Քննիչը պարտավոր էր առաջնորդվել օրենքով. Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Դավթյանի՝ Աբրահամյանի տան վաճառքի հայտարարության մասին
 |armtimes.com|
19:50 - 14 մարտի, 2022

Քննիչը պարտավոր էր առաջնորդվել օրենքով. Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Դավթյանի՝ Աբրահամյանի տան վաճառքի հայտարարության մասին |armtimes.com|

armtimes.com: Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ օրենքից տեղյակ կամ անտեղյակ սուբյեկտների անհիմն, ականջահաճո արտահայտությունները չեն կարող ազդեցություն ունենալ օրինականության սկզբունքին անշեղ հետևելու՝ Կոմիտեի կամքի վրա և ստվերել նրա գործունեությունը:

Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից երեկ արված այն հայտարարության, ըստ որի՝ Գլխավոր դատախազությունում նույնպես տարակուսած են, քանի որ իրենց հայտնի չի եղել, թե ինչպե՞ս վաճառվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող Մոնումենտի առանձնատունը՝ այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանի՝ գործը, ըստ էության, չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան 3 օր հետո, ընդ որում՝ վերը նշված որոշումների բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը»,- պարզաբանեցին Կոմիտեից՝ հավելելով.

«Հետևաբար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը պարտավոր էր առաջնորդվել բացառապես օրենքով և կատարել դատարանի որոշումը։ Ի դեպ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, համարվում է հանցագործություն»:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից նաև նշեցին՝ առնվազն տարակուսելի են համարում, որ Գլխավոր դատախազը, քաջատեղյակ լինելով վերը նշված քրեադատավարական նորմերին, նման կերպ է արձագանքել:

«Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ օրենքից տեղյակ կամ անտեղյակ սուբյեկտների անհիմն, ականջահաճո արտահայտությունները չեն կարող ազդեցություն ունենալ օրինականության սկզբունքին անշեղ հետևելու՝ Կոմիտեի կամքի վրա և ստվերել նրա գործունեությունը»,- հավելեցին կառույցից:

Հիշեցնենք՝ վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվել, որոնց համաձայն՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել է Մոնումենտում գտնվող շքեղ առանձնատունը, որի վրա կալանք էր դրված: Գնորդը Նարեկ Նալբանդյանն է, որը օրեր առաջ 5 միլիարդ դրամով ձեռք էր բերել «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել