Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ալեն Սիմոնյանն ու Ջոն Գալագերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը

Ալեն Սիմոնյանն ու Ջոն Գալագերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից, մանրամասնելով, որ Ալեն Սիմոնյանն ընդգծել է Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: Նա շեշտել է Ազգային ժողովի դերը կառուցողական քաղաքական երկխոսության զարգացման գործում: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության մասնակցությունը եւ ֆինանսական աջակցությունը 2019թ.-ից իրագործվող ՀՀ Ազգային ժողովին օժանդակության «Ժամանակակից խորհրդարան` ժամանակակից Հայաստանի համար» ծրագրին: Այն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում նաեւ աշխատակազմի փորձագիտական, վերլուծական կարողությունների զարգացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հավաստիացրել է, որ անկախ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հանգամանքից` շարունակվելու է CEPA-ով նախանշված ոլորտներում համագործակցությունը Հայաստանի հետ` որպես ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրած եւ վավերացրած պետություն: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող հարցերի: Այս համատեքստում խոսելով վերջին օրերին սահմանային իրավիճակի սրացումից` երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորման կարեւորությունը: Կողմերը քննարկել են նաեւ հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման եւ ընդլայնման գործում օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների ակտիվացման հեռանկարները:
15:17 - 16 նոյեմբերի, 2021
Ադրբեջանն օկուպացիայի տակ է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառ․ կմ տարածք․ Էդուարդ Աղաջանյան

Ադրբեջանն օկուպացիայի տակ է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառ․ կմ տարածք․ Էդուարդ Աղաջանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հանդես եկավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։ Նա արձանագրեց, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ եւ ագրեսիվ գործողություններ իրականացնելու քաղաքականությունը։ Աղաջանյանը հիշեցրեց ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությունն առ այն, որ նոյեմբերի 14-ին ՀՀ-Ադրբեջան սահմանի արեւելյան տեղամասերից մեկում ադրբեջանական ԶՈՒ-երը զինտեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ տարածք, եւ որ բանակցությունների արդյունքում զինտեխնիկան եւ զորքերի մեծ մասը հետ են քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ․  «Տեղի ունեցածի արդյունքում վերոնշյալ հատվածում Ադրբեջանն ամրապնդել է ս․թ․ մայիսի 12-ին տեղի ունեցած՝ ՀՀ տարածք ապօրինի ներթափանցման արդյունքում ունեցած ներկայությունը։ Մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանն օկուպացիայի տակ է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառ․ կմ տարածք՝ շուրջ 11 տեղամասերում։ Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս ՀՀ-ի նկատմամբ ագրեսիվ հայտարարութուններով՝ ըստ էության նորանոր տարածքային եւ անվտանգային սպառնալիքներ ստեղծելով ՀՀ-ի համար։ ՀՀ-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են ամենօրյա բնույթ։ Այս իրավիճակն ուղիղ սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿ-ի անդամ ՀՀ-ի համար»,- ասաց ՔՊ-ական պատգամավորն ու նշեց, որ դեռեւս այս տարվա մայիսի 12-ից հետո ՀՀ-ն հանդես էր եկել  ՀԱՊԿ-ի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգին համաձայն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մոնիթորինգի նպատակով ՀԱՊԿ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ։ Նախաձեռնությունը, սակայն, մինչ օրս կյանքի չի կոչվել։  Հաշվի առնելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ նախագահող երկիր է, Էդուարդ Աղաջանյանը ՀՀ կառավարությանը կոչ արեց հանդես գալ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ՝ համաձայն  ՀԱՊԿ ճգնաժամային իրավիճակներին արձգանաքման կարգի․ «Միեւնույն ժամանակ, խորհրդարանական մեր գործընկերներին կոչ եմ անում միջազգային բոլոր ատյաններում հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը եւ ՀՀ տարածքների օկուպացիան պարզաբանող եւ լուսաբանող հայտարարույթուններով»,- եզրափակեց պատգամավորը։
14:16 - 16 նոյեմբերի, 2021
Google-ը, Facebook-ը և այլ ընկերություններ էլեկտրոնային ծառայություն մատուցելու համար հարկ կվճարեն |armenpress.am|

Google-ը, Facebook-ը և այլ ընկերություններ էլեկտրոնային ծառայություն մատուցելու համար հարկ կվճարեն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ներդրվում է էլեկտրոնային ծառայությունների ԱԱՀ-ի հարկման նոր համակարգ։ Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Ռուստամ Բադասյանը նշեց, որ օրինագիծը բազմիցս քննարկվել է տարբեր հարթակներում։ «Ֆիզիկական անձանց կյանքում որևէ բան չի փոխվում։ Որևէ հավելյալ հարկային բեռ ֆիզիկական անձինք չեն կրում, այլ էլեկտրոնային հարթակի միջոցով ոչ ռեզիդենտ խոշոր կորպորացիաները, ինչպիսիք են, օրինակ, Google-ը և Facebook-ը, հնարավորություն են ստանում գրանցվել հարկային մարմնի կայքում և եռամսյակի կտրվածքով հաշվարկել ու վճարել ավելացված արժեքի հարկը բոլոր այն ծառայությունների մասով, որոնք մատուցվում են ֆիզիկական անձանց»,- ասաց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահը։ ՊԵԿ նախագահի խոսքով՝ծառայությունների ցանկը սահմանվելու է կառավարության որոշմամբ։ «Դրանք կարող են լինել գովազդային ծառայություններ օնլայն հարթակում, էլեկտրոնային գրքեր, ֆիլմեր, շտեմարանների հասանելիության ապահովում կամ էլեկտրոնային ծրագրերի օգտագործման հետ կապված տարբեր ծառայություններ»,- եզրափակեց Բադասյանը։
13:59 - 16 նոյեմբերի, 2021
Մանդատները դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել, բայց դա կլինի այն ժամանակ, երբ մենք կտեսնենք, որ դրանով կհասնենք մեր վերջնական նպատակին՝ փոխել կապիտուլացված իշխանությանը․ Արծվիկ Մինասյան |tert.am|

Մանդատները դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել, բայց դա կլինի այն ժամանակ, երբ մենք կտեսնենք, որ դրանով կհասնենք մեր վերջնական նպատակին՝ փոխել կապիտուլացված իշխանությանը․ Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Որևէ բան մեզ չի կաշկանդում մանդատները վայր դնել։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Մենք մանդատներն օգտագործելու ենք բոլոր հնարավոր ելքերով, այդ թվում՝ բացահայտելով այս իշխանությունների ապօրինությունները, ազգադավ լինելը, իրականացնելու ենք այն բոլոր գործողությունները, որոնց հնարավորությունը տալիս է մանդատը՝ ՍԴ դիմել, ԱԺ-ում հարցեր պարտադրել և բազմաթիվ այլ բաներ։ Այո՛, նաև մանդատները դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել, բայց դա կլինի այն ժամանակ, երբ մենք կտեսնենք, որ դրանով կհասնենք մեր վերջնական նպատակին՝ փոխել կապիտուլացված իշխանությանը, երկրում վերականգնել ազգային իշխանություն և ձևավորել սահմանադրական կարգ»,-հայտարարեց պատգամավորը։ Մինասյանը վստահեցրեց՝ «Հայաստան» խմբակցության 29 պատգամավորները, որոնցից 3-ը գտնվում են, իր խոսքով, ապօրինի կալանքի տակ, կաշկանդված չեն որևէ մանդատի կամ կարգավիճակի առկայությամբ։
12:19 - 16 նոյեմբերի, 2021
Ըստ էության՝ այսօր Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո․ Սեյրան Օհանյան |tert.am|

Ըստ էության՝ այսօր Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: 2020-ի պատերազմում կրած պարտությունից հետո սահմանային լարվածությունը ՀՀ հատկապես Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում շարունակվում է։ Այս ամենն առաջին  հերթին այն բանի հետևանքն է, որ ՀՀ այսօրվա իշխանությունները պարտվելուց հետո համակերպվել են պարտվողական քաղաքականության հետ, և թուրքը հայտնվել է ՀՀ սահմաններում։ Այս մասին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Հակառակորդը շարունակում է ճնշումները պարտված իշխանության վրա, որովհետև միջազգային փորձն է ցույց տալիս, որ իրականում պարտված իշխանությունները թե՛ հակառակորդի, թե՛ միջազգային հարթակում գտնվում են պարտադրանքի, թելադրանքի ներքո»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հակառակորդի հայատյաց հռետորաբանությունը շարունակվում է, և կոնկրետ գործողություններով փորձում են էլ ավելի խորությամբ հայտնվել ՀՀ սահմաններում։ «Դա ակնհայտ է հատկապես Սյունիքի հատվածում՝ Կապան-Գորիս ճանապարհին նոր մաքսակետերի, նոր իրադրության ձևավորմամբ, նաև Իշխանասարից մինչև Ջերմուկ ընկած տարածքում դիրքերի առաջխաղացմամբ։ Ըստ էության, այսօր Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների կողմից վերահսկողության ներքո»,-ասաց նա։ Ըստ Օհանյանի՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները՝ ճանապարհների և ենթակառուցվածքների շրջափակման վերաբերյալ, Թուրքիայի և Ադրբեջանի համար մնում են որպես հիմք՝ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարն առաջ տանելու համար։ «Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է ՀՀ-ի և Արցախի՝ ավելի խորը շրջափակման, տնտեսական ճնշման, ժողովրդագրական պատկերի փոփոխության»,-ասաց նա՝ նշելով, թե այս ամենից ՀՀ իշխանությունները որևէ հետևություն չեն անում։ Ավելին՝ tert.am-ում
12:05 - 16 նոյեմբերի, 2021
Հանձնակատարները միանշանակ նշանակովի են լինելու. Զարեհ Սինանյան |1lurer.am|

Հանձնակատարները միանշանակ նշանակովի են լինելու. Զարեհ Սինանյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց Կառավարության ներկայացրած ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ մասին հարցը: «Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի հնգամյա ծրագրի 1.4-րդ բաժնի պահանջներով՝ սփյուռքի հետ կապերով, ըստ որի սահմանվել է սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ: Նախատեսվում է ընդլայնել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունը սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման միջոցով: Դրա նպատակն է զարգացնել ՀՀ-սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում կատարվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջև կայուն հարաբերությունները և համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաև աջակցել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը»,- ասաց նա:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հետաքրքվեց, թե արդյոք Սինանյանը հնարավոր համարո՞ւմ է հանձնակատարի ընտրովի լինելը՝ սփյուռքի կառույցների ներգրավմամբ:    «Միանշանակ հանձնակատարները նշանակովի են լինելու, որովհետև նախ՝ հանձնակատարները չեն նշանակվելու Երևանից. նրանք լինելու են համայնքներից. դա նշանակում է, որ ընտրություն կազմակերպել տեղում՝ համայնքներում, պրակտիկորեն անհնար է իրագործել: Երկրորդ պատճառն այն է, որ հանձնակատարները պետք է տեղում իրագործեն ՀՀ և սփյուռքի հանձնակատարի քաղաքականությունը, հետևաբար տեղում ընտրված լինելու մեխանիզմը ավելի ներկայացուցչական է:   Սերգեյ Բագրատյանը նաև հարցրեց Հայաստանի ընտրություններում սփյուռքի ներգրավման հնարավորության մասին:   Զարեհ Սինանյանը նշեց, որ հարցին միանշանակ պատասխան չկա: «Մենք էլ քննարկում ենք տարբերակներ, թե ինչպես կարելի է սփյուռքն ավելի ներկայացված դարձնել Հայաստանում: Դժվար է պատկերացնել, թե որ համայնքում ինչպես պետք է ընտրությունն անցնի, մտածում ենք սրա մասին, սրա մասին հանրայնորեն խոսվել է համարյա քաղաքական բոլոր շրջանակների կողմից, որ ինչ-որ մարմին պետք է ստեղծվի, որը կկարողանա ներկայացնել սփյուռքը Հայաստանում: Մինչև քովիդ-19-ի համավարակը և պատերազմը նպատակ կար համաժողով հրավիրել սփյուռքից, մի քանի ընտրություն մեզ առաջարկեին, և կոնսենսուսի հասնեինք՝ ինչպես կարելի է նման ընտրությունների միջոցով ստեղծել ներկայացուցչական մարմին Հայաստանում, որը կունենա խորհրդատվական և ոչ օրենսդիր ֆունկցիա»,- նշեց Զարեհ Սինանյանը:
11:14 - 16 նոյեմբերի, 2021
Արթուր Ղազարյանի, ԱԺ նախկին պատգամավորի և մյուսների սպանության գործով պատգամավորի 3 որդիները կալանավորվել են |factor.am|

Արթուր Ղազարյանի, ԱԺ նախկին պատգամավորի և մյուսների սպանության գործով պատգամավորի 3 որդիները կալանավորվել են |factor.am|

factor.am: Քանաքեռցի Տույ մականվամբ հայտնի Արթուր Ղազարյանի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և ևս երկու անձի աղմկահարույց սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են պատգամավորի երեք որդիները։ Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ Սիմոնյանի ձերբակալված մյուս որդին և գործով անցնող Գևորգ Ջաբարյանն ազատ են արձակվել, Թադևոսյանի փոխանցմամբ՝ նրանց մեղադրանք չի առաջադրվել։ Հիշեցնենք՝ նոյեմբերի լույս 11-ի գիշերը, ժամը 2:45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգեր են ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ։ Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել են։ Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են սպանվածներից Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տանը։
10:48 - 16 նոյեմբերի, 2021
Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի հերթական նիստերին

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի հերթական նիստերին

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան։ Նիստի սկզբում ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն մասնակցելու նիստերին։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ շարունակաբար և հատկապես վերջին օրերի սահմանային լարվածությունից հետո ընդդիմությունը փորձել է ԱԺ օրակարգ բերել և արտահերթ քննարկման հարց դարձնել հայ ժողովրդի կենսական շահերի ոտնահարման փաստերը․ «Պահանջում էինք կառավարությունից բացատրություններ և հանրությանը լիարժեք տեղեկություններ տալ, որովհետև այս ամենը կառավարության բացթողումների և օրենսդիրի պատշաճ վերահսկողության  բացակայության պատճառով է»,- ասաց նա հավելելով, որ կառավարությունը խոչընդոտել է այս նախաձեռնությունը։ Օհանյանը ընդգծեց նաև, որ բացի այդ՝ Սյունիքից ընտրված պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել․ «Դատապարտելով այս իրավական բեսպրեդելը և ի նշան բողոքի «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքներին»։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավորները կվերադառնան լիագումար նիստերի դահլիճ այն ժամանակ, երբ երկրի առջև ծառացած խնդիրները կքննարկվեն ըստ կարևորության․ «Ինչպես արդեն իսկ ներկայացվեց, ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին արտահերթ նիստ, արտահերթ խորհրդի նիստ, որպեսզի կառավարությունից բացատրություններ ստանանք, թե ինչ է կատարվում մեր հայրենիքի սահմաններում։ Այդ գործընթացը տապալվեց իշխող մեծամասնության կողմից, փոխարենը այսօր ԱԺ օրակարգում մենք տեսնում ենք «Սնդիկի մասին» օրենքի  կարևորագույն կետի ներառումը։ «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավորները կվերադառնան լիագումար նիստերի դահլիճ այն ժամանակ, երբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարևորության և ըստ օրհասական վտանգի, իսկ ձեր սնդիկ փարթիներին մենք մասնակցելու ցանկություն չունենք»։ Այնուհետև նրանք լքեցին նիստերի դահլիճը։ 
10:28 - 16 նոյեմբերի, 2021
Ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած ԱԺ խորհրդի նիստը չկայացավ |hetq.am|

Ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած ԱԺ խորհրդի նիստը չկայացավ |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր երեկոյան, ժամը 20։00-ին ԱԺ խորհրդի արտահերթ նիստ էին նախաձեռնել սահմանային իրավիճակը քննարկելու համար, սակայն այն չկայացավ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ընդդիմադիր պատգամավորները միջանցքում վիճաբանում էին չկայացած խորհրդի նիստի շուրջ: «Մեր ընդդիմադիր գործընկերները հինգին քսան պակաս ներկայացրել են փաստաթուղթ, որով խնդրել են հրատապ նիստ հրավիրենք: Ցավոք սրտի, ժամանակի ու ներկայացված փաստաթղթերի անբավարար լինելու պատճառով նույնիսկ չեմ կարողանում այդ հարցը քննարկել»,-լրագրողներին ասաց Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով` առաջարկին համապատասխան ձևով կցված նախագիծ և հիմնավորումներ չկան: Նրա խոսքով` երկու ընդդիմադիր խմբակցությունները համատեղ հայտարարությամբ հանդես կգան: «Նախ պետք է հասկանանք՝ պետություն ունենալո՞ւ ենք, և նոր բյուջեի մասին խոսենք»,-եզրափակեց Իշխան Սաղաթելյանը: Առավել մանրամասն՝ hetq.am-ում
19:41 - 15 նոյեմբերի, 2021
Դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը առաջին հերթին պետք է Հայաստանին. ԱԺ նախագահ |armenpress.am|

Դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը առաջին հերթին պետք է Հայաստանին. ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Սահմանազատման և սահմանագծման գործընթացի պարագայում եթե պարզվի, որ ինչ-որ հատվածներից Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ գնան, նրանք միանշանակ հետ կգնան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ հիմքով են Սյունիքի մարզի որոշ տարածքներ անցել Ադրբեջանին, եթե դեռևս դեմարկացիոն և դելիմիտացիոն աշխատանքներ չեն իրականացվել: «Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ նույնպես նշվում է մեր կողմից, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի  գործընթացը պետք է սկսվի: Պետք է հասկանանք, որ այն ինչ-որ այսօր կատարվում է, դա իր հետքը թողելու է բոլոր տեսակի բանակցությունների վրա, որովհետև այն գործունեությունը, որն այսօր Ադրբեջանը ծավալում է, չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությունից: Դրա մասին բարձր ասվել է և մենք մեր բոլոր միջազգային գործընկերների, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության հետ այս հարցը նույնպես քննարկել են և քննարկում ենք»,- ընդգծեց Սիմոնյանը: Նրա խոսքով` դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը, սահմանների ճշտումը առաջին հերթին պետք է Հայաստանի Հանրապետությանը:  «Մենք պետք է ֆիքսենք՝ Հայաստանը որտեղ է սկսվում և որտեղ է ավարտվում, որպեսզի շահարկումներ չլինեն, որպեսզի չփորձեն դրա հիման վրա ներքին և արտաքին քաղաքական ազդեցություններ ունենալ, որից կարող են օգտվել նաև մեր հակառակորդները»,- եզրափակեց Սիմոնյանը:
18:05 - 15 նոյեմբերի, 2021
«Կարապետյանին պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում»․ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է ԱԽ նիստ

«Կարապետյանին պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում»․ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է ԱԽ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, երեկվանից մենք այս կազմով, տարբեր ձևաչափերով մի քանի անգամ հանդիպումներ և քննարկումներ ենք ունեցել: Քննարկումների առարկան եղել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման փաստը: Այսօր նիստի նպատակը մեր քննարկումներն ամփոփելն է, նաև մեր հանրությանն ամբողջական տեղեկատվություն տալը տեղի ունեցած իրադարձությունների մասին: Մինչ այդ ուզում եմ ընդգծել, որ ես որոշում եմ կայացրել Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել Սուրեն Պապիկյանին, ով այս պահին զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնը: Այս որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում: Ես պարոն Կարապետյանին առավոտյան հրավիրել եմ և շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, ասել եմ, որ գնահատում եմ կատարված աշխատանքը, բայց այս պահին իրադրությունն ինձ հանգեցրել է որոշման, որ պիտի Պաշտպանության նախարարի փոփոխություն տեղի ունենա: Այսօր մենք նախ կլսենք Գլխավոր շտաբի պետի՝ պարոն Դավթյանի զեկույցը ստեղծված իրադրության և ընդհանուր առմամբ օպերատիվ իրավիճակի մասին, նաև իրավիճակի վերլուծություն կանենք և մի քանի ուղղություններով կփորձենք որոշում կայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված մեր գործողությունների վերաբերյալ»: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահի հրամանագրերով Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից, և այդ պաշտոնին նշանակվել է արդեն նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
13:26 - 15 նոյեմբերի, 2021
ԱԺ-ում աշխատանքային քննարկում է կայացել Հայաստանում արտահանման քաղաքականության խթանման վերաբերյալ

ԱԺ-ում աշխատանքային քննարկում է կայացել Հայաստանում արտահանման քաղաքականության խթանման վերաբերյալ

Նոյեմբերի 12-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆինանսական ոլորտով զբաղվող պատգամավորների առաջարկով Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանի Հանրապետությունում արտահանման քաղաքականության խթանման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։ «Քննարկմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Կառավարության անդամներ, ոլորտի պատասխանատուներ, ներկայացուցիչ Կենտրոնական բանկից: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ հանդիպման նպատակն է ՀՀ-ում արդունաբերության զարգացմանը միտված քայլերն ուսումնասիրելը, որի արդյունքում հասկանալի կդառնա, թե ինչպես մեր երկրում ներմուծման ծավալները փոխարինել արտահանման ծավալներով: Այդ համատեքստում կարեւոր է նաեւ հասկանալ, թե արդյունաբերության զարգացման համար ո՞ր ուղղություններն են ընտրվելու՝ ճյուղային, թե հորիզոնական: Խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով ներքին արդյունաբերության քաղաքականության զարգացման մշակմանը, առանձնացրել է դրան միտված մի շարք ուղղություններ: Դրանց շարքում ԱԺ փոխնախագահն առաջնային է դիտարկել որակյալ տվյալների վիճակագրությունը: ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, կարեւորելով հայկական արտադրությանը զարկ տալը, նշել է, որ դրա համար անհրաժեշտ է պետական քաղաքականություն, սոցիալական գովազդներ, փաթեթավորման առանձնահատկություն, որպեսզի սպառողի համար այն ավելի տեսանելի եւ գրավիչ լինի: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ արդյունաբերության ոլորտի առաջնահերթությունների հայտարարումն ու հիմնավորումը եռամսյա ժամկետում արձանագրված է նաեւ Կառավարության ծրագրում: ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, կարեւորելով արտահանման ծավալների ընդլայնումը, նշել է, որ դրան կնպաստի նաեւ թղթաբանության ժամկետների նվազումը: Ըստ նրա՝ արտահանող կազմակերպություններն ամենաքիչ ժամանակը պետք է ծախսեն հենց դրա վրա: Շուշանիկ Ներսիսյանն ընդգծել է, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ: Կողմերն առանձնացրել են արդյունաբերության գերակա ուղղությունները՝ նշելով, որ առաջնային է զարգացման  հիմնական ճյուղերը հասկանալը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի կարծիքով՝ պետք է հստակեցնել գերակա ուղղության նշանակությունը: Ըստ նրա՝ դա կարող է սկսվել դիվանագիտական աշխատանքից ու վերջանալ ֆիսկալ քաղաքականության վրա ազդեցություններով: Գեւորգ Պապոյանը, ամփոփելով աշխատանքային քննարկումը, նշել է, որ այն կլինի շարունակական եւ մի քանի շաբաթից վերստին կհանդիպեն գործադրի ներկայացուցիչների հետ՝ ավելի առարկայական քննարկում անցկացնելու ակնկալիքով»,- նշված է ԱԺ հայտարարության մեջ։
20:32 - 12 նոյեմբերի, 2021