Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին

Դատախազությունը պահանջում է զերծ մնալ Մայր Աթոռի բնականոն գործունեությունը խաթարող քայլերից

Դատախազությունը պահանջում է զերծ մնալ Մայր Աթոռի բնականոն գործունեությունը խաթարող քայլերից

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հրապարակումներ այն մասին, որ արվել են հրապարակային կոչ-հրավերներ կիրակի օրը՝ դեկտեմբերի 27-ին, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի բողոքի ակցիաների կազմակերպման, իրականացման մասին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը. «Առանձին դեպքերում այդ կոչերում օգտագործվել են նաև վիրավորական, ըստ էության, ատելության խոսքին բնորոշ արտահայտություններ: Հարգանքով մոտենալով օրենքով չարգելված հավաքներ անցկացնելու քաղաքացիական իրավունքի իրացման հետ կապված հարաբերություններին՝ այդուհանդերձ, նման արտահայտությունները, ձևակերպումներն իրենց մեջ պարունակում են այդ ակցիաների ընթացքում հնարավոր բռնությունների, հասարակական կարգի խախտման հանգեցնող, ինչպես նաև ապօրինի այլ գործողությունների էական ռիսկեր: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ինչպես ակցիայի նախաձեռնողներից, այնպես էլ հնարավոր մասնակիցներից պահանջում է զերծ մնալ նման բովանդակությամբ հրապարակային հայտարարություններ անելուց և այդպիսիք արդարացնելուց, ինչպես նաև այնպիսի գործողություններ իրագործելուց, որոնք կարող են խաթարել հոգևոր կենտրոնի և հոգևորականների բնականոն  գործունեությունը, ս. Էջմիածին այցելող քաղաքացիների այլ իրավունքները, ոտնահարել և վիրավորել վերջններիս հոգևոր զգացմունքները և կարող են հանգեցնել միջխմբային բախումների: Նախազգուշացնում ենք, որ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները նման դրսևորումները կասեցնելու և կանխելու համար, իսկ այդպիսիք տեղ գտնելու և հանցավոր բնույթ կրելու դեպքում դրանցում ներգրավվող բոլոր անձինք անխուսափելիորեն կենթարկվեն քրեական պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ:   
17:54 - 25 դեկտեմբերի, 2020
Միայն ուժեղ պետությամբ է հնարավոր հավերժացնել մեր ինքնությունն ու լինելիությունը, նաև մեր քաջորդիների հիշատակը․ Գարեգին Բ

Միայն ուժեղ պետությամբ է հնարավոր հավերժացնել մեր ինքնությունն ու լինելիությունը, նաև մեր քաջորդիների հիշատակը․ Գարեգին Բ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ դեկտեմբերի 20-ի առավոտյան Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու և աղոթք բարձրացնելու արցախյան պատերազմում նահատակված քաջորդյաց հոգիների խաղաղության համար։    Ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետը և եկեղեցականները այցելել են նաև զինվորականների շիրիմներին, կատարել իրենց առանձնական աղոթքը։   Այնուհետև Սուրբ Գայանե վանքում, Վեհափառ Հայրապետը ներկա է գտնվել Սուրբ Պատարագին, որի ավարտին, նախագահությամբ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի, զոհված հերոսների համար կատարվել է հոգեհանգստյան արարողություն։   Արարարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է ուղղել հոգևոր դասին, ներկա բարեպաշտ հավատացյալներին և համայն հայ ժողովրդին։   Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Արցախյան պատերազմում զոհված նահատակների հոգեհանգստյան արարողությանը. «Սիրելի հավատավոր զավակներ Մեր,   Այսօր վերստին ոգեկոչում ենք լույս հիշատակը հայրենիքի համար զոհված մեր զինվորների, աշխարհազորայինների և զորահրամանատարների, ովքեր արցախյան պատերազմում խիզախաբար պայքարեցին անարգ թշնամու դեմ և իրենց թանկագին արյան հեղումով ընդունեցին նահատակության անթառամ պսակը։ Քաջարի սխրագործություններով նրանք անմահացան մարտի դաշտում և ժառանգեցին հավիտենական կյանքի պարգևը, ինչպես խոստացավ մեր Տեր Հիսուս Քրիստոս՝ ասելով. «Արդ, Ես նրանց հավիտենական կյանք կտամ, և նրանք հավիտյան չեն կորչի» (Հովհ. 10.28):   Տերունավանդ խոստումին ապավինած՝ մեր սիրասուն զավակները իրենց կյանքն ընծայեցին հայրենիքին և անօրինակ սխրանքներով զարդարեցին հայոց ազատամարտի նորագույն էջերը։ Հայ ժողովուրդը կրկին հերոսներ ծնեց, ովքեր բարձր ու լուսաշող տեղ գրավեցին հայոց տարեգրության մեջ և երկնքում դասվեցին բոլոր ժամանակներում վասն հավատո և վասն հայրենյաց մարտնչած ու նահատակված քաջերի կողքին։ Մեր հերոսները զոհվեցին արցախահայության ազատ ապրելու արդար իրավունքի և հայրենիքի խաղաղ, ապահով և բարօր կյանքի տեսիլքով՝ պատգամելով մեզ աննկուն լինել ոգով և արիաբար պայքարել՝ հանուն մեր ազգային նպատակների իրագործման։   Սիրելիներ, վիշտն ու սուգը Աստված փարատում է Իր Սուրբ Հոգու մխիթարությամբ և սփոփիչ զորությամբ։ Նա շնորհն ու կարողությունն է պարգևում, որ վեր հառնենք նեղություններից ու դժվարություններից, Քրիստոսի նման հարություն առնենք մեր պատմության հերթական Գողգոթայից և վկայենք աշխարհասփյուռ մեր ժողովրդի ներուժը, աստվածապարգև մեր հավատն ու ամուր կամքը, նոր կյանք կառուցելու մեր եզակի վճռականությունը։   Համազգային ուժերով և միասնական ոգով ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավումը, քաղաքական և հասարակական ճգնաժամի հաղթահարումը պիտի լինեն մեր արժանի տուրքն ու խոնարհումը նահատակ հայորդիների շիրիմներին։ Ներկա բարդ իրավիճակում զգաստության և ողջախոհության պահպանումը, մեր նահատակների կորուստը արժանավայել սգալը և սուգը չքաղաքականացնելը պիտի լինեն նվիրական հարգանքի ճշմարիտ արտահայտությունը մեր հերոսների անմոռաց լույս հիշատակի առջև։ Ազգային համերաշխությամբ ու համընդհանուր շահերի վսեմ գիտակցությամբ ապրելու ու արարելու մեր ընթացքը պիտի լինի պատվաբեր շարունակությունը մեր զավակների Քրիստոսանման անձնազոհության։   Արդ, մեր նահատակ հերոսների անմար լույս հիշատակի առջև վերահաստատենք հայրենանվիրումի ու ազգանվիրումի ուխտը։ Թող ազգի ու հայրենիքի հանդեպ նրանց պարտքի գիտակցությունը, հանձնառության և զոհաբերության ոգին օրինակ դառնան պետական ու քաղաքական այրերին և համայն մեր ժողովրդին՝ անսակարկ նախանձախնդրությամբ և անձնուրաց զոհողություններով ամեն կարելին ներդնելու մեր հայրենիքի բարօր ու շեն կյանքի կերտման և մեր պետականության ամրապնդման համար։ Չվտանգենք մեր պետականությունը անխոհեմ քայլերով, չգերադասենք անձնական շահերը, այլ գործենք հանուն մեր ժողովրդի ու հայրենյաց անկորուստ պահպանության, զորացման ու առաջընթացի։ Միայն ուժեղ պետությամբ է հնարավոր հավերժացնել մեր ինքնությունն ու լինելիությունը, նաև մեր քաջորդիների հիշատակը։   Ի խորոց սրտի աղոթենք միասին, որ Ամենագութն Աստված հանգստություն ու երանություն շնորհի քաջաբար զոհված մեր սիրասուն զավակների անմահ հոգիներին։ Աղոթենք, որ գթառատ Տերն Իր Սուրբ Հոգով սփոփի մեր հերոսների ծնողների, կանանց ու զավակների սգացյալ սրտերը և մեր բոլորի վշտակիր հոգիները։ Թող այլևս սուգն ու տխրությունը չմթագնեն մեր ազգային կյանքը, ողբերգությունները չպատուհասեն մեր ժողովրդին, և Աստծուն ապավինած ու ազգովին համախումբ՝ կերտենք լուսավոր գալիքը հայրենյաց և համայն հայության։ Փառք և երիցս փառք մեր նահատակ որդիներին։   Խոնարհում, մշտահունչ աղոթք և բյուր օրհնություն մեր հերոսների լույս հիշատակին։ Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք բարձրացրեց առ Բարեգութն Աստված՝ ասելով.   «Քրիստոս Որդի Աստծո, որ ներողամիտ ես ու բարեգութ, ընդունիր մեր աղոթքները և ունկնդիր եղիր մեր խնդրանքներին։ Արարչական սիրովդ գթա Արցախյան ազատամարտում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոս զինվորների և զորավարների հոգիներին։ Լույսերիդ մեջ աջակողմյան դասում ընդունիր նրանց Քո սուրբերի հետ միասին և պարգևիր երկնքի անվախճան արքայությունդ։ Ամենախնամ Տեր, Քո աստվածային ազատությունը պարգևիր մեր գերիներին, որպեսզի օր առաջ նրանք ապահով տուն վերադառնան։ Քո ամոքիչ և կենդանարար սիրով օրհնիր և բժշկություն պարգևիր նաև վիրավորներին ու ապաքինվող բոլոր անձանց և Քո Սուրբ Հոգու մխիթարիչ զորությունը պարգևիր որդեկորույս ծնողներին՝ սգակիր հայրերին ու մայրերին, այրիացյալ կանանց ու որբացած մանուկներին, նրանց հարազատներին և վշտակիր համայն մեր ժողովրդին։ Բարերար և բազումողորմ Տեր, Քո հայրական խնամքով և ամենախնամ Սուրբ Աջովդ պահպանիր մեր ժողովրդին սիրով միաբան՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում և զորացրու մեր հոգիները հավատքով ու հույսով, որպեսզի Քո օգնականությամբ այս ծանր ճգնաժամը ևս հաղթահարենք։   Հեռացրո՛ւ մեզնից ատելության ու բռնության չարիքը և շնորհի՛ր համերաշխության ու եղբայրասիրության ոգի, որպեսզի ազգովին համախումբ շենացնենք ու զորացնենք մեր հայրենիքը և հանապազ գոհությամբ օրհնաբանենք Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»։      
14:34 - 20 դեկտեմբերի, 2020
Ամբողջ ազգը դիտում է տեսանյութեր հայ զինծառայողների գերեվարման և սպանության մասին․ Մայր Աթոռը կոչ է անում իշխանություններին դրսևորել պատասխանատու կեցվածք

Ամբողջ ազգը դիտում է տեսանյութեր հայ զինծառայողների գերեվարման և սպանության մասին․ Մայր Աթոռը կոչ է անում իշխանություններին դրսևորել պատասխանատու կեցվածք

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այս վիճակը նվաստացուցիչ է և ամոթալի, երբ ամբողջ ազգը ավելի քան 12 ժամ անհանգստությամբ ու վրդովմունքով դիտում է ադրբեջանական աղբյուրներով տարածվող տարբեր տեսանյութեր հայ զինծառայողների զինաթափման, գերեվարման և սպանության մասին՝ դրանց մեջ ակամա փնտրելով իրենց զավակների ու սիրելիների դեմքերը, երբ ակնկալում է այդ կապակցությամբ պատկան պետական կառույցների սպառիչ բացատրություններ և կամ ուղղակի գործողություններ, հրապարակված պաշտոնական հաղորդագրությունները բովանդակային անորոշության հաղորդմամբ ոչ միայն չեն մխիթարում և փարատում այս վիճակը, այլև ավելի են խորացնում այն՝ հարկադրելով մարդկանց հայացքները պարզել այլ ուղղությամբ։Անհետ կորածների, զոհվածների ու գերեվարվածների ընտանիքները և ողջ ազգը այս վիճակում պահելը արդյո՞ք նպաստում է առանց այն էլ լարված մթնոլորտի լիցքաթափմանը, արդյո՞ք հարիր է արժանապատվության, բարոյականության և ՀՀ ու ԱՀ քաղաքացու հանդեպ ստանձնած պարտականությունների պատասխանատու իրագործման ընկալումներին։Անհայտ կորած մեր հայորդիների շարքում շարունակում է մնալ նաև Մայր Աթոռի միաբան Մկրտիչ աբեղա Կարապետյանը, ով առաջին իսկ օրից իբրև կամավոր մեկնեց առաջնագիծ։Մայր Աթոռում շարունակում ենք աղոթել և կոչ անում հայրենի իշխանություններին դրսևորել պատասխանատու կեցվածք։Վերջին օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ռազմագերիների հարցով որոշակի քայլեր ձեռնարկվել են»։
11:48 - 16 դեկտեմբերի, 2020
Մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը

Մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հաստատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը, որի նպատակն է բացառաբար հումանիտար ծրագրերով հոգատարություն ցուցաբերել Արցախում ծանր կացության մեջ հայտնված ժողովրդին և պատերազմի հետևանքով արցախյան գյուղերից տարհանված և Հայաստանում ապաստանած ընտանիքներին։ Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի միջոցով իրականացվող ծրագրի աշխատանքները համակարգելու է ստեղծված հանձնախումբը՝ ատենապետությամբ  Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի։ Հանձնախմբի կազմում ընդգրկված են եկեղեցականներ և աշխարհականներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և բոլոր մայրցամաքներից։ Այս առիթով օրերս Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել հանձնախմբի հետ։ Նորին Սրբությունը հայրական իր օրհնությունն ու գնահատանքն է բերել հանձնախմբի անդամներին, որ այս դժվարին ու ծանր օրերին ստանձնել են Մայր Աթոռի նախաձեռնած ծրագրի շրջանակներում իրենց օգտաշատ աջակցությունը բերել Արցախի հայորդիներին: Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանի ու Արցախի առջև ամենատարբեր ոլորտներում այսօր ծառացած լուրջ մարտահրավերներին՝ ընդգծելով, որ առկա պայմաններում Հայոց Եկեղեցին պետք է անի ամեն անհրաժեշտը՝  առավելագույնս աջակցություն մատուցելու մեր հայրենիքին ու ժողովրդին։ Այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է հանձնաժողովի առաքելությունը՝ հույս հայտնելով, որ նախատեսված գործունեությունը կստանա համազգային և համասփյուռքյան ընդգրկում: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը, Հայոց Եկեղեցու թեմերի և ազգային հաստատությունների համագործակցությանն առնչվող հարցեր։
20:27 - 14 դեկտեմբերի, 2020
Գարեգին Բ-ն և Պարգև Սրբազանը քննարկել են Արցախի թեմի գործունեությանը և սրբավայրերին վերաբերող հարցեր

Գարեգին Բ-ն և Պարգև Սրբազանը քննարկել են Արցախի թեմի գործունեությանը և սրբավայրերին վերաբերող հարցեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է արտերկրում բուժումից վերադարձած Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: Սյս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը: «Պարգև Սրբազանը Նորին Սրբությանը շնորհակալություն հայտնեց հոգատարության և բուժման մեկնելու հայրական հորդորի համար, որի շնորհիվ անհապաղ բժշկական միջամտությամբ հնարավոր եղավ կանխել կյանքին սպառնացող վտանգը: Հայոց Հովվապետը, ուրախություն հայտնելով Սրբազանի կազդուրման և վերադարձի առիթով, նկատեց, որ այս օրերին հավատացյալ ժողովուրդը լուրջ անհանգստություն դրսևորեց նրա առողջական վիճակի առնչությամբ, ինչը վկայում է Պարգև Սրբազանի անձի հանդեպ մեծ հարգանքի և սիրո մասին»,- գրել է Վահրամ քահանա Մելիքյանը: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի թեմի առաջնորդն անդրադարձել են Արցախում տիրող իրավիճակին, Արցախի ժողովրդի կարիքներին ուղղված նախաձեռնվող ծրագրերին, ինչպես նաև թեմի հետագա գործունեությանը և սրբավայրերի խնամքին։
14:19 - 12 դեկտեմբերի, 2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող մի խումբ ֆրանսիացի բժիշկների՝ ուղեկցությամբ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանի։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ առաքելության պատասխանատու դոկտ․Լևոն Խաչատրյանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց արցախյան պատերազմի ընթացքում հումանիտար և բժշկական օգնության նպատակով կազմակերպված առաքելության շրջանակներում Ֆրանսիայից բժիշկների արդեն երրորդ խմբի այցելության արդյունքների, վիրավորում ստացածների ապաքինմանն ուղղված ծրագրերի և այդ նպատակով ձևավորված համագործակցության մասին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրորեն գնահատեց ֆրանսիացի բժիշկների ազնիվ հանձնառությունը՝ նշելով, որ նմանօրինակ մարդասիրական ծրագրերը մեծ օգտակարություն ունեն և կարևոր զորակցություն են հայ բժիշկներին վիրավոր զինվորականների բուժման գործում։ Հանդիպման առիթով Նորին Սրբությունն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի իշխանություններին և մասնավորապես նախագահ Էմանուել Մակրոնին այն կարևոր աջակցության համար, որ պատերազմի առաջին օրերից ցուցաբերվել է Արցախի ժողովրդին։ Հայոց Հայրապետը բարձրորեն գնահատեց նաև այն ուշադրությունը և հարգանքը, որ ֆրանսիացի ժողովրդի կողմից դրսևորվում է հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ։ Ֆրանսիացի բժիշկներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայրապետական օրհնության և գնահատանքի համար։ Ապա քննարկվեցին առկա անհրաժեշտություններն ու կարիքները, անդրադարձ կատարվեց այս ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերին, մասնավորապես վերջին տարիներին Մայր Աթոռի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու վարչության համատեղ ջանքերով իրականացվող վերջույթների պրոթեզավորման ծրագրին։ Կարևորվեց նմանօրինակ ծրագրերի կազմակերպումը ներգրավմամբ նաև մարդասիրական զանազան կազմակերպությունների, որպեսզի հնարավորություն ընձեռնվի վիրավոր զինծառայողներին վերադառնալու լիարժեք կյանքի։ Այդ գործընթացում անհրաժեշտ նկատվեց բուժման մեջ գտնվողների հետ հոգեբանական աշխատանքի կազմակերպումը և դրանում ընդգծվեց նաև Եկեղեցու մասնակցության կարևորությունը։ Վերջում Հայոց Հովվապետն աղոթեց խաղաղության համար՝ հայցելով Երկնավորից, որպեսզի որևէ ազգ և ժողովուրդ այլևս չապրի նման ցավ և պատերազմի աղետալի հետևանքների ողբերգություն։
22:42 - 04 դեկտեմբերի, 2020
ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի փաստը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի փաստը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Երեկ հայտնվեցի ինձ համար անսովոր իրավիճակում՝ համացանցային տիրույթում ակամա արժանանալով հանրային չվաստակած ուշադրության՝ կապված ինձ ԱԱԾ հրավիրած լինելու տեղեկատվության հրապարակումների հետ: Այս մասին պարզաբանում է տարածել Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Պարզաբանման մեջ նաեւ ասվում է. «Նկատի առնելով, որ այս ընթացքում ստացել եմ բազմաթիվ հեռախոսազանգեր, որոնց մի մասին չեմ կարողացել արձագանքել, նպատակահարմար եմ տեսնում ընդհանրացված ներկայացնել հետեւյալը: Նախ խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց զորակցությունն են փոխանցել ինձ եւ տեղեկացնել, որ որեւէ անհանգստության պատճառ չկա: Ես գտնվում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ շարունակում եմ իմ ծառայությունը: Հրապարակված տեղեկատվության հետ առնչված ցանկանում եմ հայտնել, որ օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ եւ ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հավելյալ մանրամասների չեմ ցանկանա անդրադառնալ: Անհրաժեշտության դեպքում ԱԱԾ ներկայացուցիչներն իրենք կարող են այդ մասին խոսել: ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի իրողությունը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ: Ինչ վերաբերում է իմ դիրքորոշումներին ու համոզումներին, առնչված վարչապետի հրաժարականի հետ, դրանք մնում են նույնը: Շարունակելու եմ ծառայել իմ Եկեղեցուն ու իմ ժողովրդին՝ ապավինելով Աստծու օրհնությանն ու զորակցությանը: Թող Տերը օրհնի մեր երկիրը եւ մեր ժողովրդին»:
13:55 - 24 նոյեմբերի, 2020
Մայր Աթոռը արցախյան պատերազմի նահատակներ հիշատակի արարողության առիթով որևէ մեկին, այդ թվում՝ որևէ պետական կառույցի կամ այրի, մասնակցության հրավեր չի ուղղել

Մայր Աթոռը արցախյան պատերազմի նահատակներ հիշատակի արարողության առիթով որևէ մեկին, այդ թվում՝ որևէ պետական կառույցի կամ այրի, մասնակցության հրավեր չի ուղղել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը  հայտնել է, որ արցախյան պատերազմի նահատակներ հիշատակի այսօրվա արարողության առիթով Մայր Աթոռը որևէ մեկին, այդ թվում՝ որևէ պետական կառույցի կամ այրի, մասնակցության հրավեր չի ուղղել։  «Կարծում եմ այս իրադրության մեջ մեծապես պետք է ուշադրություն դարձնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի այսօրվա ուղերձին, նախորդիվ հրապարակած նոյեմբեր 10-ի կոչին և Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը։ Իսկ ի պատասխան լրագրողների հարցումների և անհատական նամակների՝ պարզաբանեմ, որ հիշատակի արարողության առիթով Մայր Աթոռը որևէ մեկին, այդ թվում՝ որևէ պետական կառույցի կամ այրի, մասնակցության հրավեր չի ուղղել։ Արարողության մասին ծանուցումը եղել է հանրային՝ հնարավորություն ընձեռելով ամենքին ուղիղ եթերով հետևելու և կամ ներկա գտնվելու հիշատակի միջոցառմանը։ Ամենայն Հայոց Հայրապետը շարունակում է ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը միտված իր ջանքերը` նաև աղոթելով մեր ժողովրդի և հայրենիքի խաղաղության համար»։ Հիշեցնենք, արարողությանն այսօր մասնակցել են ՀՀ վարչապետը և նախագահը։
23:04 - 22 նոյեմբերի, 2020
Վարչապետը պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Մայր Աթոռում
 |24news.am|

Վարչապետը պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Մայր Աթոռում |24news.am|

24news.am: ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է. «Ի պատասխան լրատվամիջոցների տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արցախյան պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Մայր Աթոռ սբ. Էջմիածնում»: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի Սուրբ Պատարագից հետո՝ ժամը 13։30-ին, Սուրբ Տրդատի բաց խորանին։
10:15 - 22 նոյեմբերի, 2020