Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Կաթողիկոսը չի բացառում, որ գերիների հարցով կարող են դիմել Հռոմի պապին. նա շնորհակալություն հայտնեց Կիրիլ Երկրորդից |armtimes.com|

Կաթողիկոսը չի բացառում, որ գերիների հարցով կարող են դիմել Հռոմի պապին. նա շնորհակալություն հայտնեց Կիրիլ Երկրորդից |armtimes.com|

armtimes.com: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ հայ գերիների վերադարձի հարցով քննարկում ունեցե՞լ է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ասաց. «Մենք ջանքեր գործադրում ենք, որ կարողանանք հասնել գերիների վերադարձին»: Հնարավո՞ր է Հռոմի պապին դիմեք այս հարցով՝ հետաքրքրվեց լրագրողներից մեկը. «Մենք ինքներս քննարկում ենք այդ հարցը  եւ պատշաճ քայլերը ձեռնարկում ենք», - պատասխանեց նա։ Ասաց՝ որ խստագույնս դատապարտում են գրավված տարածքներում եկեղեցիների պղծման երևույթները եւ ջանքեր գործադրում, որպեսզի միջազգային հանրությունը եւս իր դատապարտության խոսքն ասի այդ երեւութների առնչությամբ։ «Այս առումով մենք կուզենք մեր գնահատանքը արտահայտել Ռուսաստանի Դաշնության իշխանությանը եւ ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր պետին՝ Կիրիլ Պատրիարքին այն աջակցության համար, որով հնարավոր դարձավ, որպեսզի Դադիվանքն այսօր շարունակի իր ծառայությունը, առաքելությունը», - ասաց Գարեգին Բ-ն: Հարցին՝ մենք այսօր պետականություն կորցնելու վտանգի առաջ կանգնա՞ծ ենք՝ կաթողիկոսը պատասխանեց. «Աստված մի արասցե...ռիսկեր միշտ էլ կան եւ մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի խոհեմ, իմաստուն ընթացքով եւ հայրենանվեր ջանադիր աշխատանքով նման վտանգները կհաղթահարվեն»:
12:00 - 28 հունվարի, 2021
Մեր դիրքորոշումներում ու համոզումներում ոչինչ չի փոխվել. Վեհափառը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին |tert.am|

Մեր դիրքորոշումներում ու համոզումներում ոչինչ չի փոխվել. Վեհափառը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին |tert.am|

tert.am: Երբեք երկիրը այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել, անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ անհանգստացնող, տագնապեցնող այսպես չի եղել մեր ժողովրդի համար և այս կացության մեջ եկեղեցին, բնական է, իր առաքելության մեջ պետք է գտնվեր և իր խոսքը՝ իր զգաստացանող, պատգամ բերող խոսքը պետք է ասեր: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ անդրադառնալով հարցին՝ ինչու նախկինում եկեղեցին քաղաքական հայտարարություններով հանդես չէր գալիս: Հարցին շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Վեհափառն ասաց. «Մեր դիրքորոշումներում, համոզումներում որևէ փոփոխություն չկա»: Ամենայն Հայոց կաթողիկոսը նշեց, որ եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահերից: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք եկեղեցին չի բռնում քաղաքական ուժերից մեկի կողմը, նա ասաց, որ եկեղեցու դիրքորոշումը, եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն եկեղեցու այս կամ այն քաղաքական կուսակցության, եկեղեցին վերքաղաքական հաստատություն է:Հարցին՝ ինչ հետևություններ է արել եկեղեցին, երբ հրաժարականի կոչից հետո, բազմաթիվ քաղաքացիներ դուրս չեն եկել փողոց, Վեհափառն ասաց. «Մենք որևէ կերպով հորդոր և կոչ չենք ուղղել, որ ժողովուրդը դուրս գա փողոց և համապատասխան գործողություններ իրականացնի, մենք հորդոր ենք ուղղել ՀՀ վարչապետին, և մեր հիմանվորումները ներգրավված են, առկա են մեր խոսքի տեքստում»:Ինչ վերաբերում է նրան, որ եկեղեցին ու իշխանությունները նման միջոցառումներին առանձին-առանձին են ներկայանում, նա նախ ճշտեց, թե արդյոք երկրի ղեկավարությունն այսօր եղել է Եռաբլուրում, և երբ ստացավ դրական պատասխան, ասաց, որ տեղեկացված չեն եղել իշխանության ղեկավարների այցի մասին, բայց կարծում է՝ ներկա իրավիճակում այս տարբերակը պատշաճ մոտեցում է:
11:01 - 28 հունվարի, 2021
Բանակի տոնը դիմավորում ենք՝ պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում․ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը

Բանակի տոնը դիմավորում ենք՝ պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում․ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տարածել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը բանակի օրվա առիթով։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին Բանակի օրվա առիթով: Դարերի ընթացքին մեր բոլոր պայքարների բովում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն ու անձնվիրում՝ հերոսաբար պաշտպանելով երկիր հայրենին և հարազատ ժողովրդին։ Արցախի պաշտպանության համար մղված պատերազմներում Հայոց բանակի քաջարի զորահրամանատարներն ու զինվորները, որոնց թվում ազգային փոքրամասնությունների խրոխտ զավակներ, նույն խիզախ ոգով հերոսաբար պայքարեցին հանուն հայրենիքի, և շատեր իրենց կյանքը նվիրեցին՝ ի սեր հայրենյաց և ազգի։ Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում։ Ստեղծված նոր մարտահրավերներին ընդառաջ, հավատում ենք, աշխարհասփյուռ ազգս հայոց առ Աստված ապավինությամբ և մեր անցյալի հաղթանակների ոգով պիտի կերտի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ, վերականգնի բարօր ու շեն կյանքը Արցախում և Հայաստանում՝ նաև ի պանծացումն հանուն հայրենյաց զոհված մեր զավակների խնկելի հիշատակի։ Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված՝ հայցելով, որ Իր խնամքի ներքո պահպանի հայրենիքի պաշտպան Մեր սիրեցյալ զավակներին և շնորհի անվտանգ ծառայություն։ Թող Տերն Ամենակալ Իր օրհնությունն ու ողորմությունը տարածի համայն մեր ժողովրդի վրա ի հայրենիս և ի սփյուռս, այսօր և միշտ. ամեն»,- ասված է կաթողիկոսի ուղերձում:
09:52 - 28 հունվարի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

Հունվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։   Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ Մայր Աթոռի և Բելառուսի Հանրապետության իշխանությունների, ինչպես և դեսպանատան միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ և արդյունավետ փոխգործակցություն։ Նորին Սրբությունն արձանագրել է, որ երկու ժողովուրդների բարեկամությանն իրենց նպաստն են բերում նաև Հայոց Եկեղեցին և Բելառուսի Ուղղափառ Եկեղեցին։   Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է Բելառուսի հայ համայնքի և նրա հոգևոր կարիքների հանդեպ դրսևորվող ուշադրությանը, մասնավորապես Մինսկում հայկական եկեղեցու կառուցման նպատակով հողահատկացման գործընթացին։   Իր հերթին Ալեքսանդր Կոնյուկը հաստատել է, որ երկու երկրների միջև առկա են ամուր և եղբայրական կապեր, որոնք էլ ավելի պիտի զորանան ու զարգանան։   Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների առջև ծառացած մարտահրավերներին։
18:11 - 21 հունվարի, 2021
Հետպատերազմյան այս ծանր օրերին լինենք միաբան ու քաջ, ամուր մնանք հավատի ու հույսի մեջ․ Գարեգին Բ

Հետպատերազմյան այս ծանր օրերին լինենք միաբան ու քաջ, ամուր մնանք հավատի ու հույսի մեջ․ Գարեգին Բ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հունվարի 10-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց մասնավոր աղոթք՝ արցախյան պատերազմի ընթացքում գերեվարվածների ու անհայտ կորածների և նրանց տունդարձի համար։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Սուրբ Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագի վերջում, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց մասնավոր աղոթքը, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց ներկա հավատավոր ժողովրդին։ «Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետևԱստծու սերը սփռված է մեր սրտերումՍուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ»։(Հռոմ․ Ե 5) Սիրելի հավատավոր հայորդիներ,Այսօր համախմբվել ենք մեր սուրբ եկեղեցիներում՝ աղոթք բարձրացնելու առ Աստված արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված և անհայտ կորած մեր քաջորդիների համար։ Մեր զինվորների հայրերի ու մայրերի, կանանց ու երեխաների հետ բոլորս մեր սրտերում փայփայում ենք մեր զավակների տուն վերադարձի հույսը։ Մեր հույսը պարզ մի զգացում, ցանկություն կամ լավատեսություն չէ, այլ Աստծո հավատարիմ սիրո վրա հիմնված վստահություն։ Այն երբեք չի ամաչեցնում, ինչպես ասում է առաքյալը, քանզի Աստված Սուրբ Հոգու միջոցով Իր սերը սփռել է մեր սրտերում։ Այդ հույսն է, որ մեզ զորացնում է ջերմեռանդ աղոթելու և անվհատ հետամուտ լինելու գերյալ մեր զավակների շուտափույթ ազատությանը, անհայտ կորածների հայտնաբերմանը։ Արցախյան հակամարտությունը, ցավալիորեն, հնարավոր չեղավ կարգավորել բանակցային խաղաղ գործընթացով։ Ադրբեջանական իշխանությունները ռազմատենչ ոգով հակված էին խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ինչը և տեղի ունեցավ։ Պատերազմը խաթարեց տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը՝ պատճառելով մեր ժողովրդին մարդկային և տարածքային ծանր կորուստներ և անհուն վիշտ ու ցավ։ Նույն վարքագիծը ադրբեջանական իշխանությունները շարունակում են նաև այսօր՝ տարածքային նկրտումների հետ մեկտեղ շահարկելով ռազմագերիների վերադարձման, անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների արտահանձնման խնդիրը։ Գերության մեջ հայտնված մեր զավակները անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում, ոտնահարվում են գերյալներին վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Անտեսվում են նաև մարդկային կյանքը, արժանապատվությունը և իրավունքները արժևորող երկրների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների դիմումներն ու հորդորները։ Մեր կոչն ու ակնկալությունն է, որ արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ի նպաստ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ Մեր եռակողմ հանդիպումների ոգուն համաձայն՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը անհրաժեշտ նպաստ բերի գերիների ազատության և զոհված ու կորուսյալ զինվորներին առնչված մարդասիրական գործողություններին։ Պատերազմի դադարեցման, խաղաղարար ու մարդասիրական գործունեության մեջ ներդրած անձնական ջանքերի համար Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ տիար Վլադիմիր Պուտինին։ Շնորհակալ զգացումներով եղբայրական Մեր սերն ենք հղում Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին այս դժվարին օրերին մեր ժողովրդին և Եկեղեցուն ցուցաբերած զորակցության համար։ Մեր գնահատանքն ենք ցանկանում արտահայտել նաև Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերին և բոլոր կազմակերպություններին ու անձանց, ովքեր շարունակական միջոցներ են ձեռնարկում իրավիճակի և առկա խնդիրների արդար հանգուցալուծման համար։ Միայն արդարության հիմքի վրա է խաղաղությունը հաստատուն մնում, ինչպես և վկայում է Սուրբ Գիրքը. «Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն» (Սաղմ. ՁԴ 11): Սիրելի հավատավոր զավակներ, հետպատերազմյան այս ծանր օրերին լինենք միաբան ու քաջ, ամուր մնանք հավատի ու հույսի մեջ՝ մեզ պատուհասած պատերազմի արհավիրքները հաղթահարելու, դժվարություններին դիմակայելու և հայրենիքի լուսավոր օրը կերտելու համար։ Մեր հորդորն է նաև մեր Սուրբ Եկեղեցու սպասավորներին նույն տեսլականով և եռանդով շարունակելու հովվական խնամք և կարելի աջակցություն ցուցաբերել պատերազմից տուժածներին և Աստծո խոսքով, Ավետարանի հույսի ու հավատի պատգամներով մխիթարելու գերության մեջ գտնվողների ու անհայտ կորածների ընտանիքներին։ Այս պահին, սիրելիներ, սրտաբուխ աղոթքը մեր շուրթերին, Երկնավոր Տիրոջից խնդրենք Ամենասուրբ Երրորդության օրհնությունն ու օգնականությունը մեր հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքին՝ հայցով, որ երկնային շնորհները, սերն ու խաղաղությունը լինեն մեզ և ամենքի հետ։ Հավատավոր Մեր զավակներիդ աղոթակցությամբ Մեր հայցն ենք բարձրացնում առ մարդասեր Փրկիչ Տերը գերյալների, անհայտ կորածների, վիրավորների և նրանց ընտանիքների համար։ Ամենագութ և ամենողորմ Աստված, որ Միածին Որդուդ առաքեցիր՝ սրտով բեկյալներին բժշկելու և գերիներին ազատություն քարոզելու, աղաչում ենք Քեզ, Աստվածային Քո գթառատությամբ ողորմիր մեր գերիներին, որպեսզի ապահով և անվտանգ տուն վերադառնան։ Քո խաղաղության հրեշտակին ուղարկիր՝ զորացնելու բոլոր հայրերին ու մայրերին, հարազատներին, կանանց ու երեխաներին, ովքեր սրտի թրթիռով սպասում են գերեվարված կամ անհայտ կորած զինվորների վերադարձին, և նրանց պարգևիր ուրախությունը տեսնելու իրենց սիրելիներին։Զորացրու, Տեր, բոլոր անձանց, ովքեր եռանդուն ջանքեր են ներդնում գերիներին ազատելու, անհայտ կորածներին գտնելու և զոհված մեր նահատակների անթաղ մամինները հայտնաբերելու և ընտանիքներին հանձնելու համար։ Արդ, Բարերար և բազումողորմ Աստված, ունկնդիր եղիր Քեզ հուսացող Քո ժողովրդի ծնրադիր աղոթքներին ու խնդրանքներին, օգնական ու ապավեն եղիր նրանց և պարգևիր քաջություն ու ոգու արիություն դժվարությունների ու նեղությունների մեջ, լցրու նրանց սրտերը բարի ու լուսավոր օրվա հույսով ու հավատով։ Ի խորոց սրտից աղոթում ենք և հավատում, Ամենակալ Տեր Աստված, որ ազատություն պիտի պարգևես մեր գերյալ զավակներին, որոնց վերադարձին անհամբեր սպասում ենք բոլորս, որպեսզի միասին՝ նրանց հետ գոհությամբ փառավորենք Ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»,- ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն գերեվարվածների և անհետ կորածների համար աղոթքի արարողության ժամանակ։ 
15:46 - 10 հունվարի, 2021
Քրիստոսի հրաշափառ Ծնունդը հույսի աղբյուր է սրտաբեկ ժողովրդի համար. Գարեգին Բ Կաթողիկոսի պատգամը

Քրիստոսի հրաշափառ Ծնունդը հույսի աղբյուր է սրտաբեկ ժողովրդի համար. Գարեգին Բ Կաթողիկոսի պատգամը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մատուցված Սուրբ Պատարագից հետո՝ նշելով, որ «Քրիստոսի հրաշափառ Ծնունդը հույսի և մխիթարության աղբյուր է մեր սրտաբեկ ժողովրդի համար հատկապես վշտատանջ այս օրերին, երբ անդրադառնում ենք, որ մեր կյանքը ևս զերծ չեղավ կործանարար սխալներից և մեղանչումներից»։ Վեհափառ Հայրապետն իր պատգամում նշել է. «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:     «Էր Լոյսն ճշմարիտ, որ լուսաւոր առնէ զամենայն մարդ, որ գալոց է յաշխարհ»  (Յովհ. 1.9)։ Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի հայրենիս և ի սփյուռս, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, աղոթական ոգով համախմբված մեր սուրբ եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին։ Սուրբ Ծննդյան օրհնյալ այս օրը Բեթղեհեմի մսուրից ծագեց ճշմարիտ Լույսը` լուսավորելու համար մարդկանց հոգիները։ «Այդ ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու»,- գրում է  Ավետարանիչը։ Աշխարհի փրկության համար մարդեղացած Աստվածորդու Սուրբ Ծնունդը Ավետարանչի նման՝ սրբազան շարականագիրը համեմատում է արեգակի ծագման հետ՝ ասելով. «Ծագեցիր Հորից՝ լուսավորելու արարածներին, Արդարության Արեգակ, Տե՛ր, փա՛ռք Քեզ» (Շարական Սուրբ Ծննդյան)։ Աստվածորդին եկավ փարատելու մեղքի ու մահվան խավարը և մարդկությանն առաջնորդելու դեպի իր Արարիչը: Փրկչի Ծննդյան համեստ քարայրից ճառագեց հոգևոր նորոգության, հոգևոր զորության արշալույսը: Ծննդյան օրից Հիսուս մանկանը վիճակվեցին հալածանքներ։ Փրկիչն Իր ընտանիքի հետ փախստական դարձավ Իր ծննդավայրից, երբ Նրա մահը ցանկացող Հերովդեսը կազմակերպեց մանուկների կոտորածը՝ կարծելով, թե սպանեց նորածին Աստվածորդուն և հաղթեց Նրան։ Սակայն իրական հաղթությունը Քրիստոսինն էր, Ով փրկչական Իր առաքելությամբ չարչարանաց ճանապարհը պսակեց հարության փառավոր հաղթանակով։ Բոլոր դժվարությունների միջով անցնելով՝ Տերը հույս բերեց անկյալ մարդուն, փրկություն՝ մարդկությանը, որ ընկղմված էր անօրենությունների և կռապաշտության խավարի մեջ: Պատմության բոլոր ժամանակներում հերովդեսները աղետ, ավեր ու թշվառություն են պատճառել մարդկությանը, չարի ներգործությամբ գլուխ են բարձրացրել հակառակությունն ու թշնամությունը, առաջադեմ ձեռքբերումների կողքին եղել են աղքատություն, կեղեքում ու անիրավություն։ Եվ այսօր էլ մարդիկ՝ մեղքերով ծանրաբեռն, հեռանում են Աստծուց, աշխարհը ալեբախվում է քաղաքական խարդավանքներից, հասարակություններին տիրել է բևեռացումների հանգեցնող նյութապաշտությունը, և արդարությունն ու ճշմարտությունը դարձել են հարաբերական արժեքներ։ Հակասական ու անհանգիստ այս աշխարհում Հիսուս Քրիստոս ծագում է որպես Արդարության Արեգակ, Լույս ճշմարիտ՝ լուսավորելու մարդկության կյանքի ուղին։ Սիրելիներ, Քրիստոսի հրաշափառ Ծնունդը հույսի և մխիթարության աղբյուր է մեր սրտաբեկ ժողովրդի համար հատկապես վշտատանջ այս օրերին, երբ անդրադառնում ենք, որ մեր կյանքը ևս զերծ չեղավ կործանարար սխալներից և մեղանչումներից։ Անկայուն խաղաղության և պատերազմի սպառնալիքների հանդիման չդրսևորվեց անհրաժեշտ զգոնություն, հայրենիքի ու ժողովրդի շահը ստորադասվեց նեղ ձգտումներին ու նկրտումներին։ Աստվածամերժ ոգին և օտարածին գաղափարներն ու բարքերը ներթափանցեցին մեր հասարակությունից ներս։ Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, զազրախոսությունից, անհանդուրժողությունից, ատելությունից ու թշնամանքից, որ սփռվում էր և շարունակում է սփռվել ամենատարբեր միջոցներով՝ մասնատելով մեզ և ցամաքեցնելով Քրիստոսի սերը մեր մեջ։ Իսկ Ավետարանը վկայում է. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա» (Մատթ. 12.25)։ Արցախյան պատերազմի աղետալի հետևանքները տագնապի ու անորոշության զգացումներով են պաշարել մեր ժողովրդի զավակների հոգիները։ Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, մեր հերոս զավակների նահատակությունը, անօթևան ու նյութական կարիքի մեջ գտնվող տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր եղբայրների ու քույրերի, հազարավոր վիրավորների և գերեվարված հայորդիների ցավն ու վիշտը մեր ազգային կյանքը հայրենիքում ու սփյուռքում վերածել են մռայլ ու մթագնած գիշերվա։ Այս խավարի, մղձավանջային այս իրականության մեջ այսօր պայծառորեն ծագում է Արդարության Արեգակը՝ լուսավորելու մեր ազգային ու հայրենական անդաստանը և Իր ջերմացնող զորությամբ բժշկություն պարգևելու ազգիս վիրավոր հոգուն։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մարդեղացյալ Աստվածորդու անբավ սիրուն և փրկության շնորհին ապավինելով մենք դարերի ընթացքում հաղթահարել ենք պատերազմների, աղետների տառապանքներն ու զրկանքները, հուսախաբությունն ու հուսալքությունը և կերտել մեր կյանքի հաղթանակները: Այս օրերին ևս մեր հավատքը կենդանի է նույն վստահությամբ։ Մենք ի զորու ենք վերստին հզորացնելու ու շենացնելու մեր հայրենիքը և մեր կյանքի նոր զարթոնքը իրականություն դարձնելու աշխարհասփյուռ հայության ներուժի ու ջանքերի մեկտեղումով, Հայաստան ու Արցախ համերաշխ ու միաբան հասարակությամբ, զարգացած տնտեսությամբ, գիտությամբ ու կրթությամբ, նորագույն զինտեխնիկայով համալրված բարձր մարտունակությամբ բանակով։ Ինչպես պատերազմի տագնապալի օրերին, մեր սրտերը պիտի բաբախեն հայրենիքի սիրով, մեր մտքերն ու նվիրական զգացումները փարված լինեն հայրենի սրբազան երկրին։ Հայրենական կյանքի կայունությունը հաստատուն պահելու, երկիրը վտանգների չառաջնորդելու, առկա ճգնաժամերը հաղթահարելու, արտագաղթի աղետը կասեցնելու համար հարկ է ամեն հանձնառություն, ամեն զոհաբերություն։ Մեր ազգի ու ժողովրդի համար օրհասական փորձության այս պահին ամուր մնանք հույսով ու հավատով և Տիրոջ կենարար զորությամբ գոտեպինդ՝ ուժ առնենք արհավիրքներից հառնելու, երկնառաք օգնականությամբ փարատելու մեզ պարտադրված այս թանձր խավարը և լուսավորելու մեր կյանքի նոր հորիզոնները։ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության այս հոգենորոգ օրը հայցենք, որ Աստծո փրկության շնորհին ապավինած՝ ընթանանք դեպի մեր իղձերի իրականացումը և մեր արդար իրավունքների հաղթանակով պսակումը։ Աղոթենք, որ Սուրբ Ծննդյան ավետաբեր լույսով միշտ լուսավորվի երկնակամարը մեր ազգային ու հայրենական կյանքի, հավետ պայծառ լինի մեր սուրբ եկեղեցին հոգևոր դասի արդյունավոր ծառայությամբ ու հավատացելոց նվիրյալ ընթացքով, և հայոց աշխարհը պարուրվի մարդացյալ Փրկչի սիրով ու պարգևած հույսով: Թող Տերը խաղաղություն պարգևի համայն աշխարհին, մարդկանց հոգիներին, Իր խնամքի մեջ խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը՝ Հայաստանն ու Արցախը, և շնորհի բարօր ու շեն կյանք աշխարհասփյուռ ազգիս հայոց, այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:   Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,Ձեզ և մեզ մեծ աւետիս»։
12:15 - 06 հունվարի, 2021
Գարեգին Բ-ն այցելել է մարտական դիրքեր, նաև բուժում ստացող զինծառայողների

Գարեգին Բ-ն այցելել է մարտական դիրքեր, նաև բուժում ստացող զինծառայողների

Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ, դեկտեմբերի 31-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը կատարեց մի շարք այցելություններ։ Վեհափառ Հայրապետը Կոտայքի թեմի առաջնորդ Տ․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի և Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ուղեկցությամբ եղավ Կոտայքի թեմի ծաղկաձորյան ճամբարում, ուր իր զորակցությունն ու օրհնությունը բերեց ճամբարում ապաստան գտած, Հադրութից տեղահանված 45 արցախցիներին։ Նորին Սրբությունը զրուցեց արցախցի ընտանիքների հետ՝ տեղեկանալով ապագայի վերաբերյալ նրանց ծրագրերին, ապա սուրբծննդյան նվերներ բաշխեց տարեցներին և երեխաներին։ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժում ստացող վիրավոր զինվորականներին։ Կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի ուղեկցությամբ Վեհափառ Հայրապետն այցելեց բոլոր հիվանդասենյակները՝ իր աղոթքը կատարելով հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության ընթացքում վիրավորված քաջորդիների համար և հետաքրքրվելով նրանց ապաքինման ընթացքով, առկա կարիքներով։ Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ այցելեց Հայաստանի հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքեր։ Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց սահմանապահ զինվորականներին՝ մեծապես արժևորելով հայ զինվորի ու հրամանատարի անձնվեր ու անմնացորդ ծառայությունը հայրենիքին։ Ջերմ զրույցի ընթացքում Վեհափառն ընդգծեց, որ Հայոց բանակը եղել և մնում է հիմնական երաշխավորը անկախ պետականության պահպանության և հայրենաբնակ մեր ժողովրդի պաշտպանության։ Նորին Սրբությունը հաստատեց, որ արցախյան պատերազմում հայրենյաց պաշտպանների դրսևորած արի ոգին, նախանձախնդրությունը, անձնազոհ և եղբայրասեր կերպարը միայն հպարտության զգացումով են լցնում իր հոգին։ Վեհափառը նաև աղոթքով հիշեց նրանց ծառայակից նահատակ եղբայրներին և այլևս պատմության մեջ արձանագրված նրանց սխրանքները, որոնք ուժ պիտի տան համայն մեր ժողովրդին կերտելու հայրենիքի նոր լուսավոր օրը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, սրբապատկերներ ընծայելով զինվորներին, անփորձանք և ապահով ծառայություն մաղթեց ամենքին՝ նշելով, որ մեր զինականները մշտապես Հայոց Հայրապետի և հայ եկեղեցականների աղոթքներում են։
19:59 - 31 դեկտեմբերի, 2020
Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի. Գարեգին Բ կաթողիկոս
 |news.am|

Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի. Գարեգին Բ կաթողիկոս |news.am|

news.am: Գնահատում ենք մեր զավակների սերն ու նվիրումը եկեղեցու հանդեպ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Սուրբ Գայանե եկեղեցում պատարագ մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ իր օրհնությունը տալով հավաքվածներին։ «Անշուշտ ժողովրդի շատ զավակներ այսօր եկել են այստեղ իրենց զորակցություն արտահայտելու մեր Սուրբ եկեղեցուն՝ համացանցում եկեղեցու հասցեին հնչած բռնի կոչերին, սպառնալի կոչերին ի պատասխան։ Մենք գնահատում ենք մեր զավակների նախանձախնդրությունը, հավատարմությունը, սերն ու նվիրումը Առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ»,- նշեց Գարեգին Բ կաթողիկոսը։ Անդրադառնալով այն հայտարարություններին, թե եկեղեցին փորձում է միջամտել քաղաքական գործընթացներին, Ամենայն Հայոց Կաթողիկոսն արձագանքեց. «Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի, մեր հայրենիքի շահերով եւ համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ նաեւ արտահայտում է իր վերաբերմունքն ու տեսակետը եւ որեւիցե կերպ սա այլ մեկնաբանություն չպետք է ունենա։ Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, առավել եւս եկեղեցին»։ Հարցին՝ արդյոք դա աստվածահաճո է՞, կաթողիկոսն ասաց. «Արտահայտած տեսակետն ի պաշտպանություն ազգային մեր շահերի է, ի սեր մեր ժողովրդի է, դա աստվածահաճո է»։  
13:58 - 27 դեկտեմբերի, 2020
Գարեգին Բ-ն հայրաբար հորդորել է տարեվերջյան Սուրբ Պատարագն անցկացնել խաղաղ մթնոլորտում

Գարեգին Բ-ն հայրաբար հորդորել է տարեվերջյան Սուրբ Պատարագն անցկացնել խաղաղ մթնոլորտում

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայրաբար հորդորել է տարեվերջյան Սուրբ Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը՝ արձագանքելով վերջին օրերին Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքներին: «Վերջին օրերին Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքների առնչությամբ Մայր Աթոռում ստացվել են Եկեղեցու հավատավոր զավակների մտահոգության և զորակցության նամակներ, հնչել տարբեր անհատների հանրային ելույթներ և Ազգային Եկեղեցին պաշտպանելու կոչեր: Ամենայն Հայոց Հայրապետի հայրական հորդորն է՝ տարեվերջյան Սուրբ Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում և աղոթել հայրենի մեր երկրի անսասանության և ազգի միասնականության, անվտանգ ու ապահով կյանքի համար»,- ասված է հայտարարությունում: Գրառման մեջ նշվում է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծապես գնահատում է իր զավակների հավատավոր հոգին, նախանձախնդրությունն ու հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին՝ հորդորելով պահպանել հանգստությունն ու հանդարտությունը և չազդվել նման սադրիչ հայտարարություններից:
12:08 - 26 դեկտեմբերի, 2020
Միայն ուժեղ պետությամբ է հնարավոր հավերժացնել մեր ինքնությունն ու լինելիությունը, նաև մեր քաջորդիների հիշատակը․ Գարեգին Բ

Միայն ուժեղ պետությամբ է հնարավոր հավերժացնել մեր ինքնությունն ու լինելիությունը, նաև մեր քաջորդիների հիշատակը․ Գարեգին Բ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ դեկտեմբերի 20-ի առավոտյան Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու և աղոթք բարձրացնելու արցախյան պատերազմում նահատակված քաջորդյաց հոգիների խաղաղության համար։    Ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետը և եկեղեցականները այցելել են նաև զինվորականների շիրիմներին, կատարել իրենց առանձնական աղոթքը։   Այնուհետև Սուրբ Գայանե վանքում, Վեհափառ Հայրապետը ներկա է գտնվել Սուրբ Պատարագին, որի ավարտին, նախագահությամբ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի, զոհված հերոսների համար կատարվել է հոգեհանգստյան արարողություն։   Արարարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է ուղղել հոգևոր դասին, ներկա բարեպաշտ հավատացյալներին և համայն հայ ժողովրդին։   Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Արցախյան պատերազմում զոհված նահատակների հոգեհանգստյան արարողությանը. «Սիրելի հավատավոր զավակներ Մեր,   Այսօր վերստին ոգեկոչում ենք լույս հիշատակը հայրենիքի համար զոհված մեր զինվորների, աշխարհազորայինների և զորահրամանատարների, ովքեր արցախյան պատերազմում խիզախաբար պայքարեցին անարգ թշնամու դեմ և իրենց թանկագին արյան հեղումով ընդունեցին նահատակության անթառամ պսակը։ Քաջարի սխրագործություններով նրանք անմահացան մարտի դաշտում և ժառանգեցին հավիտենական կյանքի պարգևը, ինչպես խոստացավ մեր Տեր Հիսուս Քրիստոս՝ ասելով. «Արդ, Ես նրանց հավիտենական կյանք կտամ, և նրանք հավիտյան չեն կորչի» (Հովհ. 10.28):   Տերունավանդ խոստումին ապավինած՝ մեր սիրասուն զավակները իրենց կյանքն ընծայեցին հայրենիքին և անօրինակ սխրանքներով զարդարեցին հայոց ազատամարտի նորագույն էջերը։ Հայ ժողովուրդը կրկին հերոսներ ծնեց, ովքեր բարձր ու լուսաշող տեղ գրավեցին հայոց տարեգրության մեջ և երկնքում դասվեցին բոլոր ժամանակներում վասն հավատո և վասն հայրենյաց մարտնչած ու նահատակված քաջերի կողքին։ Մեր հերոսները զոհվեցին արցախահայության ազատ ապրելու արդար իրավունքի և հայրենիքի խաղաղ, ապահով և բարօր կյանքի տեսիլքով՝ պատգամելով մեզ աննկուն լինել ոգով և արիաբար պայքարել՝ հանուն մեր ազգային նպատակների իրագործման։   Սիրելիներ, վիշտն ու սուգը Աստված փարատում է Իր Սուրբ Հոգու մխիթարությամբ և սփոփիչ զորությամբ։ Նա շնորհն ու կարողությունն է պարգևում, որ վեր հառնենք նեղություններից ու դժվարություններից, Քրիստոսի նման հարություն առնենք մեր պատմության հերթական Գողգոթայից և վկայենք աշխարհասփյուռ մեր ժողովրդի ներուժը, աստվածապարգև մեր հավատն ու ամուր կամքը, նոր կյանք կառուցելու մեր եզակի վճռականությունը։   Համազգային ուժերով և միասնական ոգով ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավումը, քաղաքական և հասարակական ճգնաժամի հաղթահարումը պիտի լինեն մեր արժանի տուրքն ու խոնարհումը նահատակ հայորդիների շիրիմներին։ Ներկա բարդ իրավիճակում զգաստության և ողջախոհության պահպանումը, մեր նահատակների կորուստը արժանավայել սգալը և սուգը չքաղաքականացնելը պիտի լինեն նվիրական հարգանքի ճշմարիտ արտահայտությունը մեր հերոսների անմոռաց լույս հիշատակի առջև։ Ազգային համերաշխությամբ ու համընդհանուր շահերի վսեմ գիտակցությամբ ապրելու ու արարելու մեր ընթացքը պիտի լինի պատվաբեր շարունակությունը մեր զավակների Քրիստոսանման անձնազոհության։   Արդ, մեր նահատակ հերոսների անմար լույս հիշատակի առջև վերահաստատենք հայրենանվիրումի ու ազգանվիրումի ուխտը։ Թող ազգի ու հայրենիքի հանդեպ նրանց պարտքի գիտակցությունը, հանձնառության և զոհաբերության ոգին օրինակ դառնան պետական ու քաղաքական այրերին և համայն մեր ժողովրդին՝ անսակարկ նախանձախնդրությամբ և անձնուրաց զոհողություններով ամեն կարելին ներդնելու մեր հայրենիքի բարօր ու շեն կյանքի կերտման և մեր պետականության ամրապնդման համար։ Չվտանգենք մեր պետականությունը անխոհեմ քայլերով, չգերադասենք անձնական շահերը, այլ գործենք հանուն մեր ժողովրդի ու հայրենյաց անկորուստ պահպանության, զորացման ու առաջընթացի։ Միայն ուժեղ պետությամբ է հնարավոր հավերժացնել մեր ինքնությունն ու լինելիությունը, նաև մեր քաջորդիների հիշատակը։   Ի խորոց սրտի աղոթենք միասին, որ Ամենագութն Աստված հանգստություն ու երանություն շնորհի քաջաբար զոհված մեր սիրասուն զավակների անմահ հոգիներին։ Աղոթենք, որ գթառատ Տերն Իր Սուրբ Հոգով սփոփի մեր հերոսների ծնողների, կանանց ու զավակների սգացյալ սրտերը և մեր բոլորի վշտակիր հոգիները։ Թող այլևս սուգն ու տխրությունը չմթագնեն մեր ազգային կյանքը, ողբերգությունները չպատուհասեն մեր ժողովրդին, և Աստծուն ապավինած ու ազգովին համախումբ՝ կերտենք լուսավոր գալիքը հայրենյաց և համայն հայության։ Փառք և երիցս փառք մեր նահատակ որդիներին։   Խոնարհում, մշտահունչ աղոթք և բյուր օրհնություն մեր հերոսների լույս հիշատակին։ Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք բարձրացրեց առ Բարեգութն Աստված՝ ասելով.   «Քրիստոս Որդի Աստծո, որ ներողամիտ ես ու բարեգութ, ընդունիր մեր աղոթքները և ունկնդիր եղիր մեր խնդրանքներին։ Արարչական սիրովդ գթա Արցախյան ազատամարտում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոս զինվորների և զորավարների հոգիներին։ Լույսերիդ մեջ աջակողմյան դասում ընդունիր նրանց Քո սուրբերի հետ միասին և պարգևիր երկնքի անվախճան արքայությունդ։ Ամենախնամ Տեր, Քո աստվածային ազատությունը պարգևիր մեր գերիներին, որպեսզի օր առաջ նրանք ապահով տուն վերադառնան։ Քո ամոքիչ և կենդանարար սիրով օրհնիր և բժշկություն պարգևիր նաև վիրավորներին ու ապաքինվող բոլոր անձանց և Քո Սուրբ Հոգու մխիթարիչ զորությունը պարգևիր որդեկորույս ծնողներին՝ սգակիր հայրերին ու մայրերին, այրիացյալ կանանց ու որբացած մանուկներին, նրանց հարազատներին և վշտակիր համայն մեր ժողովրդին։ Բարերար և բազումողորմ Տեր, Քո հայրական խնամքով և ամենախնամ Սուրբ Աջովդ պահպանիր մեր ժողովրդին սիրով միաբան՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում և զորացրու մեր հոգիները հավատքով ու հույսով, որպեսզի Քո օգնականությամբ այս ծանր ճգնաժամը ևս հաղթահարենք։   Հեռացրո՛ւ մեզնից ատելության ու բռնության չարիքը և շնորհի՛ր համերաշխության ու եղբայրասիրության ոգի, որպեսզի ազգովին համախումբ շենացնենք ու զորացնենք մեր հայրենիքը և հանապազ գոհությամբ օրհնաբանենք Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»։      
14:34 - 20 դեկտեմբերի, 2020
Մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը

Մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հաստատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը, որի նպատակն է բացառաբար հումանիտար ծրագրերով հոգատարություն ցուցաբերել Արցախում ծանր կացության մեջ հայտնված ժողովրդին և պատերազմի հետևանքով արցախյան գյուղերից տարհանված և Հայաստանում ապաստանած ընտանիքներին։ Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի միջոցով իրականացվող ծրագրի աշխատանքները համակարգելու է ստեղծված հանձնախումբը՝ ատենապետությամբ  Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի։ Հանձնախմբի կազմում ընդգրկված են եկեղեցականներ և աշխարհականներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և բոլոր մայրցամաքներից։ Այս առիթով օրերս Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել հանձնախմբի հետ։ Նորին Սրբությունը հայրական իր օրհնությունն ու գնահատանքն է բերել հանձնախմբի անդամներին, որ այս դժվարին ու ծանր օրերին ստանձնել են Մայր Աթոռի նախաձեռնած ծրագրի շրջանակներում իրենց օգտաշատ աջակցությունը բերել Արցախի հայորդիներին: Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանի ու Արցախի առջև ամենատարբեր ոլորտներում այսօր ծառացած լուրջ մարտահրավերներին՝ ընդգծելով, որ առկա պայմաններում Հայոց Եկեղեցին պետք է անի ամեն անհրաժեշտը՝  առավելագույնս աջակցություն մատուցելու մեր հայրենիքին ու ժողովրդին։ Այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է հանձնաժողովի առաքելությունը՝ հույս հայտնելով, որ նախատեսված գործունեությունը կստանա համազգային և համասփյուռքյան ընդգրկում: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը, Հայոց Եկեղեցու թեմերի և ազգային հաստատությունների համագործակցությանն առնչվող հարցեր։
20:27 - 14 դեկտեմբերի, 2020