ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Ժողովուրդը պիտի որոշի, թե ապագան  ում հետ պետք է կառուցի, և ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա․ Նիկոլ Փաշինյան

Ժողովուրդը պիտի որոշի, թե ապագան  ում հետ պետք է կառուցի, և ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նիստը սկսում են կառավարության նորացված կազմով, առաջիկայում սպասվում է նաև Էկոնոմիկայի նախարարի փոփոխություն: «Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ, բայց այսօրվա մեր հրամայականը և անելիքը հետևյալն է. մենք պետք է հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը: Ուզում եմ նորից ասել, որ որպես ՀՀ վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը, բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը»-, ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արտաքին և  ներքին կայունության ու անվտանգության ապահովումը և իր հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն են, և բոլոր ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս խնդրի լուծման վրա: «Կառավարությունն Արցախի մեր հայրենակիցներին աջակցող արդեն երկու բավականին մասշտաբային միջոցառում է ընդունել: Աջակցության միջոցառումների ընդունումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է: Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում է լինելու նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի` պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը Տավուշի մարզում մեր իրականացրած ծրագրերի նմանությամբ»-, ասաց վարչապետը: Փաշինյանի խոսքով` բացարձակ առաջնահերթություն են անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը, և այս խնդիրների ուղղությամբ կառավարությունն աշխատում է ամենօրյա ռեժիմով: «Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզնից: Զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում է»-, նշեց վարչապետը: Վարչապետն ընդգծեծ, որ նույնիսկ այս դժվարին ժամանակներում Հայաստանում պետք է ստեղծել բարեփոխումների հետագա շարունակականության երաշխիք, իսկ բարեփոխումների ընդգրկումն ու օրակարգը պետք է ընդլայնվեն ի հայտ եկած նոր մարտահրավերների բերումով: «Ամենահրատապ խնդիրների լուծմանը զուգընթաց պետք է տեղի ունենա նաև կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման և վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու: Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը և որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա: Ըստ այդմ, կառավարության ամենակարևոր անելիքը  ՀՀ քաղաքացիների՝ սեփական երկրի և իրավիճակի տերը լինելու զգացողության և փաստի պահպանումն է, և այս հանգամանքի ինստիտուցիոնալ հզորացումը: ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը, և այս զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան: Նաև ժողովուրդը պիտի որոշի, թե այդ ապագան  ում հետ պետք է կառուցի, և այդ ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա»,- ասաց Փաշինյանը։
11:45 - 26 նոյեմբերի, 2020
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարությունն ընդունվեց ՀՀ ԳԱԱ նախագահության նոյեմբերի 24-ի նիստում:Հայտարարության մեջ նշված է.«2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը  հայտարարում է.1. Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված հայտարարությունը գնահատում ենք որպես հայ ժողովրդի համար նվաստացուցիչ փաստաթուղթ, ըստ որի Արցախի Հանրապետությունը կրում է խոշոր տարածքային կորուստներ, ունենում է ինքնիշխանության լրջագույն սահմանափակումներ, հայկական զույգ պետություններում և Սփյուռքում ստեղծվում է բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ։2. Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին համարում ենք Արցախի հայության նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան և հայրենազրկման քաղաքականությունից փրկության և տարածաշրջանում կայունության հաստատման բացառիկ երաշխավոր։3. Բարձր ենք գնահատում հայկական զինուժի վճռական դերն Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքի պահպանման գործում: Կոչ ենք անում ամեն կերպ բացառել բանակի բարոյալքումը, նպաստել բանակի համալրմանը, ամրապնդմանը և արդիականացմանը։   4. Խստագույնս դատապարտում ենք տարիներ շարունակ գիտության նկատմամբ հանրապետության իշխանությունների կրավորական վերաբերմունքը, որի արդյունքում անհնարին դարձավ երկրի պաշտպանական համակարգում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների կիրառումը։5. Անթույլատրելի ենք համարում հասարակության մեջ թշնամության, վրեժխնդրության, անվստահության, ատելության սերմանումը և կոչ ենք անում վճռական ջանքեր գործադրել համերաշխության և միասնության մթնոլորտ ստեղծելու համար:6. Ստեղծված իրավիճակում անարդյունավետ ենք համարում ՀՀ կառավարության հետագա պաշտոնավարումը և պահանջում կառավարության հրաժարականը հանրապետության վարչապետի գլխավորությամբ»։ 
13:13 - 25 նոյեմբերի, 2020
Շիրակի մարզին հատկացվել է ավելի քան 80 միլիոն դրամի տեխնիկա․ ՀՏԶՀ

Շիրակի մարզին հատկացվել է ավելի քան 80 միլիոն դրամի տեխնիկա․ ՀՏԶՀ

Ակտիվ ընթացքի մեջ է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով շարունակվում է Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացումը։ Այս փուլում համայնքները վերազինվում են գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Վերջին մեկ ամսում Հայաստանի մարզերին հատկացվել է 563 միլիոն 415 հազար դրամի տեխնիկա։ Այս մասին հայտնում է ՀՏԶ հիմնադրամը։ Շիրակի մարզի Անի համայնքը ստացել է մեկ ինքնաթափ մեքենա 31 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ և մեկ անիվավոր տրակտոր 1․4 քարշակ դասի, կոմունալ հրիչով 10 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ։ Նույն մարզի Մարմաշեն համայնքին տրամադրվել է մեկ Գլդոն /каток/ 30 միլիոն 800 հազար դրամ արժողությամբ և 100 հատ աղբաման 7 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ։ Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ծրագիրն իրականացվում  է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ Կառավարության քսան, համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ։
16:36 - 23 նոյեմբերի, 2020
Կառավարությունը հաստատել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքնեի քաղաքացիների աջակցության միջոցառումը

Կառավարությունը հաստատել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքնեի քաղաքացիների աջակցության միջոցառումը

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը։ Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին։ Սոցիալական աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ։ Միջոցառման շահառու անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվելու է ծնողին, եթե երեխայի ծնողը ծրագրի շահառու է: Միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը: Միանվագ դրամական օգնությունը տրամադրվելու է «Հայփոստի» և «Արցախփոստի» միջոցով: Ծրագիրը կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը նվիրաբերված միջոցներով:Աջակցություն են ստանալու նախնական գնահատմամբ 30-35 հազար արցախցի, աջակցության ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 10մլրդ դրամ:
23:02 - 21 նոյեմբերի, 2020
ԵՊՀ գիտական խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը

ԵՊՀ գիտական խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը

ԵՊՀ գիտխորհուրդն ընդունել է հայտարարություն, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանը։ «ԵՊՀ գիտական խորհուրդը 48 կողմ, 5 դեմ և 8 ձեռնպահ ձայների համադրությամբ ընդունեց հայտարարություն՝ որով պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը»,-ասված է գրառման մեջ: Առցանց տեղի ունեցած նիստում այսօր գիտխորհրդի անդամները քննարկել են այսօրվա դրությունը և որոշել հանդես գալ հայտարարությամբ: Գիտխորհրդի օրակարգային հարցերի սպառումից հետո գիտական խորհուրդն անցավ երկրում ստեղծված իրավիճակի քննարկմանը: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը նշեց, որ երկիրն այսօր գտնվում է ծանր դրության մեջ: Նրա կարծիքով, հայ ժողովուրդն առաջին անգամ է հոգեկան նման ապրումների մեջ Ցեղասպանությունից հետո, և համալսարանն այն կառույցն է, որ պետք է իր խոսքն ասի և սթափության կոչ անի: «Բանակը մեղավոր չէ, մեղավոր է քաղաքական ուժը, որը երկու տարվա ընթացքում չպատրաստեց բանակը և չկանխեց պատերազմը: Քաղաքական իշխանությունը պետք է ներողություն խնդրի և հեռանա»,- ասաց Մարատ Գրիգորյանը: ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանը նշեց, որ ինքն արդեն հանդես է եկել բաց նամակով, և ըստ էության՝ իր դիրքորոշումը պարզ է. «ԵՊՀ-ն ազգային կառույց է, որը մշտապես կանգնած է եղել արցախյան գոյամարտի ակունքներում: Երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵՊՀ-ն պետք է հայտարարությամբ հանդես գա, գնահատական տա գործող իշխանությունների, ինչպես նաև վարչապետի գործունեությանը: Բացի դրանից՝ ԵՊՀ-ն պետք է կոչով դիմի ժողովրդին։ Հայ ժողովրդին պարտության մատնած և կապիտուլյացիա ստորագրած վարչապետը պետք է հեռանա»: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի կարծիքով ևս համալսարանն անպայման պետք է հայտարարությամբ հանդես գա և կրավորական կեցվածք չընդունի. «Հայտարարության կառուցվածքը պիտի լինի իրավիճակի սթափ գնահատում, պատճառներ և առաջարկ: Վերջինս պետք է բխի իրավիճակի գնահատականից»: ԵՊՀ գիտխորհրդի անդամ Տաթևիկ Սողոյանի կարծիքով էլ հստակ է, որ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած ղեկավարը պետք է հեռանա. «Դիվանագիտական դիլետանտիզմի և արկածախնդրության հետևանքներն ենք մենք հիմա քաղում»: ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանն իր խոսքում նշեց, որ բոլորը համակարծիք են, որ իշխանությունը պետք է հեռանա, գոնե այն տեսանկյունից, որ պարտված ղեկավարը դժվար կարողանա հետագայում առաջնորդել. «Չնայած ես չեմ համարում, որ իշխանությունները հող են հանձնել, այդ հողը մեզնից խլել են: Խլել են պատերազմով, իսկ որ պատերազմում մենք պարտվել ենք, մեղավոր չեն միայն իշխանությունները, մեղավոր ենք բոլորս, մեղավոր ենք 30 տարվա մեր գործունեությամբ և անգործությամբ»: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ այսօր տարբեր գիտնականների, մտավորականների և փորձագետների կողմից ձևավորվում են հարթակներ, որոնք ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծման տարբերակներ են առաջարկում. «Անխոս ԵՊՀ-ն ինքնին նման հարթակներից ամենաառաջնայինն է և ամենամեծ իրավունքը և պատասխանատվությունն ունի՝ արտահայտելու իր կարծիքը»: Նա հիշտակեց 90-ականներին մամուլում տեղ գտած հայտարարության մասին, որով ԵՊՀ-ն կոչով դիմել է ժողովրդին՝ բարձրաձայնելով ժամանակի խնդիրները. «Այսօրվա իշխանության սխալների մասին ես, ի տարբերություն շատերի, բարձրաձայնել եմ այն ժամանակ, երբ այն դեռևս ուժեղ էր: Կարծում եմ՝ այս իշխանության սխալներից մեկը հայագիտական առարկաների շուրջ մշակված հարձակումն էր, որին մեր գիտխորհուրդը հավանություն տվեց»: ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը փաստեց, որ ճիշտ կլինի դիտարկել երևույթը, այլ ոչ անձանց. «Միևնույն ժամանակ երևույթի քննարկումն ավելի կամրապնդի համալսարանի դերը հասարակության մեջ: Իմ խորին համոզմամբ, Հայաստանի տնտեսության զարգացումը հիմնված է լինելու ռազմարդյունաբերության վրա: Հետևաբար պիտի հասկանանք մեր անելիքը, համապատասխան քայլերի ձեռնարկումը»: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանն ասաց, որ հայտարարության մեջ պետք է շեշտվի, որ այսօր Հայաստանին անհրաժեշտ է կայունություն: ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի կարծիքով նույնպես ԵՊՀ գիտխորհուրդը չի կարող անտարբեր մնալ ստեղծված իրավիճակի շուրջ, բայց և պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել՝ չբևեռվելով մի անձի, մի իշխանության, մի մտածելակերպի վրա. «Մեր հիմնական կորուստը, իմ համոզմամբ, մեր զոհերն են: Աշխարհում ամեն ինչ ունի իր գինը: Այս գինը, որ մենք վճարեցինք, արժե՞ր, դեռ ինչքա՞ն կարող էինք վճարել, մինչև վերջին հա՞յը»: Նրա համոզմամբ, պետք է պատասխան պահանջել բոլոր իշխանություններից, թե ինչ է արվել պատերազմը կանխելու համար. «Իմ կարծիքով, այս ամենը հետևանք է 1994 թ. Բիշքեկյան համաձայնագրի հաջորդ օրվանից սկսած: Արցախյան պատերազմը հարկադրված էր, որը մենք հաղթեցինք: Հաղթանականից հետո, իմ կարծիքով, մենք ամեն ինչ արել ենք, որ պատերազմը նորից սկսի: Ի դեպ, մենք՝ համալսարանն ընդհանուր առմամբ, ևս ոչինչ չարեց, որ պատերազմ չլինի»: Վահրամ Դումանյանի փաստմամբ, այսօրվա գերխնդիրը պետք է լինի հասարակության համախմբումը: Նրա կարծիքով, ցանկացած հեղափոխական իշխանություն դատապարտված է. «Այժմ պետք չէ անձնավորել, հասարակությանը բաժանել հայրենասերների և դավաճանների»: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը նշեց, որ այսօր երկրում առկա է քաղաքական ճգնաժամ, որովհետև ԱԺ-ում աշխատանքներ են իրականցվում առանց ընդդիմության. «Ճգնաժամն ընթանում է նաև հասարակության մեջ: Առճակատման, հնարավոր բախումների մթնոլորտում համալսարանի հայտարարությունը պետք է ուրվագծի որոշակի ճանապարհային քարտեզ»: ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փաստեց, որ մենք տասնամյակներ շարունակ հպարտացել ենք 90-ականների սկզբի հաղթանակով և շատ թեթև ենք վերաբերվել շատ քաղաքական գործիչների, ավելի կոնկրետ առաջին նախագահի զգուշացմանը, շատ թեթև ենք վերաբերվել Ադրբեջանի հոխորտանքներին, անտարբեր ենք եղել Թուրքիայի առաջ քաշած «մի ժողովուրդ, երկու պետություն» արտահայտությանը, անլուրջ ենք վերաբերվել փաստին, որ որևէ պետություն, այդ թվում՝ Հայաստանը, չի ճանաչել Արցախի անկախությունը: «Այս պատերազմն անսպասելի էր գուցե օրվա իմաստով, բայց որ այս պատերազմը պիտի լիներ, կամ զիջումները պետք է լինեին առանց պատերազմի, կամաց-կամաց ակնհայտ էր դառնում: Երբ շատ երկար ես վայելում հաղթանակի պտուղները, և չես պատրաստվում հաջորդ պատերազմին, ընդ որում՝ պատրաստվելն աշխատանքով, նյութական, ի վերջո պարտվում ես»,- ասաց Գեղամ Գևորգյանը: Նրա կարծիքով, անցյալ և ներկա իշխանությունները շատ թեթևամտորեն են վերաբերվել կրթության հարցերին, բոլորն արհամարհանքով են վերաբերվել գիտությանը: Նրա հավաստմամբ, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը պատերազմին ձգտել չի նշանակում միայն, բոլոր առաջավոր տեխնոլոգիաներն առաջացել են այդ համալիրում: Այնտեղ են ծնվում նոր գաղափարները. «Պետք է ստեղծվեին ենթակառուցվածքներ, նյութական արտադրություն, անհրաժեշտ էին արդյունաբերական հզորություններ»: ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի համոզմամբ, եթե պիտի գա նոր իշխանություն և շարունակի նույն գործունեությունը, ապա ոչինչ չի փոխվի. «Եթե գալու է նոր իշխանություն, որը մտածելու է իր իշխանությունը պահելու մասին կամ զարգացման խնդիրներ չի դնելու, էլի նույն փոսի մեջ ենք լինելու»: Ներկայիս իշանությունը, Գեղամ Գևորգյանի կարծիքով, ունի մեղքի իր բաժինը. «Ես չէի ասի՝ միայն նրանք են մեղավոր, բայց նրանց օրոք է գրանցվել այս վիճակը: Ելքը մեկն է. կառավարության հրաժարական: ԱԺ-ն կձևավորի նոր կառավարություն: Ճիշտ կլինի առաջիկա կես տարում իրականացնել արտահերթ ընտրություն, ոչ այս պահին»: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանն էլ դիտարկում արեց՝ նշելով, որ երկրի հիմնական հաջողությունները գրանցվել են այն ժամանակ, երբ եղել է տեխնոկրատ կառավարություն. «Կարծում եմ՝ այդ հանգամանքը պետք է ինչ-որ կերպ նշվի մեր հայտարարության մեջ»: Քննարկումների ավարտին որոշվեց կազմել հանձնաժողով, որը կներկայացնի հայտարարության տեքստի նախագիծ: Հանձնաժողովում ընդգրված են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԵՊՀ աստվածաբության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
17:17 - 20 նոյեմբերի, 2020
Կառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Կառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ: Նիստի սկզբում փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային խմբի գործունեությունը: Մասնակիցները քննարկել են պատերազմի արդյունքում սոցիալական և քաղաքացիական ենթակառուցվածքների ոլորտներում առկա իրավիճակն ու խնդիրները: Քննարկման հիմնական թեման ՀՀ-ում Արցախից տեղահանվածների, ինչպես նաև արդեն Արցախ վերադարձած անձանց կացարանային ապահովման հետ կապված հարցերն էին: 
19:38 - 19 նոյեմբերի, 2020
Հայաստանի և Արցախի կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել

Հայաստանի և Արցախի կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման նպատակով: Այս մասին ՀՀ վարչապետի որոշումը հրապարակված է գործադիրի պաշտոնական կայքում: «2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի և սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։ Սահմանել, որ աշխատանքային խմբի գործունեության ոլորտները հետևյալն են` 1) սոցիալական ոլորտ. 2) կրթության ոլորտ. 3) առողջապահության ոլորտ. 4) ձեռնարկատիրական ոլորտ. 5) ենթակառուցվածքների ոլորտ»,- ասված է որոշման մեջ:   Աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է: Աշխատանքային խմբի կազմում են, ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախի Հանրապետությունից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:  
22:08 - 18 նոյեմբերի, 2020
Ջանք չենք խնայելու Արցախի բնակավայրերը վերականգնելու և կյանքն աշխուժացնելու ուղղությամբ. Պապիկյան |armenpress.am|

Ջանք չենք խնայելու Արցախի բնակավայրերը վերականգնելու և կյանքն աշխուժացնելու ուղղությամբ. Պապիկյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն Արցախի գործընկերներին աջակցելու է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ավերված բնակավայրերը վերականգնելու և այդ տեղերում կյանքը կրկին աշխուժացնելու ուղղությամբ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի հարցին: «Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Արցախի Հանրապետության գործընկերների թիկունքին ու ջանք ու եռանդ չենք խնայելու մեր բնակավայրերը վերականգնելու և այնտեղ կրկին կյանքն աշխուժացնելու ուղղությամբ»,- ասաց Պապիկյանը: Նախարարը նաև նշեց, որ պատերազմի առաջին տասնօրյակում Հայաստանում կապիտալ շինարարության տեմպերը որոշակիորեն ընկել էին, սակայն հետագայում հնարավոր է եղել վերականգնել դրանք, ինչի հետևանքով կապիտալ շինարարության ոլորտում լուրջ խնդիրներ չեն առաջացել:
17:38 - 18 նոյեմբերի, 2020
Թորոսյանը ներկայացրեց մարտական գործողությունների հետևանքով վիրավորների վերականգնման ուղղությամբ կատարվող քայլերը |1lurer.am|

Թորոսյանը ներկայացրեց մարտական գործողությունների հետևանքով վիրավորների վերականգնման ուղղությամբ կատարվող քայլերը |1lurer.am|

1lurer.am: Ի՞նչ քայլեր են արվում մարտական գործողությունների հետևանքով վիրավորների վերականգնման ուղղությամբ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին ի պատասխան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ վերականգնողական բուժման ոլորտում անելիքները շատ են: «Երեք հիմնական ուղղությամբ պետք է աշխատանք կատարենք՝ զինվորներին վերադարձնելու լիարժեք կյանքի. առաջին՝ եղած հզորությունների վերականգնում՝ մասնագետների վերապատրաստումից մինչև շենքային պայմաններ, երկրորդ՝ նոր հզորությունների ստեղծում. մինչև 250 մահճակալանոց վերականգնողական մեծ կենտրոնի կառուցում, երրորդ՝ այդ հզորություններին մշտական աջակցություն՝ պետական պատվերով ծառայություններ գնելու տեսքով: Դա պետբյուջեի վրա կնստի 2-2.5 մլրդ դրամ: Դրանք վերջնական հաշվարկներ չեն և դեռ ներառված չեն բյուջեի նախագծում: Այդ հարցում մեզ պետք է աջակցի նաև սփյուռքը»,- ասաց նախարարը: 
17:36 - 18 նոյեմբերի, 2020
ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի խորհրդարանում սկսվել է ԱԺ-կառավարության անդամներ հարց ու պատասխանը։ Նիստին ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ներկայացուցիչներին հարց տալու համար հերթագրվել է 7 պատգամավոր։ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս իր նշած ճանապարհային քարտեզի աշխատանքները կատարելուց հետո արտահերթ ընտրությունների պատրաստվո՞ւմ է, կառավարության կազմի փոփոխություններ լինելո՞ւ են, արդյոք իրենց քաղաքական թիմն ունի՞ անհրաժեշտ վստահության պաշար՝ իրականացնելու Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզում նշված փոփոխությունները։ Փաշինյանը, պատասխանելով Բաբաջանյանի հարցին, նշեց, որ հրապարակած ճանապարհային քարտեզում այս պահին ավելացնելու ոչինչ չունի։ Նա շեշտեց, որ, ինչպես գրել է, իրենց համար կարեւոր առաջնահերթություն է ժողովրդավարական կայունությունն ու անվտանգությունը, երաշխավորությունը, որ իշխանություն ձեւավորելու՝ ժողովրդի հնարավորությանը եւ իրավունքին ոչինչ չի սպառնում։Երկրորդ ուղղությունը, ինչպես ասաց վարչապետը, պատերազմի հետեւանքների վերացումն է, եւ վեց ամիս անց՝ 2021-ի հունիսին, կամփոփեն կատարված աշխատանքներն ու ըստ այդմ կորոշեն հետագա անելիքները․«Ինչպես նախկինում եմ ասել՝ առնվազն ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության։ Մենք այսօր կենտրոնացած ենք այդ աշխատանքի վրա։ Ինչ վերաբերում է կառավարության կազմի փոփոխություններին՝ հիմա քննարկումների շրջան է, այդ որոշումները կհրապարակվեն, երբ կայացվեն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին կառավարության կառուցվածքի փոփոխություն չի քննարկվում։Բաբաջանյանը հարցրեց նաեւ՝ արդյոք պատկերացնո՞ւմ են ազգային համաձայնության կառավարության ստեղծում, որը, ըստ նրա, եւս կարող է երկրում ստեղծված իրավիճակին հանգուցալուծում գտնելու ճանապարհներից մեկը լինել։«Ընդհանուր առմամբ շատ ավելի կարեւոր է ազգային համաձայնության մթնոլորտը, որովհետեւ միշտ չէ, որ կառավարությունների ձեւավորմամբ համաձայնության վերնագրի ներքո ձեւավորվում է համաձայնության մթնոլորտ։ Մեր խնդիրն է հիմա՝ ձեւավորել համաձայնության մթնոլորտ, եւ, կարծում եմ, այդ մթնոլորտի պահանջը կա երկու կետերի շուրջ՝ կայունություն եւ անվտանգություն»,- պատասխանեց վարչապետը՝ շեշտելով, որ իրենք վերջիններն ապահովելու համար ունեն բավարար ներուժ։
17:13 - 18 նոյեմբերի, 2020
Զորահավաքային ռեսուրսի, ժամկետային պարտադիր ծառայողների արձակումների եւ ազատումների վերաբերյալ տեղեկությունը կտրամադրվի դեկտեմբերի 1-ից հետո․ Տոնոյան

Զորահավաքային ռեսուրսի, ժամկետային պարտադիր ծառայողների արձակումների եւ ազատումների վերաբերյալ տեղեկությունը կտրամադրվի դեկտեմբերի 1-ից հետո․ Տոնոյան

Հայաստանի խորհրդարանում սկսվել է ԱԺ-կառավարության անդամներ հարց ու պատասխանը։ Նիստին ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ներկայացուցիչներին հարց տալու համար հերթագրվել է 7 պատգամավոր։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարց բարձրացրեց՝ մոբիլիզիացիայով Արցախ մեկնած ծառայողներ կան, որոնք սեպտեմբերի 27-ից մինչ օրս ծառայության մեջ են, արդյոք չի՞ նախատեսվում նրանց հետ ուղարկել կամ կարճատեւ արձակուրդ տալ։ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ի պատասխան ասաց, որ, հաշվի առնելով այն, որ հիմա իրականացվում են վերաբաշխումներ, ԶՈւ-երի վերատեղակայումներ, զորահավաքային ռեսուրսի, ժամկետային պարտադիր ծառայողների արձակումների եւ ազատումների վերաբերյալ տեղեկությունն ավելի ուշ կտրամադրվի՝ դեկտեմբերի 1-ից հետո, երբ արդեն վերջնական կառուցվածք եւ պատկերացում կունենան ԶՈւ-ի տեղակայման վերաբերյալ։
16:44 - 18 նոյեմբերի, 2020
Ռայնիսի փողոցի փլուզված շենքի 12 բնակիչներ բնակարանի գնման վկայագրեր են ստացել

Ռայնիսի փողոցի փլուզված շենքի 12 բնակիչներ բնակարանի գնման վկայագրեր են ստացել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ բնակարանի գնման վկայագրեր է տրամադրել 2020 թ.-ի օգոստոսի 26-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի 12 փլուզված բնակարանների սեփականատերերին: Աջակցության չափը հաշվարկվել է՝ հիմքում ընդունելով փլուզված բնակարանի մակերեսները և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ 1 քառ. մետրի համար ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները՝ 333 հազ. դրամ՝ 1քմ-ի համար: Կառավարության որոշման համաձայն՝ եթե նոր ձեռք բերվող բնակարանի արժեքն ավելի ցածր է, խնայված գումարը մնում է շահառուին: Եթե գնվող բնակարանի արժեքը գերազանցում է վկայագրով տրամադրվող աջակցությանը, ապա շահառուն կարող է նաև հավելյալ գումար ավելացնել կամ ձեռք բերել այն հիպոթեկային վարկավորման միջոցով: Հիշեցնենք, որ բնակարանների գնման վկայագրերի համար անհրաժեշտ գումարը հատկացվել էր ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացումը ևս վերապահելով նախարարությանը: Հիշեցնենք՝ օգոստոսին Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի էր ունեցել պայթյուն, որից շենքը մասնակի փլուզվել էր։
11:55 - 18 նոյեմբերի, 2020
Մի շարք զինծառայողներ և կամավորներ մտադիր են հանրահավաք իրականացնել՝ հաջակցություն կառավարության և վարչապետի․ հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց․ Է․ Աղաջանյան

Մի շարք զինծառայողներ և կամավորներ մտադիր են հանրահավաք իրականացնել՝ հաջակցություն կառավարության և վարչապետի․ հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց․ Է․ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Տեղյակ ենք, որ Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ և որպես կամավոր առաջնագիծ մեկնած քաղաքացիներ այսօր մտադիր են հանրահավաք իրականացնել Երևանում՝ հաջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի։ Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ցուցաբերած աջակցության համար, և վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով կարդարացնենք այն։ Միաժամանակ, հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց, քանի որ ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում արգելված է հավաքների կազմակերպումն ու դրանց մասնակցելը։ Բացի այդ՝ այս օրերին մեզ առավել քան երբևէ համախմբվել է պետք ու մեր ամբողջ ներուժն ուղղել հայրենիքի վերակառուցմանը»։
11:41 - 18 նոյեմբերի, 2020