Սեւան

Սեւանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Հայտնի ձկնատեսակը իշխանն է։ Սեւանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։

Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձեւավորում են հանրապետության ամենամեծ՝ Սեւան-Հրազդան կասկադը։1978 թվականին ստեղծվել է Սեւան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սեւան ջրատարը։

Սևանը չի ինքնամաքրվել, ճահճանում է. Կարինե Դանիելյան |shantnews.am|

Սևանը չի ինքնամաքրվել, ճահճանում է. Կարինե Դանիելյան |shantnews.am|

shantnews.am։ «Էլ ի՞նչ պետք է անի բնությունը, որ վերջապես հասկանանք՝ ազգովի մոտենում ենք կամ գուցե արդեն մտել ենք էկոլոգիական ճգնաժամի մեջ»,- օգոստոսի 6-ին, անդրադառնալով բնապահպանական խնդիրներին, ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Կարինե Դանիելյանն իր դժգոհությունը հայտնեց՝ նշելով, որ Հայաստանում էկոլոգիական խնդիրներն ամենավերջին տեղում են, ինչի հետևանքով արդեն երկրորդ տարին է՝ ունենում ենք Սևանի ծաղկում, ինչը լիճը տանում է դեպի ճահճացում: «Վերաբերմունքը, որ լիճն ինքնամաքրվեց, սխալ է: Սևանա լիճը չի ինքնամաքրվել: Այդ ծաղկումը սեզոնային է, ծաղկել են, իջել են հատակին, ինչը ճահճացումն ավելի է խորացնելու, որովհետև հատակին դրանք քայքայվում են, և լճի ջրի որակի վրա բացասական է ազդում այդ գործընթացը»,- ասաց Կարինե Դանիելյանը: Սևանի վիճակն ու արագիլների աղտոտումը, ըստ նրա, ահազանգ ու սթափվելու կոչ են բնության կողմից: «Այն, ինչ կատարվում է, ճիչ է՝ ուղղված մեզ, որ վաղը ձեզ հետ նույնն է լինելու, որովհետև ուղղակի թափոններով ծածկել ենք երկիրը, սկանդինավյան երկրներում աղբի 1 տոկոսն է հորվում, մնացածը նորից օգտագործվում է, մենք նույնիսկ չենք կարողանում հասնել տարանջատման: Ինչո՞ւ ենք համաշխարհային մակարդակով քաղցկեղի մահացությամբ առաջին տեղերում: Բժիշկներն ասում են՝ ժամանակին չեն դիմում, գուցե դա փոքր ազդեցություն ունի, բայց պատճառը մեր շրջակա միջավայրի վիճակն է՝ երկիրը ծանր մետաղներով ծածկելու արդյունքը»,- նշեց Կարինե Դանիելյանը:  
11:07 - 06 օգոստոսի, 2019
Ֆոսֆորն ամբողջովին յուրացվել է ջրիմուռների կողմից, և ծաղկման պրոցեսն ավարտված է

Ֆոսֆորն ամբողջովին յուրացվել է ջրիմուռների կողմից, և ծաղկման պրոցեսն ավարտված է

Շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալի օգնական Դիանա Երիցփոխյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը հուլիսի 22-23-ը իրականացրել է Սևանա լճի ջրի որակի հերթական մոնիթորինգը: Ջրի որակի հետազոտություններն իրականացվել են Մեծ և Փոքր Սևանների ամբողջ ծավալով: Համաձայն դաշտային ուսումնասիրությունների և առաջնային ֆիզիկաքիմիական անալիզների արդյունքների Սևանա լճում լուծված թթվածնի պարունակությունը մակերևութային շերտում 5-6 մգ/լ է, իսկ հատակամերձ շերտում (Մեծ Սևանում 20-30մ խորություններում, իսկ Փոքր Սևանում՝ 60-80մ) 4-5 մգ/լ: Թթվածնի դիտված քանակությունը բավարար է ջրային կենդանական աշխարհի պահպանման համար: Հատակամերձ շերտում թթվածնազրկություն (anoxia) չի դիտվում: Լճի մակերևութից մինչև 20 մ խորություն ֆոսֆորը ամբողջովին յուրացվել է ջրիմուռների կողմից և ծաղկման պրոցեսը ավարտված է: Լճում սկսվել է ջրիմուռների քայքայման պրոցեսը, ինչն ուղեկցվում է կալցիումի ակտիվ անջատմամբ և լճում պղտորության առաջացմամբ: Այս պրոցեսների արդյունքում Մեծ Սևանում ջրի թափանցիկությունն ըստ Սեկի դիսկի 3.5-5 մ է, իսկ Փոքր Սևանում՝ համեմատաբար ցածր է՝ 1.0-2.8 մ»։    
08:25 - 26 հուլիսի, 2019
Քլորելան կարող է փրկել Սեւանը. Աշոտ Կարապետյան |hetq.am|

Քլորելան կարող է փրկել Սեւանը. Աշոտ Կարապետյան |hetq.am|

hetq.am: «Քլորելան կարող է «ծաղկած» Սեւանի փրկության տարբերակներից մեկը լինել»,-ասում է ցանցային մասնագետ, գյումրեցի Աշոտ Կարապետյանը: Նա պատրաստվում է վերականգնել 2014-15թթ. իր սկսած եւ 4 տարի առաջ դադարեցրած քլորելայի արտադրությունը: Նրա՝ ««Քլորելա Վուլգարիս» ջրաբույսերի արտադրությունը` որպես կերային հավելուկ» ներդրումային ծրագիրը ներկայացվել էր հուլիսի 20-ին, Գյումրիում կայացած «Իմ քայլը հանուն Շիրակի» գործարար համաժողովին եւ տեղական արտադրանքի ցուցահանդեսին:  «2 մլն 800 հազար դրամի ներդրումային ծրագիր է, որից 1 մլն 300 հազարն իմ ներդրումն է սարքավորումների ու տեխնոլոգիայի տեսքով, իսկ աջակցությունն ինձ պետք է առավել ստերիլ տարածք ունենալու եւ լիցենզիայի համար,-ասում է Աշոտ Կարապետյանը,-վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարզպետն անձամբ ներկայացրեց ու նշեց հատկապես Սեւանի փրկության համար կիրառելի տարբերակը: Ագրարային ակադեմիայի ռեկտորին շատ հետաքրքրեց քլորելան, խոստացավ իրենց մասնագետների հետ ուսումնասիրելուց հետո արձագանքել»: Քլորելան կանաչ ջրաբույս է: Համարվում է աշխարհում ամենաօգտակար հավելումներից մեկը: Քլորելան համարվում է վիտամինների, սպիտակուցների, հակաօքսիդանտների շատ հարուստ աղբյուր: Ունի վառ արտահայտված հակաբիոտիկ, հակասեպտիկ, օրգանիզմը վերականգնող եւ թունազերծող հատկություն, բարձրացնում է դիմադրողականությունը, նորմալացնում արյունաստեղծ գործընթացը: Ցուցված է եւ մարդկանց, եւ կենդանիների օգտագործման համար: Քլորելայի գյուտը պատկանում է բուլղարացի գիտնականներին: Աշոտ Կարապետյանի փոխանցմամբ, քլորելայով հայ գիտնականները զբաղվել են 1960-ականներին: «Բազմաթիվ ուսումնասիրություններ, հոդվածներ կան քլորելայի մասին: Հայտանագործել են բուլղարացիները, բայց հիմա աշխարհում տարբերակվում են քլորելայի արտադրության ռուսական եւ ճապոնական եղանակները: Ռուսականի դեպքում գործածվում է հեղուկ տարբերակը, իսկ ճապոնացիները զտում են ջրային մասսան ու վաճառում հաբերի ձեւով: Ես քլորելայի շտամը՝ մերանը, բերել եմ Սարատովից: Նախորդ անգամ իմ գործունեությունը դադարեցրեցի, որովհետեւ տեխնոլոգիան փչացրել էի, հիմա կրկին վերադարձել եմ այդ գաղափարին, քանի որ Հայաստանում մեծ զարգացում է ստանում ինտենսիվ անասնապահությունը»,-ասում է Աշոտ Կարապետյանը: Բարձր ցուցանիշներ ստանալու նպատակով ֆերմերները ձգտում են ներմուծել անասունների արդյունավետ ցեղատեսակներ, որոնց համար կիրառում են կերային հավելումներ: «Սակայն կերային հավելումները հաճախ քիմիական ծագման են կամ գենամոդիֆիկացված: Բացի դրանից, կերը, լինելով թանկ, ազդում է արտադրանքի արժեքի վրա, ինչի հետեւանքով խանութներում վաճառվող կաթնամթերքի գները մի քանի անգամ տարբերվում են գյուղական բնական կաթնամթերքի գներից՝ զիջելով նրանց թե´ որակով, թե´ էկոլոգիապես,-նկատում է զրուցակիցս,-սա հաշվի առնելով եմ առաջարկ ներկայացրել քլորելայի արտադրության հետ կապված, որպեսզի բնական ծագման հավելումներ օգտագործվեն»: Քլորելան պարունակում է 665 տեսակի նյութ՝ 40 տեսակի ամինաթթու, 15 տեսակի վիտամին, միներալներ, հակաօքսիդանտներ եւ այլն: Հեղուկ քլորելայի պահպանման ժամկետը 10 օր է: Ժամկետանց, հին բուսահյութից տիղմի, ջրիմուռի հոտ է գալիս: Որպես կերային հավելում կենդանիներին տրվում է վերարտադրման շրջանում՝ կովին տարին մեկ անգամ, խոզին՝ երկու, ճագարին շատ ավելի մեծ հաճախությամբ եւ այլն: Աշոտի փոխանցմամբ, մարդիկ եւս կարող են օգտագործել քլորելա, օրական չափաբաժինը` 200 գրամ, մեկ ամիս տեւողությամբ, եթե կարիք ունեն ուժերը վերականգնելու: Քլորելան հաջողությամբ ճնշում է գրիպի հարուցիչը. Աշոտն ասում է՝ անձամբ է փորձել իր վրա: «Սեւանի պարագայում կարող եմ ասել, որ քլորելայի շտամը կվերացնի Սեւանում առկա շտամը, այսինքն` քլորելայի գործադրմամբ կարող ենք լուծել այդ հարցը,-պնդում է Աշոտը,-աշխարհում բազմաթիվ փորձեր կան, որ տարբեր ջրամբարներ լցրել են, ինքը վերացրել է էդ կապտկանաչավուն ջրիմուռը: Բավարար կլինի 1 հա-ի համար օգտագործել 20 լիտր քլորելա: Ազգային անվտանգության տեսանկյունից նաեւ շատ կարեւոր է քլորելայով կեղտաջրերի մաքրումը»:  
07:14 - 26 հուլիսի, 2019
Սեւանա լճում էվտրոֆիկացիա է տեղի ունենում. փորձագետ |news.am|

Սեւանա լճում էվտրոֆիկացիա է տեղի ունենում. փորձագետ |news.am|

news.am: Սեւանա լճում ակտիվորեն ճահճացում է ընթանում, այսինքն՝ էվտրոֆիկացիայի գործընթաց: Այս մասին ասաց Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը: Մինասյանը նշեց մի քանի պատճառ՝ ջրի մակարդակի նվազեցում, 2002 թվականից ջրի տակ մնացել է մոտ 4000 հեկտար չմաքրված մակերես: «Ընդ որում, ջրի տակ մեծ մասն անտառային հողեր են: Սակայն ամենակարեւոր գործոնը՝ լճում խախտվել է սննդային շղթան, եւ դրա պատճառով էկոհամակարգը սխալ է գործում: Այսինքն՝ ձկների բացակայությունը եւս ազդում է տեղի ունեցող գործընթացի վրա»,- նշեց Մինասյանը: Փորձագետը տվյալ իրավիճակը լուծելու համար մի քանի միջոց առաջարկեց. «Նախ պետք է տարեցտարի բարձրացնել ջրի մակարդակը՝ նախկին մակարդակին հասնելու համար, այսինքն՝ մինչեւ 1937 սմ: Ինչպես նաեւ անհրաժեշտ է մաքրել անտառները, այն հատվածները, որոնք զբաղեցնում են մոտ 800 հեկտար տարածք: Վարչապետի որոշմամբ՝ լիճը կմաքրվի մոտ 2 տարում: Առաջին հերթին անհրաժեշտ է մաքրող սարքեր կառուցել, եւ վերջին հաշվով պետք է վերադարձնել ձկների պոպուլյացիան: Առանց ձկների ջուրը չի մաքրվի»: Մինասյանի խոսքով՝ չկան իրական կանխատեսումներ, թե ինչ վիճակում կլինի Սեւանը: Նրա գնահատմամբ՝ դրա պատճառը համակարգված մոնիթորինգի բացակայությունն է:«Ներկա պահին չկան մասնագետներ, որոնք որոշում կկայացնեն: Ինչպես նաեւ բացակայում են Սեւանի համար ջրի որակի ստանդարտներն ու նորմերը»,- հավելեց փորձագետը: Փորձագետը նաեւ նշեց, որ որակի ստանդարտը կառավարման գործիք է: Ոչ ոք չի կարող ասել՝ որքան պետք է լճում լինեն ֆոսֆոր եւ այլ քիմիական տարրեր: Մեկ ստանդարտով դա լավ է, մյուսով՝ վատ: Խնդրի լուծման համար Մինասյանն առաջարկում է Սեւանի համար ընդհանուր ստանդարտներ մտցնել:
06:23 - 26 հուլիսի, 2019
«Սևան» ազգային պարկի տնօրենի թերի պնդումները Սևանա լճի խնդրի շուրջ

«Սևան» ազգային պարկի տնօրենի թերի պնդումները Սևանա լճի խնդրի շուրջ

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը իր՝ հուլիս 24-ին «Հայկական ժամանակ»-ին տրված հարցազրույցում մանրամասնում է Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը և կատարում մի քանի վիճահարույց պնդումներ, որոնց կանդրադառնանք ստորև: Նախ նշենք, որ դեռևս մեկ տարի առաջ՝ Սևանա լճի կանաչակալման գործընթացի ժամանակ, Վահե Գուլանյանն այն տեսակետին էր, որ բնական պրոցեսին միջամտելը կատեգորիկ արգելվում է, իրենք էլ դա չեն թողնի, քանի որ էկոհամակարգի համար նորմալ երևույթ է: Այս տարի ևս չի փոխվել «Սևան» ազգային պարկի տնօրենի տեսակետը: Նա նշում է. «Սա նորմալ պրոցես է Սեւանա լճի համար: Կուտակվում է օրգանական նյութ, լիճը օրգանական նյութից այս տարբերակով ազատվում է: Լճերը, ջրամբարները, գետերը ունեն ինքնամաքրման այսպիսի գործընթացներ: Այս տիպի բռնկումները 15 օր են տևում»: ՊՈԱԿ-ի տնօրենը հարցազրույցի սկզբում նշում է, որ ամենավատ վիճակը եղել է 2006 թվականին: Սակայն ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հրապարակումն այլ պատկեր է ցույց տալիս: Ինչպես տեսնում ենք գրաֆիկից` այս տարվա հուլիս ամսին Սևանա լճում քլորոֆիլի քանակը գերազանցել է 2006 թվականի ամենաբարձր՝ օգոստոս ամսվա ցուցանիշը։ Գուլանյանը լճի հետ տեղի ունեցողը կապում է բարձր ջերմաստիճանի հետ, իսկ կոյուղաջրերի մասին պնդում է հետևյալը. «...այսօր շեղում են մարդկանց ուշադրությունը դեպի ռեստորանների եւ օբյեկտների վրա, բայց բոլորս գիտենք, որ Սևանա լճում, եթե ուզենք, այսօր 5 հատ նորմալ հյուրանոց կամ ռեստորան չենք գտնի: Հիմնական մասը տնակներ են, որոնք նույնիսկ զուգարաններ չունեն: Այսինքն՝ այստեղից սպասել լուրջ արտանետման, որը կարող է այսպիսի էֆեկտ ունենալ լճի համար՝ այդքան էլ լուրջ չի...»: Ուշագրավ է այն, որ մեկ այլ հարցազրույցում ՊՈԱԿ-ի տնօրենը խոսում է մոտ 10-ը ռեստորանների մասին. «...դրանք մոտ 10 են և բոլորն էլ ունեն մաքրման կայաններ՝ ասում է։ Այստեղ խնդիրը 92 համայնքներն են, որոնցից 87-ը չունեն կոյուղագիծ...»: Սևանա լճի ափին գտնվող ռեստորանների և հյուրանոցների քանակը ներկայացնենք ստորև՝ տեսանյութի միջոցով. Ինչպես տեսնում ենք Սևանա լճի տարածքում առկա են մոտ 40 հյուրանոցներ և ռեստորաններ, որոնք հիմնականում կենտրոնացված են թերակղզու տարածքում: Այսպիսով, Գուլանյանի ներկայացրած թիվը տնտեսվարող սուբյեկտների մասին ոչ ճշգրրիտ է: Ինչ վերաբերում է քաղաքային և գյուղական բնակավայրերից հոսող կոյուղաջրերին, ՊՈԱԿ-ի տնօրենը ներկայացրեց այս կերպ. «...92 համայնք կա Գեղարքունիքի մարզում, որից 5-ը՝ քաղաքային: Քաղաքային համայնքներից 2-ը՝ Սևանն ու Ճամբարակը, Սևանա լճի ջրհավաք ավազանից դուրս են գործում: Սեւանը իր կոյուղին փչում է դեպի Հրազդան, իսկ Ճամբարակի ջրերը չեն գալիս Սեւան: Իսկ Մարտունի, Գավառ եւ Վարդենիս համայնքների կոյուղագծերի մի մասն է կառուցված, որոնց վրա կառուցված է 3 հատ մաքրման կայան եւ միայն մեխանիկական մաքրում են իրականացնում: Իսկ մնացած գյուղական համայնքներից ոչ մեկը չունի կոյուղագիծ: Խողովակ բացարձակապես չի էլ կառուցվել...Սևանա լիճ ուղիղ արտանետում չկա...» Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին «Խիմմաստեր» ՍՊԸ-ն, որը զբաղվում է կենցաղային, արտադրական կեղտաջրերի մաքրման կայանների արտադրությամբ, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի հանձնարարությամբ ուսումնասիրել է Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կոյուղացման վիճակը և մաքրման կայանների աշխատանքը: Ընկերությունը պարզել է, որ այս քաղաքներից Սևանա լիճ ամենից շատ կեղտաջրեր է ուղարկում Վարդենիս քաղաքը, թեպետ բնակչության թվաքանակով այն զիջում է մյուս երկու քաղաքներին: Ընդորում, Գավառի կոյուղացման աստիճանը կազմում է 36%, Մարտունիինը` 47%, Վարդենիսինը 41%: «Բնակչության քանակի և առկա կեղտաջրերի ծավալների համադրմամբ ստացվում է հետևյալ պատկերը. նորմերից շեղումը Վարդենիսում կազմում է 600%, Մարտունիում 270%, Գավառում 173%»,- այս մասին Էկոլուրին հայտնել էր «Խիմմաստեր» ՍՊԸ-ի նախագահ Մանվել Գաբրիելյանը: Գեղարքունիքի մարզի շուրջ 280.000 բնակիչների կողմից արտանետվող կոյուղաջրերի մասին խոսեց նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նա մասնավորապես նշեց. «...նույնիսկ այդ երեք մաքրման կայանները, որ քաղաքային գործում են, դրանք, ըստ էության, որակական փոփոխություններ չեն բերում, քանի որ խոսքը մեխանիկական մաքրման մասին է...»: Վերոնշյալը ևս վկայում է, որ այս մասով ևս Գուլանյանը ներկայացնում է ոչ համակողմանի պատկեր: ՊՈԱԿ-ի տնօրենն իր հարցազրույցում խնդրահարույց պնդում է արել նաև ջրում առկա վնասակար նյութերի ազդեցության մասին: Վահագն Գուլանյանը մասնավորապես նշել է. «… 2 տարի շարունակ ձմեռը տաք եղավ: Ամբողջ պայմանները կար ծաղկելու: Այդ ջրիմուռները հիմնականում ազոտ կամ երկաթ են ֆիքսում: Այն, որ հիմա ասում են, թե ֆոսֆորի քանակն է նպաստում, կոնկրետ այս դեպքում սխալ է...»: Այստեղ ուշագրավ են 2018 թվականի նույն գործընթացի ժամանակ տեղի ունեցած հետազոտության արդյունքները: Նույն ծաղկման խնդրի շուրջ կատարվող հետազոտությունն անցյալ տարի եզրահանգել էր, որ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների աճի հնարավոր պատճառ հանդիասանում է լճի ջրի վաղ տաքացումը և լճում բավարար քանակությամբ կենսածին տարրերի` հատկապես ֆոսֆորի առկայությունը: Լճի հատակամերձ շերտում թթվածնի քանակությունը ցածր է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում հատակային շերտից ֆոսֆորի անջատման համար: Որքան մեծ է կենսածին տարրերի պարունակությունը՝ հատկապես «սահմանափակող» ֆոսֆորի, այնքան ինտենսիվ է աճը: Ի հավելումն նշենք, որ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր ասուլիսի ժամանակ նշել է, որ Սևանա լճի հետ կատարվողը տարիների վատ կառավարման արդյունք է, ինչպես նաև ներկայացրել է լճի մակարդակի բարձրացումից հետո տեղանքի մաքրման աշխատանքների փաստացի թերություններ: Տեղանքի մաքրումը, շինությունների քանդումը ազգային պարկի տնօրենի անմիջական ղեկավարությամբ է կատարվել և կատարվում: Այս մասին է վկայում նաև դեռ հուլիսի 19-ին ոստիկանության բացահայտումը՝ Սևանա լճում անտառամաքրման աշխատանքների թերի կատարման մասով, որի առթիվ հարուցվել է քրեական գործ: Արփի Ավետիսյան
18:30 - 25 հուլիսի, 2019
Տեսչական մարմինը քննարկել է «Սևան» ազգային պարկում անօրինական շինարարությունը կանխելու հարցը

Տեսչական մարմինը քննարկել է «Սևան» ազգային պարկում անօրինական շինարարությունը կանխելու հարցը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման պետ Կամո Եդոյանը հանդիպել է Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի հետ:ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի «Ֆեյսբուք»-ի էջից տեղեկանում ենք, որ հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի խորհրդական Անուշավան Ղազարյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Գևորգ Խաչատրյանը: Քննարկվել են Տեսչական մարմնի ենթակայության տակ գտնվող ոլորտներում արձանագրված մի շարք օրակարգային խնդիրներ՝ կապված մարզի տարածքում գործող 15 ներմարզային ավտոբուսային, միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման ժամկետների, ինչպես նաև ինքնակամ շինարարական աշխատանքները կանխելու գործընթացի վերաբերյալ:Որոշվել է իրականացնել 2018-2019 թթ. համայնքներում կատարված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիան ծրագրերով իրականացված շինարարությունների ուսումնասիրություն:Անդրադարձել են Գեղարքունիքի մարզում գործող ԱԳԼՃԿ-ների շահագործման հարցին: Որոշվել է Տեսչական մարմնի կողմից սահմանել կամ ԱԳԼՃԿ-ների շահագործման ընդհանուր չափորոշիչներ, կամ կառավարությունում հարց բարձրացնել ամբողջ հանրապետության տարածքում դրանց շահագործումը դադարեցնելու հարցի լուծման վերաբերյալ: Օրակարգի մյուս հարցը «Սևան» ազգային պարկի տարածքում ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու նպատակով համատեղ հսկողություն սահմանելն է:Հանդիպման ժամանակ որոշվել է «Սևան» ազգային պարկի տնօրենին հանձնարարել, որպեսզի վերջինս Սևանի ավազանում գործող հանրային և մասնավոր լողափերի տարածքում շահագործվող լողամիջոցների վարձակալներին և/կամ սեփականատերերի շրջանում իրականացնի իրազեկման աշխատանքներ՝ լողամիջոցների շահագործման կարգի վերաբերյալ: Արդյունքում, բոլոր այն լողամիջոցները, որոնք հանդիսանում են արտադրական վտանգավոր օբյեկտներ, անպայման պետք է գրանցված լինեն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, անցկացնեն ամենամյա փորձաքննություն և շահագործվեն միայն դրական եզրակացության առկայության դեպքում:Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մարզում առկա խնդրահարույց հարցերին լուծում տալու և արդյունավետ աշխատանք իրականացնելու համար Տեսչական մարմնի և մարզպետարանի ներկայացուցիչների միջև պետք է պարբերաբար տեղի ունենան նման ձևաչափի հանդիպումներ:
09:38 - 25 հուլիսի, 2019
Էրիկ Գրիգորյանը հասարակական խորհրդի նիստի մասնակիցների հետ քննարկել է Սևանա լճի հարցը

Էրիկ Գրիգորյանը հասարակական խորհրդի նիստի մասնակիցների հետ քննարկել է Սևանա լճի հարցը

Սևանա լճի էկոլոգիական վիճակի և ապօրինի անտառհատումների կանխարգելման հարցերն են քննարկվել շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստին։ Քննարկման մասնակիցներին ներկայացվել է Սևանա լճի էկոլոգիական վիճակի, առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել, կապտականաչ ջրիմուռների աճին նպաստող երկու հիմնական գործոնների՝ լճի մակարդակի բարձրացման և ջրի աղտոտման կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Դիտարկվել են նաև լճի էկոլոգիական հավասարակշռությունը խաթարող մյուս գործոնները և դրանց ազդեցության նվազեցման ուղիները։ Հասարակական խորհրդի նիստի մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և առաջարկները խնդրի լուծման վերաբերյալ՝ կարևորելով մոնիթորինգների արդյունքների վերլուծության համակարգի ներդնումը, Սևանա լճի ջրի որակի նորմի հաստատումը, կողակի պոպուլացիայի վերականգնումը և այլն։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ հնչած առաջարկների հիմնական մասով աշխատանքներն ընթացքի մեջ են, և կարևորել գիտական և փորձագիտական այլ կառույցների հետ համագործակցությունը։ Ապօրինի անտառհատումների հարցի քննարկման շրջանակներում ներկայացվել է հիմնահարցի լուծման նպատակով շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած օրենսդրական վերջին փոփոխությունները, որոնցով փակվել են ապօրինություններին նպաստող բոլոր իրավական բացերը։ Իրավական նորմով նաև խստացվել են պատժաչափերը՝ առանձին դեպքերի համար նախատեսելով նաև քրեական պատասխանատվություն։ Նիստի մասնակիցների առաջարկով անդրադարձ է կատարվել նաև ԲՀՊՏ-ների կարողությունների հզորացման և անտառապատ տարածքներում հակահրդեհային միջոցառումների իրականացման ուղղությամբ՝ նախարարության նախաձեռնած գործողություններին։
17:16 - 22 հուլիսի, 2019
Սևանի կոլեկտորը՝ 5600 տոննա խողովակներ, քանդվել, վաճառվել է․ Միքայել Մելքումյան |tert.am|

Սևանի կոլեկտորը՝ 5600 տոննա խողովակներ, քանդվել, վաճառվել է․ Միքայել Մելքումյան |tert.am|

tert.am: 2003թ-ի Կառավարությունը որոշումը ներկայացրեց, ըստ որի՝ 5600 տոննա խողովակներ օտարվել են կառավարության կողմի. դա եղել է Սևանի կոլեկտորը, որի միջոցով պետք է կեղտաջրերն ու կոյուղաջրերը չթափվեին լիճ, այն ժամանակ կոլեկտորի կառուցումն անավարտ էր․ «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով ԲՀԿ-ի հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա նշեց, որ կոլեկտորը խորհրդային տարիներին աշխատել է Կրասնոսելսկից (ներկայիս Ճամբարակ ) մինչև Սևան, իսկ ներքևի հատվածը` Գավառ, Մարտունի, Վադենիկ, չի աշխատել։ «Հիմա քանդել, վաճառել ենք դրանք, չեմ ուզում ասել, որ ում ենք տվել այդ գումարները... փողը եկել է «Հայջրմուղ կոյուղու» վրա, որը պետք է ներդրումներ աներ, բայց չի արվել։ Մենք մի հատ հասկանանք՝ ով ինչ չի արել էս վերջին 2-3 տարում»,-ասաց նա։ Մելքումյանը նկատեց, որ քաղաքական հեղափոխություն ենք արել, բայց չեն կարողանում ասել, որ Սևանը այլևս չի աղտոտվելու։ «Ասում ենք՝ հարաբերություններն արդար են, ամեն տեղ կարգուկանոն պիտի լինի, այլևս հին բաները չեն լինելու, համակարգային կոռուպցիան հաղթահարվել է, արհեստական մենաշնորհներ չկան, բա հեղափոխությունից հետո մեզ հարց տանք՝ չենք կարո՞ւմ չկեղտոտենք Սևանը: Էդ հեղափոխությունը չի նշանակում, որ Սևանը չպիտի կեղտոտենք, կեղտոտելն էլ պիտի լինի սահմաններում և պետք է կենսաբանական մաքրում կատարվի: Ուզում եմ տեսնել՝ վերջին տարուկեսվա ընթացքում հեղափոխությունից հետո պետական կառավարման համակարգում ո՞վ ինչ պիտի աներ, որ չի արել», - հարցրեց Մելքումյանը:
10:39 - 17 հուլիսի, 2019
Նախատեսվում է 3-4 նոր ջրամբար կառուցել՝ Սևանա լիճ մաքուր ջուր տեղափոխելու համար |hetq.am|

Նախատեսվում է 3-4 նոր ջրամբար կառուցել՝ Սևանա լիճ մաքուր ջուր տեղափոխելու համար |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում հրավիրվել է «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկում։ Քննարկմանը ներկա են բնապահպաններ, ԱԺ պատգամավորներ, գիտնականներ։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ողջունելով ներկաներին, փորձեց գտնել հրավիրված երկու նախարարներին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ Ներկաների մեջ չգտնելով նրանց՝ Զոհրաբյանը հայտարարեց, որ հենց այսօր դիմելու է վարչապետին՝ պարզաբանում ստանալու, թե ինչու նախարարները չեն եկել քննարկմանը։ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանն իր զեկույցով ներկայացրեց Սևանա լճի ծաղկման հիմնական պատճառները և դրանց լուծման ուղիները։ «Լիճը բավականանին ծանր վիճակում է, փրկության համար հսկայական աշխատանքներ պետք է կազմակերպենք։ Որո՞նք են այսօրվա վիճակի պատճառները, տարածաշրջանի բնակավայրերը կոյուղացված չեն։ Գավառ քաղաքը 47 տոկոսով է կոյուղացված, Մարտունին՝ 45 տոկոսով, Վարդենիսը՝ 20 տոկոսով։ Մենք առաջին աստիճանի մաքրման կայաններ դրել ենք, բայց դրանք ավելի շատ աղտոտում են, քան մաքրում են։ Քանի որ նաև մենք չունենք աղբահանության կազմակերպված համակարգ, այն 240 տոննա արտադրանքը, որը հավաքվում է մաքրման ժամանակ, պիտի տեղափոխվի մի տեղ, իսկ միակ տեղը աղբավայրերն են, դրանք էլ գիտեք՝ ինչ վիճակում են։ Շուտով կսկսվի Հրազդանի աղբավայրի շահագործումը, և ամբողջ Գեղարքունիքի աղբավայրը կտեղափոխեն այնտեղ»,-ասաց Ջավադյանը։ ԳԱԱ գիտնականի խոսքով՝ լճի աղտոտման մյուս պատճառն այն է, որ «ինչ ասես լցնում են լիճը»։ Օրինակ՝ լվացքի (ավտոմատ) փոշու մեջ 55 տոկոս ազոտ պարունակող նյութեր կան, իսկ սովորական փոշիների մեջ` 30 տոկոս: «Էս բոլորը առափնյա 2400 օբյեկտներից, որից մշտական 300-ը գործում են՝ հանգստի գոտիներ, սննդի կետեր, տարբեր օբյեկտներից բոլոր աղտոտությունները լցվում են Սևանա լիճ»,-ասաց նա։ Ջավադյանի խոսքով՝ մյուս պատճառն այն է, որ շուրջ 700 հեկտար ծառեր են կտրվել, իսկ դրանց կոճղերը մնացել են ջրի տակ։ «Փառք աստծո այս տարի կարողացել ենք Արփա-Սևան թունելով ջուր բերել լիճ՝ 15 միլիոնով ավելի, քան նախորդ տարի, և շարունակելու ենք մինչև վերջին կաթիլը տեղափոխել լիճ, դա հնարավորություն է տվել, որ հորիզոնը շուրջ երկու ամիս մնացել է նույնը»,-ասաց նա։ Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Սևանա լճի առկա բոլոր խնդիրների մասին զեկուցվել է վարչապետին։ «Անձամբ ես եմ գնացել զեկուցել, ինչից հետո հանձնարականներ են տրվել, դրանց հիման վրա աշխատանքներ ենք սկսել երկու նախարարությունների հետ, լուրջ միջոցառումներ ենք մշակել։ 300 մշտական գործող օբյեկտներից 10-ի վրա տեղադրել ենք փորձնական նմուշներ, այդ սարքերով ջուրը միկրոբներով մաքրում են, և դրանց վրա որևէ ծաղկում չի նկատվել»,-ասաց նա։ Ջավադյանի խոսքով՝ առաջարկել են ջրի երկու տեսակի մաքրման կայաններ տեղադրել, որոնք կարողանում են բիոլոգիական մաքրում կատարել։ Ըստ Ջավադյանի՝ այդ սարքերը մատչելի են, և օրինակ՝ 22 մշտական հախաճորդ ունեցող ռեստորանի համար այն լիզինգով ձեռք բերելը և յոթ տարվա ընթացքում գումարը վճարելը ամսական կկազմի 40 հազար դրամ։ «Մյուս սարքը, որը միկրոբներով մաքրում է կատարում, այդ սարքն արժե 100 միլիոն դրամ։ Էս միջոցառումները արդեն սկսվել են նախարարության կողմից, մեծ միջոցառում է ձեռնարկվում կոճղերը հանելու։ Այս միջոցառումներն անելուց հետո 3-4 դոնոր նոր ջրամբարներ ենք նախատեսում կառուցել երկու-երկուսուկես տարվա մեջ, դա բերենք լցնենք Սևանա լիճ՝ թունելով ու Հրազդան գետով, որպեսզի նախ մաքուր շատ ջուր ունենանք, և հետո ջրափոխության ժամանակ ջրանկման նշույլ չլինի»,-ասաց Ջավադյանը։
09:28 - 17 հուլիսի, 2019
Սեւանա լճի մաքրմանը կնպաստի նաեւ կողակի վերականգնման ծրագիրը |Հանաստանի Հանրապետություն|

Սեւանա լճի մաքրմանը կնպաստի նաեւ կողակի վերականգնման ծրագիրը |Հանաստանի Հանրապետություն|

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Կողակի վերականգնման ծրագիր է մշակվել, որը Սեւանա լճի մաքրման հիմնական գործոններից մեկն է: Շրջակա միջավայրի նախարարությունը սա նշում է իբրեւ լճի բնապահպանական վիճակի կայունացման նպատակով արվելիք գործողություններից մեկը: ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանի խոսքով, բոլորն ուշադրություն են դարձնում հիմնականում սիգի եւ իշխանի պաշարին եւ մոռացել են էնդեմիկ այլ ձկնատեսակների մասին. բեղլուն ու կողակն էլ պակաս կարեւոր չեն: Վերջինը վերացման եզրին է։ «Կողակը էկոլոգիական հատուկ դեր ունի: Ուտում է տակի օրգանական նյութը, մաքրում է լիճը»,-ասաց նա: Կողակը Սեւանի ծանծաղուտային հատվածներում է ապրում՝ մինչեւ 10 մ խորությամբ, իսկ ձմռանն էլ մտնում է 30-40 մ խորություններում եղած փոսերի մեջ:Մասնագետներն ասում են, թե կողակի վերականգնման համար տարիներ են պետք: Տարբեր գնահատականներով եթե սիգի պոպուլյացիան վերականգնելու համար անհրաժեշտ է 7-8 տարի, իշխանի համար՝ 10-12, ապա կողակի համար՝ 15-18»:
08:35 - 16 հուլիսի, 2019
Սեւանա լճի ծաղկման դեպքում կտրականապես արգելվում է այդ ջրով ոռոգել հողը. փորձագետ |news.am|

Սեւանա լճի ծաղկման դեպքում կտրականապես արգելվում է այդ ջրով ոռոգել հողը. փորձագետ |news.am|

news.am: Սեւանա լճի ծաղկման դեպքում կտրականապես արգելվում է այդ ջրով ոռոգել հողը, քանի որ տոքսինները կարող են հայտնվել մթերքների մեջ: Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց անասնաբուժական ծառայությունների որակի գծով միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այս երեւույթը մեզ մոտ բավականաչափ ուսումնասիրված չէ, որպեսզի մենք պատկերացում ունենանք այն մասին, թե ինչ է կատարվում իրականում: «2018 թվականի ամռանը ազդանշաններն արդեն ստացվում էին, սակայն ոչինչ չէր ձեռնարկվել: Հարկավոր է համալիր հետազոտություն անցկացնեկ, հասկանալ իրավիճակը, լճի թունավորման մակարդակը: Հարկավոր է հետազոտել նաեւ կովերին, որոնք սատկել են ոչ միայն լճի ափերի մոտ, այլեւ ավելի հեռու շրջաններում: Միայն մեխանիկական մաքրումը կարող է բավական չլինել, հարկավոր են համալիր հետազոտություններ, վարակված վայրերի քարտեզագրում, եթե կան այդպիսիք, ապատեղեկատվության տարածումից խուսափելու համար: Այս ամենը պետք է անեն համապատասխան պետական գերատեսչությունները», - ասաց նա:Փորձագետը նշեց, որ լճի ծաղկումը կարող է վկայել միկրոցիստին թույնի առկայության մասին, որը սննդային շղթայում հայտնվելու ժամանակ անգամ եռացման դեպքում չի մահանում: «Անթույլատրելի է ասել, որ կովերի մոտ ինֆեկցիա չի հայտնաբերվել, դրա համար ամեն ինչ լավ է: Ինչու՞ թունաբանական հետազոտություն չի անցկացվել: Ձեւացնելը, թե ինչ որ բան արվում է, ոչնչի չի հանգեցնի, ինչի մասին վկայում են բողոքի ակցիաները: Մարդիկ պարզապես տեղեկացված չեն, թե ինչ վտանգներ կարող են պարունակել ջրիմուռները: Ոչ մի տեղեկատվություն չկա: Եթե կա, ապա ինչու՞ է հրապարակվում: Հայտարարվել է, որ կովերի մոտ հայտանբվերվել է անաբենա մանրէ, բայց չգիտես ինչու հետազոտությունները չեն շարունակել, իսկ այժմ արդեն խոսքը Վրաստանում անալիզներ անցկացնելու մասին է, թեեւ մեզ մոտ դրա համար բոլոր պայմանները կան», - հավելեց Գրիգոր Գրիգորյանը՝ նկատելով, որ տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչները պաշտպանում են իրենց շահերը՝ հավանաբար այդքան լավ չպատկերացնելով բոլոր ռիսկերը:
13:52 - 15 հուլիսի, 2019
Սևանի սիգը՝ դեպի Ռուսաստան ու ԱՄՆ. ովքե՞ր են զբաղվում արգելված բիզնեսով |fip.am|

Սևանի սիգը՝ դեպի Ռուսաստան ու ԱՄՆ. ովքե՞ր են զբաղվում արգելված բիզնեսով |fip.am|

fip.am։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 9-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ բարձրաձայնելով Սևանի խնդիրների, լճում սիգի ապօրինի որսի ու տասնյակ միլիոնավոր դոլարների շրջանառությամբ ստվերային բիզնեսի մասին։ «Այս տարվա հունվարի վերջին «Սևան» ազգային պարկում պատրաստվում էինք իրականացնել տեսչական ստուգում՝ տասնյակ քաղաքացիներ բողոք էին ներկայացրել սիգի ապօրինի որսի կապակցությամբ, քանի որ այդ օրերին շուկաները վխտում էին այդ ձկնատեսակով, մինչդեռ սիգի արդյունագործական որսն առհասարակ արգելված է»,- գրել էր Գրիգորյանը՝ նաև լուսանկարներ կցելով սուպերմարկետներում և խանութներում ներկայում վաճառվող սիգի պահածոներից ու դրա մակնշումներից։ Բնապահպանության նախարարի հրամանով 2006 թվականից Սևանա լճում սիգի որսն արգելված է: Մինչդեռ Հայաստանում պահածոյացված սիգի արտադրությունը չի սահմանափակվում միայն հայկական շուկայում սպառմամբ։ Սիգի պահածոները լայնորեն արտահանվում են Ռուսաստանից մինչև ԱՄՆ։ Տեղի ընկերությունները մի քանի խողովակով այն հասցնում են արտերկրի շուկաներ։ Վլադիմիր Գասպարյանի զոքանչի սիգի բիզնեսը. սիգով դեպի ԱՄՆ Արթուր Գրիգորյանի հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ պահածոյացված սիգ արտադրող ընկերություններից է «Գալիլիա» ՍՊԸ-ն։ Ընկերության հիմնադիրն ու միանձնյա բաժնետերը 2014-ից եղել է Հեղուշ Գալստյանը։ Վերջինս նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչն է։ 2018-ի հունիսին Հեղուշ Գալստյանն իր ունեցած բաժնեմասերի 40 տոկոսն օտարել է Անահիտ Մնացականյան անունով անձին։ Վերջերս՝ հուլիսի 4-ին, ընկերության տնօրեն է դարձել Գարուշ Առաքելյանը։ Ուշագրավ է, որ 2014-2017 թթ. «Գալիլիա» ՍՊԸ-ի տնօրենն է եղել Վահե Գուլանյանը։ Նա ներկայում «Սևան ազգային պարկի» տնօրենն է։ 2017-ի փետրվարի 11-ին Գուլանյանը Para TV-ի եթերում հայտարարում էր․ «Բարդ է պայքարել ձկնագողության դեմ, երբ դրանով մարդիկ հացի խնդիր են լուծում»։     Զարմանալի զուգադիպությամբ «Գալիլիա» ընկերության ֆեյսբուքյան էջի թարմացումներին ուշադիր հետևում են Վլադիմիր Գասպարյանի որդին ու դուստրերը։ Արթուր Գրիգորյանի հրապարակած լուսանկարների համաձայն՝ «Գալիլիայի» արտադրած պահածոյացված սիգն արտահանվում է նաև ԱՄՆ՝ AGA SEVEN SEAS inc ընկերության միջոցով։ Ըստ բաց աղբյուրների, այս ընկերությունը հիմնվել է 2014-ին Լոս Անջելեսի 7325 Greenbush ave. North Hollywood հասցեում։ Որպես գրանցող գործակալ հանդես է եկել Grayr Agadzhanian (Հրայր Աղաջանյան) անունով անձը։ Աղաջանյանը ժամանակին ունեցել է սննդամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություն նաև Հայաստանում։ «Ռոյալ Սոյ Կավիար» անունը կրող ընկերությունը, որը հիմնվել է 2004-ին, ներկայում գործունեությունը դադարեցրել է։ AGA SEVEN SEAS-ի կայքից տեղեկանում ենք, որ ընկերության արտադրանքը մեծամասամբ ներառում է ռուսական խավիար, ապխտած ու կիսաապխտած ձկան տարբեր տեսակներ։ Սիգի պահածոներ՝ Նորամարգից դեպի Ռուսաստան Սևանի սիգի պահածոներ արտադրող մյուս ընկերությունը «էկո ֆուդն» է, որը ստեղծվել է 2012 թվականին։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն, ընկերության միանձնյա բաժնետերը Արսեն Մովսիսյանն է։ «Էկո ֆուդի» կայքից տեղեկանում ենք, որ պահածոների արտադրության իրենց պատմությունը սկսվել է 1997 թվականից, ապա ընդլայնվել են, ու 2012-ին ստեղծվել է «Էկո ֆուդը», որն ունի ձկնաբուծարաններ։ Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է Արարատի մարզի Նորամարգ համայնքում։ Համայնքապետ Արման Թադևոսյանը Fip.am-ի հետ զրույցում ասաց, որ ձկնաբուծարանից, դրա հիմնադիրներից ու ղեկավարներից տեղեկություններ չունի։ Միևնույն ժամանակ, Թադևոսյանի խոսքով, համայնքին ունեցած հարկերն ու տուրքերը «Էկո ֆուդի» կողմից պատշաճ վճարվում են։ Արթուր Գրիգորյանի հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ «Էկո ֆուդը» սիգի պահածոն արտադրում է «Սիս նատուրալ» ընկերության պատվերով, իսկ պահածոյացված սիգի ռուսաստանյան ներկայացուցիչն ու ներմուծողը ռուսական խոշոր «Լենտա» ընկերությունն է։ Մեկ այլ դեպքում «Էկո ֆուդի» ռուսաստանյան գործընկերը Джиклаб անունով ընկերությունն է, որի բաժնետերն ու տնօրենն Արթուր Ավետիսովն է։ Այս ընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեն տանում է դեպի մեկ այլ ռուսական ծագմամբ ընկերություն՝ ПродСнэк անունով։ Ընկերության կապիտալը ավելի քան 1 միլիոն ռուբլի է, բաժնետերն ու տնօրենն էլ Սաբինա Աթայանցն է, զբաղվում են հայաստանյան պահածոյացված ձկան ու բանջարեղենի առևտրով։ Ընկերության կայքում ներկայացված է, թե «Էկո ֆուդ» ընկերությունից ինչ ապրանքներ են ստանում։ Ռուսական կայքերում «Էկո ֆուդ» ընկերության մասին նշվում է, որ Հայաստանում «երկար ժամանակ համագործակցել են պաշտպանության, ներքին գործերի, այլ կարևոր նախարարությունների հետ՝ հավատարմորեն կատարելով իրենց աշխատանքը»։ Ըստ էության, խոսքը պետական գնումների գործընթացում այս նախարարությունների հետ կնքված պայմանագրերի մասին է։ «Համլետ Հովսեփյան» ԱՁ. ուժայինների մատակարարը Սևանի սիգի պահածոյացնելով է զբաղվում նաև Համլետ Հովսեփյան անհատ ձեռներեցը։ ԱՁ-ն գրանցված է Կոտայքի մարզում՝ Ջրվեժ գյուղում։ Այս ընկերությունը հիմնել է Համլետ Հովսեփյանը, սակայն ներկայում այն տնօրինում է նրա որդին՝ Հայկ Հովսեփյանը։ Ինչպես «Էկո ֆուդը», այս ընկերությունը նույնպես Պաշտպանության նախարարության խոշոր մատակարարներից է։ «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ն իր արտադրանքը արտահանում է նաև Ռուսաստան, և, բնականաբար, արտադրանքի մեջ է նաև Սևանի պահածոյացված սիգը։ Հովսեփյանների այս բիզնեսի մասին մամուլում մի քանի անգամ գրվել է՝ ուժայինների գնման մրցույթների համատեքստում։ 2015-ին, օրինակ, Պաշտպանության նախարարությունը մի քանի փուլերով գնում է կատարել այս ԱՁ-ից՝ նախ գնելով 171 միլիոն դրամի մսի պահածո, ապա ևս 52 միլիոն դրամի։ 2016-ին այս ԱՁ-ի հետ կնքվել է մոտավորապես 300 միլիոն դրամի գնման պայմանագիր։ Ի դեպ, կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի տանը խուզարկության ժամանակ հայտնաբերված մսի պահածոների մի մասը հենց «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ից էր։ Մամուլը ժամանակին, հղում անելով Վերահսկիչ պալատի 2013-ի տարեկան հաշվետվությանը, ուշադրության էր արժանացրել նաև «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ից կատարած գնումներին։ Ըստ այս հաշվետվության, «Դանինի» ՍՊԸ-ն ու «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ն մասնակցել են քրեակատարողական հիմնարկներ մսի պահածո մատակարարելու մրցույթի։ Ավելի էժան գին ներկայացնելով՝ «Դանինի»-ն հաղթել է մրցույթում, սակայն մսի պահածոները ՔԿՀ-ներ մատակարարելու համար ապրանքը նա գնել է «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ից։ Այլ արտադրողներ Արթուր Գրիգորյանի հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ սիգի պահածո արտադրող ընկերություններից է «Էլիզա և Գոհար» ՍՊԸ-ն։ Այն հիմնվել է 2000 թվականին, հիմնադիրն ու բաժնետերը Ավագ Հովհաննիսյանն է։ Ընկերությունն ունի ընդամենը 5 աշխատակից։ Ավագ Հովհաննիսյանն ու ընկերությունը գրանցված են միևնույն հասցեում, որը գտնվում է Նուբարաշեն վարչական շրջանում։ «Հարությունյաններ հայր և որդի» ընկերությունը գրանցված է Սևան քաղաքում։ Պետական ռեգիստրի տվյալների համաձայն, ընկերության 50 տոկոսի բաժնետերը Գրիշա Հարությունյանն է, իսկ մյուս կեսինը՝ նրա հետ բնակության միևնույն հասցեում հաշվառված Գալյա Բալայանը։ Սիգի վաճառքն ու արտահանումը՝ կազմակերպված կոռուպցիա Հուլիսի 11-ին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով սիգի պահածոների վաճառքի խնդրի մասին, նշել է, որ Պետեկամուտների կոմիտեից տվյալներ են ստացել պահածոների վաճառքի հետ կապված։ «Տեսչական մարմնի կողմից առաջարկ ենք ստացել, որպեսզի օրենսդրական փոփոխություններ կատարվի՝ որսի հետ մեկտեղ վաճառքը նույնպես արգելելու ուղղությամբ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ կան սողանցքեր ու դրանք պիտի փակվեն։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ սիգի պահածոների արտադրությամբ զբաղվողները չեն կարող հիմնավորել, որ իրենք ձուկը գնել են այլ վաճառողներից, նման դեպքում հարց է առաջանում՝ իսկ վերջիններս ումի՞ց են գնել: «Ցանց է աշխատում։ Եթե կա ընկերություն, որ 100 000 տուփ սիգի պահածո է ուղարկում Ռուսաստան, ի՞նչ եք կարծում՝ գալիս տատիկ-պապիկների՞ց է հավաքում այդ սիգը։ Գործող մեխանիզմ է, ձուկը հանում են, հավաքում են 10-15 հոգի, ու այդ հավաքողները իրենց խողովակներով ուղարկում են վաճառքի»,- պնդում է Գրիգորյանը։ Նա ուշադրություն է հրավիրում մեկ այլ հանգամանքի վրա․ տնտեսվարողները պետք է ունենան հումքի ձեռքբերման փաստաթուղթ, որպեսզի կարողանան անասնաբուժասանիտարական փորձաքննությունն անցնել սննդի անվտանգության պետական տեսչությունում։ Ուրեմն ինչպե՞ս են արտահանողները ստացել այդ թույլտվությունը. ըստ Գրիգորյանի՝ սա հարց է, որ տանում է դեպի համակարգային կոռուպցիայի առկայության մասին կասկածների։ Արթուր Գրիգորյանը պատմում է, որ սիգի ապօրինի վաճառքի ու արտահանման մասին բազմաթիվ տեղեկություններ՝ որպես տեսչության պետ, հանձնել են ոստիկանապետին։ Տեղաշարժ չի եղել։ «Սա ուչաստկովիի գործ է, կան անուններ, կան ֆիրմաներ, փաստեր, օրենք, որ արգելված է։ Իհարկե, կամքի խնդիր է։ Մարդիկ, որ ներգրաված են այդ բիզնեսի մեջ, չունեն ազդեցություն այս իշխանությունների վրա կամ մաս չեն կազմում այս իշխանությունների, սա բացահայտելը շատ հեշտ է»,- ասում է նա։ Գրիգորյանի խոսքով, կան նախնական ու չճշգրտված տվյալներ, թե որքան է կազմում սիգի ապօրինի որսը։ «Խոսքը 3000 տոննայի մասին է, որը էականորեն տարբերվում է պաշտոնական տվյալներից։ Գիտությունների ազգային ակադեմիայի ձկնաբուծության ինստիտուտը տալիս է տվյալներ, որ Սևանում սիգի քանակը շատ մոտավոր 500 տոննա է։ Բայց սրանք շատ մոտավոր թվեր են»,- նշում է նա։ Գրիգորյանը ֆիքսել է այն մեքենաները, որոնք զբաղված են եղել սիգի ապօրինի որսով։ Մեքենարի տվյալները հանձնել է ոստիկանապետին։ Դրանից մեկ շաբաթ անց նա ազատվել է տեսչության պետի պաշտոնից։  
13:17 - 15 հուլիսի, 2019
Լարված իրավիճակ Երեւան-Սեւան ճանապարհին. միջադեպ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ |armtimes.com|

Լարված իրավիճակ Երեւան-Սեւան ճանապարհին. միջադեպ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ |armtimes.com|

armtimes.com: Սեւանա լճի հարակից լողափերի տնտեսվարողները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում՝ Երեւան-Սեւան ճանապարահատվածում. իրավիճակը շատ լարված է: Նրանք պահանջում են, որպեսզի կառավարության ներկայացուցիչները հայտարարեն, որ Սեւանում լողալը վտանգավոր չէ: Նրանց խոսքով՝ Առողջապահության նախարարության տարածած հայտարարությունից հետո մարդիկ չեն գալիս Սեւան եւ իրենց գործը տուժում է: Քիչ առաջ էլ միջադեպ սկսվեց այն բանից հետո, երբ մեքենաներից մեկը ցանկանում էր անցնել, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները չէին թողնում: Մեքենայի մեջ երեխա կար. նրանք կարողացան անցնել, որից հետո միջադեպ եղավ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ: Ակցիայի մասնակիցները սեռական բնույթի հայհոյանքներ սկսեցին հնչեցնել: Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի վայր է գնացել արձակուրդի մեջ գտնվող մարզպետ Գնել Սանոսյանը: Նրանք պահանջում են հանդիպում Առողջապահության եւ Շրջակա միավայրի նախարարների հետ:
10:43 - 15 հուլիսի, 2019