Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

ANCA-ն ԱՄՆ պետդեպին կոչ է արել մերժել Թուրքիային Bayraktar-ի համար անհրաժեշտ սարքավորում տրամադրելը |shantnews.am|

ANCA-ն ԱՄՆ պետդեպին կոչ է արել մերժել Թուրքիային Bayraktar-ի համար անհրաժեշտ սարքավորում տրամադրելը |shantnews.am|

shantnews.am: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետական դեպարտամենտին է դիմել, որպեսզի վերջինս մերժի Թուրքիայի ռազմական սարքավորումներ տրամադրելը՝ Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքեր պատրաստելու համար, քանի դեռ վերջինս Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում աջակցում է Ադրբեջանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է հանձնախմբի ֆեյսբուքյան էջում: «Թուրքիան, արձագանքելով հոկտեմբերի 5-ի Կանադայի որոշմանը, որով այդ երկիրը կասեցրեց Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելը՝ Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում Անկարայի՝ Ադրբեջանին օգնելու պահանջով, փորձում է շրջանցել այդ արգելքը և Bayraktar TB2-ների պատրաստման համար արագացված կարգով այդ սարքավորումները ստանալ ԱՄՆ-ից: Թուրքիայի դիմումները պետք է մերժվեն, քանի դեռ այդ երկիրը զինում է կամ այլ աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանի հարձակումներին»,- ասված է հայտարարությունում: Հանձնախումբը նաև նշում է, որ Պետական դեպարտամենտը պետք է հետևողականորեն հետաքննի ԱՄՆ-ի օրենսդրության խախտումները, որոնք կապված են երրորդ կողմին ամերիկյան արտադրության զինատեսակներ կամ ռազմական սարքավորումներ տրամադրելու հետ:
00:53 - 22 հոկտեմբերի, 2020
Հունաստանը կդիմի ռազմական ուժի ընդդեմ Թուրքիայի, եթե վերջինս չհեռանա հունական կղզիներից |amerikayidzayn.com|

Հունաստանը կդիմի ռազմական ուժի ընդդեմ Թուրքիայի, եթե վերջինս չհեռանա հունական կղզիներից |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Հունաստանի ծովային ուժերը տագնապի նարնջագույն կոդ են արձակել, որով ուղերձ են հղել Էգեյան ծովում փոքր մի շարք կղզյակների մոտ կայանած ռազմանավերին եւ հրամայել պատրաստ վիճակում սպասել Թուրքիայի կողմից թշնամական հնարավոր գործողությունների: Հունաստանի զինված ուժերի պաշտոնատար անձինք տեղեկացրել են, որ հունական ռազմական նավերը շրջափակել են Կաստելորիզո կղզին ու նրան հարակից անմարդաբնակ մի շարք կղզիներ, պաշտպանելու համար հունական պատկանելության տակ գտնվող այս տարածքները: Թուրքիան այս ամսվա սկզբին նորից այստեղ ուղարկեց «Օրուչ Ռեիս» հետախուզական նավը, որն այստեղ առաջին անգամ այստեղ ուղարկվելուց հետո երկու երկրներին կանգնեցրել էր պատերազմի պռնկի առջեւ: ԱՄՆ-ի ու Եվրոպական միության պաշտոնատար անձինք այդ օրերից ի վեր փորձում են երկու կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ: Թուրքական հետախուզական նավը ներկա պահին գտնվում է Կաստելորիզո կղզուց միայն 14 կիլոմետր հեռավորության վրա: Մինչ այդ, թուրքական որեւէ նավ այսքան չէր մոտեցել հունական որեւէ կղզու: Նավը, որը ըստ թուրքական կողմի իրականացնում է հետազոտական աշխատանքներ, գործում է թուրքական ռազմանավերերի ու սուզանավերի վերահսկողության ներքո: Այստեղ է գտնվում հունական ավելի քան 60 նավ: Անկարան պնդում է, որ այս տարածքը գտնվում է իր կողմից գազի ու նավթի պաշարների հետազոտություններ անցկացնելու իրավասության շրջանակներում: Հունաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացնում են, որ Հունաստանի ինքնիշխանության որեւէ ոտնահարում կարժանանա ռազմական ուժերի կողմից պատասխանի: ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանի ու Թուրքիայի միջեւ արդեն երկար ժամանակ են շարունակվում ընդերքի բնական պաշարների ու ծովային տարածքների պատկանելության շուրջ տարաձայնությունները: Աթենքը ներկայումս փորձում է համոզել Եվրոպական միությանը, որ այն դադարեցնի զենքերի վաճառքը Թուրքիային: Այն պահանջում է նաեւ կիրառել պատժամիջոցներ ընդդեմ Անկարայի, ինչին դեմ են հանդես գալիս Գերմանիան ու մի քանի այլ երկրներ:
23:20 - 21 հոկտեմբերի, 2020
«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա |hetq.am|

«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Azerbaijan Airlines»-ը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առաջին օրերից ակտիվ թռիչքներ է կատարում դեպի Թուրքիա եւ Իսրայել, հատկապես՝ Անկարա եւ Ստամբուլ: Նկատենք, որ եթե Հայաստանը չի փակել օդային տարածքը միջազգային թռիչքների համար, ապա Ադրբեջանում դրանք դադարեցված են, եւ այս երկիր ժամանում են գերազանցապես տեղական ու թուրքական օպերատորները: «Azerbaijan Airlines»-ի («AZAL») ուղեւորատար ինքնաթիռներն այս օրերին առավելապես մեկնում են Թուրքիա, մասնավորապես՝ Անկարա եւ Ստամբուլ: Այս ավիաընկերությունն ունի բավականին մեծ ավիապարկ՝ տարբեր տեսակի ու տարողության օդանավերով, որոնց տվյալները հասանելի են aerotransport.org մասնագիտական հարթակում: Թռիչքներին առցանց ռեժիմով հետեւող flightradar24.com կայքի միջոցով ստուգել ենք, թե «AZAL»-ի ինքնաթիռները վերջին մեկ շաբաթում ուր են թռել: Այլեւս հաստատված փաստ է, որ Թուրքիան Ադրբեջանին զինում է ոչ միայն զենքով, այլեւ վարձկան-ահաբեկիչներով: Այլ հարց է, թե նրանք ինչ օդանավերով են (թուրքակա՞ն, ադրբեջանակա՞ն) հասնում Ադրբեջան: Ըստ flightradar24.com-ի՝ հոկտեմբերի 14-ից մինչեւ հիմա ադրբեջանական ազգային փոխադրողի 9 օդանավ է չվերթ կատարել, չնայած այս ընկերության պարկը, կրկնենք, բավականին մեծ է:   Այս ընթացքում Բաքվից դեպի Ստամբուլ են թռել «Boeing 767» տիպի եւ 4K-AZ81 ու 4K-AZ82 գրանցումներ ունեցող ինքնաթիռները: «Airbus A319» տիպի 4K-AZ83-ը կրկին Բաքվից մեկնել է թե՛ Ստամբուլ, թե՛ Անթալիա: Բաքու-Անկարա-Բաքու թռիչքներ են կատարել «Airbus A340» տեսակի 4K-AZ85 եւ 4K-AZ86 գրանցումներով օդանավերը: Շարունակությունը՝ hetq.am-ում
19:27 - 21 հոկտեմբերի, 2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից. Սարգսյանը՝ ԵԽ նախագահին

Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից. Սարգսյանը՝ ԵԽ նախագահին

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Հայաստանի նախագահը մանրամասնորեն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, դրանում Թուրքիայի ներգրավվածությանն ու ռազմաքաղաքական օժանդակությանը: «Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց հրաժարվել խաղաղ բանակցային գործընթացից և պատերազմ սանձազերծել, իսկ Թուրքիան նրան լիակատար քաղաքական, դիվանագիտական, ռազմական աջակցություն է ցուցաբերում»,-նշել է նախագահ Սարգսյանը: «Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի»,-ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Նա հետաքրքրվել է հակամարտության համատեքստում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումներով։ Հայաստանի նախագահը հանգամանորեն ներկայացրել է իրավիճակը՝ նշելով, որ Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանում ապակայունացնող է և լուրջ սպառնալիք՝ տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար։ Զրուցակիցներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ, ինչը կարող է հանգեցնել մեծ հումանիտար աղետի։ Շառլ Միշելն ասել է, որ պետք է հարգել հրադադարը և առանց նախապայմանների վերադառնալ բանակցային սեղան: Նախագահ Սարգսյանը շատ կարևոր է համարել, որ միջազգային գործընկերներն ամբողջությամբ հասկանան հակամարտության էությունը և պատերազմը դադարեցնելու հստակ կոչ հնչեցնեն։ «Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:
19:08 - 21 հոկտեմբերի, 2020
«Չի կարելի, որ խաղաղության կողմնակիցն ինքը զինի ագրեսորին». հույն վարչապետը ԵՄ բոլոր երկրներին խնդրել է զենք չվաճառել Թուրքիային |tert.am|

«Չի կարելի, որ խաղաղության կողմնակիցն ինքը զինի ագրեսորին». հույն վարչապետը ԵՄ բոլոր երկրներին խնդրել է զենք չվաճառել Թուրքիային |tert.am|

tert.am: Հունաստանը դիմել է ԵՄ այլ երկրներին՝ խնդրելով ռազմական նշանակության նյութեր, սարքավորումներ չվաճառել Թուրքիային։ Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունն, այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը չորեքշաբթի Նիկոսիայում կայացած եռակողմ հանդիպման ավարտին, որին մասնակցում էին նաև Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին: Վարչապետն իր ելույթի ընթացքում հիշեցրել է, որ Հունաստանը համապատասխան նամակներ է ուղղել Գերմանիայի, Իսպանիայի և Իտալիայի ԱԳՆ-ներին: Բացի այդ, Աթենքը դիմել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցով եվրահանձնակատար Օլիվեր Վարգեյիին՝ խնդրելով ամբողջովին կասեցնել ԵՄ մաքսային միության աշխատանքը Թուրքիայի հետ: Հաշվի առնելով Թուրքիայի ագրեսիվ պահվածքը՝ Հունաստանի իշխանությունները խնդրում են եվրոպական պետություններին այլև ռազմական սարքավորումներ չվաճառել Թուրքիային: «Չի կարելի, որ խաղաղության կողմնակիցն ինքը փամփուշտով զինի ագրեսորին»,- ասել է հույն վարչապետը:
18:43 - 21 հոկտեմբերի, 2020
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա |lragir.am|

ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա |lragir.am|

lragir.am: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից վեց ամսով: Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաև թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան:
17:35 - 21 հոկտեմբերի, 2020
Աշխարհում «Բայրաքթարների» խոցման մոտ 30 փաստական դեպք է հայտնի․ միայն մեկ տասնյակը Արցախի ՊԲ ստորաբաժանումների թիրախն են եղել

Աշխարհում «Բայրաքթարների» խոցման մոտ 30 փաստական դեպք է հայտնի․ միայն մեկ տասնյակը Արցախի ՊԲ ստորաբաժանումների թիրախն են եղել

Պաշտպանության բանակի զինված ուժերն օրերս՝ հոկտեմբերի 19-ի մարտերի ընթացքում, խոցել են հակառակորդի հինգ անօդաչու թռչող սարք, որոնց թվում՝ թուրքական արտադրության «Բայրաքթար»։  Ադրբեջանը «Բայրաքթար» տեսակի անօդաչուները միայն նախօրեին չէ, որ կիրառել է։ Պատերազմական գործողությունների դեռեւս երրորդ օրը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ թուրքական F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Ստեփանյանն այդ օրը նշել էր, որ կործանիչներն ապահովում էին ՀՀ բնակավայրերի եւ ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:  Երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Արցախի ՊԲ-ի խոցած «Բայրաքթար»-ների թիվը հասնում է շուրջ մեկ տասնյակի, ուղղակի խոցված սարքերից ոչ մեկը ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէր ընկել: «Բայրաքթար» ՏԲ2-ը 6,5 մ երկարությամբ, թեւերի 12 մ բացվածքով եւ մինչեւ 55 կգ բեռնատարողությամբ հարվածային ԱԹՍ է։ Այն կարող է զարգացնել մինչեւ 222 կմ/ժ արագություն, գործողության շառավիղը 150 կմ է, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 8200մ։ Այս տեսակի ԱԹՍ-ն կարող է իր վրա կրել կառավարվող հակատանկային հրթիռներ եւ օդային ռումբեր:  «Baykar Makina» ընկերությունը 2000-ականներին է սկսել «Բայրաքթարի» նախագծումը: ՏԲ2-ը հիմնված է ավելի վաղ արտադրված «Բայրաքթար» ՏԲ1 տարբերակի վրա, որն առաջին անգամ գործարկվել է 2009 թվականին: Իսկ մարտական գործողությունների ժամանակ առաջին անգամ կիրառվել է 2014-ին՝ Թուրքիայի արեւելքում: Այս սպառազինության կիրառման մասին առաջին պաշտոնական տեղեկությունը եղել է 2016 թվականին։ Նշվել է, որ այն օգտագործվել է քրդական ստորաբաժանումների դեմ: Ի դեպ, Արցախի ՀՕՊ ստորաբաժանման խոցած «Բայրաքթարներից» մեկի ուսումնասիրությունից պարզվել է, որ դրա հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Կանադայի WESCAM ընկերությունն է այն արտադրել՝ այս տարվա հունիսին, իսկ «Բայրաքթար» TB2-ի վրա տեղադրվել է անցյալ ամիս՝ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ: Ժամանակակից պատերազմներում հարվածային անօդաչու թռչող սարքերը համարվում են ամենահզոր զենքերից։ Թուրքական այս անօդաչուները ակտիվորեն գործածվել են հիմնականում Լիբիայում ու Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ, ապա, փաստորեն, նաեւ մեր տարածաշրջանում։ Պնդումներ կան, որ «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ն խոցելը բավականին բարդ է․ մինչ օրս հայտնի է աշխարհում խոցված մոտ 30 «Բայրաքթարի» մասին՝ այդ թվում՝ արցախա-ադրբեջանական սահմանի այս մարտերի ընթացքում ոչնչացվածները։ Ե՞րբ եւ որտե՞ղ են խոցվել «Բայրաքթարները» Բաց որոնման արդյունքներով՝ առաջին խոցված «Բայրաքթարի» մասին փաստական նյութը 2019 թվականի դեկտեմբերի 13-ին է եղել․ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի ուժերին հաջողվել է խոցել Ազգային միասնության կառավարության Ֆայզ Սարաջի անօդաչու թռչող սարք։ Այն խոցվել է Այն-Զարայի շրջանում` Տրիպոլիից հարավ։ 2020 թվականի հունվարի 22-ին Լիբիայի Ազգային բանակը ոչնչացրել է թուրքական եւս մեկ «Բայրաքթար» TB2, որը պատրաստվում էր օդ բարձրանալ Տրիպոլիի Միտիգա օդանավակայանից: Լիբիայի Ազգային բանակը փետրվարի 25-ին խոցել է եւս մեկ «Բայրաքթար»՝ մայրաքաղաք Տրիպոլիից հարավ գտնվող Սուք Ալ-Խամիսի շրջակայքում։ Լիբիայի զինված ուժերի գեներալ-մայոր Ահմեդ Սալեմի խոսքերով՝ փետրվարի 28-ին Ազգային բանակը խոցել է վեց «Բայրաքթար», որոնցից միայն երկուսի նկարներն են տեղադրվել համացանցում: Եւս երկու «Բայրաքթար» էլ խոցվել է մարտի 31-ին․ այս մասին նույնպես հաղորդել է Լիբիայի բանակի մամուլի ծառայությունը։ Ապրիլի 11-ին Լիբիայում դարձյալ «Բայրաքթար» է խոցվել։ Լիբիայի զինված ուժերը եւս երկու «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ են խոցել ապրիլի 17-ին, մեկն էլ՝ հաջորդ օրը։ Մայիս ամսվա ընթացքում Լիբիայում խոցվել է 3 «Բայրաքթար»՝ մայիսի 2-ին, 12-ին եւ 23-ին։ Հաջորդ ամիս Լիբիական բանակը խոցել է եւս երեքը․ երկուսը՝ հունիսի 7-ին, մեկը՝ հաջորդ օրը։ Փաստորեն, թուրքական հարվածային այս դրոնները, որ ակտիվորեն կիրառվել են Սիրիայում, Լիբիայում ու Արցախում, այդքան էլ անխոցելի չեն։ Ինչպես նշեցինք, մեր կողմի պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումները շուրջ 25 օր տեւող պատերազմական գործողությունների ընթացքում արդեն մեկ տասնյակի հասնող «Բայրաքթար» են զգետնել։  Ի դեպ, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ մեր խոցած «Բայրաքթարներից» մեկի նկարն էլ հրապարակեց։ Արցախի ՊԲ ստորաբաժանումների խոցած «Բայրաքթարներից» մեկի կտորները Նարեկ Մարտիրոսյան, Հայարփի Բաղդասարյան
14:38 - 21 հոկտեմբերի, 2020
Կանգնել հայերի կողքին. «Թղթե տունը» ֆիլմի հայ դերասանը կոչ է արել կասեցնել Էրդողանին և Ալիևին |armenpress.am|

Կանգնել հայերի կողքին. «Թղթե տունը» ֆիլմի հայ դերասանը կոչ է արել կասեցնել Էրդողանին և Ալիևին |armenpress.am|

armenpress.am: «Թղթե տունը» (La Casa De Papel) իսպանական քրեական դրամայի հայ դերակատար Հովիկ Կեուչկերյանը, որը ֆիլմում մարմնավորում է Բոգոտային, համացանցում տեսանյութ է հրապարակել՝ միջազգային կառույցներին, հանրությանն ու հզոր երկրներին կոչ անելով կանգնել Արցախի և Հայաստանի կողքին, չսահմանափակվել միայն հարդորներով և գործնական քայլեր ձեռնարկել հայկական բանակին աջակցելու համար՝ դատապարտելով Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սկսած ագրեսիան: Տեսանյութում դերասանն ասում է, որ և՛ հայ է, և՛ իսպանացի: «Այն, ինչ տեղի է ունենում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսած, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա, ներխուժում և օկուպացիա: Դա Էրդողանի և Ալիևի՝ հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղասպանություն սկսելու փորձ է: Դա ավելին է, քան պատերազմը. Հայաստանն Արցախի հետ ունի 3. 150 000 բնակչություն, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը ընդհանուր հաշվով 92 մլն բնակչություն ունեն: Բացի այդ, Թուրքիան ու Ադրբեջանը միասին վերցրած ունեն 25 անգամ ավելի ուժեղ և տեխնիկապես ավելի զինված բանակ, քան հայկականը: Եվ ասես այդ ամենը քիչ է, դեռ նրանց շարքերում են նաև վարձկան ահաբեկիչներ Սիրիայից ու Լիբիայից: Նրանց վարձել են, որ սպանեն թե՛ հայ զինվորականներին, թե՛ խաղաղ բնակիչներին: Ես պնդում եմ, որ դա ավելին է, քան պատերազմը»,- ընդգծում է Կեուչկերյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը մտադիր չէ զավթելու որևէ մեկին և ոչ էլ կոտորելու կամ պատերազմելու որևէ մեկի հետ. կա 3 մլն հայ, և նրանք պարզապես ուզում են խաղաղ ապրել, բարգավաճել իրենց մայր հայրենիքում, աշխարհի բոլոր հայերի սուրբ երկրում, բայց հերթական անգամ ստացվում է, որ այդ իրավունքը չունենք: «Նույնիսկ հայ ժողովրդի տառապած, արյունոտ և ողբալի պատմության ընթացքում նրանք չեն կարողացել մեզնից խլել մեր ժպիտը, պատրանքները, երազանքները, ուժը, կամքը: Եվ ո՛չ էլ կարողացել են խլել մեր միասնականությունը, համախմբվածությունը և արյան կանչը: Նրանց դա չի՛ հաջողվել, չի՛ հաջողվում  և չի՛ էլ հաջողվի: Չե՛ք կարողանա»,- նշում է դերասանն ու հիշեցնում, որն 1915 թվականին թուրքերը, օգտագործելով առաջին համաշխարհային պատերազմը որպես քողարկում, կոտորել են ավելի քան 1 մլն հայի: Նրա համոզմամբ՝ մինչ օրս Էրդողանի Թուրքիան չի ճանաչել և զբաղեցնում է ի սկզբանե հայկական տարածքի շուրջ 80 տոկոսը՝ ներառյալ Արարատ լեռը, որն ինչքան էլ քարտեզներում և սահմաններում ընդգրկվում է Թուրքիայի կազմի մեջ, հայերի սուրբ լեռն է և միշտ էլ կլինի հայկական: Հովիկ Կեուչկերյանն ասում, է որ 2020 թվականին արդեն որպես քողարկում օգտագործելով աշխարհում տիրող ծանր սոցիալական, տնտեսական և քաղաքական ճգնաժամը՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ, Էրդողանն ու Ալիևը փորձում են նորից էթնիկ զտումներ սկսել՝ նոր ցեղասպանություն իրականացնելով: «Կոչ եմ անում միջազգային հանրությանը, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Ռուսաստանին և ՄԱԿ-ին՝ վե՛րջ տալ հայտարարություններին, վե՛րջ տալ մտադրություններին և վե՛րջ տալ լոկ խոսքերին: Ժամանակն է գործելու և հնարավորինս արագ: Դուք ունեք բարոյական պարտավորություն, որը վեր է ցանկացած այլ պայմանից, զորք ուղարկելու Արցախ՝ խաղաղ բնակչության իրավունքները պաշտպանելու և այս բարբարոսությանը հիմնավոր վերջ դնելու համար: Կտրուկ և վերջնականապես կանգնեցրե՛ք Էրդողանին, արմատախիլ արեք նրան մեկընդմիշտ: Հեռացրե՛ք այդ քաղցկեղը, որը հենց ինքը՝ Էրդողանն է, քանի դեռ այն չի տարածվել»,- շեշտում է Կեուչկերյանն ու ընդգծում, որ հակառակ դեպքում ստիպված են լինելու գործ ունենալ իրենց իսկ «Ադոլֆ Հիտլերի» հետ: Հովիկ Կեուչկերյանը նշում է՝ մինչ վերոնշյալ երկրներն ու կազմակերպությունները որոշումներ են կայացնում, հայերը կռվում են, դիմադրում և պաշտպանվում, պայքարում են հանուն մեր հավատալիքների, մեր մշակույթի, մեր պատմության, մեր ընտանիքների, մեր տների, մեր զավակների, մեր տարեցների, մեր նախնիների և մեր փոքրիկ հայկական հողի: «Քանի դեռ կա գեթ մեկ հայ՝ ոտքի վրա կանգնած, որը ընդունակ է զենք վերցնել և շարունակել պայքարել հանուն իր հայրենիքի, հանուն մեր սիրելի հայ հողի, մենք կշարունակեք պայքարել մինչև վերջ։ Երբեք չենք հանձվի։ Երբեք չենք նահանջի և, չկասկածեք, միշտ էլ հայը կանգնած է լինելու և շարունակելու է պայքարը։ Ես ուզում եմ ուղարկել իմ ողջ էներգիան, իմ ամբողջ ուժը, հիացմունքս, հարգանքս, իմ ամբողջ սերը, իմ բոլոր աղոթքները Հայաստանի և Արցախի  քաղաքացիական բնակչությանը, մարտական գործողությունների ընթացքում ընկած և հերոսացած հայերին ու նրանց ընտանիքներին, բոլոր զինծառայողներին, որոնք այս պահին կրկին ատամներով պաշտպանում են մեր սուրբ հողը։ Իմ հայ քույրեր և եղբայրներ, դուք մենակ չեք, Աստված օրհնի ձեզ»,- եզրափակում է դերասանը:
17:00 - 20 հոկտեմբերի, 2020
Ամեն օր արթնանում եմ ու աղոթում, որպեսզի ռմբակոծություններն ավարտվեն․ Սերժ Թանկյանը ԼՂ հակամարտության մասին․ Forbes |factor.am|

Ամեն օր արթնանում եմ ու աղոթում, որպեսզի ռմբակոծություններն ավարտվեն․ Սերժ Թանկյանը ԼՂ հակամարտության մասին․ Forbes |factor.am|

factor.am: Երեք շաբաթ առաջ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքների համար պատերազմ սկսվեց հայ ու ադրբեջանցի զինվորների միջև։ Սա վերածվեց վերջին 26 տարիների ընթացքում տարածաշրջանում գրանցված ամենալայնածավալ բռնության։ Մարտերն արագ թեժացան, քանի որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը անօդաչու թռչող սարքերով սկսեց հարվածներ հասցնել, ինչին պատասխանեցին Լեռնային Ղարաբաղի բնակիչները, գրում է Forbes-ը։ Լրատվականը նշում է, որ նոր ձեռքբերված հրադադարը տևել է մի քանի րոպե, իսկ կողմերը մեղադրում են միմյանց հարյուրավոր կյանքեր խլած հակամարտությունը վերսկսելու մեջ։ Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանությունից մեկ դար անց Լեռնային Ղարաբաղի բնիկներն ու աշխարհասփյուռ հայկական սփյուռքն անհանգստացած ու վախեցած է։ Ամերիկահայ ռոք երաժիշտ,  System of a Down խմբի մենակատար, Գրեմմիի արժանացած Սերժ Թանկյանի համար այս պատերազմն առանձնակի մտահոգիչ է, գրում է Forbes-ը։ Ցեղասպանությունից մազապուրծ եղած Թանկյանի տատիկն ու պապիկը Լիբանանից Ամերիկա են տեղափոխվել , երբ նա փոքր երեխա է եղել։ «Ամեն օր արթնանում եմ ու աղոթում, որպեսզի ռմբակոծություններն ավարտվեն։ Ամեն օր»,- պատմում է 53-ամյա Թանկյանը։ Վերջին շաբաթների ընթացքում Թանկյանը բարձրացնում է հակամարտության հարցը `փորձելով իրազեկել և հումանիտար օգնություն հատկացնել, նույնիսկ այն դեպքում, երբ աշխարհը տարված է  COVID-19 համաճարակով, իսկ ԱՄՆ-ում նախապատրաստվում են նախագահական ընտրություններին: Խոսելով Forbes-ի հետ՝ Թանկյանը նշում է , որ մեկ  վշտանում է, մեկ իրեն հպարտ է զգում, մեկ է բարկանում է: «Մեզ համար սա կարծես գոյաբանական պայքար լինի: Ես խոսում էի գերմանական լրատվամիջոցների հետ և չասեցի, , բայց մտածում էի այն մասին, թե ի՞նչ կզգային իսրայելցիները, եթե Գերմանիան երբեք չճանաչեր Հոլոքոստը և հենց հիմա սկսեր ռմբակոծել Իսրայելը: Մենք մեզ հենց այդպես ենք զգում: Մեզ համար սա իսկապես վիրավորական է, քանի որ Էրդողանի իշխանությունը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրա փոխարեն Ադրբեջանի հետ միասին հարձակվում է մեզ վրա։ Այստեղ կա ազգային խտրականություն, կա ատելություն։  Լեռնային Ղարաբաղի մարդիկ, ովքեր իրենց անկախությունն են ստացել 1994 թվականին, խաղաղ ապրում են, կառուցում են եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ, զբաղվում են գործարարությամբ։ Մեր երեխաներին չենք սովորեցրել ատել ինչ-որ մեկին, չնայած մեր անցյալին։ Մենք նայում ենք դեպի ապագան։ Սա ամբողջ աշխարհի հայ համայնքի համար շատ ցավոտ է»,- ասել է Թանկյանը։ Շարունակությունը՝ factor.am-ում։
16:44 - 20 հոկտեմբերի, 2020
Թուքիայի խորհրդարանի նախագահ. «Մինսկի խմբի ուղեղը մահացել է»
 |ermenihaber.am|

Թուքիայի խորհրդարանի նախագահ. «Մինսկի խմբի ուղեղը մահացել է» |ermenihaber.am|

ermenihaber.am: Պատվիրակությամբ Բաքվում գտնվող Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մուսթաֆա Շենթոփը ելույթ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանում և բազում մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։ Մեղադրական ակնարկներ է հնչեցրել նաև իր ձևակերպմամբ «Հայաստանին թև ու թիկունք եղողներին»՝ շեշտելով. «Նրանք պետք է կանգնեցնեն այս վտանգավոր խաղը։ Եթե Հայաստանին շարունակեն աջակցություն տրամադրել, ապա այն կսպառնա Կովկասի բոլոր երկրներին»։ «ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի համանախագահությամբ գործող Մինսկի խումբը հարցը լուծելու փոխարեն անլուծելիության է դատապարտել: Մինսկի խումբը հարցը լուծելու համար մինչև այժմ իրական կամք չի ցուցաբերել»: Թուրքիայի խորհրդարանի նախագահը չի խուսափել նույնիսկ ամենախիստ ձևակերպումներից՝ մասնավորապես ասելով. «Մինսկի խմբի ուղեղը մահացել է»:
15:32 - 20 հոկտեմբերի, 2020
Այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային պետք է հետեւեն Կանադայի օրինակին եւ կասեցնեն հետագա մատակարարումները․ Փաշինյան

Այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային պետք է հետեւեն Կանադայի օրինակին եւ կասեցնեն հետագա մատակարարումները․ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանը գրառում է արել «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքի խոցման վերաբերյալ։ Նա, մասնավորապես, գրել է․ «Պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել: Խոցված սարքերից ոչ մեկը, սակայն, ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէին ընկել: Կարծես վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք, ինչից ակնհայտ է դառնում, որ այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ գերժամանակակից տեսախցիկը Կանադայում արտադրվել է հունիսին: Ինչով է սա կարեւոր. կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում եւ դրա նախապատրաստություններին: Եւ այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային՝ այս փաստի բերումով պետք է հետեւեն Կանադայի օրինակին եւ կասեցնեն հետագա մատակարարումները:
15:06 - 20 հոկտեմբերի, 2020
Չես կարող փոխարինել նավթը արյամբ, այդ դեպքում բարոյականությունը կմեռնի. Վարուժան Ոսկանյանը՝ DCnews-ին |armenpress.am|

Չես կարող փոխարինել նավթը արյամբ, այդ դեպքում բարոյականությունը կմեռնի. Վարուժան Ոսկանյանը՝ DCnews-ին |armenpress.am|

armenpress.am: Ռումինիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Վարուժան Ոսկանյանը,  DCnews լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ողջունել է  Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձևը, որով դատապարտվել են վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից գործված ոճրագործություններն Արցախի։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի դեմ պետք է լինեն նաև տնտեսական պատժամիջոցներ և նկատել, որ դա մի փոքր դժվար է, քանի որ Ադրբեջանն առաջին անհրաժեշտության էներգամատակարար է։ «Այնուամենայնիվ, չես կարող փոխարինել նավթը արյամբ, քանի որ այդ դեպքում բարոյականությունը կմեռնի»,- շեշտել է Վարուժան Ոսկանյանը։ Հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը ստորև․ Հարց․ Պարոն Ոսկանյան, Դուք շատ լավ ծանոթ եք հայոց պատմությանն ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։ Պատմեք, խնդրում եմ, այս հակամարտության պատմության և այն մասին, թե ինչու իրավիճակն այսչափ սրվեց։ Վերջին 30 տարվա ընթացքում մի քանի անգամ եղան կտրուկ սրացումներ, ինչպես այս տարվա ամռանը կամ՝ 2016 թվականին, բայց այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է։ Վարուժան Ոսկանյան․ Լեռնային Ղարաբաղի շրջանը մշտապես պատմական Հայաստանի մաս է կազմել, իսկ երբ անկախ հայկական պետությունը դադարում էր գոյություն ունենալ, այս շրջանը, միևնույնն է, մնում էր հայկական մշակութային տարածքում։ Եվ սա ես չեմ ասում, այլ անտիկ պատմիչներ Պլինիոս Ավագը, Դիոն Կասսիոսը, Պլուտարքոսը, Ստրաբոնը և այլն։ Դարերի ընթացքում այս շրջանը պատկանել է տարբեր կայսրությունների, որոնք հասել են այնտեղ, բայց այն պատմությունը, որի մասին խոսում ենք, սկսվում է Օսմանյան կայսրության փլուզումից և բոլշևիկների ծավալապաշտական քաղաքականությունից։ 1918թ. ստեղծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը, որի կազմում էին Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, որի հիման վրա շատ կարճ ժամանակ անց ձևավորվեցին երեք հանրապետություններ։ 1920թ. բոլշևիկյան ծավալապաշտական նկրտումների հետևանքով այս հանրապետություններում հիմնվեցին խորհրդային կարգեր։ 1921թ. հուլիսի 4-ին տեղի ունեցավ Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի նիստը, որի ընթացքում որոշվեց, ինչպես բնական էր, Լեռնային Ղարաբաղը թողնել Հայաստանի կազմում, սակայն հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, Ստալինի միջամտությամբ որոշումը փոխվեց, և Ղարաբաղը հայտնվեց Ադրբեջանի կազմում։ Ստալինի որոշման դրդապատճառն այն էր, որ նա ցանկանում էր Թուրքիայի հանդեպ բարեկամական քայլ կատարել՝ միամտորեն կարծելով, որ Թուրքիան կարող էր դառնալ սոցիալիստական երկիր։ 1923թ. հուլիսի 7-ին Ադրբեջանի կազմում ստեղծվեց ԼՂ ինքնավար մարզը, բայց պետք է ընդգծեմ, որ հայերը երբեք չհաշտվեցին այս շրջանը Ադրբեջանին հանձնելու որոշման հետ։ Իհարկե, չնայած սովետական իշխանության ընթացքում բոլոր տեսակի ներքին հակամարտությունները սառեցվեցին, այնուամենայնիվ, 1963 թվականին, երբ Կոմկուսի առաջին քարտուղարը Նիկիտա Խրուշչովն էր, այս շրջանի հազարավոր հայեր գրավոր դիմեցին իշխանություններին, որպեսզի այն Ադրբեջանի ԽՍՀ-ից անցնի Հայաստանի ԽՍՀ-ին։ ԽՍՀՄ-ի մասնատման և ժողովուրդների՝ ազատություն ձեռք բերելու խորապատկերում Ղարաբաղում սկսվեց մի իրական շարժում, որը պահանջում էր նախ Հայաստանի հետ միացում, իսկ հետո՝ անկախություն։ 1987-1988թթ. շուրջ 75000 մարդ խնդրագիր ստորագրեց, իսկ 1988թ. փետրվարի սկզբին, երբ Խորհրդային Միությունը դեռ գոյություն ուներ, Ղարաբաղի տեղական սովետական իշխանությունները քվեարկեցին Հայաստանի հետ միացման օգտին։ Այդ պահից սկսվեց հակամարտությունը։ Դժբախտաբար, այն ունեցավ արյունալի դրսևորում. տեղի ունեցան հայ անմեղ բնակչության զանգվածային ջարդեր ադրբեջանական Սումգայիթ և Բաքու քաղաքներում։ Հետագայում Լեռնային Ղարաբաղի շրջանն ինքնորոշվեց և հայտարարեց անկախության մասին, ստեղծեց դիմադրողական կառույցներ, որից հետո սկսվեց զինված հակամարտություն Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, որը տևեց մինչև 1994թ.։ Ըստ տարբեր գնահատականների՝ երկու կողմերը միասին մոտ 30000 զոհ ունեցան։ Չեմ ուզում շատ խոսել հայ բնակչության ցուցաբերած հերոսական սխրանքների մասին, պարզապես պատկերացրեք, որ Ղարաբաղն այն ժամանակ ուներ մոտ 200 000 բնակչություն, իսկ Ադրբեջանը՝ 8 միլիոնից ավելի։ Եվս մեկ կարևոր փաստ ընդգծեմ. 1921 թվականին, երբ Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին, բնակչության մոտ 95%-ը հայեր էին։ Հետագա տասնամյակների ընթացքում փորձեր արվեցին փոխելու շրջանի ժողովրդագրական պատկերը, ինչպես տեղի ունեցավ այլ շրջաններում։ Ռումինիայում ևս նմանօրինակ մի իրավիճակ եղավ, երբ պատմական Մոլդովայի շրջանի հարավային հատվածը տրվեց Ուկրաինային։ Չնայած այդ ամենին՝ հայ բնակչությունը դիմացավ, և 1988 թվականին շրջանի 75%-ը դեռ հայեր էին։ Դժբախտաբար, այս անգամ հակամարտությունն ուղեկցվեց բնակչության զանգվածային տեղահանմամբ։ Հայաստանում ադրբեջանցիներն այնքան էլ շատ չէին, իսկ Ադրբեջանում ապրում էին հարյուր հազարավոր հայեր, որոնք ստիպված էին լքել իրենց տները։ Խոսքը մոտ 500,000 հայերի մասին է, որոնց մեծ մասը հաստատվեց Ղարաբաղում և Հայաստանում, մյուսներն էլ մեկնեցին այլ երկրներ։ Փաստացի, Ադրբեջանում այլևս հայ չմնաց։ 1994թ. մայիսին կնքվեց զինադադար։ Ադրբեջանը պարտվեց Լեռնային Ղարաբաղի հետ այդ պատերազմում, և պիտի ընդգծեմ, որ Հայաստանը հակամարտության մաս չէր կազմում, այն բացառապես Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև էր։ Կողմերի միջև բանակցություններ անցկացնելու նպատակով ձևավորվել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն ունի եռանախագահություն Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Այս ընթացքում մշտապես տեղի էին ունենում տարբեր տիպի բախումներ, սակայն հայկական զինված ուժերը հաջողությամբ հետ էին մղում ցանկացած ոտնձգություն։ Այս անգամ ամեն ինչ այլ է։ Առաջին հերթին, Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իրենք կանգ չեն առնի մինչև չգրավեն ողջ Ղարաբաղը, ինչը այս հայկական պետության ոչնչացման փորձ է, մի պետության, որը պաշտոնապես չի ճանաչվել ոչ մի երկրի կողմից, սակայն այն ունի կառավարություն, ունի նախագահ՝ Արայիկ Հարությունյանը, ով անձամբ է գնացել ճակատ՝ օրինակ ծառայելու բոլորին։ Նա այս տարվա ապրիլին էր նախագահ ընտրվել։ Հարց․ Ադրբեջանական լրատվամիջոցներում լուր տարածվեց, ըստ որի, նա վիրավորվել է։ Վարուժան Ոսկանյան․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հաճախ են հայտնվում նման լուրեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Եվ, ի վերջո, ո՞րն է այսօրվա առանձնահատկությունը։ Առաջին հերթին, եթե Ադրբեջանը միայնակ լիներ Ղարաբաղի դեմ, ինչպես մինչ այժմ, Ղարաբաղն առանց խնդիրների հետ կմղեր ադրբեջանցիների գրոհները։ Ի դեպ, մենք՝ հայերս, այդ շրջանը կոչում ենք Արցախ, արտասահմանցիներն այն կոչում են Լեռնային Ղարաբաղ։ Արցախ բառի ծագումը կապված է «ցախ» բառի հետ՝ հաշվի առնելով այդ շրջանում բազմաթիվ անտառների առկայությունը, իսկ «Ղարաբաղ» անվան ծագումը պարսկա-թուրքական է, «նագորնո» բառինը՝ ռուսական։ Այնպես որ, ներողամիտ եղեք, եթե երբեմն այդ տարածքը կոչեմ իրական հայկական անունով։ Այդպես է նաև Հայաստանի դեպքում. մենք՝ հայերս, այն կոչում ենք «Հայաստան», որն առասպելական ծագում ունի, նշանակում է հայերի երկիր, իսկ ահա մ.թ.ա. 521թ. Բեհիսթունյան արձանագրությունում նշվում է «Արմենիա» անունը, որն էլ տարածվեց այլազգիների շրջանում։ Այս անգամ Ադրբեջանը վայելում է Թուրքիայի բացահայտ աջակցությունը, իսկ Էրդողանը նույնիսկ չթաքցրեց դա։ Խոսքը մի վտանգավոր գաղափարախոսության վերածննդի մասին է, որը կոչվում է պանթյուրքիզմ։ Այն նախատեսում է մի կայսրության ստեղծում, որը կմիավորի թուրքական ծագում ունեցող բոլոր ազգերին՝ թուրքերին, ադրբեջանցիներին, թուրքմեններին և այլն։ Սա մի փիլիսոփայություն է, որն ի հայտ եկավ Առաջին համաշխարհային պատերազմի վերջում և որի գաղափարախոսը Զիյա Գյոկալպն էր։ Հետագայում պանթյուրքիզմը դարձավ քեմալիզմ, և արդեն ավելի քիչ խոսվեց դրա մասին։ Ահա այսօր այն վերադարձավ, և հայերի փաստացի թշնամին այս պանթուրքիզմն է, Ադրբեջանի, Թուրքիայի և Սիրիայի թուրքմեն կամ արաբ իսլամական վարձկան ծայրահեղական տարրերի միությունը։ Սակայն ո՞րն է Թուրքիայի աջակցությունը։ Թուրքիան աջակցում է ավիացիայով՝ անօդաչու թռչող սարքերով, ներառյալ՝ կործանիչ ԱԹՍ-ները, ինչպես նաև բարձր մակարդակի ռազմական փորձաքննությամբ։ Թուրքիան նաև ֆինանսավորում է նշածս վարձկաններին, որոնց գոյության մասին բազմաթիվ ապացույցներ ներկայացվեցին, այդ թվում՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իրանի և որ ամենահետաքրքիրն է՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից, որը հաստատեց, որ Սիրիայի տարածքից բավականին մեծ թվով վարձկանների տեղափոխել են Ադրբեջան։ Այսպես, Ադրբեջանը հարձակում սկսեց սեպտեմբերի 27-ին։ Բնականաբար, նրանք, ինչպես միշտ, մեղքը բարդում են հայերի վրա, սակայն  բացարձակ իմաստ չկար, որ հայերը սրեին հակամարտությունն այնտեղ, որովհետև հայերն իրենց հողի վրա են, այնտեղ զարգացրել են պետական կառուցվածք և ոչ մի շահ չունեն հարձակվելու Ադրբեջանի վրա։ Առավել ևս, եկեք բաց խոսենք, պայքարն ամբողջապես անհավասար է։ Մի կողմից ունենք 10 մլն ադրբեջանցի՝ բավականին լավ զինված բանակով, որին աջակցում է Թուրքիան, որի բանակը ՆԱՏՕ-ի ամենաուժեղ ռազմական կառույցներից է, հավանաբար ԱՄՆ-ից հետո Թուրքիան ունի ամենամեծ բանակը։ Բացի այդ, Ադրբեջանը զինվելու նպատակով անհամեմատ մեծ ծախսեր է կատարել։ Եթե թվերով խոսենք՝ վերջին տասը տարում Ադրբեջանը 24 մլրդ դոլար է հատկացրել իրենց տերմինաբանությամբ «պաշտպանության» համար։ Իհարկե, իրենք նշում են պաշտպանություն, որը, հասկանում ենք, իրականում նշանակում է հարձակում։ Հայաստանը ծախսել է մոտ 4 մլրդ դոլար՝ հաշվի առնելով նաև ավելի համեստ բյուջեն։ Միայն անցած տարի Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 1.6 մլրդ դոլար՝ ի համեմատ Հայաստանի 400 մլն դոլարի։ Չմոռանանք, որ 10 միլիոնանոց Ադրբեջանին այսօր դիմակայում է 150 հազարանոց Արցախը։ Իհարկե, հայկական կողմն ունի առավելություն, որը կապված է ռելիեֆի հետ. այն հիմնականում լեռնային է և դժվար անցանելի ռազմական տեխնիկայի համար, և այդ դեպքում ավելի փոքր թվով պաշտպանվող զինվորներ կարող են հետ մղել հարձակումները։ Սեպտեմբերի 27-ի լայնածավալ հարձակումը մենք կոչում ենք ահաբեկչական, որովհետև ադրբեջանցիներն օգտագործում են միջազգային ահաբեկիչների։ Բացի այդ՝ այս հարձակումը ոտնահարեց ԵԱՀԿ շրջանակներում բնականոն կերպով ընթացող բանակցությունները։ Ադրբեջանը ռմբակոծեց մի շարք քաղաքների քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում հայկական կողմում տասնյակ զոհեր և վիրավորներ կան, այդ թվում՝ երեխաներ։ Ադրբեջանն օգտագործում է (նաև հայկական քաղաքների վրա նետելով) կասետային ռումբեր՝ համաշխարհային մասշտաբով արգելված չափազանց վտանգավոր զինատեսակ, քանի որ այն պահին, երբ ռումբը հասնում է նպատակակետին, անմիջապես ցրվում է տարբեր կողմերով և ոչնչացնում ցանկացած կենդանի էակի, այսինքն՝ հենց այդ նպատակով են օգտագործում այդ զինատեսակը։ Միևնույն ժամանակ, հնարավոր է՝ մտածեք, որ մի փոքր չափազանցնում եմ, բայց հավանաբար Վիետնամական պատերազմից հետո սա ամենակոշտ ռազմական բախումն է։ Սակայն, ի տարբերություն մինչ օրս տեղի ունեցած պատերազմների, ներառյալ՝ Իրան-Իրաքյան պատերազմը, Քուվեյթի կամ Աֆղանստանի պատերազմը՝ օգտագործվում է աննախադեպ շատ ռազմական տեխնոլոգիա։ Միայն կործանիչ ԱԹՍ-ները բավական են, քանի որ դրանք այս ինտենսիվությամբ չեն կիրառվել, և այսօր Ադրբեջանը լայնածավալ կերպով օգտագործում է դրանք։ Եվ ուրեմն, սա է այսօրվա իրավիճակը. հայկական բանակը մինչ այս պահը հաջող կերպով պաշտպանվում է, ընդամենը մի քանի կիլոմետր հայկական զորքերը հետ քաշվեցին, որն իրականում տակտիկական նահանջ էր։ Քանի որ նկարագրեցի ընդհանուր իրավիճակը, կարծում եմ՝ պետք է խոսենք նաև միջազգային համատեքստից։ Հուսով եմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կոչերն՝ ուղղված միջազգային հանրությանը, կգտնեն իրենց հասցեատերերին։ Հարց․ Շատերը մտահոգություն հայտնեցին Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման առնչությամբ։ Գիտենք, որ գոյություն ունի ՀԱՊԿ դաշինքը, որով Ռուսաստանը պարտավոր է միջամտել, եթե Հայաստանի հանդեպ տեղի ունենա ռազմական ագրեսիա։ Վարուժան Ոսկանյան․ Լավ է, որ նշեցիք այդ պայմանագրի մասին։ 1994թ. ստորագրված այդ պայմանագրի մաս էր կազմում նաև Ադրբեջանը, որից դուրս եկավ 1999 թվականին։ Այնպես որ, ՀԱՊԿ պայմանագրով Ռուսաստանը պարտավոր է օգնել Հայաստանին, բայց ոչ Ադրբեջանին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հույս հայտնեց, որ հակամարտության սրացման դեպքում Ռուսաստանը կհարգի այդ պայմանագրի դրույթները։ Հարց․ Կարծում եք՝ կա՞ ռիսկ, որ Ռուսաստանը կմիջամտի, եթե հակամարտությունն ավելի սրանա, և կունենանք մի իրավիճակ, ինչպես Սիրիայում, որտեղ հակամարտությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև է։ Վարուժան Ոսկանյան․ Կարծում եմ՝ դա կախված է իրադարձությունների զարգացումից։ Եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիան, և Թուրքիայի աջակցությունը դառնա էլ ավելի ակնհայտ, ապա Ռուսաստանը կհայտնվի բարդ իրավիճակում, եթե շարունակի հայտարարել իր չեզոքության մասին։ Առավել ևս, եթե հարձակում լինի Հայաստանի Հանրապետության վրա, և Ռուսաստանը չմիջամտի, ապա հարց կառաջանա, թե ինչի համար է ՀԱՊԿ պայմանագիրը, եթե Ռուսաստանի աչքի տակ Հայաստանը մնացել է թուրքական ագրեսիայի դիմաց մեն-մենակ։ Մյուս կողմից, այն հակամարտությունը, որի մի կողմում Ռուսաստանն է, իսկ մյուսում՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, կդառնա ակնհայտ միջազգային հակամարտություն, որի մասին ուղղակի չենք ցանկանում մտածել այսօր։ Ամենալավ ուղին Ադրբեջանին ստիպելն է, ներառյալ՝ տնտեսական պատժամիջոցներով, որ կանգ առնի, հայտարարի հայկական կողմի հետ զինադադարի մասին և վերսկսի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Միջազգային հարթակներում բազմաթիվ կոչեր են եղել այս առնչությամբ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պահանջեց ռազմական գործողությունների դադարեցում, ապա Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Դոմինիկ Ռաաբը և Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով աջակցեցին այս կոչին։ Ինչու ընդգծեցի Կանադան, որովհետև առաջին երկիրն էր, որը պաշտոնապես հայտարարեց, որ կասեցնում է զենքի վաճառքը դեպի Թուրքիա, որովհետև Թուրքիան դրանք օգտագործում է երրորդ երկրի տարածքում։ Զենքերի վաճառքի ոլորտում արգելվում է վերավաճառման նպատակով գնել զենքեր, այսինքն՝ կատարել ծածուկ վերաարտահանում։ Ահա սա այն ապացույցներից մեկն է, որ միջազգային հանրությունը տեղյակ է թուրքական այս պրակտիկայից՝ գնել զենքեր և տրամադրել Ադրբեջանին։ Ֆրանսիան շատ հստակ դիրքորոշում ունի այս առումով, իսկ ԱՄՆ-ն զբաղված է ընտրություններով և Չինաստանի հետ կապված հարցերով, որոնց ավելանում է նաև կորոնավիրուսային համավարակը, և հետևաբար ավելի պասիվ է՝ չնայած մենք կարիք ունենք ԱՄՆ-ի ավելի հստակ դիրքորոշման։ Խոսենք նաև Ռումինիայի մասին․ ո՞րն է Ռումինիայի դիրքորոշումը։ Ես՝ որպես Հայաստան-Ռումինիա խորհրդարանական խմբի ղեկավար, և Վարուժան Փամբուկչյանը, որպես Ռումինիայի Հայոց Միության կողմից ընտրված պատգամավոր, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև Հակոբյանը կոչ արեցինք Ռումինիայի իշխանություններին հստակ դիրքորոշում արտահայտել տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարը կրակի դադարեցման կոչ արեց։ Բանն այն է, որ Ռումինիան հակասական դիրքորոշում է ունեցել Հարավային Կովկասի նկատմամբ։ Ռումինիայի նախագահներ Յոն Իլիեսկուի և Էմիլ Կոնստանտինեսկուի օրոք Ռումինիան ընդհանուր առմամբ չեզոք դիրքորոշում ուներ այդ տարածաշրջանի երկրների նկատմամբ։ Հայաստանի հետ շատ բարեկամական հարաբերություններ են եղել։ Սա իրավասու եմ ասել, քանի որ ինքս եմ ներգրավված եղել այդ հարցերում։ 1991 թվականին վերադարձա Երևանից, երբ Հայաստանը վերականգնեց իր անկախությունը սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով։ Նախագահական Կոտրոչեն պալատում հանդիպումներ ունեցա Յոն Իլիեսկուի և Տրայան Կեբելեուի հետ, Կառավարությունում՝ արտաքին գործերի նախարար Ադրիան Նըստասեի և Տեոդոր Մելեշկանուի հետ, որոնց ընթացքում խնդրեցի, որ Ռումինիան դառնա առաջին երկիրը, որը կճանաչի Հայաստանի նոր հանրապետությունը։ Սա մի բարեկամական ժեստ էր, որը համահունչ էր մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը և այն մշտական աջակցությանը, որը նախկինում ցուցաբերել էր Ռումինիան հայ գաղթականներին։ Այդ ընթացքում Տրայան Կեբելեուն ժամանակ խնդրեց, քննարկումներ ունեցավ նաև Անկարայում Ռումինիայի դեսպանի հետ, իսկ  եզրակացությունն այն էր, որ Ռումինիան կարող է անել այդ քայլը, բայց միաժամանակ կճանաչեն նաև Ադրբեջանի անկախությունը։ Այդպես, Ռումինիան ճանաչեց և Հայաստանի, և Ադրբեջանի անկախությունը։ Այնպես որ, Ադրբեջանը պետք է իմանա, որ այդ ժամանակ Ռումինիայի կողմից իր ճանաչման համար պարտական է հայերին։ Եվ ուրեմն, ԽՍՀՄ-ից անկախացած հանրապետություններից հետո Ռումինիան առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Դրանից մի քանի օր անց ՀՀ արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանեց Ռումինիա և Ադրիան Նըստասեի հետ ստորագրեց այդ ճանաչման փաստաթուղթը, որի մասին հայերը երբեք չեն մոռանում։ Յոն Իլիեսկուի և Էմիլ Կոնստանտինեսկուի օրոք բարիդրացիական հարաբերություններ էին, երկկողմ այցեր էին տեղի ունենում, սակայն իրավիճակը փոխվեց, երբ Ռումինիայի նախագահ դարձավ Տրայան Բըսեսկուն, որն ունեցավ հստակ դիրքորոշում՝ աջակցել Ադրբեջանին՝ ի վնաս Հայաստանի։ Մինչև 2008թ., երբ մենք դեռ իշխանության էինք, նա չէր համարձակվում հրապարակայնորեն արտահայտել դա և նույնիսկ 2006 թվականին այցելեց Հայաստան։ Ի դեպ, ես էլ գնացի իր հետ ու թարգմանում էի իր համար, որովհետև Բըսեսկուն իր հետ վերցրել էր ռուսերենի թարգմանչի, ինչը կարող է լավ չդիտվեր Հայաստանում։ Այդպես, ես կատարեցի թարգմանչի պարտականությունները, իսկ Տ. Բըսեսկուն բավականին լավ ընդունելության արժանացավ։ 2008թ. հետո արմատապես փոխվեց ամեն ինչ։ 2009 թվականին Ռումինիան կնքեց ռազմավարական գործընկերության պայմանագիր Ադրբեջանի հետ։ Ոչ թե Վրաստանը, ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որի հետ Ռումինիան ունի ռազմավարական գործընկերություն։ Այսինքն՝ Ռումինիան այս տարածաշրջանում ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Բըսեսկուն վարեց ակնհայտ պրոթուրքական և պրոադրբեջանական քաղաքականություն, մշտապես մերժեց Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։ Կլաուս Յոհանիսի օրոք ամբողջապես վերադարձ չեղավ այն կետին, որտեղ դրանք կային մինչ Բըսեսկուն, սակայն որոշակի բարելավում տեղի ունեցավ։ Ի վերջո, Կ. Յոհանիսը Ռումինիայի առաջին նախագահն էր, որը 2015թ.  Ցեղասպանության հարյուրամյակի օրն իր կարեկցանքը հայտնեց այդ ջարդերի զոհերի համար։ Նա չասաց «ցեղասպանություն» բառը, որպեսզի չնեղացնի թուրքերին, այլ ուղղակի «ջարդեր»։ Ավելին, հատկապես Ռումինիայի հայերի համար նա գեղեցիկ քայլ կատարեց 2017թ., երբ լրանում էր Մըրըշեշտի ճակատամարտի հարյուրամյակը՝ խոսելով նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասին, որոնք նույնպես նահատակվեցին ռումինական հողի համար։ Իր ելույթում Կ. Յոհանիսը ոգեկոչեց նաև ազգությամբ հայ մասնակիցներին։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև Մըրըշեշտում գտնվում է հայազգի 21-ամյա կրտսեր լեյտենանտ Գաբրիել Պրունկուի կիսանդրին։ Նա առաջին սպան էր, որը զոհվեց այդ ճակատամարտում Ռումինիայի պետության համար։ Մի հետաքրքիր բան կուզեմ ասել. որպես հայ՝ հակասական զգացում ունեմ Ռումինիայում։ Մի կողմից՝ հայերն իրավացիորեն շատ հարգված են Ռումինիայում, քանի որ Ռումինիայի նորագույն պատմության մեջ գրեթե չկա մի կարևոր իրադարձություն, որտեղ չգտնենք հայերի․ հայեր, որոնք նահատակվեցին, հայեր, որոնք մեծ դեր ունեցան Ռումինիայի տարածքների միավորման գործում՝ ինչպես գեներալ Հակոբ Զատիկը, որը միացրեց Բուկովինայի շրջանը Ռումինիային, հայեր, որոնք ստեղծեցին ազգային դպրոցներ՝ սկսած Գեորգե Ասակիից, Վասիլե Կոնտայից մինչև Կարապետ Իբրըիլեանու, Յակոբ Յակոբովիչ, որ ստեղծեց Ռումինիայի վիրաբուժության դպրոցը, Անա Ասլան, որ հիմնադրեց ծերաբուժության ինստիտուտը, Դումիտրու Բաղդասարը՝ նյարդավիրաբուժության դպրոցի հիմնադիրը, Երվանդ Սերոբյան՝ Ալերգոլոգիայի կլինիկայի հիմնադիրը և այլն։ Աշխարհում չկա մի երկիր, որտեղ հայ համայնքն ունենա այդքան սահմանադրական և օրենսդրական իրավունքներ ու աջակցություն իշխանությունների կողմից, որքան Ռումինիայում։ Միևնույն ժամանակ, երբ խոսքը Հայոց ցեղասպանության մասին է, որը ճանաչվել է աշխարհի բազմաթիվ խորհրդարանների կողմից, Ռումինիայում քար լռություն է, քանի որ այստեղ դեռևս գործում է թուրքական բարդույթը։ Երբեմն մի զգացում եմ ունենում, որ իշխանությունները չգիտեն, որ մենք ազատվել ենք թուրքական լծից և որ 1877թ. տեղի է ունեցել Անկախության պատերազմ։ Այդ բարդույթն Օսմանյան կայսրության մի քանի դար տևած տիրապետության հետևանք է, իսկ իշխանությունները դեռ չեն ազատվել այդ բարդույթից։ Կարող եմ նշել Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի մասին, ում հետ քննարկում եմ ունեցել այս թեմայով, բայց հասկացել եմ, որ հաջողություն չեմ ունենա, որովհետև վերջինս կատեգորիկ կերպով վախենում է Ցեղասպանության հետ կապված ամենափոքր հարցն անգամ բարձրաձայնելուց։ Կարծում եմ՝ Ռումինիան կսպասի հարցի միջազգային հանգուցալուծմանը և կհետևի դրան, ինչպես անում է սովորաբար արտաքին քաղաքականության մեջ։ Ինչու՞ են այսօր հայերն այսչափ բարձրաձայնում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Որովհետև նույնիսկ եթե Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանն օկուպացնեն Ղարաբաղը, նրանք այդտեղ կանգ չեն առնի։ Կարծում եմ՝ նրանք ավելի առաջ կգնան դեպի Հայաստան։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները բարձրաձայնում են իրենց անհանգստության մասին: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սա երկրորդ Սարդարապատն է։ 1918թ. Սարդարապատում հայ ժողովուրդը կանգնեցրեց օսմանյան բանակի առաջխաղացումը, որը ցանկանում էր ոչնչացնել Հայաստանը։ Եվս մեկ փաստ, որը մեզ համար բաց վերք է մնում՝ չնայած անցել է մեկ դար։ 1915թ. տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, և Արևմտյան Հայաստանի մոտ 3 միլիոն հայերից գրեթե ոչ մեկը չմնաց այնտեղ։ Հայեր մնացին միայն Թուրքիայի մի քանի քաղաքներում՝ Ստամբուլ, Զմյուռնիա և այլն։ 1,5 միլիոն հայ զոհվեց, իսկ մոտավորապես ևս 1,5 միլիոն մարդ տեղահանվեց։ Իմ ընտանիքի գրեթե բոլոր անդամները սպանվեցին, բայց պապիկս կարողացավ հրաշքով փրկվել։ Այս մեծ ոճրագործությանը նպաստեցին նաև ադրբեջանցիները։ 1918թ., երբ հիմնվեց Ադրբեջանի Հանրապետությունը, Բաքվում տեղի ունեցան ջարդեր, որոնց զոհ գնացին տարբեր տվյալներով մինչև 30,000 հայեր։ Ցեղասպանության կազմակերպիչների ցանկում էր նաև ադրբեջանցի ղեկավար Մահմուդ Խան Ջիվանշիրը։ Իմիջիայլոց, Ցեղասպանության բոլոր կազմակերպիչները դատապարտվեցին մահվան, սակայն այդ վճիռն իրականացրին «Նեմեսիս» խմբի հայ վրիժառուները, որոնք հայտնաբերեցին Ցեղասպանության պատասխանատուներին տարբեր քաղաքներում ծպտված և սպանեցին նրանց։ Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Ադրբեջանի ներթափանցումը Լեռնային Ղարաբաղ հանգեցնելու է նոր ցեղասպանության, ինչպես տեղի ունեցավ 1915թ.։ Այն ժամանակ Առաջին համաշխարհային պատերազմն էր, միջազգային հանրությունն այլ հարցերով էր զբաղված, սակայն այս անգամ քաղաքակիրթ աշխարհը ոչ մի արդարացում չի ունենա, եթե նման բան տեղի ունենա։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
01:40 - 20 հոկտեմբերի, 2020