Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Պապի հետ հանդիպմանը շեշտադրել է գերիների վերադարձի խնդիրը
21:48 - 06 հոկտեմբերի, 2021

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Պապի հետ հանդիպմանը շեշտադրել է գերիների վերադարձի խնդիրը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 6-ին Վատիկանում հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի ֆեյսբուքի պաշտոնական էջը:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, հատկապես շեշտադրելով ռազմագերիների և հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։

Նորին Սրբությունը նաև շնորհակալություն է հայտնել Սրբազան Քահանայապետին պատերազմի ընթացքում հայ ժողովրդին և Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։
 
Հանդիպման ավարտին Հռոմի Քահանայապետն իր օրհնությունն է բաշխել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամներին։
 
Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Մասնավորապես, արծարծվել են Արցախի ժողովրդի անվտանգությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր։ Առկա մարտահրավերների և խնդիրների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարևորել է միջազգային հանրության դերակատարությունը։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել