Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ քննչական կոմիտեում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 1-ին մասով և 486-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) 2-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանին հրավիրել են ՀՀ Քննչական կոմիտե և հարցաքննել։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես դիմել էր ՀՀ քննչական կոմիտե` հետաքրքրվելու համար, թե ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը արդյոք հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում, թե ոչ։
Ի պատասխան՝ «Ժողովուրդ» օրաթերթին կոմիտեի լրատվական ծառայությունից պաշտոնապես հայտնեցին. «ՀՀ քննչական կոմիտեում Ռ. Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարոն Գ. Ջհանգիրյանը վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է»:
Թե ինչ է ասել նա քննիչներին, պաշտոնապես չեն հայտնել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գործով հարցաքննվել է նաև Ռուբեն Վարդազարյանը դարձյալ վկայի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ Վարդազարյանի՝ ձայնագրությունը հրապարակելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշում ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որով նրա լիազորությունները դադարեցվեցին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից: Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցվեցին հուլիսի 4-ին։
comment.count (0)