Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը 93 միլիոնի նոր պայմանագիր է կնքել |civilnet.am|
12:42 - 27 նոյեմբերի, 2021

Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը 93 միլիոնի նոր պայմանագիր է կնքել |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությունը օգոստոսին Արթիկի համայնքապետարանի հետ  93 միլիոն դրամի նոր պայմանագիր է կնքել։ Այդ մասին տեղեկանում ենք պետական գնումների Armeps համակարգից։ Թեև «Եվրոասֆալտը» ասֆալտապատման մրցույթում հաղթել է օգոստոսի 13-ին, վերջինիս հետ կնքված պայմանագիրը համակարգ վերբեռնվել է վերջերս։ 

«Եվրոասֆալտի» կողմից պայմանագիրը ստորագրել է Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը։ Պայմանագրով «Եվրոասֆալտը» պարտավորվում է Արթիկում իրականացնել Պռոշյան փողոցի ու Գարեգին Նժդեհ 1-ին նրբանցքի ասֆալտապատման աշխատանքներ։ 93 միլիոնից  մոտ 75 միլիոնը ուղղվելու է Պռոշյան փողոցի հիմնանորոգմանը, 18-ը՝ Գարեգին Նժդեհ 1-ին նրբանցքի հիմնանորոգմանը։ Այս փողոցների ասֆալտապատման մրցույթին մասնակցել է հինգ ընկերություն ու ամենաէժան գինն առաջարկել է «Եվրոասֆալտ»-ը՝ 93 միլիոն դրամ։ Նրանից ընդամենը մեկ միլիոն դրամ ավել առաջարկել էր «Դուստր Մոնիկա» ՍՊԸ-ն։ 

Այս տարվա ընթացքում արդեն Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը պետական ու համայնքային մարմիների հետ կնքել է 700 միլիոն դրամի պայմանագրեր։

Գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովը նաև շահերի բախման մասին հայտարարություն էր արել՝ նշելով, որ իրենք ու իրենց հետ փոխկապակցված անձինք չեն հանդիսանում «Եվրոասֆալտի» հիմնադիրներ կամ բաժնետերեր։ 

Օգոստոսի 26-ին Սիվիլնեթը գրել էր, որ Կառլեն Սիմոնյանը տնօրեն ու փոխտնօրեն է դարձել երեք ընկերություններում, որոնք զբաղվում են բետոնի արտադրությամբ ու ասֆալտապատմամբ։ «Եվրոասֆալտ» և «Եվրոասֆալտ 1»-ում Սիմոնյանը տնօրեն է, բետոնի արտադրությամբ զբաղվող «Թի էս քնսթրաքշն» ընկերությունում՝ փոխտնօրեն։ «Եվրոասֆալտ»-ի բաժնետերերը Սվետլանա Պողոսյանն ու Գրետա Թադևոսյանն են, իսկ «Եվրոասֆալտ 1»-ի բաժնետերը Ուշիում բնակվող տնային տնտեսուհի Սիրուշ Դավթյանն է։ ՍիվիլՆեթը այցելել էր Դավթյանի բնակարան, արձանագրել նրա սոցիալական վիճակը։ Սիրուշ Դավթյանը հրաժարվել էր մանրամասներ հայտնել Կառլեն Սիմոնյանի հետ կապերից ու ասֆալտապատման գործընթացում իր մասնակցությունից։ 

«Եվրոասֆալտ»-ի գործարանը գտնվում է Երևան-Աշտարակ մայրուղում։ Գործարանի տարածքում են կայանում «Թի էս քնսթրաքշն» ընկերության մի քանի բետոնխառնիչ մեքենաներ։ 

Շարունակությունը՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել