մասով և 486-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) 2-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանին հրավիրել են ՀՀ Քննչական կոմիտե և հարցաքննել։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես դիմել էր ՀՀ քննչական կոմիտե` հետաքրքրվելու համար, թե ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը արդյոք հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում, թե ոչ։ Ի պատասխան՝ «Ժողովուրդ» օրաթերթին կոմիտեի լրատվական ծառայությունից պաշտոնապես հայտնեցին. «ՀՀ քննչական կոմիտեում Ռ. Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարոն Գ. Ջհանգիրյանը վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է»: Թե ինչ է ասել նա քննիչներին, պաշտոնապես չեն հայտնել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ գործով հարցաքննվել է նաև Ռուբեն Վարդազարյանը դարձյալ վկայի կարգավիճակով։ Հիշեցնենք, որ Վարդազարյանի՝ ձայնագրությունը հրապարակելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշում ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որով նրա լիազորությունները դադարեցվեցին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից: Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցվեցին հուլիսի 4-ին։
09:32 - 21 հուլիսի, 2022
ԲԴԽ-ն Գլխավոր դատախազությանը կոչ է անում լինել հնարավորինս զուսպ, չհատել կոռեկտության սահմանները

ԲԴԽ-ն Գլխավոր դատախազությանը կոչ է անում լինել հնարավորինս զուսպ, չհատել կոռեկտության սահմանները

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել՝ Գլխավոր դատախազությանը կոչ անելով «լինել հնարավորինս զուսպ»: Հայտարարությունում ասվում է. «18.07.2022թ.-ին ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում հրապարակվել է «Կրկնահանցագործը նոր հանցագործություններ է կատարել՝ դատարանների անհիմն որոշումների արդյունքում պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակվելու արդյունքում» խորագրով հաղորդագրություն, որում կասկածի տակ է դրվել Առաջին, Վերաքննիչ և Վճռաբեկ ատյանների կողմից միևնույն գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիմնավորվածությունն ու օրինականությունը: Բարձրագույն դատական խորհուրդն անթույլատրելի և դատապարտելի է համարում հատկապես պետական մարմինների կողմից նման գործելաոճը, քանի որ այդ արատավոր երևույթը ոչ միայն անհիմն հեղինակազրկում է դատական իշխանությանը, այլև ստեղծում է տպավորություն, որ պետական մարմինները չեն հարգում օրենքը, ինչն անելը հենց առաջնահերթ վերջիններիս պարտականությունն է: Կոչ ենք անում մեր գործընկերներին իրենց արտահայտություններում լինել հնարավորինս զուսպ, չհատել կոռեկտության սահմանները և հարգանք դրսևորել օրենքի և դատական իշխանության նկատմամբ»: Հիշեցնենք, որ երեկ Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել ու նշել, որ դատարանների կողմից կայացված՝ կրկնահանցագործին պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու չհիմնավորված որոշման, դրա դեմ դատախազության առարկությունների, վերադաս դատարաններ ներկայացրած բողոքների մերժման արդյունքում ազատ արձակվելուց հետո անձը կատարել է նոր, այդ թվում նաև` առանձնապես ծանր հանցագործություններ:  Մասնավորապես, 2017թ. հունիսի 28-ին ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով դատապարտված Է. Եդիգարյանը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. հոկտեմբերի 4-ի դատավճռով Հայաստանում կատարված այլ հանցագործության համար դատապարտվել էր ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Նրա նկատմամբ պատիժ էր նշանակվել ազատազրկում 4 տարի ժամկետով: ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բացասական զեկույցների հիման վրա, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պետը 2021թ. ապրիլի 16-ին որոշում է կայացրել դատապարտյալ Է. Եդիգարյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնել։ Այս որոշումը դատապարտյալը բողոքարկել է դատարան, բողոքի դատաքննության ժամանակ դատախազն առարկել է դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեմ: Չնայած վերոնշյալ հանգամանքներին՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ Է. Եդիգարյանի բողոքը բավարարվել է, և նա պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի մնացած մասը՝ 1 տարի 3 ամիս 9 օրը, կրելուց: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ «հաշվի առնելով Է. Եդիգարյանի կողմից պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագիծը և դրա վերաբերյալ կազմված զեկույցները՝ կրած պատիժը բավարար է դատապարտյալի ուղղվելու համար և նա ազատազրկման ձևով նշանակված  պատժի մնացած մասը կրելու կարիք չունի»: Դատարանի այս որոշման դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ, ապա նաև վճռաբեկ բողոքներ, որոնք, սակայն ՀՀ վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից մերժվել են: Արդյունքում,  Է. Եդիգարյանն ազատ է արձակվել: Դրանից հետո վերջինս, գտնվելով վերահսկողության ներքո, Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնում հարուցված քրեական գործով 2022թ. ապրիլի 15-ին ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:  Ավելի ուշ՝ պարզվել է նաև, որ նա, կրկին վերահսկողության ընթացքում՝ կատարել է նաև այլ, առանձնապես ծանր հանցագործություն: Մասնավորապես, 2022թ. ապրիլի 15-ին ժամը 19-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, ձեռքերով և փայտերով հարվածներ է հասցրել երկու անձի, ինչի արդյունքում վերջիններս տեղում մահացել են: Եդիգարյանը ձերբակալվել է և ԱՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 
12:54 - 20 հուլիսի, 2022