ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել վաղը՝ ժամը 14։00-ին․ ՊՆ

Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել վաղը՝ ժամը 14։00-ին․ ՊՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվել են նաև այսօր։ Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը՝ իրադրության հետագա սրման և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար, առանց որևէ նախապայմանի, հեռանալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից և վերադառնալ իրենց ելման դիրքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել վաղը, մայիսի 16-ին, ժամը 14։00-ին։  Բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինվորականները փորձել էին դիրքերի առաջխաղացման գործողություններ իրականացնել, այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել։ Հիշեցնենք, որ երեկ, հայկական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարևորում են իրադրության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, այդուհանդերձ, ևս մեկ անգամ հայտարարում, որ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
21:29 - 15 մայիսի, 2021
Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային որոշ հատվածներում ստեղծված իրադրությունը դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆ

Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային որոշ հատվածներում ստեղծված իրադրությունը դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆ

Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 15-ի առավոտյան դրությամբ, դեռևս չի հանգուցալուծվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը։   «Չնայած հանգամանքին, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, նրանց մի մասը այս պահին շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։   Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարևորում են իրադրության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, այդուհանդերձ, ևս մեկ անգամ հայտարարում, որ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են, և ադրբեջանական կողմը պարտավոր է առանց նախապայմանների վերադառնալ իր ելման դիրքեր։   Հարկ ենք համարում նշել, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել, թե՛ ամբողջ տարածքը, թե՛ իրենք՝ զինվորականները, և թե՛ նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ։   Ակնկալվում է, որ խնդրի խաղաղ հանգուցալուծման նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն այսօր:   Հաշվի առնելով ստեղծված իրադրության շուրջ համացանցում և տարբեր լրատվամիջոցներում տարածվող ապատեղեկատվության մեծ ծավալը, ևս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկություններ տարածելուց: Պաշտպանության նախարարությունը, օրվա ընթացքում, պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ համապատասխան պարզաբանումներով»,-ասված է հաղորդագրությունում։ 
10:32 - 15 մայիսի, 2021
Ադրբեջանական ԶՈւ-երի առաջխաղացման նոր դեպքերի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ

Ադրբեջանական ԶՈւ-երի առաջխաղացման նոր դեպքերի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ

Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռևս չի փոփոխվել: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հայկական կողմը ադրբեջանական զինվորականներին ներկայացրել է իր հստակ պահանջը` առանց որևէ նախապայմանի ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ:  Խնդիրը խաղաղ հանգուցալուծելու նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն վաղը:  Այսօր առավոտից համացանցում և տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունները ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման նոր դեպքերի մասին չեն համապատասխանում իրականությանը:   Ադրբեջանական ստորաբաժանումները մայիսին 13-ից հետո ոչ միայն առաջ չեն եկել, այլև, հայկական ԶՈւ գործողությունների արդյունքում ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից:  Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկություններ տարածելուց, մանավանդ այսպիսի զգայուն խնդիրների շուրջ:  Իրադրության ցանկացած զարգացման դեպքում Պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
00:00 - 15 մայիսի, 2021
Ադրբեջանցիների ներխուժած վայրերում տեղանքը, զինվորականները և ապահոման ճանապարհները հայկական բանակի վերահսկողության տակ են. ՀՀ ՊՆ-ն՝ Շոյգուին

Ադրբեջանցիների ներխուժած վայրերում տեղանքը, զինվորականները և ապահոման ճանապարհները հայկական բանակի վերահսկողության տակ են. ՀՀ ՊՆ-ն՝ Շոյգուին

Մայիսի 14-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ռազմավարական դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը։ Վաղարշակ Հարությունյանը ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է ստեղծված իրադրությունում հայկական կողմի գործողությունները, նշելով, որ բոլոր այն վայրերում, այդ թվում նաև Սև լճում, ուր ներխուժել են ադրբեջանցիները, թե՛ ամբողջ տեղանքը, թե՛ զինվորականները և թե՛ նրանց ապահովման ճանապարհները գտնվում են հայկական բանակի լիարժեք վերահսկողության տակ։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ցանկացած ոտնձգություն։ Հեռախոսազրույցի ընթացքում Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև հայ-ռուսական ռազմական համագործակցությանը, Արցախում ռուսական խաղաղապահ զորախբի առաքելությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ 
17:04 - 14 մայիսի, 2021
Վաղարշակ Հարությունյանն ու Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են Սյունիքում ստեղծված իրավիճակը

Վաղարշակ Հարությունյանն ու Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են Սյունիքում ստեղծված իրավիճակը

Մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովին (հիշեցնենք, որ ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի ենթակայության տակ է գտնվում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը): Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները,  Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մեկնարկած բարեփոխումները, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի։ Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ ռազմական համագործակցության մակարդակը և վստահություն հայտնել, որ նախանշված ծրագրերը կիրականացվեն ժամանակին և ամբողջ ծավալով։
16:49 - 14 մայիսի, 2021
Այսօր ադրբեջանական ԶՈՒ-ն փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում. ՊՆ

Այսօր ադրբեջանական ԶՈՒ-ն փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում. ՊՆ

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես բացահայտ սադրանք է որակում Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ձեռնարկված այս գործողությունները և, անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, այդ երկրի զինված ուժերից պահանջում անհապաղ վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։
17:42 - 13 մայիսի, 2021
Պետական սահմանը խախտած զինվորական համազգեստով անձանց մենք կարող ենք ձերբակալել․ ռազմական փորձագետ

Պետական սահմանը խախտած զինվորական համազգեստով անձանց մենք կարող ենք ձերբակալել․ ռազմական փորձագետ

Երեկ մամուլում մեկը մյուսի հետեւից հրապարակումներ եղան, ըստ որոնց հակառակորդը որոշակի գործողություններ է սկսել Սյունիքի Իշխանասարի, Սեւ լճի ուղղությամբ, եւ որ հայկական կողմից նույնիսկ վիրավորներ կան։ Որոշ ժամանակ անց ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ՝ հերքելով Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին լուրերը եւ հայտնելով, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները, ըստ ՊՆ-ի, դադարեցրել են այդ աշխատանքները։   Իսկ երեկ ուշ երեկոյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը Սեւ լիճ տեղանքում հատել են ՀՀ պետական սահմանը եւ խորացել մինչև 3,5 կիլոմետր: Մայիսի 13-ի առավոտյան Փաշինյանը հայտնեց, որ այս պահին ընթանում են բանակցություններ՝  իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի եւ դրա հնարավոր ելքերի մասին Infocom.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ։ Պետրոսյանցի խոսքով՝ Սյունիքում ռազմական գործողությւոններ չեն եղել, եւ խնդիրն առավել շատ քաղաքական դաշտում է։ Խոսելով տարածվող այն կարծիքների մասին, թե հայկական կողմը կարող էր գերի վերցնել ՀՀ պետական սահմանն անցած ադրբեջանցիներին, մեր զրուցակիցը մանրամասնեց․ «ՀՀ՝ միջազգայնորեն ընդունված պետական սահմաններից այս կողմ ցանկացած փոփոխության դեպքում հակառակորդ կողմը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում կատարած կողմ, եւ մենք իրավունք ունենք ձերբակալելու կամ գերի վերցնելու։ Գերի վերցնել կարող ենք այն դեպքում, երբ մարտական գործողություններ են ընթանում։ Եթե մարտական գործողություններ չեն ընթանում, այլ պետության քաղաքացիները, որոնք հատել են սահմանը, պետք է ձերբակալվեն, եւ քանի որ հատել են պետական սահմանը ու զինվորական հագուստով են, զինված են, նշանակում է, որ կարող է դիվերսիոն խումբ լինել։ Կան տարբեր օրենքներ, որոնց հիման վրա կարող ես այդ գործողությունները կատարել եւ ձեռբակալել։ Բայց թե ինչու երեկ հայկական կողմը նման քայլեր չի իրականացրել՝ չեմ կաող ասել»։  Ռազմական փորձագետի կարծիքով՝ նման միջադեպերի կրկնությունը բացառված չէ, քանի դեռ հստակ որոշված, գծված եւ կառուցված չեն սահմանները։ Պետրոսյանցի խոսքով՝ բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Սյունիքում սահմանները դեռ հստակեցված չեն, ինչի արդյունքում կողմերը կանգնում են նման միջադեպերի առջեւ․ երբ կլինի հստակ կառուցված սահման, արդեն ամեն ինչ կփոխվի։  Մեր զրուցակիցը մինչեւ աշուն չի կանխատեսում լայնածավալ ռազմական գործողություններ, քանի որ, ըստ նրա, մեր եղանակային պայմանները որոշակի սահմանափակում են ե՛ւ տեխնիկայի օգտագործումը, ե՛ւ ծագում են մարտական գործողություններին մասնակցող անձնակազմի մարտական ապահովման խնդիրներ․ «Եթե նայենք նաեւ պատմությունը, կտեսենք, որ 1988 թվականից մինչեւ հիմա մարտական գործողությունները հիմնականում եղել են աշնանը եւ գարնանը»,- նկատեց փորձագետը։ Խոսելով շրջանառվող այն լուրերի մասին, թե ադրբեջանական կողմը շրջանցել է հայկական դիրքերը եւ հայտվել Սեւ լճի տարածքում, Պետրոսյանցն ասաց՝ առհասարակ պաշտպանվող կողմը այնպիսի միջոցառումներ է կազմակերպում եւ ծառայությունը այնպես է կարգավորում, որ հակառակորդը հնարավորություն չունենա հատել սահմանը, իսկ հակառակորդի խնդիրը այն է, որ անցնի սահմանը։ Ռազմական փորձագետի կարծիքով՝ նման միջադեպերը կանխելու համար պետք է ամբողջապես պատրաստ լինել, պետք է նախապես իմանալ հակառակորդի պլանների մասին եւ լավ պատրաստվել, այդ թվում՝ տեխնիկապես։  «Ինձ թվում է, որ որպես այդ ՀԱՊԿ անդամ՝ մենք կարող ենք դիմել այս կազմակերպությանը, քանի որ խոսքը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին է։ Հարցը քաղաքական է, բայց դիմելուց հետո մենք կիմանանք, թե մեր դաշնակիցները, որքանով են մեր դաշնակիցները»,- ասաց Պետրոսյանցը՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելու անհրաժեշտության մասին։ Իսկ ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե այն երեք կիլոմետրը, որն անցել է ադրբեջանական կողմը, ռազմական կարեւոր նշանակություն չունի, Պետրոսյանցն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա որեւէ հատված, որը ռազմական կարեւոր նշանակություն չունենա, որովհետեւ մարտական գործողությունների խորությունը, նրա պնդմամբ, ժամանակակից տեխնոլոգիաները փոխել են․ եթե նախկինում՝ 20-րդ դարում, այդ խորությունը կարող էր հասնել 200 կիլոմետրի, ապա այսօր կարող է հասնել 1000 կիլոմետրի․ «Խոսքը ոչ թե սահմանային ճակատի մասին է, այլ խորքային։ Հայաստանն ունի՞ այդքան տարածք, պատասխանը ոչ է։ Հետեւաբար ՀՀ-ում չկա մի հատված, որը ռազմական կարեւոր նշանկաություն չունենա»։ Ասպրամ Փարսադանյան
17:36 - 13 մայիսի, 2021
Գիշերը հակառակորդը Սև լճի տարածքը վերցրել է իր հսկողության տակ․ Վերիշեն բնակավայրի ղեկավար Արարատ Օրդյան

Գիշերը հակառակորդը Սև լճի տարածքը վերցրել է իր հսկողության տակ․ Վերիշեն բնակավայրի ղեկավար Արարատ Օրդյան

Այս գիշեր հակառակորդը Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքով առաջացել է դեպի Գորիսի Վերիշեն բնակավայրի վարչական տարածք՝ լճի տարածքը վերցնելով իր հսկողության տակ։ Այս մասին Infocom-ի հետ զրուցում ասաց Վերիշեն բնակավայրի ղեկավար Արարատ Օրդյանը։ Նա նշեց, որ մինչեւ այս գիշեր՝ լճի միայն 30 տոկոսն է եղել հակառակորդի հսկողության տակ։ Նրա խոսքով՝ այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի հակառակորդը հետ քաշվի․ տարածքում են ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, համայնքապետը պատրաստվում է միանալ նրանց։ Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։
13:17 - 12 մայիսի, 2021
Ադրբեջանական զինուժը փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում․ ՊՆ-ն պարզաբանում է տարածել

Ադրբեջանական զինուժը փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում․ ՊՆ-ն պարզաբանում է տարածել

Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից «Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
13:10 - 12 մայիսի, 2021