ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Երևանի Օրբելի 23 հասցեում գտնվող, ավելի քան 3 հա պետգույք հանդիսացող տարածքը կօտարվի, նախատեսվում է հյուրանոց կառուցել |tert.am|

Երևանի Օրբելի 23 հասցեում գտնվող, ավելի քան 3 հա պետգույք հանդիսացող տարածքը կօտարվի, նախատեսվում է հյուրանոց կառուցել |tert.am|

tert.am: Կառավարությունը որոշեց Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Արաբկիր, Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով և 0.004359 հեկտար մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասն օտարել մրցույթով: Հարցը  ներկայացնող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այն զինվորական հիվանդանոցի շենք-շինություն է եղել: «Որոշում է ընդունվել այն ներկայացնել աճուրդի՝ նպատակով, որ այնտեղ կառուցվի հյուրանոցային համալիր»,-ասաց նա: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ երբ այս հարցերում նաև դնում են պարտավորություններ՝ ներդրում իրականացնելու, աշխատատեղ ստեղծելու, ապա խորհուրդ է տալիս գույքը չպահել որպես գրավ: «Դա պոտենցիալ գնորդների շրջանակը նեղացնում է, որովհետև, ըստ էության, բանկերի մասնակցությունը գործընթացին խոչընդոտում է»,-ասաց նա:Վարչապետը ևս համաձայնեց, որ դա անտրամաբանական է: Կառավարութան աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը նշեց, որ խնդիրը քննարկել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ: «Երբ մենք վերջին հինգ գույքը հանել ենք մրցույթի, տրամաբանությունն այն է, որ գույքն օտարման ենթարկվում է որոշակի պայմաններով, և դրանց իրականացման վրա որոշակի վերահսկողության լծակ պետք է ունենա Պետգույքի կառավարման կոմիտեն, և այդ լծակը գրավն է, բայց դա չի բացառում, որ տվյալ գույքը ձեռք բերողի կողմից կարող է ևս գրավադրվել բանկում: Բաբայանը հավաստիացրեց, որ եթե նման խնդիր կա, ապա այն կլուծվի, և խնդիրը կարող է լուծվել պայմանագրի շրջանակներում»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
13:40 - 30 հուլիսի, 2020
Կառավարության որոշմամբ՝ մանկատան 24 սաների բնակարանային խնդիրը կլուծվի |tert.am|

Կառավարության որոշմամբ՝ մանկատան 24 սաների բնակարանային խնդիրը կլուծվի |tert.am|

tert.am: Այսօր կառավարության որոշմամբ բնակարանի գնման վկայագրեր են տրամադրվում 1991թ-ից առ 2019թ. ներառյալ ՀՀ պետական մանկատներից 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս գրված ՀՀ քաղաքացի հանդիսացող այն շրջանավարտներին, որոնք չունեն սեփականության իրավունքով բնակտարածություն և բնակտարածություն չեն օտարել դիմելու պահին նախորդած 5 տարիների ընթացքում: Նախնական գնահատումով նման շրջանավարտների թվաքանակը կազմում էր շուրջ 300: Արդեն իսկ 133 շրջանավարտների համար որոշումը կայացված է, նրանք ստացել են ԲԳՎ-ները, ընդ որում շուրջ 50-ն արդեն ձեռք են բերել նաև բնակարաններ: Կառավարության այս որոշմամբ ՝1991 թվականից առ 2019թ. ներառյալ ամբողջ ժամանակահատվածում ՀՀ մանկատներում խնամված, ինչ-ինչ պատճառներով որոշման պահանջներին ֆորմալ չբավարարող տվյալներ ունեցող, բայց իրենց իրավիճակով ԲԳՎ-ի կարիք ունեցող անձանց բնակարանի խնդիրը կլուծվի։ Որոշման նախագծով առաջարկվում է ԲԳՎ տրամադրել նրանցից ընդամենը 24-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե մանկատան սաների առաջ իրենց ունեցած ամենամեծ պարտավորությունը պետք է լինի կրթական պարտավորությունը։
13:20 - 30 հուլիսի, 2020
Մի շարք տարածքների օտարման գործարքներ կլինեն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ՝ ըստ որոշակի պայմանների

Մի շարք տարածքների օտարման գործարքներ կլինեն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ՝ ըստ որոշակի պայմանների

Գործադիրը որոշեց կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման գործարքները համարել իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ, եթե առկա են հետևյալ բոլոր պայմանները. 1. նախկին կառուցապատողը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքը նոր կառուցապատողը ձեռք է բերել  աճուրդային կարգով 2. կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների գնորդ է համարվում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այն ֆիզիկական անձը, ով նույն սնանկության վարույթի շրջանակներում նույն գույքի մասով օրենքով սահմանված կարգով դատարանի կողմից ճանաչվել է որպես պարտատեր, կամ ով կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքի կառուցապատողի հետ ունեցել է այդ նույն կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքում բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի ձեռք բերման պայմանագիր, և այդ պահանջը գրանցված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։ 3. առկա է բոլոր շահագրգիռ կողմերի  փոխադարձ նոտարական կարգով հաստատված համաձայնությունը՝ անավարտ շինարարությունն ավարտին հասցնելու և բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների առք ու վաճառքի գործարքները սահմանված կարգով որոշվող գնով կատարելու վերաբերյալ։
11:43 - 30 հուլիսի, 2020
Կառավարության որոշմամբ փոխհատուցում կտրամադրվի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին

Կառավարության որոշմամբ փոխհատուցում կտրամադրվի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին

Կառավարության որոշմամբ փոխհատուցում կտրամադրվի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին, որոնց թիվը 2020թ. հունվար ամսվա դրությամբ կազմում է 74 (հնարավոր է տարվա ընթացքում փոփոխվի): Ըստ նախնական հաշվարկների (հիմք է ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 հազ. դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ 74 բնակչի հաշվարկով տարեկան 10. 656,0 հազ. դրամ: Որոշման ընդունման դեպքում, սոցիալական տան միայնակ բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 144 000 դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար:
11:25 - 30 հուլիսի, 2020
Եթե իրավիճակն այսպես շարունակվի 4-րդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը դրական նշույլներ ցույց կտա․ Մանուկյան |armtimes.com|

Եթե իրավիճակն այսպես շարունակվի 4-րդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը դրական նշույլներ ցույց կտա․ Մանուկյան |armtimes.com|

armtimes.com: Հուլիսի 24-ին Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը։ Դրանով նախատեսվում են տնտեսության խթանմանը միտված հավելյալ գործիքակազմեր, որոնք կնպաստեն տնտեսության վերականգնմանն ու  առաջընթացին։ Քննարկմանը մասնակցել են Կառավարության անդամները եւ Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ։ Թեմայի վերաբերյալ հարցազրույց քննարկման մասնակիցներից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ։ - Պարո՛ն Մանուկյան, Կառավարությունում քննարկված ծրագրի նախագծով ի՞նչ քայլեր են նախատեսված իրականացնել։ - Տնտեսական աճի վերականգնման քննարկումներում 2 հիմնական բաղադրիչ պետք է առանձնացնենք։ Առաջինը հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում տնտեսության պատրաստվածության աստիճանի բարձրացումն է, ինչը նշանակում է մրցակցության բարձրացում։ Երկրորդը  ընթացիկ տնտեսական կառուցվածքի հետ կապված  հիմնախնդիրների լուծումն է, որոնք իրենց համատեքստում միտված են երկարաժամկետ ռազմավարական նպատակների կենսագործմանը։ Օրինակ՝ վերջերս գյուղատնտեսության ոլորտում վերամշակող արդյունաբերության առումով խնդիրներ առաջացան, որոնք ընթացիկ խնդիրներ են։ Այս պահի տնտեսական աճի միտումների պահպանման համատեքստում մենք պետք է քննարկենք եւ տեսնենք, թե առկա կամ հնարավոր ռիսկերն ինչպես ենք մեղմում, ինչպես ենք հնարավորություններ ընձեռում, որ նորանոր  շուկաներ մուտք գործենք։ Սա է ընդհանուր տրամաբանությունը։ Այս համատեքստում կարեւոր է կապիտալ ծախսերի առումով մոտեցումների ամրագրումը։ - Վարչապետը կարեւորել է որոշումների արագ կայացումը։ Կարճաժամկե՞տ որոշումների մասին է խոսքը, թե սա երկարաժամկետ ծրագիր է։ - 2 խումբ խնդիրներ կան։ Առաջինն այն խնդիրներն են, որոնք ծառացել կամ ծառանալու են մեր երկրի տնտեսության առջեւ՝ պայմանավորված կորոնավիրուսով՝ այսինքն առկա ոլորտները, որոնք ունեն որոշակի դժվարություններ։ Երկրորդը՝ սրան զուգընթաց ապագա կամ հեռանկարային ուղղություններն են, որոնցով մենք կարող ենք էլ ավելի մեծացնել մեր տնտեսության պատրաստվածության աստիճանը, ինչու չէ՝ նաեւ արտադրողականությունը եւ որպես վերջնարդյունք մեծացնենք նաեւ մեր տնտեսական աճի պոտենցիալը։ Գաղտնիք բացահայտած չեմ լինի ասելով, որ այն մոդելով, որով պլանավորվում էր տնտեսական աճի պոտենցիալը, կազմում էր 4.5-ից 5.5 տոկոս՝ մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված։ Հիմա, եթե տնտեսական խաղի կանոնների փոփոխություն լինի եւ հնարավորություններ բացվեն, որ ներդրողները հավելյալ արժեք ստեղծող ոլորտներում ներդրումներ անեն պետության կողմից համապատասխան ենթակառուցվածքային նախագծերի աջակցության միջոցով, ապա այստեղ քո տնտեսական աճի պոտենցիալը մեծանում է։ Այս առումով մենք կարեւորում ենք այն հեռանկարային խնդիրները, որոնք կնպաստեն նաեւ վարչապետի կողմից հայտարարված ռազմավարական նպատակների կյանքի կոչմանը։ - Դուք  ո՞ր ուղղության շուրջ եք առաջարկներ ներկայացրել։ - Գիտեք, ես չէի ցանկանա, որ յուրաքանչյուրս անհատական ներկայացնենք, թե ով ինչ է ասել։ Բայց կան հարցադրումներ, որոնց շուրջ քննարկումներում կա կոնսենսուս։ Առաջինը կապիտալ ծախսերի առումով է։ Երկրորդը Աստծո կողմից մեզ տրված շուրջ 300 արեւային օրերն են։ Սա հնարավորություն է, որ այլընտրանքային էներգիայով պայմանավորված մեր առկա ենթակառուցվածքները փոփոխությունների ենթարկենք եւ նաեւ էներգետիկ անվտանգությունը մեծացնենք։ Երրորդ՝ ակնհայտ է, որ զբոսաշրջությունը եվս կվերականգնվի։ Հայաստանն այս առումով բավականաչափ մեծ պոտենցիալ ունի եւ կարծում եմ, որ առկա կապիտալ ծախսերը նաեւ ապագային պետք է միտված լինեն։ Օրինակ՝ մենք ոչ միայն ջրամբարներ պետք է կառուցենք, այլեւ ջրամբարը դիտարկենք որպես էկո համակարգ եւ դրա միջոցով հավելյալ արդյունք ստեղծենք։ Օրինակ՝ ջրամբարի վրա կառուցվեն սպորտային, առողջարանական ենթակառուցվածքներ։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:57 - 29 հուլիսի, 2020
Կառավարությունը հաստատել և սահմանված կարգով ԱԺ է ներկայացրել է 2021-2023թթ․ Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Կառավարությունը հաստատել և սահմանված կարգով ԱԺ է ներկայացրել է 2021-2023թթ․ Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Կառավարությունը հաստատել և սահմանված կարգով ԱԺ է ներկայացրել է 2021-2023 թվականների  Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։  Այն ենթադրում է մակրոտնտեսական կայուն միջավայրին համապատասխանող բյուջետային ռե­սուրս­­նե­­րի (մուտ­քե­րի) համապարփակ և իրատեսական գնահատում, քաղաքականությունների իրականացման նպատակով կատարվող ծախսերի՝ վարից վեր մո­տեց­մամբ գնահատում, հասանելի բյուջետային ռեսուրսների և պահանջվող ծախսերի ներդաշնակության ապա­հովում համապատասխան մեխանիզմների օգնությամբ: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից։ 2021-2023 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մակրոտնտեսական կանխատեսումները վերանայվել են։ Մասնավորապես՝ Համաշխարհային տնտեսություն։ Դեռևս 2019 թվականի վերջին կանխատեսվում էր, որ աշխարհի ավելի քան 170 երկրների տնտեսությունները 2020 թվականին կաճեն։ Մինչդեռ, կորոնավիրուսի համավարակի (COVID 19) ազդեցության գնահատականների ձևավորմանը զուգընթաց վերանայվեցնին նաև հենց այդ նույն թվով երկրների տնտեսական զարգացումների կանխատեսումները՝ անկման ուղղությամբ։ Ներկայում, ամբողջ աշխարհը շարունակում է կրել համավարակի արագ տարածման բացասական հետևանքները: Այս պայմաններում հատկանշական է, որ զգալի անկում է կանխատեսվում ՀՀ գործընկեր երկրների տնտեսությունների համար, որի էական բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա անխուսափելի է։ ՀՀ տնտեսություն։ Արտակարգ դրության և կիրառվող սահմանափակումների պայմաններում ՀՀ-ում նվազում է ինչպես պահանջարկը, այնպես էլ առաջարկը: Առավելապես տուժել են ծառայությունների, շինարարության և մշակող արդյունաբերության ճյուղերը։ Այս պայմաններումՀՀ համար 2020թ. սպասվում է 2.6% տնտեսական անկում, իսկ միջնաժամկետում՝ միջինում 6.1% տնտեսական աճ: Ընդ որում, համավարակի տարածման և տևողության մեծ անորոշություններով պայմանավորված, կանխատեսվող հորիզոնում գերակշռում են տնտեսական աճի դեպի ներքև ուղղությամբ ռիսկերը։ Տնտեսական զարգացումներին համարժեք արձագանքելու նպատակով՝ 2020թ. և միջնաժամկետում հարկաբյուջետային քաղաքականության առջև դրվել են հետևյալ առաջնահերթությունները՝ Հակապարբերաշրջանային քաղաքականություն։ Հարկաբյուջետային կանոնների համակարգին համահունչ՝ 2020թ.-ին հարկաբյուջետային քաղաքականությունը կլինի խթանող` հակազդելու COVID-19 համավարակի բռնկման և կիրառված տնտեսական սահմանափակումների պատճառով առաջացած տնտեսական ցնցմանը։ Իսկ արդեն 2021թ․-ից հարկաբյուջետային քաղաքականությունը կունենա չեզոք ուղղվածություն։ Երկարաժամկետ տնտեսական աճի խթանում։ Հարկաբյուջետային քաղաքականությունը 2020թ․-ին կշեղվի պետական ֆինանսների «ոսկե կանոնից», որը պահանջում է, որ տվյալ տարում կառավարության վերցրած փոխառությունների ծավալը չգերազանցեն պետական ներդրումների ծավալին, իսկ ընթացիկ ծախսերը ծածկվեն սեփական եկամուտներով։ 2021թ․-ից հարկաբյուջետային քաղաքականությունը կվերադառնա «Ոսկե կանոնին»: «Ոսկե կանոնի» ներքո պետական ենթակառուցվածքներ ուղղվող կապիտալ ծախսերի դերի բարձրացումը թույլ կտա խթանել երկարաժամկետ տնտեսական աճը և ՀՆԱ աճի հաշվին երկարաժամկետ հեռանկարում ապահովել պետական պարտքի կայունությունը։ Հարկաբյուջետային և պարտքի կայունության պահպանում։ COIVID-19 համավարակի պայմաններում պետական բյուջեի հարկային եկամուտների նվազումը և հակաճգնաժամային գործողությունների հետևանքով ընթացիկ ծախսերի և տնտեսության վարկավորման աճերը կհանգեցնեն ՀՀ կառավարության պարտքի բեռի էական շեղմանը ՀՆԱ-ում 50% շեմից։ Միջնաժամկետում հարկաբյուջետային քաղաքականության նպատակն է սահուն կերպով նվազեցնել պարտքի բեռը՝ հասցնելով այն 54.7%-ի, այնուհետև հետագա տարիներին ապահովել կառավարության պարտքի բեռի՝ ՀՆԱ-ի 50%-ից նվազեցման թիրախի ապահովումը: Կառավարությունն առաջիկա տարիների՝ 2021-23թթ․ համար առավել կարևո­րում է պե­տական բյուջեի հիմնական ծախսային հետևյալ գերակայությունները՝ սոցիալական ոլորտ (կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն), պաշտպանության և ազգային անվտանգության կառույցների անհրաժեշտ ֆինանսավորում, տնտեսության առանձին ոլորտներում ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացում։
18:20 - 28 հուլիսի, 2020
Հակառակաորդի ուղիղ նշանառության տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին հնարավորություն կտրվի մինչեւ 2024թ․ հունվարի 1-ը ստանալ մի շարք աջակցություններ

Հակառակաորդի ուղիղ նշանառության տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին հնարավորություն կտրվի մինչեւ 2024թ․ հունվարի 1-ը ստանալ մի շարք աջակցություններ

Աժ «Իմ քայլը»։ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Առաջիկա երեք տարում եւս պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած 50% էլեկտրաէներգիան 50% բնական գազը 50% ոռոգման ջուրը Ամբողջությամբ կվճարի սահմանապահի 100% հողի հարկը 100% գույքահարկը Այսուհետ սահմանապահ աշակերտներին դասագրքերը կտրվեն 50% զեղչված կամ անվճար Ադրբեջանական վայրագություններից վնասված բնակելի տները, օրենքի ուժով 100% կվերականգնվեն անվճար( աշխ. սկսվել են)։ Սպանված գյուղ. եւ/կամ մթերատու կենդանիների համար կտրվի 100% փոխհատուցում Վիրավորվելու հետեւանքով հաշմանդամության կարգ ձեռք բերելու դեպքում միանվա 1-3 մլն դրամ + անվճար բուժօգնություն 5 մլն դրամ զոհվածի ընտանիքին Կառավարության քննարկումներից հետո արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել իմ եւ Սիփան Փաշինյանի հեղինակած օրենսդրական նախագիծը։ Օրենքի այս լրացումներն ու փոփոխությունները հակառակաորդի ուղիղ նշանառության տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին հնարավորություն կտան մինչեւ 2024թ հունվարի մեկը պետությունից ստանալ վերոնշյալ աջակցությունները։ Հ.Գ. գործընկերներ այլ պատգամավորի հետ այս պահին աշխատում ենք ուսման վարձերը եւ մանկապարտեզները փոխհատուցելու տարբերակների վրա»։
11:45 - 28 հուլիսի, 2020
Վարչապետին ներկայացվել է առողջապահության ոլորտում 2019թ. իրականացված միջոցառումների հաշվետվությունը

Վարչապետին ներկայացվել է առողջապահության ոլորտում 2019թ. իրականացված միջոցառումների հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված առողջապահության ոլորտում 2019թ. իրականացված միջոցառումների հաշվետվությունը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է 2019թ. կատարված բոլոր 14 միջոցառումների կատարողականը: Մասնավորապես, հաշվետվություն է ներկայացվել առողջ ապրելակերպի, առավել տարածված հիվանդությունների դեմ պայքարի, բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման, առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության, մանկական վերականգնողական բժշկական օգնության մատչելիության բարելավման, մարզերում որակյալ բուժօգնության ապահովման, էլեկտրոնային առողջապահության համակարգի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել նաև ընթացիկ աշխատանքների մասին, որոնք վերաբերում են առողջության համապարփակ բժշկական ապահովագրությանը, 2019թ. վերջին ստեղծված՝ Տուբերկուլոզի կառավարման 2021-2025թթ. ազգային ծրագրի նախագծի մշակմանը, ՀՀ-ում գործող խմելու ջրի վերաբերյալ իրավական ակտերի պահանջների վերանայմանը: Առողջապահության նախարարը նշել է, որ ընթացիկ աշխատանքների շարքում մշակման փուլում է գտնվում «2021-2023 թվականների Իմունականխարգելման ազգային ծրագիրը, Իմունականխարգելման ազգային ծրագրի առաջնահերթ միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Նախարարը զեկուցել է, որ 2019-ի հունվարից, իսկ հուլիսից` ընդլայնվելով, ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ներառված շուրջ 400,0 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայություններից։ 2020-ի հունվարից «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի շրջանակներում բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է չսահմանափակվող բյուջեի սկզբունքով՝ փաստացի կատարած աշխատանքի դիմաց: Սահմանված կարգով կնքվել է հրապարակային օֆերտային պայմանագրեր: 2019-ի հունվարից չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն ամբողջովին իրականացվում է պետպատվերի շրջանակում, ինչի արդյունքում դիմելիությունն ավելացել է 3,4 անգամ: 2019-ի հուլիսից 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումն ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակում: Նախկինում այն իրականացվում էր համավճարային սկզբունքով: Ծրագրի մեկնարկից առ այսօր կատարվել է 1024 սեանս: 2020-ի ապրիլից պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անապահովության սահմանային միավորը դարձել է «28.01», նախկին «30.01»-ի փոխարեն: Սրտի անհետաձգհելի վիրահատական անվճար ծառայություններն անվճար իրականացնելու արդյունքում պետպատվերի շրջանակում վիրահատությունների ծավալն ավելացել է 22 տոկոսով: 2020-ի մարտից բարելավվել է հղիների նախածննդյան հսկողությունը, ընդլայնվել են բարձր ռիսկի հղիների հետազոտությունները` հայտնաբերելով և բուժելով ախտաբանական այն վիճակները, ինչի արդյունքում կնվազեն վերարտադրողական կորուստները, այդ թվում` ինքնաբեր վիժումները, ներարգանդային մահվան դեպքերը, մեռելածնությունը, մայրական և պերինատալ մահացությունը, պտղի բնածին զարգացման արատները և կապահովվի հղիության բարեհաջող ելքերի ավելացում` երեխայի ծնունդով: 2020-ին պայմանագիր է կնքվել աշխարհում առաջատար ինսուլին դեղ արտադրող` դանիական «Նովո Նորդիսկ Ա/Ս» դեղագործական ընկերության հետ, որի շնորհիվ 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում հաշվառված շուրջ 20560 ինսուլինակախյալ հիվանդներին անխափան տրամադրվում է ինսուլին դեղերը: Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար 2020 թ-ի փետրվարից նախկին 14 անվանում դեղերի փոխարեն ձեռք է բերվելու 25 անվանում: Արդեն իսկ գնվել են 12 անուն ուռուցքաբանական դեղեր, որոնք անվճար տրամադրվում են համապատասխան հիվանդներին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև ՀՀ առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարությանը և նշել, որ այն գտնվում է մշակման փուլում և առաջիկայում կներկայացվի վարչապետի աշխատակազմ: Վարչապետ Փաշինյանն ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել Առողջապահության նախարարության գործունեության արդյունքներից և նշել, որ ոլորտում առկա խնդիրները ռազմավարական են և դրանց լուծումը պետք է տրվի վերը նշված ռազմավարության ընդունմամբ ու դրանով նախատեսված միջոցառումների իրականացմամբ: Կառավարության ղեկավարը կարևորել է առողջապահության առաջնային օղակի արդյունավետության բարձրացման, առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման, առողջապահական համակարգում էլեկտրոնային համակարգի լիարժեք ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակին և այդ ուղղությամբ հետագա աշխատանքների կազմակերպմանը:
18:29 - 27 հուլիսի, 2020
Առաջարկվում է դիմել օպերատիվ-հետախուզական մարմիններին` պաշտոնյաների հայտարարագրերի տվյալների իսկությունը ստուգելու համար |hetq.am|

Առաջարկվում է դիմել օպերատիվ-հետախուզական մարմիններին` պաշտոնյաների հայտարարագրերի տվյալների իսկությունը ստուգելու համար |hetq.am|

hetq.am: Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Հանրային ծառայության մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները: Նախ, վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը. հայտարարագրման պարտականություն է սահմանվել նաև Երևան համայնքի աշխատակազմի քարտուղարի, Երևանի ավագանու անդամների, ինչպես նաև այն համայնքների ավագանիների համար, որոնք ունեն 15 հազար և ավելի բնակչություն: Ամենաառանցքային առաջարկը, թերևս, այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, նախագծի ընդունման պարագայում, լիազորություն է ստանալու դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին` հայտարարագրերի վերլուծության ընթացքում պաշտոնատար անձի գույքի փաստացի տիրապետումը ստուգելու և քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով: Հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումը ստուգելն ուղղված է հայտարարագրի կեղծ տվյալը, տվյալի թաքցնելը կամ ապօրինի հարստացումը հայտնաբերելու համար, ինչը գործող կարգավորմամբ առկա չէ: Առաջարկվում է նաև պաշտոնատար անձի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները հայտարարագրելու պահանջ սահմանել: Տեղեկատվություն է ներկայացվում անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, արժեթղթերի ձեռբերման գործարքի արժեքի, գործարքի մյուս կողմի վերաբերյալ, ինչպես նաև բանկային ավանդի ու բանկային հաշվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն: Տարանջատում է իրականացվում նաև ստացած վարկերի և փոխառությունների միջև: Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որը հնարավորություն կտա պաշտոնատար անձի լիազորությունների դադարումից երկու տարի անց  գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր պահանջել: Նկատենք, որ ըստ նախագծի` պաշտոնատար անձինք պետք է ներկայացնեն գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր: Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից: Ըստ հիմնավորման` այս փոփոխություններով ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը:
19:45 - 25 հուլիսի, 2020
Անթույլատրելի ենք համարում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը. Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներ եւ զոհերի հարազատներ

Անթույլատրելի ենք համարում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը. Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներ եւ զոհերի հարազատներ

Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալները եւ զոհերի հարազատները հայտարարություն են տարածել Վահրամ Ավետիսյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին: «ՀՀ կառավարությունը առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Այս լուրը դարձել է հասարակական լայն քննարկման առարկա, քանի որ առաջադրված թեկնածուի հայրը 2008-2016 թթ. պաշտոնավարել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում։ Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումը և դրա հետևանքով առաջացած դժգոհությունը կիսում ենք նաև մենք՝ 2008 թ.-ի քաղբանտարկյալներս և մարտիմեկյան ոճրագործության զոհերի իրավահաջորդները։ Ուստի դիմում ենք ՀՀ կառավարությանն ու Ազգային ժողովին և հայտարարում, որ անթույլատրելի ենք համարում Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումն ու հաստատումը, գլխավորապես երկու պատճառով. 1. 2008 թ.-ին Հայաստանում Սահմանադրական կարգը տապալելու միջոցով իշխանությունը զավթած խումբը, իր վերահսկողության տակ առնելով ամբողջ դատական իշխանությունը, ձեռնամուխ եղավ նաև 2008-ի համաժողովրդական շարժման ակտիվիստներին և առաջնորդներին ապօրինի վճիռներով բանտերում պահելու հանցավոր գործընթացին։ Քննչական մարմինների եւ դատախազության այն ժամանակվա ղեկավարներ Անդրանիկ Միրզոյանի եւ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ «կարված» շինծու մեղադրանքները կալանքի որոշման եւ մեղադրական դատավճռի էին վերածվում տասնյակ դատավորների մուրճի հարվածով, եւ ապա` վերջնականապես հաստատվում Վճռաբեկ դատարանի քրեական պալատում, որի նախագահն էր այսօր կառավարության կողմից հաստատված թեկնածուի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը։ Մարտիմեկյան ոճրագործության և դրա հետ կապված հարյուրավոր մարդկանց ապօրինի հետապնդումների հարցերը արդեն իսկ դարձել են Հայաստանի դատական ատյանների, ընդհուպ` Սահմանադրական դատարանի քննության առարկա: Աներկբա է, որ քննության արդյունքում, ի թիվս այլոց, պատասխանատվության պետք է ենթարկվի նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի երբեմնի նախագահ Դավիթ Ավետիսյանը: Ուստի, անթույլատրելի է, որ վերջինիս հետ փոխկապակցված անձ և մերձավոր ազգական հանդիսացող Վահրամ Ավետիսյանը որևէ կարգավիճակով ուղղակի կամ միջնորդավորված մասնակցություն ունենա այդ գործերի քննությանը: Ակներև է նաև, որ Վահրամ Ավետիսյանի ընտրության պարագայում, Սահմանադրական դատարանում երկարաժամկետ կտրվածքով գործ ենք ունենալու շահերի ակնհայտ բախման երևույթի հետ, ինչը կասկածի տակ է դնելու առնվազն մարտիմեկյան ոճրագործությանն առնչվող գործերի հնարավոր քննության լեգիտիմությունը: 2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի դատավորին ներկայացվող պահանջների ցանկում սահմանված է նաև, որ Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել բարձր բարոյական որակներով անձնավորությունը: Համոզված ենք, որ այդպիսի պահանջն օրենքում տեղ է գտել` նկատի ունենալով Սահմանադրական դատարանի բացառիկ դերը երկրի պետական-հասարակական կյանքում և նշանակում է ընդամենը մեկ բան` Սահմանադրական դատարանի դատավորն իր գործունեությամբ, աշխարհայացքով և կենսագրությամբ պետք է լինի բարոյական հեղինակություն հասարակության համար: Մինչդեռ, հայ հասարակությունը Վահրամ Ավետիսյանի անունն առաջին անգամ լսեց կառավարության նիստի ժամանակ: Հատկանշական է նաև, որ Պետական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչը երբևէ հրապարակայնորեն չի դատապարտել թե մարտիմեկյան ոճրագործությունը, թե ավազակապետական համակարգի գործունեությունը, ինչպես նաև չի արտահայտել իր դիրքորոշումը հանրային կյանքում նշանակալի որևէ այլ երևույթի կամ իրադարձության վերաբերյալ: Ուստի, կառավարության մոտ պետք է որ հիմնավոր կասկած առաջանար Վահրամ Ավետիսյանի անաչառության և արդարամտության առումով: Հիմք ընդունելով վերոշարադրյալը, կոչ ենք անում Կառավարությանը` առաջնորդվելով Հայաստանում լիակատար արդարադատություն հաստատելու և հասարակության վստահությունը ամբողջապես վայելող Սահմանադրական դատարան ձևավորելու` ստանձնած հանձնառությամբ, հետ կանչել Վահրամ Ավետիսյանի առաջադրումը, հակառակ դեպքում, դիմում ենք Ազգային ժողովի պատգամավորներին` այս հարցում դրսևորել առավելագույն բծախնդրություն` մերժելով Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:   Միևնույն ժամանակ, համարում ենք, որ հեղափոխական իշխանությունը պետք է պատասխանատվության ենթարկի 2008 թ-.ին, դրանից առաջ և հետո քաղաքական հետապնդումների մասնակից դարձած դատավորներին, մաքրի դատական համակարգը այդպիսիներից և զերծ պահի բոլոր այն անձանցից, ովքեր որևէ առնչություն են ունեցել Սահմանադրական կարգը տապալելուն կամ օժանդակել են այդ ծանր հանցագործությանը։ Ակնկալում ենք նաև, որ արագացված կարգով պետք է արդարացվեն ապօրինի հետապնդումների և դատավճիռների ենթարկված բոլոր անձինք: 1.            Հակոբ Հակոբյան 2.            Գրիգոր Ոսկերչյան 3.            Լեւիկ Խաչատրյան 4.            Վահագ (Վարդգես) Հայոցյան 5.            Աշոտ Մանուկյան 6.            Արամ Բարեղամյան 7.            Արշակ Բանուչյան 8.            Հարություն Ուռուտյան 9.            Տիգրան Բաղդասրյան 10.          Հովհանես Հարությունյան 11.          Վլադիմիր Առաքելյան 12.          Ժորա Սափեյան 13.          Մկրտիչ Սափեյան 14.          Ռուբիկ Ոսկանյան 15.          Շոթա Սաղաթելյան 16.          Սամսոն Խաչատրյան 17.          Սամվել Հարությունյան 18.          Աշոտ Թադեւոսյան 19.          Աղասի Մկրտչյան 20.          Մելիք Գրիգորյան 21.          Կարեն Թարխանյան 22.          Խաչիկ Գասպարյան 23.          Արեգ Գեւորգյան 24.          Հովհաննես Ղազարյան 25.          Մասիս Այվազյան 26.          Դավիթ Առաքելյան 27.          Ֆելիքս Գեւորգյան 28.          Իսահակ Մալխասյան 29.          Մկրտիչ Աբրահամյան 30.          Վարդան Ղավալբաբունց 31.          Դավիթ Քիրամիջյան 32.          Վահե Ղազարյան 33.          Տիգրան Մկրտչյան 34.          Գեւորգ Ղազարյան 35.          Լեւոն Խաչատրյան 36.          Տիգրան Մելքոնյան 37.          Ալբերտ Ներսիսյան 38.          Սարգիս Գեւորգյան 39.          Տիգրան Առաքելյան 40.          Արտակ Կարապետյան 41.          Մարզպետունի Այվազյան 42.          Անդրանիկ Սափեյան 43.          Հայկ Գեւորգյան 44.          Ռաջու Պետրոսյան 45.          Սողոմոն Երիցյան 46.          Արման Շահինյան 47.          Շմավոն Գալստյան 48.          Գաբրիել Գաբրիելյան 49.          Յաշա Մելքոնյան 50.          Դավիթ Մաթեւոսյան   Մարտի 1-ի զոհերի հարազատներ՝ 1.            Սարգիս Քլոյան 2.            Վաչագան Ֆարմանյան 3.            Էդիկ Հարությունյան 4.            Հովսեփ Խաչատրյան 5.            Ռուզան Հարությունյան 6.            Վարդուհի Գեւորգյան 7.            Լիլա Հովհաննիսյան 8.            Մայրամ Հովհաննիսյան
18:44 - 25 հուլիսի, 2020
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արտահանմանը միտված ճյուղերի, այդ թվում՝ արդյունաբերության, սննդի վերամշակման, գյուղատնտեսության, ինչպես նաև կապիտալ ներդրումների ներգրավման, շինարարության, զբոսաշրջության, ծառայությունների մատուցման ոլորտներում առկա խնդիրներին: Այդ համատեքստում, նշվել է, որ նախագծով նախատեսվում են տնտեսության խթանմանը միտված հավելյալ գործիքակազմեր, որոնք կնպաստեն տնտեսության վերականգնմանն ու նոր առաջընթացին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագծի վերաբերյալ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է որոշումների արագ կայացումն ու առաջ շարժվելը: Կառավարության ղեկավարը հանձանարարել է սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ միջոցառումներն ու քայլերը: «Տնտեսական աճի վերականգնմանը միտված այս նախագիծն անհրաժեշտ է քննարկել նաև իրական հատվածի ներկայացուցիչների հետ, ակտիվ շփումների միջոցով ստանալ նրանց առաջարկություններն ու գաղափարները՝ նախագիծը դրանցով լրամշակելու համար»,- նշել է վարչապետը:    
19:42 - 24 հուլիսի, 2020
Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է  ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման ընթացքը

Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման ընթացքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  Հանձնաժողովի անդամները քննարկել են 2020թ. համար վերջնաժամկետ սահմանված՝ մի շարք միջոցառումների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ածխաջրածինների հետախուզման, երկրաբանական որոնման և ատադրության համար թույլտվությունների տրամադրման և օգտագործման պայմանների մասին Եվրոպական խորհրդարանի հրահանգի մոտարկման գործընթացին, որի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը: Օրակարգում ընդգրկված էր նաև ուղևորափոխադրող և բեռնափոխադրողների տրանսպորտային միջոցների վարորդների նախնական որակավորման և պարբերական վերապատրաստման մասին Եվրոպական հանձնաժողովի հրահանգի մոտարկման ընթացքը, որի մասին զեկուցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Հաշվի առնելով ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի տրանսպորտի ոլորտում առկա միջոցառումների քանակը՝ նիստի արդյունքում որոշվել է ևս մեկ նիստ կազմակերպել տրանսպորտի ոլորտում իրականացվող միջոցառումները մասրամասնորեն քննարկելու համար: 
18:35 - 24 հուլիսի, 2020