ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր

Մարտի 23-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը։ Դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայկական զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, հայ-ռուսական ռազմական համագործակցության, մասնավորապես՝ համատեղ զորախմբերի միասնական գործողությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը։ Հեռախոսազրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին։ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը։
15:49 - 23 մարտի, 2021
Միջդիրքային տարածքում երկու պայմանագրային զինծառայողների կորելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Միջդիրքային տարածքում երկու պայմանագրային զինծառայողների կորելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի երկու շարքային պայմանագրային զինծառայողների հետ միջդիրքային տարածքում մարտի 21-ին կապն ընդհատվել էր, եղանակային ծանր պայմաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նրանք հայտնաբերվել էին մարտի 22-ին: Նրանցից մեկի կյանքը, ցավոք, փրկել չէր հաջողվել, մյուսը, որի վիճակը գնահատվում է ծանր, անհրաժեշտ բուժօգնությունն է ստանում Կենտրոնական զինվորական հոսպիտալում` տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:   Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ, զինծառայողների կորելու մասին տեղեկատվութունն ստանալուց անմիջապես հետո ՀՀ ՊՆ Վայքի ՌՈ բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր: Ըստ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալների՝ մարտի 20-ին ժամը 09-ի սահմաններում, նրանք ծխախոտ և վառելիք բերելու նպատակով դուրս են եկել մարտական դիրքից և գնացել մոտ 1.5 կմ հեռավորության վրա տեղակայված մարտական դիրք, եղանակի վատթարացման պատճառով ստիպված մնացել այնտեղ, իսկ հաջորդ օրը վերադառնալիս խիստ ձնաբքի պայմաններում մոլորվել էին՝ չհասնելով հենակետ:  Դեպքի առթիվ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությամբ պարզելու դեպքի ամբողջական հանգամանքները, մարտական հերթապահության իրականացման պայմանների, զինծառայողների անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցների անբավարարության, դրանում համապատասխան պաշտոնատար անձանց հնարավոր պաշտոնեական անփութության, հանցավոր թերացումների առկայությունը:  Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:46 - 23 մարտի, 2021
Կորած պայմանագրային զինծառայողներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել. ՀՀ ՊՆ

Կորած պայմանագրային զինծառայողներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել նախօրեին կորած պայմանագրային զինծառայողների վերաբերյալ: «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը պայմանագրային զինծառայողներ Կ. Շահնազարյանի և Ա.Հովհաննիսյանի հետ։ Նույն օրը մեկնարկել էին լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց խանգարում էր չդադարող բուքը։ Մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին, հաջողվել է տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը։ Ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին տարհանելու ուղղությամբ։ Եղանակային ծայրահեղ բարդ պայմաններում տարհանման աշխատանքներն իրականացնելուց հետո Կ. Շահնազարյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ցավոք, Ա. Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:  Ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու համար»,- ասված է հայտարարությունում։
09:42 - 23 մարտի, 2021
Սառնարային կիսակցորդները տրամադրվել են պետական մարմիններին՝ վերջիններիս հայեցողությամբ պետական կարիքների լուծման համար. «Սպայկա»

Սառնարային կիսակցորդները տրամադրվել են պետական մարմիններին՝ վերջիններիս հայեցողությամբ պետական կարիքների լուծման համար. «Սպայկա»

«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես անդրադառնում է սառնարանային կիսակցորդների վերաբերյալ քննարկումներին: «Արցախի ՊԲ-ին անհատույց տրամադրվել են  2 միավոր սառնարանային կիսացկորդ, 8X8  եզակի  հատուկ տեխնիկա և 3 միավոր սառնարանային կիսակցորդ էլ տրամադրվել է ՀՀ ՊՆ կարիքների համար: Սառնարային կիսակցորդների մասով անհրաժեշտ ենք համարում վերջնականորեն պարզաբանել հետևյալը՝ սառնարային կիսակցորդները տրամադրվել են պետական մարմիններին վերջիններիս հայեցողությամբ ռազմական դրությամբ պայմանավորված պետական կարիքների լուծման համար»,- ասված է հայտարարության մեջ: Ընկերությունը նշել է նաև, որ սույն հայտարարությամբ մասամբ բացելով որոշակի փակագծեր՝ հորդորում է զերծ մնալ իր անունը և գործարար համբավը շահարկելուց: 
17:09 - 22 մարտի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 19-ին այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի մի շարք բաժանմունքներում, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետերի հետ քննարկել առկա խնդիրները։ Պաշտպանության նախարարին են ներկայացվել հոսպիտալի բաժանմունքներում իրականացվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները: Առկա խնդիրների լուծման ուղղությամբ տրվել են հստակ ցուցումներ և հանձնարարականներ։ Այցելության ընթացքում Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է նաև սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, բուժման ընթացքով և շուտափույթ ապաքինում մաղթել:        
21:18 - 19 մարտի, 2021
ՀՀ ՊՆ-ն չի նախատեսում ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժությանը |armenpress.am|

ՀՀ ՊՆ-ն չի նախատեսում ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցել ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժության պլանավորման գործընթացին, և ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից։: -Արդյո՞ք Հայաստանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժությանը։   -Ընդհանրապես ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից կազմակերպվող միայն այն զորավարժություններին, որոնք միջազգային խաղաղության և կայունության պահպանման բնույթի են և որոնց ընթացքում հնարավոր է պատրաստել խաղաղապահ ուժերին կամ միջազգային առաքելությունների համար պատրաստվող մասնագիտացված ստորաբաժանումները` ինժեներական և դաշտային հոսպիտալ: Միջազգային զորավարժությունների կազմակերպումը և դրան մասնակցությունը երկարատև մի քանի փուլից բաղկացած պլանավորման գործընթաց է նախատեսում և դրան մասնակցել կամ չմասնակցելը մեկ օրում հնարավոր չէ որոշել, քանի որ տարբեր երկրների ստորաբաժանումների մասնակցության հետ կապված կառուցվածքային, գործառութային, թիկունքային ապահովման, տրանսպորտային և այլ հարցերը խիստ փոխկապակցված են: ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները չեն մասնակցել Defender Europe 21 զորավարժության պլանավորման գործընթացին և ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժությանը: Զորավարժության կազմակերպիչ կողմին խնդրել ենք վերանայել իրենց կայքում տեղադրված զորավարժության մասնակիցների ցանկը:
15:13 - 18 մարտի, 2021
ՊՆ-ն հայտնում է զինված ուժերում արձակուրդների սահմանափակման մասին

ՊՆ-ն հայտնում է զինված ուժերում արձակուրդների սահմանափակման մասին

Վերջին շրջանում «COVID-19»-ի հիվանդացության աճով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը: «Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման 17-րդ կետի պահանջներով՝ արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքեր):   Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:04 - 17 մարտի, 2021
ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում կատարված և սոցիալական ցանցերով հրապարակված տեսագրության առթիվ հարուցվել է քրեական գործ |1lurer.am|

ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում կատարված և սոցիալական ցանցերով հրապարակված տեսագրության առթիվ հարուցվել է քրեական գործ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի թիվ 126 մարտական դիրքում կատարված և սոցիալական ցանցերով հրապարակված տեսագրության առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երրորդ մասով՝ հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, առնչվող բոլոր անձանց, այդ թվում նաև՝ պաշտոնատար անձանց գործողություններին դրա շրջանակում քրեաիրավական գնահատական տալու համար: Այդ մասին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:  Նրա խոսքով՝ քրեական գործն ուղարկել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:
16:25 - 17 մարտի, 2021
Դավիթ Բաբայանը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանի հետ․ քննարկվել են Արցախում անվտանգության ապահովմանը և խաղաղապահ առաքելությանտ վերաբերող հարցեր

Դավիթ Բաբայանը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանի հետ․ քննարկվել են Արցախում անվտանգության ապահովմանը և խաղաղապահ առաքելությանտ վերաբերող հարցեր

Մարտի 16-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, տեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Կողմերն անդրադարձ են կատարել Արցախում անվտանգության ապահովմանը և խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական գործընթացներին։Հանդիպմանը քննարկվել են նաև մարդասիրական ոլորտի խնդիրներ։ Նախարարները, մասնավորապես, ընդգծել են 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիայի  հետևանքով զոհված հայ զինծառայողների աճյունների դուրսբերման, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ բարձր գնահատելով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի դերակատարությունն այս գործընթացում։
19:45 - 16 մարտի, 2021
Վաղարշակ Հարությունյանը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն

Վաղարշակ Հարությունյանը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն

Մարտի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել է հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած խնդիրներին, բանակի վերափոխման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին ու ընթացիկ բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։  Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին և դրանցով պայմանավորված՝ ժամանակակից մարտահրավերներին։  Խորհրդակցության ընթացքում ոլորտային պատասխանատուները հանդես են եկել  զեկույցներով, որոնց շուրջ ծավալվել են քննարկումներ: Բարձրացված հարցերի վերաբերյալ խորհրդակցության մասնակիցները հանդես են եկել առաջարկություններով։ Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարը քննարկված խնդիրների լուծման վերաբերյալ տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։ 
19:28 - 16 մարտի, 2021