Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Կես տարվա ընդմիջումից հետո այսօր  կկայանա հաղորդակցական ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը |azatutyun.am|

Կես տարվա ընդմիջումից հետո այսօր կկայանա հաղորդակցական ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Մոսկվայում կայանալու է տարածաշրջանային հաղորդակցական ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, այսօր «Ազատությանը» հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի ու Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ ստեղծված այս եռակողմ խմբի առաջին հանդիպումը կայացել էր անցած տարվա հունվարին Մոսկվայում: Նախորդը դեկտեմբերին էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ըստ հայկական կողմի, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ակտիվացնել խմբի աշխատանքները։ Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը գլխավորում են նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովը, և այս հանձնաժողովի շրջանակում նրանք օրերս հանդիպեցին սահմանին՝ Երասխի ուղղությամբ։
09:45 - 03 հունիսի, 2022
Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը կարևորել են մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը կարևորել են մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին: Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Հայաստանի համար ԱԶԲ հետ ձևավորված համագործակցությունը, ինչպես նաև ընդգծել 2019-2023թթ. համատեղ գործունեության ռազմավարության կարևորությունը: Օգտվելով հանդիպման առիթից՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին Քովիդի դեմ պայքարի ընթացքում Հայաստանին աջակցելու համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ենթակառուցվածքների, էներգետիկայի և կրթության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերը: Երկուստեք կարևորվել են մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Այդ համատեքստում Մհեր Գրիգորյանը շեշտել է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման և բիզնես գործունեության թափանցիկության բարձրացման տեսանկյունից ԱԶԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Փոխվարչապետն ու ԱԶԲ փոխնախագահը մտքեր են փոխանակել Հայաստանում թվայնացման և հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումների արդյունքում առկա մարտահրավերներին: 
18:34 - 02 հունիսի, 2022
Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը սահմանազատման հետ կապ չունի. Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջիկա հանդիպման մասին |tert.am|

Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը սահմանազատման հետ կապ չունի. Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջիկա հանդիպման մասին |tert.am|

tert.am: Հայաստանի և Ադրբեջանի ազգային հանձնաժողովների՝ սահմանազատման և անվտանգության հարցով առաջին նիստը, որը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անցել է կառուցողական։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայկական հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Գրիգորյանը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ կկայանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը։Նրա խոսքով՝ հանդիպման կոնկրետ ժամկետն այժմ համաձայնեցման փուլում է, և հանդիպման օրակարգում ներառված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների  2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի 11 հունվարի եռակողմ հայտարարությունների շրջանակում պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր։«Այս օրակարգը սահմանազատման հետ կապ չունի»,- հավելել է նա։
14:09 - 27 մայիսի, 2022
Միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպումը

Միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպումը

Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։   Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։   Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։   Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության են եկել hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։    
19:12 - 24 մայիսի, 2022
Կառավարությունը հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը |1lurer.am|

Կառավարությունը հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը: «Երևի չափազանցություն չի լինի նշել, որ այս փաստաթուղթը մեր պետության կարևոր փաստաթղթերի ամենակարևոր հնգյակում է. նույնիսկ՝ Սահմանադրությունից հետո»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Նա նշեց, որ փաստաթուղթը 3 տարվա աշխատանքի արդյունք է, և ռազմավարության մեջ շատ օբյեկտիվ ախտորոշված են ամբողջ կառավարման համակարգի խնդիրները և ախտորոշման հետ տրված են բոլոր հնարավոր լուծումները՝ մի քանի փուլով:  Նախարարը տեղեկացրեց, որ, ըստ ռազմավարության, աշխատանքը հիմնական 4 ուղղություններով է լինելու: «Առաջին բլոկը լինելու են հանրային ծառայությունները: Արդեն իսկ հատվածական տեղի են ունեցել հանրային ծառայությունների բարելավումներ մեր երկրում. տարբեր կառույցներ, տարբեր նախարարութուններ ստեղծել են միասնական որոշակի գրասենյակներ, կառույցներ, որոնք բարելավել են ծառայությունների որակը»,- ասաց նա: Մյուս խնդիրը, ըստ Անդրեասյանի, մարդկային ռեսուրսներն են: «Եղել են դեպքեր, երբ բարեկամներին, ազգականներին մտցրել են համակարգ, և ստեղծվել է քաղծառայության համակարգ, որը բավարար չափով չի խրախուսում, չի ներգրավում, չի կատարելագործում այն կադրերին, որոնք պետք են աշխատանքների իրականացման համար»,- ասաց նա:  Նախարարը նշեց, որ ռազմավարությունը հստակ տալիս է լուծումները, թե ինչպես պարգևատրել արժանավորներին, ինչպես հետաքրքիր դարձնել պետական ծառայությունը մասնավորի հետ մրցակցության պարագայում: Երրորդ հենասյունը, որի վրա կառուցված է ռազմավարությունը, ինստիտուցիոնալ արդիականացումն է: «Քաղաքական գործիչը կամ պաշտոնյան, նշանակվելով քաղաքական պաշտոնի, ունենում է բարի, լավ ցանկություններ, ուզում է իրականացնել լավ գործեր, բայց ինստիտուցիոնալ համակարգը ոչ միայն չի օգնում, այլև տեղ-տեղ միջին ու ստորին օղակներում նույնիսկ սկսում է խոչընդոտել»,- նշեց նա: Վերջինը, ըստ նախարարի, քաղաքականության ռազմավարական պլանավորումն է: «Մենք մի քանի տարի է՝ գնում ենք այդ ճանապարհով, որ հնարավորինս այսրոպեական չլինեն որոշումները, լինեն ռազմավարությունների մաս, բայց դա էլ համակարգման և կատարելագործման կարիք ունի»,- նշեց Կարեն Անդրեասյանը: «Երեք տարվա ընթացքում փորձել ենք վերլուծել պետական մեքենայի աշխատանքը և արձանագրել ենք, որ այդ մեքենայի մեջ կան ավելորդ և պակասող դետալներ, և այդ մեքենան ժամանակակից պահանջներին չի համապատասխանում, այն անհարմար է և՛ վարողների, և՛ ուղևորների համար, երբեմն ավել է բենզին ծախսում՝ չբացելով բավարար արագություն, երբեմն արգելակները չեն պահում, շրջադարձների վրա ենք խնդիրներ ունենում, և այսպես շարունակ»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ մեզ պետք է ունենալ որակյալ հանրային ծառայություններ և «ճանապարհ»՝ ռազմավարությունների տեսքով, որով «ուղևորներին կարելի է հարմարավետ ձևով տեղ հասցնել»: «Երբ ասում ենք հանրային կառավարման բարեփոխումներ, նկատի ենք ունենում հետևյալը. որ քաղաքացիների համար կյանքը ավելի հարմարավետ դարձնելու մեխանիզմն աշխատի առավել արդյունավետ: Սա շատ մեծ, ծավալուն աշխատանք է, և ես համոզված եմ, որ այդ ծավալուն աշխատանքը մենք հետևողականորեն կանենք»,- ասաց վարչապետը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց, որ ռազմավարությունը միայն պետական մեքենայի լավարկման մասին չէ, որովհետև դա ուղղակի ազդեցություն ունի տնտեսության վրա, սոցիալական ոլորտում և ամենալուրջ ազդեցությունն ունի հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի համար: «Այս ռազմավարության հանրային կարևորությունը շատ մեծ է. այն խարսխային է պետության աշխատանքի համար»,- ընդգծեց Մհեր Գրիգորյանը:
12:40 - 13 մայիսի, 2022
Շահագրգռված ենք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում դրական արդյունք ունենանք․ Փաշինյանը՝ ՌԴ փոխվարչապետին

Շահագրգռված ենք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում դրական արդյունք ունենանք․ Փաշինյանը՝ ՌԴ փոխվարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է հյուրերին և նշել.  «Ուրախ եմ ձեզ տեսնել, ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ բարձր ենք գնահատում տարածաշրջանային կոմունիկացիաների, ավտոմոբիլային, երկաթուղային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն իրականացված աշխատանքի համար: Գիտեք, թե մեզ համար որքան կարևոր է այդ թեման, քանի որ երբ մենք կոնկրետ լուծումների գանք, այն կփոխի իրավիճակը տարածաշրջանում ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական, հոգեբանական, անվտանգության իմաստով: Գիտեք, թե մենք որքան շահագրգռված ենք, որպեսզի դրա հետ կապված կոնկրետ և դրական արդյունք ունենանք: Մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել: Մոսկվա կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում սա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վալդիմիրի Պուտինի հետ քննարկվող առանցքային թեմաներից մեկն էր: Եվ ես շատ ուրախ եմ, որ սրա կապակցությամբ մենք մեր ընդհանուր մոտեցումները, մեր ընդհանուր դիրքորոշումներն ամրագրեցինք: Ինչ վերաբերում այդ թեմայի հետ կապված հետագա աշխատանքին, այդ թեման ունի նաև տեխնիկական կողմ, որը, կարծում եմ՝ այնքան էլ բարդ չէ: Բայց որպեսզի մենք կոնկրետ և արդյունավետ լուծումներ ունենանք, պետք է լուծել բոլոր իրավաբանական հարցերը, ընթացակարգային հարցերը, որոնք ոչ միայն մեզ կօգնեն արագորեն կոնկրետ լուծումների հանգել, այլ նաև այդ լուծումները կդառնան ավելի հիմնավորված և ավելի ուժեղ, եթե կարելի է այդպես ասել: Եվ մեխանիզմը երկարաժամկետ հեռանկարում արդյունավետորեն կաշխատի: Վստահ եմ, որ մենք բոլորս տրամադրված ենք նման աշխատանքի: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել իրականացված նման աշխատանքի համար: Հույս ունեմ և վստահ եմ, որ հետագայում ևս այդ աշխատանքն արդյունավետ կլինի, պարզապես պետք է որքան հնարավոր է շուտ գալ կոնկրետ լուծումների»:Իր հերթին Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել.  «Իսկապես, բոլորովին վերջերս մենք Ձեզ հետ հանդիպեցինք Մոսկվայում, որտեղ գտնվում էիք պաշտոնական այցով, այցելեցիք Մոսկվա և Նիժնի Նովգորոդ: Մի ամբողջ շարք հանդիպումներ եղան՝ և՛ Վլադիմիր Պուտինի, և՛ Միխայիլ Վլադիմիրի, և Վալենտինա Մատվիենկոյի հետ: Կայացած հանդիպումների արդյունքներով, մեր պրոֆիլային նախարարությունները առաջադրանքներ ստացան, և մենք դրանց ուղղությամբ աշխատում ենք: Եվ ուզում եմ շատ կաևոր պահ նշել, որին Դուք ուշադրություն հրավիրեցիք Ձեր այցի ժամանակ, դա այն է, որ ամբողջությամբ հանվեն կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները: Հիմա օպերատիվ շտաբը նման որոշում է կայացրել՝ մայիսի 16-ից բոլորը կհանվեն և հնարավոր կլինի և ավտոճանապարհներով երթևեկել, և ինքնաթիռներով: Այսինքն՝ բոլոր այս հարցերը, որոնք իսկապես մեր երկրների միջև շփումները հետաձգում էին, այսօր հանվում են: Բացի այդ, մենք նաև Ձեզ հետ որոշումներ ընդունեցինք առևտրային ոլորտի բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք այսօրվա թեմայի համատեքստում շատ կարևոր են: Պատրաստ ենք հետագայում ևս նույն ոգով շարունակել համագործակցությունը և զարգացնել այն: Այսօր, իհարկե, եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների մասին կցանկանայինք խոսել: Մենք լիարժեքորեն և ամբողջությամբ կիսում ենք Ձեր գնահատականները Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների հաստատման հարցում: Իրոք, երբ դա տեղի ունենա, դա ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան: Եվ իսկապես նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա և լրացուցիչ ազդակ ստանա, և դրա հետ կապված նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը: Սրա հետ կապված մենք, իհարկե, առավելագույն ջանքեր ենք գործադրում և՛ Մհեր Գրիգորյանի, և՛ Շահին Մուստաֆաևի հետ, որպեսզի այդ հարցերը լուծենք: Եվ ինչպես Դուք ճիշտ նկատեցիք, իհարկե շատ կարևոր են իրավաբանական և ընթացակարգային լուծումները»: Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին:
17:30 - 12 մայիսի, 2022
Հայաստանի և Իրանի միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի և Իրանի միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  Միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:Նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.«Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի նախագահ, մեծարգո՛ պարոն Մեհրաբիան,Հարգելի՛ գործընկերներ,Տիկնա՛յք և պարոնա՛յք,Նախևառաջ, ցանկանում եմ ողջունել ձեզ Հայաստանում։ Ուրախությամբ պետք է փաստենք, որ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված որոշակի դադարից հետո այսօր Երևանում գումարվում է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը։ Հատկանշական է, որ նիստը ընթանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում։Բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Իրանը ոչ միայն հարևան պետություն է, այլ նաև առևտրային կարևոր, հուսալի և վստահելի գործընկեր մեզ համար։ Մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք երկու երկրների հարաբերություններում առկա մեծ ներուժը ամբողջապես իրացնելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ երկկողմ համագործակցության ընդլայնումը դրական ազդեցություն կունենա հայ և իրանցի բարեկամ ժողովուրդների համար։Վստահաբար կարող եմ նշել, որ մեր երկու երկրների կառավարությունները դրսևորում են քաղաքական անհրաժեշտ կամք և հետևողականություն՝ զարգացնելու մեր միջպետական հարաբերություններն ամենատարբեր ոլորտներում։Հաշվի առնելով Իրանի հետաքրքրվածությունը ԵԱՏՄ ինտեգրման հարցում՝ Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում խթանելու այդ գործընթացը, ինչպես նաև բարեկամ Իրանի համար դարպաս դառնալու դեպի ԵԱՏՄ շուկա: Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ապահովելու և ծավալելու Իրանի հետ այս ուղղությամբ ակտիվ փոխգործակցություն։Անդրադառնալով երկկողմ համագործակցությանը՝ կցանկանայի նշել, որ մեծապես կարևորում ենք էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների արձանագրումը, մասնավորապես՝ գազ- էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի երկարաձգման, Հյուսիս-հարավ էներգետիկ քառակողմ կապի և Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման ուղղությամբ: Պետք է նշեմ նաև, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության երկաթուղային կապի հաստատումը գտնվում է մեր օրակարգային կարևորագույն հարցերի շարքում։Կշեշտեմ նաև, որ երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման, սահմանային և մաքսային վարչարարության լավարկման ուղղությամբ համագործակցությունը իր հերթին կնպաստի հարևան և բարեկամ երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը։ Հարգելի՛ ներկաներ,Ցանկանում եմ կարևորել այն փաստը, որ մեր փորձագիտական խմբերի աշխատանքի արդյունքում մշակվել են մի շարք ոլորտներում մեր երկու երկրների փոխգործակցության հետագա ուղենիշները: Արձանագրվել է առևտրի, արդյունաբերության, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը:Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների փորձագիտական պատվիրակություններին կատարված նախապատրաստական արդյունավետ աշխատանքի համար:Ուրախ եմ արձանագրել, որ առցանց և դեմ առ դեմ հանդիպումների ընթացքում երկու կողմերի պատվիրակությունների միջև կայացել են աշխատանքային կառուցողական քննարկումներ, որոնց արդյունքում ձևավորվել է այսօր ստորագրվելիք համապարփակ փաստաթուղթը:Պետք է փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը իրենց հարաբերություններում մշտապես առանձնահատուկ կարևորություն են տալիս գործարարների միջև համագործակցության խթանմանը, և այս ուղղությամբ հատկանշական է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում նաև տեղի է ունենալու հայ և իրանցի գործարարների համաժողով։ Վստահ եմ, որ տնտեսական այս կարևոր միջոցառումը ևս հարթակ կդառնա հայ-իրանական գործարար կապերի ընդլայնման և ամրապնդման համար։Խորապես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունները արդյունավետ կերպով կշարունակեն համագործակցությունը՝ այսօր ստորագրվելիք փաստաթղթում արձանագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ:Ամփոփելով թույլ տվեք վստահություն հայտնել, որ ստորագրվող փոխըմբռնման հուշագիրը կբացի նոր հնարավորություններ երկու երկրների համապարփակ և բարձր մակարդակի հարաբերություններում՝ ի բարօրություն հայ և իրանցի բարեկամ ժողովուրդների։Շնորհակալություն»:Նիստից առաջ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ Մհեր Գրիգորյանը և Ալի Աքբար Մեհրաբիանը հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:
20:35 - 11 մայիսի, 2022
Մհեր Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման աշխատանքների ընթացքը

Մհեր Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման աշխատանքների ընթացքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման՝ տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ կարևորելով այս գործընթացը որպես տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդման երաշխիք: Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, ինչպես նաև 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը երկաթուղու վերագործարկման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի հետ կապված հարցեր: 
18:43 - 21 ապրիլի, 2022
Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ ֆինանսավորում է և կֆինանսավորի Արցախի բյուջեի պակասուրդը. Մհեր Գրիգորյան

Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ ֆինանսավորում է և կֆինանսավորի Արցախի բյուջեի պակասուրդը. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի քննարկման շրջանակներում հանդես է եկել որպես հարակից զեկուցող: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, ելույթի շրջանակներում փոխվարչապետը մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի հարգելի նախագահություն,Հարգելի պատգամավորներ, Առիթ ունեցել եմ Ազգային ժողովի ամբիոնից խոսելու Արցախի վերականգման սոցիալ-տնտեսական ծրագրերի մասին, բայց կցանկանայի այսօր ավելի համապարփակ անդրադառնալ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախի սոցիալ-տնտեսական վերականգմանն ուղղված միջոցառումներին, որոնք իրականացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի կառավարության կողմից՝ Հայաստանի պետական բյուջեի միջոցների հաշվին:Արցախի կառավարությանը և Արցախի քաղաքացիներին աջակցելու, Արցախի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի կառավարության կողմից 2020 թվականի նոյեմբերից սկսած և 2021 թվականի ամբողջ ընթացքում իրականացվել են 2 տասնյակից ավելի միջոցառումներ՝ ինչպես նշվեց, 136 մլրդ դրամից ավելի ընդհանուր բյուջեով, որից շուրջ 120 մլրդ դրամը հատկացվել է 2021 թվականի ընթացքում:Առաջին հերթին՝ Կառավարության որոշմամբ դեռևս 2020 թվականի վերջիս պետությունը երաշխավորել է Արցախում արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը:2021 թվականի ողջ ընթացքում և մինչ օրս ապահովվել է անվճար ուղևորափոխադրում Երևան-Ստեփանակերտ երթուղով, որի համար միայն 2021 թվականի ընթացքում հատկացվել է շուրջ 175 մլն դրամ: 2021 թվականի ընթացքում իրականացվել է շուրջ 590 ուղերթ, որից օգտվել է ավելի քան 25 000 մարդ:Հայաստանի կառավարությանը 2020 թվականի նոյեմբերին միանվագ 68 հազ. դրամի չափով աջակցություն է տրամադրել Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված անձանց և հավելյալ 15 հազ. դրամ՝ Հայաստանում անշարժ գույք չունենալու պարագայում: Միջոցառման բյուջեն կազմել է շուրջ 7,3 մլրդ դրամ, միջոցառումից փաստացի օգտվել են շուրջ 100 000 մեր հայրենակիցներ:Աջակցություն է տրամադրվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ տրամադրվել է 300 հազ. դրամ: Այս ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 10,6 մլրդ դրամ, շահառուների թիվը ՝ 35 000-ից ավելի:Զուգահեռ, աջակցություն է տրամադրվել հրետակոծության հետևանքով Արցախում բնակարանը կամ տունը ավերված կամ կորցրած ընտանիքներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ տրամադրվել է 250 հազ. դրամ գումար: Այս ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 1,3 մլրդ դրամ, շահառուների թիվը ՝ 5 388 անձ:Երկու միջոցառում է իրականացվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալած և Արցախում հրետակոծության հետևանքով բնակարանը կամ տունը կորցրած անձանց հյուրընկալած ընտանիքներին օժանդակելու նպատակով: Հայաստանում յուրաքանչյուր հյուրընկալված չափահաս անձի համար տրամադրվել է 30 հազ. դրամ, Արցախում՝ 45 հազ. դրամ։ Միջոցառման ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 2,9 մլրդ դրամ:Եվս մեկ միջոցառման ներքո աջակցություն է տրամադրվել Հայաստանում՝ արցախցի մեր հայրենակիցներին հյուընկալած հյուրատներին, յուրաքանչյուր չափահաս անձի համար 30 հազ. դրամ հաշվարկով:Մեկ այլ միջոցառման շրջանակներում ամանորյա միանվագ աջակցություն է տրամադրվել Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին՝ յուրաքանչյուրին 20 հազ. դրամի չափով: Ծրագրի բյուջեն կազմել է շուրջ 280 մլն դրամ, որպես շահառու ընդգրկել են նախադպրոցական տարիքի բոլոր երեխաները:Կառավարության որոշմամբ 2020-2021 թվականների ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է տրամադրվել այն ուսումնողներին, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին, կամ եթե մարտական գործողություններին մասնակցել է նրա ծնողը կամ ամուսինը: Այս ծրագրի շահառուների թիվը 4210 ուսանող է, իսկ ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 1,7 մլրդ դրամ:4 ամիս անընդմեջ՝ սկսած 2021թ. մարտից Արցախում հաշվառված կամ բնակված անձանց աջակցություն է տրամադրվել ամսական 68 հազ. դրամի չափով: Միջոցառման բյուջեն կազմել է շուրջ 27,1 մլրդ դրամ, շահառուների թիվը այս միջոցառման՝ շուրջ 109 000:2021 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում տեղահանված և Արցախում բնակելի տունը կորցրած անձանց ամսական աջակցություն է տրամադրվել հետևյալ չափերով՝ երեխաներին, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին՝ 50 հազ. դրամի, այլ խմբերին՝ 25 հազ. դրամի չափով:Հետագայում ծրագիրը երկարաձգվել է, և 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին երեխաներին, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին՝ ամսական 40 հազ. դրամ է հատկացվել, այլ խմբերին՝ 20 հազ. դրամ: Այս ծրագրի շահառուների թիվը կազմել է շուրջ 37 000 անձ, իսկ ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 5,4 մլրդ դրամ:Կցանկանայի ընդգծել մեկ այլ կարևոր ծրագիր. Հայաստանի կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ին ընդունված որոշմամբ հաստատված Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում աջակցություն է տրամադրվելու Հայաստանում և Արցախում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող անձանց՝ վարկի մայր գումարի և տոկոսների մարումները սուբսիդավորելու միջոցով:Հարկ է նշել, որ Արցախի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ուղղված շուրջ 136 մլրդ դրամի աջակցությունը ներառում է վերոնշյալ միջոցառումների հանրագումարային ծախսը, ինչպես նաև Արցախի կառավարությանը տրամադրած շուրջ 69,2 մլրդ դրամի արտոնյալ բյուջետային վարկերը և շուրջ 12,5 մլրդ դրամի նվիրաբերությունը:Ինչպես նշեցի ելույթի սկզբում կան մի շարք միջոցառումներ, որոնք իրականացվել են Արցախի կառավարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:Դեռևս 2020 թվականի վերջին Կառավարության կողմից ընդունվել է երեք որոշում, որոնց շրջանակներում շուրջ 5,1 մլրդ դրամ հանրագումարով արտոնյալ բյուջետային վարկեր են տրամադրվել Արցախի կառավարությանը՝ Արցախի տնտեսությանն աջակցելու նպատակով:Որպես նվիրաբերություն 2020 թվականի դեկտեմբերին 1 մլրդ դրամ գումարի չափով աջակցություն է տրամադրվել Արցախի կառավարությանը Արցախի տարածքում 2020 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին ամբողջ բնակչության սպառած էլեկտրաէներգիայի և գազի ծախսը անհատույց ֆինանսավորելու նպատակով։Արցախի կառավարությանը որպես նվիրաբերություն 2021 թվականի ապրիլին տրամադրվել է շուրջ 4,1 մլրդ դրամ գումարի չափով աջակցություն՝ որն ուղղվել է Արցախի ամբողջ բնակչության կողմից սպառված գազի և էլեկտրաէներգիայի, կապի ծախսերի, ինչպես նաև ոչ պետական կազմակերպությունների վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով վճարված եկամտային հարկի վերադարձի ֆինանսավորմանը։2021 թվականի հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածում Կառավարության կողմից ընդունվել է թվով վեց որոշում, որոնց շրջանակներում Արցախի կառավարությանը որպես նվիրաբերություն տրամադրվել է շուրջ 7,4 մլրդ դրամ գումարի չափով աջակցություն՝ որն ուղղվել է Արցախի ամբողջ բնակչության կողմից 2021 թվականի հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածում գազի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաև կապի ծառայությունների ծախսերի ֆինանսավորմանը։Նույն որոշումների շրջանակներում 2021 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է նաև 64,1 մլրդ դրամ գումարի չափով արտոնյալ վարկ՝ Արցախի կենսաթոշակների, նպաստների, պետական հատվածի աշխատողների աշխատավարձի, առողջապահական, կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով:2021 թվականի ընթացքում աջակցության ծրագրերի համատեղ իրականացման շրջանակներում Արցախի և Հայաստանի կառավարությունների միջև կնքվել են համաձայնագրեր, որոնցով սահմանվել են Արցախի կառավարության կողմից հաստատված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումների, ինչպես նաև դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրերի իրականացման ֆինանսական կարգավորումները:Հավելյալ կցանկանայի ընդգծել, որ 2020 թվականի նոյեմբեր ամսից և 2021 թվականի ամբողջ ընթացքում Հայաստանի և Արցախի կառավարությունները զուգահեռ են իրականացրել բոլոր միջոցառումները՝ ելնելով տվյալ ժամանակահատվածի համար նույնականացված կարիքներից և խնդիրներից: 2022 թվականի համար նախատեսված սոցիալ-տնտեսական միջոցառումները ի մի բերվեցին 2022 թվականի բյուջեների կազմման շրջանակներում:Միջոցառումներն այլևս համակարգված իրականացվելու են Արցախի կառավարության կողմից, իսկ դրանց լիարժեք իրականացման նպատակով Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ ֆինանսավորում է և կֆինանսավորի Արցախի բյուջեի պակասուրդը: Ամփոփելով պետք է նշեմ, որ 2022 թվականի համար հատկացումների տարեկան չափը սահմանվել է 144 մլրդ. դրամ:Շնորհակալություն ուշադրության համար»:
15:26 - 13 ապրիլի, 2022