Ինֆոքոմ

Ռուսաստանը որպես զենք է օգտագործում պարենի պաշարները․ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

Ռուսաստանը որպես զենք է օգտագործում պարենի պաշարները․ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

Ռուսաստանը պարենային մատակարարումները որպես զենք է օգտագործում՝ նույն մարտավարությունը կիրառելով, ինչ էներգետիկ ոլորտում, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած իր ելույթում։ Նա ընդգծել է, որ «գլոբալ համագործակցությունը» «Ռուսաստանի շանտաժի հակաթույնն է»։ «Ռուսաստանի օկուպացրած Ուկրաինայում Կրեմլի բանակն առգրավում է հացահատիկի պաշարներն ու տեխնիկան: [․․․] Իսկ ուսական ռազմանավերը Սև ծովում արգելափակում են ցորենով և արևածաղկի սերմերով բեռնված ուկրաինական նավերը», - հավելել է ֆոն դեր Լյայենը։ Եվրամիությունը խոստացել է այլընտրանքային լոգիստիկ երթուղիներ բացել՝ Ուկրաինայից հացահատիկի արտահաննմանն օգնելու համար։   Նորա Վանյան
19:35 - 24 մայիսի, 2022
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 154 անդամների դեմ

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 154 անդամների դեմ

Ռուսաստանը՝ որպես պատասխան միջոց, անհատական պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բիտանիայի Լորդերի պալատի 154 անդամների դեմ, «Ինտերֆաքսի» հաղորդմամբ՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ի պատասխան մարտին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի գրեթե ողջ կազմը պատժամիջոցային ցանկում ներառելու մասին Բեծ Բրիտանիայի կառավարության ընդունած որոշման՝ փոխադարձության հիմքով անհատական սահմանափակումներ են կիրառվում բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի 154 անդամների նկատմամբ», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։ Գերատեսչությունը նշել է, որ Լորդերի պալատի անդամները, որոնց արգելվում է Ռուսաստան մուտք գործել, «անմիջական ներդրում են ունեցել Լոնդոնի կողմից հակառուսական պատժամիջոցների մշակման գործում»։ Ռուսաստանի «սև ցուցակի» ընդլայնման աշխատանքը շարունակվելու է, ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։   Նորա Վանյան
18:27 - 24 մայիսի, 2022
Ազատությունն ավելի կարևոր է, քան ազատ առևտուրը․ Ստոլտենբերգ

Ազատությունն ավելի կարևոր է, քան ազատ առևտուրը․ Ստոլտենբերգ

Արևմյան երկրները չպետք է տնտեսական շահը գերադասեն անվտանգությունից, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է Reuters-ը։ «Մենք պետք է գիտակցենք, որ մեր տնտեսական որոշումները հետևանքներ են թողնում մեր անվտանգության վրա։ Ազատությունն ավելի կարևոր է, քան ազատ առևտուրը, մեր արժեքների պաշտպանությունն ավելի կարևոր է, քան եկամուտը», - ասել է Ստոլտենբերգը շվեյցարական Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս։ «Ես դեմ չեմ Չինաստանի հետ առևտրին, սակայն ասում եմ, որ, օրինակ, մեր 5G ցանցերի նկատմամբ վերահսկողությունն ավտանգության համար կենսական նշանակություն ունի», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն՝ անդրադառնալով 5G ցանցերում չինական տեխնոլոգիաների օգտագործման շուրջ քննարկումներին։ Ստոլտենբերգի խոսքով՝ ազատ առևտուրը բարեկեցության և բարգավաճման է բերել, սակայն դրա գինը շատ բարձր է։ «Որովհետև այդ առևտրի մի մասը, ավտորիտար ռեժիմների հետ այդ փոխգործակցության մի մասը խաթարում է մեր անվտանգությունը։ Եվ այս դեպքում մենք պետք է ընտրենք անվտանգությունն, այլ ոչ թե խոցելիությունն ու գերկախվածությունն ավտորիտր եռժիմներից», - ասել է նա։ Անդրադառնալով Ռուսաստանից գազ գնելուն՝ Ստոլտենբերգը նշել է, որ «դա Ռուսաստանին գործիք է տալիս՝ մեզ ահաբեկելու և դա մեր դեմ օգտագործելու»։ Նորա Վանյան
17:36 - 24 մայիսի, 2022
Կարգելվի կանխիկ եղանակով խաղադրույք կատարելը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Կարգելվի կանխիկ եղանակով խաղադրույք կատարելը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Ազգային ժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի ու Ծովինար Վարդանյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» և  «Վիճակախաղերի մասին» օրենքում։  Առաջարկվող կարգավորմամբ արգելվում է տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների եւ նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով, իսկ 6 ամիս հետո ուժի մեջ մտնող կարգավորմամբ բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով:  Նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը քննարկման ընթացքում ասաց՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ-ում հնարավոր չի լինելու կանխիկ եղանակով խաղադրույք իրականացնել․ «Եվս վեց ամիս հետո փաստացի հնարավոր չի լինելու նաև խաղադրույք իրականացնել այն վճարային սարքերի միջոցով, որոնք կան փողոցներում և, ըստ էության, պետք է նշենք, որ մինչ այս պահը և հիմա էլ վիճակագրությունը ցույց է տալիս, որ խաղադրույքների մեծ մասը հենց այդ սարքերի միջոցով է տեղի ունենում։ Մենք փաստացի այս օրենքի նախագծով արգելում ենք նաև այդ սարքերի միջոցով խաղադրույք իրականացնելը: Այսուհետ հնարավորություն է լինելու խաղադրույք իրականացնել միայն բանկային հաշիվներից բանկային քարտերի միջոցով, այսինքն՝ մենք անցնում ենք 100%-անոց անկանխկիկ խաղադրույքի քաղաքականության»։
15:50 - 24 մայիսի, 2022
Առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությանը թողնել միայն որոշակի տեսակի հանցագործություններ․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությանը թողնել միայն որոշակի տեսակի հանցագործություններ․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Ազգային ժողովն այսօրվա քննարկեց  կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ ու լրացումներ կատարել Քրեական դատավարության օրենսգրքում՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար։ Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ունի 40 հաստիք, որից 33-ը՝ քննիչների․ «2021 թ. հոկտեմբերի 23-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քննվել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ, նախապատրաստվել է 171 նյութ: Տվյալ ժամանակահատվածում յուրաքանչյուր քննիչ իր վարույթում ունեցել է 10-11 գործ, ինչը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերների, չի կարող չանդրադառնալ քննության որակի վրա»։ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար կառավարությունը առաջարկում է  կոմիտեի ենթակայությանը թողնել միայն որոշակի տեսակի հանցագործությունների քննություն․«Հակակոռուպցիոն կոմիտեին թողնվելու են պաշտոնատար անձանց կողմից կատարվող կոռուպցիոն հանցագործությունները, իսկ մասնավոր գործերը փոխանցվելու են այլ մարմինների, մասնավորապես, Քննչական կոմիտեին»,- ասաց փոխնախարարը:
14:20 - 24 մայիսի, 2022
Ռուսաստանը ցանկանում է, որ ԵԱՏՄ երկրները տուրքեր սահմանեն հացահատիկի արտահանման համար․ «Կոմերսանտ»

Ռուսաստանը ցանկանում է, որ ԵԱՏՄ երկրները տուրքեր սահմանեն հացահատիկի արտահանման համար․ «Կոմերսանտ»

Չնայած Ռուսաստանում 2022 թ-ին ցորենի ակնկալվող ռեկորդային բերքին՝ երկիրը փորձում է շարունակել հացահատիկի արտահանման նկատմամբ խիստ վերահսկողությունն, այս անգամ՝ ԵԱՏՄ մակարդակով, գրում է «Կոմերսանտը»։ Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ․ ««Կոմերսանտի» տվյալներով՝ վերաարտահանումից խուսափելու համար Ռուսաստանն ուզում է, որ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրները քվոտաներ և տուրքեր սահմանեն հացահատիկի արտահանման համար, նա կարող է երկարաձգել նաև ԵԱՏՄ-ին մատակարարումների սահմանափակումները, որոնք գործում են դեռևս մինչև հունիսի 30-ը։ Դրան դեմ է Ղազախստանը, որը շահագրգռված է դեպի արտասահման մատակարարումների զարգացմամբ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին մայիսի 20-ին Ռուսաստանը պնդել է, որ ԵԱՏՄ բոլոր անդամները քվոտաներ և տուրքեր սահմանեն երրորդ երկրներ հացահատիկի արտահանման համար, ասել են «Կոմերսանտի» աղբյուրները։ Նրանց խոսքով՝ ՌԴ գյուղատնտեսության նախարարությունն այս միջոցն անհրաժեշտություն է համարում սահմանափակումների շրջանցմամբ ԵԱՏՄ միջոցով ռուսական հացահատիկի վերաարտահանման կանխարգելման համար։ Նախարարությունում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովում «Կոմերսանտի» հարցումներին չեն պատասխանել։ Ռուսաստանում 2021 թ-ի հունիսից լողացող տուրք է գործում ցորենի, գարու և եգիպտացորենի արտահանման համար՝ գնային ինդիկատորների միջին արժեքի և բազային մասի միջև տարբերության 70%-ի չափով։ Այսպես, մայիսի 20-ից զորենի արտահանման տուրքը սահմանվել է մեկ տոննայի դիմաց $110,5, գարունն ու եգիպտացորենինը՝ մեկ տոննայի դիմաց $76,5։ Փետրվարի 15-ից մինչև հունիսի 30-ը հացահատիկի արտահանումը նույնպես սահմանափակված է 11 մլն տոննա քվոտայով, որից 8 մլն տոննան ցորենն է։ Այս գարուն Ղազախստանի կողմից Սիբիրում ցորենի գնման ակտիվացման ֆոնին Ռուսաստանն արգելել է հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ մինչև հունիսի 30-ը։ Սա Ղազախստանի դժգոհությունն է առաջացրել, որը ՌԴ-ին կասկածում է խտրականության համար։ Ի պատասխան՝ նա նույնպես քվոտաներ է սահմանել ցորենի և ալյուրի արտահանման համար։ «Կոմերսանտի» աղբյուրների խոսքով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդակցության ժամանակ ռուսական կողմը նշել է, որ ընդունված միջոցները բավարար չեն, քանի որ Ղազախստանում գարու և եգիպտացորենի արտահանման քվոտաներ չկան և բացակայում են արտահանման տուրքերը։ Արդյունքում՝ երկու երկրների ներքին գների միջև զգալի տարբերություն է գոյացել։ «Կոմերսանտի» զրուցակցի խոսքով՝ սիբիրյան ցորենն այսօր վաճառվում է տոննայի դիմաց միջինում 18 հազար ռուբլով՝ ներառյալ ԱԱՀ-ն, ինչը շուրջ 5 հազար ռուբլով ավելի էժան է ղազախականից։ ԵԱՏՄ անդամները դեռևս 2021 թ-ի օգոստոսին էին պլանավորում միասնական մոտեցում ներդնել ցորենի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի սերմերի և մի շարք այլ ապրանքների արտահանման սահմանափակման վերաբերյալ։ Սակայն այս գաղափարն այդպես էլ կյանքի չկոչվեց։ Այսօրվա դրությամբ ցորենի արտահանման լիակատար արգելք է սահմանել Բելառուսը։ Հայաստանն ու Ղրղզստանը որոշումներ են նախապատրաստում տուրքերի և քվոտաների վերաբերյալ, ասել է «Կոմերսանտի» աղբյուրը։ Իսկ Ղազախստանը դեմ է տուրքերին, քանի որ դրանք կարող են խանգարել գյուղատնտեսական ապրանքների արտադրողներին կատարել միջազգային պարտավորությունները, հավելել է «Կոմերսանտի» զրուցակիցը։ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի համապատասխան նախարարություններից չեն պատասխանել թերթի հարցմանը։ Ագրարային շուկայի կոնյունկտուրայի ինստիտուտի տնօրեն Դմիտրի Ռիլկոն ասում է, որ «վերացական տեսակետից» ԵԱՏՄ արտաքին ուրվագծով հացահատիկային կուլտուրաների արտահանման կարգավորումը ճիշտ միջոց է։ Սակայն մոտեցման ներդրման հարցում կարող են խնդիրներ առաջանալ առանձին պետությունների անհամաձայնության պատճառով, ընդգծում է փորձագետը։ Ռուսաստանի հացահատիկային միության նախագահ Արկադի Զլաչևսկին կարծում է, որ դեմ կարտահայտվի միայն Ղազախստանը։ «Սովէկոնի» տնօրեն Անդրեյ Սիզովը Ղազախստանի համար պատճառներ չի տեսնում ռուսական կողմի պայմաններն ընդունելու։ Նրա կարծիքով՝ դա չի համապատասխանելու երկրի ֆերմերների շահերին, երկիրը խոշոր արտահանող է․ ալյուրի հետ միասին հացահատիկի մատակարարման ընդհանուր ծավալը սեզոնին հասնում է 7-8 մլն տոննայի։ Ինչպես նշում է փորձագետը, ԵԱՏՄ նպատակը հենց ազատ առևտուրն է, և Ղազախստանը կարող էր դառնալ ռուսական հացահատիկի կարևոր գնորդը հավանական ռեկորդային բերքի նախաշեմին՝ աշնանացանի գերազանց վիճակի և գարնանացանի ցանքատարածությունների ավեացման ֆոնին։ 2021 թ-ին ցորենի բերքը Ռուսաստանում կազմել է 76 մլն տոննա։ «Կոմերսանտի» աղբյուրը վստահ է, որ համանման միջոցներ ձեռնարկելու հարցում Ղազախստանի հավանական մերժումը ՌԴ գյուղատնտեսության նախարարությանը կդրդի երկարաձգել հացահատիկի ՝ ԵԱՏՄ արտահանման ժամանակավոր արգելքը։ Մինչդեռ, «Կոմերսանտի» զրուցակցի խոսքով, Ղազախստանի համար կարևոր է ռուսական հացահատիկը ստանալ հուլիսից․ երկիրն աճեցնում է գարնանացան ցորեն, որի բերքահավաքն ակտիվանում է միայն օգոստոսին»։   Նորա Վանյան
20:36 - 23 մայիսի, 2022
Զելենսկին Ռուսաստանի դեմ ավելի շատ պատժամիջոցների կոչ է արել Դավոսի համաժողովում

Զելենսկին Ռուսաստանի դեմ ավելի շատ պատժամիջոցների կոչ է արել Դավոսի համաժողովում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում տեսակապով ունեցած իր ելույթում միջազգային հանրությանը կոչ է արել «առավելագույն» պատժամիջոցները կիրառել Ռուսաստանի դեմ, որը ներխուժել է իր երկիր։ Այդ միջոցներն, ըստ նրա, պետք է ներառեն նավթային էմբարգո, բոլոր ռուսական բանկերի արգելափակում և Ռուսաստանի հետ առևտրի լիակատար դադարեցում, գրում է DW-ն։ Զելենսկին ասել է, որ բոլոր օտարերկրյա ընկերությունները պետք է լքեն ՌԴ-ն, որպեսզի անուղղակիորեն չաջակցեն ռուսական ռազմական ագրեսիային։ Նա հայտնել է նաև, որ Կիևը դիտարկում է բալթյան նավահանգիստների օգտագործման հնարավորությունն՝ Ուկրաինայից սերմնահատիկի արտահանման համար։ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը Դավոսի գլխավոր թեմաներից մեկն է լինելու։ Համաժողովը տևելու է մինչև մայիսի 26-ը։ Դրան մասնակցում է շուրջ 2 հազար մարդ, այդ թվում՝ համաշխարհային 50 առաջնորդ։ Ռուսաստանը համաժողովին այս տարի չի մասնակցում։ Նորա Վանյան
17:15 - 23 մայիսի, 2022
Պուտինը հայտարարել է ազգային արժույթներով հաշվարկների անցնելու դրական արդյունքի մասին

Պուտինը հայտարարել է ազգային արժույթներով հաշվարկների անցնելու դրական արդյունքի մասին

Գործընկերների հետ ազգային արժույթներով հաշվարկների անցնելն իր արդյունքն է տալիս, դա նպաստում է ռուբլու ամրապնդմանը, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մեր գործընկերների հետ առևտրում ազգային արժույթին՝ ռուբլուն, անցնելը նույնպես իրենն ասում է։ [...] Իրավիճակն օբյեկտիվորեն այնպես դասավորվեց, որ մենք դա արեցինք։ Ոչ ի վնաս մեր գործընկերների, ուզում եմ սա ընդգծել։ Ոչ ի վնաս մեր գործընկերների։ Կատարելով մեր բոլոր պարտավորությունները», - ասել է նա։ Պուտինը նաև նշել է, որ ռուսական տնտեսությունը դիմանում է պատժամիջոցներին․ «Ցանկանում եմ նշել, որ, չնայած բոլոր բարդություններին, ռուսական տնտեսությունը դիմանում է պատժամիջոցային հարվածին, բավականին արժանապատիվ ձևով է դիմանում։ Այս մասին են վկայում բոլոր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները»։ Նորա Վանյան
16:39 - 23 մայիսի, 2022
Լեհաստանը խզում է գազի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի հետ

Լեհաստանը խզում է գազի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի հետ

Լեհաստանն այսօր հայտարարել է, որ խզել է Յամալի գազատարով ռուսական գազ ստանալու պայմանագիրը Ռուսաստանի հետ։ Վարշավան մերժել էր գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը, ի պատասխան՝ Մոսկվան ապրիլին դադարեցրել էր գազի մատակարարումը, գրում է Reuters-ը։ Լեհաստանի կլիմայի հարցերի նախարար Աննա Մոսկվան, որն այս որոշման մասին հայտնել է Թվիթերում, լեհական PAP լրատվական գործակալությանն ասել է, որ Վարշավայի որոշումը չի ազդել լեհական ընկերության կառավարման ներքո գտնվող գազատարով Գերմանիայից Լեհաստան եկող գազի հոսքի վրա։ Ավելի վաղ Լեհաստանը հայտնել էր, որ մտադիր չէ երկարաձգել ռուսական գազի մատակարարման պայմանագիրը, որի ժամկետը լրանում էր 2022 թ-ի վերջին։ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան հաստատել է լեհական կառավարության վճռական մոտեցման իրավացիությունը՝ ռուսական գազից լիովին անկախ դառնալու հարցում։ Մենք միշտ ենք իմացել, որ «Գազպրոմը» հուսալի գործընկեր չէ», - հայտարարել է Մոսկվան։ «Գազպրոմը» Reuters-ին չի մեկնաբանել այս հարցը։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի իշխանությունը կուսումնասիրի պայմանագրի վաղաժամկետ խզման վերաբերյալ Լեհաստանի որոշումը։ Նա նշել է, որ Լեհաստանի իշխանությունը Ռուսաստանի նկատմամբ «լպիրշ, խելագարության հասնող դիրքորոշում» է զբաղեցնում։ Նորա Վանյան
15:59 - 23 մայիսի, 2022
Իտալիան Ռուսաստանին է փոխանցել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման պլան, այն ուսումնասիրվում է․ ՌԴ ԱԳՆ

Իտալիան Ռուսաստանին է փոխանցել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման պլան, այն ուսումնասիրվում է․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի իշխանությունն Իտալիայից ստացել է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման պլան։ Այժմ այդ պլանն ուսումնասիրման փուլում է, «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Նա պարզաբանել է, որ Ռուսաստանն իր վերաբերմունքը պլանին կձևակերպի այն բանից հետո, երբ ավարտի դրա ուսումնասիրումը։ «Մենք այն վերջերս ենք ստացել, ուսումնասիրում ենք», - ասել է դիվանագետը։ Պլանի մանրամասները նա չի հաղորդել։ Իտալիայի իշխանության մշակած ռազմավարության մասին հայտնի է դարձել անցյալ շաբաթ։ La Repubblica թերթը գրել էր, որ պլանը ներառում է հրադադարի հաստատում և ռուսական զորքերի լիակատար դուրսբերում, Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների աստիճանական չեղարկում, Եվրամիությանն Ուկրաինայի արագացված անդամակցություն և նրա կողմից հրաժարում ՆԱՏՕ-ին անդամացությունից, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանագրի ստորագրում՝ Դոնբասի և Ղրիմի թերակղզու «վիճելի տարածքների» պատկանելիության մասին, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության մասին նոր պայմանագրի ստորագրում։ Այս ռազմավարությունը փոխանցվել է նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։ Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն նշել էր, որ իր երկրի մշակած պլանը թույլ կտա Թուրքիային ու Հնդկաստանին ներգրավել միջազգային կազմակերպությունների և միավորումների ջանքերին։ Մայիսի 19-ին Կրեմլը հայտնել էր, թե ծանոթ չէ Իտալիայի պլանին, սակայն «ողջունում է բոլոր նրանց մասնակցությունն, ովքեր կարող են նպաստել կարգավորմանը»։ Նորա Վանյան
15:31 - 23 մայիսի, 2022
«Դավոսը» վերադառնում է․ արդյո՞ք համաշխարհային էլիտան նկատել է, որ աշխարհը փոխվել է․ CNN

«Դավոսը» վերադառնում է․ արդյո՞ք համաշխարհային էլիտան նկատել է, որ աշխարհը փոխվել է․ CNN

Շվեյցարական Դավոս քաղաքում անցկացվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը։ Դրա շրջանակում քննարկվելու են իրավիճակն Ուկրաինայում, անհետաձգելի հումանիտար հարցերն ու անվտանգության խնդիրները, համավարակից հետո տնտեսության վերականգնումը և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը։ Համաժողովին ներկա չի լինի ռուսական պատվիրակությունը, քանի որ Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների ֆոնին համաժողովը կասեցրել է ՌԴ հետ հարաբերությունները։ CNN-ը գրում է Դավոսում քննարկվելիք խնդիրների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «Վերջին անգամ, երբ առաջատար քաղաքական գործիչները, ընկերությունների ղեկավարներն ու միլիարդատերերը հավաքվել էին շվեյցարական այս լեռնային քաղաքում՝ քննարկելու հասարակության ամենամեծ խնդիրներն ու ներկայացնելու իրենց լուծումները, Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը ոչ այլ ինչ էր, քան հեռավոր սպառնալիք։ Տնտեսությունը եռում էր, իսկ ամենախոշոր հակամարտությունը Եվրոպայում ներառված չէր որևէ մեկի՝ լուրջ ռիսկերի ցանկում։ Ավելի քան երկու տարի անց աշխարհը գլխիվայր շուռ եկավ Covid-19-ի համավարակի և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով։ Սակայն շվեյցարական Դավոս ժամանած հարուստ և ազդեցիկ անձանց համար քիչ բան է փոխվել։ Համաժողովը կոչված է միավորելու կարևոր մարդկանց՝ արդիական խնդիրերի համար լուծում գտնելու։ Այդ խնդիրներից են անհավասարությունը, կլիմայի փոփոխությունները, տեխնոլոգիաների ապագան և աշխարհաքաղաքական կոնֆլիկտը։ Սակայն, խնդիրների լուծման համար աշխարհի ամենահարուստ մարդկանցից ոմանց այս համաժողովին հրավիրելու տրամաբանությունը մեր օրերում էլ ավելի անկատար է։ Oxfam-ի՝ հունվարին հրապարակած հաշվետվության համաձայն՝ համավարակի ընթացքում միլիարդատերերն իրենց կարողությունն ավելացրել են 5 տրլն դոլարով։ Իսկ տասնյակ միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ համաշխարհային տնտեսության կանգի պատճառով։ Ֆինանսական շուկայում այս տարվա զեղչված գներով վաճառքները հարվածել են գերհարուստների գրպանին։ Սակայն սա չի սփոփի զարգացած և զարգացող երկրների այն մարդկանց, որոնք վերջին տասնամյակներում կենսաապահովման վատթարագույն ճգնաժամին են բախվել։ Սննդամթերքի և վառելիքի գների սրընթաց աճն արդեն հանգեցնում է սովի և զրկանքների, անկայունություն բերում, ցույցեր առաջացնում։ 2022 թ․-ի համաժողովը պլանվորվում էր անցկացնել հունվարին, սակայն այն հետաձգվել էր կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման պատճառով։ Մինչ կազմակերպիչները նախապատրաստում էին գարնանային հանդիպումը, ծանրաքաշ մասնակիցներից շատերի մոտ ժամանակացույցի խնդիրներ էին առաջանում, ոմանք էլ հրաժարվում էին մասնակցությունից։ ԱՄՆ խոշորագույն JPMorgan Chase բանկի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը չի մասնակցելու միջոցառմանը գրաֆիկի պատճառով, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը մեծ ելույթ էր ունեցել Դավոսի 2017 թ․-ի համաժողովում, այցով գտնվելու է Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Չինաստանի ներկայությունը զգալիորեն կրճատվել է․ նրա խոշոր քաղաքները դեռևս համակված են կորոնավիրուսով: Գլխավոր իրադարձությունն, ըստ ամենայնի, լինելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ելույթը երկուշաբթի օրը, որի ներկայությունն ակնկալվում է տեսակապի միջոցով։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նույնպես ելույթ կունենան եկող շաբաթվա վերջում․ դրանցում բարձրացված հարցերը մանրամասն կքննարկվեն, քանի որ Եվրամիության երկրները փորձում են պայմանավորվածության գալ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ։ Նախկինում ռուսաստանցի քաղաքական գործիչներն ու օլիգարխները Դավոսի անքակտելի մասն էին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ անցյալ տարի է ելույթ ունեցել առցանց ձևաչափով անցկացված Համաշխարհային տնտեսական համաժողովում, նա հրավիրվել էր նաև համաժողովի մասնակիցների առջև ելույթ ունենալու 2015 թ․-ին՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը բռնակցել էր Ղրիմը։ 2020 թ․-ին մասնակիցների թվում էին «Լուկոյլի», «Սբերբանկի» և «Յանդեքսի» ղեկավարներն, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարը։ Այս տարի Պուտինը չի մասնակցելու համաժողովին, ինչպես նաև ռուսաստանցի ոչ մի պաշտոնյա, մագնատ կամ ղեկավար։ Մինչդեռ ծրագրով նախատեսվում է այնպիսի հարցերի քննարկում, ինչպիսիք են «Սառը պատերազմ 2.0»-ն և «Վերադարձը պատերազմին»»։   Նորա Վանյան
21:01 - 22 մայիսի, 2022
ԱՄՆ նախագահն ասել է, որ «մտահոգված չէ» Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկումների առնչությամբ

ԱՄՆ նախագահն ասել է, որ «մտահոգված չէ» Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկումների առնչությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ասիա կատարած իր այցի ժամանակ Սեուլում (Հարավային Կորեա) ասել է, որ «մտահոգված չէ» Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկումների առնչությամբ, որոնք վերջին հինգ տարում առաջինն են, գրում է Reuters-ը։ Լրագրողների այն հարցին, թե ինչ ունի նա փոխանցելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, Բայդենն ասել է․ «Բարև։ Վերջակետ»։ Ավելի վաղ ԱՄՆ հետախուզական ծառայությունները հայտնել էին, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջուկային նոր փորձարկումներ իրականացնել։ «Մենք պատրաստ ենք այն ամենին, ինչ անում է Հյուսիսային Կորեան», - ասել է ԱՄՆ նախագահը։ Նախօրեին Բայդենն ու նրա հարավկորեացի գործընկեր Յուն Սոկ Յոլը պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ դիտարկելու ավելի մասշտաբային զորավարժությունների անցկացման հարցն՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի փորձարկումների։ Իր այցի շրջանակում Բայդենը կհանդիպի նաև «Անվտանգության քառակողմ երկխոսություն» (Quad) կառույցի անդամ Ճապոնիայի, Հնդկաստանի և Ավստրալիայի առաջնորդների հետ։ Նորա Վանյան
17:23 - 22 մայիսի, 2022
Ուկրաինան իր ապագան որոշելու իրավունք ունի․ Լեհաստանի նախագահը՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում

Ուկրաինան իր ապագան որոշելու իրավունք ունի․ Լեհաստանի նախագահը՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր ելույթ է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայում, հայտնում է Liga.net-ը։ Դուդան օտարերկրյա առաջին նախագահն է, որը ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանում ռուսական ներխուժումից ի վեր։ «Այսօր ազատ աշխարհի դեմքն Ուկրաինան է», - ասել է նա։ «Ձայներ են հայտնվել, որոնք ասում են, թե Ուկրաինան պետք է զիջի Պուտինի պահանջներին։ Սակայն միայն Ուկրաինան իրավունք ունի որոշելու իր ապագան», - ընդգծել է Լեհաստանի նախագահը։ Reuters-ը գրում է, որ ռուսական ներխուժումից հետո Վարշավան իրեն դրսևորել է՝ որպես Կիևի հավատարիմ դաշնակիցներից մեկը։ Լեհաստանը Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների կողմնակից է և ակտիվորեն սատարում է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը։ «Չեմ հանգստանա, մինչև որ Ուկրաինան Եվրամիության անդամ չդառնա», - ասել է Անջեյ Դուդան։ Նորա Վանյան
15:48 - 22 մայիսի, 2022
Լիտվան դադարեցրել է ռուսական էներգակիների ներկրումը

Լիտվան դադարեցրել է ռուսական էներգակիների ներկրումը

Լիտվան մայիսի 22-ից դադարել է էլեկտրաէներգիա ներկրել Ռուսաստանից, գրում է DW-ն։ Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգի Litgrid լիտվական օպերատորը։ «Բորսայի Nord Pool օպերատորը որոշում է կայացրել կասեցնել Բալթյան երկրներում Ռուսաստանից էլեկտրաէներգիայի միակ ներկրող «Ինտեր ՌԱՕ» ընկերությունների խմբի՝ ռուսական էլեկտրաէներգիայի վաճառքը։ Կիրակի օրվանից ռուսական էլեկտրաէներգիան այլևս չի ներկրվի Լիտվա», - ասված է մայիսի 20-ի հաղորդագրությունում։ «Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի կասեցումը չի ազդի էլեկտրաէներգիայի փոխանցման լիտվական համակարգի հուսալիության վրա։ Երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկը կբավարարվի տեղական էլեկտրակայանների և ռազմավարական գործընկերից՝ ԵՄ երկրներից ներկրման հաշվին», - ասել է Litgrid-ի գլխավոր տնօրեն Ռոկաս Մասյուլիսը։ Սա նշանակում է, որ մայիսի 22-ից երկրում չի լինի ոչ ռուսական գազ, ոչ նավթ, ոչ էլ էլեկտրաէներգիա, հաղորդել է Լիտվայի էներգետիկայի նախարարությունը։ «Սա շատ կարևոր սահմանագիծ է ոչ միայն դեպի էներգետիկ անկախություն տանող Լիտվայի ճանապարհին։ Սա մեր համերաշխության արտահայտումն է մարտնչող Ուկրաինայի հետ, մենք չենք կարող թույլ տալ, որ մեր փողերով ֆինանսավորվի ռուսական ռազմական մեքենան», - ասել է Լիտվայի էներգետիկայի նախարար Դայնիուս Կրեյվիսը։ Նախարարի խոսքով՝ Լիտվայի լիակատար էներգետիկ անկախության մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ երկիրը կարողանա ոչ միայն ապահովել էլեկտրաէներգիայի իր պահանջարկը տեղական կանաչ էներգետիկայի հաշվին, այլև արտահանել այն։ Նորա Վանյան
15:14 - 22 մայիսի, 2022