ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Քննիչը պարտավոր էր առաջնորդվել օրենքով. Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Դավթյանի՝ Աբրահամյանի տան վաճառքի հայտարարության մասին
 |armtimes.com|

Քննիչը պարտավոր էր առաջնորդվել օրենքով. Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Դավթյանի՝ Աբրահամյանի տան վաճառքի հայտարարության մասին |armtimes.com|

armtimes.com: Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ օրենքից տեղյակ կամ անտեղյակ սուբյեկտների անհիմն, ականջահաճո արտահայտությունները չեն կարող ազդեցություն ունենալ օրինականության սկզբունքին անշեղ հետևելու՝ Կոմիտեի կամքի վրա և ստվերել նրա գործունեությունը: Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից երեկ արված այն հայտարարության, ըստ որի՝ Գլխավոր դատախազությունում նույնպես տարակուսած են, քանի որ իրենց հայտնի չի եղել, թե ինչպե՞ս վաճառվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող Մոնումենտի առանձնատունը՝ այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանի՝ գործը, ըստ էության, չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան 3 օր հետո, ընդ որում՝ վերը նշված որոշումների բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը»,- պարզաբանեցին Կոմիտեից՝ հավելելով. «Հետևաբար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը պարտավոր էր առաջնորդվել բացառապես օրենքով և կատարել դատարանի որոշումը։ Ի դեպ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, համարվում է հանցագործություն»: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից նաև նշեցին՝ առնվազն տարակուսելի են համարում, որ Գլխավոր դատախազը, քաջատեղյակ լինելով վերը նշված քրեադատավարական նորմերին, նման կերպ է արձագանքել: «Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ օրենքից տեղյակ կամ անտեղյակ սուբյեկտների անհիմն, ականջահաճո արտահայտությունները չեն կարող ազդեցություն ունենալ օրինականության սկզբունքին անշեղ հետևելու՝ Կոմիտեի կամքի վրա և ստվերել նրա գործունեությունը»,- հավելեցին կառույցից: Հիշեցնենք՝ վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվել, որոնց համաձայն՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել է Մոնումենտում գտնվող շքեղ առանձնատունը, որի վրա կալանք էր դրված: Գնորդը Նարեկ Նալբանդյանն է, որը օրեր առաջ 5 միլիարդ դրամով ձեռք էր բերել «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը:
19:50 - 14 մարտի, 2022
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին վերաբերող նախագծին |1lurer.am|

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին վերաբերող նախագծին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացության արժանացավ ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախատեսվում է օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում սահմանված «Հատուկ քննչական ծառայություն»-ը փոխարինել «Հակակոռուպցիոն կոմիտե»-ով: «Բոլորս տեղյակ ենք, որ դադարեցվել են Հատուկ քննչական ծառայության լիազորությունները, և այժմ գործում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Այս դեպքում շատ կարևոր է, որպեսզի Հակակոռուպցիոն կոմիտեի համար մատչելի դարձվեն կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների ցանկի, յուրաքանչյուր հաշվի տեսակի վերաբերյալ ծառայությունները: Ընդ որում՝ այս ծառայությունն ուներ Հատուկ քննչական ծառայությունը, որը հիմա փոխանցվում է Հակակոռուպցիոն կոմիտեին»,- ասաց արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը: Ըստ փոխնախարարի՝ այսկերպ կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունը:
11:40 - 14 մարտի, 2022
Նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին առաջադրվել է ավելի քան 350 մլն դրամի գույք չհայտարարագրելու և 211 մլն դրամի հարկեր չվճարելու մեղադրանք. Հակակոռուպցիոն կոմիտե

Նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին առաջադրվել է ավելի քան 350 մլն դրամի գույք չհայտարարագրելու և 211 մլն դրամի հարկեր չվճարելու մեղադրանք. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 350 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքը չհայտարարագրելու և 211 մլն ՀՀ դրամի հարկեր և տուրքեր չվճարելու համար։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանն առանձնապես խոշոր չափերով հարկը և տուրքը չվճարելու նպատակով հայտարարագրերում և հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, օգտագործել ակնհայտ կեղծ փաստաթղթեր, ինչպես նաև հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ՝ թաքցրել է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 350 մլն ՀՀ դրամի գույքը: Մասնավորապես, Ա. Համբարձումյանը Իտալիայի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության` կահույքի արտադրությամբ զբաղվող առաջատար մի շարք ընկերություններից գնել և 2017-2018 թվականներին Հայաստանի Հանրապետություն է ներմուծել ավելի քան 800.000 եվրո արժողությամբ թանկարժեք կահույքի տարբեր խմբաքանակներ, սակայն առանձնապես խոշոր չափերով հարկը և տուրքը չվճարելու նպատակով օգտագործել է կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որոնցում կահույքի վերը նշված իրական արժեքից նշվել է ընդամենը շուրջ 105.000 եվրոն: Դրանից հետո գործարարը վերոհիշյալ ապրանքների ձեռքբերման իրական արժեքների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել նաև հայտարարագրերում և հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում: Արդյունքում պակաս է հաշվարկվել և Ա. Համբարձումյանի կողմից չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 211 մլն ՀՀ դրամի մաքսատուրք և ԱԱՀ, ինչպես նաև դրանցից գոյացած տույժեր ու տուգանքներ: Բացի այդ, 2003թ.-ից մինչև 2019թ. հունվարի 14-ը զբաղեցնելով ՀՀ ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը և լինելով հայտարարատու պաշտոնատար անձ, Արկադի Համբարձումյանը 2019թ. փետրվարի 9-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիր, սակայն դրանում թաքցրել է իրեն պատկանող` 8 մլն ՀՀ դրամից ավելի արժեք ունեցող, 2017 և 2018 թվականներին գնված` թանկարժեք իր հանդիսացող վերոհիշյալ կահույքի խմբաքանակները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 350 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքի չհայտարարագրմանը: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 07.03.2022թ.-ին Արկադի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ա. Համբարձումյանի կողմից պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը նույն օրը վերականգնվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
23:08 - 07 մարտի, 2022
Կաշառքի դիմաց օգնել է հանձնել վարորդական վկայականի համար տեսական քննությունը, բայց փողը վերցնելիս բռնվել է

Կաշառքի դիմաց օգնել է հանձնել վարորդական վկայականի համար տեսական քննությունը, բայց փողը վերցնելիս բռնվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու քննական գործընթացում պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու և այլ չարաշահումներ, որոնց հետևանքով վարորդի թեկնածուն հանձնել է փաստացի ձևական բնույթ կրող քննություններ: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչ Գարիկ Գևորգյանը, տեղեկանալով Երևանի բնակիչ Լ. Բ.-ի կողմից 350.000 ՀՀ դրամի դիմաց վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու մտադրության մասին, խարդախություն կատարելու դիտավորությամբ Լ. Բ.-ին վստահեցրել է, թե իբր հիշյալ գումարի չափով ՃՈ պաշտոնատար անձանց իր օժանդակությամբ կաշառք տալու դեպքում տեսական քննությունը կրելու է ձևական բնույթ: Ստանալով Լ. Բ.-ի համաձայնությունը` Գ. Գևորգյանը 2021 թվականի նոյեմբերին դիմել է իր համագյուղացի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Էդգար Սարգսյանին և, ներկայացնելով, որ վարորդի թեկնածուն իր մտերիմն է, ՃՈ տեսուչին դրդել է օգնել վերջինիս տեսական քննությունը դրական հանձնելու հարցում: Արդյունքում տեսուչը Գ. Գևորգյանի դրդմամբ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ուղղորդել է վարորդի թեկնածու Լ. Բ.-ին` տեսական քննության ընթացքում նշել ճիշտ պատասխանները։ Դրանից հետո Էդգար Սարգսյանը կազմել է Լ. Բ.-ի կողմից տեսական քննությունը հաջողությամբ հանձնելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ, որի հիման վրա վարորդի թեկնածուին թույլատրվել է մասնակցել գործնական քննությանը։ Տեսական քննությունից հետո Լ. Բ.-ն Գ. Գևորգյանին տվել է 350.000 ՀՀ դրամը, սակայն վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ հիշյալ գումարը ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։  Էդգար Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Գարիկ Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ, 38-308-րդ և 38-314-րդ հոդվածի 1-ին մասերով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
16:20 - 02 մարտի, 2022
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձը

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակից Ն. Բ.-ն նույն մարզում ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց Տաշիր քաղաքի ավտոկայանի աշխատակցից 2021թ. օգոստոսից 2022թ. հունվարն ընկած ժամանակահատվածում պահանջել և ստացել է կաշառք: Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, ըստ քրեական գործի նյութերի` Ն. Բ.-ն նույն մարզի մեկ այլ ընկերության կողմից սպասարկվող երթուղու տրանսպորտային միջոցի վարորդի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ստուգումների ժամանակ խախտումներ չհայտնաբերելու և չարձանագրելու դիմաց նրանից ևս 2021թ. հոկտեմբերին ստացել է կաշառք: Բացի այդ, տեղեկանալով, որ հիշյալ վարորդը տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված դեղին հաշվառման համարանիշներով շահագործելու փոխարեն այն վարել է սեփական համարանիշներով, Ն. Բ.-ն վերջինիս օգտին կրկին ակնհայտ ապօրինի անգործության` խախտումը չարձանագրելու և տրանսպորտային միջոցի անօրինական շահագործումը չկասեցնելու համար նրանից 2022թ. հունվարին պահանջել և ստացել է կաշառք: Վերը նկարագրվածից բացի, Վանաձոր քաղաքում ուղևորափոխադրումներ իրականացնող մեկ այլ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում արդեն իսկ հայտնաբերված խախտումները չարձանագրելու համար Ն. Բ.-ն դրանցից մեկի սեփականատիրոջից 2021թ. սեպտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացել է կաշառք: Նա նաև չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ վերը թվարկված բոլոր անձանց նախապես տեղեկացրել է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում նախատեսվող ստուգայցերի օրերի մասին` նրանց հորդորելով վերացնել առկա խախտումներն ու թերությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: 2022 թվականի փետրվարի 14-ին Ն. Բ.-ն ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:51 - 15 փետրվարի, 2022
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հաղորդել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու նրա տեղակալի ձերբակալության վերաբերյալ

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հաղորդել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու նրա տեղակալի ձերբակալության վերաբերյալ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս պատճառել Երևան համայնքին: Այս մասին հայտնում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը, նախնական համաձայնության գալով իր տեղակալի` Կարեն Թորոսյանի հետ, վերջինիս ցուցում է տվել հավաքագրել վստահելի անձանց և նրանց հետ ձեռք բերել որոշակի պայմանավորվածություն` դրամական փոխհատուցման դիմաց համայնքային հիմնարկում աշխատանքի ընդունվելու, սակայն փաստացի աշխատանքի չհաճախելու վերաբերյալ: Ըստ այդմ` Կարեն Թորոսյանն իր մի շարք մտերիմներին և ազգականներին հանձնարարել է աշխատանքի ընդունվելու վերաբերյալ դիմումներ ներկայացնել հիմնարկ, որից հետո վերջիններս Ա. Գրիգորյանի կազմած կեղծ հրամաններով 2019թ. ընթացքում ձևակերպվել են համապատասխան հաստիքների` 300,000-ական ՀՀ դրամ աշխատավարձով: Հիշյալ անձինք, սակայն, փաստացի չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել հաստիքից բխող պարտականությունները: Ավելին` 2019-2020թթ. ընթացքում, չնայած աշխատանքի չհաճախելու հանգամանքին, նրանք տնօրենի հրամաններով խրախուսվել են հիմնարկի մյուս աշխատակիցների համեմատ առնվազն կրկնակի բարձր դրամական պարգևատրումներով: Արդյունքում` վերը նշված անձանց անվամբ 2019թ. նոյեմբերից 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում հաշվարկվել և համայնքային բյուջեից ելքագրվել է ընդհանուր 17,603,137 ՀՀ դրամ: Այդ կերպ հիմնարկի տնօրենը նշված անձանց և Կ. Թորոսյանի օժանդակությամբ վատնման եղանակով և պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով հափշտակել է Երևան համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը: Բացի այդ, Ա. Գրիգորյանը, անտեսելով օրենսդրական պահանջներն ու արգելքները, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք, վերապահված լինելով Երևան քաղաքի ավագանու իրավասությանը, ակնհայտորեն նրա լիազորությունների շրջանակից դուրս են եղել: Մասնավորապես, Ա. Գրիգորյանը 2020թ. հոկտեմբերին հիմնարկի ավտոպարկի պատասխանատուին հանձնարարել է շուրջ 110 տրանսպորտային միջոցների փոխարինված, սակայն օգտագործման համար դեռևս պիտանի անվադողերը՝ յուրաքանչյուրը միջինը 10,000 ՀՀ դրամով վաճառելու նպատակով փնտրել գնորդներ: Նշված աշխատակիցը տնօրենի հանձնարարությունը կատարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել անվադողերի վաճառքով զբաղվող մի շարք անձանց հետ և 2020թ. հոկտեմբերից 2021թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում վերջիններիս վաճառել 100-ից ավելի անվադողեր, որոնց դիմաց ստացված ավելի քան 1,000,000 ՀՀ դրամը հիշյալ ժամանակահատվածում մաս-մաս փոխանցել է Ա. Գրիգորյանին: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 09.02.2022թ.-ին Արմեն Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 309-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Թորոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից կայացված որոշման հիման վրա Ա. Գրիգորյանն ու Կ. Թորոսյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել են: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
16:24 - 09 փետրվարի, 2022
Քրեական գործով հիմնավորվել է, որ շուրջ չորս տասնյակ անձինք կաշառքի դիմաց ստացել են վարորդական վկայականներ. գործի նախաքննությունն ավարտվել է. Հակակոռուպցիոն կոմիտե

Քրեական գործով հիմնավորվել է, որ շուրջ չորս տասնյակ անձինք կաշառքի դիմաց ստացել են վարորդական վկայականներ. գործի նախաքննությունն ավարտվել է. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում բացահայտվել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձի կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 1 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր: Հիշյալ քաղաքացիները կաշառքի դիմաց հանձնել են ձևական բնույթ կրող գործնական քննություններ և ստացել վարորդական վկայականներ: Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Սպիտակ քաղաքի բնակիչ Վաչագան Շիրոյանը սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու գործնական հմտությունները փաստացի ստուգելու, կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող գործնական քննություններ ընդունելու և քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու հարցում օժանդակելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ադամ Սարուխանյանի հետ: Պայմանավորվածության համաձայն` 2020 թվականի օգոստոսից 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Վ. Շիրոյանը շուրջ չորս տասնյակ անձանցից ստացել է ընդհանուր 3.010.000 ՀՀ դրամ, որի մի մասը՝ 1.400.000 ՀՀ դրամը, որպես կաշառք տվել է Ադամ Սարուխանյանին:      Վ. Շիրոյանի օժանդակությամբ ստացած կաշառքի դիմաց ՃՈ տեսուչը հիշյալ քաղաքացիներից  ընդունել է ձևական բնույթ կրող գործնական քննություններ, և նրանք առանց գործնական վարման հմտությունների պատշաճ ստուգման ստացել են վարորդական վկայականներ: Միաժամանակ Ադամ Սարուխանյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ստացած կաշառքի դիմաց կազմել է կեղծ արձանագրություններ կաշառք տված անձանցից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ, ինչի արդյունքում նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ: Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ադամ Սարուխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վաչագան Շիրոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 34-38-311-րդ հոդվածի 2-րդ մասով: Եվս 37 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել կաշառք տալու, կաշառքի միջնորդություն կատարելու, կաշառք տալու փորձի և պաշտոնական փաստաթուղթ` վարորդական վկայական ապօրինի ձեռք բերելու համար: Ադամ Սարուխանյանի, Վաչագան Շիրոյանի և մի շարք այլ անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:41 - 08 փետրվարի, 2022
Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ |factor.am|

Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ |factor.am|

factor.am: Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ։ Ինչպես տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ դատախազի ցուցումներով որոշումների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեից մասնակի առարկություններ են ներկայացվել, դրանց քննարկման դատավարական ժամկետները սպառված չեն և առարկությունները քննարկման փուլում են: Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ստացել էր դատախազի որոշումը Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու վերաբերյալ: Կոմիտեն դատախազի որոշումը գնահատում էր որպես անօրինական և չհիմնավորված:
16:29 - 31 հունվարի, 2022
Ոստիկանության պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով խեղաթյուրվել են հանցագործության դեպքի հանգամանքները. Հակակոռուպցիոն կոմիտե

Ոստիկանության պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով խեղաթյուրվել են հանցագործության դեպքի հանգամանքները. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Մեսրոպ Անտոնյանը, 2016 թվականի ընթացքում աշխատելով ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնում, ՀՀ ոստիկանության պաշտոնատար, ինչպես նաև այլ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով, խեղաթյուրել քաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի իրական հանգամանքները:  Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Ա. Սահակյանի կողմից մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության տեսուչներ Մեսրոպ Անտոնյանն ու Արման Սուքիասյանը, ձեռնպահ մնալով կատարված հանցագործության բացահայտման ուղղությամբ ծառայողական պարտականությունները կատարելուց, նյութական օգուտ ստանալու շահադիտական նպատակով տուժողին հայտնել են, որ հիշյալ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու համար անհրաժեշտ է խեղաթյուրել դեպքի իրական հանգամանքները: Արթուր Սահակյանը, նախապես տեղեկացված լինելով, որ իրեն մարմնական վնասվածք պատճառած անձի մերձավորները պայմանավորվածություն են ձեռք բերել ոստիկանության ծառայողների հետ` նյութերի ընթացքը հօգուտ իրական վնասվածք հասցնողի լուծելու շուրջ և վախենալով խոչնդոտելու դեպքում իր ընտանիքի անդամներին վնաս հասցնելու վերաբերյալ սպառնալիքներից, ենթարկվել է Արման Սուքիասյանի ու Մեսրոպ Անտոնյանի հրահանգներին: Արդյունքում տեսուչ Մ. Անտոնյանը տուժողի բացատրությունում և դեպքի վայրի զննության վերաբերյալ արձանագրությունում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբրև վերջինս վիճաբանել է իր խանութ այցելած անծանոթ հաճախորդի հետ, որի ընթացքում տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ անզգուշությամբ վնասվածք է ստացել: Ընդ որում, ոստիկանության մյուս տեսուչի` Արման Սուքիասյանի թելադրանքով տուժողը բացատրության մեջ արձանագրել է իրականում վիճաբանության դեպքի հետ առնչություն չունեցած այլ անձի տվյալներ` նշելով, թե իբրև նրա կողմից է վնասվածք ստացել: Բացի այդ, այլ անձանց օժանդակությամբ համապատասխան բժշկական հիմնարկից ստացվել է կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկանք, որի հիման վրա տրվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացություն այն մասին, որ Ա. Սահակյանին պատճառվել է միջին ծանրության վնաս, այն դեպքում, երբ վերջինիս իրականում պատճառվել է ծանր վնաս` ձախ աչքի տեսողության կորստի հատկանիշով: Մեսրոպ Անտոնյանի՝ վերը նկարագրված դիտավորյալ գործողությունների հետևանքով խեղաթյուրվել են Ա. Սահակյանին վնասվածք պատճառելու իրական հանգամանքները, այն կատարած, ինչպես նաև դեպքին մասնակից անձանց ինքնությունները, ովքեր ազատվել են քրեական պատասխանատվությունից: Այդ կերպ նախադրյալներ են ստեղծվել նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու համար: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Մեսրոպ Անտոնյանին և Արման Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ոչ արդարացնող, այն է` վաղեմության ժամկետն անցած լինելու և Համաներման մասին օրենքն ընդունվելու կապակցությամբ: Մեսրոպ Անտոնյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:00 - 20 հունվարի, 2022
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է երկու պաշտոնատար անձ

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է երկու պաշտոնատար անձ

ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը) 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված` նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով 18.01.2022 թվականին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժիններից մեկի պետի տեղակալ Պ. Ե.-ն ու նույն բաժնի գլխավոր մասնագետ Ա. Գ.-ն:   ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Պ. Ե.-ն Ա. Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, վառելիքի վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության սեփականատիրոջ օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ընկերության կողմից առանց համապատասխան թույլտվության Կոտայքի մարզում գտնվող բենզալցակայանի վերանորոգման, արդիականացման և շինարարական այլ աշխատանքներ իրականացնելու փաստը չարձանագրելու և դրա վերացման ուղղությամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար 2021թ. հոկտեմբերի 21-ին հիշյալ ընկերության սեփականատիրոջից խմբով ստացել են խոշոր չափերով՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք:   Կատարվում է նախաքննություն:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
18:37 - 19 հունվարի, 2022
Հակակոռուպցիոն կոմիտեն անօրինական և անհիմն է գնահատում Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազության դիրքորոշումը

 |armenpress.am|

Հակակոռուպցիոն կոմիտեն անօրինական և անհիմն է գնահատում Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազության դիրքորոշումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է նախկին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու դատախազի որոշումը: Այս մասին ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական և չհիմնավորված: Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որևէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք` նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Ավելի վաղ, Դատախազությունը հայտնել էր, որ կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության։ Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի վեց հոդվածով։ Հակակոռուպցիոն կոմիտեն նախկին ոստիկանապետին մեղադրում է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 միլիարդ դրամ օրինականացնելու համար։
20:36 - 18 հունվարի, 2022
Դատախազությունը չի հաստատել Վլադիմիր Գասպարյանի գործով մեղադրականը |azatutyun.am|

Դատախազությունը չի հաստատել Վլադիմիր Գասպարյանի գործով մեղադրականը |azatutyun.am|

azatutyun.am: Կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության։ Այս մասին  հայտնեցին դատախազությունից՝ այլ մանրամասներ չփոխանցելով։ 18 տարի իրավապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած Գասպարյանը, ըստ մեղադրանքի, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացած ավելի քան 2 միլիարդ դրամը կամ 4 միլիոն դոլարը։ Կոռուպցիոն 6 տարբեր հոդվածներով մեղադրվող 63-ամյա գեներալ-լեյտենանտն, ըստ իրավապահների, 2000-2018-ի ընթացքում, զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, կոռուպցիոն բնույթի այլ արարքներ։ Այս գործողությունների արդյունքում նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, և դրանց ծագումը թաքցնելու համար գրանցել է այլ անձանց անուններով, պնդում է Հակակոռուպցիոն կոմիտեն, որը գործի նախաքննության ավարտի մասին հաղորդեց 5 օր առաջ։
12:42 - 18 հունվարի, 2022
Արամ Հարությունյանի կողմից 14 մլն դոլար կաշառք ստանալու քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Արամ Հարությունյանի կողմից 14 մլն դոլար կաշառք ստանալու քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնատար անձի կողմից աննախադեպ չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն: Մասնավորապես նշվում է, որ նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման հանցավոր սխեմա, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումներ, որոնցում ներգրավված են եղել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, Ա. Հարությունյանի ղեկավարած գերատեսչության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Սուրեն Ավագյանը, Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը, ինչպես նաև Արամ Հարությունյանի մտերիմ այլ անձինք` Արաքս Դիլանյանն ու Վիկտոր Մարտիրոսյանը: Ըստ մեղադրանքի` Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Սիլվա Համբարձումյանին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք: Արդյունքում` 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի տարբեր բնակավայրերում գտնվող հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներն անցել են Ս. Համբարձումյանին պատկանող ընկերությունների տրամադրության տակ: Նույն ժամանակահատվածում վերջինս բանկային իր հաշվեհամարներից կանխիկացրել և Սուրեն Ավագյանի միջոցով նրան է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը: Պահանջված կաշառքի մյուս մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը, Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումներ կատարելու եղանակով: Մասնավորապես` Ա. Հարությունյանի առաջարկությամբ և գործարար Ս. Համբարձումյանի կազմակերպմամբ ԱՄԷ-ում գրանցված կազմակերպությունը 2008թ. փետրվարի 7-ին 8 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու պատրաստակամություն հայտնած, այդ նպատակով իր բանկային հաշվեհամարը տրամադրած ՀՀ քաղաքացի Արաքս Դիլանյանի` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին, որից հետո վերջինս, նշված գումարը բաժանելով 3 մասի, դրանք` յուրաքանչյուր անգամ 798 մլն ՀՀ դրամին համարժեք 9.5 մլն ԱՄԷ դիրհամի չափով, փոխանցել է Արամ Հարությունյանի մտերիմների` Գագիկ Կարապետյանի, Արմեն Խաչատրյանի և Վիկտոր Մարտիրոսյանի հաշվեհամարներին: Այնուհետև վերջիններս Ա. Հարությունյանի պահանջով մեկնել են ԱՄԷ, որտեղ իրենց հաշվեհամարներին փոխանցած գումարների մի մասը կանխիկացրել են, դրանք տնօրինել Ա. Հարությունյանի ցուցումով: 2010 թվականի հունվար ամսվա ընթացքում Գ. Կարապետյանը և Ա. Խաչատրյանն իրենց հաշվին մնացած ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել են Ա. Հարությունյանի և նրա կնոջ` Հասմիկ Աբգարյանի` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում բացված համատեղ հաշվեհամարին: Դրանից հետո Ա. Հարությունյանը մեկնել է ԱՄԷ, որտեղ 2010 թվականի փետրվարի 20-ին տարբեր գումարներ կանխիկացնելու և այլ հաշիվների փոխանցումներ կատարելու միջոցով կաշառք ստացած գումարի մի մասը օգտագործել է անձնական նպատակներով: Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննությամբ պարզվել է նաև, որ Ա. Հարությունյանը, իր մտերիմ Ալեքսան Պետրոսյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, հանցավոր ճանապարհով ստացված վերոհիշյալ գումարի ծագման աղբյուրը քողարկելու նպատակով 2011թ մարտ ամսին ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել է Ա. Պետրոսյանին պատկանող` բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊԸ-ի` Շվեյցարիայի Համադաշնության Ցյուրիխ քաղաքում գտնվող բանկի հաշվեհամարին: Նույն ժամանակահատվածում Վիկտոր Մարտիրոսյանը նույնպես իր բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու նպատակով հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլն դոլարը Ա. Հարությունյանի առաջարկությամբ փոխանցել է «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊԸ-ի` վերը նշված նույն բանկային հաշվեհամարին: Դրանից հետո «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության և «ՄԱՊ» ՓԲ ընկերության միջև 2009թ. հունվարի 5-ին կնքված անտոկոս փոխառության պայմանագրի ուժով 2011թ. մարտի 29-ից 2014թ. օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում Ալեքսան Պետրոսյանը նշված գումարից 2.792.730 ԱՄՆ դոլարը փոխանցել է «ՄԱՊ» ՓԲ ընկերության հայաստանյան բանկերում եղած հաշվեհամարներին, իսկ մնացած մասը տնօրինել «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության միջոցով, օգտագործել բիզնես գործունեության նպատակով: «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարներից «ՄԱՊ» ՓԲ ընկերության հաշվին գումարներ փոխանցելուն զուգահեռ Ալեքսան Պետրոսյանը ինչպես հիշյալ գումարներից, այնպես էլ իր անձնական միջոցներից, 2011թ. ապրիլ ամսից 2016թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Արամ Հարությունյանին մաս-մաս տվել է նրա կողմից «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության հաշվեհամարին փոխանցված ընդհանուր  1.861.586.143 ՀՀ դրամին համարժեք 5.049.005 ԱՄՆ դոլար գումարը: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Արամ Հարությունյանը, 2011թ. մարտ ամսին Բնապահպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց հետ միասին իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները, որի արդյունքում «Անի» ԲԲԸ-ին պատկանող «Ջրաձոր» փոքր ՀԵԿ-ին տրվել է շուրջօրյա ռեժիմով ջրօգտագործման թույլտվություն, ինչի հետևանքով «Էրստեդ» ՍՊԸ-ի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս: Քննությամբ պարզվել է նաև, որ Գագիկ Կարապետյանը 2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը, ապա` 2018թ. նոյեմբերի 21-ին «Կազբեկի» սահմանակետով ՌԴ-ից մուտք է գործել Վրաստան և նույն օրը մեկնել Թուրքիա, ապա` ԱՄՆ: Նկատի ունենալով, որ մեղադրյալներ Արամ Հարությունյանը, Սուրեն Ավագյանը և Գագիկ Կարապետյանը խուսափել են քրեական վարույթին մասնակցելուց և բացակայել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանները՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով որոշում է կայացվել  նրանց նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին: Հեռակա վարույթի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.20-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Գագիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 329-րդ հոդվածի 1-ին մասով: Սուրեն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Վերը նշված երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց պատկանող` ընդհանուր 30 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցների և գույքի վրա արգելանք է դրվել: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ինչ վերաբերում է Արաքս Դիլանյանին, Վիկտոր Մարտիրոսյանին և Ալեքսան Պետրոսյանին, ապա քրեական գործից նրանց վերաբերյալ անջատված մասերով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2019 թվականին, և հիշյալ գործերն այժմ դատաքննության փուլում են: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:49 - 13 հունվարի, 2022
Ավարտվել է Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քննված ևս մեկ քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քննված ևս մեկ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերջինիս կողմից կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ կատարելու, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով գույքն օրինականացնելու դեպքեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։  Ինչպես նախկինում արդեն տեղեկացվել է, 2000-2018 թվականների ընթացքում Վ. Գասպարյանի կինն ու դուստրը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ առհասարակ ծառայության չեն ներկայացել և իրենց պարտականությունները չեն կատարել:   Բացի դրանից՝ Վ. Գասպարյանի կինը, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Վ. Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենի մասին, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն ու դստերն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 45 մլն ՀՀ դրամ գումար:   Քրեական գործով պարզվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև` զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ:   Արդյունքում նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով և այլ եղանակներով օրինականացրել է դրանք: Քննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2.116.040.804 ՀՀ դրամի չափով գույք:   Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի (յուրացնելը և վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը) և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով  (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):   Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
12:51 - 12 հունվարի, 2022