Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ երկրների միջև ռազմական համագործակցության ձևավորումը. Հակոբ Արշակյան

Անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ երկրների միջև ռազմական համագործակցության ձևավորումը. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ԱԺ պատվիրակության անդամ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 1-ին մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի կազմավորման 15-ամյակի առթիվ կազմակերպված առցանց կլոր սեղան-քննարկմանը: Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ վերջին տարիների մարտահրավերներն ու սպառնալիքները վկայում են ջանքերի համախմբման անհրաժեշտության մասին՝ անվտանգության ապահովման և գլոբալ մարտահրավերներին հաջող արձագանքելու համար: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հոբելյանական միջոցառումներին. ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը նշում է 15-ամյակը, հաջորդ տարի նշվելու են Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը: «Այս ընթացքում կազմակերպությունն ամրապնդել է իր կարգավիճակը՝ որպես բազմաֆունկցիոնալ տարածաշրջանային միջազգային կազմակերպություն»,- ասել է Հակոբ Արշակյանը: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է կազմակերպությունում մեր երկրի նախագահության առաջնահերթություններին՝ ուղղված կառույցի ներուժի մեծացմանը՝ հանուն հավաքական անվտանգության ապահովման և համաչափ զարգացման: Ըստ խորհրդարանի փոխնախագահի՝ անհրաժեշտ է կատարելագործել ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները: Այս համատեքստում, ըստ նրա, կարևոր են ճգնաժամային իրավիճակների մոնիտորինգի, կանխատեսման և նախազգուշացման մեխանիզմները: «Մենք անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ երկրների միջև ռազմական համագործակցության ձևավորումը՝ կոլեկտիվ անվտանգության ուժերի մարտական պատրաստվածության, համախմբվածության և շարժունակության բարձրացման համար: Մեր ջանքերն միտված են լինելու խնդիրների մշակմանը և առաջարկների արդիականացմանն ու կատարելագործմանը` ուղղված ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, տեղեկատվական անվտանգությանը, թմրամիջոցների դեմ պայքարին և անօրինական միգրացիայի դեմ պայքարին»,- շեշտել է Հակոբ Արշակյանը: Նա խոսել է խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերակատարության մասին և հավելել, որ կշարունակվեն մշակվել քայլեր՝ ուղղված միջազգային խորհրդարանական համագործակցության ընդլայնմանը: «Միջազգային խորհրդարանական հարթակներում մենք՝ որպես գործընկերներ, մեր պատվիրակությունների մասնակցությամբ պետք է համախմբված և համակարգված դիրքորոշում ցուցաբերենք դաշնակիցների՝ ՀԱՊԿ անդամ երկրների շահերը շոշափող հարցերի շուրջ»,- համոզմունք է հայտնել Հակոբ Արշակյանը: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել միջազգային անվտանգության ոլորտում ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում խորհրդարանական շարունակական փոխգործակցության ապահովման համար: «Համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում Հայաստանը բաց է համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և շահերը հաշվի առնելու սկզբունքներով»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
20:00 - 01 դեկտեմբերի, 2021
Հունաստանի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հունաստանի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 30-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:  Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Դիմիտրիոս Մարկոպուլոսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրեց ՀՑԹԻ վերջին հրատարակություններից:
15:07 - 30 նոյեմբերի, 2021
Պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնելը կարող է հանգեցնել ընդհուպ աշխատանքից ազատման |armenpress.am|

Պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնելը կարող է հանգեցնել ընդհուպ աշխատանքից ազատման |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, չկատարելու հիմքով ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Փոխնախարարը նախ վստահեցրեց, որ փոփոխությունը միտված է միայն ու միայն աշխատողների hամար առողջ և անվտանգ աշխատանքային միջավայր ապահովելուն: «Գործատուն իրավունք է ստանում չթույլատրել ներկայանալու աշխատանքի վայր, եթե աշխատողը չի ներկայացնում կամ պատվաստման, կամ ՊՇՌ թեստավորման մասին տեղեկանանքները»,- ասաց Սարգսյանը: Այսպիսով, սահմանված դեպքում աշխատանքի չթույլատրվելու հետեւանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ: Կան սահմանված բացառություններ: Բացառություններ են կազմում այն պաշտոնյաները, որոնց պաշտոնն ընտրովի է կամ օրենքի ուժով է, կամ Սահմանադրության հիմքով է նշանակվում և չունի վերադաս կամ ղեկավար, այսինքն՝ ազատելու հիմքերը ղեկավարի միջոցով չեն սահմանվում: Կարգավորումները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա: «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը բոլորին կոչ արեց պատվաստվել, պատգամավորը, ելնելով տարբեր երկրների, օրինակ՝ Շվեդիայի դրական փորձից, համոզված է, որ դա կլուծի խնդիրը: «Սակայն Շվեդիան այս մասով ամենաազատականն է, բայց ամենալավ արդյունքն ունի: Մարդը ոչ թե չի պատվաստվում, որովհետև դուք իրեն չեք պատժել, այլ չի պատվաստվում, որովհետև այդ համոզման չի եկել: Այդ համոզման պետք է մենք իրեն մղենք, դա պետք է լինի բացատրական, կանխարգելիչ աշխատանքներով»,-հարցրեց պատգամավորը: Նախագիծը ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
14:18 - 30 նոյեմբերի, 2021
Աղվան Վարդանյանն առաջարկում է անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնել |armenpress.am|

Աղվան Վարդանյանն առաջարկում է անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներից մեկը, որով անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն: «Հայաստան» խմբակցության հեղինակած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը Վարդանյանը ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում: «7-րդ գումարման ԱԺ-ն, ենթադրում եմ շատ հապճեպ, ընդունել է այս օրենքում փոփոխությունների նախագիծ, որով, փաստորեն, քրեականացրել է ծանր վիրավորանքը, զրպարտությունը: Արդեն իսկ ՍԴ-ում վիճարկվում է այդ օրենքների սահմանադրականությունը: Մեր խորին համոզմամբ՝ այս փոփոխությունները լուրջ հակասություն ունեն և´ Սահմանադրության, և´ մարդու իրավունքների, և´ ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ»,- ասաց Աղվան Վարդանյանը: Ըստ պատգամավորի՝ օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը, հատկապես հանրային և հանրային ծառայություն զբաղեցնող անձանց, քաղաքական գործիչների նկատմամբ: Պատգամավորի գնահատմամբ՝ հոդվածում օգտագործվում են անորոշ եզրույթներ, այսպիսով առաջարկում է այդ հոդվածը՝ 137.1 հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը շեշտեց, որ զրպարտությունը, սակայն, ՀՀ-ում ապաքրեականացված է, որևիցե նախագիծ չկա, որով սահմանվում է, թե զրպարտությունը քրեորեն պատժելի է: Աղվան Վարդանյանն արձագանքեց՝ գուցե «զրպարտություն» բառը պատահաբար արտասանել է, ինքը, իհարկե, դեմ է հայհոյանքին. հայհոյանքը քաղաքական վարքագծի նորմ չի կարող լինել: «Ես նույնիսկ մտածում էի մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որով ընդհանրապես հանրային վայրերում կանանց նկատմամբ սեռական բնույթի հայհոյանք տվողներին մենք «կոչումներ» տայինք, Հանրային հեռուստատեսությամբ էլ նրանց անունները «պարգևներով» հրապարակեինք»,- ասաց պատգամավորը: Վլադիմիր Վարդանյանը Աղվան Վարդանյանի խոսքերում հակասություն տեսավ: «Դուք կանանց ներկայությամբ հայհոյանք տվողին պատասխանատվության ենթարկելու մասին եք խոսում, միևնույն ժամանակ բերել եք նախագիծ, որով այդ երևույթի դեմ պայքարող օրենքը ուզում եք չեղարկել: Այս նախագիծը կոչված է պայքարելու ծանր հայհոյանքի և մարդու արժանապատվությունը նսեմացնելու ծայրահեղ դրսևորումների դեմ»,- ասաց հանձնաժողովի նախագահը: Աղվան Վարդանյանը, սակայն, կարծում է, որ ՀՀ-ում առկա են բավարար օրենսդրական կարգավորումներ, լուծումներ, ծայրահեղ վիրավորանքի դեպքում կարելի է սահմանել բարձր տուգանքներ, բայց քրեականացումն ակնհայտորեն հակասում է և´ միջազգային փորձին, և´ ՀՀ-ն այդ առումով «ետ է շպրտում» տարիներով: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը միևնույն ժամանակ հիշեցրեց, որ Հայաստանում 137.1 հոդվածի իրավակարգավորումները չեն նույնանում Քրեական օրենսգրքից ապաքրեականացված իշխանական ներկայացուցչին վիրավորելու ինստիտուտի հետ, քանի որ իրավական պաշտպանության ենթակա անձանց ավելի լայն շրջանակ է ներառված: «137.1 հոդվածով քրեաիրավական պաշտպանության տակ է դրված անձի արժանապատվությունը՝ քննադատության հետ չնույնացող հայհոյանքի կամ այլ տեսակ ծանր վիրավորանքից, իսկ ավելի խիստ պաշտպանության տակ է դրված հանրային գործունեությունը»,-ասաց նա:
13:15 - 30 նոյեմբերի, 2021
Սահմանային հատվածներում մայիսին տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրվում են |armenpress.am|

Սահմանային հատվածներում մայիսին տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրվում են |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի սահմանային հատվածներում մայիսին տեղի ունեցած իրադարձությունները կդառնան ծառայողական քննության առարկա և դրանց արդյունքների վերաբերյալ կիրազեկվեն Ազգային ժողովի պատգամավորները: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչպես կմեկնաբանի մայիսին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքը, եթե չկրակելու հրաման չի եղել:  «Ինչ վերաբերում է ձեր նշած ժամանակահատվածում ծեծկռտուքներին, ապա դրանք իրավիճակից բխող այդ պահի թելադրանքով զինվորականների կողմից իրականացվող գործողություններ էին, որոնք կարող են և գնահատականի արժանանալ:  Նշեմ նաև, որ ուսումնասիրություններ այդ առումով իրականացվում են: Կարծում եմ, որ ուսումնասիրությունները ծառայողական քննության առարկա կդառնան նաև մայիսի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները և դրանց արդյունքների մասին կիրազեկվեք նաև դուք՝ որպես Ազգային ժողովի պատգամավորներ»,- ասաց Սարգսյանը:
12:43 - 30 նոյեմբերի, 2021
Պետական վերահսկողական ծառայությունը կանխարգելիչ միջոցառումների շրջանակում նոր մեխանիզմներ է ներդրել

Պետական վերահսկողական ծառայությունը կանխարգելիչ միջոցառումների շրջանակում նոր մեխանիզմներ է ներդրել

Ազգային ժողովում 2022թ. պետական բյուջեի հաստատման գործընթացին զուգահեռ Պետական վերահսկողական ծառայությունում արդեն իսկ ակտիվորեն իրականացվում են բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների նկատմամբ մշտադիտարկման նախապատրաստական աշխատանքներ: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են, որ առկա տեղեկատվական շտեմարանների միջոցով ՊՎԾ-ն իրականացնելու է 2022թ. բյուջետային բոլոր միջոցառումների ժամանակին և որակով կատարման նկատմամբ ընթացիկ դիտարկում՝ առանց կատարող մարմնի աշխատանքներին միջամտելու: ՊՎԾ կողմից առավել ռիսկային գնահատված միջոցառումների պատշաճ կատարման նկատմամբ կիրականացվի առավել ինտենսիվ մշտադիտարկում: Այս գործընթացի նպատակն է հնարավորինս վաղ փուլում հայտնաբերել միջոցառումների իրականացման ժամկետային և որակական թերացումները և վարչապետին ներկայացնել առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ: ՊՎԾ-ն կանխարգելիչ գործառույթների իրականացման ընթացքում ըստ անհրաժեշտության ակտիվորեն համագործակցելու է զանգվածային լրատվամիջոցների, քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների հետ:
12:26 - 30 նոյեմբերի, 2021
Քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը կկրճատվի. հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին |armenpress.am|

Քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը կկրճատվի. հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց գործադիրի ներկայացրած օրենքի նախագծին, որով  ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն սահմանվում է 90 աշխատանքային օր: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը: «Օրինագծի բուն նպատակն է առավել պարզեցնել, հստակեցնել քաղաքացիության տրամադրման գործընթացը, մասնավորապես ներկայիս 6 ամսվա ժամկետի փոխարեն նախատեսվում է 90 աշխատանքային օր սահմանել»,- ասաց Ֆիդանյանը: Այսպիսով, օրինագծի նպատակը ժամկետների կտրուկ կրճատումը, վարչարարության կրճատումն է, որ քաղաքացիները հնարավորություն ունենան արագ ստանալ ՀՀ քաղաքացիությունը: «Օրինագծի ընդունումից հետո այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստման հիման վրա ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում անձի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը նրա կողմից անձնագրային ծառայություն ներկայացնելու պահից»,-ասաց Ֆիդանյանը: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է: Մասնավորապես, օրենքի նախագծում կատարված փոփոխությունը նպատակ ունի օրենքից հանել որպես քաղաքացիությունը դադարեցնելու նոր հիմք նախատեսվող սխալ տվյալների ներկայացումը: Այդպիսի տվյալների ներկայացումը կարող է պայմանավորված լինել, օրինակ, լեզվական խոչընդոտներով, հարցաթերթիկը լրացնելիս առաջադրվող հարցերը ոչ հստակ հասկանալու հանգամանքով կամ տեխնիկական վրիպակի պատճառով:
11:18 - 30 նոյեմբերի, 2021
Հայ և հույն պատգամավորների հանդիպմանն անդրադարձ է կատարվել հետպատերազմյան իրադրությանը

Հայ և հույն պատգամավորների հանդիպմանն անդրադարձ է կատարվել հետպատերազմյան իրադրությանը

ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 29-ին հանդիպել են Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը: Ողջունելով հյուրերին` հայ խորհրդարանականները բարձր են գնահատել հայ-հունական հարաբերությունները, կարեւորել երկու խորհրդարանների փոխգործակցության հետագա զարգացումը, բարեկամական խմբերի սերտ աշխատանքը: Միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման տեսանկյունից կարեւորվել է միջազգային խորհրդարանական կառույցներում համատեղ աշխատանքը: Արման Եղոյանն արժեւորել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի իրականացումը, որը վստահվել է Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարաններին: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս ծրագիրն Ազգային ժողովի համար իրականացվում է առաջին անգամ եւ մեծ դեր ունի խորհրդարանի կարողությունների զարգացման հարցում: Կողմերը համոզմունք են հայտնել, որ ծրագրի միջոցով երկու խորհրդարանների կապերն էլ ավելի կամրապնդվեն: Զրուցակիցներն արժեւորել են խորհրդարանների վերահսկողական եւ ներկայացուցչական գործառույթների իրականացումը: Օրենսդիրները խոսել են հայ եւ հույն ժողովուրդների` դարերի պատմություն ունեցող բարեկամությունից, ընդհանուր մարտահրավերներից: Անդրադարձ է կատարվել հետպատերազմյան իրադրությանը, կարեւորվել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատումը: Պատգամավորները նաեւ ընդգծել են տնտեսական եւ զբոսաշրջային ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
19:56 - 29 նոյեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանն առաջնահերթություն է համարել ՀԱՊԿ պետությունների միջեւ ռազմական համագործակցության զարգացումը

Ալեն Սիմոնյանն առաջնահերթություն է համարել ՀԱՊԿ պետությունների միջեւ ռազմական համագործակցության զարգացումը

Նոյեմբերի 29-ին Մոսկվայում առցանց տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ  խորհրդի եւ ԽՎ-ի  14-րդ համատեղ լիագումար նիստը: ՀԱՊԿ-ում նախագահող պետության խորհրդարանի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ծավալուն ելույթում անդրադարձել է ժամանակակից աշխարհի միջազգային եւ ազգային անվտանգության խնդիրներին, ինչպես նաեւ՝ ընդլայնվող նոր մարտահրավերներին ու սպառնալիքների մասշտաբներին: Այս մասին հայտնում են  ՀՀ ԱԺ-ից: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ն առանցքային հարթակ է անվտանգության ապահովման համար՝ երաշխավորելու կազմակերպության անդամ պետությունների անվտանգությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Անդրադառնալով 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի նախագահության ստանձնմանը՝  նա շեշտել է, որ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները կենտրոնացած են Կազմակերպության ներուժի ընդլայնմանը՝ ի շահ հավաքական անվտանգության ապահովման զարգացման: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ նշվում է հիմնարար փաստաթղթի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է ընդլայնել նաեւ համատեղ հայտարարություններ անելու պրակտիկան՝ թարմացնելով  ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները: Խոսելով առաջնահերթություններից՝ Ալեն Սիմոնյանն  առանձնացրել է ՀԱՊԿ պետությունների միջեւ ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:  Ելույթում անդրադարձ է եղել ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, տեղեկատվական անվտանգության ապահովմանը եւ մի շարք այլ հարցերի:  Ալեն Սիմոնյանը  կարեւորել է  ՀԱՊԿ-ի խորհրդարանական հարթության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկումը: Նա մասնակիցներին տեղեկացրել է, որ  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակը նշելու եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստը Երեւանում անցկացնելու եւ մի շարք այլ  առաջարկներով:
16:46 - 29 նոյեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին Մադրիդում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, մանրամասնելով՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ 1995 թվականին Միջխորհրդարանական միությանը Ազգային ժողովի անդամակցությունից ի վեր ՀՀ խորհրդարանը մշտապես ակտիվորեն մասնակցել է կազմակերպության աշխատանքներին՝ կարեւորելով Միջխորհրդարանական միության դավանած սկզբունքներն ու համամարդկային արժեքները: Կողմերը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատությունների եւ իրավունքների իրացմանը, տարբեր ոլորտներում կանանց ու երիտասարդների ներկայացվածությանն առնչվող հարցեր: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը միացել է «Այո երիտասարդությանը խորհրդարանում» Միջխորհրդարանական միության նախաձեռնությանը: Զրույց է ծավալվել ՀՀ-ում 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո երկրում իրականացվող բարեփոխումների, մշակվող օրենսդրության շուրջ: Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել միության աշխատանքներին ՀՀ ԱԺ ներգրավվածության համար՝ մասնավորեցնելով, որ Հայաստանի պատգամավորները եղել են կառույցի մշտական հաձնաժողովների բյուրոների, կին պատգամավորների բյուրոյի, հատուկ կոմիտեների անդամներ: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է, որ ՀՀ ԱԺ-ն կանի հնարավորը միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման աջակցության ուղղությամբ:
11:16 - 29 նոյեմբերի, 2021
Մադրիդում ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությանը

Մադրիդում ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովին: ՀՀ ԱԺ նախագահը նոյեմբերի 28-ի նիստում ելույթ է ունեցել: Նա շնորհակալություն է հայտնել իսպանացի գործընկերներին՝ երկու տարվա ընդմիջումից հետո համաժողովի գերազանց կազմակերպման և ջերմ հյուրընկալության համար: Խորհրդարանի նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը և հայ ժողովուրդը բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերների են առերեսվում: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է լայնամասշտաբ բարեփոխումներ բազմաթիվ ոլորտներում՝ ի նպաստ ժողովրդավարական արժեքների և սկզբունքների: Նա շեշտել է, որ ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի: Ազգային ժողովի նախագահը ժողովրդավարության զարգացման լուրջ մարտահրավերներից է համարել ապակայունացման և տարածաշրջանային հակամարտությունների վտանգը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծած և 44 օր տևած Լեռնային Ղարաբաղի պատերազմին՝ ԱԺ նախագահը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության կարգավորման երկարատև լուծում գտնելու անհրաժեշտությունը: Հետպատերազմյան իրադարձությունների ներկայացման համատեքստում Ալեն Սիմոնյանը ներկաներին հիշեցրել է երկու օր առաջ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի Սոչիում կայացած հանդիպումը, ուր քննարկվել են իրավիճակը կայունացնելու ուղիները՝ ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և հաղորդակցության միջոցները և լուծել մարդասիրական խնդիրները, այդ թվում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը: Նա ուշադրություն է հրավիրել ազնիվ երկխոսության անհրաժեշտությանը, որի պարագայում բոլոր հարցերը կարող են լուծվել առանց ուժի կիրառման: Օրենսդիր մարմնի ղեկավարը ժողովրդավարության ժամանակակից մարտահրավերներից մեկն է համարել կոռուպցիան՝ հավելելով, որ դրա դեմ պայքարը հիմնական առաջնահերթություններից մեկն է Հայաստանում: Ելույթում անդրադարձ է եղել նաև երիտասարդության, Հայաստանում լրատվամիջոցների ազատության, կանանց իրավունքների հարցերին: Եզրափակելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում պետք է մեկտեղել ջանքերը՝ ժողովրդավարության նոր մարտահրավերներին դիմակայելու համար: Վեհաժողովում հնչած ելույթների, քննարկումների օրակարգային հիմնական թեզերը կառուցված են ժողովրդավարության ժամանակակից մարտահրավերների շուրջ: Համաժողովի նպատակն է ընդլայնել Միջխորհրդարանական միության անդամների հաղորդակցման հնարավորությունները՝ նպաստելով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը: Համաժողովի նախորդ երկու օրվա ընթացքում պատվիրակներն անդրադարձել են քաղաքական համակարգերի նկատմամբ հանրային վստահության թուլացման, սոցիալական ցանցերի միջոցով բևեռացման և ապատեղեկատվության տարածման պայմաններում խորհրդարանների գործառույթներին և որոշիչ դերակատարությանը: Խորհրդարանականները մտքեր են փոխանակել հասարակության հետ արդյունավետ համագործակցության, որոշումների կայացման գործընթացի ներառականության և ներկայացուցչականության վերաբերյալ: Միջխորհրդարանական միությունում ընդգրկված է ավելի քան 120 անդամ երկիր: Համաժողովին նախատեսված է ընդունել նաև Միջխորհրդարանական միության 2022-2026 թվականների նոր ռազմավարությունը: Այն նպատակ ունի վերակողմնորոշել միջխորհրդարանական վեհաժողովն այն ոլորտներում, որտեղ այն կարող է մեծ ազդեցություն ունենալ և որտեղ խորհրդարանական գործիքակազմի անհրաժեշտություն կա: Ռազմավարությունը սահմանում է հետևյալ քաղաքական առաջնահերթությունները՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցներ, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և գենդերային հավասարություն, խաղաղություն ու անվտանգություն, կայուն զարգացում:
17:10 - 28 նոյեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը 93 միլիոնի նոր պայմանագիր է կնքել |civilnet.am|

Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը 93 միլիոնի նոր պայմանագիր է կնքել |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությունը օգոստոսին Արթիկի համայնքապետարանի հետ  93 միլիոն դրամի նոր պայմանագիր է կնքել։ Այդ մասին տեղեկանում ենք պետական գնումների Armeps համակարգից։ Թեև «Եվրոասֆալտը» ասֆալտապատման մրցույթում հաղթել է օգոստոսի 13-ին, վերջինիս հետ կնքված պայմանագիրը համակարգ վերբեռնվել է վերջերս։  «Եվրոասֆալտի» կողմից պայմանագիրը ստորագրել է Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը։ Պայմանագրով «Եվրոասֆալտը» պարտավորվում է Արթիկում իրականացնել Պռոշյան փողոցի ու Գարեգին Նժդեհ 1-ին նրբանցքի ասֆալտապատման աշխատանքներ։ 93 միլիոնից  մոտ 75 միլիոնը ուղղվելու է Պռոշյան փողոցի հիմնանորոգմանը, 18-ը՝ Գարեգին Նժդեհ 1-ին նրբանցքի հիմնանորոգմանը։ Այս փողոցների ասֆալտապատման մրցույթին մասնակցել է հինգ ընկերություն ու ամենաէժան գինն առաջարկել է «Եվրոասֆալտ»-ը՝ 93 միլիոն դրամ։ Նրանից ընդամենը մեկ միլիոն դրամ ավել առաջարկել էր «Դուստր Մոնիկա» ՍՊԸ-ն։  Այս տարվա ընթացքում արդեն Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը պետական ու համայնքային մարմիների հետ կնքել է 700 միլիոն դրամի պայմանագրեր։ Գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովը նաև շահերի բախման մասին հայտարարություն էր արել՝ նշելով, որ իրենք ու իրենց հետ փոխկապակցված անձինք չեն հանդիսանում «Եվրոասֆալտի» հիմնադիրներ կամ բաժնետերեր։  Օգոստոսի 26-ին Սիվիլնեթը գրել էր, որ Կառլեն Սիմոնյանը տնօրեն ու փոխտնօրեն է դարձել երեք ընկերություններում, որոնք զբաղվում են բետոնի արտադրությամբ ու ասֆալտապատմամբ։ «Եվրոասֆալտ» և «Եվրոասֆալտ 1»-ում Սիմոնյանը տնօրեն է, բետոնի արտադրությամբ զբաղվող «Թի էս քնսթրաքշն» ընկերությունում՝ փոխտնօրեն։ «Եվրոասֆալտ»-ի բաժնետերերը Սվետլանա Պողոսյանն ու Գրետա Թադևոսյանն են, իսկ «Եվրոասֆալտ 1»-ի բաժնետերը Ուշիում բնակվող տնային տնտեսուհի Սիրուշ Դավթյանն է։ ՍիվիլՆեթը այցելել էր Դավթյանի բնակարան, արձանագրել նրա սոցիալական վիճակը։ Սիրուշ Դավթյանը հրաժարվել էր մանրամասներ հայտնել Կառլեն Սիմոնյանի հետ կապերից ու ասֆալտապատման գործընթացում իր մասնակցությունից։  «Եվրոասֆալտ»-ի գործարանը գտնվում է Երևան-Աշտարակ մայրուղում։ Գործարանի տարածքում են կայանում «Թի էս քնսթրաքշն» ընկերության մի քանի բետոնխառնիչ մեքենաներ։  Շարունակությունը՝ civilnet.am-ում
12:42 - 27 նոյեմբերի, 2021
Հայաստանը շահագրգիռ է խորացնելու երկկողմ հարաբերությունները. Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Հայաստանը շահագրգիռ է խորացնելու երկկողմ հարաբերությունները. Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանոմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Հանդիպմանը ներկա են եղել բարեկամական խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Լենա Նազարյանը, Գուրգեն Արսենյանը: Ողջունելով հյուրին՝ Հակոբ Արշակյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանում Չինաստանի դեսպանության և ՀՀ Ազգային ժողովի միջև առկա է արդյունավետ համագործակցություն: Այս հարցում ԱԺ փոխնախագահն ընդգծել է դեսպանի ուրույն դերակատարությունը: «Հայ-չինական հարաբերությունները շարունակում են վերընթաց ուղի ապահովել, փոխվստահության ու փոխըմբռնման ընդլայնման հնարավորություններ կան: Հայաստանը շահագրգիռ է խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական և հումանիտար»,- փաստել է խորհրդարանի փոխխոսնակը: Դեսպանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության մակարդակը: Ըստ Ֆան Յոնգի՝ պետք է ակտիվացնել խորհրդարանական փոխգործակցությունը, հաճախակի դարձնել փոխայցերը, որոնց թիվը նվազել է համավարակի պատճառով: Որպես բարեկամական խմբի ղեկավար՝ Հակոբ Արշակյանն առանձնակի կարևորել է այս ձևաչափի գործուն նշանակությունը օրենսդիրների միջև շփումների ակտիվացման և երկկողմ օրակարգի առաջմղման հարցում: Լենա Նազարյանն անդրադարձել է կորոնավիրուսային համավարակի դեմ համատեղ պայքարին և այս հարցում կարևորել Չինաստանի աջակցությունը մեր երկրին: Գուրգեն Արսենյանը երկկողմ համագործակցության ընդլայնման համատեքստում խոսել է կրթական, մշակութային ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին և հավելել, որ դա հնարավորություն կտա երկու ժողովուրդներին փոխադարձաբար ծանոթանալու մշակութային արժեքներին: Բաբկեն Թունյանը, կարևորելով տնտեսական համագործակցության խթանումը,  կարծիք է հայտնել, որ չնայած համավարակին՝ տնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան հիմնականում պահպանվել է: Պատգամավորն անդրադարձել է երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությանը: Կողմերը կարևորել են նաև համագործակցության խթանումը զբոսաշրջության ոլորտում:
14:50 - 26 նոյեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է համաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից: Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-26-ին Սանկտ Պետերբուրգի  Տավրիդյան պալատում մասնակցել է  Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ տեղի ունեցած «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում եւ կայուն զարգացման նպատակները» խորագրով համաժողովին: ԱՊՀ մասնակից երկրների խորհրդարանների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, առողջապահական ոլորտի փորձագետների մասնակցությամբ քննարկման են դրվել COVID-19 համավարակի պատճառով մի շարք ոլորտներում տեղի ունեցած բազմաբնույթ փոփոխությունները:  Զրույց է ծավալվել համավարակի հետեւանքով հանրային առողջապահության ոլորտը կարգավորող միջազգային եւ տեղական օրենսդրության շուրջ: ԱՊՀ երկրների խորհրդարանների ղեկավարները ներկայացրել են իրենց երկրների ներկա սանիտարական վիճակը, պատվաստումներին առնչվող տվյալները եւ խորհրդարաններում համավարակի պայմաններում աշխատելու փորձի փոխանակում են իրականացրել: Համաժողովին զուգահեռ տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների նիստերը: Խորհրդարանականները քննարկել են տվյալ ոլորտներում մոդելային օրինագծերին առնչվող քայլերի քարտեզագրման հեռանկարային ուղղությունները: Համաժողովին հաջորդել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը:
12:29 - 26 նոյեմբերի, 2021
Քննարկվել են Արցախի հումանիտար ճգնաժամը և Կարմիր խաչի դերը դրա լուծման գործում

Քննարկվել են Արցախի հումանիտար ճգնաժամը և Կարմիր խաչի դերը դրա լուծման գործում

Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում և կայուն զարգացման նպատակները» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են Կարմիր խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Բրիջիտ էբեսենի հետ: Հանդիպմանը քննարկվել է Արցախի հետպատերազմյան հումանիտար ճգնաժամը և կազմակերպության դերը դրա լուծմանն ուղղված հարցերում: Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման տարածաշրջանային ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստանում ԿԽ-ին և ԿՄ-ին առնչվող օրենսդրության վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ մշակվում է ԱՊՀ նմանաբնույթ մոդելային օրենք: Քննարկվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության կարողությունների զարգացման ուղղությամբ ԿԽ-ի և ԿՄ-ի միջազգային ֆեդերացիայի դերակատարությունը: Ալեն Սիմոնյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների անմիջական ներկայացվածությունն Արցախում: Հանդիպմանն անդրադարձ է եղել առաջիկայում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգսյին ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի՝ Հայաստան այցին: ՀՀ ԱԺ նախագահը գլխավոր քարտուղարին ընդունելու և օրակարգային առաջնահերթություները քննարկելու պատրաստակամություն է հայտնել:  
16:29 - 25 նոյեմբերի, 2021