ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Հունաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնությունը Երևանում է

Հունաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնությունը Երևանում է

Հունաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնության ինքնաթիռը Երևան է ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության և զարգացման գլխավոր տնօրեն Յորղոս Լարիսսիսի ուղեկցությամբ։ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հումանիտար օգնությունը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքեր, սնունդ և բժշկական նշանակության պարագաներ։ Հումանիտար օգնությունը Հայաստանում դիմավորել են ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, Հայ օգնության միության կենտրոնական վարչության անդամ Համեստուհի Սասունեանը և Հայաստանյան շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանը: Հայաստան հումանիտար օգնությունն ուղարկվել է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմից տուժածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով դեկտեմբերի 12-ին Հունաստանում հայ համայնքի մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ, «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:
11:08 - 14 դեկտեմբերի, 2020
Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին աներկբա, հստակ, հասցեագրված արձագանքել Ադրբեջանի գործողություններին. ԱԳՆ

Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին աներկբա, հստակ, հասցեագրված արձագանքել Ադրբեջանի գործողություններին. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումների՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում կազմակերպած գործողությունների կապակցությամբ։ Հայտարարության մեջ ասվում է․«Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ: Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության՝ մարտական գործողությունների դադարեցման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների այս կոպտագույն խախտումը՝ ընդգծում ենք, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում: Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր ավանդական գործելաոճին, տվյալ սադրանքը հրահրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցելության օրերին: Ըստ էության, համանախագահ երկրների ջանքերի դեմ ուղղված այս մարտահրավերն օրերս Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հայ ժողովրդին ուղղված ռազմատենչ և անընդունելի հայտարարությունների շարունակությունն է: Նման գործելաոճը ևս մեկ անգամ ի ցույց է դնում թուրք-ադրբեջանական ծավալապաշտական քաղաքականությունը, ինչը շարունակում է խաթարել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը և հղի է ծավալմամբ հարակից տարածաշրջաններ: Պաշտոնական Բաքվի այս գործողություններն առավել հրամայական են դարձնում ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը, այդ թվում՝ Արցախի տարածքների դեօկուպացիան և արցախահայության վերադարձը իրենց բնակության վայրեր: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ իր միջազգային պարտավորությունների խախտման անպատժելիության փաստը և դրա հետևանքները՝ կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին աներկբա, հստակ և հասցեագրված արձագանքել ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտման, էթնիկ զտման և հայկական բնակավայրերի գրավմանն ուղղված այս գործողություններին»:
13:53 - 13 դեկտեմբերի, 2020
Նախագահ Սարգսյանը ՊՆ-ին և ԱԳՆ-ին է դիմել Արցախում ստեղծված իրավիճակը ներկայացնելու կոչով

Նախագահ Սարգսյանը ՊՆ-ին և ԱԳՆ-ին է դիմել Արցախում ստեղծված իրավիճակը ներկայացնելու կոչով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել՝ ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին կոչ անելով ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի պաշտպանության և զինադադարի արդյունավետ պահպանման համար հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հայտարարության մեջ նշված է. «Սույն թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով նոյեմբերի 9-ին հայտարարված զինադադարը, գրավել են Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղը և առաջացել դեպի նույն շրջանի Խծաբերդ գյուղի տարածք: ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունները մինչ այս պահը պատշաճ կերպով հստակ չեն ներկայացրել իրավիճակը և հայկական կողմի իրականացրած գործողությունները։ Հաշվի առնելով իրադրությունը՝ Հանրապետության նախագահը դիմում է ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին՝ անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև նշված բնակավայրերի պաշտպանության և զինադադարի արդյունավետ պահպանման համար հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Միաժամանակ Հանրապետության նախագահը դիմում է ՀՀ ԱԺ-ին՝ շտապ գումարել ԱԺ արտահերթ նիստ, որը կքննի Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները։ Բարձր գնահատելով ՌԴ նախագահի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին ձեռք բերված զինադադարը և դրա պահպանումը՝ Հանրապետության նախագահը հիշեցնում է նաև, որ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ին ընդունած որոշմամբ ՀՀ-ն պարտավոր է հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը»: 
09:46 - 13 դեկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳ փոխնախարարն ԱՊՀ նիստին խոսել է անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման հրատապության մասին

ՀՀ ԱԳ փոխնախարարն ԱՊՀ նիստին խոսել է անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման հրատապության մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի մասնակցությամբ դեկտեմբերի 10-ին կայացել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը:Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, տեսակապի ձևաչափով կայացած նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների համագործակցության և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Նիստի օրակարգում ներառված էր տարբեր ուղղություններով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված շուրջ 15 փաստաթուղթ, այդ թվում՝ 2021թ. ԱՊՀ ԱԳ նախարարությունների միջև բազմամակարդակ խորհրդատվությունների ծրագիրը, ԱՊՀ գործադիր կոմիտեի գործունեության, ինչպես նաև COVID-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ գործողությունների վերաբերյալ:Նիստի ընթացքում ստորագրված փաստաթղթերի մի մասը կներառվի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստի օրակարգում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ստեղծման 75-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների համագործակցության մասին համատեղ հայտարարությունը, մինչև 2025թ. ԱՊՀ մասնակից պետությունների՝ ռազմական համագործակցության մասին հայեցակարգը, ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգը:ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է օրակարգային հարցերի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը: Արմեն Ղևոնդյանն անդրադարձել է նաև Թուրքիայի անմիջական աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային: ԱՊՀ ԱԳՆԽ նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է անհապաղ լուծում պահանջող այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև՝ զոհվածների դիերի փոխանակումը, անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման հրատապությունը, հայկական պատմամշակութային արժեքների պահպանման անհրաժեշտությունը:
15:30 - 12 դեկտեմբերի, 2020
ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի մասնակցությամբ կայացել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Տեսակապի ձևաչափով կայացած նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների համագործակցության և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Նիստի օրակարգում ներառված էր տարբեր ուղղություններով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված շուրջ 15 փաստաթուղթ, այդ թվում՝ 2021թ. ԱՊՀ ԱԳ նախարարությունների միջև բազմամակարդակ խորհրդատվությունների ծրագիրը, ԱՊՀ գործադիր կոմիտեի գործունեության, ինչպես նաև COVID-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ գործողությունների վերաբերյալ: Նիստի ընթացքում ստորագրված փաստաթղթերի մի մասը կներառվի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստի օրակարգում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ստեղծման 75-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների համագործակցության մասին համատեղ հայտարարությունը, մինչև 2025թ. ԱՊՀ մասնակից պետությունների՝ ռազմական համագործակցության մասին հայեցակարգը, ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է օրակարգային հարցերի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը: Արմեն Ղևոնդյանն անդրադարձել էնաև Թուրքիայի անմիջական աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային: ԱՊՀ ԱԳՆԽ նիստի մասնակցիների ուշադրությունը հրավիրվել է անհապաղ լուծում պահանջող այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև՝ զոհվածների դիերի փոխանակումը, անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման հրատապությունը, հայկական պատմամշակութային արժեքների պահպանման անհրաժեշտությունը:
13:37 - 12 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում միջազգային մարմիններին․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում միջազգային մարմիններին․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում միջազգային մարմիններին: Ընդ որում, դարձրել ենք միասնական փաթեթ` սկսած սեպտեմբերի 27-ից: Կարևոր է, որ այս անգամ դրանք միասնական փաթեթով ուղարկվում են նաև այն երկրների քրեական հետապնդման մարմիններին, որոնք ունեն համընդհանուր իրավազորություն (universal jurisdiction): Ապացույցները մեր աշխատակազմում ենթարկվել են իրավական մշակման, թարգմանվել են ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն, իրականացվել է իրավական ամրագրում: Այդ ապացույցներին կից ուղակվում է նաև իրավական վելուծություն, որով ցույց է տրվում, որ ադրբեջանական կողմն արհեստական է ձգձգում գերիների վերադարձն ու զինծառայողների մարմինների փոխանակումը: Ցույց է տրվում նաև կապը դաժանություններին ու էթնիկ պատկանելիության հիմքով պետական աջակցությամբ հայատյացության, այն շարունակելու ադրբեջանական քաղաքականության հետ: Բոլոր նյութերը կուղարկվեն նաև ՀՀ ԱԳՆ, միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկյացուցիչներին, այլ երկրներում հհ դիվանագիտական առաքելություններին, ինչպես նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին»:
14:48 - 11 դեկտեմբերի, 2020
Այս տարին ցույց տվեց, թե որքան վտանգված են մարդկային կյանքը, մարդկային ինքնությունը, մարդկային ժառանգությունը. ԱԳ նախարար

Այս տարին ցույց տվեց, թե որքան վտանգված են մարդկային կյանքը, մարդկային ինքնությունը, մարդկային ժառանգությունը. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսաուղերձ է հղել «Զանգվածային լրատվամիջոցների դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում. թվային դարաշրջանի հեռանկարներն ու վտանգները» խորագրով հեռավար միջոցառմանը:  «Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք, սիրելի բարեկամներ,   72 տարի առաջ այս օրն ընդունվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, որը միջազգային հանրությանը լիազորեց կանխել և պատժել այն, ինչ նախկինում եղել է «հանցագործություն առանց անվանման», և որը բնորոշվեց որպես գործողություններ՝ կատարված ազգային, էթնիկ, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ: Ցեղասպանության մասին կոնվենցիան, որն ընդունվել է մարդու իրավունքների պաշտպանության ուղենշային փաստաթուղթ հանդիսացող Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից մեկ օր առաջ, այսպիսով, դառնում է մարդու իրավունքների առաջին միջազգային համաձայնագիրը։   1998թ. ի վեր Հայաստանը Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում հանդես է գալիս որպես միջազգային ջանքերի առաջամարտիկ՝ ամրագրելու Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի նշանակությունը, ինչպես նաև ստեղծելու կանխարգելման համար ամուր հիմքեր: 2015թ. ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց Հայաստանի նախաձեռնած բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։  Դեկտեմբերի 9-ի՝ միջազգային օրվա սահմանումն ու կանոնավոր հիշատակումը գալիս է համալրելու Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային հանրության միասնական գործողությունների խթանմանը։ Այսօր ես՝ որպես արտաքին գործերի նախարար, պատիվ ունեմ վերահաստատելու Հայաստանի հաստատակամ վճռականությունը` շարունակելու աջակցել ցեղասպանության կանխարգելման և մարդու իրավունքների խթանման ու պաշտպանության միմյանց փոխլրացնող օրակարգերը։  Որպես ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանը հայտարարել է իր հաստատակամ հանձնառությունը՝ կանխելու ինքնությամբ պայմանավորված և ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունները։ Մենք բոլորս քաջատեղյակ ենք, որ այդ ծանրագույն հանցագործությանը՝ ցեղասպանությանը, նախորդում են խտրականությունը, օտարումը, անհանդուրժողականությունը, մարդու իրավունքների և ազատությունների շարունակական խախտումը, էթնիկ և կրոնական հողի վրա ատելության հրահրումը։  Վաղ նախազգուշացման նշանների, ինչպիսիք են, օրինակ, ատելության խոսքի դրսևորումները և նման հռետորաբանության տարածումը զանգվածային լրատվամիջոցների կողմից, ժամանակին հայտնաբերման կարևորության բացակայությունը, ինչպես նաև հաճախ քաղաքական դրդապատճառներից ելնելով դրանք պատշաճ կերպով և ժամականին հասցեագրելու դժկամությունը սահմանափակել են կանխարգելիչ քայլ ձեռնարկելու և ատելություն ու անհանդուրժողականություն սերմանելուն համաչափ պատասխան տալու միասնական կարողությունը։  Հարգելի գործընկերներ,  2020թ. պատմության մեջ կմնա որպես լուրջ դժվարությունների և վայրիվերումների տարի։ Այն հատկապես մարտահրավերներով լի էր Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերի համար։ Քանի դեռ աշխարհը կենտրոնացած էր Covid-19 համավարակի դեմ պայքարի վրա, Ադրբեջանը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ու վարձկանների անմիջական մասնակցությամբ, լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ՝  ակնհայտ ցեղասպան նկրտումներով: Պետական այն քաղաքականությունը, որն ուղղված է անցյալի ոճրագործությունների զոհերի հիշատակը նվաստացնելուն և վիրավորելուն, հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումն արդարացնելու նպատակով խեղված պատմական փաստեր ստեղծելուն, հրահրում է ազգամիջյան լարվածություն և խարխլում հաշտեցման հեռանկարները:   Սիրելի ընկերներ,  Այսօր, առավել քան երբևէ, մենք ունենք ողջ միջազգային հանրության իրական հանձնառության և միասնության կարիքը՝ զարգացնելու ռիսկերի գնահատման և վաղ նախազգուշացման մեխանիզմների հզոր և արդյունավետ համակարգ: Մենք պետք է խթանենք կրթությունը մարդու իրավունքների ոլորտում, հանդուրժողականությունը և խաղաղ գոյակցման մշակույթը: Այստեղ ես կցանկանայի ընդգծել զանգվածային լրատվության միջոցների և հաղորդակցության ոլորտի աշխատակիցների դերը.  տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից աշխարհում նրանց ազդեցությունն ու պատասխանատվությունը ավելի մեծ կարևորություն են ձեռք բերում: Վերջիններս կանգնած են մարդկության դեմ հանցագործությունների բացահայտման և կանխարգելման վաղ նախազգուշացման մեխանիզմների հիմքում։ 2020թ․ հունիսին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի կողմից Ցեղասպանության կանխարգելման մասին ընդունված բանաձևում ընդգծված է, որ «... անկաշկանդ գործելու ունակ ազատ, բազմազան և անկախ լրատվամիջոցները նշանակալիորեն կնվազեցնեն ցեղասպանության վտանգը»։ Սա ճակատագրական պահ է բոլորիս համար, ժամանակն է լիարժեքորեն ստանձնել կանխարգելելու և պաշտպանելու պատասխանատվությունը, ժամանակն է գործել։ Այս տարին ցույց տվեց, թե որքան փխրուն և վտանգված է մարդկային կյանքը, մարդկային ինքնությունը, մարդկային ժառանգությունը։  Մենք երախտապարտ ենք ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կանխարգելման օրակարգը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և վաղ նախազգուշացման ու վաղ գործողությունների կարևորագույն գործառույթներին աջակցելու, այդ թվում՝ ազգային և գլոբալ մակարդակներում ատելության խոսքի դեմ պայքարի հանձնառության համար: Ես ցանկանում եմ ողջունել Տիկին Ալիս Վաիրիմու Նդերիտուին՝ Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի իր նոր պաշտոնում և շնորհակալություն հայտնել նրան և նրան նախորդողին՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգն առաջ մղելու գործում ցուցաբերած հետևողականության համար: Ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գլոբալ հաղորդակցության հարցերով Գլխավոր քարտուղարի տեղակալ տիկին Մելիսա Ֆլեմինգին՝  ոճրագործությունների կանխարգելման և հիշատակման կարևորության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված ջանքերին աջակցելու և դրանցում ունեցած անմիջական մասնակցության համար: Եվ վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նյու Յորքում մեր մշտական ներկայացուցչությանը հումանիստների բացառիկ հարթակ գումարելու համար, ինչը մաս է կազմում Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա ամենամյա ոգեկոչման»։
18:20 - 10 դեկտեմբերի, 2020
ՄԱԿ-ում տեղի ունեցավ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակին և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված առցանց միջոցառում

ՄԱԿ-ում տեղի ունեցավ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակին և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված առցանց միջոցառում

Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպեց «Զանգվածային լրատվամիջոցները ցեղասպանության կանխարգելման գործում․ թվային դարաշրջանի խոստումը և վտանգները» խորագրով առցանց քննարկում՝ նվիրված մամուլի դերին զանգվածային ոճրագործությունների ռիսկերի բացահայտման և ցեղասպանության կանխարգելման գործում։ Առցանց հանդիպմանը ներկա էին ՄԱԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ, ինչպես նաև ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառման մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդգծեց Հայաստանի հանձնառությունը կանխարգելելու ինքնության հողի վրա հանցանքները։ Անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ու վարձկանների ներգրավմամբ ռազմական ագրեսիային Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ակնհայտ ցեղասպանային նկրտումներով։ Կարևորելով մարդու իրավունքների կրթության, հանդուրժողականության և խաղաղ գոյակցության մշակույթը՝ ԱԳ նախարարը նշեց մամուլի աճող նշանակությունը մարդկության նկատմամբ հանցագործությունների կանխարգելման գործում։ Ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Վաիրիմու Նդերիտուն, Գլոբալ հաղորդակցությունների հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Մելիսա Ֆլեմինգը, Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների հետազոտության ինստիտուտի խաղաղաշինության և իրավունքների ծրագրի տնօրեն Դևիդ Ֆիլիպսը, Հոլոքոստի, մարդու իրավունքների և ցեղասպանության կրթության կենտրոն, Շոայի ինստիտուտի գործադիր տնօրեն Սառա Բրաունը, «The Promise» ֆիլմի ռեժիսոր, մրցանակակիր Թերի Ջորջը, Քոլգեյթ համալսարանի պրոֆեսոր, գրող Պիտեր Բալաքյանը, Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնի գործադիր տնօրեն Սայմոն Ադամսը և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Անրի Տերիոն։ Միջոցառման մասնակիցները քննարկեցին ավանդական ու ժամանակակից մամուլի ներգործությունը հանրային կարծիքի վրա՝ ընդգծելով մամուլի ազատության առանցքային դերը վաղ զգուշացման և ցեղասպանության հանցագործության կանխարգելման գործում։ Միջոցառման տեսագրությունը հասանելի է հետևյալ հղումով։
17:43 - 10 դեկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ԱԳ նախարարը և Գլխավոր քարտուղարն անդրադարձան Covid -19 համավարակի ընթացքում կազմակերպության գործունեությանը, համավարակի հետևանքով ֆրանկոֆոն տարածքում առաջ եկած մարտահրավերներին: Նախարար Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյին համապարփակ կերպով ներկայացրեց Հայաստանի և Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով գոյացած հումանիտար ճգնաժամը և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Արա Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյի ուշադրությունը հրավիրեց պատերազմում Թուրքիայի հովանավորչությամբ ահաբեկչական խմբավորումների ուղիղ ներգրավվածության վրա` նշելով, որ դա լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև ողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Օգտվելով առիթից՝ Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ սկզբունքային և հստակ դիրքորոշման համար։
12:02 - 10 դեկտեմբերի, 2020
ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը մասնակցել է մամուլի ազատությանը նվիրված համաշխարհային նախարարական համաժողովին

ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը մասնակցել է մամուլի ազատությանը նվիրված համաշխարհային նախարարական համաժողովին

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն առցանց ձևաչափով մասնակցել է մամուլի ազատությանը նվիրված համաշխարհային նախարարական համաժողովին, որն անց էր կացվում Նիդերլանդների նախագահությամբ: Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը։Իր ելույթում Արտակ Ապիտոնյանը կարևորել է անկախ մամուլի դերը ժողովրդավարական հասարակություններում զսպումների և հակակշիռների համակարգի կենսունակության ապահովման գործում, անդրադարձավ նաև աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված լրատվական գործունեության սահմանափակումներին և այլ մարտահրավերներին: ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, նշել է․ «Անկողմնակալ տեղեկատվության անհրաժեշտությունը շեշտակի աճում է ռազմական հակամարտությունների ժամանակ, ինչը դրսևորվեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի ընթացքում։ Հայաստանը և Արցախը օտարերկրյա լրատվամիջոցների ավելի քան 800 ներկայացուցիչների համար ապահովել են անհրաժեշտ աշխատանքային պայմաններ և հասանելիություն։ Ցավոք, հակամարտության մյուս կողմը շարունակեց ազատ մամուլի դեմ իր սահմանափակումները և զբաղվեց ապատեղեկատվության տարածմամբ՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ գործած պատերազմական հանցագործությունները կոծկելու նպատակով։ Բացի այդ, պատերազմական առաջին շաբաթների ընթացքում ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները, «Արմենիա» հեռուստաընկերության անձնակազմը և ռուս լրագրողների խումբը Արցախի տարբեր վայրերում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռմբակոծության և նպատակաուղղված թիրախավորման ենթարկվեցին՝ ստանալով ծանր վնասվածքներ։ Որոշ լրագրողներ ադրբեջանական սոցիալական հարթակներում ուղղակի սպառնալիքներ և Լեռնային Ղարաբաղից հեռանալու պահանջներ են ստացել։ Հատկանշական է, որ ադրբեջանական ագրեսիան ուղեկցվում էր ուղղորդված ատելության խոսքով և էթնիկ հայերի դեմ թշնամանքով, ինչը տասնամյակներ շարունակ խրախուսվում էր Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։ Նույնիսկ ռազմական գործողությունների դադարեցումից հետո հայերի նկատմամբ բռնության և դաժանության այդ կոչերը շարունակում են դրսևորվել հայ գերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքով: Գիտակցելով, որ ատելության խոսքը վայրագ հանցագործությունների համար հող է նախապատրաստում՝ մենք հավաքական պատասխանատվություն ենք կրում խոսքի ազատության և ատելության խոսքի միջև ճիշտ հավասարակշռությունը գտնելու գործում»։ Եզրափակելով ելույթը՝ Արտակ Ապիտոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը մամուլի ազատության և լրագրողների անվտանգության ապահովման գործում։
21:49 - 09 դեկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ

Դեկտեմբերի 9-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Սենատի առաջին փոխնախագահը, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև Սենատի մի շարք քաղաքական խմբակցությունների ղեկավարներ։ Այս ամսին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ինտենսիվ քաղաքական երկխոսության առկայությամբ՝ հիմնված հարուստ պատմամշակութային առնչությունների և երկու ժողովուրդների միջև անկեղծ բարեկամության վրա: Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել նոյեմբերի 25-ին Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» բանաձևի կապակցությամբ՝ շեշտելով, որ այն կարևոր ազդակ է միջազգային հանրությանը և արտահայտում է մարդու իրավունքների համընդհանուր քաղաքակրթական արժեքներին ֆրանսիացի ժողովրդի անշեղ հավատարմությունը։ Անդրադառնալով բանաձևի խորհրդին՝ նախարարն ընդգծել է դրա կարևորությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման գործընթացում: Այվազյանը նշել է, որ Թուրքիան, գործուն աջակցություն ցուցաբերելով Արցախի դեմ Ադրբեջանի ռազմատենչ ագրեսիային, պատասխանատվություն է կրում Ադրբեջանի`հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության համար: Նախարարն իր ֆրանսիացի գործընկերների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, դրանց ոչնչացման, և պղծման դրսևորումների վրա: Այս համատեքստում կողմերը շեշտել են հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պահպանության և այդ գործում միջազգային մասնագիտացված կառույցների ակտիվ ներգրավվածության կարևորությունը: Հանդիպմանը քննարկվել են նաև Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գոյացած հումանիտար մարտահրավերները և դրանք հասցեագրելուն ուղղված քայլերը։ Տեղի է ունեցել մտքերի ակտիվ փոխանակում տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ:
21:10 - 09 դեկտեմբերի, 2020
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը տեսակապի ձևաչափով մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 88-րդ նիստին։ Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ շրջանակներում տարբեր ուղղություններով համագործակցությանը վերաբերող արդիական հարցերի շուրջ: ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված էին ԱՊՀ մասնակից պետությունների՝ կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործման կանխարգելմանը և կանխմանն ուղղված համագործակցության համաձայնագրի մասին, մինչև 2025 թ․ ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետություններում տրանսպորտային միջոցների համար որպես շարժիչային վառելանյութ բնական գազի օգտագործումը զարգացնելուն և խթանելուն ուղղված միջոցառումների մասին ԱՊՀ ՏԽ որոշումների նախագծերը։ Քննարկեցին նաև առողջապահության և ապահովագրության ոլորտում համատեղ հետազոտությունների իրագործման ծրագրերը, նորարարական գործունեության բնագավառում արդի հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիներին առնչվող հարցեր։ Նիստի արդյունքներով տնտեսական, էներգետիկ, գյուղատնտեսական և մեքենաշինության բնագավառներին առնչվող հարցերի վերաբերյալ տասնյակից ավելի որոշումներ ընդունվեցին։ Անդրադարձ կատարվեց նաև կազմակերպչական բնույթի, մասնավորապես՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի 89-րդ նիստը 2021 թ․ մարտի 12-ին Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ հարցերին:
21:02 - 09 դեկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հայաստանը, աշխարհի ողջ առաջադեմ մարդկության հետ, ոգեկոչում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը։ 2015 թվականին Հայաստանն ուղղորդեց համաշխարհային ջանքերը՝ դեկտեմբերի 9-ը սահմանելու Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր: Հայաստանը՝ որպես ցեղասպանության արհավիրքը վերապրած ժողովուրդ ներկայացնող երկիր, տարիներ շարունակ միջազգային ասպարեզում հանդես է գալիս որպես այս հանցագործության դեմ պայքարի ջատագով և հետևողականորեն աշխատում է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու, ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների վտանգների իրազեկման և դրանց արձագանքման իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման ուղղությամբ։ Գործադրվող ջանքերի հետ համատեղ աշխարհն այսօր բախվում է այնպիսի լրջագույն մարտահրավերների, ինչպիսիք են անհանդուրժողականության և ծայրահեղականության աճը, մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, մարդկային կյանքի և արժանապատվության ոտնահարումը: Այս ահազանգը ոչ միայն դատապարտող և կարեկցող կոչեր հնչեցնելու առիթ պետք է դառնա, այլև օրակարգային դարձնի միջազգային կառույցների շրջանակում վաղ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանն ուղղված քայլերը: Ցեղասպանությունը և այլ զանգվածային ոճրագործությունները, որպես կանոն, նախապես ծրագրված բնույթ են կրում և ընթանում են քաղաքացիական բնակչության թիրախավորման, մշակութային և կրոնական արժեքների ոչնչացման, ծայրաստիճան ատելության տարածմամբ: Այս բոլոր գործողություններն իրականացվեցին Արցախի ժողովրդի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի ընթացքում, որը պլանավորվել և իրականացվել էր Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ամբողջական քաղաքական և ռազմական աջակցությամբ և օտարերկրյա վարձկանների և զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ: Այսպիսով, հայ ժողովուրդը ցեղասպան գործողությունների նոր զոհեր տալով՝ հայտնվեց գոյատևման սպառնալիքի առջև: Ցեղասպանությունը, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված այլ ոճրագործությունները ծնող պատճառներից է անպատժելիությունը: Անցյալում գործած հանցագործությունների ոչ բավարար դատապարտումն ու պատժից խուսափումը ժխտողականության և ցեղասպանության արդարացման համար պարարտ հող են ստեղծում: Այս գործոնները լուրջ սպառնալիք են ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար, քանի որ այն պետությունները, որոնք ցեղասպանության ժխտողականությունը դարձնում են պետական գաղափարախոսություն, երբևէ չեն կարող ապահովել այնպիսի հիմնարար իրավունքների իրականացումը, ինչպիսիք են խոսքի և հավաքների ազատությունը, փոքրամասնությունների պաշտպանությունը, պայքարը ռասիզմի և անհանդուրժողականության դեմ: Զանգվածային ոճրագործությունների կանխարգելումը առաջին հերթին պատասխանատվություն է, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը` ակտիվորեն նպաստելու այս կարևոր խնդրի առաջադրմանը գլոբալ օրակարգի շրջանակներում:    
19:24 - 09 դեկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովում

ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովում

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանսիայի Ազգային ժողովի ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ֆրանսուազ Դյումայի հանդիպումը, որին ներկա էին նաև Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խորհրդի պատգամավորները: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների բարեկամական առանձնաշնորհյալ բնույթը՝ խարսխված դարերի խորքից բխող ավանդույթների և ընդհանուր արժեհամակարգի վրա: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ կատարվեց Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությանը և դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Նախարար Այվազյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի ԱԺ կողմից օրեր առաջ ընդունված բանաձևը՝ որպես կարևոր հանգրվան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման գործընթացում:  Անդրադառնալով Արցախի ժողովրդի դեմ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավվածությամբ իրականացված ադրբեջանական ագրեսիային՝ նախարար Այվազյանը բարձր գնահատեց պատերազմի առաջին օրվանից Ֆրանսիայի և ֆրանսիական ժողովրդի համերաշխությունն Արցախին և հայ ժողովրդին:  Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար աղետի հասցեագրման հրատապությանը՝ նախարար Այվազյանն ընդգծեց տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար համապատասխան պայմանների ստեղծումը, արցախահության իրավունքների և շահերի վերականգնումը և պաշտպանությունը: Երկուստեք ընդգծվեց նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքներում պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը:
18:38 - 09 դեկտեմբերի, 2020
Ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը, և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից․ Արա Այվազյան

Ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը, և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից․ Արա Այվազյան

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի խոսքը և պատասխանը լրագրողի հարցին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին․ «Հարգելի պարոն Լը Դրիան, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ այսօր գտնվել բարեկամ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Շնորհակալություն եմ հայտնում իմ ֆրանսիացի գործընկերոջը հրավերի և ջերմ ընդունելության համար։ Գոհունակությամբ կարող եմ արձանագրել, որ մենք այսօր արդյունավետ և անկեղծ զրույց ունեցանք հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգում գտնվող ամենահրատապ հարցերի շուրջ։ Հանդիպման առանցքային հարցերից մեկը, իհարկե, Թուրքիայի գործուն աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան էր, և դրա արդյունքում ստեղծված բարդ իրավիճակը։ Մենք մտքեր փոխանակեցինք պատերազմից հետո ի հայտ եկած հումանիտար խնդիրների լուծման, խաղաղ բանակցային գործընթացի հետագա ընթացքի, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն ուղղված քայլերի, ինչպես նաև ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ հայտնված հայկական բազմադարյա մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ։ Ես Հայաստանի Հանրապետության անունից խորին երախտագիտություն հայտնեցի ֆրանսիացի գործընկերոջս՝ պատերազմի ամենասկզբից ի վեր Ֆրանսիայի որդեգրած համարձակ և, միևնույն ժամանակ, անկողմնակալ դիրքորոշման համար։ Մեզ համար խիստ կարևոր էին նախագահ Էմանուել Մակրոնի հասցեական հայտարարությունները, որտեղ վերջինս հստակ մատնանշեց ագրեսորին և անդրադարձ կատարեց Թուրքիայի խիստ վնասակար ու վտանգավոր ներգրավվածությանը պատերազմում, ինչպես նաև ջիհադիստ ահաբեկիչների՝ դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխման հարցին։ Օգտվելով ընձեռված առիթից՝ կցանկանայի նաև հատուկ շնորհակալություն հայտնել անձամբ արտգործնախարար Լը Դրիանին՝ ինչպես պատերազմի ծանր օրերին, այնպես էլ՝ հրադադարի հաստատումից հետո խնդրի կարգավորմանը և Հայաստանին օգնելու հարցում իր ներգրավվածության, ինչպես նաև ֆրանսիական դիվանագիտության կառուցողական գործունեության համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված հումանիտար աջակցության համար։ Վերջին ամիսներին մենք, հիրավի, զգացել ենք ֆրանսիացի ժողովրդի, պետության և հասարակական շրջանակների անկեղծ աջակցությունն ու կարեկցանքը մեր թիկունքում։ Դրա ամենավառ վկայությունն ինչպես վերոնշյալ փաստերն են, այնպես էլ՝ ֆրանսիացի մտավորականների, արվեստի ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների, պետական ու քաղաքական գործիչների հազարավոր հայտարարությունները և մամուլի հրապարակումները։ Այս համատեքստում կցանկանայի նաև հիշատակել «Le Monde» օրաթերթի երկու լրագրողներին, ովքեր ծանր վիրավորվել են Արցախում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս։ Նրանց արագ ապաքինում եմ մաղթում։  Իմ ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հանգամանալից անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական կարգավորմանը։ Ներկայացրի Հայաստանի մտահոգությունները, այդ թվում՝ պատերազմի օրերին Արցախից հեռացած հայ բնակչության իրենց բնակավայրեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձի և ռազմագերիների անհապաղ փոխանակման ու աճյունների վերադարձի հարցերի առնչությամբ։ Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը, որոնք ոչ միայն չեն դատապարտվում Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից, այլև արժանանում են հասարակական աջակցության: Հայատյացության այս դրսևորումների թիրախ են դառնում նաև Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական բազմաթիվ միջնադարյան մշակութային, կրոնական կոթողները, որոնք ադրբեջանական կողմը կամ փորձում է ոչնչացնել, սրբապղծել, կամ էլ՝ փոխել դրանց ինքնությունը: Մտքեր փոխանակեցինք միջազգային կազմակերպությունների միջոցով այդ կրոնական-մշակութային կոթողների պահպանման ուղղությամբ: Գործընկերոջս ներկայացրի Հայաստանի դիրքորոշումը բանակցությունների հետագա ընթացքի վերաբերյալ։ Ընդգծեցի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի կարգավիճակի ճանաչման կարևորությունը:  Անդրադարձ կատարեցինք նաև հայ-ֆրանսիական սերտ քաղաքական երկխոսության խորացման հետագա հեռանկարներին և համագործակցության ծրագրերին։  Ավարտելով խոսքս՝ կուզենայի ընդգծել, որ շատ ուրախ կլինեմ հյուրընկալել գործընկերոջս՝ Ժան-Իվ Լը Դրիանին Երևանում՝ օրակարգային հարցերի շուրջ հայ-ֆրանսիական արդյունավետ երկխոսությունը շարունակելու նպատակով։  Շնորհակալություն: Հարց. Պարոն Լը Դրիան, նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուղղված էր ռազմական գործողությունների դադարեցմանը, և Դուք էլ եք նշել, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանման մասով: Ինչպե՞ս է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը տեսնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը՝ հաշվի առնելով, որ այս հարցը Մադրիդյան հիմնարար սկզբունքներից միակն է, որը դեռ չի հասցեագրվել: Պարոն Այվազյան, կցանկանայի նաև Ձեր մեկնաբանությունը ինքնորոշման իրավունքի վերաբերյալ:  Արա Այվազյան. Տեսեք, ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը, և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չի հանել օրակարգից: Ադրբեջանը և Թուրքիան, սկսելով ռազմական ագրեսիան Արցախի ինքնորոշման դեմ, խախտել են միջազգային իրենց պարտավորությունները, իսկ Ադրբեջանը խախտել է նաև խաղաղ բանակցային գործընթացի իր պարտականությունները: Սեպտեմբերի 27-ից ի վեր մինչ օրս, միջազգային հանրության մոտ ընկալման նոր ջրբաժան տեղի ունեցավ, որովհետև միջազգային հանրությունը հասկացավ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սոսկ տարածքային վեճ չէ: Եվ Արցախի բոլոր այն հատվածներում, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ, տեղի ունեցան էթնիկ զտումներ և ռազմական հանցագործություններ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է անհրաժեշտությունն անդրադառնալ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Միայն այդ դեպքում, ինձ թվում է, հնարավոր է հասնել տևական և արդար խաղաղության,  և միայն այդ ժամանակ կարելի է մտածել Հարավային Կովկասում խաղաղ գոյատևման և նոր ժամանակաշրջանի մասին:  Այսքանը, շնորհակալություն»։
09:20 - 09 դեկտեմբերի, 2020