Պաշտպանության բանակի զինված ուժերն օրերս՝ հոկտեմբերի 19-ի մարտերի ընթացքում, խոցել են հակառակորդի հինգ անօդաչու թռչող սարք, որոնց թվում՝ թուրքական արտադրության «Բայրաքթար»։
Ադրբեջանը «Բայրաքթար» տեսակի անօդաչուները միայն նախօրեին չէ, որ կիրառել է։ Պատերազմական գործողությունների դեռեւս երրորդ օրը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ թուրքական F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Ստեփանյանն այդ օրը նշել էր, որ կործանիչներն ապահովում էին ՀՀ բնակավայրերի եւ ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:
Երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Արցախի ՊԲ-ի խոցած «Բայրաքթար»-ների թիվը հասնում է շուրջ մեկ տասնյակի, ուղղակի խոցված սարքերից ոչ մեկը ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէր ընկել:
«Բայրաքթար» ՏԲ2-ը 6,5 մ երկարությամբ, թեւերի 12 մ բացվածքով եւ մինչեւ 55 կգ բեռնատարողությամբ հարվածային ԱԹՍ է։ Այն կարող է զարգացնել մինչեւ 222 կմ/ժ արագություն, գործողության շառավիղը 150 կմ է, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 8200մ։ Այս տեսակի ԱԹՍ-ն կարող է իր վրա կրել կառավարվող հակատանկային հրթիռներ եւ օդային ռումբեր:
«Baykar Makina» ընկերությունը 2000-ականներին է սկսել «Բայրաքթարի» նախագծումը: ՏԲ2-ը հիմնված է ավելի վաղ արտադրված «Բայրաքթար» ՏԲ1 տարբերակի վրա, որն առաջին անգամ գործարկվել է 2009 թվականին: Իսկ մարտական գործողությունների ժամանակ առաջին անգամ կիրառվել է 2014-ին՝ Թուրքիայի արեւելքում: Այս սպառազինության կիրառման մասին առաջին պաշտոնական տեղեկությունը եղել է 2016 թվականին։ Նշվել է, որ այն օգտագործվել է քրդական ստորաբաժանումների դեմ:
Ի դեպ, Արցախի ՀՕՊ ստորաբաժանման խոցած «Բայրաքթարներից» մեկի ուսումնասիրությունից պարզվել է, որ դրա հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Կանադայի WESCAM ընկերությունն է այն արտադրել՝ այս տարվա հունիսին, իսկ «Բայրաքթար» TB2-ի վրա տեղադրվել է անցյալ ամիս՝ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ:
Ժամանակակից պատերազմներում հարվածային անօդաչու թռչող սարքերը համարվում են ամենահզոր զենքերից։ Թուրքական այս անօդաչուները ակտիվորեն գործածվել են հիմնականում Լիբիայում ու Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ, ապա, փաստորեն, նաեւ մեր տարածաշրջանում։ Պնդումներ կան, որ «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ն խոցելը բավականին բարդ է․ մինչ օրս հայտնի է աշխարհում խոցված մոտ 30 «Բայրաքթարի» մասին՝ այդ թվում՝ արցախա-ադրբեջանական սահմանի այս մարտերի ընթացքում ոչնչացվածները։
Ե՞րբ եւ որտե՞ղ են խոցվել «Բայրաքթարները»
Բաց որոնման արդյունքներով՝ առաջին խոցված «Բայրաքթարի» մասին փաստական նյութը 2019 թվականի դեկտեմբերի 13-ին է եղել․ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի ուժերին հաջողվել է խոցել Ազգային միասնության կառավարության Ֆայզ Սարաջի անօդաչու թռչող սարք։ Այն խոցվել է Այն-Զարայի շրջանում` Տրիպոլիից հարավ։
2020 թվականի հունվարի 22-ին Լիբիայի Ազգային բանակը ոչնչացրել է թուրքական եւս մեկ «Բայրաքթար» TB2, որը պատրաստվում էր օդ բարձրանալ Տրիպոլիի Միտիգա օդանավակայանից:
Լիբիայի Ազգային բանակը փետրվարի 25-ին խոցել է եւս մեկ «Բայրաքթար»՝ մայրաքաղաք Տրիպոլիից հարավ գտնվող Սուք Ալ-Խամիսի շրջակայքում։
Լիբիայի զինված ուժերի գեներալ-մայոր Ահմեդ Սալեմի խոսքերով՝ փետրվարի 28-ին Ազգային բանակը խոցել է վեց «Բայրաքթար», որոնցից միայն երկուսի նկարներն են տեղադրվել համացանցում:
Եւս երկու «Բայրաքթար» էլ խոցվել է մարտի 31-ին․ այս մասին նույնպես հաղորդել է Լիբիայի բանակի մամուլի ծառայությունը։
Ապրիլի 11-ին Լիբիայում դարձյալ «Բայրաքթար» է խոցվել։
Լիբիայի զինված ուժերը եւս երկու «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ են խոցել ապրիլի 17-ին, մեկն էլ՝ հաջորդ օրը։
Մայիս ամսվա ընթացքում Լիբիայում խոցվել է 3 «Բայրաքթար»՝ մայիսի 2-ին, 12-ին եւ 23-ին։ Հաջորդ ամիս Լիբիական բանակը խոցել է եւս երեքը․ երկուսը՝ հունիսի 7-ին, մեկը՝ հաջորդ օրը։
Փաստորեն, թուրքական հարվածային այս դրոնները, որ ակտիվորեն կիրառվել են Սիրիայում, Լիբիայում ու Արցախում, այդքան էլ անխոցելի չեն։ Ինչպես նշեցինք, մեր կողմի պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումները շուրջ 25 օր տեւող պատերազմական գործողությունների ընթացքում արդեն մեկ տասնյակի հասնող «Բայրաքթար» են զգետնել։
Ի դեպ, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ մեր խոցած «Բայրաքթարներից» մեկի նկարն էլ հրապարակեց։
Արցախի ՊԲ ստորաբաժանումների խոցած «Բայրաքթարներից» մեկի կտորները
Նարեկ Մարտիրոսյան, Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)