Շվեդիա

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ․ԱԳՆ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ․ԱԳՆ

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, իսկ նոյեմբերի 17-ին՝ Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը գործընկերներին մանրամասն ներկայացրել է նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից ամիսներ շարունակ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառման սպառնալիքները և ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև ընթացիկ տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի ներթափանցումը ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի ու կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները հերթական ագրեսիա են ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հասցեական արձագանքի և հետևողական գործողությունների իրականացման անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ բացահայտ ոտնձգություններն ու սադրիչ գործողությունները զսպելու համար։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան շուտափույթ այցելության իրականացումը: Կողմերը նաև մտքեր են փոխանակել հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս առնչությամբ Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
23:17 - 17 նոյեմբերի, 2021
Շվեդիան հանում է մուտքի արգելքը Հայաստանի պատվաստված քաղաքացիների համար |armenpress.am|

Շվեդիան հանում է մուտքի արգելքը Հայաստանի պատվաստված քաղաքացիների համար |armenpress.am|

armenpress.am: Ամբողջական պատվաստում անցած Հայաստանի քաղաքացիները շուտով կկարողանան ճանապարհորդել Շվեդիա՝ առանց մուտքի արգելքի կամ լրացուցիչ ճամփորդական կանոնների, ինչպիսիք են թեստավորման պահանջները։ «Կառավարությունը փոփոխություններ է ընդունել Շվեդիա մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ։ Համաձայն փոփոխությունների՝ այն անձինք, որոնք կարող են ներկայացնել պատվաստման հավաստագիր՝ տրված Հայաստանում, ազատվում են մուտքի արգելքից և թեստավորման պահանջից»,- ասված է Շվեդիայի արդարադատության նախարարության հայտարարությունում: SchengenVisaInfo.com հայտնում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ին: Ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել այն մասին, որ կորոնավիրուսային հավաստագրերը, որոնք թողարկվել են Հայաստանում, համարժեք են եվրոպական Էլեկտրոնային COVID-հավաստագրերին:
11:37 - 12 նոյեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԵԽ ներգրավումը Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԵԽ ներգրավումը Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները:Նախարար Միրզոյանն ու դեսպան Էհնբերգը գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ԵԽ միջև հաստատված բազմոլորտ համագործակցության կապակցությամբ և վստահություն հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագա զարգացում կունենա: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության գործում ԵԽ կողմից տրամադրվող աջակցության հիմնարար դերը: Այս համատեքստում կարևորվել է ԵԽ-Հայաստան 2019-2022 թթ․ Գործողությունների ծրագրի կյանքի կոչումը:«Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նախարարը բարձր է գնահատել պատերազմի առաջին իսկ օրերից ԵԽ տարբեր մարմինների կողմից ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարություններն ու կոչերը։ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է նաև միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽ իրավասու մարմինների՝ տեղում անխոչընդոտ ներգրավվածության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է:
20:10 - 18 հոկտեմբերի, 2021
Նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին

Նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։    Ողջունելով դեսպանին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ներկայումս ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելը: Հաշվի առնելով շվեդական արդյունաբերության աննախադեպ հաջողությունները, որոնք տեղի են ունեցել բավական կարճ ժամանակահատվածում՝ նախարարը բարձր է գնահատել Շվեդիայի հետ սերտ գործակցությունն ու փորձի փոխանակումը:   Անդրադառնալով թվայնացման հարցում Շվեդիայի կառավարության կողմից մշակված և իրականացվող հաջող ռազմավարությանը՝ նախարարն այս ուղղությամբ ևս կարևորել է համագործակցության հեռանկարները: «Հայաստանը կարող է գրավիչ լինել միջազգային ներդրողների համար, եթե մենք թվայնացված հանրություն ունենաք: Ներկայումս բանակցություններ ենք վարում միջազգային կառույցների, ներդրողների հետ, որոնք հետաքրքրված են մեր երկրի թվայանցման գործընթացի զարգացումներով», - նշել է Վահագն Խաչատուրյանը:   Խոսելով օրակարգային առաջնահերթությունների մասին՝ դեսպան Սվենսոնը ընդգծել է երկու երկրների միջև փոխգործակցության առկա հնարավորությունները և հավելել, որ Հայաստանն ու Շվեդիան իրարից շատ տարբեր լինելով՝ բազմաթիվ ընդհանրություններ ունեն: Դեսպանը նշել է, որ Հայաստանում թվայնացման, նորարարության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում զգալի առաջընթաց է նկատվում և այս առումով ողջունելի է համարել կառավարության մոտեցումն ու ոլորտին ցուցաբերած աջակցությունը: Սվենսոնն ընդգծել է, որ ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության բարձր մակարդակը Հայաստանում շատ տպավորիչ է:   Դեսպանը նշել է նաև, որ իրենք հետաքրքրված են տաղանդների ներգրավմամբ և այդ նպատակով արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում կրթական համակարգում բազմաթիվ կրթաթոշակներ են տրամադրվում:   Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես՝ մասնագիտական փորձի փոխանակման, էկոհամարգի զարգացման, երկու երկրների ստարտափների համագործակցության, կրթական ծրագրերի շրջանակներում։   Նախարարը և դեսպանը համոզմունք են հայտնել, որ հայ-շվեդական բարեկամական, փոխշահավետ հարաբերությունները կունենան շարունակական զարգացում:
22:55 - 11 հոկտեմբերի, 2021
Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է երկրի դեսպանի այցը Ադրբեջանի կողմից գրավված Շուշի

Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է երկրի դեսպանի այցը Ադրբեջանի կողմից գրավված Շուշի

Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը երկրի արտաքին գործերի նախարարին նամակ է հղել, որով դատապարտել է 2021թ. հուլիսի 9-10-ը Ադրբեջանում մի շարք երկրների դեսպանների և դիվանագետների այցը Լեռնային Ղարաբաղ, մասնավորապես՝ գրավված հայկական Շուշի քաղաք, որին մաս է կազմել նաև Շվեդիայի դեսպան Կամիլ Քրիստիանը: Այս մասին տեղեկանում ենք Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարությունից։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Նամակի մէջ Հայ Դատի յանձնախումբը նշել է, որ՝ «Ադրբեջանի կառավարութեան կողմից կազմակերպւած այս քարոզչական շրջագայութեանը միանալու շւեդ դիւանագէտի որոշումը ցաւալի արարք է: «Հայ Դատի յանձնախումբը այն կարծիքի է, որ Շւեդիայի պետութիւնն այս ակտի միջոցով հաստատում է Լեռնային Ղարաբաղի, Արցախի եւ Շուշիի օկուպացիան եւ այդպիսով օրինականացնում այդ տարածքներում տեղական հայ բնակչութեան դէմ Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնները»,- գրւած է նամակում:Նամակի մէջ յատուկ շեշտւել է, որ Թուրքիայի Զինւած ուժերով եւ սիրիացի վարձկան ահաբեկիչներով՝ Ադրբեջանի Զինւած ուժերը 2020 թւականի աշնանը այսպէս կոչւած «44-օրեայ պատերազմի» ընթացքում դիտաւորեալ ոչնչացրին Շուշիի քաղաքացիական ենթակառոյցները եւ երկու անգամ ռմբակոծեցին քաղաքի Մայր տաճարը:«Այս կործանարար պատերազմի արդիւնքում թուրք-ադրբեջանական պետութիւնների կողմից տանդեմում, դարաւոր հայկական Շուշի քաղաքն այժմ ենթարկւել է էթնիկական ամբողջական զտումների եւ զրկւել իր բնակչութիւնից՝ հայերից»: Շւեդիայի Հայ Դատի յանձնախմբի նամակում շեշտաւորւելով այն հարցը, որ ԵԱՀԿ-ի կողմից տարւող բանակցութիւնների երկու հիմնարար սկզբունքներից՝ ուժ չկիրառելը եւ մարդու ինքնորոշման իրաւունքը խախտւել են Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում, նշւել է, որ «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահութիւնը՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դեսպանները Բաքւում հրաժարւեցին մասնակցել այս ուղեւորութեանը՝ յստակ պատգամ փոխանցելով, որ Ղարաբաղեան հակամարտութիւնը դեռ լուծւած չէ»: Նամակում նշւել է, որ ըստ երեւոյթին Շւեդիան, որը նախագահում է ԵԱՀԿ-ն, ընդունելով Շուշի ուղեւորութեան հրաւէրը դարձաւ հակամարտութեան կողմ՝ Ադրբեջանի աւտորիտար ռեժիմի քարոզչական արշաւի մասնակիցը, եւ նոյն երկրի դեսպանը ամբողջովին անտեսեց հետեւեալ երկու հիմնական փաստերն ու խարխլեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը՝ գտնելու Ղարաբաղեան հակամարտութեան տեւական, խաղաղ եւ արդար լուծում:Հետեւեալ երկու հիմնական փատերն են՝ 1-Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով պահել աւելի քան 200 հայ ռազմագերիների: Այս բանտարկեալները խոշտանգումների են ենթարկւել եւ օգտագործւել որպէս քաղաքական սակարկութեան առարկայ, որը հակասում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ստորագրւած 2020 նոյեմբերի եռակողմ զինադադարի հռչակագրում նշւած կէտերին: 2-Ադրբեջանը շարունակում է հրաժարւել միջազգային կազմակերպութիւնների պահանջից, ինչպէս ԻՒՆԵՍԿՕ-իպարագային, թոյլ տալ այցելել Լեռնային Ղարաբաղի հայկական կրօնական յուշարձանները: Մինչդեռ հայկական կրօնական յուշարձանների պղծման եւ ամբողջական ոչնչացման ապացոյցեր են ի յայտ եկել: «Վերջապէս ոչ պակաս կարեւոր է 2021 թւականի մայիսից ի վեր ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքում գտնւող Սիւնիքի եւ Գեղարքունիքի մարզեր ներխուժման փաստը, առեւանգելով հայ զինւորականներին եւ բռնութիւններ հրահրելով խաղաղ բնակչութեան նկատմամբ: Շւեդիայի հայերը վրդովւած են եւ բացատրութիւն են պահանջում, թէ ինչու Բաքւում Շւեդիայի դեսպանը մասնակցեց Շուշի կազմակերպւած այցին», գրւած է նամակի վերջում:Շւեդիայի արտաքին գործերի նախարարին Հայ Դատի յանձնախմբի կողմից յղած բողոք-նամակին պատասխանել է նոյն նախարարութեան նամակագրութեան բաժնի համակարգող Վիկտորիա Փիիրէնէն՝ մի նամակով, որի մէջ նշւած է, որ «Շւեդիան այս այցին մաս կազմեց պետական մակարդակով եւ այցը տեղի ունեցաւ այն շրջաններում, որ միջազգային օրէնքի հիման վրայ պատկանում է Ադրբեջանին»:Նամակի մի այլ բաժնում նշելով, որ Շւեդիան իր կատարեալ աջակցութիւնն է յայտնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին՝ կողմերի միջեւ խաղաղ եւ կայուն կարգավիճակ եւ փոխվստահութեան մթնոլորտ իրականացնելու գործընթացին, յստակեցւած է՝«Արտաքին գործերի նախարարութիւնը բազմիցս շեշտել է մարդասիրական իրաւունքի հասանելիութեան եւ բանտարկեալների ազատ արձակման կարեւորութիւնը»: Մարդկային իրաւունքների եւ ժողովրդավարութեան ջատակով հանդիսացող եւրոպայի կարեւոր ներկայացուցիչը անտեսում է ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը, պատերազմի հետեւանքով գերեվարւածների ճակատագիրը եւ մարդկային տարրական իրաւունքը՝ բնակւել այն հողում ուր մարդիկ ծնւել, ապրել ու արարել են:Շւեդիայի ԱԳ նախարարութիւնը աչք է փակում նաեւ այն իրողութիւնը, որ Շուշին երբեւէ չի եղել Ադրբեջան կոչւող պետութեան տարածքում:Շուշին մշատպէս եղել է նախկին ԼՂԻՄ-ի, ապա նաեւ՝ Արցախի Հանրապետութեան կազմում:Իսկ Արցախի Հանրապետութեան ապագայ կարգավիճակի հարցը եղել եւ շարունակում է մնալ աւելի քան 20 տարի, ԼՂ հակամարտութեան վերաբերեալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքոյ անց կացւող բանակցութիւնների օրակարգի կարեւորագոյն հարցերից մէկը»։ 
17:32 - 01 օգոստոսի, 2021