Դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
13:48 - 23 սեպտեմբերի, 2022

Դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել Ազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին։

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․ «Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 19-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է 2022 թվականի սեպտեմբերի 22-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի լիազորությունները համարել դադարած»։

Ազարյանը այդ պաշտոնին էր 2016 թվականի մայիսի 23-ից։

Մեկ այլ որոշմամբ ԲԴԽ-ն Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար նոր թեկնածու է առաջադրել։

Որոշման մեջ ասված է․ «2022 թվականի սեպտեմբերի 22-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 129-րդ և 117-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Հանրապետության նախագահին առաջարկել Գրիգոր Վոլոդյայի Հովհաննիսյանի  թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար»:

ԲԴԽ-ն որոշել է  նաեւ առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Գրիգոր Վոլոդյայի Հովհաննիսյանի՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած և վերջինիս հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել