ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիին

Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիին

Իրանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուք էջի հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 6-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ։ Ա․ Թումանյանը շնորհավորել է Մ․ Սաֆարիին կարևոր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ առաջիկայում երկու երկրի կառավարությունների կողմից կիրականացվեն անհրաժեշտ բոլոր քայլերը Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար։ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մ․ Սաֆարին, կարևորելով տնտեսական համագործակցության խորացումը, իր պատրաստակամությունն է հայտնել ընթացիկ տնտեսական ծրագրերի իրականացմանն աջակցության հարցում։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային առանցքի ամրապնդման ուղղությամբ աշխատանքների կազմակերպման հարցերին։
17:51 - 06 հոկտեմբերի, 2021
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են համանախագահների հովանու ներքո հանդիպել հումանիտար հարցերը քննարկելու |armenpress.am|

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են համանախագահների հովանու ներքո հանդիպել հումանիտար հարցերը քննարկելու |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կրկին հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ քննարկելու հումանիտար մի շարք հարցեր, այդ թվում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցը:  Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով Նազելի Բաղդասարյանի հարցին, որն առնչվում էր Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Միրզոյանի վերջերս տեղի ունեցած հանդիպմանը: «Իհարկե, այս ձևաչափով քննարկումների, բանակցային գործընթացի վերսկսումը միանշանակ ողջունելի և միանշանակ բխում է ՀՀ-ի, ԼՂ-ի շահերից: Մեկ անգամ ևս փաստում ենք, որ խնդիրը լուծված չէ: Ադրբեջանը սիրում է ասել, թե խնդիրն այլևս գոյություն չունի, կարծում եմ՝ սա միջազգային հանրության կողմից ևս  մի հավաստիացում է, որ խնդիրը գոյություն ունի և լուծում պահանջում է, և լուծման փնտրտուքը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով, միջազգային ճանաչում ստացած միակ մանդատ ունեցող մարմնով»,-ասաց Միրզոյանը: Նա կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խնդրի լուծումը՝ նշելով, որ դա ինչ-որ փուլում ենթադրում է ամենաէական հարցերի քննարկում: «Դրական եմ համարում, որ ըմբռնում կար, որ ելնելով լարվածությունից, ելնելով բազմաթիվ չլուծված և օրեցօր ծագող զանազան հարցերի առկայությունից՝ պայմանավորվածություն  ենք ձեռք բերել նորից հանդիպել և առաջնային քննարկման դարձնել հումանիտար հարցերը: Իհարկե, առաջին հերթին խոսքը վերաբերում է Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցին, հաստատման սպասող գերիների առկայության հարցին, ԼՂ-ում հումանիտար առաքելությունների, միջազգային կազմակերպությունների հասանելիության հարցին, բազմաթիվ այսպիսի խնդիրներին: Կարծում եմ, որ այս խնդիրների դրական լուծումը առաջին հերթին Ադրբեջանի կողմից կառուցողական դիրքորոշման վկայություն կլինեն, և կստեղծեն այնպիսի մթնոլորտ, որտեղ կարող ենք ամենակարևոր հարցերը քննարկել ժամանակի ընթացքում»,-ասաց ԱԳ նախարարը:  Միրզոյանն առաջարկեց ուշադրություն դարձնել համանախագահների տարածած հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումներին: Ըստ նրա՝ ամեն ինչ դրանով ասված է:
17:24 - 06 հոկտեմբերի, 2021
ԱԳ նախարարն ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին

ԱԳ նախարարն ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անիկա Սյոդերին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ դերը՝ որպես համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն։ Այս համատեքստում նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ԵԱՀԿ գործող նախագահի և նրա անձնական ներկայացուցչի գործունեությունը:44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում հատկապես շեշտվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ տարածաշրջանում տևական խաղաղության հնարավոր է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով:
19:45 - 05 հոկտեմբերի, 2021
Պատերազմի հետևանքով տեղահանվել է ավելի քան 91.000 մարդ, որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են․ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյան

Պատերազմի հետևանքով տեղահանվել է ավելի քան 91.000 մարդ, որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են․ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյան

ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի Գործադիր կոմիտեի 72-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքներին, ընդգծել, որ պատերազմի հետևանքով տեղահանվել է ավելի քան 91.000 մարդ, որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են: Նա նշել է, որ հայկական կողմն անընդունելի է համարում Արցախում մարդասիրական օգնության տրամադրման խոչընդոտումը և ակնկալում է բռնի տեղահանված անձանց խնդիրները լուծելու հարցում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործուն աջակցությունը։ Վահե Գևորգյանը հավաստիացրել է, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, որը կհասցեագրի նաև Լեռնային Ղարաբաղում իրենց բնակության նախկին վայրեր բոլոր հայերի վերադարձի խնդիրը, և համոզմունք է հայտնել, որ Արցախի ժողովրդին մարդասիրական օգնության ցուցաբերումը պետք է իրականացվի անկախ բոլոր հանգամանքներից։
18:51 - 05 հոկտեմբերի, 2021
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունությունը վտանգող գործողությունների անթույլատրելիությունը

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունությունը վտանգող գործողությունների անթույլատրելիությունը

Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Երկու երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունությունը վտանգող գործողությունների անթույլատրելիությունը և կարևորել տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցությունը։ Հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու երկրների միջև համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Նախարարները գոհունակություն են հայտնել դարերի խորքից եկող հայ-իրանական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ջանքեր ներդնել փոխվստահության վրա հիմնված փոխգործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տնտեսական կապերի ակտիվացման հեռանկարներին՝ ընդգծելով նպատակային քայլերի իրականացման կարևորությունը՝ առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ, այդ թվում՝ կողմերի միջև համաձայնեցված կոնկրետ ծրագրերի իրականացման միջոցով։ Քննարկվել է նաև զբոսաշրջության ու մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացումը։ Այս համատեքստում, նախարարները կարևորել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը։ ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ կարևորվել է նաև «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրումը և արդյունավետ կիրարկումը։ ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Եվրասիական Միություն-Իրան համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությանը։ Արարատ Միրզոյանն իրազեկել է Գորիս-Կապան ճանապարհահատվածին այլընտրանք հանդիսացող ճանապարհի կառուցման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության վերաբերյալ։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի հեռանկարների շուրջ: «Արարատ Միրզոյանն ու Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի քննարկման առանցքային թեմաներից էին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը։ ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և ծառացած հումանիտար խնդիրները։ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների՝ շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Անդրադառնալով նաև ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքիշխան տարածք ներթափանցման և շարունակական սադրիչ գործողությունների արդյունքում ստեղծված իրադրությանը՝ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։ Երկու երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունությունը վտանգող գործողությունների անթույլատրելիությունը և կարևորել տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցությունը»,- հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, որի համաձայն, հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։
20:20 - 04 հոկտեմբերի, 2021
Հայաստանը բարձր է գնահատում երկրի սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանը բարձր է գնահատում երկրի սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի Իրանում կայացած հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ, որի ժամանակ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում երկրի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։ «Հարգելի՛ պարոն Ամիր Աբդոլլահիան, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Առաջին հերթին` կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանին՝ իմ գործընկերոջը և լավ բարեկամին, հրավերի, ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների, բանակցությունների համար: Բարեկամության և փոխվստահության մթնոլորտում նախարար Աբդոլլահիանի հետ ունեցած մեր քննարկումների ընթացքում  գոհունակություն ենք հայտնել հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի և բարձրաստիճան շփումների պարբերականության առնչությամբ: Ընդգծել ենք, որ մեր գործընկերությունը հիմնված է հազարամյակների եղբայրության վրա, և երկուստեք պատրաստակամություն հայտնել բոլոր ուղղություններով մեր ռազմավարական գործընկերությունը խորացնելու առնչությամբ։  Հանգամանորեն քննարկել ենք տարածաշրջանային զարգացումները: Բնականաբար, ես մանրամասն անդրադարձ եմ կատարել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիային և դրա հետևանքներին։ Նաև, իհարկե, նշել ենք, որ այդ ագրեսիային մասնակցել են վարձկան ահաբեկիչներ՝ բերված զանազան թեժ կետերից։   Նշել եմ, որ բազմաթիվ հումանիտար խնդիրներ են մնացել պատերազմից հետո։ Թեև ռազմական գործողությունների դադարեցման պահից Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին, այնուամենայնիվ՝ նրանք դեռ պահվում են Բաքվում։ Նրանց ազատ արձակումը և հայրենադարձումը պետք է անհապաղ տեղի ունենա։ Նշել եմ, որ մենք պայմանավորվել ենք նաև, որ Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ պետք է խոսակցություններ սկսեն տարածաշրջանային կոմունիկացիաների բացման ուղղությամբ, բայց այստեղ ևս կողմերի միջև առկա են խնդիրներ։  Հայաստանը հայտարարել և հայտարարում է, որ մենք բաց ենք կոմունիկացիաները բացելու խոսակցության համար, այնինչ՝ Ադրբեջանը սխալ մեկնաբանությամբ փորձում է խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի վերաբերյալ որևէ բառ, որևէ պայմանավորվածություն չի եղել։  Ինչպես սա, այնպես էլ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը։ Այս առումով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։ Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև, որ, ըստ էության, օրեր առաջ Նյու Յորքում վերագործարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ նրանց մանդատի շրջանակներում, հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։ Իհարկե, մեր այսօրվա հանդիպման կարևոր թեմաներից էր նաև տրանսպորտային տարանցման վերջին մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Մեծարգո պարոն նախարարին տեղեկացրել եմ ճանապարհաշինության, ինչպես նաև առկա մարտահրավերների հետ կապված մանրամասները։ Տեղեկացրել եմ, որ շրջանցիկ ճանապարհը, որի մասին այդքան խոսվում էր, գրեթե ավարտված է։ Անշուշտ, խոսել ենք նաև տնտեսական մեր մեծ համատեղ ծրագրերը շարունակելու, արագացնելու և ավարտին հասցնելու վերաբերյալ։ Կրկին ուզում եմ նշել` ինչպես պարոն նախարարը ևս հավաստեց, երկու երկրների քաղաքական ղեկավարությունները հաստատակամ են՝ լիարժեք և գործընկերային կերպով զարգացնելու մեր հարաբերությունները և խորացնելու դրանք։  Կրկին շնորհակալ եմ հրավերի համար, հարգելի՛ պարոն նախարար, և սիրով սպասում եմ Ձեզ Երևանում»,-ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ 
20:14 - 04 հոկտեմբերի, 2021
Միջազգային հանրությունը պետք է մերժի ժողովուրդների ազատ ապրելու ձգտումներն ուժով ճնշելու ցանկացած փորձ. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան

Միջազգային հանրությունը պետք է մերժի ժողովուրդների ազատ ապրելու ձգտումներն ուժով ճնշելու ցանկացած փորձ. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան

Հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Սոցիալական, հումանիտար և մշակութային հարցերի կոմիտեի (Երրորդ կոմիտե) ընդհանուր քննարկմանը՝ անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության և առաջխաղացման ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին՝ նշելով, որ անկախության վերականգնումից 30 տարի անց Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների գերակայությունը, ժողովրդավարությունը, կանանց առաջխաղացումը և կենսունակ քաղաքացիական հասարակությունն անբեկանելի իրողություններ են. տեղեկացնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից:ՀՀ մշտական ներկայացուցիչն նշել է, որ էթնիկ և կրոնական հիմքերով ատելության խոսքի խորացումը, այլատյացությունը և բռնության սերմանումը պարարտ հող են ստեղծում ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների և այլ ոճրագործությունների համար՝ այս համատեքստում ընդգծելով, որ վերը նշված երևույթների դեմ պայքարում արդյունավետ միջազգային համագործակցությունը բազմակողմ հարթակներում Հայաստանի գերակայությունների թվում է։ Դեսպան Մարգարյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության, ինքնորոշման իրավունքի իրականացման կարևորությանը՝ նշելով, որ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերի համաձայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է մարդու իրավունքների միջազգային իրավակարգի հիմնարար արժեք։Նշվել է, որ միջազգային հանրությունը պետք է հաստատակամորեն մերժի ժողովուրդների ազատ ապրելու ձգտումներն ուժի կիրառման միջոցով ճնշելու ցանկացած փորձ՝ որպես մարդու իրավունքների, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կոպիտ ոտնահարում։
15:44 - 02 հոկտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  «Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերգեյ Լավրովին Պետական դումայի ընտրությունների կապակցությամբ: Զրուցակիցները մանրամասն քննարկել են հայ֊ռուսական հարաբերություններին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է բարձր և բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումների նշանակությունը: ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները անդրադարձ են կատարել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Արարատ Միրզոյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ տեղի ունեցած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին: Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։ Երկու երկրների ԱԳ նախարարները կարևորել են 2020թ. նոյեմբերի 9-ի ու 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններով ձեռք բեված պայմանավորվածությունների կյանքի կոչումը: Հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը: Արտաքին քաղաքական ոլոտում քայլերի կոորդինացման համատեքստում կողմերը քննարկել ենք ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը, հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի ընթացիկ նախագահությունը»:
18:33 - 01 հոկտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր

Արարատ Միրզոյանը ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-բուլղարական հարաբերությունների հագեցած օրակարգի վերաբերյալ և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ: Արարատ Միրզոյանը ու Կալին Անաստասովը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում գրանցված դրական դինամիկան, երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթ բացելու ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև առանձնացրել Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ–բուլղարական միջկառավարական հանձնաժողովի դերը՝ փոխգործակցության հետագա զարգացման համար:
23:49 - 29 սեպտեմբերի, 2021
Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

 Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն սեպտեմբերի 29-ին հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։  Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Անն Լույոն կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում։ «ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում, զրուցակիցները առաջնահերթորեն քննարկել են տնտեսական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման նպատակով կոնկրետ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև կրթական ու մշակութային բնագավառներում կապերի ամրապնդման հետագա հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:27 - 29 սեպտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Բուլղարայի դեսպանին, անդրադարձ է եղել  նաև պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Բուլղարայի դեսպանին, անդրադարձ է եղել նաև պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին, տեղեկացնում է ԱԳՆ կայքը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-բուլղարական հարաբերությունների հագեցած օրակարգի վերաբերյալ և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ: Արարատ Միրզոյանը ու Կալին Անաստասովը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում գրանցված դրական դինամիկան, երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթ բացելու ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև առանձնացրել Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ–բուլղարական միջկառավարական հանձնաժողովի դերը՝ փոխգործակցության հետագա զարգացման համար: ՀՀ ԱԳ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա զարգացմանն ու Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար խնդիրներին: Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
14:59 - 29 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ երկրում գտնվելու փաստը. ԱԳ նախարարը հանդիպել է Թիերի Ռիբոյին

Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ երկրում գտնվելու փաստը. ԱԳ նախարարը հանդիպել է Թիերի Ռիբոյին

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ԿՄԽԿ միջև Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ համագործակցության և կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը: Ընդգծվել է, որ Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր մոտ պատանդառության մեջ գտնվելու փաստը, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում Ադրբեջանի կողմից գերիների հանդեպ իրականացված ծանր հանցագործությունների, ներառյալ՝ բռնի անհետացումների կասկածի վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծվեն և հարցը չպետք է քաղաքականացվի։
13:05 - 29 սեպտեմբերի, 2021
Պերուի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Պերուի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսն (նստավայրը՝ Մոսկվա) սեպտեմբերի 28-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Պերուի հետ հարաբերությունների զարգացմամբ։ Իր հերթին Պերուի դեսպանը նշել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման համար կգործադրի առավելագույն ջանքերը: «Արմեն Ղևոնդյանը Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսին ներկայացրեց 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակն ու կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հարցը` հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:Հանդիպմանը քննարկվել են քաղաքական երկխոսության զարգացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների:  
19:58 - 28 սեպտեմբերի, 2021
Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլերը Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ․ Չավուշօղլու |azatutyun.am|

Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլերը Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ․ Չավուշօղլու |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպում ծրագրերում չկա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ստամբուլում Թյուրքական խորհրդի արտգործնախարարների նիստի շրջանակում Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ասել է, թե ընտրություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հուսադրող հայտարարություն է արել, և Թուրքիայի նախագահը դրանք հավանությամբ է ընկալել։ «Մենք ի սկզբանե ցանկանում էինք, որ տարածաշրջանը խաղաղ տարածաշրջանի վերածվի պատերազմից հետո։ Ադրբեջանը հանդես եկավ խաղաղության մասին առաջարկությամբ։ Սակայն Հայաստանը դրական պատասխան չտվեց դրան։ Մենք Ադրբեջանի հետ կհամակարգենք Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլերը», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
15:32 - 27 սեպտեմբերի, 2021
ՀՀ-ն հանդես է գալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի դիրքից. ԱԳՆ

ՀՀ-ն հանդես է գալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի դիրքից. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարելիցի կապակցությամբ: Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև. «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդին զրկել իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում և հարգանքի տուրք մատուցում արցախյան բոլոր պատերազմներում նահատակված մեր հերոսների հիշատակի առջև, որոնք ընկան հանուն ազատության ու իրենց հայրենակիցների արժանապատվության և կյանքի իրավունքի պաշտանության։ Սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմն ուղեկցվում էր Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, պատերազմական հանցագործություններով և զանգվածային այլ ոճրագործություններով։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և օդային հարվածներով, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ, միտումնավոր թիրախավորում էին քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչը հանգեցրեց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և ավերածությունների։ Իրագործված զանգվածային ոճրագործությունները մանրակրկիտ կերպով փաստագրվել և ներկայացվել են միջազգային կազմակերպություններին ու միջազգային մասնագիտացված կառույցներին։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են միջազգային տարբեր հարթակներում։ 44-օրյա պատերազմը նախապես ծրագրված ու նախապատրաստված ռազմական ագրեսիա էր, որի նպատակն էր ուժի կիրառման և հայ բնակչության բնաջնջնման միջոցով միջազգային օրակարգից հանել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։ Այդ մասին են վկայում ինչպես պատերազմին նախորդած շրջանում Ադրբեջանի գործողությունները, այնպես էլ՝ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը։ Ադրբեջանի իշխանություների կողմից տարիներ շարունակ վարվող հայատյացության քաղաքականությունն ու ուժի կիրառման սպառնալիքները, միջազգային միջնորդների կողմից հակամարտության կարգավորման և հրադադարի ամրապնդման առաջարկների մերժումը, հրադադարի համակարգված և պարբերական խախտումները, միջազգային պարտավորությունների խախտմամբ սպառազինության մեծաքանակ կուտակումները և շփման գծի երկայնքով պարբերաբար անցկացվող հարձակողական բնույթի զորավարժությունները, համավարակի պայմաններում գլոբալ զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին միանալուց հրաժարվելը, ինչպես նաև պատերազմից հետո հնչող հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղը դադարել է գոյություն ունենալ, գալիս են հաստատելու, որ Ադրբեջանը երբևէ շահագրգռված չի եղել խաղաղ միջոցներով հակամարտության կարգավորմամբ: Ադրբեջանը հետևողականորեն խոչընդոտում էր հումանիտար հրադադար հաստատելու միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ինչի հետևանքով նախարարական մակարդակով ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ համաձայնեցված երեք հրադադարներն այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը, որին հետևեց ՌԴ խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղ, դադարեցրեց Ադրբեջանի ագրեսիան և պայմաններ ստեղծեց Արցախում բնակչության համապարփակ անվտանգության երաշխավորման համար։ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով Արցախի հայության առջև ծառացան բազմաթիվ հումանիտար խնդիրներ․ 90 հազարից ավել արցախահայեր ստիպված եղան լքել իրենց մշտական բնակության վայրերը, որոնց գերակշիռ մասը ներկայումս վերադարձել են Արցախ։ Ավելի քան 40 հազար մարդ զրկվել է տնից և ունեցվածքից, ավերվել են կենսական նշանակության ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցներ և հիվանդանոցներ։ Այս առումով Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է միջազգային հումանիտար և այլ մասնագիտացված կառույցների անխափան մուտքն Արցախ, ինչն առանցքային նշանակություն ունի պատերազմի արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամի համապարփակ և արդյունավետ լուծման համատեքստում։ Շուրջ մեկ տարի անց Ադրբեջանը դեռևս շարունակում է պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց՝ խախտելով ինչպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այնպես էլ՝ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները։ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն շարունակում են Արցախի ժողովրդի հանդեպ թշնամական քաղաքականությունը, այլև իրենց վերահսկողության ներքո հայտնված տարածքներում անվանափոխում են հայկական բնակավայրերը, ոչնչացնում ու պղծում են կրոնական սրբավայրերը և մշակութային ժառանգությունը: Այս գործողությունները և հայ բնակչության ամբողջական էթնիկ զտումը ևս մեկ անգամ բացահայտում են այն իրողությունը, որ Արցախի հայերի ֆիզիկակական անվտանգության և կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության ներքո։ Ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների արդյունքում ձևավորված իրողությունները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից նմանօրինակ շարունակական գործողությունները չեն կարող ստեղծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության կայուն հիմքեր։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշումը՝ հաշվի առնելով ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակավայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը: Միայն խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունները կարող են նոր էջ բացել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և զարգացման համար։ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու և մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք մեկնարկի դիրքերից։ Միևնույն ժամանակ, առաջնահերթ նշանակություն են ստանում հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, այդ թվում՝ բոլոր ռազմագերիների և քաղաքացիական պանտանդների հայրենադարձումը և բռնի անհետացման դեպքերի հասցեագրումը: Հայաստանը շարունակելու է հետևողական լինել Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցում և ջանքեր գործադրել՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի, համապարփակ ու տևական լուծման և երաշխավորելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու արցախահայության իրավունքը»։
13:45 - 27 սեպտեմբերի, 2021