ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Մենք այստեղ ենք օգնելու և աջակցելու համար. Լիտվայի ԱԳ նախարարը` հայաստանյան այցի մասին |armenpress.am|

Մենք այստեղ ենք օգնելու և աջակցելու համար. Լիտվայի ԱԳ նախարարը` հայաստանյան այցի մասին |armenpress.am|

armenpress.am: Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել Երևանում և զրուցել Լիտվայի իրական բարեկամների հետ: Այս մասին նախարարն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: «Մեծ պատիվ է և շատ հաճելի է այսօր լինել այստեղ, զրուցել Լիտվայի իրական բարեկամների հետ: Կարող եմ ասել, որ 30 տարի առաջ, երբ չափազանց ծայրահեղ ծանր պահեր էին Հայաստանի համար, մենք միասին էինք այդ ժամանակահատվածում և այսօր էլ պատրաստ ենք բավարարել կարիքները»,- ասաց նախարարը: Լիտվայի ԱԳ նախարարն անդրադառնալով Հայաստան կատարած այցի նպատակներին, նշեց, որ այստեղ են օգնելու և աջակցելու համար: «Հիմնական ուղերձն այստեղ լինելու կայանում է նրանում, որ մենք այստեղ ենք օգնելու, աջակցելու համար և մենք կցանկանայինք նաև ակնկալել ԵՄ-ից աջակցության ավելի ընդարձակ մեխանիզմներ: Կարծում եմ` մենք կարող ենք գտնել ճանապարհներ այդ աջակցությունն ընդլայնելու համար, թե' քաղաքականապես, թե' մարդասիրական տեսանկյունից կամ տնտեսապես: Կարծում եմ, որ կարելի է խորացնել այդ համագործակցությունը, ընդլայնել տրամադրվող աջակցությունն ու հնարավորությունները»,- նշեց Լանդսբերգիսը: Գաբրիելյուս Լանդսբերգիսը հավելեց, որ այս ճանապարհին, հավանաբար, անհրաժեշտ է հստակ ներկայացված ուղերձ պաշտոնական Երևանի կողմից: «Կարծում եմ, այդ դեպքում կգտնվեն ավելի շատ բարեկամներ եվրոպական պաշտոնական մայրաքաղաքներում և Բրյուսելում, որ պատրաստ կլինեն ձեզ աջակցել»,- ասաց Լիտվայի Արտաքին գործերի նախարարը:
15:32 - 26 ապրիլի, 2021
ՀՀ սահմանների փոփոխությունը դեմ է Իրանի շահերին. իրանական ԶԼՄ-ները «Զանգեզուրի միջանցքի» շահարկումն անվանել են Բաքվի կեղծիքը |armenpress.am|

ՀՀ սահմանների փոփոխությունը դեմ է Իրանի շահերին. իրանական ԶԼՄ-ները «Զանգեզուրի միջանցքի» շահարկումն անվանել են Բաքվի կեղծիքը |armenpress.am|

armenpress.am: Իրանական ԶԼՄ-ները անդրադարձել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին հայտարարությանը՝ ընդգծելով, որ պատմության ընթացքում նման միջանցք գոյություն չի ունեցել, և դա պատմության խեղաթյուրում է: Շեշտվել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը դեմ է Իրանի շահերին: Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին Fars լրատվական գործակալությանը տված հարցազրույցում շեշտել է, որ Ալիևն արդեն մի քանի անգամ բացահայտորեն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որին Երևանն արձագանքել է ԱԳՆ խոսնակի մակարդակով: Քազեմիի խոսքով՝ պատմության մեջ «Զանգեզուրի միջանցք» կոչվող միջանցք գոյություն չի ունեցել, և դա Բաքվի նոր պատմական կեղծիքն է ու որևէ իրավական հիմք չունի: Փորձագետն ընդգծել է, որ Ալիևի խոսքերը ցույց են տալիս, որ Բաքվի նպատակը հաղորդակցական ուղիների բացումը, Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը և Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը չէ: Շարունակելով միտքը Քազեմին հավելել է, որ Թուրքիայի հետ համագործակցաբար Ադրբեջանը փորձում է «Զանգեզուրի միջանցքով» պանթուրքական աշխարհը կապել և տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական կարողությունները վերացնել, Իրանին հեռացնել տարածաշրջանային էներգետիկ անցուդարձից, նաև զսպել Չինաստանին ու Ռուսաստանին ու հարվածել «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծին: Փորձագետը նաև շեշտել է, որ Իրանը դեմ է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը և հավելել, որ Ադրբեջանն ու Թուրքիան դա գիտակցում են, ուստի փորձում են բազմակողմ ծրագրի միջոցով Իրանը պասիվացնել, և դա իրականացնել Իրանի ընտրություններին զուգահեռ: Mehr լրատվական գործակալության կայքում հրապարակված հոդվածում ընդգծվել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները հակասում են Իրանի շահերին, և Իսլամական Հանրապետությունը պետք է պաշտոնապես դատապարտեր նման նախագիծը: Շեշտվել է, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, քանի որ այնտեղ խոսք է գնում հաղորդակցական ուղիների բացման մասին: Ընդգծվել է, որ պատմության մեջ «Զանգեզուրի միջանք» անունով անցակետ կամ միջանցք գոյություն չի ունեցել և դա պատմության խեղաթյուրում է: Նշվել է, որ Ալիևի հայտարարությունը սպառնալիք է եղել, որի նպատակը միջանցքի բացումն արագացնելն է:
14:24 - 26 ապրիլի, 2021
Մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը. Արա Այվազյանը՝ Թուրքիայի նախագահի նամակի մասին |1lurer.am|

Մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը. Արա Այվազյանը՝ Թուրքիայի նախագահի նամակի մասին |1lurer.am|

1lurer.am: «Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր են ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև՝ հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության առումով»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա շեշտեց, որ կիսում է Բայդենի ուղերձում արտահայտված միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ կանխելու նմանօրինակ միջազգային հանցագործությունների կրկնությունն ապագայում: «Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման գործում ՀՀ-ն միջազգային օրակարգ առաջ մղելու առաջամարտիկներից է»,- ասաց նա: Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Պոլսո հայոց պատրիարքին ուղղված նամակին, որում նա Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու կոչ է արել: «Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը: Բայց մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև՝ գործերը, ինչի մասին հստակ արտահայտվել ենք: Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սակայն, չի ունեցել դրական շարունակություն: Մեկ անգամ ևս ուզում եմ վերահաստատել, որ մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ՝ գործերը»,- նշեց Այվազյանը:
13:33 - 26 ապրիլի, 2021
Լիտվայի ԱԳ նախարարի պաշտոնական այցը կամփոփվի Տավուշի մարզում խորհրդանշական ծառատունկով

Լիտվայի ԱԳ նախարարի պաշտոնական այցը կամփոփվի Տավուշի մարզում խորհրդանշական ծառատունկով

Պաշտոնական այցով ապրիլի 25-27-ը Հայաստանում է գտնվելու Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը: Տարածաշրջանում անցկացվող աշխատանքային այցերի շրջանակում նրա առաջին հանգրվանը կլինի Երևանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այցը կամփոփվի Տավուշի մարզում խորհրդանշական ծառատունկով՝ ի նշանավորումն հայ-լիտվական բարեկամության: Ըստ ՀՀ ԱԳՆ տրամադրած տեղեկանքի՝ միջպետական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-լիտվական հարաբերություններն աչքի են ընկել ընդգծված բարեկամական բնույթով և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ: Վերջին տարիներին Լիտվան հանդիսանում է Եվրոպական Միությունում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և առկա է փոխշահավետ գործընկերային հարաբերությունները խորացնելու երկկողմ պատրաստակամություն: Քաղաքական երկխոսություն Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991թ. նոյեմբերի 21-ին: Հայաստանի և Լիտվայի միջև ստորագրվել է 23 փաստաթուղթ: 2021թ. մարտի 15-ին Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Մարտիրոսյանը: 2019թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին: ԱԳՆ-ների միջև վերջին քաղաքական խորհրդակցությունները տեղի են ունեցել  2018թ.-ին Վիլնյուսում՝ փոխնախարարների մակարդակով: Երկու երկրներում գործում են միմյանց պատվո հյուպատոսություններ: Հայաստանի և Լիտվայի միջև բարձր մակարդակով քաղաքական շփումները տեղի են ունեցել նախագահների, խորհրդարանների նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով: Հայոց ցեղասպանություն Լիտվայի խորհրդարանը 2005թ.-ին ընդունված բանաձևով միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Լիտվան համահեղինակել է 2013, 2015, 2018 և 2020թթ․ Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՀՀ կողմից նախաձեռնած «Ցեղասպանության կանխարգելում», ինչպես նաև 2015թ. Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 69-րդ նստաշրջանին ՀՀ կողմից ներկայացված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» բանաձևերը: Միջխորհրդարանական համագործակցություն Երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամության խմբեր: 2021թ. փետրվարի 8-ին Լիտվայի խորհրդարանում ՀՀ հետ միջխորհրդարանական հարաբերությունների խումբը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին:
18:40 - 25 ապրիլի, 2021
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Կիպրոսի պաշպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսի հետ։ Արա Այվազյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել Կիպրոսի պաշտպանության նախարար Պետրիդիսին՝ հայ ժողովրդի համար կարևոր այս օրերին Հայաստանում գտնվելու և հայ ժողովրդին իր զորակցությունը հայտնելու համար, ինչը հայ և կիպրացի ժողովուրդների դարավոր բարեկամության և համերաշխության վառ դրսևորում է: Երկուստեք ընդգծել են  Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը տարածաշրջանում նմանօրինակ հանցանքների կանխարգելման գործում, հատկապես՝ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության լույսի ներքո։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը գոհունակություն է հայտնել հայ-կիպրական երկկողմ օրակարգի և դինամիկ զարգացող քաղաքական երկխոսության վերաբերյալ՝ ընդգծելով, որ տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև երկու ժողովուրդների երկարամյա բարեկամությունը ամուր հիմք են ստեղծում Հայաստանի և Կիպրոսի միջպետական հարաբերությունների առավել խորացման համար: Այս համատեքստում կարևորվել է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս հարթակի օրակարգի ամրապնդումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել ենԱրևելյան Միջերկրականի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում անվտանգության և կայունության հարցերի:    
14:50 - 25 ապրիլի, 2021
ԱՄՆ նախագահի ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման գործում. ԱԳՆ

ԱՄՆ նախագահի ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման գործում. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Ողջունում ենք ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ուղերձը, որով հստակ մատնանշվում է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած զանգվածային ոճրագործության սահմանումը՝ որպես ցեղասպանություն: Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր են ընդունվել 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից: Հայոց ցեղասպանության դժվարին օրերին Ամերիկայի կառավարությունը և ժողովուրդն անշահախնդիր օգնություն են ցուցաբերել և մահվան ճիրաններից փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր: ԱՄՆ նախագահի ուղերձը շարունակում է ճշմարտության և արդարության կողքին կանգնելու ամերիկյան այս ուժեղ ավանդույթները:   Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը համամարդկային խնդիր է: Այսօր ԱՄՆ իշխանություններն աներկբայորեն վերահաստատեցին իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրության սկզբունքներին:  Այս ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում», -  ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:
20:55 - 24 ապրիլի, 2021
Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդիրը մտել է ղարաբաղյան հիմնահարցի օրակարգ. Արա Այվազյան

Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդիրը մտել է ղարաբաղյան հիմնահարցի օրակարգ. Արա Այվազյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մասնակցել «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը, որի ժամանակ հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: «Մեծարգո վարչապետ, Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, Հարգարժան հյուրեր, տիկնայք և պարոնայք, Նախ թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել այս ապրիլի 24-ին, աշխարհի ողջ մարդկության համար աննախադեպ մարտահրավեր դարձած համավարակի պայմաններում այստեղ, մեր կողքին գտնվելու, մեր վիշտը և մտահոգությունները կիսելու և մեզ զորակցելու ձեր պատրաստակամության համար: Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության նահատակներին, պետք է հիշենք, որ ցեղասպանության զոհ գնաց նաև մեր նախնիների կողմից ստեղծված մշակութային ժառանգության հսկայական մասը։ Ցեղասպանություն հանցագործությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջումն է, այլև նրա ինքնության անբաժանելի մաս կազմող ազգային հոգևոր մշակույթի ոչնչացումը՝ մշակութային ցեղասպանությունը»,- ասել է Այվազյանը: Նրա խոսքով՝ մշակութային ցեղասպանությունը հետապնդում է հիմնականում երկու նպատակ․ առաջինն այն վերապրողների հոգու սպանության, նրանց հոգեբանական բռնության ենթարկելու փորձ է, երկրորդ այն հետապնդում է բնաջնջված բնիկ բնակչության գոյության պատմական հետքերի վերացումը։ Այլ կերպ ասած մշակութային ցեղասպանությունը կոչված է պայքարելու հիշողության, պատմական արդարության և մարդկային արժանապատվության դեմ։ Նախարարը հավելել է, որ 1915թ․-ին Օսմանյան կայսրությունում սկսված հայ բնակչության կանխամտածված և ծրագրավորված զանգվածային կոտորածներն ու տեղահանությունը սկիզբ դրեցին նաև մշակութային ցեղասպանությանը, որը տարբեր ուժգնությամբ տևեց տասնամյակներ։ «1919թ․ Փարիզի վեհաժողովում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված պաշտոնական տեղեկագրի համաձայն ավերվել  էր 1860  եկեղեցի և 229 վանք։ Սա խիստ նախնական և ոչ ամբողջական տվյալներ էին և հաջորդ տարիներին այս թիվը միմիայն աճել է, քանի որ մշակութային ավերածությունները ոչ միայն շարունակվեցին, այլև տարածվեցին 1920թ-ին Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետությունից գրավված տարածքներում, այդ թվում «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անիում։ Ոչնչացված մշակութային ժառանգությունը ներառում է նաև տասնյակ հազարավոր  միջնադարյան ձեռագիր մատյաններ, խաչքարեր, աշխարհիկ և կրոնական այլ սեփականություն»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը: Արա Այվազյանն ընդգծել է, որ մեր օրերում հայաթափված տարածքներում Թուրքիայի գործելակերպը շարունակեց Ադրբեջանը։ Նախարարը նկատել է, որ մշակութային ցեղասպանության սահմռկեցուցիչ օրինակ է Նախիջևանի հայկական հուշարձանների զանգվածային ոչնչացումը, որը թերևս չունի որևէ զուգահեռ մարդկության պատմության մեջ։ «Նախիջևանը, որն իր անվան մեջ կրում է Աստվածաշնչային ավանդության դրոշմը, 1997-2006թթ․ ենթարկվեց պետական մակարդակով կազմակերպված լայնածավալ մշակութային կոտորածի, որի արդյունքում իսպառ ավերվեցին 28 հազար մշակութային օբյեկտներ, որոնցից 89 միջնադարյան եկեղեցիներ և շուրջ 6  հազար միջնադարյան խաչքարներ։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները նախ փորձեցին փոխել հայկական հուշարձանների ծագումնաբանությունը, ապա, իրենք էլ չհավատալով սեփական շահարկումներին, որոշեցին ամբողջովին ոչնչացնել Նախիջևանի հայկական ինքնության անխոս վկաներին»,- ասել է նա։ Այվազյանը նշել է, որ 2020թ-ին՝ Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց, կրկին առերեսվեցինք նույն տրամաբանությամբ և մեթոդներով ծրագրված և իրականացվող արհավիրքի: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում և դրա հետևանքով հայ ժողովրդի մի հատվածը հայտնվեց բնաջնջման, հայրենազրկման, իսկ նրա մշակութային ժառանգությունը՝ ամբողջական ոչնչացման վտանգի առջև: «Ուստի, այսօր մեզ համար խիստ հրատապ է դարձել Արցախում Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հազարավոր մշակութային, այդ թվում՝ կրոնական հուշարձանները փրկելու խնդիրը, մանավանդ որ արդեն կան ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորված մշակութային կոթողներ, ինչպես օրինակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին և Կանաչ ժամը։ Վտանգված մշակութային ժառանգությունն ընդգրկում է մոտ 1500 մշակութային օբյեկտներ, այդ թվում 161 եկեղեցիներ, մոտ 600 խաչքարեր, հնագիտական վայրեր, աշխարհիկ ճարտարապետության՝ պալատների, կամուրջների յուրահատուկ նմուշներ, շուրջ 19 հազար թանգարանային առարկա: Մեզ այստեղ է բերել հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի կողմից ստեղծված հոգևոր և նյութական արժեքների փրկության հրամայականը։ Մեր մշակութային ժառանգությունը մեր նախնիների հույզերի, մտորումների և նվիրումի արգասիքն է։ Այն մաս է կազմել մեր ճակատագրի, անցել է մեր կայացման, պատմական զարգացման և կորստի բոլոր փուլերով։ Այսօր էլ մեր նախնիները խոսում են մեզ հետ իրենց ստեղծած արժեքների միջոցով և մեզ են փոխանցում իրենց իմաստությունը, գեղեցիկի զգացումը և մարդկային արժանապատվությունը: Այս մշակութային ժառանգությունը փրկելու համար անհրաժեշտ է լինել  իրազեկված, տեղեկացված, հստակ պատկերացնել խնդրի էությունը, դրա ծավալները և հետևանքները: Այս ցուցահանդեսով մենք հետապնդել ենք հենց այդ նպատակը․ ոչ միայն հնչեցնել մեր մտահոգությունները, վտանգված հուշարձանների վիճակագրությունը, այլ նաև հնարավորինս ներկայացնել դրանցից որոշների դեմքն այն համոզմունքով, որ այս հուշարձանների կորուստն անդառնալի կլինի բոլորիս, համաշխարհային մշակութային ժառանգության համար»,- ասել է նախարարը: Նա շեշտել է, որ Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդիրը մտել է ղարաբաղյան հիմնահարցի օրակարգ։ «Դրան անդրադառնում են ինչպես միջազգային միջնորդները, այնպես էլ՝ բազմաթիվ երկրներ, ՄԱԿ մասնագիտացված կառույցներ և կազմակերպություններ։ Սակայն միայն պաշտոնական հայտարարությունները բավարար չեն։ Անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ կանխելու հերթական մշակութային ցեղասպանությունը։ Չպետք է մոռանալ, որ անգամ ամենաերկարատև հակամարտություններն անցողիկ են, իսկ պատմամշակութային ժառանգությունը՝ հավերժ։  Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլորին և ցանկանում բովանդակալից դիտում»,- եզրափակել է Արա Այվազյանը:
12:37 - 24 ապրիլի, 2021
ԱԳ փոխնախարարը հայտարարում է՝ որևէ երկխոսություն Հայաստանի և Թուրքիայի միջև չկա |azatutyun.am|

ԱԳ փոխնախարարը հայտարարում է՝ որևէ երկխոսություն Հայաստանի և Թուրքիայի միջև չկա |azatutyun.am|

azatutyun.am: Ներկայիս դրությամբ որևէ երկխոսություն Հայաստանի և Թուրքիայի միջև չկա․ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: Հարցին, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանային համագործակցություն 3+3 ձևաչափ է առաջարկվում, այդ առումով ի՞նչ գործնական քայլեր կան, փոխնախարարը պատասխանեց. «Բոլոր դեպքերում այսօրվա դրությամբ ինչ վերաբերում է արցախյան խնդրին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն, ապա Մինսկի խմբից և իր համանախագահությունից բացի որևէ այլ ձևաչափ մենք չենք քննարկում»: Իսկ թե ի՞նչն է խնդիրը, որ պատերազմից հետո Մինսկի խմբի համանախագահության հետ հանդիպում չի եղել, Ավետ Ադոնցն արձագանքեց. «Աշխատանքներ կան, և ես ուզում եմ հավատալ, որ դրանք շուտով տեսանելի կդառնան»:
10:57 - 24 ապրիլի, 2021
Պայքարը կտևի այնքան, քանի դեռ Թուրքիայի կառավարությունն իր մեջ ուժ չի գտել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. ՀՀ ԱԳՆ

Պայքարը կտևի այնքան, քանի դեռ Թուրքիայի կառավարությունն իր մեջ ուժ չի գտել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. ՀՀ ԱԳՆ

 ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ այսօր հայ ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում ցույց է տալիս արդարության և ճմշարտության համար պայքարելու իր տոկունությունը, և այդ պայքարը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի կառավարությունն իր մեջ ուժ չի գտել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Ամեն տարի` ապրիլի 24-ին, ողջ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Իր ծավալներով նախադեպը չունեցող այս ծրագրված ոճրագործության հետևանքով թիրախավորվեց, բռնի տեղահանության և զանգվածային կոտորածների զոհ դարձավ Օսմանյան կայսրությունում ապրող հայ ժողովուրդը։ Տարիների ընթացքում պանթուրքիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվող երիտթուրքական և դրան հաջորդող կառավարությունները Հայոց ցեղասպանության քաղաքականությունը տարածեցին նաև Արևելյան Հայաստանում։ Այս գործողությունների հետևանքով 1915-1923թթ․ ընթացքում սպանվեց 1,5 մլն մարդ, խեղվեցին հարյուր հազարավոր ճակատագրեր, մի ամբողջ ժողովուրդ զրկվեց իր հոգևոր, կրթական, մշակութային և տնտեսական սեփականությունից, նրանից խլվեց իր պատմական հայրենիքի գերակշիռ հատվածում ապրելու իրավունքը։ 1878թ․ Բեռլինի կոնգրեսում Մեծ տերությունները և Օսմանյան կայսրությունը հանձնառություն էին ստանձնել երաշխավորելու վերջինիս հայկական նահանգների բնակչության անվտանգությունը։ Ծրագրելով և իրականացնելով Հայոց ցեղասպանությունը՝ երիտթուրքական կառավարությունը ի չիք դարձրեց հայ ժողովրդին տրված անվտանգության միջազգային երաշխիքները և ստեղծեց մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը մի ամբողջ ժողովրդի մահապատժով «լուծելու» նախադեպ։Այս գործողությունները հետագայում հիմք դարձան ցեղասպանության հանցանքի սահմանման համար և արտացոլվեցին «Ցեղասպանության կանխարգելման և դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայում։ Այնուհանդերձ Հայոց ցեղասպանության կազմակերպիչները չկանգնեցին միջազգային արդարադատության առջև: Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ևս ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին: Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին պատերազմը և դրա ընթացքում թուրք-արբեջանական դաշինքի ցեղասպան գործողություններն ի ցույց դրեցին, որ ուժով միջազգային խնդիրները «լուծելու» մոտեցումները չեն փոխվել։ Արցախահայության դեմ իրականացված ոճրագործությունները փաստեցին նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության, այլև հայ ժողովրդի անվտանգության համար։ Հայոց ցեղասպանության նպատակը հայ ժողովրդի լիակատար բնաջնջումն էր։ Հայ ժողովրդի հավաքական ջանքերի, ցեղասպանության վերապրողներին աշխարհի տարբեր երկրների և ժողովուրդների կողմից ցուցաբերված աջակցության շնորհիվ հայ ժողովուրդն արժանապատվորեն վերապրեց իր պատմության ամենամեծ արհավիրքը։ Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում ցույց է տալիս արդարության և ճմշարտության համար պայքարելու իր տոկունությունը։ Այդ պայքարը մեկ անգամ ևս հավաստում է, որ ոչ երիտթուրքական կառավարության բիրտ ուժը, ոչ Թուրքիայի հաջորդական կառավարությունների ժխտողական շահարկումները և տարածաշրջանում հայ ժողովրդի հանդեպ թշնամական գործողություններն ի զորու չեն մոռացության մատնել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և նրա նահատակներին։ Այդ պայքարը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի կառավարությունն իր մեջ ուժ չի գտել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և քայլեր ձեռնարկելու դրա հետևանքների վերացման ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
22:10 - 23 ապրիլի, 2021
Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-ամյակն է. ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարին

Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-ամյակն է. ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարին

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ապրիլի 23-ին հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերոջը՝ Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով Հայաստան այցելելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: «Ֆրանսիայի ներկայացուցիչն ընդգծեց, որ այս տարի Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը ունի առանձնահատուկ խորհուրդ, քանի որ նշանավորում է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման 20-ամյակը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ նախարար Այվազյանը և պետքարտուղար Լըմուանն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Գոհունակություն հայտնելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված առանձնաշնորհյալ միջպետական հարաբերությունների առնչությամբ՝ զրուցակիցներն ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը երկկողմ համագործակցության առավել ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ «ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված ծրագրերի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարն անդրադարձել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի կողմից կատարված աշխատանքներին և առաջիկա նախագծերին։ Արտգործնախարար Այվազյանը և պետքարտուղար Լըմուանը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Կարևորվեց ԼՂ խաղաղ գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս առնչությամբ նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ղեկավարության հայատյաց գործողությունների և Հայաստանի Հանրապետության դեմ ուժի կիրառման սպառնալիքների վրա՝ ընդգծելով, որ նման քայլերով Ադրբեջանը վտանգում է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն ուղղված միջազգային հանրության ջանքերը»,- հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից: Որպես ԼՂ հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հարցեր, երկուստեք կարևորվել է ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը, Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային հանրության կողմից ջանքերի իրականացումը:
18:52 - 23 ապրիլի, 2021
ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետի մեկնաբանությունը Քիմիական զենքի արգելման կազմակերպության համաժողովին ՀԱՊԿ հայտարարության վերաբերյալ

ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետի մեկնաբանությունը Քիմիական զենքի արգելման կազմակերպության համաժողովին ՀԱՊԿ հայտարարության վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը Քիմիական զենքի արգելման կազմակերպության 25-րդ համաժողովին ՀԱՊԿ հայտարարության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:  «Հաագայում ընթացող Քիմիական զենքի արգելման կազմակերպության /ՔԶԱԿ/ 25-րդ համաժողովին ՀԱՊԿ անդամ պետությունները հանդես են եկել հայտարարությամբ, որն ի շարս այլ հայցերի անդրադարձել է նաև վտանգավոր քիմիական նյութերի կիրառմանը, ինչին մենք առերեսվեցինք 44-օրյա՝ այդ թվում սպիտակ ֆոսֆորին նմանվող նյութի օգտագործմամբ, թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում: Ավելին, հայաստանյան կողմի ակտիվ ներգրավվածությամբ համաձայնեցված հայտարարությունում, մասնավորապես, նշված է, որ «զարմանք է առաջացնում ՔԶԱԿ քարտուղարության կողմից անտեսումը այն փաստի, որ վերջերս տարածաշրջանային հակամարտության ընթացքում կիրառվել է քիմիական նյութ, որի հասցրած վնասը մարդկանց և շրջակա միջավայրին համարժեք է քիմիական զենքի կիրառման վնասին»: Այս համատեքստում նաև շեշտվում է քարտուղարության պարտավորությունը՝ արձագանքելու մասնակից պետությունների դիմումներին և, կոնվենցիոն նորմերի համաձայն, ձեռնարկելու անհետաձգելի քայլեր։ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից արգելված սպառազինությունների կիրառման և կատարված ռազմական հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով Հայաստանը 2020թ. հոկտեմբերից ՔԶԱԿ ղեկավար օղակներում շարունակաբար բարձրացրել է սպիտակ ֆոսֆորին նմանվող քիմիական նյութի  պարունակությամբ զենքի կիրառման փաստը քննելու նպատակով ՔԶԱԿ փաստահավաք առաքելություն Արցախ գործուղելու անհրաժեշտության հարցը՝ ներկայացնելով համապատասխան տեղեկատվական նյութեր, ներառյալ արտասահմանյան փորձագետների կողմից նախապատրաստված զեկույցը»,- ասված է հայտարարության մեջ:
20:25 - 21 ապրիլի, 2021
ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը հանդիպել է ԵՄ անդամ երկրների՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների հետ

ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը հանդիպել է ԵՄ անդամ երկրների՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների հետ

Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն առցանց հանդիպում է ունեցել ԵՄ անդամ տասնինը երկրների՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների և հատուկ բանագնացների հետ:  Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ս.թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը  հանդիսանում է ՀՀ բարեփոխումների օրակարգի առանցքային հիմքերից մեկը, ինչպես նաև Արևելյան գործընկերությանը՝ որպես ընդհանուր արժեքների և նախանշված նպատակների հիման վրա ձևավորված հարթակի:  Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի: Տիգրան Սամվելյանն իր գործընկերներին ներկայացրեց Արցախում հումանիտար իրադրությունը և վերջինիս կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ ԱԳՆ Եվրոպայի վարչությանը պետը գործընկերների ուշադրությունը հրավիրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների չկատարման հանգամանքի վրա։
19:10 - 21 ապրիլի, 2021
Ադրբեջանը ոչ միայն արդարացնում է ուժի կիրառումը, այլև պնդում, որ ուժի միջոցով լուծել է հակամարտությունը. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումին

Ադրբեջանը ոչ միայն արդարացնում է ուժի կիրառումը, այլև պնդում, որ ուժի միջոցով լուծել է հակամարտությունը. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումին

Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի բացման խոսքը ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումին․ «Պարոն նախագահող,Ձերդ գերազանցություններ,Տիկնայք և պարոնայք, Այսօր պատիվ ունեմ ազդարարելու ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) Հայաստանի նախագահության մեկնարկը: Թույլ տվեք նախ և առաջ շնորհակալություն հայտնել Գերմանիային, քանի որ այն ավարտում է ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումի Եռյակում իր գործունեությունը, շնորհավորել ֆորումի նախկին նախագահող ԱՄՆ-ին՝ վերջին եռամսյակում Ֆորումի հաջող ղեկավարման համար, ինչպես նաև ողջունել Ավստրիային՝ Եռյակի նոր անդամի կարգավիճակում: 17 տարի անց Հայաստանը երկրորդ անգամ ստանձնում է Ֆորումի նախագահությունը: Այն ժամանակ ԱՀՖ կանխարգելիչ միջոցառումները, որոնք ուղղված էին զինված հակամարտությունների վտանգի և նման հակամարտությունների սպառնալիքի նվազեցմանը, մեր նախագահության օրակարգի առանցքում էին: Հայաստանը ստանձնում է Ֆորումի նախագահությունն այսօր, երբ մի շարք գործոնների պատճառով ԵԱՀԿ տարածքում անվտանգությունը, խաղաղությունը և կայունությունն առավել քան երբևէ վտանգված են՝ ելնելով մի քանի հանգամանքներից: Առաջին, Եվրոպայի անվտանգության քարտեզը մշտապես ընդգրկել է ավելի լայն աշխարհագրություն, քան ինքնին Եվրոպան, և այս տրամաբանությունն է ներդրված ԵԱՀԿ-ում, որը ձգվում է Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ: Եվրոպական անվտանգության աշխարհագրական սահմանները հաստատելուց 46 տարի անց մենք պետք է ընդունենք, որ դրա ներկայիս քարտեզը ոչ ամբողջությամբ է արտացոլում ներկա իրողությունները: Եվրոպական անվտանգության նոր սպառնալիքները գալիս են հիմնականում հարավից՝ միջերկրածովյան և մերձվորաևելյան տարածաշրջաններից: Այս սպառնալիքները, հատկապես՝ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների իրողությունը, մեր կազմակերպության տեսադաշտում են եղել դեռևս 2014 թվականից: Այնուամենայնիվ, շատ քիչ բան է արվել անվտանգության այս սպառնալիքներին դիմակայելու արդյունավետ կարողություններ ստեղծելու ուղղությամբ: Արդյունքում՝ 2020թ. ունեցանք ԵԱՀԿ տարածքում Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների զանգվածային օգտագործման առաջին դեպքը՝ մեր կազմակերպության լիակատար անգործության պայմաններում: Եվրոպական անվտանգության անբաժանելությունը պահպանելու անկարողությունն արտացոլվել է նաև դրա քարտեզագրման մեջ: ԵԱՀԿ տարածքը կարծես մասնատված է եվրոպական անվտանգության կենտրոնի և ծայրամասի: Այս երևույթն ակներև է ԵԱՀԿ տարածքում տարաբնույթ հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների նկատմամբ ցուցաբերվող անհամաչափ ուշադրության մեջ: Երկրորդ, անվտանգության ամրապնդմանն ուղղված ԵԱՀԿ մեխանիզմները կասկածի տակ են դրվել սպառազինությունների վերահսկման էական ռեժիմների և վստահության ու անվտանգության ամրապնդման մեխանիզմների շուրջ աճող տարաձայնությունների պատճառով: Եվ այստեղ ես առաջին հերթին նկատի ունեմ նրանց, ովքեր պաշտոնապես շարունակում են մնալ այդ ռեժիմներում և խարխլել դրանց վստահելիությունը՝ տարիներ շարունակ համակարգված, դիտավորյալ և զանգվածային խախտումներ կատարելով: Արդյունքում՝ սպառազինությունների վերահսկման ռեժիմի ամբողջականությունը լրջորեն խաթարվել է, ինչը հնարավորություն է տվել որոշ մասնակից պետություններին ստեղծել պատերազմելու կարողություններ: Երրորդ, բազմակողմանիության գլոբալ անկումն ու քայքայումը, որը չի շրջանցել նաև ԵԱՀԿ-ն, այստեղ արտացոլվում է վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմի կիրառման հստակ բացթողումներով: Եվ վերջինը, բայց ոչ նվազ կարևորը` Եվրոպայում անվտանգության և համագործակցության գաղափարը՝ լինի դա խորհրդաժողովի, թե կազմակերպության շրջանակներում, եղել է և շարունակում է մնալ պատերազմի և ուժի կիրառման անընդունելիությունը: Հելսինկյան եզրափակիչ ակտը բացահայտեց մասնակից պետությունների՝ պատերազմի ռիսկերը նվազեցնելու նպատակով համագործակցելու և ներառական երկխոսության մեջ ներգրավվելու վճռականությունը, այդ թվում` վեճերի խաղաղ լուծման համար փոխհամաձայնեցված լուծումներ փնտրելու եղանակով, նույնիսկ լուծման հասնելու ձախողման պարագայում: Դա 46 տարի առաջ էր: Անցյալ տարի Թուրքիայի և նրա կողմից աջակցվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը տևեց 44 օր և Արցախում հանգեցրեց հազարավոր զոհերի, պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների, տասնյակ հազարավոր տեղահանվածների: Ադրբեջանը ոչ միայն պարզապես արդարացնում է ուժի կիրառումը, այլև պնդում է, որ ուժի միջոցով լուծել է հակամարտությունը և տեղում ձևավորել նոր իրողություններ: Ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող օրինական լինել, քանի որ դրանք յուրաքանչյուր հակամարտության և ճգնաժամային իրավիճակում ստեղծում են պատերազմի համար նպաստավոր միջավայր: Միայն այն փաստը, որ ուժի կիրառումը տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի կողմից հասցեագրվող հակամարտության շրջանակներում, ակնհայտորեն ի ցույց է դնում, որ կազմակերպությունը չի կարողացել պաշտպանել իր հիմնական արժեքները, սկզբունքներն ու հանձնառությունները: Այսպիսով, կասկածի տակ է դրվել ԵԱՀԿ-ի՝ որպես ՄԱԿ կանոնադրության VIII գլխով սահմանված տարածաշրջանային մեխանիզմի և որպես տարածաշրջանում վեճերի խաղաղ կարգավորման հիմնական կազմակերպության պատշաճությունը: Ակնհայտորեն՝ մեր կազմակերպությունն այսօր չի համապատասխանում Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված պահանջներին: Այն ձախողեց՝ մասնավորապես, գործադիր կառույցների աշխատանքի միջոցով կանխարգելման, վաղ միջոցառումների ձեռնարկման կամ հակամարտություններին արձագանքման հարցերում: Հակամարտությունների հասցեագրման առաքելությունների հաջողումն ավելի հաճախ բացառություն է, քան կանոն, և մենք կանգնած ենք ԵԱՀԿ-ն՝ միայն մեկ հակամարտության կարգավորման մեխանիզմի վերածելու վտանգի առջև: Մի իրավիճակում, երբ ԵԱՀԿ հանձնառությունների մեծ մասը, մասնավորապես՝ նրանք, որոնք առնչվում են ռազմաքաղաքական հարթությանը, չեն կիրարկվում, մենք պետք է վերագնահատենք գործադիր կառույցների դերը, որոնք ի սկզբանե ձևավորվել էին՝ օժանդակելու մասնակից պետություններին այդ հանձնառությունների իրագործման գործում: ԵԱՀԿ պարտավորությունների կատարման շուրջ մասնակից պետությունների միջև արժանահավատ երկխոսությունը պետք է լինի մեր առաջին գերակայությունը: Մեր կարծիքով՝ մենք պետք է առաջնորդվենք երկխոսության ոգով, որը գերակշռում էր Հելսինկիում և որը հանգեցրել էր Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի ստեղծմանը: ԵԱՀԿ տարածքում առկա անվտանգության միջավայրը պահանջում է համատեղ ջանքեր, հանձնառություն և քաղաքական կամք` պահպանելու ԵԱՀԿ համապարփակ, անբաժանելի և համագործակցային անվտանգության հայեցակարգը: Հայաստանի նախագահության ծրագիրը բխում է ԵԱՀԿ սկզբունքները և հանձնառությունները պաշտպանելու հրատապ անհրաժեշտությունից՝ ԵԱՀԿ անվտանգության միջավայրի հետագա քայքայումը կանխարգելելու նպատակով: Հայաստանը հանձնառու է առաջնորդել այդ ջանքերը ֆորումի Նախագահության երկրորդ եռամսյակում՝ «Վստահության վերականգնումը ռազմաքաղաքական հանձնառությունների իրականացման միջոցով» կարգախոսի ներքո։ Հարգելի գործընկերներ, Հայաստանի նախագահությունը կմեկնարկի միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխանության վերաբերյալ Անվտանգության երկխոսությամբ, որը հնարավորություն կտա մասնակից պետություններին վերահաստատել իրենց հանձնառությունը միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին՝ ամրագրված ԵԱՀԿ անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների վերաբերյալ վարքագծի կանոներում: Մենք հավատում ենք, որ ԵԱՀԿ-ն՝ որպես տարածաշրջանային անվտանգության ամենամեծ կազմակերպություն, պետք է վճռական լինի իր սկզբունքները պաշտպանելու և ահաբեկչության՝ մասնավորապես, օտարերկրյա զինյալ ահաբեկիչների երևույթի դեմ պայքարի հարցերում: Դա պահանջում է համախմբված և համապարփակ ջանքեր ու միջհարթային մոտեցում՝ հաշվի առնելով տվյալ սպառնալիքի բնույթը: ԵԱՀԿ դերը ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարում և առկա հանձնառությունների կատարման գործում կլինի Անվտանգության համագործակցության ֆորում- Մշտական խորհուրդ համատեղ հանդիպման առանցքում: Սպառազինությունների վերահսկման և զինաթափման խնդիրները մշտապես եղել են ԵԱՀԿ գործունեության կենտրոնում, քանի որ դրանք առանցքային են անվտանգության և կայունության ապահովման գործում: 1990-ական թթ. սկզբից ի վեր ԵԱՀԿ-ն, չսահմանափակվելով Հելսինկյան եզրափակիչ ակտով ներդրված վստահության ամրապնդման միջոցների համեստ շարքով, մշակել է Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմ, որը համարվում է եվրոպական անվտանգության անկյունաքարը: Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը, «Վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների մասին» Վիեննայի փաստաթուղթը, «Բաց երկնքի մասին» պայմանագիրը և վստահության ու նորմերի սահմանման մյուս միջոցառումները տարիներ շարունակ ապացուցել են իրենց արդյունավետությունը ռազմական թափանցիկության և կանխատեսելիության բարձրացման գործում: Սակայն, միանշանակորեն պարզ է, որ այսօր մենք այս ոլորտում ճգնաժամ ենք ապրում, քանի որ բազմաթիվ մասնակից պետություններ կարծում են, որ այդ ռեժիմներն այլևս չեն ծառայում իրենց շահերին: Այսպիսով, մենք պետք է կանգ առնենք և վերագնահատենք համապարփակ և համագործակցային անվտանգության հիմքը, որի վրա կառուցված են սպառազինությունների վերահսկման բոլոր ռեժիմները: Առանց բոլոր մասնակից պետությունների` ուժի չկիրառմանն ունեցած հստակ հանձնառությունների և ԵԱՀԿ տարածքում ուժի կիրառումը կանխելու հավաքական ջանքերի՝ իրավական և քաղաքական պարտադիր ուժ ունեցող մեխանիզմների արդյունավետությունը կայուն չի լինի: Հաշվի առնելով այս ամենը՝ ԱՀՖ հայաստանյան նախագահությունը նախաձեռնելու է մի շարք Անվտանգության երկխոսություններ` նվիրված սպառազինությունների վերահսկմանը և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցներին, նոր սերնդի պատերազմներին, զորավարժություններին, փոքր սպառազինություններին և թեթև զենքերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևին՝ հնարավորություն ընձեռնելով մասնակից պետություններին՝ քննարկումներ ծավալել այդ միջոցառումների ապագայի և եվրոպական անվտանգության ամրապնդման գործում դրանց դերի ու արդիականության մասին: Անվտանգության նորահայտ սպառնալիքները պահանջում են ջանքերի համակարգում և համագործակցություն համապատասխան կազմակերպությունների միջև: ԵԱՀԿ և ՀԱՊԿ գործունեության համանման ոլորտներն ամուր հիմք են ստեղծում երկու կազմակերպությունների միջև փոխգործակցության համար: Հայաստանի նախագահության ընթացքում տարածաշրջանային անվտանգության մեխանիզմների վերաբերյալ կազմակերպվող Անվտանգության երկխոսությունը նպատակ է հետապնդում քննարկել տարածաշրջանային անվտանգության բարձրացման և անվտանգության ժամանակակից մարտահրավերների ու սպառնալիքների հասցեագրման գործում ՀԱՊԿ-ի դերը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները՝ ուղղված ընդհանուր և անբաժանելի եվրատլանտյան ու եվրասիական անվտանգության համայնքին։ Հարգարժան գործընկերներ, Խաղաղությունը կայուն չէ առանց մարդու իրավունքների, այդ թվում` կանանց իրավունքների պաշտպանության և խթանման: «Կանայք, խաղաղությունը և անվտանգություն»-ը մեր առաջնահերթություններից է և կլինի ԱՀՖ-ում Հայաստանի նախագահության օրակարգում: Հայաստանը հաստատակամ է, որ կանայք առանցքային դերակատարություն ունեն «հակամարտության ցիկլի» բոլոր փուլերում, և խաղաղությունն ավելի կայուն է կանանց լիարժեք, հավասար և բովանդակալից մասնակցության դեպքում: Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ գոհունակություն հայտնել ԵԱՀԿ Շվեդիայի նախագահությանն՝ իր առաջնորդության և նվիրվածության համար: Հայաստանը կշարունակի համագործակցել ԵԱՀԿ նախագահության, ինչպես նաև Եռյակի անդամների հետ և պատրաստ է աշխատել բոլոր այն մասնակից պետությունների հետ, որոնք ցանկանում են աջակցել ընդհանուր սկզբունքների և պարտավորությունների նկատմամբ հարգանքը վերականգնելուն ուղղված մեր ջանքերին: Շնորհակալություն»:
16:44 - 21 ապրիլի, 2021